ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/35653/02/19 2023 թ. | ||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/35653/02/19 | |||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Է. Սեդրակյան | |
Ա . ԲարսեղյանԱ. Մ կրտչյան | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
2023 թվականի ապրիլի 06-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28․02.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արմինե Դավթյանի ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն), երրորդ անձ՝ «Հանրապետական մանկավարժական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արմինե Դավթյանը պահանջել է անվավեր ճանաչել Նախարարության 27.09.2019 թվականի թիվ 01/10.2/21788-19 և 01.10.2019 թվականի թիվ 152-Ա/1 հրամանները, վերականգնել նախկին աշխատանքում, բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Սուքոյան) (այսուհետ՝ Դատարան) 24.09.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 28.02.2022 թվականի որոշմամբ Արմինե Դավթյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 24.09.2021 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Վահրամ Դումանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմինե Դավթյանը (ներկայացուցիչ՝ Դավիթ Ասատրյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս անտեսել է, որ հայցվորը բոլոր դեպքերում իրավունք չուներ դրսևորել այնպիսի վարքագիծ, որը կարող էր առաջացնել հանրության անվստահությունը կրթության ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ։ Ավելին, գործում առկա փաստերը՝ մասնավորապես բաց-նամակ հայտարարությունը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գրությունը, խոսում են այն մասին, որ աշխատողի արարքը վտանգի տակ է դրել գործատուի բարի համբավը, և գործատուն կարող էր այդ հիմքով կորցնել աշխատողի նկատմամբ իր վստահությունը:
Բացի այդ, դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները վկայում են այն մասին, որ հայցվորը թույլ է տվել աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք, այն է՝ ֆեյսբուքում տեղ գտած տեսանյութի (տեսանյութը կրիչով առկա է գործում) 3։51 րոպեից սկսած Ա. Դավթյանն անում է հետևյալ հայտարարությունները. «Ես նայում եմ երեխայի աչքերին, և անում եմ դա ուղիղ իր աչքերի մեջ նայելով։ Ինքն ինձ լավ, տեղը տեղին հարվածեց, ես իրեն կամաց ուղղակի թուշիկին խփեցի։ Ա՜յ, բռնություն է գործադրվել, բայց այս երեխան հանգստացավ։ Որովհետև վախեցել էին, մի հատ 7 ամսականում վիրահատություն էր արվել, մինչև 6 տարեկան իրենք ընդհանրապես ոչ մի պատժական մեթոդ չեն կիրառել (տվյալ պարագայում «իրենք» ասելով հասկացվում է ծնողները)։ Վախեցել են երեխայից, երեխան դարձել է հիստերիկ։ Հիստերիկ, կապռիզնի։ Հիմա ես այդ երեխային փրկե՞մ, թե թողնեմ այդպիսին մնա։ Ծնողին բացատրե՞մ, թե թողնեմ էդպիսին մնա երեխան։ Իմ առջև խնդիր է դրված․ ես մանկավարժ եմ, հոգեբան եմ։ Հիմա այդ երեխային երկար տանեմ թերապիաների, 2 ամիս ծնողին տանեմ-բերեմ, թե մի ժամում լուծեմ այդ խնդիրը և ծնողին ասեմ վերցրեք Ձեր երեխային, գնացեք ․․․ Էդ մի հատ փոքրիկ ապտակն ինքն ավելի լավ հասկացավ ինչ է, քան ժամերով քարոզը», կամ տեսանյութի 5։30-րդ րոպեից՝ «Եղել են դեպքեր, երբ երեխան ինձ կծել է, ես էլ իրեն եմ կծել»։
Այսինքն, հայցվորն իր աշխատանքն իրականացնելիս, մասնավորապես՝ երեխաների և ծնողների հետ աշխատելիս, հիմք է ընդունում ոչ թե հոգեբանական, մանկավարժական մոտեցումներն ու մեթոդները, որոնք պարտավոր էր կիրառել, այլ՝ բռնությունը։ Մասնավորապես, հայցվորը նշում է, որ առավել նպատակահարմար է երեխայի նկատմամբ բռնություն գործադրել, քան տարիներով մշակված բազմաթիվ հոգեբանական և դաստիարակչական մեթոդներ կիրառել։
Հայցվորի ազատման հրամանի իրավական հիմքը (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը) դատական որևէ ատյանում քննարկման առարկա չի դարձրել, այսինքն, ընդունվել է որպես հաստատված փաստ, այն է՝ հայցվորի կողմից որպես ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատող, կատարվել է տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք։
Ուստի, հայցվորը թույլ է տվել մանկավարժ-հոգեբանին ոչ բնորոշ արարք, ինչով էլ չարաշահել է պատասխանողի համբերությունը, որն էլ հիմնավորում է գործատուի և աշխատողի միջև լարված հարաբերությունների առկայությունը։
Ըստ բողոք բերած անձի Դատարանի կողմից կայացված դատական ակտում հիմնավորվել է աշխատանքում վերականգնելու անհնարինության հանգամանքը։ Իսկ Վերաքննիչ դատարանի 28․02․2022 թվականին կայացրած որոշմամբ չի հիմնավորվել այդ հանգամանքի հերքումը։
Բացի այդ, բողոքարկվող դատական ակտում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 06․11․2009 թվականի թիվ ԵԱՔԴ/0605/02/08 և 18․07․2014 թվականի ԵԱՔԴ/1879/02/11 քաղաքացիական գործերով կայացրած որոշումներում տվյալ նորմին տրված մեկնաբանությանը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 28․02․2022 թվականի որոշումը` ամբողջությամբ օրինական ուժ տալով Դատարանի 24․09․2021 թվականի վճռին կամ մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և փոփոխել։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Սույն գործով բերված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանություններով։
Բողոքաբերը գտել է, որ աշխատողին աշխատանքի վերականգման հարցը որոշելիս պետք է պարզել վերջինիս կողմից դրսևորված վարքագիծն իր աշխատանքային պարտականություններն իրականացնելու ընթացքում, այնինչ անտեսել է, որ նախ անհատական իրավական ակտում պետք է նշված լինի այն փաստական հիմքը, որի հիման վրա անձն ազատվել է աշխատանքից, որն էլ հնարավորություն կտա Դատարանին ստուգելու դրա իրավաչափությունը և պարզելու գործի հանգամանքները:
Անհատական իրավական ակտում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը չնշելով՝ ստեղծում է մի իրավիճակ, որ անհասկանալի է դառնում, թե կոնկրետ որ արարքն է հիմք հանդիսացել անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Հարկ է նշել, որ մինչ այժմ բողոքաբերը դատարանին չի կարողացել հայտնել արարքը․ ներկայացվում է հակասական, կոնտեքստից կտրված, երբեմն աղավաղված փաստեր, որոնք անհասկանալի է՝ հանդիսացե՞լ են կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք, թե ոչ:
Սույն գործում առկա փաստերի համաձայն՝ պատասխանողը դատարանին ներկայացրել է աշխատանքային պայմանագիր, որի հիման վրա պնդում է, որ կիրառելի է վճռաբեկ բողոքում վկայակոչված Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները և անհնար է նախկին աշխատանքում վերականգնելը: Պաշտոնի վերաբերյալ պայմանագիրը կնքվել է 2 տարով՝ դատական ակտը կայացնելու օրվա դրությամբ այդ ժամկետը անցած է, այսինքն գործում առկա չէ որևէ ապացույց, որ դատական ակտի դրությամբ այդ ժամկետը որևէ կերպ երկարաձգվել է կամ նոր ժամկետով այլ անձ աշխատանքի է անցել:
Պատասխանողը դատաքննության փուլում դատարան է ներկայացրել «Mulberry» համակարգից փաստաթուղթ՝ դա ներկայացնելով որպես անհատական իրավական ակտի մասին բացատրություն պահանջելու ապացույց, սակայն Դատարանը մերժել է այդ փաստաթղթի ընդունումը: Այդ փաստաթղթով չի ապացուցվում, որ պատասխանողը որևէ կերպ պահպանել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասը: Այդ փաստաթղթում բացակայում է բավարար տեղեկատվություն:
Բացի այդ, բողոքի պատասխան բերած անձը նշել է, որ մասնագիտական նեղ շրջանակներում կատարված արտահայտությունը չի կարելի «արարք» համարել և անձի արտահայտությունը չի կարելի դիտարկել նրա ողջ կենսագրությունից և մասնագիտական գիտական գործունեությունից անջատ, չէ որ անձի կենսագրությունը նրա գաղափարախոսական համոզմունքների հավաստումն է։ Արդյոք այն, որ խնդրահարույց արտահայտությունից հետո ասված մեկնաբանությունը, որ «քավ լիցի, թե ես ասում եմ ցավ պատճառեք երեխային» չի հերքում «բռնության կոչի» փաստը, որը ներկայացված փաստական հիմքերում չի արձանագրվել և խոսքը դիտվել է համատեքստից կտրված բոլորովին այլ իմաստով։
Առկա չեն փաստական հիմքեր, որոնք կհավաստեն, որ խնդրահարույց արտահայտությունները կատարվել են տվյալ հաստատության ղեկավարման ընթացքում կատարված գործողությունների վերաբերյալ, կամ, որ դա ուսումնադաստիարակչական գործառույթ է, և պետք է արձանագրել, որ արտահայտությունը վերաբերում է ոչ թե ուսումնադաստիարակչական աշխատանքին, այլ հոգեբանական շտկողական վարքաբանական աշխատանքներին, Արմինե Դավթյանը չի իրականացրել արդեն տնօրեն դառնալուց ի վեր։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 11․06․2019 թվականի հրամանի համաձայն՝ Արմինե Դավթյանը նշանակվել է «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն 5 տարի ժամկետով (հատոր 1-ին, գ․ թ․ 15)։
2. Նախարարության և Արմինե Դավթյանի միջև 11․06․2019 թվականին կնքվել է թիվ 05 աշխատանքային պայմանագիրը, որով սահմանվել են պայմանագրի կողմերի իրավունքներն ու պարտականությունները (հատոր 2-րդ, գ․ թ․ 34-39)։
3. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 27․09․2019 թվականի թիվ 01/10․2/21788-19 հրամանի համաձայն՝ «Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 122-րդ հոդվածի 2-րդ կետով՝ հրամայում եմ՝ 2019 թվականի հոկտեմբերի 3-ից դադարեցնել «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արմինե Վահրամի Դավթյանի լիազորությունները՝ լուծելով նրա հետ 2019 թվականի հունիսի 11-ին կնքված թիվ 05 աշխատանքային պայմանագիրը։»։ (հատոր 1-ին, գ․ թ․ 13)։
4. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 01․10․2019 թվականի թիվ 152-Ա/1 հրամանի համաձայն՝ «Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 122-րդ հոդվածի 2-րդ կետով՝ հրամայում եմ՝ 2019 թվականի հոկտեմբերի 3-ից դադարեցնել «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արմինե Վահրամի Դավթյանի լիազորությունները՝ լուծելով նրա հետ 2019 թվականի հունիսի 11-ին կնքված թիվ 05 աշխատանքային պայմանագիրը։»։ Հրամանը Արմինե Դավթյանն ստացել է 02․10․2019 թվականին (հատոր 1-ին, գ․թ․ 14, 86)։
5. Պատասխանին կից ներկայացված ձայնային արձանագրության (00։10 վայրկյան) համաձայն՝ Արմինե Դավթյանը նշել է՝ «(…) կամ եթե ինչ-որ մասնագետ ուզում է, օրինակ ատամնաբույժն առանց ատամը քաշելու ոնց կարող է բուժել, նույնն էլ մանկավարժության և հոգեբանության մեջ կան երևույթներ, որոնք գուցե մի բան անես, մի բան, որ այդ մարդուն հաճելի չէ, տհաճ է և այլն, բայց դու անում ես իր համար։ Օրինակ, եթե գրկում ես կապրիզի և հիստերիայի մեջ պատեպատ տվող երեխային, սեղմում եմ իմ գրկի մեջ, դրա համար իրեն քաշքշում եմ չէ վերջին հաշվով, որ ես իրան բռնեմ գրկեմ, որ ինքն իրեն մի տեղ չխբի։ Դա եղավ ես բռնություն ե՞մ գործադրել։ Մարդիկ կան դա դիտարկում են որպես բռնություն, բայց ես այդ երեխային կես ժամ կարողա գրկեմ սիրեմ, համբուրեմ, ականջին լավ բաներ խոսեմ, դա չի տեսնում, տեսավ, որ երեխային զոռով ուզում եմ գրկեմ։ (…) Ծնողներ կան փորձում են փրկել իրենց երեխային, բայց ես այդ երեխային փորձում եմ բռնել, նստեմ հայելու դիմաց։ (…) Դեպք եղավ, երբ երեխան ինձ խփեց, մի անգամ խփեց ձայն չհանեցի, ոչ մի բան չարեցի, երկրորդ ու երրորդ անգամ խփեց ու հայհոյեց, դե հայհոյել չեմ հայհոյի երբեք, բայց որ մի հատ էլ խփեց, կամաց մի հատ էլ իրան խփեցի ու այդ երեխան ապշած նայեց ինձ, ես դա անում եմ ծնողի ներկայությամբ, ոչ մի ավելորդ բան, նայում եմ երեխայի աչքերին, անում եմ դա ուղիղ իր աչքերի մեջ նայելով, ինքն ինձ լավ տեղը տեղին հարվածեց, իսկ ես կամաց ուղղակի խփեցի, բայց այս երեխան հանգստացավ, որովհետև վախեցել էին, յոթ ամսականում վիրահատություն էին արել մինչև վեց տարեկան իրան ընդհանրապես որևէ պատժական միջոց չեն կիրառել, վախեցել են երեխայից, երեխան դարձել է հիստերիկ, կապրիզնի, հիմա այդ երեխային փրկեմ, թե թողնեմ էդպիսին մնա, (…)։ Իմ առջև խնդիր է դրված, ես մանկավարժ եմ, հոգեբան եմ չէ, հիմա այդ երեխային երկար տանեմ թերապիաների ու ծնողին երկու ամիս տանեմ-բերեմ, թե այդ խնդիրը մեկ ժամում լուծեմ, ասեմ՝ վերցրեք ձեր երեխային գնացեք (…) էդ ապտակն ինքն ավելի լավ հասկացավ, քան ժամերով քարոզեմ, (…) եղել ա որ կծել ա, ես էլ իրան եմ կծել, դա հոգեբանական աշխատանք է, ինչ անել, որ աշխատանքը մի քիչ սպեցիֆիկ է։» (հատոր 1-ին, գ․թ․ 80, ձայնային կրիչ)։
6. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի Արմինե Դավթյանին ուղղված 18․09․2019 թվականի գրությամբ նշվել է․ «Վերջին օրերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ երեխայի նկատմամբ բռնության թեմայի վերաբերյալ Ձեր գրառումը, հանրության շրջանում մեծ քննարկումների տեղիք է տվել։ Ուստի, առաջարկում եմ ներկայացնել բացատրություն՝ Ձեր կողմից արված ոչ ցանկալի և թյուրըմբռնելի մեկնաբանության առնչությամբ։» (հատոր 1-ին, գ․թ․ 81)։
7. 16.02.2021 թվականի դատական նիստի ընթացքում Նախարարության ներկայացուցիչը Դատարան է ներկայացրել «Mulberry» համակարգից կատարված արտատպվածք, որով ըստ վերջինիս հաստատվում է, որ հայցվորն ստացել է 18․09․2019 թվականի բացատրություն պահանջելու մասին գրությունը։ Դատարանը չի ընդունել այդ ապացույցը՝ նշելով, որ պատասխանողը խախտել է ապացույցներ ներկայացնելու ժամկետը (Հիմք՝ 16.02.2021 թվականին դատական նիստի ձայնային արձանագրություն)։
8. Պատասխանողը Դատարան է ներկայացրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից կատարված արտատպվածք, համաձայն որի՝ Արմինե Դավթյան անունով օգտատերը, ի պատասխան այն մեկնաբանության, որ «ոչ ոք իրավունք չունի խփել երեխային», նշել է՝ «բացի իսկական մանկավարժից»։ Նույն օգտատերը մեկ այլ մեկնաբանությամբ նշել է՝ «ՍԻՐԵԼԻ ԱՈՒՏԻԶՄՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐ ՋԱԱԱՆ, դա բոլորովին այլ խնդիր է, օրինակ մի դեպք ասեմ, աուտիզմով երեխաներիցս մեկը սիրում է գլխով հարվածելով, ինձ մի օր այնպես գլխով հարվածեց մեջքիս, աջքերիցս կայծեր դուրս եկան, ես որ միշտ խաղում էի նրա հետ այդ պահերին, սիրում ու գզվռտվում ցավից այնպես բղավեցի ու զայրացա, ու այդ տոնով էլ այնպես հրեցի նստացրեցի բազմոցին որ զայրացած խրատեմ: Այդ տոնից հետո ինքը սովորեց այլեվս այդպես չխփել: Հիմա ինչ կասեք. թողնեի նույն ձևով մեկ այլ երեխայի վաղը մյուսօր խփեր՞ չզայրանայի, խիստ չխոսեի: անկախ ամեն ինչից երեխաները պետք է հասկանան, որն է լավ, որն է վատ: Զայրույթն էլ է մարդկային և հասարակության մեջ նրանք պետք է տարբերակեն հույզերը, որ ավելի ապահով մեծանան:» (հատոր 2-րդ, գ․թ․ 61-63)։
9. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված գրությամբ նշել է՝ ««Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Դավթյանի կողմից անցկացված սեմինարի համացանցում հայտնի տեսանյութի բովանդակությունը, որը նաև մի շարք հասարակական կազմակերպությունների և ՄԻՊ գրասենյակի կողմից բացասական է դիտարկվել, ինչպես նաև տեսանյութի համացանցում քննարկումների արդյունքում իր կողմից մասնագետների, ծնողների և մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների նկատմամբ ոչ կոռեկտ արտահայտությունները, Շիրակի մարզում ներառական կրթություն իրականացնող բազմամասնագիտական թիմի անդամների շրջանում մոնիթորինգի անցկացման արդյունքում, որի իրավունքը նա չուներ, մոնիթորինգի մասնակիցներին մասնագիտական վկայականների տրամադրումը, որն էլ իր հերթին առաջացրել է մի շարք խնդիրներ և սույն թվականի սեպտեմբերի 24-ին ԿԳՄՍ փոխնախարար տիկին Լուսինե Առաքելյանի կողմից կազմակերպված կլոր սեղան քննարկման ժամանակ իր անզիջում մոտեցումը վկայությունն են առ այն, որ որպես տնօրեն տիկին Դավթյանն անցել է իր լիազորությունների սահմանը։ Հետևաբար, առաջարկում եմ քննարկել, դադարեցնել իր լիազորությունները և ակնկալում եմ նրա հեռացումը տնօրենի պաշտոնից։» (հատոր 2-րդ, գ․թ․ 64)։
10. Արմինե Դավթյանի հայտարարությունների մասով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին բաց նամակ-հայտարարություն է ուղարկվել Կրթական քաղաքացիական նախաձեռնության կողմից, համաձայն որի՝ «(…) Այս բաց-նամակը արտահայտում է մեր՝ հանրային հատվածի, մասնագիտական և ծնողական համայնքների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հավաքական կարծիքը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (այսուհետ՝ ՀՄԿ) տնօրեն Արմինե Դավթյանի՝ երեխայի հետ աշխատանքի վերաբերյալ հանրային տիրույթում կատարված ոչ մասնագիտական և անթույլատրելի պնդումների շուրջ։ ՀՄԿ ֆեյսբուքյան էջում հայտնված տեսանյութը անհանգստացնող ազդակ է մասնագիտական և ծնողական համայնքների համար։ Այդ տեսանյութում ՀՄԿ գործող տնօրեն Արմինե Դավթյանը կիսվում է իր մասնագիտական գործունեության այնպիսի դրվագներով, որոնք առերևույթ պարունակում են երեխաների հետ աշխատանքում ֆիզիկական և հոգեբանական բռնության գործադրմամբ միջամտություններ իրականացնելու խրախուսում, մասնագիտական գործունեության անթույլատրելի ոճ և սկզբունքներ։ Այս հանգամանքներին և տիկին Դավթյանի մոտեցումներին ծանոթանալու համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից սույն թվականի սեպտեմբերի 24-ին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի աշխատասենյակում կազմակերպվել է մասնագիտական, կրթական և քաղաքացիական հասարակության համայնքների, ինչպես նաև օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հանդիպումը տիկին Դավթյանի հետ։ Հանդիպման ընթացքում տիկին Դավթյանը վերահաստատեց իր համոզմունքը համացանցում տարածված տեսանյութում և տարբեր գրառումների ներքո արված մեկնաբանություններում արտահայտած մեթոդների հավաստիության և արժանահավատության մեջ՝ ըստ էության ևս մեկ անգամ տեսակետ հայտնելով, որ երեխաների նկատմամբ բռնություն՝ մասնագիտական և ոչ մասնագիտական գործունեության մեջ, թույլատրելի է։ Մինչդեռ, նշված մեթոդները, մոտեցումները որևէ գիտական հիմնավորում չունեն, փաստահենք չեն, «ինքնաշեն» են։ Ուստի, դրանց կիրառումը, առավել ևս տարածումը, ոչ պրոֆեսիոնալիզմ և անթույլատրելի դրսևորում է։ Հայտարարում ենք, որ ՀՄԿ տնօրեն տիկին Արմինե Դավթյանի մասնագիտական դիրքորոշումները, գիտելիքները, իր մասնագիտական գործունեության անբաժանելի մաս կազմող արժեհամակարգային կողմնորոշումները համատեղելի չեն իր զբաղեցրած պաշտոնի և իր կողմից ղեկավարվող կառույցի առաքելության և ռազմավարական նպատակների հետ։» (հատոր 2-րդ, գ․թ․ 65-70)։
11. 23․10․2020 թվականին դատական նիստի ընթացքում Դատարանը կողմերի միջև բաշխել է ապացուցման պարտականությունը՝ նշելով, որ պատասխանողը պետք է ապացուցի աշխատանքից ազատման իրավաչափությունը, մեկ հրամանի արձակումը, ֆեյսբուքյան գրառումների՝ սույն գործի հետ առնչությունը, կարգապահական վարույթի իրականացումը, աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառները, «Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնելու փաստը (Հիմք՝ 23․10․2020 թվականին դատական նիստի ձայնային արձանագրություն)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար պայմանավորված Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդրի առկայությամբ.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ աշխատողի նկատմամբ վստահությունը կորցրած գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքին, ինչպես նաև վիճարկվող անհատական իրավական ակտում օրենքով սահմանված՝ անհատական իրավական ակտերին վերաբերող պահանջները պահպանված չլինելու իրավական հարցերին, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։
ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպան և այլ հատուկ օրենսդրությամբ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուի ներքին և անհատական իրավական ակտերն ընդունվում են հրամանների կամ կարգադրությունների, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` այլ իրավական ակտերի տեսքով:
Եթե ներքին և անհատական իրավական ակտերը բովանդակում են դրույթներ, որոնք նվազ բարենպաստ են, քան աշխատանքային օրենսդրությամբ և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով աշխատողների համար սահմանված պայմանները, ապա նման ակտերը կամ դրանց համապատասխան մասերն իրավաբանական ուժ չունեն:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհատական աշխատանքային հարաբերությունները կարգավորելու նպատակով գործատուն ընդունում է անհատական իրավական ակտեր:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկվող անհատական իրավական ակտում օրենքով սահմանված՝ անհատական իրավական ակտերին վերաբերող պահանջների խախտումն ինքնին հիմք չէ այդ ակտն անվավեր ճանաչելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը բոլոր դեպքերում վիճարկվող անհատական ակտը ճանաչում է անվավեր, եթե՝ դրանում նշված չէ համապատասխանաբար աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական կամ իրավական հիմքը։
Վերոնշյալ նորմի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ աշխատանքից ազատելու հրամանի բովանդակությունից պետք է աշխատողի համար հասկանալի լինի, թե ինչ հիմքով է նա ենթարկվում կարգապահական պատասխանատվության, կոնկրետ իր կողմից կատարված որ արարքի համար է գործատուն իր նկատմամբ կիրառում կարգապահական պատասխանատվության միջոցներ, այսինքն հրամանը պետք է պարունակի փաստական հիմքի մասին որևէ նշում։ Մասնավորապես հրամանում պետք է նշվի, թե ինչ արարք է կատարել աշխատողը կամ հղում կատարվի որևէ փաստաթղթի, որի ուսումնասիրության արդյունքում հնարավոր կլինի արձանագրել աշխատողի կողմից թույլ տրված խախտումը, որը հանգեցրել է կարգապահական տույժի։ Փաստական և իրավական հիմքերից թեկուզև մեկի բացակայությունն անվերապահորեն հանգեցնում է վիճարկվող անհատական իրավական ակտի անվավեր ճանաչման՝ անկախ աշխատողին աշխատանքից ազատելու հիմքերի առկայությունից։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծվում է գործատուի նախաձեռնությամբ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:
ՀՀ վճռաբեկ դատարանը, Զոյա Ծատուրյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գործով կայացրած որոշմամբ անդրադառնալով նշված հոդվածի կիրառման դեպքին, դիրքորոշում է հայտնել նաև այն մասին, որ օրենսդիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է աշխատանքում չվերականգնելու գործատուի իրավական հնարավորությունը` վերապահելով դատարանին այդ վարքագծի իրավաչափության գնահատման իրավասություն` որոշելու տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական կամ այլ պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինությունը կոնկրետ գործի փաստերից ելնելով (տե՛ս, թիվ 3-496(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ նշված հոդվածով օրենսդիրը, անդրադառնալով աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերին, կարգավորել է աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում աշխատողների խախտված իրավունքների վերականգման դեպքերը` առանձնացնելով երկու խումբ իրավիճակներ.
1. աշխատողը վերականգնվում է իր նախկին աշխատանքում` ստանալով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ,
2. աշխատողը չի վերականգնվում նախկին աշխատանքում` ստանալով հատուցումներ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի, ինչպես նաև աշխատանքում չվերականգնվելու դիմաց:
Վերոնշյալ երկրորդ իրավիճակը հնարավոր է հետևյալ դեպքերում.
1. Առկա են տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներ: Մասնավորապես, նման իրավիճակ հնարավոր է այն դեպքում, երբ գործատուի վարչակազմակերպչական կառուցվածքում գոյություն չունի այնպիսի հաստիքային միավոր, որտեղ նախկինում աշխատել է աշխատողը, և առկա չէ աշխատողի մաuնագիտական պատրաuտվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատաuխան այլ աշխատանք։
2. Գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունները վերականգնելն անհնարին է այլ պատճառներով: Ընդ որում, նշված հիմքի կիրառման համար օրենսդիրը կոնկրետ դեպքեր չի նախատեսել` հնարավորություն տալով դատարաններին յուրաքանչյուր դեպքում գործի փաստական հանգամանքների շրջանակներում գնահատել աշխատանքում աշխատողի վերականգնման անհնարինությունը:
Այսպիսով, վերլուծելով նշված հոդվածով սահմանված իրավակարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դրանով օրենսդիրը նպատակ է հետապնդել համապարփակ կերպով կարգավորելու աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերը, մասնավորապես` գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու և լուծելու հետ կապված բոլոր վեճերը` որպես աշխատողի խախտված իրավունքների վերականգնման եղանակներ սահմանելով ինչպես աշխատողի վերականգնումը նախկին աշխատանքում, այնպես էլ դրա անհնարինության դեպքում աշխատողին փոխհատուցումներ վճարելու գործատուի պարտականությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված հոդվածի իրավակարգավորումները կիրառելի են գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու և լուծելու վերաբերյալ բոլոր վեճերով` անկախ պայմանագիրը դադարեցնելու կամ լուծելու հիմքից, այլապես աշխատանքային վեճերի մի մասը դուրս կմնա օրենսդրական կարգավորման ոլորտից (տե՛ս, օրինակ, Խորեն Նասիբյանն ընդդեմ «Ինտերալկո» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3295/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած որոշմամբ, վերլուծելով վկայակոչված իրավական նորմերը նշել է, որ գործատուն իրավունք ունի որոշակի ժամկետով աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը վերը նշված հիմքով նախքան դրա գործողության ժամկետի լրանալը լուծելու նաև այն դեպքում, երբ աշխատողի նկատմամբ կորցնում է վստահությունը: Որպես աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու ինքնուրույն դեպք օրենսդիրը նախատեսել է նաև վերջինիս կողմից ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնելիս թույլ տրված՝ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարքը:
Այսինքն՝ որպեսզի գործատուի մոտ ծագի վերը նշված հիմքով նախքան աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի լրանալն այն իր նախաձեռնությամբ լուծելու իրավունքը, անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը՝
1. աշխատողը հանդիսանա ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող անձ, և
2. թույլ տրված լինի համապատասխան աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում արտահայտած դիրքորոշումների համատեքստում, բացահայտել է «ուսումնադաստիարակչական գործառույթներ» տերմինը, անդրադարձել է հանրակրթական դպրոցի տնօրենի գործառույթներին՝ բացահայտելով դրանց ուսումնադաստիարակչական բնույթ ունենալու հանգամանքը: Այսպես՝
Ըստ Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ի՝ «ուսումնական» նշանակում է «ուսման համար կատարվող՝ տեղի ունեցող, ուսման բնույթ կրող», «ուսման պրոցեսը կազմակերպելու և ղեկավարելու՝ իրականացնելու հետ կապված», «ուսումնական մեթոդներ», իսկ ըստ Աշոտ Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան»-ի՝ «ուսուցողական (ուսմանը վերաբերող՝ հատկացված)»:
Ըստ Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ի՝ «դաստիարակչական» նշանակում է «դաստիարակության հատուկ», «դաստիարակության՝ դաստիարակելուն ծառայող», իսկ ըստ Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան»-ի՝ «դաստիարակչության վերաբերող՝ հատուկ, դաստիարակիչ, կրթիչ»:
Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «ուսումնադաստիարակչական գործառույթներ» իրականացնող կարող է համարվել այն անձը, ով վերը նշված բառարանների իմաստով միաժամանակ՝ համալիր կերպով, իրականացնում է ինչպես ուսումնական, այնպես էլ՝ դաստիարակչական գործառույթներ (տե՛ս Աստղիկ Մխիթարյանն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի թիվ ԱՐԴ/3713/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.04.2022 թվականի որոշումը):
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը, գործադիր մարմինը (տնօրեն, նախագահ, ռեկտոր և այլն):
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը` տնօրենը, որը ընտրվում (նշանակվում) և ազատվում է (նրա լիազորությունները դադարում են) օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ պետական ուսումնական հաստատության խորհուրդը տնօրենի ներկայացմամբ քննարկում է ուսումնական հաստատության ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, տալիս է հավանություն և ներկայացնում պետական լիազորված մարմնի հաստատմանը:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն՝ ուսումնական հաստատության տնօրենը (հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարը) պատասխանատու է հանրակրթության պետական կրթական և առարկայական չափորոշիչներին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, սովորողների առողջության պահպանման, կադրերի ընտրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար:
Նույն հոդվածի 18-րդ մասի համաձայն՝ պետական ուսումնական հաստատության տնօրենը՝
1) խորհրդի քննարկմանն է ներկայացնում ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական հաշվետվությունը, արտաքին և ներքին գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկանք, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.
2) ղեկավարում է ուսումնական հաստատության մանկավարժական խորհուրդը, աջակցում է ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների աշխատանքներին.
3) կազմում է ուսումնական հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և հաստատության խորհրդի հավանությամբ ներկայացնում պետական լիազորված մարմին.
4) խորհրդի հավանությանն է ներկայացնում ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը.
5) իրականացնում է օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սովորողների ընդունելությունը ուսումնական հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով` դպրոցահասակ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի (այսուհետ` ծնող) դիմումի և հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա` նույն օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով (...):
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ։
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ տնօրենը յուրաքանչյուր տարվա համար կազմում և հաստատում է տվյալ տարվա հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների ցանկը և ներկայացնում ատեստավորման հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան։
Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ տնօրենը ատեստավորման հանձնաժողով է ներկայացնում ուսուցչի աշխատանքային բնութագիրը և նույն հոդվածի 12-րդ մասով սահմանված` ուսուցչի հավաքագրած կրեդիտների մասին տեղեկանք` դրանք հիմնավորող փաստաթղթերով: Ուսուցիչը կարող է ներկայացնել նաև տվյալ ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների կողմից տրամադրած այլ գրավոր բնութագրերը։ Ուսուցչի ատեստավորմանը ներկայացվող փաստաթղթերի ամբողջական ցանկը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։
Նույն հոդվածի 20-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 16-րդ մասի 2-րդ կետի հիման վրա ուսումնական հաստատության տնօրենը որոշումը ստանալուն հաջորդող տասնօրյա ժամկետում պաշտոնից ազատում է զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող ուսուցչին, եթե նույն հոդվածի 18-րդ կետով սահմանված ժամկետում ատեստավորման հանձնաժողովի որոշումը չի բողոքարկվել։ Ուսուցչի թափուր տեղը համալրվում է նույն օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով։
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ներքին գնահատման հաշվետվությունը տնօրենը մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ը ներկայացնում է ուսումնական հաստատության խորհրդին, ծնողական, աշակերտական և այլ գործող խորհուրդներին, ինչպես նաև ապահովում դրա հրապարակումը:
Վերը նշված որոշմամբ, ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադառնալով շարադրված նորմերին, եզրակացրել է, որ հանրակրթական դպրոցի տնօրենը, նշված իրավական նորմերով օրենսդրի կողմից վերապահված գործառություններն իրականացնելիս մի դեպքում հանդես է գալիս որպես ուսումնական հաստատությունը ղեկավարելու, այսինքն՝ դրա բնականոն աշխատանքն ու ընթացիկ գործունեությունը կազմակերպելու, վարչական գործառույթներ իրականացնող անձ, իսկ մյուս դեպքերում՝ ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող անձ: Մասնավորապես եթե «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով հանրակրթական դպրոցի տնօրենի, որպես գործադիր մարմնի, վրա դրված են կառավարչական-կազմակերպչական բնույթի որոշ գործառույթներ, ապա այդ նույն օրենքով առկա են այլ լիազորություններ, որոնք կատարվում (տեղի են ունենում) և վերաբերում են ուսմանը, հետապնդում են ուսման պրոցեսը կազմակերպելու և ղեկավարելու նպատակ, առնչվում են ուսումնական մեթոդներին և իրենց բնույթով ծառայում են դաստիարակելուն՝ լինելով դաստիարակությանը հատուկ:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ հանրակրթական դպրոցի տնօրենի կողմից «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով վերապահված այն լիազորությունները խախտելը, որոնք միտված են ուսման պրոցեսը կազմակերպելուն և ղեկավարելուն, այսինքն՝ առնչվում են ուսումնական մեթոդներին և իրենց բնույթով ուսումնական-դաստիարակչական են, հիմք են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառելու, այսինքն՝ տնօրենի՝ որպես ուսումնադաստիարակչական գործառույթ իրականացնող աշխատողի, հետ կնքված աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցնելու հիմքի կիրառմամբ լուծելու համար, եթե առկա է տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք:
Անդրադառնալով այն հարցին, թե որոնք են այն արարքները, որոնք կարող են անհամատեղելի համարվել ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողի աշխատանքը շարունակելու հետ՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.
ՀՀ աշխատանքային օրենսգիրքը հստակ չի սահմանում, թե որոնք են այն արարքները, որ նույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով համարվում են անհամատեղելի: Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք թույլ տված աշխատողը, ինչպես արդեն իսկ նշվեց, պետք է հանդիսանա ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող անձ: Երկրորդ, թույլ տրված արարքները վերոգրյալ դիրքորոշումների հաշվառմամբ պետք է հանդիսանան այնպիսին, որ խաթարած լինեն հանրակրթական դպրոցի տնօրենի վրա օրենքով դրված վերը նշված պարտականությունների կատարման էությունը և նպատակը՝ արգելք հանդիսանալով դրանց իրագործմանը, կամ հակասեն բարոյականության համընդհանուր նորմերին (տե՛ս, ըստ Աստղիկ Մխիթարյանի հայցի ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի թիվ ԱՐԴ/3713/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.04.2022 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 11․06․2019 թվականի հրամանով Արմինե Դավթյանը նշանակվել է «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն 5 տարի ժամկետով։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 27․09․2019 թվականի թիվ 01/10․2/21788-19 հրամանի համաձայն՝ 03․10․2019 թվականից դադարեցվել է «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արմինե Դավթյանի լիազորությունները՝ լուծելով նրա հետ 11․06․2019 թվականի թիվ 05 աշխատանքային պայմանագիրը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 01․10․2019 թվականի թիվ 152-Ա/1 հրամանի համաձայն 03․10․2019 թվականից դադարեցվել է «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արմինե Դավթյանի լիազորությունները՝ լուծելով նրա հետ 11․06․2019 թվականի թիվ 05 աշխատանքային պայմանագիրը։
Սոցիալական ցանցերում հայցվոր Արմինե Դավթյանն արել է հետևյալ հայտարարությունները՝ մեջբերում. «Ես նայում եմ երեխայի աչքերին, և անում եմ դա ուղիղ իր աչքերի մեջ նայելով: Ինքն ինձ լավ, տեղը տեղին հարվածեց, ես իրեն կամաց ուղղակի թուշիկին խփեցի: Բռնություն է գործադրվել, բայց այս երեխան հանգստացավ» , «ՍԻՐԵԼԻ ԱՈՒՏԻԶՄՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐ ՋԱԱԱՆ, դա բոլորովին այլ խնդիր է, օրինակ մի դեպք ասեմ, աուտիզմով երեխաներիցս մեկը սիրում է գլխով հարվածելով, ինձ մի օր այնպես գլխով հարվածեց մեջքիս, աջքերիցս կայծեր դուրս եկան, ես որ միշտ խաղում էի նրա հետ այդ պահերին, սիրում ու գզվռտվում ցավից այնպես բղավեցի ու զայրացա, ու այդ տոնով էլ այնպես հրեցի նստացրեցի բազմոցին որ զայրացած խրատեմ: Այդ տոնից հետո ինքը սովորեց այլեվս այդպես չխփել: Հիմա ինչ կասեք. թողնեի նույն ձևով մեկ այլ երեխայի վաղը մյուսօր խփեր՝ չզայրանայի, խիստ չխոսեի: Անկախ ամեն ինչից երեխաները պետք է հասկանան, որն է լավ, որն է վատ: Զայրույթն էլ է մարդկային և հասարակության մեջ նրանք պետք է տարբերակեն հույզերը, որ ավելի ապահով մեծանան»:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի 18․09․2019 թվականի գրության համաձայն՝ «Վերջին օրերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ երեխայի նկատմամբ բռնության թեմայի վերաբերյալ Ձեր գրառումը, հանրության շրջանում մեծ քննարկումների տեղիք է տվել։ Ուստի, առաջարկում եմ ներկայացնել բացատրություն՝ Ձեր կողմից արված ոչ ցանկալի և թյուրըմբռնելի մեկնաբանության առնչությամբ»։ 16.02.2021 թվականի դատական նիստի ընթացքում պատասխանողի ներկայացուցիչը Դատարան է ներկայացրել «Mulberry» համակարգից կատարված արտատպվածք, որով ըստ պատասխանողի՝ հաստատվում է, որ հայցվորն ստացել է 18․09․2019 թվականի բացատրություն պահանջելու մասին գրությունը։ Դատարանը չի ընդունել այդ ապացույցը՝ նշելով, որ պատասխանողը խախտել է ապացույցներ ներկայացնելու ժամկետը։ Պատասխանողը դատարան է ներկայացրել «Mulberry» համակարգից կատարված արտատպվածքներ։
Դատարանը, 24․09․2021 թվականի վճռով հայցը մերժել է պատճառաբանել է, որ «(․․․) «Հանրապետական մանկավարժական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի Կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորությունների մեջ մտնում է նաև ուսումնադաստիարակչական գործառույթների իրականացումը, քանի որ նախևառաջ «Հանրապետական մանկավարժական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ը լինելով երեք դպրոցների իրավահաջորդ կրում է նրանց իրավունքները և պարտականությունները, և բացի այդ նշված իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ ուսումնադաստիարակչական հաստատություններին ուղղված պահանջները ուղղված են նաև ՊՈԱԿ-ին, և անմիջականորեն երեխաների հետ աշխատանքն էլ իրենից ենթադրում է, որ ՊՈԱԿ-ը ևս իրականացնում է ուսումնադաստիարակչական աշխատանքներ»։
«(․․․) Տվյալ դեպքում, գործում առկա փաստերը՝ մասնավորապես բաց-նամակ հայտարարությունը, ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գրությունը, խոսում են այն մասին, որ աշխատողի արարքը վտանգի տակ է դրել գործատուի բարի համբավը, և գործատուն կարող էր այդ հիմքով կորցնել աշխատողի նկատմամբ իր վստահությունը»։
«(․․․) Անդրադառնալով ընթացակարգի պահպանմամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու հարցին, դատարանը հաստատված է համարում այն փաստը, որ պատասխանողը նախևառաջ ծանուցել է հայցվորին և պահանջել բացատրություն, պահպանելով վերջինիս լսվելու իրավունքը, այնուհետև իրականացվել և աշխատանքի ազատման հրամանի կազմում»։
«(․․․) դատարանը գտնում է, որ հրամանը չի կարող համարվել ոչ հիմնավոր, քանի որ նշվել են իրավական հիմքերը, իսկ փաստական հիմքերին գործատուն պատշաճ կերպով տեղեկացրել է հայցվորին»։
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակի և Դատարանի 24․09․2021 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է, պատճառաբանելով, որ «(․․․) Սույն քաղաքացիական գործով Դատարան է ներկայացվել գրություն այն մասին, որ հայցվոր Արմինե Դավթյանից պահանջվել է բացատրություն։ Այնուամենայնիվ, որևէ թույլատրելի ապացույց չի ներկայացվել առ այն, որ այդ գրությունը պատշաճ հանձնվել է Արմինե Դավթյանին և որ հանձնման պահից վերջինս ողջամիտ ժամկետ է ունեցել բացատրություն ներկայացնելու համար։ Ինչ վերաբերում է «Mulberry» համակարգից կատարված արտատպվածքին, ապա այդ փաստաթուղթը Դատարանը 16.02.2021 թվականի դատական նիստի ընթացքում չի ընդունել՝ նշելով, որ պատասխանողն ապացույցը ներկայացրել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ։
Վերոգրյալի լույսի ներքո Վերաքննիչ դատարանը փաստում է, որ անհատական իրավական ակտում փաստական հիմքը չնշելը և աշխատողից բացատրություն չպահանջելն ինքնին բավարար են գործատուի կայացրած անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու համար»։
«(․․․) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ անհրաժեշտ է Արմինե Դավթյանին վերականգնել իր նախկին աշխատանքում, այն է՝ «Հանրապետական մանկավարժական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում նույն պայմաններով, ինչ նախատեսված է եղել 11․06․2019 թվականին կնքված թիվ 05 աշխատանքային պայմանագրով։
Հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 04․10․2019 թվականից մինչև հայցվորի կողմից պատասխանողի մոտ աշխատանքի վերականգնելու օրը պատասխանողից հօգուտ Արմինե Դավթյանի վերջինիս միջին աշխատավարձը բռնագանձելու և պատասխանողից հօգուտ հայցվորի հայցվորին վճարման ենթակա հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի միջին աշխատավարձի նկատմամբ տուժանքի բռնագանձման պահանջի մասով՝ տուժանքը անհրաժեշտ է հաշվարկել չվճարված յուրաքանչյուր միջին աշխատավարձի համար հաջորդող ամսվա 16-ից սկսած մինչև պարտավորության լրիվ կատարումը, իսկ տուժանքը վճարման ենթակա գումարի չափը գերազանցելու դեպքում հօգուտ հայցվորի պատասխանողից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսի գումար սկսած տուժանքը վճարման ենթակա գումարի չափը գերազանցելու օրվանից մինչև պարտավորության վերջնական կատարումը բռնագանձելով»։
Մինչդեռ վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը․
Ինչպես վերը նշվեց բոլոր դեպքերում վիճարկվող անհատական ակտը ճանաչվում է անվավեր, եթե՝ դրանում նշված չէ համապատասխանաբար աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական կամ իրավական հիմքը։ Տվյալ դեպքում Արմինե Դավթյանին աշխատանքից ազատելու մասին հրամանում բացակայում է փաստական հիմքի մասին որևէ նշում։ Այսինքն՝ հրամանում նշված չէ, թե ինչ արարք է կատարել Արմինե Դավթյանը կամ հղում կատարված չէ որևէ փաստաթղթի, որի ուսումնասիրության արդյունքում հնարավոր կլինի արձանագրել և վերհանել աշխատողի կողմից թույլ տրված խախտումը, որը հանգեցրել է կարգապահական տույժի։ Նման պայմաններում Արմինե Դավթյանին աշխատանքից ազատելու մասին հրամանը ենթակա է անվավեր ճանաչման։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Գնահատելով Արմինե Դավթյանի կողմից թույլ տրված արարքները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արմինե Դավթյանի կողմից թույլ տրված խախտումները կատարվել են ոչ միայն նրա, որպես վարչական գործառույթներ իրականացնող անձի, այլև «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի՝ որպես ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողի, համար սահմանված լիազորությունների շրջանակում։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շարադրված և «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի՝ որպես ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողի, կողմից թույլ տրված արարքներն իրենց համակցության մեջ բավարար են այն հետևությունն անելու համար, որ դրանք իրենց բնույթով անհամատեղելի են Արմինե Դավթյանի՝ «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի աշխատանքը շարունակելու հետ, քանզի, ըստ էության, խաթարել են «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության դպրոցի տնօրենի վրա օրենքով դրված պարտականությունների կատարման էությունը և նպատակը՝ արգելք հանդիսանալով դրանց իրագործմանը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արմինե Դավթյանի կողմից թույլ տրված խախտումները հակասում են բարոյականության համընդհանուր նորմերին և բացասաբար են ազդում երեխաների ուսումնադաստիարակչական գործընթացի վրա, ինչպես նաև նսեմացնում են երեխաների արժանապատվությունը:
Անդրադառնալով «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Արմինե Դավթյանի աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում գործատուի կողմից Արմինե Դավթյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում վճարելու` ըստ այդմ, հարկադիր պարապուրդը գանձելու ժամանակահատվածի որոշման հարցին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծված լինելու դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը դատարանին իրավունք է վերապահում աշխատողի կողմից խախտումների փաստը հաստատված համարելու պայմաններում աշխատողին չվերականգնել նախկին աշխատանքում, եթե դա անհնարին է տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում: Այս դեպքում նախկին աշխատանքում վերականգնելու փոխարեն դատարանը գործատուին պարտավորեցնում է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարել հատուցում` նրա միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմինե Դավթյանին աշխատանքից ազատելու մասին 01․10․2019 թվականի թիվ 152-Ա/1 հրամանը ճանաչվում է անվավեր, սակայն Արմինե Դավթյանին անհնար է վերականգնել իր նախկին աշխատանքում գործատուի կողմից Արմինե Դավթյանի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով, ուստի գործատուի կողմից հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Արմինե Դավթյանին պետք է վճարել հատուցում՝ սկսած 04․10․2019 թվականից միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում միջին աշխատավարձի կրկնապատիկի չափով:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով:
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակի, իսկ ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման և փոփոխման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «ա» կետը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետը, գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը անհրաժեշտ է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.02.2022 թվականի որոշման՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 01.10.2019 թվականի թիվ 152-Ա/1 հրամանն անվավեր ճանաչելու պահանջը բավարարելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու մասերով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 24.09.2021 թվականի վճիռը բեկանելու և փոփոխելու մասերը և այդ մասերով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 24.09.2021 թվականի վճիռը փոփոխել հետևյալ կերպ. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 01.10.2019 թվականի թիվ 152-Ա/1 հրամանը ճանաչել անվավեր և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հօգուտ Արմինե Դավթյանի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար 04.10.2019 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը բռնագանձել հատուցում՝ «Հանրապետական մանկավարժական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում նրա ստացած միջին աշխատավարձի չափով:
2. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հօգուտ Արմինե Դավթյանի բռնագանձել վերջինիս միջին աշխատավարձի կրկնապատիկի չափով գումար, որպես աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում:
3. Արմինե Դավթյանի հայցը՝ մնացած մասերով, մերժել։
4. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. Հակոբյան Զեկուցող Է. Սեդրակյան Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Տ. Պետրոսյան
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/35653/02/19 քաղաքացիական գործով 06.04.2023 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
06.04.2023 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2023 թվականի ապրիլի 06-ին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28․02.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արմինե Դավթյանի ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն), երրորդ անձ «Հանրապետական մանկավարժական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.02.2022 թվականի որոշման՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 01.10.2019 թվականի թիվ 152-Ա/1 հրամանն անվավեր ճանաչելու պահանջը բավարարելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու մասերով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 24.09.2021 թվականի վճիռը բեկանելու և փոփոխելու մասերն ու այդ մասերով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 24.09.2021 թվականի վճիռը փոփոխել հետևյալ կերպ. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 01.10.2019 թվականի թիվ 152-Ա/1 հրամանը ճանաչել անվավեր և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հօգուտ Արմինե Դավթյանի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար 04.10.2019 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը բռնագանձել հատուցում՝ «Հանրապետական մանկավարժական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում նրա ստացած միջին աշխատավարձի չափով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հօգուտ Արմինե Դավթյանի բռնագանձել վերջինիս միջին աշխատավարձի կրկնապատիկի չափով գումար՝ որպես աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում, Արմինե Դավթյանի հայցը՝ մնացած մասերով, մերժել։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան` Արմինե Դավթյանը պահանջել է անվավեր ճանաչել Նախարարության 27.09.2019 թվականի թիվ 01/10.2/21788-19 և 01.10.2019 թվականի թիվ 152-Ա/1 հրամանները, վերականգնել նախկին աշխատանքում, բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Սուքոյան) (այսուհետ՝ Դատարան) 24.09.2021 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 28.02.2022 թվականի որոշմամբ Արմինե Դավթյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 24.09.2021 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Վահրամ Դումանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմինե Դավթյանը (ներկայացուցիչ՝ Դավիթ Ասատրյան)»:
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս անտեսել է, որ հայցվորը բոլոր դեպքերում իրավունք չուներ դրսևորել այնպիսի վարքագիծ, որը կարող էր առաջացնել հանրության անվստահությունը կրթության ոլորտի ներկայացուցիչների նկատմամբ։ Ավելին, գործում առկա փաստերը՝ մասնավորապես բաց-նամակ հայտարարությունը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գրությունը, խոսում են այն մասին, որ աշխատողի արարքը վտանգի տակ է դրել գործատուի բարի համբավը, և գործատուն կարող էր այդ հիմքով կորցնել աշխատողի նկատմամբ իր վստահությունը:
Բացի այդ, դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները վկայում են այն մասին, որ հայցվորը թույլ է տվել աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք, այն է՝ ֆեյսբուքում տեղ գտած տեսանյութի (տեսանյութը կրիչով առկա է գործում) 3։51 րոպեից սկսած Ա. Դավթյանն անում է հետևյալ հայտարարությունները. «Ես նայում եմ երեխայի աչքերին, և անում եմ դա ուղիղ իր աչքերի մեջ նայելով։ Ինքն ինձ լավ, տեղը տեղին հարվածեց, ես իրեն կամաց ուղղակի թուշիկին խփեցի։ Ա՜յ, բռնություն է գործադրվել, բայց այս երեխան հանգստացավ։ Որովհետև վախեցել էին, մի հատ 7 ամսականում վիրահատություն էր արվել, մինչև 6 տարեկան իրենք ընդհանրապես ոչ մի պատժական մեթոդ չեն կիրառել (տվյալ պարագայում «իրենք» ասելով հասկացվում է ծնողները)։ Վախեցել են երեխայից, երեխան դարձել է հիստերիկ։ Հիստերիկ, կապռիզնի։ Հիմա ես այդ երեխային փրկե՞մ, թե թողնեմ այդպիսին մնա։ Ծնողին բացատրե՞մ, թե թողնեմ էդպիսին մնա երեխան։ Իմ առջև խնդիր է դրված․ ես մանկավարժ եմ, հոգեբան եմ։ Հիմա այդ երեխային երկար տանեմ թերապիաների, 2 ամիս ծնողին տանեմ-բերեմ, թե մի ժամում լուծեմ այդ խնդիրը և ծնողին ասեմ վերցրեք Ձեր երեխային, գնացեք ․․․ Էդ մի հատ փոքրիկ ապտակն ինքն ավելի լավ հասկացավ ինչ է, քան ժամերով քարոզը», կամ տեսանյութի 5։30-րդ րոպեից՝ «Եղել են դեպքեր, երբ երեխան ինձ կծել է, ես էլ իրեն եմ կծել»։
Այսինքն, հայցվորն իր աշխատանքն իրականացնելիս, մասնավորապես՝ երեխաների և ծնողների հետ աշխատելիս, հիմք է ընդունում ոչ թե հոգեբանական, մանկավարժական մոտեցումներն ու մեթոդները, որոնք պարտավոր էր կիրառել, այլ՝ բռնությունը։ Մասնավորապես, հայցվորը նշում է, որ առավել նպատակահարմար է երեխայի նկատմամբ բռնություն գործադրել, քան տարիներով մշակված բազմաթիվ հոգեբանական և դաստիարակչական մեթոդներ կիրառել։
Հայցվորի ազատման հրամանի իրավական հիմքը (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը) դատական որևէ ատյանում քննարկման առարկա չի դարձրել, այսինքն, ընդունվել է որպես հաստատված փաստ, այն է՝ հայցվորի կողմից որպես ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատող, կատարվել է տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք։
Ուստի, հայցվորը թույլ է տվել մանկավարժ-հոգեբանին ոչ բնորոշ արարք, ինչով էլ չարաշահել է պատասխանողի համբերությունը, որն էլ հիմնավորում է գործատուի և աշխատողի միջև լարված հարաբերությունների առկայությունը։
Ըստ բողոք բերած անձի Դատարանի կողմից կայացված դատական ակտում հիմնավորվել է աշխատանքում վերականգնելու անհնարինության հանգամանքը։ Իսկ Վերաքննիչ դատարանի 28․02․2022 թվականին կայացրած որոշմամբ չի հիմնավորվել այդ հանգամանքի հերքումը։
Բացի այդ, բողոքարկվող դատական ակտում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 06․11․2009 թվականի թիվ ԵԱՔԴ/0605/02/08 և 18․07․2014 թվականի ԵԱՔԴ/1879/02/11 քաղաքացիական գործերով կայացրած որոշումներում տվյալ նորմին տրված մեկնաբանությանը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 28․02․2022 թվականի որոշումը` ամբողջությամբ օրինական ուժ տալով Դատարանի 24․09․2021 թվականի վճռին կամ մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և փոփոխել»:
2․1 Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.
«Սույն գործով բերված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանություններով։
Բողոքաբերը գտել է, որ աշխատողին աշխատանքի վերականգման հարցը որոշելիս պետք է պարզել վերջինիս կողմից դրսևորված վարքագիծն իր աշխատանքային պարտականություններն իրականացնելու ընթացքում, այնինչ անտեսել է, որ նախ անհատական իրավական ակտում պետք է նշված լինի այն փաստական հիմքը, որի հիման վրա անձն ազատվել է աշխատանքից, որն էլ հնարավորություն կտա Դատարանին ստուգելու դրա իրավաչափությունը և պարզելու գործի հանգամանքները:
Անհատական իրավական ակտում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը չնշելով՝ ստեղծում է մի իրավիճակ, որ անհասկանալի է դառնում, թե կոնկրետ որ արարքն է հիմք հանդիսացել անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Հարկ է նշել, որ մինչ այժմ բողոքաբերը դատարանին չի կարողացել հայտնել արարքը․ ներկայացվում է հակասական, կոնտեքստից կտրված, երբեմն աղավաղված փաստեր, որոնք անհասկանալի է՝ հանդիսացե՞լ են կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք, թե ոչ:
Սույն գործում առկա փաստերի համաձայն՝ պատասխանողը դատարանին ներկայացրել է աշխատանքային պայմանագիր, որի հիման վրա պնդում է, որ կիրառելի է վճռաբեկ բողոքում վկայակոչված Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները և անհնար է նախկին աշխատանքում վերականգնելը: Պաշտոնի վերաբերյալ պայմանագիրը կնքվել է 2 տարով՝ դատական ակտը կայացնելու օրվա դրությամբ այդ ժամկետը անցած է, այսինքն գործում առկա չէ որևէ ապացույց, որ դատական ակտի դրությամբ այդ ժամկետը որևէ կերպ երկարաձգվել է կամ նոր ժամկետով այլ անձ աշխատանքի է անցել:
Պատասխանողը դատաքննության փուլում դատարան է ներկայացրել «Mulberry» համակարգից փաստաթուղթ՝ դա ներկայացնելով որպես անհատական իրավական ակտի մասին բացատրություն պահանջելու ապացույց, սակայն Դատարանը մերժել է այդ փաստաթղթի ընդունումը: Այդ փաստաթղթով չի ապացուցվում, որ պատասխանողը որևէ կերպ պահպանել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասը: Այդ փաստաթղթում բացակայում է բավարար տեղեկատվություն:
Բացի այդ, բողոքի պատասխան բերած անձը նշել է, որ մասնագիտական նեղ շրջանակներում կատարված արտահայտությունը չի կարելի «արարք» համարել և անձի արտահայտությունը չի կարելի դիտարկել նրա ողջ կենսագրությունից և մասնագիտական գիտական գործունեությունից անջատ, չէ որ անձի կենսագրությունը նրա գաղափարախոսական համոզմունքների հավաստումն է։ Արդյոք այն, որ խնդրահարույց արտահայտությունից հետո ասված մեկնաբանությունը, որ «քավ լիցի, թե ես ասում եմ ցավ պատճառեք երեխային» չի հերքում «բռնության կոչի» փաստը, որը ներկայացված փաստական հիմքերում չի արձանագրվել և խոսքը դիտվել է համատեքստից կտրված բոլորովին այլ իմաստով։
Առկա չեն փաստական հիմքեր, որոնք կհավաստեն, որ խնդրահարույց արտահայտությունները կատարվել են տվյալ հաստատության ղեկավարման ընթացքում կատարված գործողությունների վերաբերյալ, կամ, որ դա ուսումնադաստիարակչական գործառույթ է, և պետք է արձանագրել, որ արտահայտությունը վերաբերում է ոչ թե ուսումնադաստիարակչական աշխատանքին, այլ հոգեբանական շտկողական վարքաբանական աշխատանքներին, Արմինե Դավթյանը չի իրականացրել արդեն տնօրեն դառնալուց ի վեր»։
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 11․06․2019 թվականի հրամանի համաձայն՝ Արմինե Դավթյանը նշանակվել է «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն 5 տարի ժամկետով (հատոր 1-ին, գ․ թ․ 15)։
2. Նախարարության և Արմինե Դավթյանի միջև 11․06․2019 թվականին կնքվել է թիվ 05 աշխատանքային պայմանագիրը, որով սահմանվել են պայմանագրի կողմերի իրավունքներն ու պարտականությունները (հատոր 2-րդ, գ․ թ․ 34-39)։
3. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 27․09․2019 թվականի թիվ 01/10․2/21788-19 հրամանի համաձայն՝ «Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 122-րդ հոդվածի 2-րդ կետով՝ հրամայում եմ՝ 2019 թվականի հոկտեմբերի 3-ից դադարեցնել «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արմինե Վահրամի Դավթյանի լիազորությունները՝ լուծելով նրա հետ 2019 թվականի հունիսի 11-ին կնքված թիվ 05 աշխատանքային պայմանագիրը։»։ (հատոր 1-ին, գ․ թ․ 13)։
4. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 01․10․2019 թվականի թիվ 152-Ա/1 հրամանի համաձայն՝ «Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 122-րդ հոդվածի 2-րդ կետով՝ հրամայում եմ՝ 2019 թվականի հոկտեմբերի 3-ից դադարեցնել «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արմինե Վահրամի Դավթյանի լիազորությունները՝ լուծելով նրա հետ 2019 թվականի հունիսի 11-ին կնքված թիվ 05 աշխատանքային պայմանագիրը։»։ Հրամանը Արմինե Դավթյանն ստացել է 02․10․2019 թվականին (հատոր 1-ին, գ․թ․ 14, 86)։
5. Պատասխանին կից ներկայացված ձայնային արձանագրության (00։10 վայրկյան) համաձայն՝ Արմինե Դավթյանը նշել է՝ «(…) կամ եթե ինչ-որ մասնագետ ուզում է, օրինակ ատամնաբույժն առանց ատամը քաշելու ոնց կարող է բուժել, նույնն էլ մանկավարժության և հոգեբանության մեջ կան երևույթներ, որոնք գուցե մի բան անես, մի բան, որ այդ մարդուն հաճելի չէ, տհաճ է և այլն, բայց դու անում ես իր համար։ Օրինակ, եթե գրկում ես կապրիզի և հիստերիայի մեջ պատեպատ տվող երեխային, սեղմում եմ իմ գրկի մեջ, դրա համար իրեն քաշքշում եմ չէ վերջին հաշվով, որ ես իրան բռնեմ գրկեմ, որ ինքն իրեն մի տեղ չխբի։ Դա եղավ ես բռնություն ե՞մ գործադրել։ Մարդիկ կան դա դիտարկում են որպես բռնություն, բայց ես այդ երեխային կես ժամ կարողա գրկեմ սիրեմ, համբուրեմ, ականջին լավ բաներ խոսեմ, դա չի տեսնում, տեսավ, որ երեխային զոռով ուզում եմ գրկեմ։ (…) Ծնողներ կան փորձում են փրկել իրենց երեխային, բայց ես այդ երեխային փորձում եմ բռնել, նստեմ հայելու դիմաց։ (…) Դեպք եղավ, երբ երեխան ինձ խփեց, մի անգամ խփեց ձայն չհանեցի, ոչ մի բան չարեցի, երկրորդ ու երրորդ անգամ խփեց ու հայհոյեց, դե հայհոյել չեմ հայհոյի երբեք, բայց որ մի հատ էլ խփեց, կամաց մի հատ էլ իրան խփեցի ու այդ երեխան ապշած նայեց ինձ, ես դա անում եմ ծնողի ներկայությամբ, ոչ մի ավելորդ բան, նայում եմ երեխայի աչքերին, անում եմ դա ուղիղ իր աչքերի մեջ նայելով, ինքն ինձ լավ տեղը տեղին հարվածեց, իսկ ես կամաց ուղղակի խփեցի, բայց այս երեխան հանգստացավ, որովհետև վախեցել էին, յոթ ամսականում վիրահատություն էին արել մինչև վեց տարեկան իրան ընդհանրապես որևէ պատժական միջոց չեն կիրառել, վախեցել են երեխայից, երեխան դարձել է հիստերիկ, կապրիզնի, հիմա այդ երեխային փրկեմ, թե թողնեմ էդպիսին մնա, (…)։ Իմ առջև խնդիր է դրված, ես մանկավարժ եմ, հոգեբան եմ չէ, հիմա այդ երեխային երկար տանեմ թերապիաների ու ծնողին երկու ամիս տանեմ-բերեմ, թե այդ խնդիրը մեկ ժամում լուծեմ, ասեմ՝ վերցրեք ձեր երեխային գնացեք (…) էդ ապտակն ինքն ավելի լավ հասկացավ, քան ժամերով քարոզեմ, (…) եղել ա որ կծել ա, ես էլ իրան եմ կծել, դա հոգեբանական աշխատանք է, ինչ անել, որ աշխատանքը մի քիչ սպեցիֆիկ է։» (հատոր 1-ին, գ․թ․ 80, ձայնային կրիչ)։
6. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի Արմինե Դավթյանին ուղղված 18․09․2019 թվականի գրությամբ նշվել է․ «Վերջին օրերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ երեխայի նկատմամբ բռնության թեմայի վերաբերյալ Ձեր գրառումը, հանրության շրջանում մեծ քննարկումների տեղիք է տվել։ Ուստի, առաջարկում եմ ներկայացնել բացատրություն՝ Ձեր կողմից արված ոչ ցանկալի և թյուրըմբռնելի մեկնաբանության առնչությամբ։» (հատոր 1-ին, գ․թ․ 81)։
7. 16.02.2021 թվականի դատական նիստի ընթացքում Նախարարության ներկայացուցիչը Դատարան է ներկայացրել «Mulberry» համակարգից կատարված արտատպվածք, որով ըստ վերջինիս հաստատվում է, որ հայցվորն ստացել է 18․09․2019 թվականի բացատրություն պահանջելու մասին գրությունը։ Դատարանը չի ընդունել այդ ապացույցը՝ նշելով, որ պատասխանողը խախտել է ապացույցներ ներկայացնելու ժամկետը (Հիմք՝ 16.02.2021 թվականին դատական նիստի ձայնային արձանագրություն)։
8. Պատասխանողը Դատարան է ներկայացրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից կատարված արտատպվածք, համաձայն որի՝ Արմինե Դավթյան անունով օգտատերը, ի պատասխան այն մեկնաբանության, որ «ոչ ոք իրավունք չունի խփել երեխային», նշել է՝ «բացի իսկական մանկավարժից»։ Նույն օգտատերը մեկ այլ մեկնաբանությամբ նշել է՝ «ՍԻՐԵԼԻ ԱՈՒՏԻԶՄՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐ ՋԱԱԱՆ, դա բոլորովին այլ խնդիր է, օրինակ մի դեպք ասեմ, աուտիզմով երեխաներիցս մեկը սիրում է գլխով հարվածելով, ինձ մի օր այնպես գլխով հարվածեց մեջքիս, աջքերիցս կայծեր դուրս եկան, ես որ միշտ խաղում էի նրա հետ այդ պահերին, սիրում ու գզվռտվում ցավից այնպես բղավեցի ու զայրացա, ու այդ տոնով էլ այնպես հրեցի նստացրեցի բազմոցին որ զայրացած խրատեմ: Այդ տոնից հետո ինքը սովորեց այլեվս այդպես չխփել: Հիմա ինչ կասեք. թողնեի նույն ձևով մեկ այլ երեխայի վաղը մյուսօր խփեր՞ չզայրանայի, խիստ չխոսեի: անկախ ամեն ինչից երեխաները պետք է հասկանան, որն է լավ, որն է վատ: Զայրույթն էլ է մարդկային և հասարակության մեջ նրանք պետք է տարբերակեն հույզերը, որ ավելի ապահով մեծանան:» (հատոր 2-րդ, գ․թ․ 61-63)։
9. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված գրությամբ նշել է՝ ««Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Դավթյանի կողմից անցկացված սեմինարի համացանցում հայտնի տեսանյութի բովանդակությունը, որը նաև մի շարք հասարակական կազմակերպությունների և ՄԻՊ գրասենյակի կողմից բացասական է դիտարկվել, ինչպես նաև տեսանյութի համացանցում քննարկումների արդյունքում իր կողմից մասնագետների, ծնողների և մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների նկատմամբ ոչ կոռեկտ արտահայտությունները, Շիրակի մարզում ներառական կրթություն իրականացնող բազմամասնագիտական թիմի անդամների շրջանում մոնիթորինգի անցկացման արդյունքում, որի իրավունքը նա չուներ, մոնիթորինգի մասնակիցներին մասնագիտական վկայականների տրամադրումը, որն էլ իր հերթին առաջացրել է մի շարք խնդիրներ և սույն թվականի սեպտեմբերի 24-ին ԿԳՄՍ փոխնախարար տիկին Լուսինե Առաքելյանի կողմից կազմակերպված կլոր սեղան քննարկման ժամանակ իր անզիջում մոտեցումը վկայությունն են առ այն, որ որպես տնօրեն տիկին Դավթյանն անցել է իր լիազորությունների սահմանը։ Հետևաբար, առաջարկում եմ քննարկել, դադարեցնել իր լիազորությունները և ակնկալում եմ նրա հեռացումը տնօրենի պաշտոնից։» (հատոր 2-րդ, գ․թ․ 64)։
10. Արմինե Դավթյանի հայտարարությունների մասով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին բաց նամակ-հայտարարություն է ուղարկվել Կրթական քաղաքացիական նախաձեռնության կողմից, համաձայն որի՝ «(…) Այս բաց-նամակը արտահայտում է մեր՝ հանրային հատվածի, մասնագիտական և ծնողական համայնքների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հավաքական կարծիքը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (այսուհետ՝ ՀՄԿ) տնօրեն Արմինե Դավթյանի՝ երեխայի հետ աշխատանքի վերաբերյալ հանրային տիրույթում կատարված ոչ մասնագիտական և անթույլատրելի պնդումների շուրջ։ ՀՄԿ ֆեյսբուքյան էջում հայտնված տեսանյութը անհանգստացնող ազդակ է մասնագիտական և ծնողական համայնքների համար։ Այդ տեսանյութում ՀՄԿ գործող տնօրեն Արմինե Դավթյանը կիսվում է իր մասնագիտական գործունեության այնպիսի դրվագներով, որոնք առերևույթ պարունակում են երեխաների հետ աշխատանքում ֆիզիկական և հոգեբանական բռնության գործադրմամբ միջամտություններ իրականացնելու խրախուսում, մասնագիտական գործունեության անթույլատրելի ոճ և սկզբունքներ։ Այս հանգամանքներին և տիկին Դավթյանի մոտեցումներին ծանոթանալու համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից սույն թվականի սեպտեմբերի 24-ին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի աշխատասենյակում կազմակերպվել է մասնագիտական, կրթական և քաղաքացիական հասարակության համայնքների, ինչպես նաև օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հանդիպումը տիկին Դավթյանի հետ։ Հանդիպման ընթացքում տիկին Դավթյանը վերահաստատեց իր համոզմունքը համացանցում տարածված տեսանյութում և տարբեր գրառումների ներքո արված մեկնաբանություններում արտահայտած մեթոդների հավաստիության և արժանահավատության մեջ՝ ըստ էության ևս մեկ անգամ տեսակետ հայտնելով, որ երեխաների նկատմամբ բռնություն՝ մասնագիտական և ոչ մասնագիտական գործունեության մեջ, թույլատրելի է։ Մինչդեռ, նշված մեթոդները, մոտեցումները որևէ գիտական հիմնավորում չունեն, փաստահենք չեն, «ինքնաշեն» են։ Ուստի, դրանց կիրառումը, առավել ևս տարածումը, ոչ պրոֆեսիոնալիզմ և անթույլատրելի դրսևորում է։ Հայտարարում ենք, որ ՀՄԿ տնօրեն տիկին Արմինե Դավթյանի մասնագիտական դիրքորոշումները, գիտելիքները, իր մասնագիտական գործունեության անբաժանելի մաս կազմող արժեհամակարգային կողմնորոշումները համատեղելի չեն իր զբաղեցրած պաշտոնի և իր կողմից ղեկավարվող կառույցի առաքելության և ռազմավարական նպատակների հետ։» (հատոր 2-րդ, գ․թ․ 65-70)։
11. 23․10․2020 թվականին դատական նիստի ընթացքում Դատարանը կողմերի միջև բաշխել է ապացուցման պարտականությունը՝ նշելով, որ պատասխանողը պետք է ապացուցի աշխատանքից ազատման իրավաչափությունը, մեկ հրամանի արձակումը, ֆեյսբուքյան գրառումների՝ սույն գործի հետ առնչությունը, կարգապահական վարույթի իրականացումը, աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառները, «Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնելու փաստը (Հիմք՝ 23․10․2020 թվականին դատական նիստի ձայնային արձանագրություն)»։
4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար պայմանավորված Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդրի առկայությամբ.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ աշխատողի նկատմամբ վստահությունը կորցրած գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքին, ինչպես նաև վիճարկվող անհատական իրավական ակտում օրենքով սահմանված՝ անհատական իրավական ակտերին վերաբերող պահանջները պահպանված չլինելու իրավական հարցերին, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։
ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ընտանեկան, աշխատանքային, բնական պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ ընտանեկան, աշխատանքային, հողային, բնապահպան և այլ հատուկ օրենսդրությամբ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուի ներքին և անհատական իրավական ակտերն ընդունվում են հրամանների կամ կարգադրությունների, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` այլ իրավական ակտերի տեսքով:
Եթե ներքին և անհատական իրավական ակտերը բովանդակում են դրույթներ, որոնք նվազ բարենպաստ են, քան աշխատանքային օրենսդրությամբ և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով աշխատողների համար սահմանված պայմանները, ապա նման ակտերը կամ դրանց համապատասխան մասերն իրավաբանական ուժ չունեն:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհատական աշխատանքային հարաբերությունները կարգավորելու նպատակով գործատուն ընդունում է անհատական իրավական ակտեր:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք` պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկվող անհատական իրավական ակտում օրենքով սահմանված՝ անհատական իրավական ակտերին վերաբերող պահանջների խախտումն ինքնին հիմք չէ այդ ակտն անվավեր ճանաչելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը բոլոր դեպքերում վիճարկվող անհատական ակտը ճանաչում է անվավեր, եթե՝ դրանում նշված չէ համապատասխանաբար աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական կամ իրավական հիմքը։
Վերոնշյալ նորմի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ աշխատանքից ազատելու հրամանի բովանդակությունից պետք է աշխատողի համար հասկանալի լինի, թե ինչ հիմքով է նա ենթարկվում կարգապահական պատասխանատվության, կոնկրետ իր կողմից կատարված որ արարքի համար է գործատուն իր նկատմամբ կիրառում կարգապահական պատասխանատվության միջոցներ, այսինքն հրամանը պետք է պարունակի փաստական հիմքի մասին որևէ նշում։ Մասնավորապես հրամանում պետք է նշվի, թե ինչ արարք է կատարել աշխատողը կամ հղում կատարվի որևէ փաստաթղթի, որի ուսումնասիրության արդյունքում հնարավոր կլինի արձանագրել աշխատողի կողմից թույլ տրված խախտումը, որը հանգեցրել է կարգապահական տույժի։ Փաստական և իրավական հիմքերից թեկուզև մեկի բացակայությունն անվերապահորեն հանգեցնում է վիճարկվող անհատական իրավական ակտի անվավեր ճանաչման՝ անկախ աշխատողին աշխատանքից ազատելու հիմքերի առկայությունից։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծվում է գործատուի նախաձեռնությամբ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու դեպքում:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք: Միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:
ՀՀ վճռաբեկ դատարանը, Զոյա Ծատուրյանն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գործով կայացրած որոշմամբ անդրադառնալով նշված հոդվածի կիրառման դեպքին, դիրքորոշում է հայտնել նաև այն մասին, որ օրենսդիրը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է աշխատանքում չվերականգնելու գործատուի իրավական հնարավորությունը` վերապահելով դատարանին այդ վարքագծի իրավաչափության գնահատման իրավասություն` որոշելու տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական կամ այլ պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինությունը կոնկրետ գործի փաստերից ելնելով (տե՛ս, թիվ 3-496(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ նշված հոդվածով օրենսդիրը, անդրադառնալով աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերին, կարգավորել է աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում աշխատողների խախտված իրավունքների վերականգման դեպքերը` առանձնացնելով երկու խումբ իրավիճակներ.
1. աշխատողը վերականգնվում է իր նախկին աշխատանքում` ստանալով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ,
2. աշխատողը չի վերականգնվում նախկին աշխատանքում` ստանալով հատուցումներ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի, ինչպես նաև աշխատանքում չվերականգնվելու դիմաց:
Վերոնշյալ երկրորդ իրավիճակը հնարավոր է հետևյալ դեպքերում.
1. Առկա են տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներ: Մասնավորապես, նման իրավիճակ հնարավոր է այն դեպքում, երբ գործատուի վարչակազմակերպչական կառուցվածքում գոյություն չունի այնպիսի հաստիքային միավոր, որտեղ նախկինում աշխատել է աշխատողը, և առկա չէ աշխատողի մաuնագիտական պատրաuտվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատաuխան այլ աշխատանք։
2. Գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունները վերականգնելն անհնարին է այլ պատճառներով: Ընդ որում, նշված հիմքի կիրառման համար օրենսդիրը կոնկրետ դեպքեր չի նախատեսել` հնարավորություն տալով դատարաններին յուրաքանչյուր դեպքում գործի փաստական հանգամանքների շրջանակներում գնահատել աշխատանքում աշխատողի վերականգնման անհնարինությունը:
Այսպիսով, վերլուծելով նշված հոդվածով սահմանված իրավակարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դրանով օրենսդիրը նպատակ է հետապնդել համապարփակ կերպով կարգավորելու աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերը, մասնավորապես` գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու և լուծելու հետ կապված բոլոր վեճերը` որպես աշխատողի խախտված իրավունքների վերականգնման եղանակներ սահմանելով ինչպես աշխատողի վերականգնումը նախկին աշխատանքում, այնպես էլ դրա անհնարինության դեպքում աշխատողին փոխհատուցումներ վճարելու գործատուի պարտականությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված հոդվածի իրավակարգավորումները կիրառելի են գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու և լուծելու վերաբերյալ բոլոր վեճերով` անկախ պայմանագիրը դադարեցնելու կամ լուծելու հիմքից, այլապես աշխատանքային վեճերի մի մասը դուրս կմնա օրենսդրական կարգավորման ոլորտից (տե՛ս, օրինակ, Խորեն Նասիբյանն ընդդեմ «Ինտերալկո» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3295/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած որոշմամբ, վերլուծելով վկայակոչված իրավական նորմերը նշել է, որ գործատուն իրավունք ունի որոշակի ժամկետով աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը վերը նշված հիմքով նախքան դրա գործողության ժամկետի լրանալը լուծելու նաև այն դեպքում, երբ աշխատողի նկատմամբ կորցնում է վստահությունը: Որպես աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու ինքնուրույն դեպք օրենսդիրը նախատեսել է նաև վերջինիս կողմից ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնելիս թույլ տրված՝ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարքը:
Այսինքն՝ որպեսզի գործատուի մոտ ծագի վերը նշված հիմքով նախքան աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի լրանալն այն իր նախաձեռնությամբ լուծելու իրավունքը, անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը՝
1. աշխատողը հանդիսանա ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող անձ, և
2. թույլ տրված լինի համապատասխան աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում արտահայտած դիրքորոշումների համատեքստում, բացահայտել է «ուսումնադաստիարակչական գործառույթներ» տերմինը, անդրադարձել է հանրակրթական դպրոցի տնօրենի գործառույթներին՝ բացահայտելով դրանց ուսումնադաստիարակչական բնույթ ունենալու հանգամանքը: Այսպես՝
Ըստ Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ի՝ «ուսումնական» նշանակում է «ուսման համար կատարվող՝ տեղի ունեցող, ուսման բնույթ կրող», «ուսման պրոցեսը կազմակերպելու և ղեկավարելու՝ իրականացնելու հետ կապված», «ուսումնական մեթոդներ», իսկ ըստ Աշոտ Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան»-ի՝ «ուսուցողական (ուսմանը վերաբերող՝ հատկացված)»:
Ըստ Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ի՝ «դաստիարակչական» նշանակում է «դաստիարակության հատուկ», «դաստիարակության՝ դաստիարակելուն ծառայող», իսկ ըստ Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան»-ի՝ «դաստիարակչության վերաբերող՝ հատուկ, դաստիարակիչ, կրթիչ»:
Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «ուսումնադաստիարակչական գործառույթներ» իրականացնող կարող է համարվել այն անձը, ով վերը նշված բառարանների իմաստով միաժամանակ՝ համալիր կերպով, իրականացնում է ինչպես ուսումնական, այնպես էլ՝ դաստիարակչական գործառույթներ (տե՛ս Աստղիկ Մխիթարյանն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի թիվ ԱՐԴ/3713/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.04.2022 թվականի որոշումը):
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը, գործադիր մարմինը (տնօրեն, նախագահ, ռեկտոր և այլն):
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը` տնօրենը, որը ընտրվում (նշանակվում) և ազատվում է (նրա լիազորությունները դադարում են) օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ պետական ուսումնական հաստատության խորհուրդը տնօրենի ներկայացմամբ քննարկում է ուսումնական հաստատության ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, տալիս է հավանություն և ներկայացնում պետական լիազորված մարմնի հաստատմանը:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն՝ ուսումնական հաստատության տնօրենը (հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարը) պատասխանատու է հանրակրթության պետական կրթական և առարկայական չափորոշիչներին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, սովորողների առողջության պահպանման, կադրերի ընտրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար:
Նույն հոդվածի 18-րդ մասի համաձայն՝ պետական ուսումնական հաստատության տնօրենը՝
1) խորհրդի քննարկմանն է ներկայացնում ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական հաշվետվությունը, արտաքին և ներքին գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկանք, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.
2) ղեկավարում է ուսումնական հաստատության մանկավարժական խորհուրդը, աջակցում է ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների աշխատանքներին.
3) կազմում է ուսումնական հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և հաստատության խորհրդի հավանությամբ ներկայացնում պետական լիազորված մարմին.
4) խորհրդի հավանությանն է ներկայացնում ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը.
5) իրականացնում է օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սովորողների ընդունելությունը ուսումնական հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով` դպրոցահասակ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի (այսուհետ` ծնող) դիմումի և հաստատության ու ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա` նույն օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով (...):
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ։
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ տնօրենը յուրաքանչյուր տարվա համար կազմում և հաստատում է տվյալ տարվա հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների ցանկը և ներկայացնում ատեստավորման հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան։
Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ տնօրենը ատեստավորման հանձնաժողով է ներկայացնում ուսուցչի աշխատանքային բնութագիրը և նույն հոդվածի 12-րդ մասով սահմանված` ուսուցչի հավաքագրած կրեդիտների մասին տեղեկանք` դրանք հիմնավորող փաստաթղթերով: Ուսուցիչը կարող է ներկայացնել նաև տվյալ ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների կողմից տրամադրած այլ գրավոր բնութագրերը։ Ուսուցչի ատեստավորմանը ներկայացվող փաստաթղթերի ամբողջական ցանկը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։
Նույն հոդվածի 20-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 16-րդ մասի 2-րդ կետի հիման վրա ուսումնական հաստատության տնօրենը որոշումը ստանալուն հաջորդող տասնօրյա ժամկետում պաշտոնից ազատում է զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող ուսուցչին, եթե նույն հոդվածի 18-րդ կետով սահմանված ժամկետում ատեստավորման հանձնաժողովի որոշումը չի բողոքարկվել։ Ուսուցչի թափուր տեղը համալրվում է նույն օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով։
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ներքին գնահատման հաշվետվությունը տնօրենը մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 5-ը ներկայացնում է ուսումնական հաստատության խորհրդին, ծնողական, աշակերտական և այլ գործող խորհուրդներին, ինչպես նաև ապահովում դրա հրապարակումը:
Վերը նշված որոշմամբ, ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադառնալով շարադրված նորմերին, եզրակացրել է, որ հանրակրթական դպրոցի տնօրենը, նշված իրավական նորմերով օրենսդրի կողմից վերապահված գործառություններն իրականացնելիս մի դեպքում հանդես է գալիս որպես ուսումնական հաստատությունը ղեկավարելու, այսինքն՝ դրա բնականոն աշխատանքն ու ընթացիկ գործունեությունը կազմակերպելու, վարչական գործառույթներ իրականացնող անձ, իսկ մյուս դեպքերում՝ ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող անձ: Մասնավորապես եթե «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով հանրակրթական դպրոցի տնօրենի, որպես գործադիր մարմնի, վրա դրված են կառավարչական-կազմակերպչական բնույթի որոշ գործառույթներ, ապա այդ նույն օրենքով առկա են այլ լիազորություններ, որոնք կատարվում (տեղի են ունենում) և վերաբերում են ուսմանը, հետապնդում են ուսման պրոցեսը կազմակերպելու և ղեկավարելու նպատակ, առնչվում են ուսումնական մեթոդներին և իրենց բնույթով ծառայում են դաստիարակելուն՝ լինելով դաստիարակությանը հատուկ:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ հանրակրթական դպրոցի տնօրենի կողմից «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով վերապահված այն լիազորությունները խախտելը, որոնք միտված են ուսման պրոցեսը կազմակերպելուն և ղեկավարելուն, այսինքն՝ առնչվում են ուսումնական մեթոդներին և իրենց բնույթով ուսումնական-դաստիարակչական են, հիմք են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառելու, այսինքն՝ տնօրենի՝ որպես ուսումնադաստիարակչական գործառույթ իրականացնող աշխատողի, հետ կնքված աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցնելու հիմքի կիրառմամբ լուծելու համար, եթե առկա է տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք:
Անդրադառնալով այն հարցին, թե որոնք են այն արարքները, որոնք կարող են անհամատեղելի համարվել ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողի աշխատանքը շարունակելու հետ՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.
ՀՀ աշխատանքային օրենսգիրքը հստակ չի սահմանում, թե որոնք են այն արարքները, որ նույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով համարվում են անհամատեղելի: Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք թույլ տված աշխատողը, ինչպես արդեն իսկ նշվեց, պետք է հանդիսանա ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող անձ: Երկրորդ, թույլ տրված արարքները վերոգրյալ դիրքորոշումների հաշվառմամբ պետք է հանդիսանան այնպիսին, որ խաթարած լինեն հանրակրթական դպրոցի տնօրենի վրա օրենքով դրված վերը նշված պարտականությունների կատարման էությունը և նպատակը՝ արգելք հանդիսանալով դրանց իրագործմանը, կամ հակասեն բարոյականության համընդհանուր նորմերին (տե՛ս, ըստ Աստղիկ Մխիթարյանի հայցի ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի թիվ ԱՐԴ/3713/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.04.2022 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 11․06․2019 թվականի հրամանով Արմինե Դավթյանը նշանակվել է «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն 5 տարի ժամկետով։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 27․09․2019 թվականի թիվ 01/10․2/21788-19 հրամանի համաձայն՝ 03․10․2019 թվականից դադարեցվել է «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արմինե Դավթյանի լիազորությունները՝ լուծելով նրա հետ 11․06․2019 թվականի թիվ 05 աշխատանքային պայմանագիրը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 01․10․2019 թվականի թիվ 152-Ա/1 հրամանի համաձայն 03․10․2019 թվականից դադարեցվել է «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արմինե Դավթյանի լիազորությունները՝ լուծելով նրա հետ 11․06․2019 թվականի թիվ 05 աշխատանքային պայմանագիրը։
Սոցիալական ցանցերում հայցվոր Արմինե Դավթյանն արել է հետևյալ հայտարարությունները՝ մեջբերում. «Ես նայում եմ երեխայի աչքերին, և անում եմ դա ուղիղ իր աչքերի մեջ նայելով: Ինքն ինձ լավ, տեղը տեղին հարվածեց, ես իրեն կամաց ուղղակի թուշիկին խփեցի: Բռնություն է գործադրվել, բայց այս երեխան հանգստացավ» , «ՍԻՐԵԼԻ ԱՈՒՏԻԶՄՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐ ՋԱԱԱՆ, դա բոլորովին այլ խնդիր է, օրինակ մի դեպք ասեմ, աուտիզմով երեխաներիցս մեկը սիրում է գլխով հարվածելով, ինձ մի օր այնպես գլխով հարվածեց մեջքիս, աջքերիցս կայծեր դուրս եկան, ես որ միշտ խաղում էի նրա հետ այդ պահերին, սիրում ու գզվռտվում ցավից այնպես բղավեցի ու զայրացա, ու այդ տոնով էլ այնպես հրեցի նստացրեցի բազմոցին որ զայրացած խրատեմ: Այդ տոնից հետո ինքը սովորեց այլեվս այդպես չխփել: Հիմա ինչ կասեք. թողնեի նույն ձևով մեկ այլ երեխայի վաղը մյուսօր խփեր՝ չզայրանայի, խիստ չխոսեի: Անկախ ամեն ինչից երեխաները պետք է հասկանան, որն է լավ, որն է վատ: Զայրույթն էլ է մարդկային և հասարակության մեջ նրանք պետք է տարբերակեն հույզերը, որ ավելի ապահով մեծանան»:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի 18․09․2019 թվականի գրության համաձայն՝ «Վերջին օրերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ երեխայի նկատմամբ բռնության թեմայի վերաբերյալ Ձեր գրառումը, հանրության շրջանում մեծ քննարկումների տեղիք է տվել։ Ուստի, առաջարկում եմ ներկայացնել բացատրություն՝ Ձեր կողմից արված ոչ ցանկալի և թյուրըմբռնելի մեկնաբանության առնչությամբ»։ 16.02.2021 թվականի դատական նիստի ընթացքում պատասխանողի ներկայացուցիչը Դատարան է ներկայացրել «Mulberry» համակարգից կատարված արտատպվածք, որով ըստ պատասխանողի՝ հաստատվում է, որ հայցվորն ստացել է 18․09․2019 թվականի բացատրություն պահանջելու մասին գրությունը։ Դատարանը չի ընդունել այդ ապացույցը՝ նշելով, որ պատասխանողը խախտել է ապացույցներ ներկայացնելու ժամկետը։ Պատասխանողը դատարան է ներկայացրել «Mulberry» համակարգից կատարված արտատպվածքներ։
Դատարանը, 24․09․2021 թվականի վճռով հայցը մերժել է պատճառաբանել է, որ «(․․․) «Հանրապետական մանկավարժական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի Կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորությունների մեջ մտնում է նաև ուսումնադաստիարակչական գործառույթների իրականացումը, քանի որ նախևառաջ «Հանրապետական մանկավարժական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ը լինելով երեք դպրոցների իրավահաջորդ կրում է նրանց իրավունքները և պարտականությունները, և բացի այդ նշված իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ ուսումնադաստիարակչական հաստատություններին ուղղված պահանջները ուղղված են նաև ՊՈԱԿ-ին, և անմիջականորեն երեխաների հետ աշխատանքն էլ իրենից ենթադրում է, որ ՊՈԱԿ-ը ևս իրականացնում է ուսումնադաստիարակչական աշխատանքներ»։
«(․․․) Տվյալ դեպքում, գործում առկա փաստերը՝ մասնավորապես բաց-նամակ հայտարարությունը, ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գրությունը, խոսում են այն մասին, որ աշխատողի արարքը վտանգի տակ է դրել գործատուի բարի համբավը, և գործատուն կարող էր այդ հիմքով կորցնել աշխատողի նկատմամբ իր վստահությունը»։
«(․․․) Անդրադառնալով ընթացակարգի պահպանմամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու հարցին, դատարանը հաստատված է համարում այն փաստը, որ պատասխանողը նախևառաջ ծանուցել է հայցվորին և պահանջել բացատրություն, պահպանելով վերջինիս լսվելու իրավունքը, այնուհետև իրականացվել և աշխատանքի ազատման հրամանի կազմում»։
«(․․․) դատարանը գտնում է, որ հրամանը չի կարող համարվել ոչ հիմնավոր, քանի որ նշվել են իրավական հիմքերը, իսկ փաստական հիմքերին գործատուն պատշաճ կերպով տեղեկացրել է հայցվորին»։
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակի և Դատարանի 24․09․2021 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է, պատճառաբանելով, որ «(․․․) Սույն քաղաքացիական գործով Դատարան է ներկայացվել գրություն այն մասին, որ հայցվոր Արմինե Դավթյանից պահանջվել է բացատրություն։ Այնուամենայնիվ, որևէ թույլատրելի ապացույց չի ներկայացվել առ այն, որ այդ գրությունը պատշաճ հանձնվել է Արմինե Դավթյանին և որ հանձնման պահից վերջինս ողջամիտ ժամկետ է ունեցել բացատրություն ներկայացնելու համար։ Ինչ վերաբերում է «Mulberry» համակարգից կատարված արտատպվածքին, ապա այդ փաստաթուղթը Դատարանը 16.02.2021 թվականի դատական նիստի ընթացքում չի ընդունել՝ նշելով, որ պատասխանողն ապացույցը ներկայացրել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ։
Վերոգրյալի լույսի ներքո Վերաքննիչ դատարանը փաստում է, որ անհատական իրավական ակտում փաստական հիմքը չնշելը և աշխատողից բացատրություն չպահանջելն ինքնին բավարար են գործատուի կայացրած անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու համար»։
«(․․․) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ անհրաժեշտ է Արմինե Դավթյանին վերականգնել իր նախկին աշխատանքում, այն է՝ «Հանրապետական մանկավարժական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում նույն պայմաններով, ինչ նախատեսված է եղել 11․06․2019 թվականին կնքված թիվ 05 աշխատանքային պայմանագրով։
Հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 04․10․2019 թվականից մինչև հայցվորի կողմից պատասխանողի մոտ աշխատանքի վերականգնելու օրը պատասխանողից հօգուտ Արմինե Դավթյանի վերջինիս միջին աշխատավարձը բռնագանձելու և պատասխանողից հօգուտ հայցվորի հայցվորին վճարման ենթակա հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի միջին աշխատավարձի նկատմամբ տուժանքի բռնագանձման պահանջի մասով՝ տուժանքը անհրաժեշտ է հաշվարկել չվճարված յուրաքանչյուր միջին աշխատավարձի համար հաջորդող ամսվա 16-ից սկսած մինչև պարտավորության լրիվ կատարումը, իսկ տուժանքը վճարման ենթակա գումարի չափը գերազանցելու դեպքում հօգուտ հայցվորի պատասխանողից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված տոկոսի գումար սկսած տուժանքը վճարման ենթակա գումարի չափը գերազանցելու օրվանից մինչև պարտավորության վերջնական կատարումը բռնագանձելով»։
Մինչդեռ վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունները և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը․
Ինչպես վերը նշվեց բոլոր դեպքերում վիճարկվող անհատական ակտը ճանաչվում է անվավեր, եթե՝ դրանում նշված չէ համապատասխանաբար աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական կամ իրավական հիմքը։ Տվյալ դեպքում Արմինե Դավթյանին աշխատանքից ազատելու մասին հրամանում բացակայում է փաստական հիմքի մասին որևէ նշում։ Այսինքն՝ հրամանում նշված չէ, թե ինչ արարք է կատարել Արմինե Դավթյանը կամ հղում կատարված չէ որևէ փաստաթղթի, որի ուսումնասիրության արդյունքում հնարավոր կլինի արձանագրել և վերհանել աշխատողի կողմից թույլ տրված խախտումը, որը հանգեցրել է կարգապահական տույժի։ Նման պայմաններում Արմինե Դավթյանին աշխատանքից ազատելու մասին հրամանը ենթակա է անվավեր ճանաչման։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով: Գնահատելով Արմինե Դավթյանի կողմից թույլ տրված արարքները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արմինե Դավթյանի կողմից թույլ տրված խախտումները կատարվել են ոչ միայն նրա, որպես վարչական գործառույթներ իրականացնող անձի, այլև «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի՝ որպես ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողի, համար սահմանված լիազորությունների շրջանակում։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շարադրված և «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի՝ որպես ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողի, կողմից թույլ տրված արարքներն իրենց համակցության մեջ բավարար են այն հետևությունն անելու համար, որ դրանք իրենց բնույթով անհամատեղելի են Արմինե Դավթյանի՝ «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի աշխատանքը շարունակելու հետ, քանզի, ըստ էության, խաթարել են «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության դպրոցի տնօրենի վրա օրենքով դրված պարտականությունների կատարման էությունը և նպատակը՝ արգելք հանդիսանալով դրանց իրագործմանը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արմինե Դավթյանի կողմից թույլ տրված խախտումները հակասում են բարոյականության համընդհանուր նորմերին և բացասաբար են ազդում երեխաների ուսումնադաստիարակչական գործընթացի վրա, ինչպես նաև նսեմացնում են երեխաների արժանապատվությունը:
Անդրադառնալով «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Արմինե Դավթյանի աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում գործատուի կողմից Արմինե Դավթյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում վճարելու` ըստ այդմ, հարկադիր պարապուրդը գանձելու ժամանակահատվածի որոշման հարցին, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծված լինելու դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը դատարանին իրավունք է վերապահում աշխատողի կողմից խախտումների փաստը հաստատված համարելու պայմաններում աշխատողին չվերականգնել նախկին աշխատանքում, եթե դա անհնարին է տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում: Այս դեպքում նախկին աշխատանքում վերականգնելու փոխարեն դատարանը գործատուին պարտավորեցնում է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատողին վճարել հատուցում` նրա միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով։
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմինե Դավթյանին աշխատանքից ազատելու մասին 01․10․2019 թվականի թիվ 152-Ա/1 հրամանը ճանաչվում է անվավեր, սակայն Արմինե Դավթյանին անհնար է վերականգնել իր նախկին աշխատանքում գործատուի կողմից Արմինե Դավթյանի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով, ուստի գործատուի կողմից հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Արմինե Դավթյանին պետք է վճարել հատուցում՝ սկսած 04․10․2019 թվականից միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, և աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում միջին աշխատավարձի կրկնապատիկի չափով:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրա վերաբերյալ:
Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքում պետք է նշվեն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Տվյալ դեպքում բողոք բերած անձը որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք վկայակոչել է նաև բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ օրենքի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը՝ պայմանավորված Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդրի առկայությամբ:
Վերը նշված իրավակարգավորումներից բխում է, որ վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով կարող է վարույթ ընդունվել բացառապես այն դեպքում, երբ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, որը տվյալ դեպքում պայմանավորված է Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդրի առկայությամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` նույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության հիմնավորումը։
Մինչդեռ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, բողոքը վարույթ ընդունելը պայմանավորելով վերը նշված հիմքով, իր որոշման մեջ ինչպես չի բացահայտել նման խնդրի առկայությունը, այնպես ցույց չի տվել այդ նորմի համապատասխան զարգացման ուղղությունը:
Վճռաբեկ դատարանը բավարարվել է սոսկ նախկինում կայացված որոշումները և դրանցով արտահայտված դիրքորոշումները վկայակոչելով՝ ըստ էության, չնշելով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նույն օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայության հիմնավորումը։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման վերաբերյալ:
Դատավոր` Գ. Հակոբյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|