ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԱՐԴ/0008/01/20 | ||||||
Գործ թիվ ԱՐԴ/0008/01/20 |
|||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
|
Ա. Պողոսյանի | |
|
Ս. Օհանյանի |
16 սեպտեմբերի 2022 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 19-ի որոշման դեմ ամբաստանյալ Ռուզաննա Հենրիկի Գևորգյանի պաշտպան Է.Թովմասյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում 2019 թվականի հունիսի 3-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 57175919 քրեական գործը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ա.Խաչատրյանի` 2019 թվականի հունիսի 10-ի որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ:
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ Ռուզաննա Հենրիկի Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Վարույթն իրականացնող մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ Ռուզաննա Գևորգյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ Ռ.Գևորգյանի գույքի վրա 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամի չափով կալանք է դրվել:
2020 թվականի հունվարի 14-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
2. Դատական քննության արագացված կարգի կիրառմամբ՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2021 թվականի հունվարի 18-ի դատավճռով ամբաստանյալ Ռուզաննա Գևորգյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով, 324-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ՝ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ռ.Գևորգյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով, որը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառվել, և ամբաստանյալի նկատմամբ սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով: Ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
2.1. Նույն դատավճռով որոշվել է դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո ամբաստանյալ Ռ.Գևորգյանից հօգուտ «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության բռնագանձել 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի հատուցում: Ռ.Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը պահպանվել է՝ մինչև քաղաքացիական հայցով գումարի ամբողջական մարումը:
2.2. Դատավճռով որոշվել է Ռ.Գևորգյանի նկատմամբ կիրառված սահմանափակումը՝ «ՍԷԿՏ» համակարգով, թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
3. Պաշտպան Է.Թովմասյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունվարի 18-ի դատավճիռը` թողել անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Ռ.Գևորգյանի պաշտպան Է.Թովմասյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի հունվարի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
5. Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
6. Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանը խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների պահանջները, ինչի արդյունքում առերևույթ թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական նորմերի հիմնարար խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:
6.1. Ըստ բողոքաբերի՝ ամբաստանյալի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը չի բխում պատժի նշանակման ընդհանուր սկզբունքներից: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատիժը՝ 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումը, չի համապատասխանում Ռ.Գևորգյանի կողմից կատարված հանցանքի հանրային վտանգավորությանը և նրա անձին: Ըստ բողոքաբերի, ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժի վերաբերյալ ստորադաս դատարանների եզրահանգումները չեն բխում ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ Սեյրան Աղախանյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի, Ջոն Շիրվանյանի և Արսեն Մուրադյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի և այլ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումներից։ Բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը, ճիշտ արձանագրելով Ռ.Գևորգյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, վերջինիս անձը բնութագրող հանգամանքները, կատարված արարքի հանրային վտանգավորությունը, ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժաչափի վերաբերյալ հանգել է սխալ հետևության:
7. Բացի այդ, բողոք բերած անձը նշել է նաև, որ ամբաստանյալ Ռ.Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
8. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի ապրիլի 19-ի որոշումը, ամբաստանյալ Ռ.Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Նախաքննության մարմնի որոշմամբ Ռուզաննա Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «(...) Ռուզաննա Հենրիկի Գևորգյանը 2019թ. ապրիլ ամսի սկզբին դիմել է Երևան քաղաքի «Ավիատրանս» ՍՊ ընկերությանը՝ գրասենյակային աշխատանքի ընդունվելու նպատակով, վերջինս 5-ից 6 օր այցելել է նշված ընկերություն և անցել փորձաշրջան: Փորձաշրջան անցնելու ընթացքում՝ 2019թ. ապրիլ ամսի սկզբին, երբ գտնվել է «Ավիատրանս» ՍՊ ընկերության գրասենյակում՝ մտնելով հանգստի սենյակ նկատել է սեղանին դրված՝ նշված ընկերության աշխատակցուհի, ՀՀ քաղաքացի Անահիտ Ենգիբարյանի պայուսակը, որի միջից գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող՝ 02.08.2014թ. տրված 004075016 համարի նույնականացման քարտը և հեռացել: Այնուհետև 2019թ. ապրիլի 19-ին, իր կողմից հափշտակված՝ ՀՀ քաղաքացի Անահիտ Ենգիբարյանի 004075016 համարի նույնականացման քարտով, հափշտակություն կատարելու դիտավորությամբ դիմել է «Յունիբանկ» ԲԲ ընկերության Էջմիածին մասնաճյուղ, որտեղից խաբեության եղանակով, մասնավորապես՝ խեղաթյուրելով իրականությունը և ներկայանալով որպես ՀՀ քաղաքացի Անահիտ Ենգիբարյան, վերջինիս փոխարեն վավերացրել և կնքել է թիվ 52670 վարկային պայմանագիրը, որից հետո ստացել և հափշտակել է որպես վարկ տրամադրված 600.000 ՀՀ դրամի չափով գումարը՝ «Յունիբանկ» ԲԲ ընկերությանը պատճառելով խոշոր չափի գույքային վնաս»2:
10. Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի հունվարի 18-ի դատավճռի համաձայն` «(...) Դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտնում է, որ ամբաստանյալ Ռուզաննա Հենրիկի Գևորգյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք, որի համար էլ պետք է պատասխանատվություն կրի:
Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում ամբաստանյալ Ռուզաննա Հենրիկի Գևորգյանի կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը:
Որպես պատասխանատվությունը մեղմացնող և անձը բնութագրող հանգամանքներ են դիտվում այն, որ ամբաստանյալ Ռուզաննա Հենրիկի Գևորգյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, անկեղծորեն զղջացել է կատարած հանցանքի համար և ակտիվորեն աջակցել հանցագործությունը բացահայտելուն՝ տալով ինքնախոստովանական ցուցմունքներ, բնութագրվում է դրականորեն, չունի դատվածություն, ֆիզիկապես վատառողջ է, ախտորոշվել է՝ «Արգանդի միոմաե, «Կրծքագեղձերի՝ աջ BI-RADS 3 ֆիբրոզ օջախ, ձախ՝ BI-RADS 2 խառը մաստոպաթիա» հիվանդություններ: (...)»3:
11. Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի հուլիսի 19-ի որոշման համաձայն` «(…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում, [Առաջին ատյանի դ]ատարանն ամբաստանյալ Ռուզաննա Գևորգյանի նկատմամբ, (...) ազատազրկման ձևով նշանակված պատժատեսակի և չափի, ինչպես նաև (...) նշանակված վերջնական պատժի առնչությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ սահմանված փորձաշրջանի ժամկետի հարցում հանգել է ճիշտ եզրակացության, հետևաբար սույն գործով վիճարկվող դատական ակտը բեկանելու և փոփոխելու հիմքեր չկան»4:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Ռ.Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
13. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե` (...)
6) անցել են վաղեմության ժամկետները, (…)
5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:
2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն` «(...) 2. Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, (...):
3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը(...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
(...)
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (...)»:
3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից (...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Քաղաքացու անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելը՝
պատժվում է (...) ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»:
14. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ռ.Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքն ավարտվել է 2019 թվականի ապրիլ ամսվա սկզբին, իսկ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքը՝ 2019 թվականի ապրիլի 19-ին5։ Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը կայացվել է 2021 թվականի հունվարի 18-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2021 թվականի հուլիսի 19-ին6:
16. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-16-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռ.Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքի՝ որպես ոչ մեծ ծանրության հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը ընդհատվել է Ռ.Գևորգյանի կողմից 2019 թվականի ապրիլի 19-ին կատարված միջին ծանրության հանցագործության կատարման փաստով, ապա լրացել՝ 2021 թվականի ապրիլի 19-ին, իսկ այդ պահի դրությամբ, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել:
17. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ռ.Գևորգյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
18. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդարության և պատժի անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված և պատճառաբանվա՞ծ են արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Ռ.Գևորգյանի նկատմամբ նշանակված պատժի համաչափության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
19. Նախքան նշված հարցին անդրադառնալը, Վճռաբեկ դատարանը նախևառաջ անհրաժեշտ է համարում քննարկել սույն գործով հետադարձության կարգով 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կիրառելիության հարցը։
Մասնավորապես, նշված օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ: (…)»։
20. Վերոգրյալ հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ պատիժը մեղմացնող օրենսդրությանը հետադարձ ուժ տալու համար վճռորոշ նշանակություն ունի այն հանգամանքը, թե մինչ այդ օրենսդրությունն ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձանց վերաբերյալ առկա է արդյոք օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ, թե ոչ: Եթե նման ակտ առկա չէ, ապա պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, այսինքն տարածվում է մինչ այդ օրենսդրությունն ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձանց վրա:
21. 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Խարդախությունը, որը կատարվել է՝
(...)
2) խոշոր չափերով,
(...)
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»:
2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Խարդախությունը, որը կատարվել է՝
(...)
3) խոշոր չափերով՝
պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»:
22. Նախկին և նոր քրեական օրենսգրքերով խոշոր չափերով խարդախության համար նախատեսված պատիժների համեմատական վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր ընդունված օրենսդրությունը համարվում է պատիժը մեղմացնող, քանի որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան նախատեսում է նաև ազատազրկումից առավել մեղմ այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքները, որը նախատեսված չէր 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքով7: Հետևաբար, դրա գործողությունը տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը հանցանք կատարած անձանց վրա։
23. Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ռ.Գևորգյանին 2003 թվականի ապրիլի 18-ի ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքը պետք է որակել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասով:
24. Վճռաբեկ դատարանը ձևավորել է կայուն նախադեպային իրավունք, համաձայն որի՝ պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ: Պատիժն արդարացի է, եթե համաչափ է կատարված հանցագործությանը, ինչպես նաև բավարար պատժի նպատակներին հասնելու տեսանկյունից: Պատժի արդարության պահանջներից նահանջելը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ պատժի նշանակման: Քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և հանցավորի անձը կոնկրետ են: Հետևաբար, կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի8, հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա: Նշված հանգամանքների գնահատման ժամանակ դատարանը պետք է ելնի ՀՀ քրեական օրենսդրությամբ նախատեսված՝ պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից9:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հանցանքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը ճիշտ գնահատելու և հանցավորի նկատմամբ համաչափ պատիժ նշանակելու համար անհրաժեշտ է, ի թիվս այլնի, հատուկ ուշադրություն դարձնել հանցավոր վարքագծի դրսևորման եղանակին, հանցագործության իրադրությանը, պատճառված վնասի բնույթին, արարքի նկատմամբ անձի հոգեբանական վերաբերմունքին, հանցագործության նպատակին և շարժառիթին10:
24.1. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատժի նշանակման համաչափության վերաբերյալ վերոհիշյալ դիրքորոշումները mutatis mutandis կիրառելի են նաև պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում փորձաշրջանի ժամկետը որոշելիս, հաշվի առնելով նաև այդ ինստիտուտի գործադրման նպատակներն ու առանձնահատկությունները։
25. Վճռաբեկ դատարանի՝ նախկինում արտահայտած դիրքորոշումների լույսի ներքո ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական գործում առկա նյութերը, վերլուծելով ամբաստանյալ Ռ.Գևորգյանի կատարած արարքների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, պատճառված վնասի չափը, ինչպես նաև հաշվի առնելով Ռ.Գևորգյանի անձը բնութագրող տվյալները՝ այն, որ համարվում է դատվածություն չունեցող և բնութագրվում է դրական, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները՝ վատառողջ է, տվել է խոստովանական ցուցմունքներ, ընդունել է մեղքը և զղջացել կատարածի համար11, Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարանների կողմից ամբաստանյալ Ռ.Գևորգյանի նկատմամբ նշանակված պատժաչափը և սահմանված փորձաշրջանի ժամկետը համաչափ չեն նրա կատարած արարքին և չեն բխում արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից:
26. Հիմք ընդունելով սույն որոշման 24-25-րդ կետերում մեջբերված նորմերը և վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, Ռ.Գևորգյանի նկատմամբ նշանակված պատժի համաչափության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն։
27. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ուստի, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հունվարի 18-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 19-ի որոշումը պետք է բեկանել և փոփոխել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով Ռ.Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ: Միաժամանակ, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Ռ.Գևորգյանին մեղսագրվող արարքը պետք է որակել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և ամբաստանյալի նկատմամբ պետք է նշանակել պատիժ՝ ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով: Միաժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ12` Ռ.Գևորգյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով:
28. Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասերով պետք է թողնել անփոփոխ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415․1-րդ, 418.1-րդ 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Ռուզաննա Հենրիկի Գևորգյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հունվարի 18-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 19-ի որոշումը բեկանել և փոփոխել:
2. Ռուզաննա Հենրիկի Գևորգյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:
3. Ռուզաննա Հենրիկի Գևորգյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով: Նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով: Փորձաշրջանի ընթացքում ամբաստանյալի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դնել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա:
4. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասերով թողնել անփոփոխ:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 196-201։
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 55-62։
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 51-59։
5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
6 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը։
7 Ազատության սահմանափակում պատժատեսակի վերաբերյալ դրույթները ուժի մեջ են մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից։
8 Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:
9 Պատիժ նշանակելիս դատարանի հայեցողության սահմանների վերաբերյալ, mutatis mutandis, տե՛ս Վճռաբեկ դատարանի` Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Գառնիկ Գալստյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Էդվարդ Ադամյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0048/01/14, Մարատ Սարգսյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԱՐԴ/0144/01/12, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14 որոշումները:
10 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գարսևան Ոսկանյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԷԴ/0119/01/13, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14 որոշումները:
11 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
12 Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ ամբաստանյալ Ռ.Գևորգյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը:
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Ե. Դանիելյան | |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան | |
|
Ս. Օհանյան |