ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՓԱՇԻՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատներ թիվ 22665/10 և 2305/11)
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
18 հունվարի 2022 թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Փաշինյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Թիմ Այքը [Tim Eicke]՝ Նախագահ,
Ֆարիս Վեհաբովիչ [Faris Vehabović],
Պերե Պաստոր Վիլանովա [Pere Pastor Vilanova]՝ դատավորներ,
և Իլզե Ֆրայվիրթ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Նիկոլ Փաշինյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2010 թվականի ապրիլի 1-ին և 2010 թվականի սեպտեմբերի 9-ին Դատարան ներկայացված գանգատները (թիվ 22665/10 և թիվ 2305/11),
2009 թվականի հոկտեմբերի 12-ից մինչև 2010 թվականի հունվարի 19-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուին ենթադրյալ ապօրինի կալանքի տակ պահելու և ազատ արտահայտվելու և խաղաղ հավաքների ազատության նրա իրավունքին միջամտելու վերաբերյալ բողոքների մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու վերաբերյալ որոշումը,
դիմումատուի դիտարկումները,
2021 թվականի դեկտեմբերի 14-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Սույն գործը վերաբերում է 2008 թվականի փետրվարի 19-ի վիճարկվող նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած բողոքի շարժմանն իր ունեցած մասնակցության համար դիմումատուի դատապարտմանը, ինչպես նաև դրանում բարձրացվում են Կոնվենցիայի 5-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներով նախատեսված հարցեր։
ՓԱՍՏԵՐԸ
2. Դիմումատուն ծնվել է 1975 թվականին և ապրում է Երևանում։ Դիմումատուին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Լ. Գևորգյանը, որը հետագայում հրաժարվել է գործից։
3. Կառավարությունը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը:
4. Գործով դիմումատուի ներկայացրած և Կառավարության կողմից չվիճարկած փաստերը կարելի է ամփոփել հետևյալ կերպ.
I. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Հիմնական թեկնածուներն էին այդ ժամանակ վարչապետի պաշտոն զբաղեցնող պրն Սարգսյանը, որը ներկայացնում էր իշխող կուսակցությունը, և հիմնական ընդդիմադիր թեկնածու պրն Տեր-Պետրոսյանը:
6. Դիմումատուն այդ ժամանակ եղել է ընդդիմադիր «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։ Նա եղել է պրն Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավի ակտիվ աջակիցը և դրա անդամը:
7. Ընտրությունների նախնական արդյունքները հայտարարելուց անմիջապես հետո պրն Տեր-Պետրոսյանն իր աջակիցներին կոչ է արել հավաքվել Երևանի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակում՝ ընտրական գործընթացում ենթադրաբար տեղի ունեցած խախտումների դեմ իրենց բողոքն արտահայտելու նպատակով՝ հայտարարելով, որ ընտրություններն ազատ և արդար չեն եղել։ 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած՝ պրն Տեր-Պետրոսյանի աջակիցներն ամեն օր անցկացրել են համազգային բողոքի ցույցեր՝ իրենց հանդիպումների հիմնական վայրը դարձնելով Ազատության հրապարակը և շրջակա այգին։ Ազատության հրապարակում հավաքվածների թիվը երբեմն հասել է տասնյակ հազարների, իսկ մի քանի հարյուր ցուցարարներ՝ տեղադրելով վրաններ, քսանչորս ժամ շարունակ մնացել են այդ վայրում։
8. Ազատության հրապարակում անցկացված ցույցերի, այդ թվում՝ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ճամբարը ցրելուն և հրապարակը փակելուն ուղղված ոստիկանության միջամտության, ավելի ուշ Ֆրանսիայի դեսպանատան, Երևանի քաղաքապետարանի և Մյասնիկյանի արձանի տարածքում մի քանի հազար մարդկանց հավաքվելու, օրվա ընթացքում բողոքի ակցիայի մասնակիցների և իրավապահ մարմինների միջև լարվածության սրացման և դրան հետևած բռնության, արտակարգ իրավիճակ հայտարարելու, ինչպես նաև 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին ընդդիմության առաջնորդների և ակտիվիստների նկատմամբ քրեական գործեր հարուցելու վերաբերյալ ավելի մանրամասն նկարագրությունը կարելի է գտնել «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» [Mushegh Saghatelyan v. Armenia] (թիվ 23086/08, §§ 7-17, 2018 թվականի սեպտեմբերի 20), «Մյասնիկ Մալխասյանն ընդդեմ Հայաստանի» [Myasnik Malkhasyan v. Armenia] (թիվ 49020/08, §§ 5-15, 2020 թվականի հոկտեմբերի 15) և ««Դարեսկիզբ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի» [Dareskizb Ltd v. Armenia] (թիվ 61737/08, §§ 5-12, 2021 թվականի սեպտեմբերի 21) գործերում:
9. Դիմումատուն պնդել է, որ ինքն ակտիվորեն մասնակցել է Ազատության հրապարակում անցկացվող ցույցերին՝ հաճախելով դրանց ամենօրյա կտրվածքով և պարբերաբար ելույթներ ունենալով: Ցույցերը եղել են խաղաղ և նպատակ են ունեցել չեղյալ համարել կեղծված ընտրությունների արդյունքները և անցկացնել նոր ընտրություններ։ Իշխանություններն արձագանքել են՝ ընդդիմության աջակիցների և Ազատության հրապարակում ելույթ ունեցած անձանց նկատմամբ ապօրինի հալածանքներ ու ոտնձգություններ իրականացնելով։ 2008 թվականի փետրվարի 23-ին և 24-ին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք աջակցել էին ընդդիմությանը կամ կասկածվում էին վերջինիս աջակցելու մեջ, ազատվել են պաշտոնից, իսկ ընդդիմության մի շարք առաջնորդներ և ակտիվիստներ ձերբակալվել են:
10. Դիմումատուն նաև պնդել է, որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանությունը հարձակվել և դաժան ծեծի է ենթարկել Ազատության հրապարակում տեղակայված վրաններում գիշերած ցուցարարներին: Այն բանից հետո, երբ ցուցարարները փախել են Ֆրանսիայի դեսպանատան տարածք, և նրանց են միացել հազարավոր այլ մարդիկ, ոստիկանական և զինվորական ուժերն ու տեխնիկան սկսել են շրջափակել այդ տարածքը։ Այնուհետև մեկ այլ դաժան հարձակում է սկսվել ցուցարարների նկատմամբ, որոնք ստիպված են եղել պաշտպանվել իրենց ձեռքի տակ ընկած առարկաներով: Ցուցարարներն արգելափակել են տարածքը հանրային և անձնական տրանսպորտային միջոցներով և շարունակել խաղաղ ցույցը: Ինքն ընդդիմության մի շարք այլ առաջնորդների հետ կոչ է արել ժողովրդին հանգստություն պահպանել և փորձել է կանխել նոր բախումները՝ կազմելով մարդկային շղթա ոստիկանական ուժերի և ցուցարարների միջև: Ցուցարարները սպասել են պրն Տեր-Պետրոսյանի ժամանմանը, մինչ վերջինս այդ ժամանակ տնային կալանքի տակ էր: Ավելի ուշ ևս մի քանի հարձակումներ են իրականացվել ցուցարարների նկատմամբ՝ օգտագործելով ոչ միայն ամբոխի զսպման համար նախատեսված զենքեր, այլ նաև մարտական զինամթերք, դիպուկահարներ և ռազմական տեխնիկա, որոնց հետևանքով զոհվել է շուրջ տասը մարդ, և եղել են բազմաթիվ վիրավորներ։
11. Ինչպես պարզվում է՝ մոտավորապես նույն ժամանակահատվածում, երբ հարուցվել են վերոնշյալ քրեական գործերը, դիմումատուն ընդհատակ է անցել:
II. Դիմումատուի դեմ հարուցված քրեական վարույթը
Ա. Դիմումատուին ներկայացված մեղադրանքը և մինչդատական փուլում նրա նկատմամբ նշանակված կալանքը
12. 2008 թվականի մարտի 4-ին դիմումատուին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել, inter alia (ի թիվս այլնի), Քրեական օրենսգրքի 225-րդ («Զանգվածային անկարգություններ կազմակերպելը») և 300-րդ («Իշխանությունը յուրացնելը») հոդվածներով: Որոշման մեջ նշվել է.
«[դիմումատուն] նախնական համաձայնության է եկել նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա մի շարք աջակիցների հետ` Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահական ընտրություններում պարտություն կրելու դեպքում սանձազերծել գործողությունների մի ամբողջ շարք՝ ուղղված հակասահմանադրական ճանապարհով պետական իշխանությունը յուրացնելուն՝ երկրի ներքաղաքական իրավիճակի ապակայունացման, բազմատեսակ ճնշումներով, ընդհուպ մինչև զանգվածային բռնության դրդմամբ պետական համակարգը խարխլելու միջոցով: Ելնելով այդ ծրագրում իրեն հանձնարարված դերից՝ վճռական տրամադրված լինելով առավելագույնս աջակցելու [իրենց] հանցավոր դիտավորությունն իրականացնելուն՝ [դիմումատուն] Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա մի շարք այլ աջակիցների հետ ընտրությունների հենց հաջորդ օրվանից սկսած օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպել և անցկացրել է Երևան քաղաքում անընդմեջ իրականացվող, մայրաքաղաքի կենսագործունեությունը, ճանապարհատրանսպորտային երթևեկությունը, պետական հիմնարկների բնականոն գործունեությունը, ազգաբնակչության հանգիստն ու անդորրը խանգարող զանգվածային հրապարակային միջոցառումներ, երթեր, շուրջօրյա հանրահավաքներ և նստացույցեր՝ հետապնդելով միջազգային հանրության առջև ընտրությունների օրինականությունը կասկածի տակ դնելու, հասարակության լայն շրջաններում ընտրությունների արդյունքների նկատմամբ անվստահություն սերմանելու և հասարակական դժգոհության և խռովության պատրանքներ ստեղծելու նպատակ: [Այդ իրադարձությունների ժամանակ] նա հրապարակայնորեն հանդես է եկել սադրիչ բնույթի ելույթներով և հրապարակային կոչերով՝ դրդելով քաղաքացիական անհնազանդության, իրավապահ մարմինների օրինական հրամաններին չենթարկվելու և պետական համակարգի կազմաքանդմանը և գործող իշխանության տապալմանն աջակցելու՝ այդպիսով հրահրելով ամբոխավարական կրքեր և ցուցարարների շրջանում զանգվածային անկարգությունների դիմելու պատրաստակամություն։ [Այնուհետև] մարտի 1-ին որպես ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնական օգնական դիմելով Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում հավաքված բազմությանը՝ նա հրահրել և կազմակերպել է զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են զանգվածային բռնարարքներով, համատարած ջարդերով, հրկիզումներով, հանրային և մասնավոր գույքի ոչնչացմամբ և վնասումներով, կողոպուտով, պետական իշխանության ներկայացուցիչների դեմ զինված դիմադրությամբ, պետական իշխանության ներկայացուցիչների վրա զանգվածային հարձակումներով՝ հրազենի և պայթուցիկ նյութերի օգտագործմամբ և սպանություններով»:
13. 2009 թվականի մարտի 24-ին Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը հանվել է, քանի որ այդ դրույթը փոփոխվել է, որի արդյունքում այն դադարել է գործել:
14. 2009 թվականի հուլիսի 1-ին դիմումատուն ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմին։
15. 2009 թվականի հուլիսի 3-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը (այսուհետ՝ Վարչական շրջանների դատարան) դիմումատուին երկու ամիս ժամկետով կալանավորելու վերաբերյալ որոշում է կայացրել այն հիմքով, որ նա կարող է թաքնվել արդարադատությունից և խոչընդոտել վարույթին՝ հաշվի առնելով այն փաստը, որ նրա գտնվել է հետախուզման մեջ:
16. 2009 թվականի հուլիսի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել այդ որոշումը՝ նշելով, որ նրա նկատմամբ հայտարարված է եղել հետախուզում, և որ նա նախաքննության մարմին է ներկայացել միայն մեկ տարի չորս ամիս անց:
17. 2009 թվականի օգոստոսի 27-ին Վարչական շրջանների դատարանը երկու ամիս ժամկետով երկարաձգել է դիմումատուի կալանքը նույն հիմնավորմամբ: 2009 թվականի սեպտեմբերի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դիմումատուի բողոքը և անփոփոխ է թողել այդ որոշումը:
Ա. Դիմումատուի գործով դատաքննությունը
18. 2009 թվականի հոկտեմբերի 12-ին՝ նախաքննության ավարտից հետո, Վարչական շրջանների դատարանը կայացրել է գործը դատական քննության նշանակելու մասին որոշում, որում անդրադարձել է նաև դիմումատուի կալանավորմանը՝ նշելով հետևյալը.
«Ինչ վերաբերում է ընտրված խափանման միջոցի հարցին՝ դատարանը գտնում է, որ մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, այսինքն՝ կալանավորումը… պետք է մնա անփոփոխ հետևյալ պատճառաբանությամբ. [դիմումատուին] մեղադրանք է առաջադրվել, ի թիվս այլոց, ծանր հանցագործություն կատարելու համար, որի համար սահմանված է չորսից տասը տարի ժամկետով ազատազրկում: Հաշվի առնելով [դիմումատուին] մեղսագրված արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, ինչպես նաև այն, որ նա թաքնվել է և գտնվել է հետախուզման մեջ, դատարանը գտնում է, որ [դիմումատուի] ազատության մեջ մնալու դեպքում նրա թաքնվելու հավանականությունը բարձր է»:
19. 2010 թվականի հունվարի 19-ին Վարչական շրջանների դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտելով նրան յոթ տարի ժամկետով ազատազրկման։ Վարչական շրջանների դատարանն ապացուցված է համարել հետևյալը.
«2008թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը: Ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո [դիմումատուն] [ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված առանձին քրեական գործերով դատապարտյալներ Ա.Ա.-ի, Ս.Ս.-ի, Հ.Հ.-ի, Մ.Մ.-ի և Ս.Մ.-ի], ինչպես նաև մի խումբ այլ անձանց հետ, սկսած 2008 թվականի փետրվարի 20-ից, հասարակության մեջ ընտրությունների անցկացման գործընթացի և արդյունքների նկատմամբ դժգոհություններ առաջացնելու, Երևանի Ազատության հրապարակում անցկացվող զանգվածային հրապարակային միջոցառումների ժամանակ հավաքված բազմությանը բռնություններ գործադրելու և անհնազանդությունների նախապատրաստելու նպատակով ծավալել են կազմակերպչական գործողություններ՝ սուտ տեղեկություններ են տարածել հրապարակային միջոցառումներն իշխանությունների կողմից թույլատրված լինելու, այդ միջոցառումներին շուրջ 500 000 մարդու մասնակցության, ընտրությունների արդյունքները կեղծված լինելու, նախագահի թեկնածու Լևոն‑Տեր‑Պետրոսյանի կողմից շուրջ 60% ձայն հավաքած լինելու մասին, մարդկային խմբերի անընդմեջ ներկայությունն այդ միջոցառումներին ապահովելու նպատակով նրանց համար ձեռք են բերել կենցաղային պարագաներ, տրամադրել են միջոցներ։ Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառումների մասնակիցների մի մասին բաժանվել են ձողեր, մահակներ, ամրաններ, բենզին, նետողական սառը զենք հանդիսացող մետաղյա կոնստրուկցիաներ, հրազեն, ռազմամթերք:
2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու և իրագործելու մտադրությամբ խմբի անդամներն ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց միջոցով կազմավորել են զանգվածային բռնարարքների կատարմանը պատրաստ անձանց խմբեր և կազմակերպել նրանց շրջանում ապօրինի կերպով ձեռք բերված հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի, սառը զենքի, ինչպես նաև մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների բաշխում»։
20. Վարչական շրջանների դատարանն իր վճռում դիմումատուի առնչությամբ պարզված է համարել այն, որ տեղեկանալով 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանական ուժերի մոտալուտ ժամանման մասին՝ դիմումատուն և իր համախոհներն արթնացրել են Ազատության հրապարակում տեղակայված վրաններում գիշերողներին և կոչ արել նրանց զինվել և «պատշաճ դիմավորել» ոստիկանությանը: Արդյունքում ամբոխը հարձակում է գործել ոստիկանության աշխատակիցների վրա, որոնք մոտեցել և խնդրել էին հնարավորություն ընձեռել զենքերի ստուգում անցկացնելու: Ոստիկանության իրականացրած միջոցառման արդյունքում հայտնաբերել են ծրագրված զանգվածային անկարգությունների համար հրապարակ բերված տարբեր զենքեր և զինամթերք:
21. Վարչական շրջանների դատարանը շարունակել է.
«Այնուհետև զանգվածային միջոցառման մասնակիցները [դիմումատուի, Ա.Ա.-ի] և այլ անձանց ուղղորդմամբ տեղափոխվել, հավաքվել են Երևան քաղաքի մի քանի փողոցների կարևոր տրանսպորտային հանգույց հանդիսացող՝ Ա. Մյասնիկյանի արձանին հարակից տարածքում, հատուկ պահպանվող օբյեկտներ հանդիսացող` ՀՀ-ում Ֆրանսիայի, Իտալիայի և Ռուսաստանի Դաշնության դեսպանատների հարևանությամբ: Ժամը 11-ի սահմաններում զանգվածային անկարգությունների մասնակիցները փողոցի լայնությամբ տրոլեյբուսները կանգնեցնելով երթևեկելի մասում` փակել են Երևանի Գրիգոր Լուսավորչի անվան փողոցը, որից հետո հարձակվել են հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների վրա: [Դիմումատուն]՝ [Ա.Ա.-ի, Ս.Մ.-ի] և մյուսների հետ միասին, զանգվածային անկարգություն հրահրելու մտադրությունն ավարտին հասցնելու համար հրաժարվել են ընդունել հասարակական կարգի պահպանման և զանգվածային միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով միջոցառումն այլ վայրում իրականացնելու մասին իշխանությունների առաջարկը: Ավելին, իրենց ելույթներով և հրահանգներով նրանք կազմակերպել և ղեկավարել են հավաքված բազմությանը երկար նույն տեղում պահելու, այլ վայր տեղափոխելը ձախողելու, ինչպես նաև մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված առարկաներով և ձեռքի տակ եղած այլ միջոցներով զինվելու, հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու, վերջիններիս օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու գործընթացը։ [Դիմումատուի, Ս.Ս.-ի և այլոց] կազմակերպմամբ և անմիջական ցուցումներով տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև այլ գույք վնասելով և շարքից դուրս բերելով ստեղծվել են արգելապատնեշներ։ [Դիմումատուն] [ցուցարարներին] ցուցումներ է տվել զինվել և պատրաստ լինել դիմակայության, ինչպես նաև` ցանկացած եղանակով նոր մարդիկ ներգրավել»:
22. Վարչական շրջանների դատարանն այնուհետև նկարագրել է որոշակի գործողություններ, որոնք ենթադրաբար կատարվել են բողոքի ակցիայի մասնակիցների կողմից, և գտել է, որ դիմումատուն մի խումբ անձանց հետ համակարգել և ղեկավարել է զանգվածային անկարգությունների կազմակերպիչների և մասնակիցների գործունեությունը։
«[Դիմումատուն] պարբերաբար շրջել է զանգվածային անկարգությունների մասնակիցների շարքերում, կազմակերպել է նրանց խմբերի համալրումն ու տեղաբաշխումը։
Զանգվածային անկարգությունների կազմակերպմանն ուղղված հրահանգների անվերապահ կատարումն ապահովելու նպատակով նա տվել է կոնկրետ կարգադրություններ` բաժանվել խմբերի, կառուցել պատնեշներ, ոստիկաններին վնասելու համար զինվել քարերով, փայտերով և այլ առարկաներով, ոստիկաններից մահակներ և վահաններ խլել, հորդորել է ենթարկվել իրեն և զանգվածային անկարգությունների մյուս կազմակերպիչներին։
[Դիմումատուն] հրապարակավ խրախուսել է զանգվածային անկարգությունների մասնակիցների կողմից ոստիկաններից վահաններ և մահակներ խլելը, նշելով, որ դրանից` «… տղերք, չեք պատկերացնի հոգիս ոնց էր փառավորվել…»։
Իշխանության նկատմամբ ատելություն սերմանելու, անհնազանդության ու բռնարարքների դիմելու պատրաստակամություն առաջացնելու նպատակով նա կոչ է արել հասարակական կարգի պահպանմանը ներգրավված զինվորներին և ոստիկաններին չկատարել իրենց պարտականությունները, անցնել զանգվածային անկարգությունների մասնակիցների կողմը և իրենց զենքն ուղղել իշխանությունների դեմ։
Բացի այդ, նա տվել է դիրքերն ամրացնելու և նոր բռնի գործողությունների պատրաստվելու մասին կոնկրետ ցուցումներ։
Շարունակելով ընթացող զանգվածային անկարգությունների ղեկավարումն ու կազմակերպումը՝ զանգվածային անկարգությունների մասնակիցներին տեղում պահելու և ոգևորելու նպատակով նա տեղեկություններ է հրապարակել անկարգությունների մասնակիցների կողմից գրավված տարածքների մասին և հայտարարել, որ բոլոր զինվորները փախել են, և ամբողջ պրոցեսը գտնվում է իրենց վերահսկման ներքո։
Զանգվածային անկարգությունների գործընթացը կազմակերպելու, նրանց մասնակիցների գործողությունները կոորդինացնելու և ուղղորդելու նպատակով [դիմումատուն] պարբերաբար խորհրդակցությունների է հրավիրել զանգվածային անկարգությունների մյուս կազմակերպիչներին` դրանով իսկ համակարգելով նաև նրանց գործողությունները։
Գտնվելով զանգվածային անկարգությունների կենտրոնում` [դիմումատուն], [Ա.Ա.-ն և Ս.Ս.-ն] պարբերաբար տեղեկություններ են միմյանց հաղորդել Երևանի Գր. Լուսավորչի, Մաշտոցի, Լեոյի և Պարոնյանի փողոցներում տեղի ունեցող, իրենց վերահսկման ներքո կատարվող ջարդերի, հրկիզումների, գույքի դիտավորյալ ոչնչացման, վնասելու և թալանելու գործողությունների ընթացքի մասին»։
23. Վարչական շրջանների դատարանը եզրահանգել է, որ տվյալ իրադարձությունները եղել են Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «զանգվածային անկարգություններ», և որ այդ դրույթը տարածվում է դիմումատուի գործողությունների վրա։
24. 2010 թվականի փետրվարի 19-ին դիմումատուն ներկայացրել է վերաքննիչ բողոք, որտեղ պնդել է, inter alia, որ իր նկատմամբ կայացված մեղադրական դատավճռով խախտվել են Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածների երաշխիքները: Նա պնդել է, որ իշխանություններն Ազատության հրապարակում անցկացված խաղաղ ցույցերից առաջ և դրանցից հետո պրն Տեր-Պետրոսյանի աջակիցների նկատմամբ քաղաքական ճնշումների արշավ են ձեռնարկել, այդ թվում՝ 2008 թվականի մարտի 1-ին հավաքը ցրելուց հետո ապօրինի քրեական հետապնդում սկսելով այդ անձանց նկատմամբ։ Ազատության հրապարակում հնչած ելույթները չեն պարունակել ո՛չ բռնության հրահրում, ո՛չ էլ իշխանության բռնի տապալում։ Ընդհակառակը, Ազատության հրապարակը հանրային մտահոգության կարևոր առարկայի վերաբերյալ հանրային բանավեճերի կարևոր հարթակ էր դարձել, իսկ ընդդիմության առաջնորդներն իրենց ելույթներում պարբերաբար շեշտել են օրենքի գերակայությանը ենթարկվելու կարևորությունը։ Դիմումատուն ժխտել է, որ ցուցարարներին ուղղորդել է դեպի Երևանի քաղաքապետարանի ու Մյասնիկյանի արձանի տարածք, և նշել է, որ ցուցարարները փախել են դեպի այդ տարածք ոստիկանությունից փախուստի դիմելու և վերջիններիս կողմից Ազատության հրապարակից իրենց դաժանորեն ցրելուց հետո հետապնդվելու արդյունքում։ Նա այնուհետև վիճարկել է ցուցարարների գործողությունները որպես «զանգվածային անկարգություններ» որակելը, և նույնիսկ ենթադրելով, որ դրանք կարող էին որակվել որպես այդպիսին, Վարչական շրջանների դատարանը չի նշել իր կողմից այդպիսի զանգվածային անկարգություններ կազմակերպելուն ուղղված որևէ կոնկրետ գործողություն։ Ենթադրյալ զանգվածային անկարգությունների այսպես կոչված կազմակերպիչների միջև նախնական համաձայնություն չի եղել, և նրանցից ոմանք նույնիսկ ծանոթ չեն եղել միմյանց նախքան դատարանում առաջին անգամ հանդիպելը։ Նա երբեք չի հրահրել բռնություն կամ որևէ այլ գործողություն, որը կարող էր որակվել որպես «զանգվածային անկարգություն»։ Երբ նա ժամանել է Քաղաքապետարանի հարակից տարածք, ցուցարարներն արդեն արգելապատնեշներ են կառուցած եղել և ինքնապաշտպանության նպատակով մոտակա շինարարական հրապարակից վերցրել տարբեր առարկաներ։
25. 2010 թվականի մարտի 9-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը և անփոփոխ է թողել նրա նկատմամբ կայացրած մեղադրական դատավճիռը։ Այն մասնավորապես գտել է, որ դիմումատուն մասնակցել է 2008 թվականի փետրվարի 20-ից մինչև մարտի 1-ն անցկացված հավաքին, որի ընթացքում օգտվել է ազատ արտահայտվելու իր իրավունքից՝ ազատորեն տեղեկություններ և մտքեր տարածելով առանց իշխանությունների կողմից որևէ միջամտության։ Այնուամենայնիվ, Երևանի տարբեր մասերում անցկացված ցույցերի ընթացքում նա կատարել է հանցագործություն, այն է՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում։ 11-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները ենթակա էին սահմանափակումների։ Այսպիսով, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ցույցերի ընթացքում ցուցաբերած հանցավոր վարքագծի, այլ ոչ թե ցույցերին նրա մասնակցության և իր կարծիքն արտահայտելու համար։ Ուստի դիմումատուի՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքին միջամտություն տեղի չի ունեցել։ Բացի այդ, հաշվի առնելով Ազատության հրապարակում հայտնաբերված զենքերը և զինամթերքը՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքը խաղաղ չի եղել, ինչպիսին չի եղել նաև Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում տեղի ունեցած հավաքը։
26. 2010 թվականի ապրիլի 10-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել։
27. 2010 թվականի ապրիլի 30-ին Վճռաբեկ դատարանը մերժել է նրա վճռաբեկ բողոքը՝ բողոքն անհիմն լինելու պատճառաբանությամբ:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
I. Համապատասխան ներպետական իրավունքը եՎ այլ նյութեր
Ա. Քրեական օրենսգիրքը (2003)
28. Քրեական օրենսգրքի համապատասխան դրույթների ամփոփ նկարագրի համար տե՛ս Մուշեղ Սաղաթելյանի գործը (վերևում հիշատակված, §§ 94, 96 և 97) և Մյասնիկ Մալխասյանի գործը (վերևում հիշատակված, §§ 44-47):
Բ. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմենի) ad hoc (արտահերթ) հրապարակային զեկույցը 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների և հետընտրական զարգացումների վերաբերյալ
29. Հայաստանի օմբուդսմենի՝ նախագահական ընտրությունների և հետընտրական իրադարձությունների վերաբերյալ զեկույցի համապատասխան հատվածների համար տե՛ս Մուշեղ Սաղաթելյանի գործը (վերևում հիշատակված, §124) և Մյասնիկ Մալխասյանի գործը (վերևում հիշատակված, § 49)։
II. Համապատասխան միջազգային նյութերը
30. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների և դրան հաջորդող իրադարձությունների վերաբերյալ իր բանաձևերում դատապարտել է մեծաթիվ անձանց, այդ թվում՝ ընդդիմության ավելի քան 100 աջակիցների և Խորհրդարանի երեք անդամների ձերբակալումն ու կալանքի տակ պահելը, ինչը որոշ դեպքերում հիմնված է եղել առերևույթ արհեստական և քաղաքական շարժառիթներով պայմանավորված մեղադրանքների վրա, հատկապես նրանց, որոնք ներկայացվել են ՔՕ-ի 225-րդ և 300-րդ հոդվածներով (համապատասխան քաղվածքների, ինչպես նաև մի շարք այլ համապատասխան միջազգային նյութերի համար տե՛ս վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, §§ 125-34, և վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, §§ 51-57)։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ
31. Հաշվի առնելով գանգատների առարկայի համանմանությունը՝ Դատարանը նպատակահարմար է համարում դրանք քննել միասին՝ մեկ վճռի շրջանակում (Դատարանի կանոնակարգի 42-րդ կանոնի 1-ին կետ)։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 10-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
32. Դիմումատուն բողոքել է իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և մեղադրական դատավճիռ կայացնելու կապակցությամբ՝ հղում կատարելով Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներին, որոնք ունեն հետևյալ բովանդակությունը.
Հոդված 10
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատ արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից...
2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»:
Հոդված 11
«1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության իրավունք...
2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման` բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով...»:
Ա. Ընդունելիությունը
33. Դատարանը նշում է, որ այս բողոքը ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի է Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
34. Դիմումատուն նշել է, որ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և իրեն մեղավոր ճանաչելը մեծապես հիմնված են եղել 2008 թվականի փետրվարի 20-ից մինչև մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում անցկացված խաղաղ ցույցերի ընթացքում իր ունեցած ելույթների և արած հայտարարությունների վրա։ Իր հետապնդումն ունեցել է քաղաքական շարժառիթներ և նպատակ է ունեցել կանխելու իր ընդդիմադիր գործունեությունը և պատժելու իրեն իր ընդդիմադիր հայացքների և գործունեության համար։ Դա հաստատվել է նաև տարբեր միջազգային դիտորդների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի մարմինների և պաշտոնյաների կողմից։ Ազատության հրապարակում անցկացված, իսկ այնուհետև Ֆրանսիայի դեսպանատան և Մյասնիկյանի արձանի տարածքներում ծավալված ցույցերը եղել են խաղաղ։ Թեև օրվա վերջում և 2008 թվականի մարտի 2-ի առավոտյան իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել՝ հանգեցնելով որոշ ցուցարարների կողմից կատարված բռնարարքների, դա որևէ կերպ չէր կարող կազմակերպիչների, այդ թվում՝ դիմումատուի բռնի մտադրությունների վերաբերյալ ապացույց համարվել։ Ավելին, նույնիսկ եթե առկա են եղել բռնության որոշ օջախներ, ապա դրանք կատարվել են ոչ Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածքում։ Ոստիկանության վրա հարձակում գործած և խանութները թալանած անձինք եղել են սադրիչներ, այլ ոչ թե խաղաղ ցուցարարներ։ Ֆրանսիայի դեսպանատան մոտ իրականացված ցույցի մասնակիցներից որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել հրազեն կամ այլ զենք կրելու կամ օգտագործելու համար։ Այդ դեպքերի առթիվ հարուցված հետաքննությամբ և քրեական հետապնդմամբ չի պարզվել, թե իրականում ինչ է տեղի ունեցել Ֆրանսիայի դեսպանատան տարածքում, մինչդեռ առկա էին ավելի ծանրակշիռ ապացույցներ, որոնք ենթադրում էին, որ ցուցարարներից եկող որևէ սպառնալիք չի եղել։ Չնայած իշխանությունների սադրանքներին՝ ինքը և բողոքի ակցիայի մյուս կազմակերպիչները շարունակել են Մյասնիկյանի արձանի մոտ գտնվող հարթակից դիմել ցուցարարներին՝ նրանց խնդրելով լինել խաղաղ և չտրվել սադրանքին, իսկ այնուհետև 2008 թվականի մարտի 2-ի առավոտյան՝ ընդհանրապես դադարեցնել բողոքի ակցիաները և հեռանալ փողոցներից։ Այսպիսով, դիմումատուի դեմ բերված մեղադրանքները հիմնված են եղել կեղծ և խեղաթյուրված ապացույցների վրա։ Չեն եղել ապացույցներ՝ հիմնավորելու համար այն պնդումը, որ դիմումատուն ունեցել է «զանգվածային անկարգություններ հրահրելու և իրականացնելու» մտադրություն։ Ընդհակառակը, ցույցերի ամբողջ ընթացքում դիմումատուն փորձել է հանգստացնել իրավիճակը և ցուցարարներին կոչ է արել չտրվել սադրանքներին։ Դա հաստատվել է նաև նրա գործով մի շարք վկաների կողմից, որոնք հետագայում հրաժարվել են իրենց ավելի վաղ տված ցուցմունքներից, որոնցով նա մեղադրվում էր բռնություն հրահրելու մեջ։
35. Կառավարությունը չի մեկնաբանել դիմումատուի պնդումները։
2. Դատարանի գնահատականը
36. Դատարանն ի սկզբանե գտնում է, որ դիմումատուի՝ 10-րդ և 11-րդ հոդվածների ներքո ներկայացված բողոքները, որոնք համապատասխանում են, որպեսզի քննվեն միայն 11-րդ հոդվածի ներքո, այնուամենայնիվ, կդիտարկվեն 10-րդ հոդվածի լույսի ներքո (տե՛ս Էզելինն ընդդեմ Ֆրանսիայի [Ezelin v. France], 1991 թվականի ապրիլի 26, §§ 35 և 37, շարք Ա, թիվ 202 և Կուդրևիչիուսը և այլք ընդդեմ Լիտվայի [ՄՊ] [Kudrevičius and Others v. Lithuania [GC]], թիվ 37553/05, §§ 85-86, ՄԻԵԴ 2015)։
37. Դատարանը հղում է կատարում 11-րդ հոդվածի ներքո ձևավորված՝ իր համապատասխան նախադեպային իրավունքի սկզբունքներին (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, §§ 226-28, 236 և 238-39) և նշում է, որ «զանգվածային անկարգություն կազմակերպելու համար» դիմումատուին մեղավոր ճանաչելը մեծ հաշվով հիմնված էր հետընտրական բողոքի շարժմանը նրա ներգրավվածության, այդ թվում՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքին նրա մասնակցության և այնտեղ ունեցած ելույթների վրա (տե՛ս վերևում 19-23-րդ պարբերությունները), որոնց առնչությամբ Դատարանն արդեն իսկ գտել է, որ դրանք եղել են խաղաղ՝ առանց բռնության կամ բռնարարքների որևէ հրահրման (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, § 245 և վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, § 72)։ Հետևաբար տեղի է ունեցել խաղաղ հավաքների ազատության նրա իրավունքին միջամտություն։
38. Սույն գործով Դատարանն անհրաժեշտ չի համարում որոշում կայացնել այն մասին, թե արդյոք միջամտությունը եղել է նախատեսված օրենքով և հետապնդել է իրավաչափ նպատակ՝ հաշվի առնելով ստորև ներկայացված իր եզրակացությունները միջամտության անհրաժեշտության վերաբերյալ (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Քրիստոնեադեմոկրատական ժողովրդական կուսակցությունն ընդդեմ Մոլդովայի [Christian Democratic People’s Party v. Moldova], թիվ 28793/02, §§ 49-54, ՄԻԵԴ 2006‑II և վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, § 237):
39. Դատարանը վերահաստատում է, որ ցույցի ժամանակ բռնություն հրահրող գործողությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելը որոշ հանգամանքներում կարող է համարվել ընդունելի միջոց (տե՛ս Օսմանին և այլք ընդդեմ Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության (որոշում) [Osmani and Others v. the former Yugoslav Republic of Macedonia (dec.)], թիվ 50841/99, ՄԻԵԴ 2001‑X)։ Այնուամենայնիվ, խաղաղ մասնակիցները չեն կարող պատասխանատվության ենթարկվել այլ անձանց կողմից կատարված պատժելի արարքների համար։ Խաղաղ հավաքներին մասնակցելու ազատությունն այնքան կարևոր իրավունք է, որ անձը չի կարող ենթարկվել պատժի, նույնիսկ կարգապահական տույժերի սանդղակի ամենաստորին պատժամիջոցի՝ արտոնված ցույցի մասնակցելու համար այնքան ժամանակ, քանի դեռ նա անձամբ չի կատարել որևէ պատժելի արարք (տե՛ս վերևում հիշատակված՝ Էզելինի գործը, § 53 և Գալստյանն ընդդեմ Հայաստանի [Galstyan v. Armenia], թիվ 26986/03, § 115, 2007 թվականի նոյեմբերի 15)։ Նույն կերպ միջոցառման կազմակերպիչները չպետք է ենթարկվեն պատասխանատվության դրա մասնակիցների վարքագծի համար այնքան ժամանակ, քանի դեռ նրանք անձամբ չեն կատարել, հրահրել կամ արտոնել որևէ պատժելի արարք (տե՛ս Մեզութ Յըլդըզը և այլք ընդդեմ Թուրքիայի [Mesut Yıldız and Others v. Turkey], թիվ 8157/10, § 34, 2017 թվականի հուլիսի 18)։ Այս մոտեցումը գործում է նույնիսկ այն դեպքում, երբ ցույցերի արդյունքում պատճառվում է վնաս, կամ դրանք հանգեցնում են այլ անկարգության (տե՛ս Տարանենկոն ընդդեմ Ռուսաստանի [Taranenko v. Russia], թիվ 19554/05, § 88, 2014 թվականի մայիսի 15)։
40. Սույն գործով Դատարանն ի սկզբանե նշում է, որ դիմումատուն վիճարկել է իրեն մեղավոր ճանաչելու փաստական հիմքերը՝ պնդելով, որ իր և ընդդիմության մյուս մասնակիցների ու կողմնակիցների նկատմամբ հարուցված քրեական գործն ունեցել է քաղաքական շարժառիթներ։ Դատարանը, այնուամենայնիվ, բազմիցս շեշտել է, որ գիտակցում է իր ոչ առաջնային դերը և ընդունում է, որ պետք է զգուշավորություն ցուցաբերի փաստերի կապակցությամբ որոշում կայացնելու հարցում առաջին ատյանի դեր ստանձնելու գործում, եթե դա անխուսափելի չէ՝ գործի որոշակի հանգամանքներից ելնելով։ Որպես ընդհանուր կանոն, եթե ներպետական մակարդակում իրականացվել են վարույթներ, ապա Դատարանի խնդիրը չէ ներպետական դատարանների գնահատականը փոխարինել փաստերի վերաբերյալ իր գնահատականով. իրենց տրամադրության տակ եղած ապացույցների հիման վրա այդ փաստերը հաստատելը ներպետական դատարանների խնդիրն է, թեև կարող են լինել հանգամանքներ, որոնց դեպքում Դատարանը կարող է շեղվել ներպետական դատարանների կողմից փաստերի վերաբերյալ արած եզրահանգումներից, այդ թվում՝ 10-րդ և 11-րդ հոդվածներին վերաբերող գործերով (տե՛ս, օրինակ, Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի [Jhangiryan v. Armenia]), թիվ 44841/08 և 63701/09, §§ 114 և 123, 2020 թվականի հոկտեմբերի 8 և Սմբատ Այվազյանն ընդդեմ Հայաստանի [Smbat Ayvazyan v. Armenia], թիվ 49021/08, §§ 119 և 129, 2020 թվականի հոկտեմբերի 8, որոնցից երկուսն էլ վերաբերում են նույն բողոքի շարժմանը, ինչ սույն գործը):
41. Դատարանն անհրաժեշտ է համարում նախևառաջ հաշվի առնել սույն կոնկրետ գործի ընդհանուր համատեքստը։ Դատարանը նշում է, որ դիմումատուն եղել է ընդդիմադիր քաղաքական գործիչ և պարոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավի ակնառու անդամ՝ մասնակցելով 2008 թվականի փետրվարի 19-ի ենթադրյալ ոչ արդար նախագահական ընտրություններից հետո Հայաստանի մայրաքաղաքում սկսված և 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի իրադարձություններով ավարտված ցույցերին (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, §§ 226-255, Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի [Ter-Petrosyan v. Armenia], թիվ 36469/08, §§ 61-65, 2019 թվականի ապրիլի 25, վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, §§ 70-82, վերևում հիշատակված՝ Ջհանգիրյանի գործը, §§ 112-128 և վերևում հիշատակված՝ Սմբատ Այվազյանի գործը, §§ 117-134)։ Իշխանությունների՝ դրան հետևած արձագանքը, այդ թվում՝ ընդդիմության տասնյակ կողմնակիցների ձերբակալումն ու կալանավորումը, դատապարտվել է ԵԽԽՎ-ի կողմից և նկարագրվել որպես «ընդդիմության նկատմամբ փաստացի դաժան հետապնդում», իսկ նրանց դեմ բերված մեղադրանքներից շատերի, հատկապես՝ ՔՕ-ի 225-րդ և 300-րդ հոդվածներով առաջադրվածների մասով արտահայտվել է կասկած առ այն, որ դրանք եղել են «արհեստական և քաղաքական շարժառիթներով պայմանավորված»։ Ինչպես ԵԽԽՎ-ի, այնպես էլ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից բազմիցս արտահայտվել են մտահոգություններ այդ հոդվածներով առաջադրված մեղադրանքների բնույթի վերաբերյալ (տե՛ս վերևում 30-րդ պարբերությունը)։ Թեև Դատարանը կոչված չէ դատական գնահատական տալու ընդհանուր համատեքստի վերաբերյալ, այնուամենայնիվ, այն համարում է, որ այս նախնական տեղեկությունները չափազանց կարևոր են սույն գործի համար, և կոչ է անում հատկապես մանրամասն ուսումնասիրության արժանացնել դիմումատուին մեղավոր ճանաչելու համար հիմք հանդիսացած փաստերը (նույն տեղում՝ § 70)։ Բացի այդ, ինչպես նշվել է վերևում, Դատարանն արդեն քննել է մի շարք գանգատներ, որոնք վերաբերում են Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածների խախտմանը և քաղաքական շարժառիթներով պայմանավորված քրեական հետապնդումներին` կապված Հայաստանում 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած հետընտրական բողոքի ակցիաների հետ: Դիմումատուի գործը փաստորեն ընթացել է ընդդիմության կողմնակիցների նկատմամբ իրականացված քրեական հետապնդման նույն օրինակով, ինչը Դատարանը մտահոգիչ է համարում: Այդուհանդերձ, ինչպես նշված է Մուշեղ Սաղաթելյանի գործում, Դատարանը չունի այն դերը կամ պարտականությունը՝ որոշելու, թե արդյոք դիմումատուին առաջադրված մեղադրանքները հիմնավորված են եղել, թե՝ ոչ, և ներպետական դատարանների պարտականությունն է ստուգել դրա հիմքում ընկած փաստերի հավաստիությունը (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, § 252)։ Այս առնչությամբ Դատարանը կրկին նշում է ներպետական դատարանների՝ իրենց որոշումների համար հիմնավորումներ ներկայացնելու պարտավորությունը, որը սույն գործի համատեքստում մեկնաբանվում է որպես 10-րդ և 11-րդ հոդվածներով սահմանված հատուկ պարտավորություն՝ ներպետական դատարաններից պահանջելով միջամտության համար ներկայացնել «համապատասխան» և «բավարար» հիմնավորումներ (նույն տեղում)։
42. Այս առնչությամբ Դատարանը նշում է, որ դիմումատուն՝ որպես ընդդիմության և հետընտրական բողոքի շարժման ակտիվ անդամներից մեկը, մեղավոր է ճանաչվել ՔՕ-ի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Այս մեղադրանքի հիմքում մեծապես եղել են 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած Երևանում տեղի ունեցած հետընտրական բողոքի ակցիաներին դիմումատուի ներգրավվածությունը, այդ թվում՝ ակնհայտորեն Ազատության հրապարակում նրա ելույթները և այդ ցույցերի մասին նրա տարածած տեղեկությունները (տե՛ս վերևում 19-րդ պարբերությունը)։ Այնուամենայնիվ, ինչպես արդեն նշվել է վերևում, Դատարանը գտել է, որ Ազատության հրապարակում անցկացված ցույցերը եղել են խաղաղ հավաքներ և, ըստ էության, քաղաքական նշանակություն ունեցող հասարակական այնպիսի հարցի մասին արտահայտվելու հարթակ, որն ուղղակիորեն կապված է ժողովրդավարության իրականացման հետ և լուրջ մտահոգության առարկա է եղել Հայաստանի հասարակության լայն հատվածի համար (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, §§ 230-233 և § 246 և վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, § 72)։ Ներպետական դատարանները, թեև արտահայտելով այն դիրքորոշումը, որ դիմումատուն Ազատության հրապարակում հավաքված ամբոխին պատրաստել էր բռնություն գործադրելու և անհնազանդություն դրսևորելու համար, չեն տրամադրել նման վարքագծի կոնկրետ օրինակներ, որոնք կարող էին Դատարանի կարծիքով բնութագրվել որպես բռնության հրահրում (տե՛ս վերևում 19-րդ պարբերությունը)։ Փաստորեն, միայն այն արարքները, որոնք պարզվել է, որ դիմումատուն կատարել է այդ ծրագրի իրականացման համար, բավարար չեն Դատարանի համար` եզրակացնելու, որ դրանք ավելին էին, քան դիմումատուի՝ խաղաղ հավաքների ազատության և կարծիքի արտահայտման իր իրավունքների իրավաչափ իրականացման օրինակներ նախագահական ընտրությունների անցկացման հանրային բանավեճի, ներառյալ՝ այդ առումով հնչած քննադատությունների համատեքստում (որպես համեմատություն տե՛ս վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, § 73)։
43. Ինչ վերաբերում է Ազատության հրապարակում զենքի ենթադրյալ կուտակմանը` զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով, ապա ներպետական դատարանների որոշումներում առկա չեն կոնկրետ ապացույցներ այս ենթադրյալ արարքներում դիմումատուի մասնակցության վերաբերյալ, որոնք, ի միջի այլոց, ներկայացվել են շատ ընդհանրական ձևով՝ առանց որևէ մանրամասների (տե՛ս վերևում 19-րդ պարբերությունը): Ավելին, ինչպես նշված է Մյասնիկ Մալխասյանի գործում, ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի կողմից լրջորեն կասկածի տակ է դրվել այն վարկածը, ըստ որի՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձություններն ընդդիմության առաջնորդների՝ պետական իշխանությունը բռնի զավթելու կամ այլ կերպ ասած՝ հեղաշրջում կատարելու ծրագրված և կազմակերպված փորձի մասն են կազմել, և փաստորեն այդ քրեական հետապնդումները համարվել են ամենայն հավանականությամբ զգալի քաղաքական շարժառիթներ ունեցող (տե՛ս վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, § 80)։ Դատարանն ավելի վաղ գտել է, որ առկա չեն համոզիչ ապացույցներ առ այն, որ Ազատության հրապարակում զենք է կուտակվել՝ զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, §§ 230 և 245 և վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, § 80)։ Այն մերժել է այն պնդումները, թե ոստիկանությունը տեղակայվել է հրապարակում՝ զենքի ստուգում իրականացնելու համար, և առաջինը հարձակման են անցել ցուցարարները, և գտել է, որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության գործողության հիմնական, եթե ոչ միակ նպատակը եղել է հավաքը ցրելը, և որ այնտեղ տեղի ունեցած ցանկացած բախում հավանաբար ոչ թե եղել է կանխամտածված գործողություն, այլ պայմանավորված է եղել հավաքը դադարեցնելու նպատակով ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումներով, ներառյալ՝ ոչ համաչափ ուժի ենթադրյալ գործադրմամբ (տե՛ս վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, §§ 232, 245 և 247 և վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, § 80)։ Սույն գործով առկա չէ որևէ ապացույց, որը կստիպի Դատարանին կասկածի տակ դնել վերոնշյալ զեկույցները կամ վերոնշյալ գործերով դրանցում արված եզրահանգումները։
44. Անվիճելի է, որ խաղաղ բողոքի ակցիաների իններորդ օրը՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին, Երևանում բռնկվել է բռնություն այն բանից հետո, երբ ցուցարարներին դուրս են հանել Ազատության հրապարակից, և մեծ բազմություն է հավաքվել Մյասնիկյանի արձանի տարածքում և հարակից մի շարք փողոցներում, որտեղ, ինչպես պարզ է դառնում, բախումներ են տեղի ունեցել բողոքի ակցիայի որոշ մասնակիցների և իրավապահ մարմինների միջև, որի հետևանքով մարդիկ ստացել են մարմնական վնասվածքներ, գրանցվել են մահվան դեպքեր, ինչպես նաև վնասվել է պետական և մասնավոր գույք։ Այնուամենայնիվ, ցույցի ընթացքում այլ անձանց կողմից կատարված տեղային բնույթ կրող բռնի կամ այլ պատժելի արարքների հետևանքով անձը չի դադարում օգտվել խաղաղ հավաքների ազատության իր իրավունքից, եթե տվյալ անձի մտադրությունները կամ վարքագիծը շարունակում են խաղաղ լինել (տե՛ս Պրիմովը և այլք ընդդեմ Ռուսաստանի [Primov and Others v. Russia], թիվ 17391/06, § 155, 2014 թվականի հունիսի 12 և Frumkin v. Russia [Frumkin v. Russia], թիվ 74568/12, § 99, 2016 թվականի հունվարի 5)։ Բացի այդ, եթե բռնի գործողություններում ներգրավվել են երկու կողմերն էլ՝ և՛ ցուցարարները, ե՛ւ ոստիկանությունը, երբեմն անհրաժեշտ է պարզել, թե ով է սկսել բռնությունը, և թե արդյոք դիմումատուն անձամբ ագրեսիայի սկզբնական այն գործողությունների համար պատասխանատու անձանց թվում է եղել, որոնք նպաստել են հավաքի ի սկզբանե խաղաղ բնույթի խաթարմանը, թե ոչ (տե՛ս վերևում հիշատակված՝ Պրիմովի և այլոց գործը, § 157 և վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, § 231)։
45. Դատարանը նախ և առաջ նշում է, որ այն իր տրամադրության տակ չունի բավարար նյութեր՝ պարզելու համար, թե ինչպես են ընթացել զարգացումները և վերջիվերջո անկառավարելի դարձել՝ հանգեցնելով զինված բախման, գույքի վնասման և մահերի (որպես համեմատություն տե՛ս վերևում հիշատակված՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի գործը, § 61)։ Այնուամենայնիվ, այն հաշվի է առնում իր՝ ավելի վաղ արված եզրահանգումներն առ այն, որ Մյասնիկյանի հուշարձանի տարածքում մարդկանց հավաքը, այդ թվում՝ ավելի ուշ նրանց զինումը եղել են ինքնաբուխ և չկազմակերպված զարգացումներ, և որ, ըստ էության, 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակից ցուցարարներին բիրտ ուժով ցրելը, ինչպես նաև տեղի ունեցած մի շարք այլ նմանատիպ կամ անկառավարելի իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ավելի ուշ այդ օրը, կարող էին դերակատարում ունենալ բռնության վերջնական սրացման հարցում և ոչ թե լինել ընդդիմության կողմից ծրագրված և կազմակերպված անկարգություն կամ հեղաշրջման փորձ (տե՛ս վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, § 80)։ Այն նաև գտել է, որ Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված մի քանի հազար մարդուց կազմված մեծ ամբոխն այդ ամբողջ ժամանակահատվածում շարունակել է խաղաղ լինել, իսկ բռնությունը կատարվել է ցուցարարների փոքր խմբերի կողմից մի շարք հարակից փողոցներում (տե՛ս վերևում հիշատակված՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի գործը, § 61):
46. Երկրորդ, ինչ վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ին դիմումատուի՝ ավելի ուշ ցուցաբերած վարքագծին և քննարկվող բռնության համար նրա ենթադրյալ պատասխանատվությանը, Դատարանը նշում է, որ ներպետական դատարանների եզրահանգումները ձևակերպվել են շատ ընդհանրական եզրույթներով՝ առանց բավականաչափ կոնկրետ փաստական մանրամասների, որոնք թույլ կտային համոզիչ կերպով ապացուցել դիմումատուի կողմից կատարված որևէ իրավախախտում։ Չնայած նշվում է, որ դիմումատուն իր հրամաններով, ելույթներով և ցուցումներով կազմակերպել և վերահսկել է ցուցարարներին զինելու գործընթացը և ոստիկանության ծառայողների վրա նրանց հարձակումը, չեն տրվում մանրամասներ ենթադրյալ հրամանների և ցուցումների, այդ թվում՝ այն հանգամանքների վերաբերյալ, որոնցում տրվել են այդ հրամանները և ցուցումները, կամ ենթադրյալ ելույթներից որևէ մեջբերում (տե՛ս վերևում 21-րդ պարբերությունը)։ Նույնը վերաբերում է այն եզրահանգումներին, ըստ որոնց՝ դիմումատուն տվել է նոր բռնի գործողությունների պատրաստվելու ցուցումներ կամ արել է հայտարարություններ խռովարարների կողմից գրավված վայրերի վերաբերյալ (տե՛ս վերևում 22-րդ պարբերությունը)։ Թեև դիմումատուի կողմից ենթադրաբար կատարված որոշ արարքներ, ինչպիսիք են բողոքի ակցիայի մասնակիցներին արգելապատնեշներ կառուցելուն, քարերով և այլ վտանգավոր առարկաներով զինվելուն կամ ոստիկանության ծառայողների մահակներն ու վահանները խլելուն հրահրելը, առավել կոնկրետ են թվում, այնուամենայնիվ, նույնիսկ այս հանգամանքներն են ներկայացված շատ ընդհանրական ձևով (տե՛ս վերևում 22-րդ պարբերությունը)։
47. Ընդհանրացնելով կարելի է ասել, որ ներպետական դատարանները չեն տրամադրել բողոքի շարժմանը և նախագահական ընտրություններից հետո Հայաստանում սկիզբ առած ցույցերին ներգրավված լինելու ընթացքում դիմումատուին վերագրվող որևէ պատժելի արարքի, այդ թվում՝ բռնության հրահրման կամ դրդման բավականաչափ կոնկրետ օրինակներ (որպես համեմատություն տե՛ս վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, §§ 249-253 և վերևում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի գործը, §§ 71-79. համանման փաստական հանգամանքների նկատմամբ նախադեպային իրավունքի համապատասխան դրույթների կիրառման համար տե՛ս Արզումանյանն ընդդեմ Հայաստանի [Կոմիտե] [Arzumanyan v. Armenia, [Committee]], թիվ 63845/09, §§ 51-59, 2021 թվականի օգոստոսի 31 և Միքայելյանն ընդդեմ Հայաստանի [Կոմիտե] [Mikayelyan v. Armenia, [Committee]], թիվ 1879/10, §§ 57-65, 2021 թվականի օգոստոսի 31)։ Ըստ էության՝ դիմումատուն պատասխանատվության է ենթարկվել ընդդիմության ակտիվ անդամ լինելու և խաղաղ հավաքների ազատության իր իրավունքից օգտվելու համար, այլ ոչ թե կոնկրետ պատժելի արարքներ կատարելու համար (տե՛ս որպես համեմատություն վերևում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի գործը, § 250)։
48. Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը եզրակացնում է, որ ներպետական դատարանները չեն կատարել իրենց որոշումների համար հիմնավորումներ ներկայացնելու իրենց պարտականությունը, և դիմումատուի՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքին միջամտությունը հիմնավորելու համար ներկայացված պատճառաբանությունները «համապատասխան և բավարար» չեն եղել։
49. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
50. Դիմումատուն բողոքել է, որ դատաքննության ընթացքում իրեն կալանքի տակ պահելը եղել է անօրինական։ Դիմումատուն հղում է կատարել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետին, որն ունի հետևյալ բովանդակությունը.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
...
գ) անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու իրավական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար[:]»
Ա. Ընդունելիությունը
51. Դատարանը նշում է, որ այս բողոքը ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի է Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Ըստ էության քննությունը
52. Դիմումատուն նշել է, որ Վարչական շրջանների դատարանի՝ գործը դատական քննության նշանակելու մասին 2009 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ իր նկատմամբ նշանակված կալանքը (տե՛ս վերևում 18-րդ պարբերությունը) չի համապատասխանել օրինականության պահանջին, քանի որ այն նշանակվել է անորոշ ժամկետով և, ընդ որում, առանց որևէ հիմնավորման։
53. Կառավարությունը չի մեկնաբանել դիմումատուի այս պնդումները։
54. Դատարանը հղում է կատարում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում իր նախադեպային իրավունքի համապատասխան դրույթներին և նշում է, որ այն վերջերս քննել է համանման բողոք՝ գտնելով, որ դատաքննության ընթացքում դիմումատուին կալանքի տակ պահելու մասով տեղի է ունեցել այդ դրույթի խախտում (տե՛ս Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի [Vardan Martirosyan v. Armenia], թիվ 13610/12, §§ 45-50, 2021 թվականի հունիսի 15)։ Սույն գործով թեև Վարչական շրջանների դատարանը գործը դատական քննության նշանակելու վերաբերյալ իր 2009 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման մեջ շատ համառոտ կերպով հիմնավորել է կալանքի ժամկետը երկարաձգելը (տես վերևում 18-րդ պարբերությունը), այնուամենայնիվ, չի սահմանվել որևէ ժամկետ, և դիմումատուն թողնվել է անորոշության մեջ՝ կապված այդ օրվանից հետո իր կալանավորման ժամկետի տևողության հետ։ Այսպիսի հանգամանքներում Դատարանը գտնում է, որ Վարչական շրջանների դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ դիմումատուի համար չի ապահովվել կամայականությունից համարժեք պաշտպանություն, ինչը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով կալանավորման «օրինականության» պահանջի հիմնական տարրերից է, և հետևաբար դիմումատուին 2009 թվականի հոկտեմբերի 12-ից մինչև 2010 թվականի հունվարի 19-ը ընկած ժամանակահատվածում կալանքի տակ պահելը չի համապատասխանել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին։
55. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
56. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
57. Դիմումատուն արդարացի փոխհատուցման պահանջ չի ներկայացրել։ Հետևաբար Դատարանն այս մասով ոչինչ չի շնորհում։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է միացնել գանգատները.
2. Հայտարարում է գանգատներն ընդունելի.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում.
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2022 թվականի հունվարի 18-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Իլզե Ֆրայվըրթ |
Թիմ Այքը |
Քարտուղարի տեղակալ |
Նախագահ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 ապրիլի 2022 թվական:
