ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 2022 թվականի N 842-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագիրը»՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, համագործակցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը.
2) մինչև 2024 թվականի հոկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի՝ 2025 թվականից շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ որոշման 1-ին կետով հաստատված ծրագիրը գործարկվում է սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված կարգն ուժի մեջ մտնելու օրվանից և գործում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
09.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականիհունիսի 9-ի N 842-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթ խնդիրներից է Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավումը, ծնելիության խթանումը, սահմանամերձ բնակավայրերում բնակության պայմանների բարելավումը՝ համայնքների համաչափ զարգացման համատեքստում։
2. Նպատակ ունենալով ապահովել Հայաստանի Հանրապետության գյուղական բնակավայրերում համաչափ և կայուն զարգացումը, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների սահմանամերձ բնակավայրերում բնակեցումը՝ սույն ծրագիրը կբարձրացնի հասանելիությունը նշված բնակավայրերում բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) համար։
(2-րդ կետը լրաց. 06.10.22 N 1562-Լ)
2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
3. «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագրում» (այսուհետ՝ ծրագիր) կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.
1) սահմանամերձ բնակավայր (նաև սահմանամերձ գյուղ)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված` «Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում» ընդգրկված գյուղական բնակավայր.
2) շահառու (նաև ընտանիք)՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունեցող ամուսիններ, որոնցից առնվազն մեկն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն.
3) ծառայություն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն.
4) գործընկեր կազմակերպություն` սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված՝ «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագրի» իրականացման շրջանակներում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցության պայմանագիր կնքած առևտրային բանկ կամ վարկային կազմակերպություն:
3. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
4. Ծրագրի իրականացման հիմնական նպատակն է աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։
5. Ծրագիրը նպատակ ունի նաև խթանելու ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային, մասնավորապես՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում, և վարկային բեռը թեթևացնելու միջոցով հնարավորություն ընձեռելու շահառուներին՝ բնակություն հաստատելու իրենց կողմից նախընտրած սահմանամերձ բնակավայրում և կառուցվող բնակելի տանը՝ խթանելով գյուղական բնակավայրերի համաչափ զարգացումը։
6. Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է իրականացնել սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագիր։
4. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
7. Սույն ծրագրով աջակցությունը տրամադրվում է սահմանամերձ գյուղական բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկ ստացած շահառուին և ուղղվում է բացառապես հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարների) մարմանը՝ սույն ծրագրով սահմանված չափով։
(7-րդ կետը լրաց. 06.10.22 N 1562-Լ)
8. Շահառու ընտանիքն աջակցության ծրագրից կարող է օգտվել մեկ անգամ (մեկ հիփոթեքային վարկի շրջանակներում)։
9. Շահառուն կարող է օգտվել աջակցության սույն ծրագրից՝ անկախ բնակարանային ապահովության պետական աջակցության այլ (եկամտահարկի վերադարձի, երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության) ծրագրերից օգտվելու հանգամանքից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված ծրագրի։ Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարները ենթակա են վերադարձման բացառապես շահառուի կողմից վճարված տոկոսների գումարների չափով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1321-Ն որոշման հավելվածի 5.4-րդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան։
(9-րդ կետը լրաց. 06.10.22 N 1562-Լ)
10. Ծրագրի շրջանակներում աջակցությունը տրամադրվում է սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված՝ «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2024 թվականների ծրագրի» իրականացման կարգի հաստատումից հետո և գործում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը։
(10-րդ կետը փոփ. 06.10.22 N 1562-Լ)
11. Աջակցության չափը կազմում է հիփոթեքային վարկով անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) դեպքում հիփոթեքային վարկի մայր գումարի ամսական վճարների մարման համար՝ հանրագումարային մինչև 16 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 277 հազ. դրամ, իսկ տոկոսագումարների մարման համար՝ մինչև 13%, հանրագումարային մինչև 12.668 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան ամսական 203 հազ. դրամ։
(11-րդ կետը խմբ. 06.10.22 N 1562-Լ, փոփ. 06.04.23 N 473-Լ)
11.1. Սույն հավելվածի 11-րդ կետով սահմանված աջակցության ամսական սահմանաչափերը (մայր գումարի և տոկոսագումարների) չեն կիրառվում ժամանակացույցով նախատեսված առաջին ամսվա ամսական վճարների նկատմամբ։
(11.1-ին կետը լրաց. 06.04.23 N 473-Լ)
12. Ծրագրի հիմնական պայմաններն են՝
1) հիփոթեքային վարկը տրամադրվել է գործընկեր կազմակերպության կողմից.
2) հիփոթեքային վարկի նվազագույն ժամկետը 120 ամիս է.
3) հիփոթեքային վարկը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության դրամով.
4) կառուցապատվող անշարժ գույքի (բնակելի տան) նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառուների անվամբ՝ օրենքով սահմանված կարգով.
5) վարկը տրամադրվել է փուլերով, և յուրաքանչյուր հաջորդ փուլով վարկի տրամադրման համար հիմք է հանդիսանում նախորդ փուլում տրամադրված վարկի գումարի նպատակային օգտագործումը:
(12-րդ կետը խմբ. 06.04.23 N 473-Լ)
13. Սույն ծրագրով նախատեսված աջակցությունն ամբողջությամբ դադարում է հետևյալ դեպքերում․
1) հիփոթեքային վարկի ամբողջական մարման դեպքում.
2) հիփոթեքային վարկի գործողության ընթացքում գույքի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձանց անունով գրանցելու դեպքում (անկախ բաժնեմասի չափից)՝ բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետի.
3) (ենթակետն ուժը կորցրել է 06.10.22 N 1562-Լ)
4) հիփոթեքային վարկի գործողության ընթացքում շահառուի (վարկառուի) մահվան դեպքում, եթե շահառուի ժառանգը շահառուի ամուսինը կամ երեխան չէ.
5) հիփոթեքային վարկի գործողության ընթացքում տվյալ վարկի գծով 90 օրվանից ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում.
6) պետության կողմից կատարված ամենամսյա մարումների հանրագումարային արժեքի սահմանված չափը լրանալու դեպքում.
7) սույն ծրագրի 12-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված պահանջը խախտվելու դեպքում:
(13-րդ կետը փոփ. 06.10.22 N 1562-Լ)
14. Սույն ծրագրի 13-րդ կետում նշված դեպքերում դրամական աջակցության վճարումն ամբողջությամբ դադարելու պարագայում՝ դադարելու պահի դրությամբ վճարված պետական աջակցության գումարները ենթակա չեն վերադարձման պետությանը։
15. Անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) հիփոթեքային վարկային պայմանագրի կնքման օրվանից 3 տարվա ընթացքում շահառուի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված ավարտական ակտը հիփոթեքային վարկ տրամադրած կազմակերպություն չներկայացնելու դեպքում՝ դրամական աջակցության վճարումը դադարում է ամբողջությամբ, այդ պահի դրությամբ վճարված պետական աջակցության գումարները ենթակա չեն վերադարձման պետությանը։
(15-րդ կետը լրաց. 06.10.22 N 1562-Լ)
16. Հիփոթեքային վարկի գործողության ընթացքում գույքն օտարելու դեպքում՝ պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը՝ փոխհամաձայնեցված եղանակով կամ դատական կարգով։
5. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ
17. Ծրագրի մոնիթորինգն իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն)` հիմք ընդունելով ծրագրի ընթացքի վերաբերյալ ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշները։
18. Նախարարությունը եռամսյա պարբերականությամբ պաշտոնական կայքէջում հրապարակում է տեղեկատվություն ծրագրում ընդգրկված շահառուների թվի, նրանց տրամադրված պետական աջակցության գումարների վերաբերյալ։
6. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԸ
19. Ծրագրի հիմնական ռիսկերն են՝
1) ծրագրի գծով բյուջետային հատկացումների անբավարարություն՝ պայմանավորված ծրագրի մասով չկանխատեսված բարձր պահանջարկով (ռիսկը կառավարելի է, ըստ անհրաժեշտության, կհատկացվեն լրացուցիչ միջոցներ կամ ծրագրի գծով առկա պահանջարկի ծավալը կբավարարվի ոլորտը կարգավորող լիազոր մարմնի ընդհանուր բյուջետային հատկացումների շրջանակում կամ լրացուցիչ պահանջարկի գնահատականների առկայությամբ կպլանավորվեն դրանց բավարարման անհրաժեշտ ծավալների և ժամկետների գծով պետական միջոցների հնարավորություններին համապատասխան).
2) ծրագրի հանդեպ նվազ հետաքրքրությունը և ցածր պահանջարկը (ռիսկը կառավարելի է, ըստ անհրաժեշտության, համապատասխան փոփոխություններ կկատարվեն ծրագրի հիմնական պայմաններում).
3) անհաղթահարելի ուժը (երկրաշարժ, հրդեհ և այլն)։
20. Ծրագրի կապակցությամբ այլ հիմնական ռիսկեր չեն նույնականացվել։
7. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
21. Ծրագրի շրջանակներում 240 ընտանիքի աջակցություն տրամադրելու համար 2022 թվականին կպահանջվի շուրջ 137.7 մլն դրամ։
22. Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար ֆինանսական միջոցների ավելացման կամ նվազեցման հարցը կքննարկվի տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում՝ հաշվի առնելով ծրագրի գծով նախորդ տարիներին կատարված փաստացի ծախսերը:
8. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
23. Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ցուցաբերել ֆինանսական աջակցություն Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցող ընտանիքներին՝ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման խնդիրները լուծելու նպատակով։
24. Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել՝
1) 2022 թվականին՝ 240 շահառուի.
2) 2023 թվականին՝ 400 շահառուի.
3) 2024 թվականին՝ 560 շահառուի։
(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 06.10.22 N 1562-Լ, 06.04.23 N 473-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
10.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |