ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ՇԴ/0003/09/19 | ||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
|
|
Ս. Օհանյանի |
1 սեպտեմբերի 2023 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 4-ի որոշման դեմ Հայկ Մարսելի Կարապետյանի պաշտպան Է․Թումասյանի վճռաբեկ բողոքը,
Պ
Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում 2019 թվականի ապրիլի 25-ին հարուցվել է թիվ 22100419 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
1.1. Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Հ.Պողոսյանը 2019 թվականի ապրիլի 30-ին միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2019 թվականի մայիսի 3-ից մինչև նույն թվականի մայիսի 25-ը ներառյալ 077-75-43-75 բջջային հեռախոսահամարով կատարվող հեռախոսային խոսակցությունները լսելու և ձայնագրառելու թույլտվություն ստանալու մասին։
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ դատախազի միջնորդությունը բավարարվել է։
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2020 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ մեղադրյալ Հայկ Կարապետյանի պաշտպան Է.Թումասյանի վերաքննիչ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ որոշումը թողնելով օրինական ուժի մեջ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշված որոշման դեմ պաշտպան Է.Թումասյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի մարտի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1։ Վճռաբեկ դատարանը 2023 մարտի 15-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Ըստ բողոքի հեղինակի՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի խախտումներ, ինչպես նաև բողոքարկվող որոշումը հակասում է Վճռաբեկ դատարանի ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին:
6. Մասնավորապես, բողոքաբերը փաստել է, որ հեռախոսային խոսակցությունները լսելու թույլտվություն ստանալու միջնորդությունն Առաջին ատյանի դատարան ներկայացրել է ոչ պատշաճ սուբյեկտ: Ըստ բողոքաբերի՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 53-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի և նույն օրենսգրքի 241-րդ հոդվածի միջև առկա է հակասություն՝ իրավական նորմերի կոլիզիա, որը պետք է լուծվեր «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կիրառմամբ, որպիսի հանգամանքը Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է:
6.1. Բացի այդ, բողոքաբերի պնդմամբ՝ հեռախոսային խոսակցությունները լսելու թույլտվություն ստանալու միջնորդությունը դատարան անձամբ ներկայացնելու դատախազի լիազորության բացակայության մասին է վկայում նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի ձևակերպումը, որում հստակ տարանջատվում են՝ «միջնորդությունը ներկայացրած անձ» և «դատախազ» սուբյեկտները: Բողոքաբերը փաստել է, որ քննարկվող քննչական գործողությունը կատարելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությամբ դատարան դիմելը դուրս է դատախազի սահմանադրական գործառույթներից:
7. Բողոքաբերն անդրադարձել է նաև խնդրո առարկա քննչական գործողության կատարման հիմքում դրված փաստական հանգամանքներին՝ նշելով, որ այդպիսիք բավարար չեն եղել: Մասնավորապես, բողոք բերած անձը փաստել է, որ դատախազի միջնորդության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ ստացվել են օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ Հ.Կարապետյանն ու նրա ընտանիքի անդամները, լինելով տուժող Ն.Հակոբյանի համագյուղացիներ, դեպքից հետո ներգործություն են ունեցել նրա վրա, որից հետո վերջինս նախաքննության ընթացքում փոխել է իր ցուցմունքները: Ըստ բողոքաբերի՝ վերոնշյալ հանգամանքը բավարար չէ տուժողի անձնական կյանքի և հաղորդակցության գաղտնիության իրավունքին միջամտությունը թույլատրելու համար:
Ավելին, բողոքաբերի պնդմամբ՝ տուժող Ն.Հակոբյանը չի փոխել իր ցուցմունքները, այլ երրորդ անգամ փաստաբանի ներկայությամբ հարցաքննվելիս, լրացրել և մանրամասնել է նախկինում իր հայտնած տվյալները: Անդրադառնալով ստացված օպերատիվ տեղեկություններին՝ բողոքաբերը փաստել է, որ դրանք ինքնին բավարար չեն հեռախոսային խոսակցությունները լսելու թույլտվություն տալու համար:
7.1 Վերոգրյալից բացի, բողոքաբերն ընդգծել է նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումների համատեքստում, հեռախոսային խոսակցությունները լսելու քննչական գործողությունը պետք է կիրառվի որպես վերջին և ծայրահեղ միջոց, երբ որևէ այլ եղանակով հնարավոր չէ ստանալ ակնկալվող ապացույցը: Բողոք բերած անձի պնդմամբ՝ ի հակադրություն տվյալ մոտեցման, ո՛չ դատախազը, ո՛չ ստորադաս դատարանները չեն անդրադարձել այդ հարցին և չեն պատճառաբանել անձնական կյանքի և հաղորդակցության գաղտնիության իրավունքը սահմանափակող խիստ միջոցի կիրառման անհրաժեշտությունը: Իր այս դիրքորոշումը բողոքաբերը հիմնավորել է նաև այն հանգամանքով, որ ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքը հեռախոսային խոսակցությունները վերահսկելու օպերատիվ միջոցառման իրականացումը թույլատրում է միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ դրանք պետք է անցկացվեն, կասկածվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու մեջ, և եթե անհրաժեշտ տեղեկատվությունը ձեռք բերելը ողջամտորեն անհնարին է այլ եղանակներով: Բողոքաբերը նաև նշել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերը բավարար չափով պատճառաբանված չեն:
8. Բողոքի հեղինակը նաև փաստել է, որ դատախազը, չունենալով օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու լիազորություն, դատարանին միջնորդել է թույլատրել դրա կատարումը։ Իր այս փաստարկը բողոք բերած անձը հիմնավորել է նրանով, որ դատախազն իր միջնորդության նկարագրական-պատճառաբանական մասում հղում է կատարել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածին, ինչպես նաև եզրափակիչ մասում նշել է, որ քրեական գործի ապացուցողական զամբյուղն անհրաժեշտ է լրացնել, որը հնարավոր է «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելով:
9. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 4-ի որոշումը՝ մերժելով դատախազի կողմից ներկայացված միջնորդությունը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
10. Դատախազ Հ․Պողոսյանի միջնորդության համաձայն. «(...) Սույն քրեական գործով պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում ձեռք բերված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից գնահատելու արդյունքում կարելի է փաստել, որ առկա է քրեական գործի ապացուցողական զամբյուղում ապացույցներ ավելացնելու անհրաժեշտություն, որը հնարավոր կլինի լրացնել «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելով։
Վերոգրյալից ելնելով և նկատի ունենալով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տուժող Նաիրա Հակոբյանի բջջային հեռախոսահամարով կատարվող հեռախոսային խոսակցություններում կարող են պարունակվել քրեական գործի համար էական նշանակություն ունեցող տեղեկություններ, մասնավորապես` Հայկ Կարապետյանի կամ վերջինի հարազատների կողմից տուժող Նաիրա Հակոբյանի վրա ապօրինի ազդեցություն գործադրելու, միջադեպի հանգամանքները իրականում տեղի ունեցածից տարբերվող կերպով ներկայացնելու, ինչպես նաև Հայկ Կարապետյանին վերագրվող ենթադրյալ հանցանքի և դրա կատարման հանգամանքների վերաբերյալ, ինչի արդյունքում հնարավոր կլինի ձեռք բերել ապացույցներ ու այդ կերպ ապահովել քրեական գործի նախաքննության լրիվությունը»2:
11. Առաջին ատյանի դատարանը, 2019 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ բավարարելով դատախազի վերոգրյալ միջնորդությունը, նշել է. «(…) [ՀՀ քրեական դատավարության] օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝
«(…) 3. Նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելիս դատախազն իրավասու է նաև`
(...)
5) դիմել դատարան` մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանի խուզարկության միջնորդություններով. (…)»:
Դատարանը հաշվի առնելով միջնորդությամբ վկայակոչված պատճառաբանությունները, գտնում է, որ 077-75-43-75 բջջային հեռախոսահամարով կատարվող հեռախոսային խոսակցությունների վերահսկումը կարող է պարունակել քրեական գործով ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ (...)3։
12. Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի օգոստոսի 4-ի որոշման համաձայն` «(...) [Վ]երաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածով երաշխավորված իրավունքները սահմանափակելու պայմանները և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 241-րդ հոդվածով նախատեսված հիմքերը, մասնավորապես, 2019 թվականի մայիսի 3-ից մինչև մայիսի 25-ը ներառյալ գործով տուժող Նաիրա Հակոբյանի՝ 077-75-43-75 բջջային հեռախոսահամարով կատարվող հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը բավարարում է «ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության» և հետապնդվող նպատակի համաչափության պահանջներին, իսկ պաշտպան Է.Թումասյանի կողմից վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանությունները հերքվում են նաև հետևյալով:
- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատախազն իրավասու է հեռախոսային խոսակցությունները լսելու միջնորդությամբ դիմելու դատարան, իսկ ինչ վերաբերում է նույն 241-րդ հոդվածին, ապա այն ըստ էության չի հակասում օրենսգրքի 53-րդ հոդվածի իրավակարգավորումներին, առավել ևս, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի համաձայն՝ դատավարական հարկադրանք կիրառելու մասին միջնորդությունը քննարկման դատական նիստին իրավունք ունի մասնակցել դատախազը, եթե անհրաժեշտ է համարում անձամբ պաշտպանել միջնորդությունը, ով նաև իրավունք ունի հետ վերցնելու ներկայացված միջնորդությունը:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
Նույն օրենքի 40-րդ հոդվածի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտն ունի ընդհանուր և հատուկ մասեր, ապա այդ մասերի նորմերի միջև կոլիզիայի դեպքում գործում են ընդհանուր մասի նորմերը:
Կոնկրետ դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը՝ ընդհանուր, իսկ նույն օրենսգրքի 241-րդ հոդվածը հատուկ մասի նորմ է:
- Թեև դատախազ Հ.Պողոսյանն իր որոշումը վերնագրել է «Հեռախոսային խոսակցությունները վերահսկելու թույլտվություն ստանալու միջնորդություն հարուցելու մասին», սակայն որոշման եզրափակիչ մասում արձանագրել է. «Միջնորդություն հարուցել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ 2019թ-ի մայիսի 03-ից մինչև մայիսի 25-ը ներառյալ թույլատրել լսել և ձայնագրառել 077-75-43-75 բջջային հեռախոսահամարով կատարվող հեռախոսային խոսակցությունները» և ներկայացված միջնորդությունը բովանդակային առումով համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 241-րդ հոդվածի պահանջներին:
- Ինչպես դատախազ Հ.Պողոսյանի կողմից ներկայացված միջնորդությունը, այնպես էլ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը հիմնավորված ու պատճառաբանված է, պայմանավորված գործի լուծման համար բավարարության տեսանկյունից անհրաժեշտ ապացույցներ ստանալու անհրաժեշտությամբ և գործի փաստական տվյալներով առ այն, որ դեպքից հետո մեղադրյալ Հայկ Կարապետյանի ընտանիքի անդամները փորձում են ապօրինի ներգործություն ունենալ տուժող Նաիրա Հակոբյանի վրա։
Այսպիսով, վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքի սահմանափակման վերաբերյալ դատախազի միջնորդությունը բավարարելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը իրավաչափ ու հիմնավորված է, ուստի այն պետք է թողնել օրինական ուժի մեջ, իսկ պաշտպան Է.Թումասյանի վերաքննիչ բողոքը՝ մերժել»4։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13․ Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ թեև պաշտպան Է.Թումասյանը սույն գործով բողոք բերելու իրավունք ունեցող անձ չէ, քանի որ թե՛ վերաքննիչ, թե՛ վճռաբեկ բողոքներում չի հիմնավորել, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ իր պաշտպանյալ Հայկ Կարապետյանի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ տեղի է ունեցել միջամտություն, ինչը Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմք է5, սակայն, նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Հ․Կարապետյանի պաշտպան Է.Թումասյանի վերաքննիչ բողոքն ըստ էության քննության է առել և իր որոշման մեջ շարադրել ըստ այդմ հիմնավորումներ, ինչպես նաև ելնելով օրենքի միատեսակ կիրառության ապահովման իր սահմանադրական գործառույթից՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ։
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք ստորադաս դատարանների դիրքորոշումն առ այն, որ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն իրավասու է հեռախոսային խոսակցությունները լսելու միջնորդությամբ դիմել դատարան:
15. ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝
(…)
2) հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ.
(...)
4. Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելիս դատախազն իրավասու է նաև`
(...)
5) դիմել դատարան` մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանի խուզարկության միջնորդություններով. (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի համաձայն՝ «(…)
3. Քրեական գործն իր վարույթն ընդունելուց հետո քննիչը գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար լիազորված է ինքնուրույն ուղղություն տալ քննությանը, ընդունել անհրաժեշտ որոշումներ, սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան իրականացնել քննչական և այլ դատավարական գործողություններ, բացառությամբ այն դեպքերի, երբ քրեական դատավարական օրենքով նախատեսվում է դատարանից ստանալ թույլտվություն: Քննիչը պատասխանատվություն է կրում քննչական և այլ դատավարական գործողություններն օրինական ու ժամանակին կատարելու համար:
4. Քննիչը, մասնավորապես, լիազորված է`
(…)
24) դիմել դատարան` մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանի խուզարկության միջնորդություններով․ (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 241-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Խոսակցությունների լսման և ձայնագրառման անհրաժեշտության մասին քննիչը կայացնում է` դատարանին միջնորդություն հարուցելու մասին պատճառաբանված որոշում, որում նշվում են` քրեական գործը և հիմքերը, որոնցով պետք է կատարվի համապատասխան քննչական գործողությունը, այն անձանց ազգանունը, անունը, որոնց խոսակցությունները ենթակա են լսման, լսման ժամկետը, հիմնարկը, որին հանձնարարվում է խոսակցությունների լսման և ձայնագրառման տեխնիկական իրականացումը: Որոշումը ուղարկվում է դատարան: (…)»:
16. ՀՀ Սահմանադրական դատարանն (այսուհետ՝ նաև Սահմանադրական դատարան) իր թիվ ՍԴՈ-844 որոշմամբ նշել է, որ․ «(…) [Դ]ատախազությունն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ: Քրեական գործերով մինչդատական վարույթում դատախազի լիազորությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53 հոդվածում, ինչպես նաև «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածում, որոնցում պարունակվող դրույթների վերլուծությունը վկայում է, որ, ի ապահովումն սահմանադրական վերոհիշյալ պարտականության կատարման, մինչդատական վարույթում հսկողություն իրականացնելիս դատախազը պատասխանատու է հետաքննության և նախաքննության լրիվության, օբյեկտիվության, բազմակողմանիության և արդյունավետության համար («Դատախազության մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածի 3-րդ մաս), օժտված է այնպիսի լիազորություններով, որոնք կոչված են ղեկավարելու (ուղղորդելու) հետաքննության մարմնի, քննիչի դատավարական գործունեությունը, ինչպես նաև լուծելու վերջիններիս որոշումների և գործողությունների դեմ բերված բողոքները, «բացառությամբ այն բողոքների, որոնց լուծումն օրենքով վերապահված է դատարանին» (օրենսգրքի 53 հոդվածի 9-րդ կետ): Վերոթվարկյալ գործառույթները դատախազն իրականացնում է հիշյալ հոդվածում նախատեսված իր լիազորությունների շրջանակներում՝ բողոքում հիմնավորված օրինախախտումները վերացնելու նպատակով ղեկավար ցուցումներ և այլ հանձնարարություններ տալով հետաքննության մարմնին, քննիչին կամ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին՝ անհրաժեշտության դեպքում վերացնելով նաև վերջիններիս որոշումները (…)»6:
Սահմանադրական դատարանն իր մեկ այլ՝ ՍԴՈ-1236 որոշմամբ արտահայտվել է հետևյալ իրավական դիրքորոշումը՝ «(…) [Ե]թե հետաքննության, նախաքննության իրականացումը պետական իրավասու մարմինների՝ օրենքով նախատեսված բացառիկ լիազորությունն է, ապա այդ գործունեության նկատմամբ հսկողության (դատավարական հսկողության) իրականացումը դատախազության սահմանադրական գործառույթն ու պարտականությունն է: Վերջինիս դեպքում օրենսդիրը նկատի է ունեցել, որ հետաքննության և նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության գործառույթը ոչ թե գերատեսչական հսկողության բովանդակություն ունի, այլ կոչված է օրենքով նախատեսված միջոցներով ապահովելու քրեական գործերով վարույթի օրինականությունը՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների շրջանակներում: Նկատի է առնվում նաև, որ քրեական գործով դատաքննության փուլում պետական մեղադրանքի պաշտպանության սահմանադրական գործառույթի իրականացման բացառիկ իրավունքը նույնպես վերապահված է դատախազին, ով պատասխանատու է հետաքննության և նախաքննության լրիվության, օբյեկտիվության, բազմակողմանիության և արդյունավետության համար, ինչն էլ իրավական կարևոր նախադրյալ է այդ մեղադրանքը դատարանում արդյունավետ պաշտպանելու և քրեական գործով արդար դատաքննություն իրականացնելու համար:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ գործառութային այդպիսի տարանջատումը համահունչ է ՀՀ Սահմանադրության [2005թ․ փոփոխություններով] 5-րդ հոդվածի, 89-րդ հոդվածի 7-րդ կետի և 103-րդ հոդվածի պահանջներին և կարևոր երաշխիք է հանցավոր ոտնձգություններից մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ պաշտպանությունն ապահովելու տեսանկյունից»7։
17․ Դատախազի լիազորություններն ամրագրող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի վերոշարադրյալ նորմի վերլուծությունից բխում է, որ հետաքննության և նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելիս դատախազի լիազորությունների ներքո քրեադատավարական օրենքը նախատեսում է նաև ապացույցների ձեռքբերմանն ուղղված քննչական գործողություններ կատարելու, այն է՝ նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանում խուզարկություն կատարելու համար դատարանին միջնորդությամբ դիմելու իրավասություն։ Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նախքան «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2007 թվականի փետրվարի 22-ի թիվ ՀՕ-129-Ն ՀՀ օրենքի ընդունումը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ կետերի, 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ դատախազը մինչդատական վարույթի ընթացքում լիազորված էր իր վարույթ ընդունել քննիչի և հետաքննության մարմնի հարուցած քրեական գործերը, անձամբ քննել գործը լրիվ ծավալով` նախաքննության ընթացքում ընդունելով անհրաժեշտ որոշումներ և իրականացնելով քննչական ու այլ դատավարական գործողություններ: Սակայն «Դատախազության մասին» 2007 թվականի ՀՀ օրենքի ընդունմամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում 2007 թվականի փետրվարի 22-ի վերոնշյալ օրենքով կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում, դատախազության կողմից նախաքննություն իրականացնելու իրավասությունը վերացվեց։ Այսինքն, օրենսդրորեն ամրագրվեց այն գաղափարը, որ քննություն, մասնավորապես՝ քննչական գործողություններ կատարելու և դրանց արդյունքում ապացույցներ ձեռքբերելու իրավասություն ունեցող միակ դատավարական սուբյեկտը՝ քննիչն է, իսկ դատախազը կարող է հսկել քննիչի կողմից կատարվող քննչական գործողությունների օրինականությունը, այլ ոչ թե անձամբ կատարել դրանք։ Հետևաբար քննչական գործողությունների կատարումը դուրս է դատախազի՝ հետաքննության և նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում, ուստիև մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության սահմանադրական գործառույթի սահմաններից։
17.1. Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատախազին ապացույցների ձեռքբերմանն ուղղված գործողություններ անմիջականորեն կատարելու իրավասություն վերապահելու պարագայում, կստացվի մի իրավիճակ, երբ այդ գործողությունների օրինականության համար պատասխանատու սուբյեկտն ինքն է անձամբ կատարելու դրանք, ինչը համատեղելի չէ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության գործառույթի հետ և կարող է կասկածի տակ դնել դրա արդյունավետ իրացումը։ Դատախազի կողմից քննչական գործողությունների կատարման թույլտվություն ստանալու միջնորդությամբ դատարան անձամբ դիմելը վտանգում է նաև քննիչի՝ որպես նախաքննության իրականացման համար պատասխանատու սուբյեկտի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դատավարական ինքնուրույնությունը՝ հակասելով քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքին։ Ընդ որում, հարկ է փաստել, որ ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի՝ վերոհիշյալ գաղափարն արտացոլված է նույն օրենսգրքի 241-րդ հոդվածում, որն իբրև հեռախոսային խոսակցությունները լսելու միջնորդություն հարուցելու մասին որոշում կայացնելու միակ սուբյեկտ նախատեսել է քննիչին։
Մյուս կողմից՝ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը ենթադրում է, որ դատախազն օժտված է քննիչի կողմից կատարվող գործողությունների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու և այդ գործառույթի ապահովման անհրաժեշտությունից բխող ցուցումներ և հանձնարարություններ տալու իրավասությամբ։
17.2. Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ բացառապես գործառույթից բխող գործողություններ կատարելու իրավասություն ունենալու գաղափարն օրենսդիրն առավել հստակ ամրագրել է 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, որը հարկադրանքի միջոցներ կիրառելու, կալանքի ժամկետը երկարաձգելու, քննչական և գաղտնի քննչական գործողություններ կատարելու միջնորդություններով դատարան դիմելու իրավասությունը վերապահել է քննիչին, իսկ դատախազին լիազորել է հետ վերցնել համապատասխան միջնորդությունը կամ մասնակցել դրա քննության դատական վարույթին՝ հետևողականորեն իրացնելով «գործառույթ-սուբյեկտ-լիազորություն» եռամիասնական շղթան: Այս մոտեցումը բխում է քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքից և արտացոլում է դատախազության սահմանադրաիրավական կարգավիճակը։
18. Վերոշարադրյալի հաշվառմամբ անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ և 241-րդ հոդվածներում տեղ գտած տարբերվող իրավակարգավորումներին և կիրառելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավական նորմի մեկնաբանման կանոնը, համաձայն որի՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քննչական գործողությունների իրականացման նպատակով, անմիջականորեն դատախազի կողմից դատարան միջնորդություններ ներկայացնելու իրավասություն նախատեսող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը չի արտահայտում օրենսդրի կամքը՝ այն հիմնավորմամբ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՝ 2007 թվականի փետրվարի 22-ի վերոնշյալ օրենքով, օրենսդիրը վերացրել է անմիջականորեն դատախազի կողմից նախաքննություն կատարելու իրավասությունը՝ այդպիսով քրեական դատավարությունում դատախազի կարգավիճակը համապատասխանեցնելով նրա սահմանադրական գործառույթներին։
19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ բավարարել է 2019 թվականի մայիսի 3-ից մինչև նույն թվականի մայիսի 25-ը ներառյալ տուժող Ն․Հակոբյանին պատկանող բջջային հեռախոսահամարով կատարվող հեռախոսային խոսակցությունները լսելու և ձայնագրառելու մասին դատախազ Հ․Պողոսյանի միջնորդությունը8,
- Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, նշել է, որ ինչպես դատախազ Հ.Պողոսյանի կողմից ներկայացված միջնորդությունը, այնպես էլ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը հիմնավորված ու պատճառաբանված են՝ պայմանավորված գործի լուծման համար բավարարության տեսանկյունից անհրաժեշտ ապացույցներ ստանալու հանգամանքով և գործի փաստական տվյալներով առ այն, որ դեպքից հետո մեղադրյալ Հ.Կարապետյանի ընտանիքի անդամները փորձում են ապօրինի ներգործություն ունենալ տուժող Ն․Հակոբյանի վրա9։
20. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-18-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը՝ իր որոշմամբ դատախազ Հ․Պողոսյանի միջնորդությունը բավարարելով, իսկ Վերաքննիչ դատարանը՝ այդ որոշումն օրինական ուժի մեջ թողնելով, դատախազին դիտարկել են համապատասխան քննչական գործողություն կատարելու միջնորդությամբ դատարան դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտ՝ անտեսելով այն հանգամանքը, որ դա չի բխում վերջինիս՝ որպես մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող սուբյեկտի սահմանադրական գործառույթից:
21. Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների դիրքորոշումն առ այն, որ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն իրավասու է հեռախոսային խոսակցությունները լսելու միջնորդությամբ դիմելու դատարան, հիմնավոր չէ:
22. Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Առաջին ատյանի դատարանը, 2019 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ դատախազ Հ․Պողոսյանի միջնորդությունը բավարարելով, իսկ Վերաքննիչ դատարանը՝ 2020 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ այն օրինական ուժի մեջ թողնելով, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 241-րդ հոդվածի պահանջների խախտում, ինչն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, հարկ է ընդգծել, որ Վճռաբեկ դատարանը, խուզարկությունը թույլատրող դատական ակտի ոչ իրավաչափությունն արձանագրելիս, Հովհաննես Չամսարյանի գործով արդեն իսկ ձևավորել է համապատասխան իրավակիրառ պրակտիկա, երբ խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու քննիչի միջնորդությունը բավարարելու մասին դատական ակտը՝ կատարված լինելու փաստի ուժով չի բեկանվել10։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է մերժել, իսկ ստորադաս դատարանների դատական ակտերը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում բողոքաբերի՝ սույն որոշման 7-8-րդ կետերում նշված փաստարկներին անդրադառնալը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել։
2․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 30-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 4-ի որոշումները թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_______________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 25-28։
3 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 33-35։
4 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 106-118։
5 Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ Արա Շահնազարյանի գործով 2022 թվականի հունիսի 30-ի թիվ Բ-3683/20 որոշումը։
6 Տե՛ս Սահմանադրական դատարանի՝ 2009 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՍԴՈ-844 որոշման 8-րդ կետը։
7 Տե՛ս Սահմանադրական դատարանի՝ 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ ՍԴՈ-1236 որոշման 6-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը։
10 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Հովհաննես Չամսարյանի գործով 2023 թվականի մարտի 2-ի թիվ ԵԴ/2848/07/19 որոշման 15-րդ կետը։
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|