«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2002 թվականի N 1907-Ն
«ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական հիմնարկի տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող 61950.0 հազ. դրամ արժողությամբ գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական հիմնարկի տնօրինության՝ 192207.0 հազ. դրամ արժողությամբ շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:
3. Սահմանել, որ՝
ա) «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակն առանց ծնողական խնամքի մնացած ծանր սահմանափակ կարողություններ ունեցող՝ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող՝ 6-18 տարեկան երեխաների և մինչև 18 տարեկանը տվյալ կազմակերպություն կամ միևնույն կանոնադրական նպատակները հետապնդող այլ կազմակերպություն ընդունված և մանկատանը 18 տարին լրացած` նույն ախտաբանական վիճակում գտնվող և նույն ծավալի ծառայությունների կարիք ունեցող՝ հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա լրիվ խնամքի, երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով (մինչև երեխայի՝ կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորվելը, այլընտրանքային խնամքի կազմակերպումը կամ որդեգրումը) կացարանով ապահովումն է։ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան կազմակերպությունում խնամվող երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, սննդով, հագուստով, սպիտակեղենով, կոշկեղենով, անկողնային և անձնական հիգիենայի պարագաներով ապահովումն է, նրանց սոցիալ-հոգեբանական օգնության, առաջնային բժշկական օգնության և սպասարկման, իրավական խորհրդատվության տրամադրման, աջակցող միջոցներով ապահովման, բժշկասոցիալական փորձաքննության կամ ֆունկցիոնալության գնահատման, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղղորդման, աշխատանքային թերապիայի (16 տարեկանից բարձր երեխաների համար), ուսումնադաստիարակչական ծառայությունների, ազատ ժամանցի և սոցիալական ներառմանն ուղղված՝ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանության մասին», «Երեխայի իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված այլ միջոցառումների կազմակերպումն է.
բ) «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝ գորգերի և գորգեղենի արտադրություն և գորգագործության վճարովի ուսուցում, կավե կամ փայտե հուշանվերների արտադրություն և կավագործության կամ փայտամշակման վճարովի ուսուցում, օճառի արտադրություն և արտադրության վճարովի ուսուցում, ինչպես նաև կարի արտադրություն և կարուձևի վճարովի դասընթացների կազմակերպում.
գ) մինչև վերակազմակերպումը՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական հիմնարկին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների:
Նշված հատկացումները ներառվում են վերակազմակերպումից հետո իրավաբանական անձի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում՝ դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:
(3-րդ կետը խմբ. 08.09.16 N 957-Ն, 03.08.23 N 1300-Ն)
4. «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը:
(4-րդ կետը լրաց. 18.11.04 N 1593-Ն)
5. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին՝ մեկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով ապահովել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը:
6. «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն նրան հանձնվող գույքի գրանցման ու հաշվապահների վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական հիմնարկի պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|