03.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 2020 թվականի N 1924-Լ
2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՍԿՍՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ ԶՈՀԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 22.04.21 N 635-Լ)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
(1-ին կետը լրաց. 22.04.21 N 635-Լ)
1.1. Սույն որոշման իմաստով անհայտ կորած են համարվում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ, ինչպես նաև գերեվարված այն քաղաքացիական անձինք, որոնց տվյալներն առկա են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կամ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կամ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվության մեջ:
(1.1-ին կետը լրաց. 22.04.21 N 635-Լ, փոփ. 27.08.21 N 1408-Լ)
1.2. Սույն որոշման իմաստով անհայտ կորածի կարգավիճակը հստակեցված անձ է համարվում սույն որոշման 1.1-ին կետի համաձայն անհայտ կորած համարված այն քաղաքացիական անձը, որի գտնվելու վայրը դարձել է հայտնի:
(1.2-րդ կետը լրաց. 17.03.22 N 316-Լ)
1.3. Սահմանել, որ անհայտ կորածի կարգավիճակը հստակեցված անձի դիմելու դեպքում սույն որոշմամբ սահմանված, անհայտ կորածի համար դեռևս չնշանակված կամ չվճարված, սոցիալական աջակցությունը տրամադրվում է իրեն:
(1.3-րդ կետը լրաց. 17.03.22 N 316-Լ)
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 9-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված աջակցության տրամադրման կարգ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
03.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշման |
2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՍԿՍՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՇՐՋԱՆՈՒՄ ԶՈՀԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
(վերնագիրը լրաց. 22.04.21 N 635-Լ)
1. Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի, ինչպես նաև անհայտ կորածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց։
(1-ին կետը լրաց. 22.04.21 N 635-Լ)
2. (կետն ուժը կորցրել է 12.02.21 N 187-Լ)
3. Սույն միջոցառմամբ սահմանված սոցիալական աջակցությունը չեն կարող ստանալ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի հիման վրա միանվագ գումարային աջակցություն կամ հատուցում ստանալու իրավունք ունեցող անձինք:
4. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով (բացառությամբ սույն կետի 6-րդ ենթակետի, որի դեպքում դրամական օգնությունը վճարվում է ամսական պարբերականությամբ)՝
1) առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3.000.000 դրամի չափով.
2) երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2.000.000 դրամի չափով.
3) երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1.000.000 դրամի չափով.
4) հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3.000.000 դրամի չափով.
5) զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ 5.000.000 դրամի չափով.
6) անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների դեպքում՝ ամսական 300.000 դրամի չափով:
(4-րդ կետը լրաց. 22.04.21 N 635-Լ, լրաց., փոփ. 27.08.21 N 1408-Լ)
5. Սույն միջոցառման շրջանակում ընտանիքի անդամներ են համարվում՝
1) ամուսինը.
2) զավակը (զավակները).
3) ծնողը (ծնողները) կամ օրինական ներկայացուցիչը.
4) դեպքը տեղի ունենալու օրվա (իսկ անհայտ կորածի դեպքում` 2020 թվականի սեպտեմբերի 27-ի) դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև զոհված կամ անհայտ կորած քաղաքացու խնամքի տակ գտնված 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը: Ընդ որում, քույրը և եղբայրը սոցիալական աջակցության իրավունքից կարող են օգտվել, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում:
(5-րդ կետը լրաց. 12.02.21 N 187-Լ, 22.04.21 N 635-Լ)
6. Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022 թվականի ապրիլի 15-ը (բացառությամբ անհայտ կորածի ընտանիքի, որի դեպքում դիմումը ներկայացվում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 20-ը)։
(6-րդ կետը լրաց. 22.04.21 N 635-Լ, փոփ. 27.08.21 N 1408-Լ, 17.03.22 N 316-Լ, լրաց. 14.07.22 N 1074-Լ, փոփ. 22.09.22 N 1473-Լ, 15.12.22 N 1926-Լ)
7. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է համապատասխան գումարը բանկային հաշվեհամարին կամ շահառուի ընտրված բանկին փոխանցելու միջոցով:
(7-րդ կետը լրաց. 12.02.21 N 187-Լ)
(հավելվածը փոփ., լրաց. 12.02.21 N 187-Լ, 22.04.21 N 635-Լ, 27.08.21 N 1408-Լ, փոփ. 17.03.22 N 316-Լ, լրաց. 14.07.22 N 1074-Լ, փոփ. 22.09.22 N 1473-Լ, 15.12.22 N 1926-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |