ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՊԱՊՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 53166/10)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
21 դեկտեմբերի 2021 թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Պապյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,
և Իլզե Ֆրայվըրթ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Վիկտոր Պապյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2010 թվականի նոյեմբերի 22-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 53166/10),
Կոնվենցիայի 6-րդ և 8-րդ հոդվածների ներքո ներկայացված բողոքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու վերաբերյալ որոշումը,
կողմերի դիտարկումները,
2021 թվականի նոյեմբերի 30-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Սույն գործը վերաբերում է դիմումատուին կաշառք ստանալու համար մեղավոր ճանաչելուն։ Դիմումատուն մասնավորապես պնդել է, որ իր դեմ հարուցված քրեական վարույթն իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և նույն հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի խախտմամբ, քանի որ ինքը դարձել է Ազգային անվտանգության ծառայության թակարդի զոհ, իսկ գործը քննող դատարանը հրաժարվել է լսել վկաներից մեկին։ Դիմումատուն պնդել է նաև, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված՝ անձնական կյանքը հարգելու իր իրավունքը խախտվել է գաղտնի գործակալի հետ իր խոսակցությունն անօրինական կերպով ձայնագրելու հետևանքով։
ՓԱՍՏԵՐԸ
2. Դիմումատուն ծնվել է 1958 թվականին և բնակվում է Երևանում: Նրան ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ պրն Վ. Գևորգյանը, տկն Լ. Սահակյանը և պրն Ե. Վարոսյանը։
3. Կառավարությունը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետև՝ պրն Ե. Կիրակոսյանը։
4. Գործով փաստերը, ինչպես ներկայացրել են կողմերը, կարելի է ամփոփել հետևյալ կերպ:
5. Քննարկվող ժամանակահատվածում դիմումատուն եղել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնի (բաժին) պետ։
6. 2008 թվականի հունվարին՝ չպարզված օրը, դիմումատուի ցուցումով Ա.Պ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ծանրացուցիչ հանգամանքներում անձի վրա հարձակում գործելու փաստի առթիվ։ 2008 թվականի հունվարի 24-ից այդ գործի նախաքննությունը հանձնարարվել է բաժնի քննիչներից մեկին՝ Ս.Խ.-ին։
7. 2008 թվականի մարտին Ա.Պ.-ի պաշտպան Ա.Ս.-ն միջնորդություն է ներկայացրել նշանակելու դատաբժշկական փորձաքննություն՝ որոշելու համար Ա.Պ.-ի կողմից արարքը հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած լինելու հանգամանքը։
8. 2008 թվականի մայիսի 5-ին Ս.Խ.-ն բավարարել է միջնորդությունը և նշանակել է դատահոգեբանական փորձաքննություն։
9. Ըստ դիմումատուի՝ 2008 թվականի մայիսից սկսած՝ Ա.Պ.-ի մայրը՝ Զ.Պ.-ն, բազմիցս կապ է հաստատել Ս.Խ.-ի հետ՝ առաջարկելով որոշակի գումար վճարելու դիմաց մեղմացնել իր որդուն առաջադրված մեղադրանքը, սակայն Ս.Խ.-ն մերժել է առաջարկը։
10. Կառավարությունը, հիմնվելով Մարզային դատարանում Զ.Պ.-ի կողմից տրված ցուցմունքի վրա (տե՛ս ներքևում՝ 37-րդ պարբերությունը), նշել է, որ Զ.Պ.-ն և վերջինիս ամուսինը կաշառքի գումարի առնչությամբ բանակցությունները սկսել են դեռևս փետրվարին։ Հղում կատարելով Զ.Պ.-ի՝ 2008 թվականի հուլիսի 8-ին որպես վկա տրված ցուցմունքին՝ Կառավարությունը պնդել է, որ ի պատասխան Զ.Պ.-ի խնդրանքի՝ Ս.Խ.-ն պահանջել է 5 500 ԱՄՆ դոլար՝ հարցը նրա օգտին լուծելու և նրա որդուն առաջադրված մեղադրանքը փոփոխելու համար։ Մասնավորապես Ս.Խ.-ն նշել է, որ ինքը պահանջվող գումարը պետք է կիսի դատական փորձագետ Մ.Պ.-ի հետ։
11. 2008 թվականի հուլիսի 2-ին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցներից մեկը, որն ըստ երևույթին Ս.Խ.-ի համագյուղացին էր, զանգահարել է նրան և առաջարկել որոշակի գումարի դիմաց օգնել Զ.Պ.-ին, քանի որ վերջինս իր մտերիմներից էր։
12. Ներպետական դատարանում ընթացած վարույթի ընթացքում և Դատարանում ներկայացված մանրամասն հեռախոսային ձայնագրառման համաձայն՝ նույն օրը՝ ժամը 20։40-ին, Ա.Կ.-ն զանգահարել է Զ.Պ-ին և մոտավորապես 7 րոպե տևողությամբ հեռախոսային խոսակցություն է ունեցել նրա հետ։ Դրանից հետո Զ.Պ.-ն երկու անգամ՝ ժամը 23։23-ին և 23։33-ին, զանգահարել է Ս.Խ.-ին, ինչից հետո Ա.Կ.-ն ևս մեկ անգամ՝ ժամը 23։54-ին, զանգահարել է Զ.Պ.-ին, և նրանք 42 րոպե տևողությամբ հեռախոսային խոսակցություն են ունեցել։
13. 2008 թվականի հուլիսի 3-ին՝ մոտավորապես ժամը 9։30-ին, Զ.Պ.-ն նորից է զանգահարել Ս.Խ.-ին։
14. Ըստ դիմումատուի՝ դրանից հետո Զ.Պ.-ն այցելել է Ս.Խ.-ին և կրկին առաջարկել է որոշակի գումարի դիմաց մեղմացնել իր որդու նկատմամբ առաջադրված մեղադրանքը։ Ս.Խ.-ն նախնական համաձայնել է՝ հույս ունենալով, որ Զ.Պ.-ն ի վիճակի չի լինելու բերել պահանջվող գումարը (տե՛ս նաև Ս.Խ.-ի ցուցմունքը ներքևում՝ 35-րդ պարբերության մեջ)։
15. 2008 թվականի հուլիսի 4-ին Զ.Պ.-ն այցելել է Ս.Խ.-ի աշխատասենյակ։ Համապատասխան հեռախոսային ձայնագրառման համաձայն՝ այդ օրը՝ ժամը 9։25-ի և 13։00-ի միջև ընկած ժամանակահատվածում, Ա.Կ.-ի բջջային հեռախոսից Զ.Պ.-ի հեռախոսին կատարվել է տասը հեռախոսային զանգ։
16. Նույն օրը Զ.Պ.-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ, որը գրանցվել է Ա.Կ.-ի կողմից։ Նա նշել է, որ Ս.Խ.-ն իրենից պահանջել է կաշառք՝ իր որդուն առաջադրված մեղադրանքը մեղմացնելու համար՝ սպառնալով հակառակ դեպքում ավելի լուրջ մեղադրանք առաջադրել։ Նա հայտարարության մեջ նաև նշել է, որ ինքը նույն օրը՝ մոտավորապես ժամը 11։25-ին, հանդիպել է Ս.Խ.-ի հետ, որի ընթացքում վերջինս պահանջել է պահանջվող գումարը բերել մինչև ժամը 16։30-ը։
17. Նույն օրը ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան (Վարչական շրջանների դատարան)՝ ստանալու համար Ս.Խ.-ի նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառում, մասնավորապես՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով նախատեսված արտաքին և ներքին դիտման օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվություն։ Համապատասխան միջնորդությունը վերաբերել է Զ.Պ.-ի կողմից ներկայացված հանցագործության մասին այն հաղորդմանը, ըստ որի Ս.Խ.-ն իրենից կաշառք է պահանջել։
18. Նույն օրը Վարչական շրջանների դատարանը բավարարել է միջնորդությունը՝ տալով Ս.Խ.-ի նկատմամբ արտաքին և ներքին դիտում իրականացնելու թույլտվություն երկու ամիս ժամկետով։ Ըստ համապատասխան դատական նիստի արձանագրության՝ Վարչական շրջանների դատարանն ԱԱԾ-ի կողմից ներկայացված միջնորդությունը քննել է ժամը 9։20-ից մինչև 9։40-ն ընկած ժամանակահատվածում։
19. Նույն օրը՝ մոտավորապես ժամը 16։00-ին, Զ.Պ.-ն գնացել է բաժին։ Գումարը նրա մոտ չի եղել, իսկ ԱԱԾ-ն նրա ձեռքի պայուսակի մեջ ձայնագրող սարք է տեղադրել։ Քանի որ Ս.Խ.-ն այնտեղ չի եղել, նրան իր աշխատասենյակում ընդունել է դիմումատուն։ Նրանց խոսակցության ձայնագրառման վերծանման համապատասխան հատվածներն ունեն հետևյալ բովանդակությունը.
«[Զ.Պ.]. Ինձ ուղղակի պետք էր լուրջ խոսել [Ս.Խ.]-ի հետ, որ նա ինձ ժամանակ տա...
[Դիմումատու]. դե ամեն դեպքում եկող երկու օրերը ոչ աշխատանքային են, այնպես որ դու ժամանակ ունես։
[Զ.Պ.]. Ես նույնպես կարծում եմ, որ ժամանակ ունեմ, բայց [Ս.Խ.]-ն չի համաձայնում... Ես պետք է այսօր անպայման հանդիպեմ նրան...իրականում խոսքը ինչ-որ հոգեբանի մասին է...
...
[Դիմումատու]. այսօր ուրբաթ է, ես չգիտեմ [Ս.Խ.]-ն ինչ պայմանավորվածություն է ձեռք բերել [Մ.Պ.]-ի հետ, միգուցե այսօր է ...
[Դիմումատու]. Բայց հետաքրքիր է, ինչպիսին կլինի մյուս կողմի [տուժողի] արձագանքը։ Ինձ թվում է նրանք բողոքել են [Գլխավոր դատախազին]...
[Զ.Պ.]. ... Ես շնորհակալ եմ, որ Դուք [չեք կալանավորել Ա.Պ.-ին] և ճիշտ դիրք եք բռնել...
[Դիմումատու]. Դե այո, նա անչափահաս երեխա է
[Զ.Պ.]. Ինձ համար մի փոքր դժվար է [գտնել] այդ գումարը ...
[Դիմումատու]. Սպասեք, ե՞րբ է գործի վերջնաժամկետը (թվում է, թե ինչ-որ բան է կարդում)։
...
[Զ.Պ.]. Այսինքն ես դեռ ժամանակ ունե՞մ ...
[Դիմումատու]. Կարծում եմ՝ այո: Եկեք ուղղակի սպասենք [Ս.Խ.]-ին, որ նա մեզ ասի, թե ինչ է պայմանավորվել [Մ.Պ.]-ի հետ, որ եթե պետք լինի՝ նրան ասենք, որ զանգահարի [Մ.Պ.]-ին և խնդրի գալ երկուշաբթի։
[Զ.Պ.] . ... հեշտ չէ բերել 5 500 ԱՄՆ դոլար ... հենց նոր զանգահարեցին բանկից և ասացին, որ փոխանցում ունեմ Ռուսաստանից...
[Դիմումատու]. Եթե ցանկանում ես, կարող ես գնալ, որ չուշանաս բանկից ... Ես կասեմ [Ս.Խ.]-ին
...
[Զ.Պ.]. Ըստ [Ս.Խ.]-ի՝ [Մ.Պ.]-ն չի սպասի...
[Դիմումատու]. ... Բանն այն է, որ նրանք [նկատի ունենալով Մ.Պ.-ին և այլ փորձագետների] արդեն մեծ գումարների են սովոր»։
20. Ս.Խ.-ի գալուց հետո նա և Զ.Պ.-ն գնացել են իր աշխատասենյակ։ Նրանց խոսակցության ձայնագրության սղագրության համապատասխան հատվածներն ունեն հետևյալ բովանդակությունը.
«[Զ.Պ.]. ուղղակի 5 500 ԱՄՆ դոլարը չափազանց մեծ գումար է...
...
[Ս.Խ.]. Բեր 5 000 ԱՄՆ դոլարը, համարի, որ 500-ը [ԱՄՆ դոլար] ձեզ նվեր եմ տալիս։
...
[Ս.Խ.]. ... 500-ը [ԱՄՆ դոլար] պետք չէ։ Եթե ինչ-որ բան մնա ... [այն կուղղվի] մեր բաժնին, մեր պետին [դիմումատու], եթե նա հանկարծ դեմ լինի ...»։
21. 2008 թվականի հուլիսի 7-ին ԱԱԾ-ն Վարչական շրջանների դատարանից ստացել է Ս.Խ.-ի նկատմամբ «կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու թույլտվություն [տե՛ս ներքևում՝ 58-րդ պարբերությունը]։
22. Նույն օրը ԱԱԾ-ն իրականացրել է գաղտնի գործողություն։ Նրանք Զ.Պ.-ին տվել են ձայնագրող սարք և հատուկ քիմիական նյութով մշակված և միայն ուլտրամանուշակագույն լույսի ներքո տեսանելի հատուկ նշումով թղթադրամներ՝ դրանք Ս.Խ.-ին հանձնելու համար։
23. Նույն օրը Զ.Պ.-ն գնացել է բաժին։ Նա հանդիպել է դիմումատուին, որը գտնվել է դրսում և նստելիս է եղել իր մեքենան։ Դիմումատուն Զ.Պ.-ի հետ վերադարձել է շենք և ընդունել նրան իր աշխատասենյակում։ Ըստ իրենց տված ցուցումների՝ Զ.Պ.-ն ձայնագրել է իրենց խոսակցությունը (տե՛ս ներքևում՝ 37-րդ պարբերությունը)։ Զ.Պ.-ն ասել է, որ պահանջված գումարն իր մոտ է և առաջարկել է այն տալ դիմումատուին, սակայն վերջինս նախընտրել է սպասել Ս.Խ.-ին։ Այնուհետև Ս.Խ.-ն ներս է մտել դիմումատուի աշխատասենյակ և Զ.Պ.-ին ուղեկցել իր աշխատասենյակ։ Ըստ դիմումատուի՝ Զ.Պ.-ի և Ս.Խ.-ի միջև հանդիպումն ավարտվել է նրանով, որ վերջինս հրաժարվել է վերցնել գումարը։ Կառավարությունը պնդել է, որ Զ.Պ.-ն Ս.Խ.-ին գումարը հանձնել է նրա աշխատասենյակում։
24. Ս.Խ.-ի աշխատասենյակում վերջինիս և Զ.Պ.-ի միջև տեղի ունեցած խոսակցության ձայնագրության սղագրության համապատասխան մասերն ունեն հետևյալ բովանդակությունը.
«[Զ.Պ.]. Շա՞տ եմ ուշացել։
[Ս.Խ.]. ... արդեն ուշացել ես, որովհետև [նա] [ենթադրաբար նկատի ունենալով Մ.Պ.-ին] զանգահարել է:
...
[Զ.Պ.]. Դուք պետք է զանգահարեիք...
...
[Ս.Խ.]. Անկեղծ ասած, ես այնքան եմ հոգնել այս գործից...
[Զ.Պ.]. Դուք պետք է զանգեիք, որ ասեիք, թե ինչ է տեղի ունեցել...
[Ս.Խ.]. Ի՞նչ ես ուզում, որ ես քեզ ասեմ։
[Զ.Պ.]. [Մ.Պ.]-ն ասել է, որ դա անհնա՞ր է։
[Ս.Խ.]. Ոչ, ես եմ զանգել նրան, որ ասեմ՝ պետք չէ։
[Զ.Պ.]. Ինչու՞ եք զանգել։
...
[Զ.Պ.]. Վստահ չէի՞ք, որ գալու եմ։
[Ս.Խ.]. Ոչ, վստահ չէի։
...
...
[Ս.Խ.]. [Մ.Պ.]-ն զանգահարել է հարցնելու, թե ինչ պետք է անի... Ես նրան ասել եմ, որ գրի այնպես, ինչպես որ կա։
[Զ.Պ.]. ... Ես բերել եմ գումարը, տա՞մ։
[Ս.Խ.]. ... հիմա գնա տուն, ես մեկ ժամից կզանգեմ։
[Զ.Պ.]. Հիմա ես գումարը տա՞մ, թե հետս տանեմ նորից։
[Ս.Խ.]. Չէ, տար։
...
[Ս.Խ.]. .... Դու [գումարը] վերցրու տար, ես հիմա [Մ.Պ.]-ի հետ կզանգեմ կզրուցեմ: Եթե հանկարծ ոչ մի բան արած չեղավ, [եզրակացությունը] հասցրած չի լինի, կգամ ձեր տնից կվերցնեմ, կիջնեմ իրա մոտ:
[Զ.Պ.]. Պետք չէ գալ իմ տուն...
[Ս.Խ.]. Մեկ ժամից քեզ կասեմ էլի (լսվում է պայուսակի բացվելու կամ փակելու ձայն)...
[Ս.Խ.]. ... Մի ժամից ես կզանգեմ։
[Զ.Պ.]. Հուսով եմ ամեն ինչ լավ կլինի։
[Ս.Խ.]. Գիտեք իմ տրամադրվածությունը ձեր նկատմամբ։
[Զ.Պ.]. Գիտեմ։
[Ս.Խ.]. Ես անում եմ անհնարինը [օգնելու] համար։
[Զ.Պ.]. Լավ, այդ դեպքում ես գնամ...»։
25. Հենց որ Զ.Պ.-ն շենքից դուրս է եկել, ԱԱԾ աշխատակիցները մտել են Ս.Խ.-ի աշխատասենյակ, որտեղ եղել են դիմումատուն և Ս.Խ.-ն։ ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են աշխատասենյակը և բազմոցի տակ հայտնաբերել նշագրված գումարը։ Խուզարկությունից հետո կազմվել է «որպես կաշառք վերցված գումարը հայտնաբերելու մասին» արձանագրություն, որի համաձայն՝ նշագրված թղթադրամները հայտնաբերվել են Ս.Խ.-ի աշխատասենյակի բազմոցի մեջ գտնվող Քրեական օրենսգրքի մեջ։ Հատուկ սարքի միջոցով Ս.Խ.-ի մատների և Օրենսգրքի համապատասխան էջերի վրա հայտնաբերվել է քիմիական հատուկ նյութը, որով մշակված են եղել թղթադրամները։ Արձանագրությունը պարունակել է երկու ընթերակաների՝ Ա.Վ.-ի և Գ.Մ.-ի ստորագրությունները։ Ըստ դիմումատուի՝ խուզարկության ընթացքում որևէ ընթերակա ներկա չի եղել, և նրանց ստորագրություններն ավելացվել են հետագայում։
26. Նույն օրը Հատուկ քննչական ծառայությունը կաշառք ստանալու փաստի առթիվ քրեական գործ է հարուցել դիմումատուի և Ս.Խ.-ի նկատմամբ։
27. 2008 թվականի հուլիսի 10-ին դիմումատուին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։ Համապատասխան որոշման մեջ նշվել է, որ դիմումատուն և Ս.Խ.-ն կաշառք են ստացել Զ.Պ.-ից։ Որոշման համաձայն՝ դիմումատուն Ս.Խ.-ի միջոցով Զ.Պ.-ից կաշառք է վերցրել 2008 թվականի հուլիսի 7-ին՝ մոտավորապես ժամը 17։00-ին՝ վերջինիս հետ նախնական համաձայնությամբ։
28. Հյուսիսային քրեական դատարանի 2008 թվականի հոկտեմբերի 29-ի դատավճռով Ա.Պ.-ն դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման։
29. Նախաքննության ընթացքում Ս.Խ.-ն հրաժարվել է որևէ ցուցմունք տալուց մինչև 2008 թվականի նոյեմբերի 27-ը, երբ նա պնդել է, inter alia (ի թիվս այլնի), որ Զ.Պ.-ն իրեն բազմիցս կաշառք է առաջարկել, բայց ինքն անընդհատ մերժել է։ 2008 թվականի հուլիսի 7-ին Զ.Պ.-ն իր աշխատասենյակում իրեն գումար է առաջարկել, սակայն ինքը հրաժարվել է վերցնել՝ ասելով, որ մեկ ժամից կպատասխանի։ Այնուամենայնիվ, չնայած իր մերժումներին, Զ.Պ.-ն գումարը դրել է իր գրասեղանի վրա և հեռացել։
30. Քննիչի կողմից հարցաքննվելու ժամանակ դիմումատուն նշել է, inter alia, որ գումարը հայտնաբերելու պահին ինքը գտնվել է Ս.Խ.-ի հետ վերջինիս աշխատասենյակում, սակայն իր այնտեղ գտնվելը կապ է ունեցել այլ քրեական գործի հետ։
31. 2008 թվականի դեկտեմբերի 22-ին հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և գործն ուղարկվել է Հյուսիսային քրեական դատարան՝ ըստ էության քննության համար։
32. 2009 թվականի փետրվարի 27-ին՝ օրենսդրական փոփոխությունների արդյունքում գործը քննության է փոխանցվել Կոտայքի մարզային դատարան (Մարզային դատարան)։
33. Դատաքննության ընթացքում ո՛չ Ս.Խ.-ն, ո՛չ էլ դիմումատուն չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները։
34. Մարզային դատարանում իր տված ցուցմունքում դիմումատուն պնդել է, որ Ա.Պ.-ի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը սկսվել է 2008 թվականի հունվարից։ Սակայն միայն ամիսներ անց՝ պաշտպանի՝ այդ առնչությամբ միջնորդություն ներկայացնելուց հետո է ծագել այն հարցը, թե արդյոք Ա.Պ.-ն հանցանքը կատարել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, թե՝ ոչ: Դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշումը քննարկվել և համաձայնեցվել է ոստիկանության վերադասների և դատախազների հետ։ Նա նշել է նաև, որ Զ.Պ.-ի հետ 2008 թվականի հուլիսի 4-ին ունեցած իր խոսակցության բովանդակությունից ակնհայտ է, որ ինքը չի եղել նախաձեռնողը, և որ ինքը պարզապես հարցեր է տվել կամ կրկնել այն, ինչը Զ.Պ.-ն արդեն ասել էր:
35. Մարզային դատարանում տված իր ցուցմունքում Ս.Խ.-ն նշել է, inter alia, որ նախաքննության առաջին իսկ ամիսներից Զ.Պ.-ն աչքի էր ընկնում որդուն ամեն հնարավոր ճանապարհով արդարացնելու և ամեն գնով օգնելու ցանկությամբ։ Նա նշել է, որ ինքը Մ.Պ.-ի հետ ծանոթ չի եղել նախքան այդ գործը։ Փորձաքննություն նշանակելու որոշումից հետո Զ.Պ.-ն ավելի է ակտիվացել, որդու արարքը վերաորակելու խնդրանքով սկսել է առավել հաճախ անհանգստացնել իրեն: Մինչև 2008 թվականի հունիսի 10-ը Զ.Պ.-ի գործողությունները դարձել են անտանելի. ինքը նույնիսկ ստիպված նրան կոպտել է, որովհետև վերջինիս այցերն ու զանգերն արդեն խանգարում էին իր աշխատանքին: Դրանից հետո նրա զանգերը և այցերը դադարել են: Ինքը նրանից ոչ մի լուր չի ստացել մինչև 2008 թվականի հուլիսի 2-ը, երբ անակնկալի է եկել՝ զանգ ստանալով ԱԱԾ-ի աշխատակից Ա.Կ.-ից, որին ինքը ճանաչում էր, քանի որ համագյուղացիներ էին։ Ա.Կ.-ն այն աշխատակիցն էր, որը հետագայում գրանցել էր Զ.Պ.-ի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը և նախապատրաստել նյութեր։ Այնուհետև Ս.Խ.-ն նշել է, որ չի ցանկանում վերարտադրել իրենց խոսակցության բովանդակությունը, բայց կարծում է, որ այն բոլորի համար հասկանալի է։ Այդ խոսակցությունից անմիջապես հետո Զ.Պ.-ն զանգահարել և եկել է իր մոտ՝ արդեն առաջարկելով գումար՝ իր որդուն առաջադրված մեղադրանքները փոփոխելու համար։ Մինչ այդ գումարի մասին որևէ խոսակցություն չի եղել։ Նա որոշել է ազատվել Զ.Պ.-ից և նրան ասել է, որ կօգնի նրան՝ համոզված լինելով, որ նա ի վիճակի չի լինելու գտնել իր առաջարկած գումարը։ Դա միակ միջոցն էր նրա համառությունից գլուխն ազատելու համար, բայց միևնույն ժամանակ կստացվեր նաև, որ նրա և նրա համար խնդրած մարդկանց չի մերժել։ 2008 թվականի հուլիսի 7-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած խոսակցության ընթացքում ինքը փորձել է բացատրել Զ.Պ.-ին, որ չափազանց ուշ է հանցանքը վերաորակելու համար, բայց նա շարունակել է պնդել, որ թողնի գումարը։ Վերջում ինքը չի համաձայնել։
36. Մարզային դատարանը լսել է երեք վկայի՝ Զ.Պ.-ին, դատահոգեբան փորձագետ Մ.Պ.-ին և Ա.Ս.-ին՝ Ա.Պ.-ի պաշտպանին։
37. Մարզային դատարանում հարցաքննության ընթացքում Զ.Պ.-ն նշել է, iner alia, որ Ս.Խ.-ի հետ կաշառքի վերաբերյալ խոսակցություններն սկսվել են 2008 թվականի հունվարի վերջերին կամ փետրվարի սկզբներին։ Ըստ ամուսնու՝ սկզբում Ս.Խ.-ն պահանջել է 7 000 ԱՄՆ դոլար, ինչին իր ամուսինը չի համաձայնել։ 2008 թվականի ապրիլի 20-ին ամուսնու՝ Ռուսաստան մեկնելուց առաջ ինքը և ամուսինը մտել են դիմումատուի մոտ՝ խնդրելու վերցնել 4 000 ԱՄՆ դոլար, սակայն դիմումատուն պնդել է, որ դա բավարար չէ։ 2008 թվականի հունիսի 4-ին Ս.Խ.-ն իրենց ասել է, որ Մ.Պ.-ն 3 000 ԱՄՆ դոլար է պահանջում։ Իրենց հետագա խոսակցությունների ընթացքում Ս.Խ.-ն իջեցրել է գումարի չափը՝ ի վերջո իրենից պահանջելով 5 000 ԱՄՆ դոլար: Այդ ժամանակ էլ՝ 2008 թվականի հուլիսի 4-ին, ինքը դրա մասին հաղորդել է ԱԱԾ-ին։ ԱԱԾ-ի աշխատակիցներն առաջարկել են, որ վերցնի քննիչին հանձնման ենթակա 5 000 ԱՄՆ դոլարը ու իրենց տրամադրված սարքի միջոցով ձայնագրի գումարը տալու ժամանակ իր և քննիչների միջև տեղի ունեցող խոսակցությունները։ Նա նաև նշել է, որ 2008 թվականի հուլիսի 7-ին դիմումատուն հրաժարվել է իրենից վերցնել գումարը և իրեն այդ հարցով ուղղորդել է Ս.Խ.-ի մոտ։ Երբ նա գումարը հանել է պայուսակից, Ս.Խ.-ն անմիջապես իրենից չի վերցրել գումարը, քանի որ «կարծես վախենում էր»։ Ինքը գումարը դրել է սեղանին, Ս.Խ.-ն դրա վրա դրել է Օրենսգիրքը՝ այն քաշելով դեպի կողք։ Դրանից հետո հեռանալիս նա դիմումատուին տեսել է միջանցքում։
38. Իր ցուցմունքի մեջ Մ.Պ.-ն մասնավորապես պնդել է, որ Ս.Խ.-ին և Զ.Պ.-ին հանդիպել է Ա.Պ.-ի նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին 2008 թվականի մայիսի 5-ի որոշումն ստանալուց հետո։ Ինչ-որ պահի Զ.Պ.-ն փորձել է հետաքրքրվել ներկայացվող եզրակացության բովանդակությամբ, ինչին ի պատասխան Մ.Պ.-ն նրան խնդրել է սպասել, մինչև քննիչը ստանա եզրակացությունը։ Զ.Պ.-ն երբեք իրեն որևէ գումար չի առաջարկել, և ոչ էլ Մ.Պ.-ին ասել է Ս.Խ.-ի հետ իր այդպիսի պայմանավորվածություն ունենալու մասին։
39. Հարցաքննվելու ժամանակ Ա.Ս.-ն նշել է, inter alia, որ Զ.Պ.-ն իրեն խնդրել է հանդիպել Ս.Խ.-ի և Մ.Պ.-ի հետ, սակայն ինքը չի համաձայնել։ Զ.Պ.-ի պահանջով ինքը ներկայացրել է դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու միջնորդություն։ Ս.Խ.-ին ձերբակալելուց հետո Զ.Պ.-ն նշել է հետևյալը. «Կտուժե՞ր, եթե վերցրած լիներ գումարը»։ Նախաքննության ընթացքում Զ.Պ.-ն և նրա ամուսինը պատրաստ էին անել ամեն բան՝ թույլ չտալու համար, որ իրենց որդին մեղավոր ճանաչվի։ Իր ներկայությամբ, սակայն, նախաքննության ընթացքում որևէ մեկի կողմից իրենցից գումար պահանջելու մասին որևէ խոսակցություն չի եղել։
40. 2009 թվականի սեպտեմբերի 8-ին դիմումատուն միջնորդություն է ներկայացրել Մարզային դատարան՝ ուսումնասիրելու համար 2008 թվականի հուլիսի 4-ին և 7-ին իրականացված գաղտնի գործողությունների ձայնագրությունների բնօրինակները՝ պարզելու համար, թե արդյոք դրանք ենթարկվել են փոփոխությունների, թե՝ ոչ։ Նա, մասնավորապես, պնդել է, որ ձայնագրությունների տևողությունն ավելի կարճ է, քան ցույց են տալիս դրանց վրա կատարված գրառումները։ Այս միջնորդությունը մերժվել է։
41. 2009 թվականի սեպտեմբերի 21-ին դիմումատուի պաշտպանը հարցման է ենթարկել 2008 թվականի հուլիսի 8-ին որպես ընթերակա հանդես եկած անձանցից մեկին՝ Ա.Վ.-ին (տե՛ս վերևում՝ 25-րդ պարբերությունը), որն այդ օրը պատահաբար անձնագրի հետ կապված գործով ոստիկանության բաժնում էր։ Նա նշել է, inter alia, որ խուզարկության ընթացքում Ս.Խ.-ի աշխատասենյակում շատ մարդ է եղել և դժվար է եղել հետևել բոլոր խուզարկողների գործողություններին։ Այդ պահին ինքը դուրս է եկել, քանի որ սրտի հետ կապված խնդիրների պատճառով դժվարացել է շնչել։ Մեկ ժամ հետո, երբ Ա.Վ.-ն եղել է միջանցքում, երիտասարդը (ըստ երևույթին այն ոստիկանը, որը խնդրել էր նրան մասնակցել գործողությանը) նրան ասել է, որ գտել են գումարը և նրան ներս է ուղեկցել։ Այդ օրը ինքը ոչինչ չի ստորագրել։ Ավելի ուշ ԱԱԾ աշխատակիցները փնտրել են նրան։ Նրան ի վերջո տարել են Գլխավոր դատախազություն՝ քննիչի մոտ, որին երկու անգամ հանդիպել էր։ Այնուհետև ինքն ինչ-որ թղթեր է ստորագրել։
42. 2009 թվականի սեպտեմբերի 22-ին դիմումատուն միջնորդել է հրավիրել Ա.Վ.-ին՝ դատարանում հարցաքննելու համար։ Նա պնդել է, որ իրականում Ա.Վ.-ն ներկա չի եղել և արձանագրությունը ստորագրել է ավելի ուշ։
43. 2009 թվականի սեպտեմբերի 23-ին դիմումատուն խնդրել է, որ կանչվի նաև երկրորդ ընթերական՝ Գ.Մ.-ն։
44. Այդ միջնորդությունները մերժվել են Մարզային դատարանի կողմից։
45. 2009 թվականի սեպտեմբերի 23-ի դատական նիստի ընթացքում դիմումատուն ներկայացրել է Ա.Վ.-ի առանձին հարցման արձանագրությունը (տե՛ս վերևում՝ 41-րդ պարբերությունը)՝ պահանջելով այն ներառել ապացույցների մեջ։ Մարզային դատարանը հրաժարվել է համապատասխան արձանագրությունը կցել ապացույցներին։
46. 2009 թվականի հոկտեմբերի 30-ին դիմումատուն ներկայացրել է միջնորդություն՝ պահանջելով, inter alia, որ «որպես կաշառք վերցված գումարը հայտնաբերելու» վերաբերյալ արձանագրությունը հանվի ապացույցների ցանկից։ Նա մասնավորապես պնդել է, որ Ս.Խ.-ի աշխատասենյակը փաստացի խուզարկվել է առանց դատարանի թույլտվության։
47. 2010 թվականի փետրվարի 25-ին Մարզային դատարանը դիմումատուին և Ս.Խ.-ին 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով մեղավոր է ճանաչել կաշառք ստանալու համար և դիմումատուի նկատմամբ նշանակել է ազատազրկում՝ ութ տարի ժամկետով։ Այն հիմնվել է հետևյալ ապացույցների վրա. Զ.Պ.-ի ցուցմունքը, Զ.Պ.-ի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը, Զ.Պ.-ի կողմից արված՝ Ս.Խ.-ի և Զ.Պ.-ի հետ ունեցած իր խոսակցությունների ձայնագրությունների սղագրությունները, «որպես կաշառք վերցված գումարը հայտնաբերելու» վերաբերյալ արձանագրությունը, Մ.Պ.-ի և Ա.Ս.-ի ցուցմունքները, 2008 թվականի հուլիսի 7-ի գործողության տեսաձայնագրությունը, ինչպես նաև այլ անուղղակի ապացույցներ, ինչպիսիք են օրինակ՝ Ա.Պ.-ի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, Զ.Պ.-ի և Մ.Պ.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումները, ինչպես նաև մի շարք այլ քննչական գործողությունների արձանագրություններ։ Միևնույն ժամանակ Մարզային դատարանը հրաժարվել է բավարարել դիմումատուի՝ «որպես կաշառք վերցված գումարը հայտնաբերելու» վերաբերյալ արձանագրության առնչությամբ ներկայացված միջնորդությունը (տե՛ս վերևում՝ 46-րդ պարբերությունը)։
48. Դիմումատուն ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ պնդելով, inter alia, որ դա ԱԱԾ-ի կողմից կազմակերպված թակարդ է եղել։
49. 2010 թվականի հունիսի 17-ին դիմումատուն միջնորդել է հրավիրել Ա.Վ.-ին։ Նույն օրը Վերաքննիչ քրեական դատարանը (Վերաքննիչ դատարան) բավարարել է այդ միջնորդությունը։
50. 2010 թվականի հունիսի 24-ին Վերաքննիչ դատարանը նշել է, որ պաշտոնական գրություն է ստացել Գառնիի համայնքապետարանից՝ այն գյուղից, որտեղ բնակվում էր Ա.Վ.-ն, որտեղ նշված է եղել, որ նրանք չգիտեն Ա.Վ.-ի գտնվելու վայրը։
51. Դիմումատուն խնդրել է վկա Ա.Վ.-ին բերման ենթարկել դատարան։ Վերաքննիչ դատարանը մերժել է այս միջնորդությունը և ընթերցել է Ա.Վ.-ի մինչդատական ցուցմունքները։
52. Վերաքննիչ դատարանի վարույթի ընթացքում Ս.Խ.-ն նշել է, որ ցանկանում է լրացնել Մարզային դատարանում իր տված ցուցմունքը, քանի որ իր պաշտպանները վերջապես կարողացել են Զ.Պ.-ի զանգերի սղագրությունները ներառել ապացույցների շրջանակում, որպեսզի ինքը կարողանա պատշաճ ձևով հիմնավորել թակարդի վերաբերյալ իր պնդումը։ Նա նշել է, որ 2008 թվականի հուլիսի 2-ին ԱԱԾ աշխատակից Ա.Կ.-ն զանգահարել է իրեն և ասել, որ Զ.Պ.-ն իր մտերիմներից է և խնդրել է, որ չմերժի, եթե նա գումար առաջարկի և նրա որդուն օգնելու համար անի ամեն հնարավոր բան՝ դրա դիմաց վերցնելով որոշակի գումար։ Ա.Կ.-ն նաև նշել է, որ Զ.Պ.-ն դժգոհ է եղել, որ Ս.Խ.-ն իր հետ այդպիսի խոսակցության մեջ չի մտել։ Ս.Խ.-ն այնուհետև նշել է, որ Ա.Կ.-ի խնդրանքը խնդրահարույց էր, քանի որ մի կողմից` վերջինս իր համագյուղացին էր, իսկ մյուս կողմից՝ Ա.Պ.-ի մեղադրանքները չէին կարող փոփոխվել, ուստի ինքը չէր կարող և չէր ցանկանում Զ.Պ.-ի հետ գումարի վերաբերյալ որևէ խոսակցության մեջ մտնել։ Գիտակցելով, որ ԱԱԾ աշխատակցի խնդրանքն ուղղակիորեն մերժելը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների՝ նա որոշել է գումար չվերցնել Զ.Պ.-ից՝ միևնույն ժամանակ ձևացնելով, թե փորձում է օգնել նրան: Ս.Խ.-ն, հղում կատարելով Զ.Պ.-ի հետ 2008 թվականի հուլիսի 7-ին տեղի ունեցած իր խոսակցության ձայնագրության սղագրությանը (տե՛ս վերևում՝ 24-րդ պարբերությունը), նշել է, որ ինքը հրաժարվել է վերցնել գումարը և դուրս է հրավիրել նրան իր աշխատասենյակից՝ խոստանալով շարունակել նրա որդուն օգնելուն ուղղված իր ջանքերը՝ հաջողության հասնելու դեպքում նրան խնդրելով բերել գումարը։ Նա այդպես է վարվել, որպեսզի կարողանար հետագայում Ա.Կ.-ի մոտ արդարանալ, որ արել է հնարավոր ամեն բան նրա խնդրանքը կատարելու համար, սակայն չի ստացվել։
53. 2010 թվականի հուլիսի 30-ին Վերաքննիչ դատարանը մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը։ Այն գտել է, որ գործի նյութերով մասնավորապես հաստատվել է այն փաստը, որ հատուկ սարքավորման օգտագործմամբ Ս.Խ.-ի մատների վրա հայտնաբերվել են համապատասխան քիմիական նյութի հետքերը (տե՛ս վերևում՝ 25-րդ պարբերությունը), և այն, որ Ս.Խ.-ն Զ.Պ.-ից գումար է վերցրել։ Առկա չեն ապացույցներ, որոնք կվկայեն, որ դիմումատուին կամ Ս.Խ.-ին ստիպել են կամ այլ կերպ դրդել կաշառք վերցնել։ Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ Զ.Պ.-ն և նրա ամուսինը Ս.Խ.-ի և դիմումատուի հետ կաշառքի վերաբերյալ խոսակցությունները սկսել են 2008 թվականի հունվար-փետրվար ամիսներին։ Ավելին, Զ.Պ-ն կանոնավոր մուտք է ունեցել բաժին՝ խոսելու վճարման եղանակների և այլնի մասին, մինչդեռ Ս.Խ.-ն երբևէ իրավասու մարմիններին չի դիմել իր վրա որևէ ճնշում գործադրվելու առնչությամբ։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ հոգեբանական ճնշման տակ գտնվել են Զ.Պ.-ն, նրա ամուսինը և նրանց անչափահաս որդին և ոչ թե քննիչները, քանի որ, ինչպես վկայում են Զ.Պ.-ի ցուցմունքները, Ս.Խ.-ն սպառնացել է ավելի ծանր մեղադրանքներ առաջադրել, եթե նրանք հրաժարվեն գումարը տալուց։ Վերաքննիչ դատարանը համարել է, որ առկա չէ ԱԱԾ-ի կողմից կաշառքի պրովոկացիայի վերաբերյալ որևէ ապացույց, քանի որ Ս.Խ.-ն Մարզային դատարանում չի հրապարակել Ա.Կ.-ի հետ իր խոսակցության բովանդակությունը, մինչդեռ Վերաքննիչ դատարանում նրա կողմից տրված բացատրությունները եղել են իրարամերժ։ Այսինքն՝ մի դեպքում Ս.Խ.-ն պնդել է, որ Ա.Կ.-ն իրեն խնդրել է Զ.Պ.-ից գումար վերցնել, իսկ մյուս դեպքում պնդել է, որ ինքը Զ.Պ.-ից գումար չի վերցրել։ Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ Զ.Պ.-ն չի դրդել վերցնել կաշառք, այլ փաստացի կաշառք է տվել, որը քրեական օրենսդրությամբ պատժելի հանցանք է, սակայն քանի որ նա կամովին այդ մասին հայտնել է իրավասու մարմիններին, չէր կարող ենթարկվել քրեական պատասխանատվության։
54. 2010 թվականի օգոստոսի 30-ին դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք՝ բերելով համանման փաստարկներ, ինչ Վերաքննիչ դատարան իր ներկայացրած վերաքննիչ բողոքում:
55. 2010 թվականի հոկտեմբերի 6-ին Վճռաբեկ դատարանը մերժել է դիմումատուի բողոքը՝ այն անհիմն լինելու պատճառաբանությամբ։
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Ա. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքը
56. 21-րդ հոդվածով սահմանվում է, որ արտաքին դիտումը, առանց բնակարանի անձեռնմխելիության խախտման, անձանց հետևելը կամ առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքի վերահսկումն է բաց տարածությունում կամ հասարակական վայրերում` հատուկ և այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց, ինչպես նաև դիտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց:
57. 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ներքին դիտումը բնակարանում հատուկ և այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց անձին (անձանց) հետևելն ու առանձին դեպքերի և իրադարձությունների ընթացքի վերահսկումն է, ինչպես նաև դիտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, լուսանկարահանման, էլեկտրոնային և այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց:
58. 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը` որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում, կարող է իրականացվել միայն կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործության բացահայտման համար՝ բացառապես կաշառք ստանալու կամ կաշառք տալու առաջարկ ստացած անձի գրավոր հայտարարության հիման վրա:
59. 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արտաքին դիտումը, կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը կարող են անցկացվել միայն դատարանի թույլտվությամբ:
60. 40-րդ հոդվածի համաձայն՝ եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում ձեռք են բերվում այնպիսի տեղեկություններ, նյութեր և փաստաթղթեր, որոնք չեն վերաբերում այն անձին, որի նկատմամբ իրականացվում են այդ միջոցառումները, և որոնց ստացումը նախատեսված չէր տվյալ միջոցառումներն անցկացնելու մասին որոշմամբ, ապա դրանք ապացույցներ չեն և ենթակա են ոչնչացման, բացառությամբ, եթե`
1) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները գործել են բարեխղճորեն, և
2) ստացված տեղեկությունները պարունակում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կամ դրա նախապատրաստման վերաբերյալ տեղեկություններ, և
3) այդ տեղեկությունների ձեռքբերման համար սույն օրենքով թույլատրվում է իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը: Սույն մասով նախատեսված տեղեկությունների, նյութերի և փաստաթղթերի վերաբերյալ կազմվում է առանձին արձանագրություն:
Բ. Քրեական դատավարության օրենսգիրքը
61. 104-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քրեական դատավարության ընթացքում թույլատրվում է օգտագործել միայն այն փաստական տվյալները, որոնք ձեռք են բերվել Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջների պահպանմամբ:
62. 105-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետի համաձայն՝ քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել բռնությամբ, սպառնալիքով, խաբեությամբ, անձին ծաղրի ենթարկելով, ինչպես նաև այլ անօրինական գործողություններով։
63. 106-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փաստական տվյալների` որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը, ինչպես նաև վարույթում դրանց սահմանափակ օգտագործման հնարավորությունը հաստատում է վարույթն իրականացնող մարմինը` սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ: Ապացույցի թույլատրելիությունը հիմնավորելու պարտականությունն ընկած է այն ձեռք բերող կողմի վրա (106-րդ հոդվածի 2-րդ մաս)։
64. 126-րդ հոդվածի համաձայն՝ գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
65. Դիմումատուն բողոքել է, որ իր դեմ հարուցված քրեական վարույթը եղել է անարդարացի, քանի որ կոռուպցիոն բնույթի հանցանքում իրեն մեղավոր ճանաչելը հաստատվել է պրովոկացիայի միջոցով ձեռք բերված ապացույցներով: Նա հիմնվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի վրա, որով, այնքանով, որքանով այն վերաբերելի է սույն գործին, սահմանվում է հետևյալը.
«Յուրաքանչյուր ոք, ... իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի ... տրիբունալի կողմից ....արդարացի ... լսումների իրավունք»։
Ա. Ընդունելիությունը
1. Կողմերի փաստարկները
66. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի կարող Կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն բողոք ներկայացնել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իր իրավունքների խախտման առնչությամբ: Կառավարությունը մասնավորապես նշել է, որ դիմումատուն երբեք անմիջական կապի մեջ չի եղել Զ.Պ.-ի կամ որևէ այլ անձի հետ, ոչ էլ երբևէ նրա հետ կապ է հաստատել որևէ պետական մարմին կամ պաշտոնատար անձ: Նույնիսկ եթե ենթադրենք, որ ԱԱԾ-ի կողմից Զ.Պ.-ի միջոցով ինչ-որ կաշառքի պրովոկացիա է եղել, պրովոկացիայի ենթադրյալ զոհը կլիներ Ս.Խ.-ն, այլ ոչ թե դիմումատուն։
67. Կառավարությունն այնուհետև պնդել է, որ Զ.Պ.-ն իր ներկայացրած հայտարարության մեջ նշել է միայն Ս.Խ.-ի մասին։ Միայն այն բանից հետո, երբ Զ.Պ.-ն ձայնագրել է 2008 թվականի հուլիսի 8-ին դիմումատուի հետ ունեցած իր խոսակցությունը, պարզվել է, որ վերջինս տեղյակ է եղել Ս.Խ.-ի անօրինական գործողությունների մասին և նույնպես ներգրավված է դրանցում:
68. Դիմումատուն պնդել է, որ հանցանքի կատարման համար իրեն մեղավոր ճանաչելն ուղղակիորեն բխում է այն հանցանքից, որի կատարմանը դրդել է ԱԱԾ-ն մասնավոր անձի միջոցով, որը գործել է դրա հսկողության և ցուցումների ներքո:
2. Դատարանի գնահատականը
69. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի կարող պնդել, որ ինքը դարձել է ենթադրյալ թակարդի զոհ, քանի որ նա երբեք անմիջական կապի մեջ չի եղել իրավասու մարմինների կամ Զ.Պ.-ի հետ: Կառավարության կարծիքով գոնե Ս.Խ.-ն, այլ ոչ թե դիմումատուն կարող է պնդել, որ դարձել է թակարդի զոհ (տե՛ս վերևում՝ 66-րդ պարբերությունը)։
70. Դատարանն ընդունել է, որ անձը կարող է թակարդի զոհ դառնալ նաև այն դեպքում, երբ անմիջական կապի մեջ չի եղել ոստիկանության գաղտնի գործող ծառայողների հետ, սակայն հանցագործության մեջ ներգրավվել է հանցակցի կողմից, որին ոստիկանությունն ուղղակիորեն դրդել է կատարել հանցանքը (տե՛ս Աքբայը և այլք ընդդեմ Գերմանիայի [Akbay and Others v. Germany], թիվ 40495/15 և ևս 2, « 117, 2020 թվականի հոկտեմբերի 15՝ համապատասխան ստուգման համար): Ամեն դեպքում, սույն գործով անուղղակի թակարդի խնդիր չի առաջանում հետևյալ պատճառներով.
71. Թեև իսկապես ոչ թե դիմումատուն, այլ Ս.Խ.-ն է անմիջական կապի մեջ եղել ԱԱԾ աշխատակից Ա.Կ.-ի հետ (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը), դիմումատուի՝ թակարդի վերաբերյալ պնդումը վերաբերել է ոչ միայն այն դրվագին, երբ Ա.Կ.-ն զանգահարել է Ս.Խ.-ին և խնդրել է օգնել Զ.Պ.-ին, այլ նաև վերջինիս գործողություններին, որը, ինչպես պնդել է դիմումատուն, գործել է ԱԱԾ-ի հսկողության և ցուցումների ներքո (տե՛ս վերևում՝ 68-րդ պարբերությունը)։ Բացի այդ, չնայած Զ.Պ.-ն հիմնականում շփվել է Ս.Խ.-ի հետ, քանի որ նրան էր ուղղակիորեն հանձնարարված իր որդու գործով նախաքննության իրականացումը, հակառակ Կառավարության պնդմանը (տե՛ս վերևում՝ 66-րդ պարբերությունը)՝ նա առնվազն երկու անգամ անմիջական կապի մեջ է եղել դիմումատուի հետ ևս, մասնավորապես՝ 2008 թվականի հուլիսի 7-ին՝ գաղտնի գործողության օրը, երբ նա առաջարկել է գումարը թողնել դիմումատուի մոտ (տե՛ս 19-րդ և 23-րդ պարբերությունները)։ Սույն գործի ապացույցներից և Կառավարության փաստարկներից (տե՛ս վերևում՝ 19-րդ և 67-րդ պարբերությունները) պարզ է դառնում, որ գաղտնի գործողության օրը ԱԱԾ-ն արդեն ունեցել է տեղեկություն այն մասին, որ դիմումատուն [կաշառքի] հարցի մասին տեղյակ է։ Մարզային դատարանում Զ.Պ.-ի կողմից տրված ցուցմունքից պարզ է դառնում նաև, որ իրեն հանձնարարվել է ձայնագրել կաշառք տալու ժամանակ քննիչների հետ իր խոսակցությունները՝ չառանձնացնելով Ս.Խ.-ին և դիմումատուին (տե՛ս վերևում՝ 37-րդ պարբերությունը)։ Այս եզրահանգումն ավելի է ամրապնդվում այն փաստով, որ թեև գործողությունը թույլատրված է եղել Ս.Խ.-ի առնչությամբ, ինչպես նշվել է ավելի վաղ, Զ.Պ.-ն սկզբում գումարն առաջարկել է դիմումատուին (տե՛ս վերևում՝ 21-րդ և 23-րդ պարբերությունները)։
72. Բացի այդ, Մարզային դատարանը 2010 թվականի փետրվարի 25-ի իր դատավճռով, որը բողոքարկման արդյունքում թողնվել է անփոփոխ, դիմումատուին և Ս.Խ.-ին մեղավոր է ճանաչել որպես նույն հանցագործության հանցակիցներ՝ գտնելով, որ նրանք Զ.Պ.-ից կաշառք են վերցրել իրենց միջև նախնական պայմանավորվածությամբ։ Հատկանշական է այն փաստը, որ ներպետական դատարանները տարբերություն չեն դրել դիմումատուի և Ս.Խ.-ի գործողությունների միջև (տե՛ս վերևում՝ 47-րդ և 53-րդ պարբերությունները):
73. Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Դատարանը համարում է, որ դիմումատուն կարող է պնդել, որ խախտվել են իր՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավունքները։ Հետևաբար այն մերժում է դիմումատուի՝ [թակարդի] զոհի կարգավիճակի վերաբերյալ Կառավարության առարկությունը։
74. Դատարանը նշում է, որ այս բողոքը ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի է Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
75. Դիմումատուն պնդել է, որ Զ.Պ.-ն գործել է որպես սադրիչ գործակալ, քանի որ նախաձեռնել է հանցանքը և գործել է ԱԱԾ-ի վերահսկողության և ցուցումների ներքո։ Նա շահագրգռված է եղել համագործակցել իրավասու մարմինների հետ, քանի որ իր որդուն մեղադրանք է առաջադրված եղել ծանր հանցագործության կատարման համար, որը պատժվում է երեքից յոթ տարի ազատազրկմամբ: Ի վերջո, Զ.Պ.-ի որդին դատապարտվել է մեկ տարվա պայմանական ազատազրկման։ Դիմումատուն պնդել է, որ ինքն արդյունավետ հնարավորություն չի ունեցել ներպետական դատարաններում բարձրաձայնելու թակարդի վերաբերյալ իր պնդումը։
76. Կառավարությունը պնդել է, որ Զ.Պ.-ն գործել է սեփական նախաձեռնությամբ՝ նախապես չտեղեկացնելով իրավասու մարմիններին։ ԱԱԾ աշխատակիցները ներգրավվել են գործում միայն այն բանից հետո, երբ Զ.Պ.-ն 2008 թվականի հուլիսի 4-ին իրենց հաղորդում է ներկայացրել Ս.Խ.-ի մասին (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը)։ Հղում կատարելով Զ.Պ.-ի կողմից ներկայացված ապացույցներին (տե՛ս վերևում՝ 37-րդ պարբերությունը)՝ Կառավարությունը պնդել է նաև, որ դիմումատուն և Ս.Խ.-ն համաձայնել են կաշառք վերցնել Զ.Պ.-ից դեռևս 2008 թվականի փետրվարին։
77. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի և Զ.Պ.-ի միջև 2008 թվականի հուլիսի 4-ին տեղի ունեցած խոսակցությունից է միայն պարզ դարձել, որ դիմումատուն ներգրավված է այդ գործում:
78. Կառավարությունը նշել է նաև, որ ներպետական դատարաններում դիմումատուի կողմից արված՝ թակարդի վերաբերյալ պնդումները վերաբերելի են բացառապես Ս.Խ.-ին։ ԱԱԾ-ն դիմումատուի և Ս.Խ.-ի նկատմամբ իրականացրել է երկու տեսակի օպերատիվ-հետախուզական միջոցառում՝ «կաշառք տալու նմանակում» և «ներքին դիտում», որոնց երկուսի համար էլ ձեռք է բերվել Վարչական շրջանների դատարանի թույլտվությունը։
2. Դատարանի գնահատականը
ա) Ընդհանուր սկզբունքները
79. Այն ընդհանուր սկզբունքները, որոնք վերաբերում են թակարդի վերաբերյալ հարցին և դրա վերաբերյալ բողոքները քննելու Դատարանի մեթոդաբանությանը, ամփոփված են Ռամանաուսկասն ընդդեմ Լիտվայի [ՄՊ] [Ramanauskas v. Lithuania ([GC]] գործում, թիվ 74420/01, «« 49-61, ՄԻԵԴ 2008) և վերջերս մանրամասն կերպով լրամշակվել են Աքբայի և այլոց գործով (վերևում հիշատակված, «« 109-124, հաջորդ հղումներով)։
80. Մասնավորապես ոստիկանության կողմից կաշառքի դրդչության կամ կաշառքի պրովոկացիայի վերաբերյալ պնդում քննելիս Դատարանը նախ և առաջ կփորձի պարզել, թե արդյոք եղել է կաշառքի դրդչության կամ կաշառքի պրովոկացիայի այդպիսի դեպք (դրդչության ըստ էության ստուգում): Ոստկանության կողմից դրդչություն է տեղի ունենում, երբ ներգրավված ծառայողները՝ լինեն անվտանգության ուժերի անդամներ, թե նրանց հրահանգներով գործող անձինք, չեն սահմանափակվում հանցավոր գործունեությունն էապես պասիվ կերպով քննելով, այլ հանցանքի կատարումը հաստատված համարելու հնարավորություն ստեղծելու, այսինքն՝ ապացույցներ տրամադրելու և քրեական հետապնդում հարուցելու նպատակով այնպես են ազդում սուբյեկտի վրա, որ դրդում են այնպիսի հանցանք կատարել, որն այլապես չէր կատարվի: Եթե տեղի է ունեցել դրդչության կամ պրովոկացիայի նման դեպք, ապա համապատասխան անձի դեմ հարուցված քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների հետագա օգտագործումը խնդիր է առաջացնում 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով (տե՛ս վերևում հիշատակված՝ Աքբայի և այլոց գործը, « 111-12)։
81. Այնուհետև Դատարանը կքննի, թե ինչպես են ներպետական դատարանները վերաբերվել դրդչության վերաբերյալ դիմումատուի պնդմանը, որը սադրիչ գործակալի վերաբերյալ պնդման շուրջ Դատարանի քննության ընթացակարգային մասն է (տե՛ս Բաննիկովան ընդդեմ Ռուսաստանի [Bannikova v. Russia], թիվ 18757/06, «« 51-65, 2010 թվականի նոյեմբերի 4)։
82. Դատարանը կիրառում է այս ընթացակարգային ստուգումը՝ որոշելու համար, թե արդյոք ներպետական դատարանների կողմից անհրաժեշտ քայլեր ձեռնարկվել են դրդչության վերաբերյալ ներկայացված պնդման հանգամանքները պարզելու համար, և արդյոք այն դեպքում, երբ բացահայտվել է, որ եղել է դրդչություն, կամ այն դեպքում, երբ մեղադրանքի կողմը չի կարողացել ապացուցել, որ դրդչություն չի եղել, արվել են համապատասխան եզրահանգումներ՝ համաձայն Կոնվենցիայի (տե՛ս վերևում հիշատակված՝ Աքբայի և այլոց գործը, « 121, հաջորդող հղումների հետ միասին)։
բ) Այդ սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ
83. Դատարանը նշում է, որ դիմումատուն մեղավոր է ճանաչվել Ս.Խ.-ի հետ Զ.Պ.-ից 5 500 ԱՄՆ դոլարի չափով կաշառք ստանալու համար՝ վերջինիս որդուն առաջադրված մեղադրանքն ավելի մեղմով փոխարինելու հարցում օգնելու խոստման դիմաց (տե՛ս վերևում՝ 27-րդ և 47-րդ պարբերությունները)։
84. Պարզելու համար, թե արդյոք ԱԱԾ-ն սույն գործով սահմանափակվել է «հանցավոր գործունեության էապես պասիվ քննությամբ», Դատարանը հաշվի է առնում հետևյալ նկատառումները. առկա չի եղել որևէ ապացույց այն մասին, որ դիմումատուն մինչ այդ կատարել է որևէ հանցանք, մասնավորապես՝ կոռուպցիոն բնույթի հանցանքներ (տե՛ս Միլինիենեն ընդդեմ Լիտվայի [Milinienė v. Lithuania], թիվ 74355/01, « 37, 2008 թվականի հունիսի 24)։ Այնուամենայնիվ, նախաձեռնությունը եղել է Զ.Պ.-ինը, որը կարծես թե, ինչպես հուշում են որդու դեմ հարուցված քրեական գործի զարգացումները (տե՛ս վերևում՝ 28-րդ և 75-րդ պարբերությունները), շահագրգռված է եղել ԱԱԾ-ի հետ համագործակցությամբ։
85. Բացի այդ, Դատարանը նկատում է, որ ըստ գործի նյութերի՝ «կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն ստանալու միջնորդություն ԱԱԾ-ի կողմից ներկայացվել է 2008 թվականի հուլիսի 7-ին (տե՛ս վերևում՝ 21-րդ պարբերությունը), երբ ԱԱԾ աշխատակից Ա.Կ.-ն արդեն կապ էր հաստատել Ս.Խ.-ի հետ՝ խնդրելով նրան չմերժել Զ.Պ.-ի խնդրանքը, իսկ Զ.Պ.-ն այցելել էր Ս.Խ.-ին՝ առաջարկելով նրան կաշառք, որին նա համաձայնել էր (տե՛ս վերևում՝ 11-րդ և 13-րդ պարբերությունները)։ Այդ նյութերից պարզ է դառնում նաև, որ 2008 թվականի հուլիսի 2-ին, երբ Ա.Կ.-ն զանգահարել է Ս.Խ.-ին, Ա.Կ.-ն կապի մեջ է եղել նաև Զ.Պ.-ի հետ (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերությունը):
86. Դատարանը նկատում է նաև, որ Ա.Պ.-ի գործով իրականացվող նախաքննությունը բաժնում ընթանում էր 2008 թվականի հունվարից (տե՛ս վերևում՝ 6-րդ պարբերությունը)։ Այնուամենայնիվ, բացի Զ.Պ.-ի ցուցմունքներից (տե՛ս վերևում՝ 37-րդ պարբերությունը), ոչնչից հնարավոր չէր ենթադրել, որ մինչև 2008 թվականի հուլիսի 2-ը դիմումատուն կամ Ս.Խ.-ն համաձայնել են կաշառք վերցնել նրանից, կամ ավելին՝ կաշառք պահանջել։ Չնայած պարզ չէ, թե որ պահին է Զ.Պ.-ն կապ հաստատել ԱԱԾ-ի հետ, պարզ է, որ նա արդեն համագործակցում էր ԱԱԾ-ի հետ, երբ 2008 թվականի հուլիսի 4-ին հաղորդում է ներկայացրել (տե՛ս վերևում՝ 12-րդ և 16-րդ պարբերությունը)։ Հետևաբար Դատարանը չի համարում, որ Զ.Պ.-ն գործել է որպես անկախ անձ, որին իրավասու մարմինները հրահանգել են հանդես գալ որպես տեղեկություն տվող անձ միայն այն բանից հետո, երբ նա հայտնել է դիմումատուի կոռուպցիոն բնույթի առաջարկի մասին (համեմատե՛լ Մատանովիչն ընդդեմ Խորվաթիայի [Matanović v. Croatia], թիվ 2742/12, « 139, 2017 թվականի ապրիլի 7, և Ռամանաուսկասն ընդդեմ Լիտվայի [Ramanauskas v. Lithuania] (թիվ 2), թիվ 55146/14, « 66, 2018 թվականի փետրվարի 20 գործերի հետ)։
87. Բացի այդ, Դատարանում ներկայացված նյութերից երևում է, որ 2008 թվականի հուլիսի 7-ին դիմումատուն հրաժարվել է ընդունել գումարը, երբ Զ.Պ.-ն առաջարկել է նրան տալ նշագրված թղթադրամները (տե՛ս վերևում՝ 23-րդ պարբերությունը)։ Ս.Խ.-ի և Զ.Պ.-ի միջև տեղի ունեցած խոսակցության ձայնագրությունից պարզ է դառնում նաև այն, որ Ս.Խ.-ն հրաժարվել է վերցնել գումարը, գոնե այդ օրը՝ մեկից ավելի անգամ։ Այդուհանդերձ, Զ.Պ.-ն թողել է գումարը, որը նրա հեռանալուց հետո հայտնաբերվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից (տե՛ս վերևում՝ 24-րդ և 25-րդ պարբերությունները)։
88. Վերոհիշյալ նկատառումները բավարար են, որպեսզի Դատարանը գա այն եզրահանգման, որ ԱԱԾ-ն պարզապես չի «միացել» տեղի ունեցող հանցանքին. նրանք դրդել են դրա կատարումը (համեմատե՛լ Մալինինասն ընդդեմ Լիտվայի [Malininas v. Lithuania] գործի հետ, թիվ 10071/04, « 37, 2008 թվականի հուլիսի 1)։ Ավելին, Զ.Պ.-ի դերը, որը գործել է նրանց անմիջական հսկողության և վերահսկողության ներքո առնվազն 2008 թվականի հուլիսի 2-ից սկսած, դուրս է եկել գաղտնի գործակալի դերի շրջանակից և վերածվել է սադրիչ գործակալի:
89. Հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուի կողմից հանցանքը չէր կատարվի առանց իրավասու մարմինների ազդեցության: Այսպիսով, ԱԱԾ-ն նրան դրդել է (ինչպես սահմանված է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի վերաբերյալ Դատարանի նախադեպային իրավունքով) կատարել այն կոռուպցիոն բնույթի հանցանքը, որի համար նա հետագայում մեղավոր է ճանաչվել:
90. Որոշելու համար, թե արդյոք դատաքննությունն արդար է եղել, թե՝ ոչ, Դատարանն իր վերջերս ձևավորած նախադեպային իրավունքում լրացուցիչ պարզաբանել է, որ որպես երկրորդ քայլ անհրաժեշտ կլինի անցնել դրդչության ընթացակարգային ստուգման ոչ միայն այն դեպքում, երբ Դատարանի՝ ըստ էության փորձարկման եզրահանգումներն անորոշ են գործով տեղեկությունների պակասի, բացահայտման բացակայության կամ կողմերի կողմից իրադարձությունների մեկնաբանության հետ կապված հակասությունների պատճառով, այլ նաև եթե Դատարանն ըստ էության քննության հիման վրա գտնում է, որ դիմումատուն ենթարկվել է դրդչության (տե՛ս վերևում հիշատակված՝ Աքբայի և այլոց գործը, « 120)։
91. Դատարանը կրկին նշում է, որ կհամարվի, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված իրավունքները հարգվել են միայն այն դեպքում, երբ դիմումատուն կարողացել է դրդչության վերաբերյալ հարցն արդյունավետորեն բարձրացնել իր գործով դատաքննության ընթացքում՝ առարկության, թե այլ միջոցով: Դրդչություն տեղի ունեցած չլինելու ապացուցման բեռն ընկնում է մեղադրող կողմի վրա՝ պայմանով, որ պաշտպանության կողմի պնդումներն ամբողջովին անհավանական չեն: Նման ապացույցների բացակայության դեպքում դատական մարմինների խնդիրն է ուսումնասիրել գործի փաստերը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ճշմարտությունը բացահայտելու համար՝ պարզելու համար, թե արդյոք տեղի է ունեցել դրդչություն, թե՝ ոչ (տե՛ս վերևում հիշատակված՝ Ռամանաուսկասի գործը, «« 69-70)։
92. Դատարանը նկատում է, որ վարույթի ողջ ընթացքում դիմումատուն պնդել է, որ տեղի է ունեցել դրդչություն (տե՛ս վերևում՝ 34-րդ և 48-րդ պարբերությունները)։ Ուստի ներպետական դատարաններն առնվազն պետք է մանրակրկիտ քննեին, թե արդյոք նախաքննության մարմինը դրդել է հանցավոր արարքի կատարմանը, թե՝ ոչ (տե՛ս վերևում հիշատակված՝ Ռամանաուսկասի գործը, « 71)։
93. Այնուամենայնիվ, Մարզային դատարանն ընդհանրապես չի անդրադարձել դիմումատուի պնդումներին (տե՛ս վերևում՝ 47-րդ պարբերությունը), իսկ Վերաքննիչ դատարանը, պարզապես հիմնվելով Զ.Պ.-ի ցուցմունքների վրա, համարել է, որ նա և նրա որդին են ճնշումների ենթարկվել դիմումատուի և Ս.Խ.-ի կողմից, և բավական հակիրճ ձևով մերժել է դիմումատուի փաստարկները (տե՛ս վերևում՝ 37-րդ և 53-րդ պարբերությունները)։
94. Դատարանը նշում է, որ ոչ Մարզային դատարանը և ոչ էլ Վերաքննիչ դատարանը որևէ փորձ չեն արել պարզելու Ա.Կ.-ի և Զ.Պ.-ի ունեցած դերը, այդ թվում՝ Ա.Կ.-ի կողմից Ս.Խ.-ին զանգահարելու նախաձեռնության (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը), ինչպես նաև 2008 թվականի հուլիսի 7-ի գաղտնի գործողության ընթացքում Զ.Պ.-ի գործողությունների պատճառները (տե՛ս վերևում՝ 23-րդ և 24-րդ պարբերությունները)։
95. Բացի այդ, դատարաններն զգալիորեն հիմնվել են Զ.Պ.-ի կողմից բերված ապացույցների վրա (տե՛ս վերևում՝ 37-րդ պարբերությունը), որը, ինչպես նշվել է ավելի վաղ (տե՛ս վերևում՝ 84-րդ պարբերությունը), շահագրգռված է եղել համագործակցել իրավասու մարմինների հետ և իրականում գործել է ԱԱԾ-ի վերահսկողության ներքո և նրանց ցուցումներին համապատասխան, ինչի հետ կապված փաստերը դատարանների կողմից ուշադրության չեն արժանացել։ Դատարանները ոչ միայն հիմնվել են Զ.Պ.-ի կողմից ներկայացված ապացույցների վրա, այլև ամբողջությամբ անտեսել են Մ.Պ.-ի և Ա.Ս.-ի կողմից տրված ցուցմունքները (տե՛ս վերևում՝ 38-րդ և 39-րդ պարբերությունները), որոնք ակնհայտորեն հակասում էին դեպքերի մասին Զ.Պ.-ի ներկայացրած վարկածին։ Մասնավորապես Ա.Պ.-ի պաշտպան Ա.Ս.-ի կողմից ներկայացված ապացույցները ենթադրում են, որ Զ.Պ.-ն իր դժգոհությունն է հայտնել առ այն, որ Ս.Խ.-ն չի ցանկացել իրենից կաշառք ընդունել (տե՛ս վերևում՝ 39-րդ պարբերությունը)։
96. Չնայած բոլոր այդ տարրերին՝ ներպետական դատարանները, ըստ էության, հրաժարվել են ըստ էության քննել դիմումատուի՝ կաշառքի պրովոկացիայի վերաբերյալ պնդումները։ Հետևաբար, Դատարանի կարծիքով, դրդչության հետ կապված հարցին պատշաճ կերպով անդրադարձ չի կատարվել վարույթի ընթացքում:
97. Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը գտնում է, որ դիմումատուի դեմ հարուցված քրեական վարույթն անհամատեղելի է եղել «արդար դատաքննություն» հասկացության հետ։
98. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄՅՈՒՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
99. Վերջապես, դիմումատուն բողոք է ներկայացրել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի խախտման առնչությամբ առ այն, որ գործը քննող դատարանը մերժել է ընթերակա Ա.Վ.-ին կանչելու վերաբերյալ իր միջնորդությունը, որը ենթադրաբար ներկա է եղել Ս.Խ.-ի աշխատասենյակի խուզարկությանը: Նա նաև բողոք է ներկայացրել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո առ այն, որ Զ.Պ.-ի հետ իր խոսակցության գաղտնալսումն ու ձայնագրությունը եղել են անօրինական, քանի որ դրանք իրականացվել են առանց դատարանի թույլտվության: Այդ դրույթներն ունեն հետևյալ բովանդակությունը.
6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետ
«3. Հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները. ...
դ) հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու՝ իր վկաներին կանչելու և հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները, ...»
Հոդված 8
«1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»։
100. Հաշվի առնելով սույն գործի փաստերը, կողմերի փաստարկները և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի վերաբերյալ կատարած իր եզրահանգումները՝ Դատարանը համարում է, որ այն քննել է սույն գանգատում բարձրացված հիմնական իրավական հարցը, և չկա Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի և 8-րդ հոդվածի ներքո բարձրացված բողոքների ընդունելիության և դրանք ըստ էության քննելու վերաբերյալ առանձին որոշում կայացնելու անհրաժեշտություն (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Իրավական ռեսուրսների կենտրոնը՝ ի դեմս Վալենտին Կամպեանուի, ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Centre for Legal Resources on behalf of Valentin CՉmpeanu v. Romania [GC]], թիվ 47848/08, « 156, ՄԻԵԴ 2014, և դրանում արված հղումները)։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
101. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
102. Դիմումատուն պահանջել է 13 477 եվրո գումար՝ որպես նյութական վնասի հատուցում, որից 11 167 եվրոն՝ ազատազրկման պատճառով չստացված եկամտի համար, և 2 310 եվրոն՝ բանտում գտնվելու ժամանակ հարազատների կողմից իրեն հանձնված սննդի կապոցների համար: Նա լրացուցիչ պահանջել է 10 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
103. Կառավարությունը դիմումատուի պահանջները համարել է չափազանցված և անհիմն։
104. Դատարանը նշում է, որ դիմումատուի կողմից չստացված եկամտի համար պահանջվող գումարը համապատասխանել է իր պահանջները ներկայացնելու օրվա դրությամբ իր վեց տարվա ազատազրկման ընթացքում ստացվելիք եկամտի կորստի և ստացված կենսաթոշակի չափի տարբերությանը՝ հաշվի առնելով, որ նա կենսաթոշակի իրավունք է ձեռք բերել բանտում եղած ժամանակ։ Ի հիմնավորումն իր պահանջի՝ դիմումատուն ներկայացրել է տեղեկանք ոստիկանության այն բաժնից, որտեղ ինքն աշխատել է մինչև ազատազրկումը, որի համաձայն՝ իր միջին ամսական աշխատավարձը կազմել է 253 458 ՀՀ դրամ (մոտ 560 եվրո): Այնուամենայնիվ, դիմումատուն չի ներկայացրել որևէ փաստաթղթային ապացույց ստացված կենսաթոշակի չափի վերաբերյալ։ Հետևաբար, հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած ոչ բավարար փաստաթղթային ապացույցները, Դատարանը մերժում է չստացված եկամտի վերաբերյալ պահանջը։ Բացի այդ, Դատարանը որևէ պատճառահետևանքային կապ չի տեսնում հայտնաբերված խախտման և սննդի ծանրոցների հետ կապված ծախսերի վերաբերյալ պահանջի միջև, հետևաբար այն այս պահանջը նույնպես մերժում է։ Միևնույն ժամանակ Դատարանն ընդունում է, որ դիմումատուն կրել է ոչ նյութական վնաս, որը չի կարող փոխհատուցվել բացառապես խախտումը որպես այդպիսին ճանաչելով: Հետևաբար Դատարանը նպատակահարմար է գտնում շնորհել 3 600 եվրո։
105. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի մասով բողոքն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ դիմումատուի՝ թակարդի վերաբերյալ պնդման առնչությամբ.
3. Վճռում է, որ անհրաժեշտություն չկա քննելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի և 8-րդ հոդվածի ներքո ներկայացված բողոքների ընդունելության և ըստ էության քննության հարցը.
4. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է ոչ նյութական վնասի դիմաց դիմումատուին վճարի 3 600 եվրո (երեք հազար վեց հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, վերոնշյալ գումարների նկատմամբ պետք է հաշվարկվի պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
5. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2021 թվականի դեկտեմբերի 21-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Իլզե Ֆրայվըրթ՝ |
Յոլիեն Շուկինգ՝ |
Բաժանմունքի քարտուղարի տեղակալ |
Նախագահ |
