ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԴ/0688/06/21 |
ԵԴ/0688/06/21 | ||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
16 նոյեմբերի 2022 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Հովհաննես Ռեմի Ղամարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 29-ի որոշման դեմ պաշտպաններ Ր.Ասլանյանի և Գ.Գևորգյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2013 թվականի մայիսի 10-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 69105413 քրեական գործը։
Նախաքննության մարմնի` 2013 թվականի մայիսի 16-ի որոշումներով Հովհաննես Ռեմի Ղամարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով ու նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի մայիսի 16-ի որոշմամբ Հովհաննես Ղամարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը հետագայում դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ վերացվել է։
ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Ա.Մարուխյանի՝ 2015 թվականի հունիսի 29-ի որոշմամբ թիվ 69105413 քրեական գործով վարույթը կարճվել է ու Հ.Ղամարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
2. 2019 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Կ.Կարապետյանը որոշում է կայացրել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Ա.Մարուխյանի՝ 2015 թվականի հունիսի 29-ի որոշումը վերանայելու վարույթ հարուցելու մասին։
Վերանայման վարույթի արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Հ.Ասլանյանի՝ 2021 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Ա.Մարուխյանի՝ 2015 թվականի հունիսի 29-ի որոշումը վերացվել է ու նախաքննություն կատարելու համար թիվ 69105413 քրեական գործն ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ա.Այվազյանի՝ 2021 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ, սույն քրեական գործին է միացվել Հ.Վարդանյանի ենթադրյալ սպանության դեպքի առթիվ հարուցված թիվ 13141121 քրեական գործը։
3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2021 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ Հ.Ղամարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով:
4. Պաշտպանների վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի նոյեմբերի 29-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 31-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:
5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Հ.Ղամարյանի պաշտպաններ Ր.Ասլանյանը և Գ.Գևորգյանը բերել են վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 26-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
6. Բողոքի հեղինակները նշել են, որ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դրանով թույլ է տրվել դատական սխալ՝ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանի դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներին:
Այսպես՝ բողոք բերած անձանց պնդմամբ ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 16-ի թիվ ՍԴՈ-1453 որոշմամբ արտահայտված դիրքորոշման իմաստով կալանավորման եղանակով Հ.Ղամարյանի ազատության իրավունքի սահմանափակման անհրաժեշտ նախադրյալ է նրան ներկայացված մեղադրանքի օրինականության ստուգումը՝ քրեական հետապնդման մարմնի՝ 2015 թվականի հունիսի 29-ի որոշումը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու ընթացակարգային պահանջների պահպանվածության տեսանկյունից։ Այդ առնչությամբ բողոքաբերները վերաբերելի իրավադրույթների լույսի ներքո՝ վերլուծելով հիշյալ որոշման վերանայման վարույթը հարուցելու առիթը՝ որպես նոր երևան եկած վկայակոչված հանգամանքի՝ Ռ.Մադոյանին հայտնի դառնալու ժամանակահատվածի, համապատասխան վարույթի շրջանակներում նրա տված ցուցմունքի՝ արժանահավատության և անհայտ մնացած հանգամանքների բացահայտման համատեքստում, եզրահանգել են, որ վերանայման վարույթն ու արդյունքում գործի նորոգումը տեղի է ունեցել ոչ միայն քրեադատավարական ժամկետի խախտմամբ, այլև այնպիսի իրադարձությունների հաշվառմամբ, որոնք քրեական հետապնդման մարմնի վերացված որոշումը կայացնելու պահի դրությամբ օբյեկտիվ իրականությունում գոյություն չեն ունեցել։ Ըստ բողոքի հեղինակների՝ հիշյալ եզրահանգումը բխում է ներկայացված նյութերի համեմատաբար ակնհայտ փաստերից, ուստի առանց քրեական հետապնդումը բացառող վերոգրյալ հանգամանքի քննարկման դատական վերահսկողությունը կրելու է ձևական բնույթ։
Վերոգրյալի հետ մեկտեղ բողոքաբերները փաստարկել են, որ դատարան ներկայացված նյութերում բացակայում է Հ.Ղամարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը։ Հիշյալ դիրքորոշումը հիմնավորվել է նրանով, որ բացառիկ վերանայման արդյունքում ստուգման ենթարկված քրեական հետապնդման մարմնի հիշյալ որոշումը վերացնելու պայմաններում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր կրկին որոշում կայացնելու Հ.Ղամարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ինչը չի կատարվել։
6.1. Քննարկման առարկա դարձնելով Հ.Ղամարյանին ներկայացված մեղադրանքը՝ դրանում հիմնավոր կասկածի առկայության տեսանկյունից, բողոքի հեղինակները գտել են, որ նրա նկատմամբ հարուցված միջնորդության հիմնավորվածությունը հաստատող՝ դատարան ներկայացված նյութերը բավարար չեն հաստատելու, որ վերջինս հիմնավոր կերպով է մեղադրվում ենթադրյալ հանցագործության կատարման մեջ։
Մասնավորապես, բողոքաբերները նշել են, որ ստորադաս դատարանները, հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելիս հիմնվել են այնպիսի փաստերի կամ տեղեկությունների վրա, որոնց հաշվառմամբ քրեական հետապնդման մարմինը Հ.Ղամարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել էր՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով, ուստի այդպիսիք չեն կարող Հ.Ղամարյանի ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափության պայմանի՝ հիմնավոր կասկածի առկայությունը հաստատող փաստական տվյալներ հանդիսանալ։ Միևնույն ժամանակ նշվել է, որ դատարան ներկայացված նյութերը համապատասխան եզրահանգման հիմքում չեն կարող դրվել նաև հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու տեսանկյունից բավարար փաստական տվյալներ չպարունակելու, որոշ դեպքում` որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիության փաստարկմամբ։
Այս համատեքստում բողոքաբերները նշել են նաև, որ ստորադաս դատարանները հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելիս առավելապես հիմնվել են Ռ.Մադոյանի ցուցմունքի վրա, որը հակասական է և իրարամերժ։
6.2. Նշվածի հետ մեկտեղ, բողոքի հեղինակները քննարկման առարկա են դարձրել կալանավորման հիմքերի հիմնավորվածությունը՝ գտնելով, որ առկա չեն ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք բավարար կլինեին հիմնավորելու Հ.Ղամարյանի կողմից Վերաքննիչ դատարանի դատական ակտում նշված ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման հավանականությունը, ըստ այդմ՝ մինչդատական վարույթի տվյալ փուլում նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը։
7. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք խնդրել են բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 31-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի նոյեմբերի 29-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ մերժելով Հ.Ղամարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Հովհաննես Ղամարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա. «(...) [Մ]ի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ շահադիտական դրդումներով ուղղակի դիտավորությամբ կատարել է ապօրինաբար Ռաֆիկ Մադոյանին դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություններ, որպիսիք արտահայտվել են հետևյալում.
Հ.Ղամարյանը Ռ.Մադոյանի հետ ունեցած անբարյացկամ փոխհարաբերությունների պատճառով որոշել է սպանել նրան և հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով դիմել է ընկերոջը` Սարգիս Զազյանին ու ազգական Դավիթ Զիրոյանին` Ռ.Մադոյանի սպանության դիմաց խոստանալով 500.000 ԱՄՆ դոլար և առանձնատուն Իսպանիայում:
Ս.Զազյանն ու Դ.Զիրոյանն ընդունելով առաջարկը` ձեռնամուխ են եղել սպանության նախապատրաստությանը:
Այսպես.
Ս.Զազյանը 2012թ. հոկտեմբերին դիմել է նախկին ազատամարտիկ ընկերոջը` Վարուժան Քարիմյանին՝ առաջարկելով ամսական 1000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց հետևել Ռ.Մադոյանին, ուսումնասիրել նրա ամենօրյա երթուղին, ընկերական և հարազատական կապերը, հաճախակի գտնվելու վայրերը` էլեկտրոնային կրիչով տրամադրելով Ռ.Մադոյանի և նրա հարազատների լուսանկարները, բնակության հասցեն, ավտոմեքենայի պետհամարանիշն ու մակնիշը, ինչպես նաև այլ տվյալներ:
Վ.Քարիմյանն ընդունելով առաջարկը, Ռ.Մադոյանի սպանությունը նախապատրաստելու ուղղակի դիտավորությամբ, այն պլանավորելու և իրականացնելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով՝ 2013թ. փետրվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում հետևել է Ռ.Մադոյանին, ուսումնասիրել նրա ամենօրյա երթուղին, ընկերական և հարազատական կապերը, հաճախակի գտնվելու վայրերը, այդ մասին պարբերաբար հայտնել Ս.Զազյանին՝ ինչի դիմաց վերջինից ընդհանուր առմամբ ստացել է 3000 ԱՄՆ դոլար:
Դ.Զիրոյանն իր հերթին, նույն դիտավորությամբ, Հ.Ղամարյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն Ռ.Մադոյանի սպանության կատարող գտնելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունից ժամանել է Հայաստանի Հանրապետություն` ընթացիկ ծախսերը հոգալու համար Հ.Ղամարյանից ստանալով ընդհանուր 5500 ԱՄՆ դոլար: Սպանության կատարող գտնելու համար դիմել է աներորդուն՝ Արմեն Սարգսյանին, ով իր հերթին դիմել է քննությամբ չպարզված ոմն Գևորգին: Վերջինս ուսումնասիրելով Ռ.Մադոյանի վերաբերյալ ստացած տվյալները և կատարման հնարավոր պայմանները` մերժել է առաջարկը՝ Ռ.Մադոյանի` ԱԱԾ Երևան քաղաքի վարչության շենքի հարևանությամբ բնակվելու պատճառով:
Հանցավոր մտադրությունն իրագործելուն ուղղված դիտավորյալ գործողություններն ավարտին հասցնելու նպատակով Դ.Զիրոյանը 2013թ. մայիսի սկզբներին դիմել է Մարտին Ծերունյանին: Վերջինս, խոստանալով գտնել սպանության կատարողի, երկու օր անց հանդիպել է քննությամբ դեռևս չպարզված անձի, ինչից հետո տալով նախնական դրական պատասխան` որպես խոստացված գումարի վճարման երաշխիք պահանջել է Դ.Զիրոյանին մինչև հանցագործության ավարտը մնալ [Հայաստանի Հանրապետությունում]:
Սակայն հանցագործության վերաբերյալ ստացած տեղեկություններն իրացնելիս ՀՀ ոստիկանության աշխատակիցների ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել ու 2013 թվականի մայիսի 10-ին կանխվել է Ռ.Մադոյանի սպանությունը, ինչի արդյունքում Հ.Ղամարյանի, Ս.Զազյանի, Դ.Զիրոյանի, Վ.Քարիմյանի, Ա.Սարգսյանի, Մ.Ծերունյանի և մյուսների նախապատրաստած հանցագործությունն ավարտին չի հասցվել` նրանց կամքից անկախ հանգամանքներով»2:
9. Սույն քրեական գործի շրջանակներում արդեն իսկ մեկ անգամ Հ.Ղամարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է եղել կալանավորումը, որը հետագայում դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ վերացվել է3։
9.1. Քրեական հետապնդման մարմինը, Հ.Ղամարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնելով, իր որոշմամբ արձանագրել է. «քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ, որոնց արդյունքում, սակայն, [Հ.Ղամարյանի ու մյուսների] կողմից Ռ.Մադոյանի սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություններ կատարելու հանգամանքը հաստատող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար համակցություն ձեռք չի բերվել և սպառվել է դրանք ձեռք բերելու հնարավորությունը, ինչից հետևում է, որ [նրա] նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման»4։
10. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) [Վ]արույթն իրականացնող մարմնի կողմից դատարանին տրամադրված նյութերում առկա են բավարար փաստական տվյալներ, որոնք վկայում են մեղադրյալ Հովհաննես Ռեմի Ղամարյանի առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցավոր արարքին, այսինքն առկա է հիմնավոր կասկած, որ մեղադրյալն առնչություն ունի իրեն վերագրվող ենթադրյալ հանցավոր արարքին, (...)»5:
11. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը, իր որոշումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) [Մ]ինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող կալանավորման միջնորդությունների քննության ընթացքում դատարանը պետք է արձանագրի և գնահատման ենթարկի բացառապես այն «թերություններ»-ը, որոնց բացահայտման և հաստատման համար գործի փաստական հանգամանքների ու մեղադրանքի հիմքում դրված փաստերի և/կամ ապացույցների բովանդակային քննարկում ու վերլուծություն չի պահանջվում։ Մինչդեռ սույն դեպքում առավել քան ակնհայտ է, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի՝ նոր երևան եկած հանգամանքների վարույթով թիվ 69105413 քրեական գործով քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին 2021 թվականի հուլիսի 12-ի որոշման օրինականության ստուգումը պահանջում է գործի փաստական հանգամանքների և այդ որոշման հիմքում դրված փաստերի ու ապացույցների բովանդակային քննարկում և վերլուծություն։
(...) [Ք]րեական գործի նյութերում առկա է Հ.Ղամարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին 2013 թվականի մայիսի 16-ի որոշում, որը Հ.Ղամարյանի և մյուսների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու և թիվ 69105413 քրեական գործով վարույթը կարճելու մասին 2015 թվականի հունիսի 29-ի որոշման վերացման պայմաններում բավարար է կալանավորման այդ պայմանն ապահովված լինելու փաստի արձանագրման համար։
(...) [Գ]ործի նյութերում առկա փաստական տվյալներն ու տեղեկությունները (տե՛ս, ի թիվս այլնի, կասկածյալ Վ.Քարիմյանի՝ 2013 թվականի մայիսի 10-ի հարցաքննության և լրացուցիչ հարցաքննության արձանագրությունների, վկա Կ.Դալլաքյանի՝ 2013 թվականի մայիսի 10-ի հարցաքննության արձանագրության, տուժող Ռ.Մադոյանի՝ 2013 թվականի մայիսի 10-ի հարցաքննության և 2013 թվականի մայիսի 12-ի լրացուցիչ հարցաքննության արձանագրությունների, անձին ճանաչման ներկայացնելու մասին 2013 թվականի մայիսի 12-ի արձանագրության, կասկածյալ Վ.Քարիմյանի՝ 2013 թվականի մայիսի 11-ի լրացուցիչ հարցաքննության արձանագրության, խուզարկություն կատարելու մասին 2013 թվականի մայիսի 10-ի արձանագրության, կասկածյալ Մ.Ծերունյանի՝ 2013 թվականի մայիսի 11-ի հարցաքննության արձանագրության, կասկածյալ Գ.Պետրոսյանի՝ 2013 թվականի մայիսի 14-ի հարցաքննության արձանագրության, զննում կատարելու մասին 2013 թվականի մայիսի 20-ի արձանագրության, վկա Մ.Քարիմյանի՝ 2013 թվականի մայիսի 21-ի հարցաքննության արձանագրության, զննում կատարելու մասին 2013 թվականի հունիսի 4-ի արձանագրության, վկա Ս.Խասիկյանի՝ 2013 թվականի հունիսի 5-ի հարցաքննության արձանագրության, վկա Ս.Ղարիբյանի՝ 2013 թվականի հունիսի 21-ի հարցաքննության արձանագրության, հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ամփոփագրերի զննության մասին 2013 թվականի հունիսի 27-ի, 2013 թվականի հունիսի 28-ի և 2013 թվականի օգոստոսի 29-ի արձանագրությունների, վկա Յ.Էզդանյանի հարցաքննության արձանագրության, վկա Յ.Էզդանյանի և մեղադրյալ Վ.Քարիմյանի՝ 2013 թվականի նոյեմբերի 29-ի առերես հարցաքննության արձանագրության, վկա Յ.Էզդանյանի՝ 2013 թվականի նոյեմբերի 29-ի լրացուցիչ հարցաքննության արձանագրության, տուժող Ռ.Մադոյանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 29-ի և 2021 թվականի հունիսի 2-ի հարցաքննությունների և վերջինիս կողմից ներկայացված լազերային սկավառակի պարունակության զննության մասին 2021 թվականի հուլիսի 6-ի արձանագրությունների, վկա Կ.Հակոբյանի՝ 2021 թվականի հունիսի 29-ի հարցաքննության արձանագրության պատճենները, ինչպես նաև համապատասխան մասով [որոշմամբ] մեջբերվածը) համակցության մեջ հիմք են տալիս փաստելու, որ քննիչի միջնորդությունը քննելիս Առաջին ատյանի դատարանն իր տրամադրության տակ բավարար ապացույցներ, փաստեր և տեղեկություններ է ունեցել մեղադրյալ Հ.Ղամարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով մեղսագրվող ենթադրյալ հանցանքը նրա կողմից կատարված լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին հետևություն անելու համար, և ըստ էության եկել է ճիշտ եզրահանգման»6:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք Հ.Ղամարյանի ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափության պայմանների առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
13. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Կալանքից ազատված անձը չի կարող նորից կալանավորվել նույն մեղադրանքով, եթե չեն հայտնաբերվել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելու պահին»:
Մեջբերված քրեադատավարական նորմի մեկնաբանման շրջանակներում Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ի ապահովումն անձի ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնարար իրավունքի՝ օրենսդիրը լրացուցիչ պայմաններ է նախատեսել կալանքից ազատված կամ այն անձի նկատմամբ նույն մեղադրանքով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը դատարան կրկին ներկայացնելու համար, ում վերաբերյալ միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է։ Այսպես, անձին կալանավորելու միջնորդությունը կրկին կարող է ներկայացվել միայն բացառիկ դեպքում, երբ ի հայտ են եկել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելիս կամ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելիս, և որոնք հիմնավորում են կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունը։
Քննարկվող դեպքում կալանավորման անհրաժեշտությունը հիմնավորող նոր էական հանգամանքներ ներկայացնելու օրենսդրական պահանջը ելնում է իրավաչափ այն գաղափարից, որ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի երաշխավորման համատեքստում դատարանի կողմից չի կարող բավարարվել այն միջնորդությունը, որում ներկայացված՝ կալանավորման պայմանների և հիմքերի առկայության վերաբերյալ նույն հիմնավորումներն արդեն իսկ մեկ անգամ բավարար չեն գնահատվել նույն մեղադրանքով նույն անձի քննարկվող իրավունքը սահմանափակելու համար7։
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Հովհաննես Ղամարյանը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, Ռաֆիկ Մադոյանի սպանության՝ ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նախապատրաստության համար նախաքննության մարմնի՝ 2013 թվականի մայիսի 16-ի որոշմամբ ներգրավվել է որպես մեղադրյալ8,
- սույն քրեական գործի շրջանակներում արդեն իսկ մեկ անգամ Հ.Ղամարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է եղել կալանավորումը, որը հետագայում դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ վերացվել էր, իսկ հարուցված քրեական հետապնդումը՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով, քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից դադարեցվել9,
- նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատավարական ակտի վերանայման վարույթի արդյունքներով Հ.Ղամարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Ա․Մարուխյանի՝ 2015 թվականի հունիսի 29-ի որոշումը վերացվել է10,
- նախաքննության մարմինը միջնորդություն է հարուցել Առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ Հ.Ղամարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին11,
- Առաջին ատյանի դատարանը, գտնելով, որ ներկայացված նյութերում պարունակվող փաստերը և տեղեկությունները բավարար են արձանագրելու նաև մեղսագրվող ենթադրյալ հանցանքում հիմնավոր կասկածի առկայության մասին վարույթն իրականացնող մարմնի հետևության հիմնավոր լինելը, նախաքննության մարմնի միջնորդությունը՝ Հ.Ղամարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, բավարարել է 12,
- Վերաքննիչ դատարանը գտնելով, որ Առաջին ատյանի դատարանն օրինական և հիմնավորված որոշում է կայացրել վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը բավարարելու վերաբերյալ՝ արձանագրել է, որ. ա) գործի նյութերում առկա փաստերն ու տեղեկությունները բավարար են եզրահանգելու, որ Հ.Ղամարյանը հիմնավոր կերպով է մեղադրվում ենթադրյալ հանցագործության կատարման մեջ, բ) քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու որոշման վերացման իրավաչափության հարցը տվյալ դեպքում դուրս է վարութային այս փուլում դատարանի առջև դրված խնդիրների շրջանակից, գ) Հ.Ղամարյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշման բացակայության փաստարկը, սույն գործի փաստական հանգամանքների պայմաններում, հիմնազուրկ է13։
15. Սույն որոշման 13-րդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումը կիրառելով նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքների նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը՝ Հ.Ղամարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը քննության առնելիս, այնպես էլ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելիս, պատշաճ ուշադրության չեն արժանացրել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ և 285-րդ հոդվածի 6-րդ մասերով նախատեսված և կոնկրետ դեպքում կիրառման ենթակա քրեադատավարական ընթացակարգային առանձնահատկությունը։
Տվյալ դեպքում, վարութային առանձնահատկությամբ պայմանավորված միջնորդությանը կից ներկայացված փաստական տվյալները, որոնց հաշվառմամբ վարույթն իրականացնող մարմինը հաստատում է հիմնավոր կասկածի առկայությունը, նախ և առաջ ենթակա է գնահատման՝ պարզելու թե արդյոք այդպիսիք հայտնաբերվել կամ առաջացել են Հ.Ղամարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերացնելուց հետո, որից հետո քննարկման առարկա դարձնել կալանքից ազատելուն հաջորդող ժամանակահատվածում ձեռք բերված փաստական տվյալների որակական կազմը։ Այդ առումով հատկանշական է, որ նախքան Հ.Ղամարյանի նկատմամբ քրեական հետապնդումը նոր երևան եկած հանգամանքով նորոգելը կատարված քննության շրջանակներում վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է եղել կալանավորում, որը հետագայում վերացվել և քրեական գործի վարույթն արդարացման հիմքով կարճվել է։
Մինչդեռ, ըստ Վճռաբեկ դատարանի տրամադրության տակ գտնվող նյութերի՝ Հ.Ղամարյանի քննարկվող իրավունքի սահմանափակումը հայցող միջնորդության հիմնավորվածությունը հաստատող փաստակազմում պարունակվող տվյալները, բացառությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի ոստիկանական բաժանմունքի՝ դաժան հանցագործությունների գրասենյակի գրության, Կալիֆորնիա նահանգի Գերագույն դատարանի ակտի հայերեն թարգմանված օրինակներում, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունից ու ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից ստացված գրություններում, Ռ.Մադոյանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 29-ի և 2021 թվականի հունիսի 2-ի, վկա Կ.Հակոբյանի՝ 2021 թվականի հունիսի 29-ի ցուցմունքներում, Ռ.Մադոյանի ներկայացված լազերային սկավառակի զննության արձանագրությունում ու Ս.Զազյանի և Դ.Զիրոյանի սահմանահատումների վերաբերյալ տվյալներում առկա որոշակի տեղեկությունների, քրեական հետապնդման մարմնին Հ.Ղամարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերացնելիս հայտնի էին։
Ընդհանրացնելով կատարված վերլուծությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջնորդվող խափանման միջոցի հիմնավորվածությունը հաստատող այն փաստական հանգամանքները, որոնց առկայությունը քրեական հետապնդման մարմնի կողմից արդեն իսկ մեկ անգամ գնահատվել էին ոչ բավարար, սույն գործով՝ նույն մեղադրանքով Հ.Ղամարյանի ազատության իրավունքը սահմանափակելու համար, ի հակադրումը սույն որոշման 13-րդ կետում նշված սկզբունքի, չեն կարող դիտարկվել որպես բավարար փաստակազմ՝ քննարկվող ընթացակարգի շրջանակում Հ.Ղամարյանի կալանավորման անհրաժեշտությունը հիմնավորելու համար։ Հետևապես, կալանքից ազատված անձի ազատության իրավունքի ապահովման երաշխիքի առումով խնդրո առարկա միջնորդությամբ ներկայացված՝ հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ հիմնավորումները գնահատման պետք է ենթարկվեն ներկայացված նյութերում պարունակվող այն փաստական տվյալների շրջանակներում, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին Հ.Ղամարյանի նկատմամբ կիրառված կալանավորման անհրաժեշտության բացակայության մասին եզրահանգում կատարելիս։
15.1. Նման պայմաններում, քննարկման առարկա դարձնելով Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը թվարկված փաստական տվյալներում պարունակվող մի շարք տեղեկությունները թեև հայտնաբերվել են Հ.Ղամարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը վերացնելուն հաջորդող ժամանակահատվածում, սակայն այդպիսիք իրենց բողանդակությամբ բավարար չեն համոզմունք ձևավորելու, որ Հ.Ղամարյանը հիմնավոր կերպով է մեղադրվում ենթադրյալ հանցագործության կատարման մեջ։
Մասնավորապես՝ կալանավորման պայմաններից «հիմնավոր կասկածի» գնահատման սահմանների վերաբերյալ ձևավորված նախադեպային իրավունքի լույսի ներքո 14՝ համադրելով միջնորդության հիմնավորվածությունը հաստատող՝ կալանքից ազատելուն հաջորդող ժամանակահատվածում ձեռք բերված փաստական տվյալները՝ Հ.Ղամարյանին առաջադրված մեղադրանքի որոշման մեջ շարադրված՝ Ռ.Մադոյանի սպանության նախապատրաստմանն ուղղված նրա գործողությունների հետ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ.
- Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական մարմինների տրամադրած փաստաթղթերի թարգմանված օրինակները, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի ու ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներից ստացված գրություններն իրենց բովանդակությամբ առերևույթ փոխկապակցված չեն Հ.Ղամարյանին առաջադրված մեղադրանքում նկարագրված արարքի հետ, ուստի որևէ նշանակություն չեն կարող ունենալ միջնորդվող խափանման միջոցի պայմանի՝ հիմնավոր կասկածի առկայության գնահատման տեսանկյունից,
- տուժող Ռ.Մադոյանի, վկա Կ.Հակոբյանի ցուցմունքները, լազերային սկավառակի զննության արձանագրությունը և սահմանահատումների պատմությունն ինչպես ինքնին, այնպես էլ համակցությամբ չեն պարունակում հիմնավոր կասկածի չափանիշներին բավարարող փաստական տվյալներ առ այն, որ Հ.Ղամարյանը կատարել է իրեն վերագրվող հանցանքի օբյեկտիվ կողմը կազմող որևէ գործողություն։
16. Նախորդ կետերում նշված հանգամանքներն իրենց համակցությամբ Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս եզրահանգելու, որ նույն մեղադրանքով Հ.Ղամարյանի ազատության իրավունքը կալանավորման եղանակով կրկին սահմանափակելու վարույթի շրջանակում նախաքննության մարմնի կողմից ներկայացված փաստական տվյալները բավարար չեն Հ.Ղամարյանին մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված ենթադրյալ հանցանքի կատարմանը նրա առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությունը հաստատված համարելու համար։
17. Անդրադարձ կատարելով բողոքի հեղինակների այն պնդմանը, որ քրեական հետապնդման մարմնի՝ 2015 թվականի հունիսի 29-ի որոշումը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերացնելը տեղի է ունեցել դատավարական կարգի խախտմամբ, ուստիև առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, Վճռաբեկ դատարանը, քրեական վարույթի շրջանակներում խափանման միջոց կալանքի կիրառմամբ անձի ազատության իրավունքի սահմանափակման նկատմամբ դատական վերահսկողության սահմանների վերաբերյալ իր նախադեպային իրավունքի հաշվառմամբ արձանագրում է, որ քննարկվող խափանման միջոցը կիրառելու միջնորդության քննարկման արդյունքում դատարանը պետք է ստուգի նաև կալանավորման ինքնուրույն պայմանի, մասնավորապես՝ սույն գործի փաստական հանգամանքներով պայմանավորված քրեական հետապնդումը դադարեցնելու և գործով վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին դատավարական ակտի առկայությունը, իսկ այն վերացնելու իրավաչափության քննարկումը դուրս է վարութային այս փուլում դատարանի առջև դրված խնդիրների շրջանակից։ Վերոնշյալը հատկապես կարևոր է ներկայիս կարգավորումների պայմաններում, երբ նախատեսված է չհարուցված կամ դադարեցված քրեական հետապնդումը նորոգելու մասին որոշումը վիճարկելու ինքնավար ընթացակարգ15։
Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին` այն դեպքում, երբ այդ որոշումը վերացվել է ոչ պատշաճ, օրենքով չլիազորված սուբյեկտի կողմից կամ համաբնույթ դատավարական կարգի խախտմամբ։ Ընդ որում, այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա16։ Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նկատել, որ պաշտպանության կողմի վերաբերելի գնահատականը կառուցված է ներկայացված փաստակազմում առկա տեղեկությունների համադրման, վելուծության, արժանահավատության գնահատման և վերաբերելի իրավադրույթների մեկնաբանման արդյունքում արված դատողությունների վրա։
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում նաև բողոքաբերների այն մոտեցմանը, որ քրեական գործի վարույթը նորոգելու պայմաններում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր կրկին որոշում կայացնել Հ.Ղամարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Վճռաբեկ դատարանի նման հետևությունը կառուցված է այն տրամաբանության վրա, որ բացառիկ վերանայման արդյունքում քրեական հետապնդումը դադարեցնելու և գործով վարույթը կաճելու որոշումը վերացնելու դեպքում գործում է «հակադարձ արդյունքի» կանոնը, այսինքն՝ այդ որոշման վերացման փաստի ուժով նախկինում հարուցված քրեական հետապնդումն ինքնաբերաբար նորոգվում է և անձին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում կրկին կայացնելու անհրաժեշտությունը բացակայում է։
18. Ամփոփելով կատարված վերլուծությունը Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սույն որոշման 16-րդ կետում արված եզրահանգումը, արձանագրում է, որ Հ.Ղամարյանի ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափության պայմանների առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։
Նշված հետևության հաշվառմամբ և կրկնելով, որ հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայությունը փաստելն ինքնին բացառում է կալանավորման հիմքերի գնահատման հնարավորությունը17, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 6.2-րդ կետում նշված փաստարկին անդրադառնալն առարկայազուրկ է։
19. Ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ, 135-րդ, 142-րդ և 285-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս փոփոխելու կայացված դատական ակտերը, այն է` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 31-ի որոշումն ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի նոյեմբերի 29-ի որոշումը բեկանելու, իսկ մեղադրյալ Հ.Ղամարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը՝ մերժելու։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Հովհաննես Ռեմի Ղամարյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի հուլիսի 31-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի նոյեմբերի 29-ի որոշումը բեկանել։
Մեղադրյալ Հովհաննես Ռեմի Ղամարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ա.Այվազյանի միջնորդությունը՝ մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
________________________________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 93-96:
3 Տե՛ս նյութեր, հատորներ 1, 2 և 3։
4 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 21-24:
5 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 121-138:
6 Տե՛ս նյութեր, հատոր 3, թերթեր 73-102:
7 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Վոլոդյա Սուքիասյանի գործով 2022 թվականի մարտի 4-ի թիվ ԵԴ/0591/06/20 որոշումը։
8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
9 Տե՛ս սույն որոշման 1-ին, 9-րդ և 9․1-րդ կետերը:
10 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:
11 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:
12 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
13 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
14 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը և այդ որոշմամբ վկայակոչված որոշումները։
15 Տե՛ս 2020 թվականի հունիսի 4-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 198-րդ հոդվածը։
16 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Վահրամ Գևորգյանի գործով 2011 թվականի փետրավարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10, Արամ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 և սույն որոշմամբ վկայակոչված՝ Էդգար Եղիազարյանի գործով որոշումները։
17 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Էդգար Եղիազարյանի գործով վերը նշված որոշման 20-րդ կետը։
Նախագահող` |
|
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. Ավետիսյան | |
Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |
