ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/17246/02/19 2023 թ. | ||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/17246/02/19 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ անունից
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող |
Գ. Հակոբյան | |
Ս. ՄԵՂՐՅԱՆ | ||
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
20
23 թվականի հոկտեմբերի 23-ինգրավոր ընթացակարգով քննելով ըստ «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ «ՍԱԳ» Արտադրական կոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Կոոպերատիվի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմություն
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կոոպերատիվից բռնագանձել 188.642 ՀՀ դրամ՝ որպես մատակարարված ապրանքի համար չվճարված գումար, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները՝ սկսած հայցադիմումը մուտքագրելու օրվանից մինչև պարտավորության դադարման օրը:Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 26.11.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.01.2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոոպերատիվը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ, 372-րդ և 381-րդ հոդվածները։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի 26.11.2021 թվականի վճռի օրինակն իրեն առձեռն տրամադրվել է 27.10.2022 թվականին, որից չորս օր հետո ներկայացվել է վերաքննիչ բողոք, որի պայմաններում վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը չի խախտվել:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վճռի օրինակն իր տրամադրության տակ չլինելու պատճառով հնարավոր չի եղել վերաքննիչ բողոքում ներկայացնել վճռի վերաբերյալ իրավական դիրքորոշումները և հիմնավորումները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 24.01.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և փոփոխել այն` քաղաքացիական գործի վարույթը կարճել:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, քանի որ Վերաքննիչ դատարանը որոշումը կայացնելիս թույլ է տվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ու որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Եվրոպական դատարանը բազմիցս ընդգծել է, որ իր առջև դրված չէ ազգային դատարանների փոխարեն գործելու խնդիր: Ներպետական օրենսդրության մեկնաբանության խնդիրների լուծումը նախ և առաջ ազգային դատարանների գործառույթն է, իսկ Եվրոպական դատարանի դերակատարումը պարզելն է, թե արդյոք ազգային դատարանների կողմից տրված մեկնաբանությունները համատեղելի են Կոնվենցիայի հետ: Վերոշարադրյալը հատկապես վերաբերում է դատարանների կողմից դատավարական այնպիսի նորմերի մեկնաբանությանը, ինչպիսիք են, օրինակ, դատավարական փաստաթղթեր կամ բողոք ներկայացնելու ժամկետների սահմանափակումները (տե՛ս Pérez de Rada Cavanilles v. Spain գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, կետ 43):
Եվրոպական դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ պետության կողմից սահմանված՝ բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայցևայնպես այդ կանոնները և դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս Magomedov and others v. Russia գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):
Բացի այդ, Եվրոպական դատարանը նշել է, որ նաև բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ՝ բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):
Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս Zavodnik v. Slovénie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):
Իր հերթին ՀՀ սահմանադրական դատարանը մի շարք որոշումներում արձանագրել է, որ՝
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման (տե՛ս թիվ ՍԴՈ-652, թիվ ՍԴՈ-690, թիվ ՍԴՈ-719, թիվ ՍԴՈ-765, թիվ ՍԴՈ-844, թիվ ՍԴՈ-873, թիվ ՍԴՈ-890, թիվ ՍԴՈ-932, թիվ ՍԴՈ-942, թիվ ՍԴՈ-1037, թիվ ՍԴՈ-1052, թիվ ՍԴՈ-1115, թիվ ՍԴՈ-1127, թիվ ՍԴՈ-1190, թիվ ՍԴՈ-1192, թիվ ՍԴՈ-1196, թիվ ՍԴՈ-1197, թիվ ՍԴՈ-1220, թիվ ՍԴՈ-1222, թիվ ՍԴՈ-1257, թիվ ՍԴՈ-1289 որոշումները):
ՀՀ սահմանադրական դատարանը 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ Վճռաբեկ դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը Վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով (ex jure)՝ համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ըստ ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշման՝ բողոքարկման ժամկետը բաց թողնելու դեպքում բողոքաբերի կողմից ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն և համապատասխան ապացույցներ ներկայացնելը, իսկ վերադաս դատարանի կողմից նշված միջնորդության քննարկումը և ապացույցները գնահատելը, պարտադիր է: Այն դեպքում, երբ պատշաճ ապացուցված է բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը և բողոքը ներկայացվել է դատական ակտն ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում, վերադաս դատարանը բացթողած ժամկետը պետք է վերականգնի իրավունքի ուժով (ex jure) (տե՛ս «ՍԵՖ Ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Մարինե Ասրյանի, Ասատուր Գրիգորյանի, անհատ ձեռնարկատեր Սալվինա Հայրապետյանի, Նարինե Բաբայանի, Հովհաննես Խաչիկյանի թիվ ԵԴ/14539/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.01.2022 թվականի որոշումը):
Վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվել իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից՝ դատավարական նորմերով սահմանված՝ դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն:
Նույն որոշմամբ ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված վերը նշված դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի՝ փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ՝ Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն՝ դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը՝ բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները՝ ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):
Մինչև 27.07.2019 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք) 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ գլուխ] դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է նույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի կարգով կայացված վճիռը, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում այն հրապարակելու օրվանից 15-օրյա ժամկետում, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճիռը նույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ: (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի՝ եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարզեցված վարույթի կարգով կայացված գործի վարույթը կարճելու մասին որոշման կամ վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակելու օրվանից տասնհինգօրյա ժամկետում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում և 179-րդ հոդվածում նշված նորմերը, արձանագրել է, որ վճիռը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով և վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Փաստորեն, եթե վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելուց հետո դրա օրինակը չի հանձնվել անձին, ապա հրապարակման հաջորդ օրն այն պետք է ուղարկվի գործին մասնակցող անձանց: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգիրքը որդեգրել է այն մոտեցումը, որի համաձայն՝ առձեռն հանձնվելու եղանակի իրագործված չլինելու պայմաններում վճռի օրինակն ուղարկելը դիտարկվում է որպես առաջինին համարժեք, դրան փոխարինող միջոց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պայմաններում վճռի հրապարակումն իրականացվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, այսինքն՝ դատական նիստ հրավիրելու և նիստում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելու փոխարեն դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում: Հրապարակման նոր կարգ սահմանելն ուղղված է հանրության ավելի լայն շրջանակներին դատական ակտին հաղորդակից դարձնելուն, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափմանը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով սահմանել է նոր կարգ, սակայն դատարաններին չի ազատել դատական ակտի օրինակն անձին առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականությունից: Օրենսդիրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը չի դիտարկել դատական ակտին հաղորդակից դարձնելու դատարանի պարտականության պատշաճ իրականացում, քանի որ հակառակ պարագայում իմաստազուրկ է դառնում հրապարակման այդ կարգին զուգահեռ դատական ակտի հանձնման կամ ուղարկման եղանակների պահպանումը: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխող հրապարակման նոր կարգը չի բացառում և չի դադարեցնում դատարանի՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն նրանց չի հանձնվել:
Բացի այդ, նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով մինչև 27.07.2019 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորմանը, գտել է, որ վերոնշյալ մոտեցումը կիրառելի է նաև պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտի նկատմամբ, այսինքն՝ այն դեպքում, երբ առկա է պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտ, դրա օրինակն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն կողմերին չի հանձնվել: Ինչ վերաբերում է դատական իշխանության կայքի միջոցով պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտի հրապարակմանը, ապա այս եղանակը չի կարող դադարեցնել վճռի օրինակն առձեռն հանձնելու կամ պատվիրված նամակի միջոցով գործին մասնակցող անձանց ուղարկելու դատարանի պարտականությանը՝ հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները (տե՛ս «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավակարգավորումների լույսի ներքո վերահաստատելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ բողոք ներկայացրած անձը բաց է թողել բողոքարկման համար օրենքով նախատեսված դատավարական ժամկետը, ապա պարտավոր է ներկայացնել ոչ միայն բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, այլ նաև՝ իր կողմից ներկայացված միջնորդությամբ վկայակոչված հանգամանքները հավաստող համապատասխան ապացույցներ, որոնք հնարավորություն կընձեռեն դատարաններին գնահատելու ներկայացված միջնորդության հիմնավորվածությունը:
Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ չնայած այն հանգամանքին, որ օրենսդիրը չի հստակեցրել և չի սահմանել դատավարական ժամկետի բաց թողնման պատճառների հարգելի լինելու հիմքերը, այնուամենայնիվ, այդ պատճառները պետք է հանդիսանան ժամկետը բաց թողնելու օբյեկտիվ և (կամ) սուբյեկտիվ այնպիսի պատճառներ, որոնց առկայությունը պայմանավորել է անձի՝ դատավարական ժամկետների ավարտից հետո բողոքարկման իրավունքի իրացման իրավաչափությունը:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ դատավարական ժամկետի բաց թողնման պատճառները հարգելի գնահատելիս դատարանները պետք է քննարկման առարկա դարձնեն այն հարցը, թե անձի կողմից վկայակոչված պատճառները որքանով են իրական խոչընդոտ հանդիսացել դատական ակտը բողոքարկելու իրավունքի իրացման համար:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ 19.06.2019 թվականին Դատարանը վարույթ է ընդունել Ընկերության հայցն ընդդեմ Կոոպերատիվի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, իսկ 08.04.2020 թվականին որոշում է կայացրել գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին։
Դատարանը, 30.07.2021 թվականին որոշում կայացնելով գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, դրանում որպես դատական ակտի հրապարակման ժամանակ է նշել 26.11.2021 թվականը, իսկ որպես հրապարակման միջոց նշել է ՀՀ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքը (հատոր 1-ին, գ.թ. 42, 52, 79):
Դատարանի 30.07.2021 թվականի «Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ» որոշումն ուղարկվել է նաև գործին մասնակցող անձ Կոոպերատիվին, մինչդեռ առաքանին վերադարձվել է «Տեղափոխված» նշումով (հատոր 1-ին, գ.թ. 83-86):
Դատարանի 26.11.2021 թվականի ամսաթվով վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է միայն 22.03.2022 թվականին (հիմք` «www.court.am»):
Գործում առկա է վերը նշված վճիռը Կոոպերատիվին ուղարկելու վերաբերյալ Դատարանի գրությունը, որով ուղարկված առաքանին վերադարձվել է «Չպահանջված» նշումով: Նույն գրության վրա առկա է հետևյալ գրառումը՝ «Ստացա վճիռը Գյուլնազարյան Աշխեն 27.10 (ստորագրություն)» (հատոր 1-ին, գ.թ. 92, 93):
Կոոպերատիվի նախագահ Աշխեն Գյուլնազարյանը 06.10.2022 թվականի ամսաթվով դիմում է կազմել վերը նշված վճռի օրինակն իրեն տրամադրելու մասին՝ այն հասցեագրելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին (հատոր 1-ին, գ.թ. 100): Նույն դիմումի վրա առկա է հետևյալ գրառումը՝ «Ստացա վճիռը Գյուլնազարյան Աշխեն (ստորագրություն)»։
Կոոպերատիվը Դատարանի 26.11.2021 թվականի ամսաթվով վճռի դեմ վերաքննիչ բողոքը փոստային առաքման եղանակով ներկայացրել է 01.11.2022 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 4-30):
Վերաքննիչ դատարանի 22.12.2022 թվականի որոշմամբ Կոոպերատիվի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է նաև այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և այն միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին (հատոր 2-րդ, գ.թ. 31, 32):
Կոոպերատիվը կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ միաժամանակ միջնորդելով վերաքննիչ բողոք բերելու դատավարական ժամկետի բացթողումը համարել հարգելի այն պատճառաբանությամբ, որ «17.10.2022թ. ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կայք այցելելիս նկատեցի, որ արգելանք է կիրառվել կոոպերատիվի գույքի վրա: Նույն օրը ԴԱՀԿ ծառայությունից հեռախոսային խոսակցությունով պարզեցի, որ գույքի վրա արգելանք է դրվել թիվ ԵԴ/17246/02/19 քաղ. գործով: Իմ դիմումի հիման վրա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 27.10.2022թ. առձեռն ինձ է տրամադրվել ԵԴ/17246/02/19 գործով վճռի օրինակը: Նկատի ունենալով, որ դատարանը պատշաճ կարգով չի ծանուցել ընկերությանը դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, ուստի ընկերությանը թիվ ԵԴ/17246/02/19 գործով դատական քննություն անցկացնելու մասին հայտնի է դարձել առաջին ատյանի դատարանի կողմից վճիռը տրամադրելու պահից» (հատոր 2-րդ, գ.թ. 42-46):
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ՝
- «բողոք բերած անձը 06.10.2022 թվականին վճիռը տրամադրելու դիմում է ներկայացրել Դատարան, որպիսի պահից իրական հնարավորություն է ունեցել իր դատավարական իրավունքների իրացման համար, ինչը, սակայն, չի արել»,
- «բողոք ներկայացրած անձը վերաքննիչ բողոք կարող էր ներկայացնել դատական ակտի մասին տեղեկանալու օրվանից, առնվազն 06.10.2022 թվականից սկսած մինչև 27.10.2022 թվականը ներառյալ, մինչդեռ ներկայացրել է տասնհինգօրյա ժամկետի խախտմամբ, այն է՝ 01.11.2022 թվականին, իսկ 28.10.2022 թվականից մինչև 01.11.2022 թվականն ընկած ժամանակահատվածի մասով առկա չեն ժամկետի բացթողման պատճառները հարգելի ճանաչելու և այդ ժամկետը վերականգնելու հիմքեր»,
- «Բողոք ներկայացրած անձի կողմից 06.10.2022 թվականի դիմումի հիման վրա վճիռը միայն 27.11.2022 թվականին Դատարանից առձեռն ստանալը չի կարող գնահատվել բողոք ներկայացրած անձի կամքից անկախ պատճառ»,
- «Բողոք ներկայացրած անձը չի հիմնավորել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար, սակայն իր կամքից անկախ պատճառներով նշված ժամկետը չի բավականացրել համապատասխան դատավարական գործողությունը կատարելու համար»,
- «բողոք ներկայացրած անձի հիմնավորումներն ինքնին արժանահավատ գնահատվել չեն կարող այն պատճառաբանությամբ, որ ըստ ներկայացված միջնորդության՝ վերջինիս դատական ակտի մասին հայտնի է դարձել 17.10.2022 թվականին, մինչդեռ նրա կողմից գործով դիմում է ներկայացվել Դատարան դեռևս 06.10.2022 թվականին»,
գտել է, որ «ժամկետը բաց է թողնվել բողոք բերած անձի մեղքով, իսկ դատավարական ժամկետները բաց թողնելու անձի կամքով պայմանավորված պատճառները չեն կարող գնահատվել հարգելի՝ հակառակ իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին»:
Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և սույն գործի փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ:
Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, նախկինում կայացված իր որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական նշանակություն ունեն և՛ գործով կայացված վճիռը դատարանի կողմից հայտարարված օրը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու, և՛ վճիռն օրենքով սահմանված ժամկետում կողմին հանձնված կամ ուղարկված լինելու փաստերը, քանի որ թե՛ վճռի հրապարակումը, թե՛ դրա ուղարկումը կողմին նպատակ են հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին, ինչն իր հերթին ուղղված է բողոքարկման իրավունքի իրացումն ապահովելուն:
Դատական ակտերի հրապարակման գործող եղանակը, ուղղված լինելով հրապարակայնության սկզբունքի երաշխավորմանը, արդարադատության արդյունավետության բարձրացմանը, առաջնահերթ նպատակաուղղված է բողոքարկման իրավունքի իրականացման համար նախադրյալներ ապահովելուն: Էլեկտրոնային կայքի միջոցով դատական ակտի հրապարակման պայմաններում դատական ակտն անմիջապես հրապարակվելուց հետո կարող է հասանելի լինել գործին մասնակցող անձանց և ապահովել վերջիններիս բողոքարկման իրավունքի իրականացման համար իրական երաշխիքներ: Այդուհանդերձ, օրենսդիրը, հաշվի առնելով էլեկտրոնային ռեսուրսի հասանելիության օբյեկտիվ սահմանափակումները (մասնավորապես՝ միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումների և այլ ռեսուրսների անհրաժեշտությունը, էլեկտրոնային հաղորդակցության ծառայության վճարովի բնույթը և այլն), դատական ակտի հրապարակման լիազորությանը զուգահեռ սահմանել է նաև գործին մասնակցող անձանց դատական ակտն առձեռն հանձնելու կամ ուղարկելու դատարանի պարտականությունը: Միայն նշված պարտականությունների միաժամանակյա և օրենքով սահմանված կարգով իրականացման պայմաններում կարող են լիարժեք նախադրյալներ ստեղծվել բողոքարկման իրավունքի իրականացման համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը, արժևորելով դատական իշխանության պաշտոնական կայքում դատական ակտի հրապարակումը՝ որպես դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու միջոց, անհրաժեշտ է համարել ընդգծել, որ բողոքարկման իրավունքի իրականացման լիարժեք նախադրյալներ ստեղծելու տեսանկյունից դատարանի վրա դրված է նաև դատական ակտը գործին մասնակցող անձանց առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականություն, որպիսի պայմաններում դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու պարտականության պատշաճ իրականացման մասին կարելի է եզրահանգումներ կատարել միայն այն դեպքում, երբ դատարանը պատշաճ իրագործել է վերոնշյալ հետևյալ պարտականությունները, այն է՝
ա) հայտարարված օրը դատական ակտը հրապարակել է դատական իշխանության պաշտոնական կայքում,
բ) դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկել է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրանց (տե՛ս «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):
Տվյալ դեպքում Դատարանը պատշաճ չի իրականացրել ինչպես դատական ակտի հրապարակման, այնպես էլ այն գործին մասնակցող անձ Կոոպերատիվին հասանելի դարձնելու իր պարտականությունը, քանի որ 30.07.2021 թվականին կայացնելով «Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ» որոշում՝ վճռի հրապարակման օր է նշանակել 26.11.2021 թվականը, մինչդեռ վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակել է միայն 22.03.2022 թվականին:
Ավելին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատարանի կողմից Կոոպերատիվին ուղարկված վճռի օրինակը վերադարձվել է «Չպահանջված» նշումով, իսկ Կոոպերատիվը Դատարանի վճռի օրինակն ստացել է միայն 27.10.2022 թվականին (գործում բացակայում է նշված ամսաթվից ավելի վաղ Դատարանի վճիռն ստանալու վերաբերյալ ապացույցը)։ Այսինքն՝ Դատարանի 26.11.2021 թվականի վճիռը Կոոպերատիվին հասանելի է դարձել միայն 27.10.2022 թվականից, որ ամսաթվից սկսած 15-օրյա ժամկետում՝ 01.11.2022 թվականին, փոստային առաքման եղանակով սկզբնապես ներկայացրել է վերաքննիչ բողոք։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին, ապա դրանք չէին կարող բավարար հիմք հանդիսանալ համապատասխան միջնորդությունը մերժելու համար, քանի որ, մի դեպքում, Կոոպերատիվի նախագահ Աշխեն Գյուլնազարյանի կողմից 06.10.2022 թվականին վճռի օրինակն իրեն տրամադրելու մասին դիմում ներկայացնելու փաստը չի հավաստում հենց նշված օրվանից Դատարանի 26.11.2021 թվականի վճռի հետ ծանոթանալու իրական հնարավորություն ձեռք բերելու (նշված դատական ակտը նրան փոխանցված կամ հանձնված լինելու) հանգամանքն առավելապես այն դեպքում, երբ այդ դիմումի հիման վրա վճիռն ստացվել է միայն 27.10.2022 թվականին, իսկ մյուս դեպքում միայն վճռի գոյության մասին տեղեկանալը դեռևս բավարար չէ դրա դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար՝ նկատի ունենալով, որ, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, անձի բողոքարկման իրավունքը կարող է իրացվել բացառապես այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու բողոքարկվող դատական ակտի հետ։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոոպերատիվի կողմից վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությամբ որպես դատավարական ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ վկայակոչված հանգամանքները վերը նշված դիրքորոշումների և փաստերի համատեքստում հանդիսանում են հարգելի օբյեկտիվ պատճառներ, քանի որ այդ հանգամանքներն առաջացել են Կոոպերատիվի կամքից անկախ հիմքերով, որոնք վերջինիս զրկել են օրենքով սահմանված ժամկետում վերաքննիչ բողոք ներկայացնելու դատավարական գործողությունը կատարելու հնարավորությունից։
Վերը նշված հանգամանքները պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չեն արժանացել Վերաքննիչ դատարանի կողմից:
Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, կայացնելով վերը նշված հիմքով Կոոպերատիվի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում, թույլ է տվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով Կոոպերատիվի՝ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը՝ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Կոոպերատիվի՝ բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը՝ արդյունքում նրան զրկելով վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 24.01.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող և զեկուցող Գ. Հակոբյան ս. ՄԵՂՐՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|