22.07.21 N 1184-Լ որոշումն ունի անցումային դրույթ:
18.05.23 N 831-Լ որոշումն ունի անցումային դրույթ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2020 թվականի N 355-Լ
Տնտեսության արդիականացման միջոցառումները հաստատելու մասին
(ՎԵՐՆԱԳԻՐԸ ԽՄԲ. 27.01.22 N 106-Լ, փոփ. 18.05.23 N 831-Լ)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել արտադրողականության խթանման միջոցառումը՝ համաձայն N 1 հավելվածի:
(1-ին կետը խմբ. 27.01.22 N 106-Լ, փոփ. 04.08.22 N 1224-Լ, 18.05.23 N 831-Լ)
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներկայացնել սույն որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված օժանդակության գործիքների կիրառման կարգը՝ այնտեղ ամրագրելով նաև գործընթացի հրապարակային և թափանցիկ իրականացման մեխանիզմներ, այդ թվում՝ օժանդակությունից օգտվող տնտեսավարողների ցանկի հրապարակումը:
3. Հաստատել բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման միջոցառումը՝ համաձայն N 2 հավելվածի։
(3-րդ կետը լրաց. 04.08.22 N 1224-Լ)
4. Սույն որոշման 3-րդ կետով հաստատված միջոցառումների իրականացումը վերապահել «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին կամ դրա իրավահաջորդին։
(4-րդ կետը լրաց. 04.08.22 N 1224-Լ)
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կամ դրա իրավահաջորդի հետ կնքել սույն որոշման 3-րդ կետով հաստատված միջոցառումների իրականացման վերաբերյալ պայմանագիր:
(5-րդ կետը լրաց. 04.08.22 N 1224-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 26 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման |
(գլխագիրը փոփ. 04.08.22 N 1224-Լ)
Արտադրողականության խթանման ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
(վերնագիրը խմբ. 27.01.22 N 106-Լ, 04.08.22 N 1224-Լ, փոփ. 18.05.23 N 831-Լ)
1․ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
1. Սույն հավելվածով հաստատված արտադրողականության խթանման միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, որը կբերի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացման և աշխատանքի արտադրողականության աճի։
(1-ին կետը փոփ. 18.05.23 N 831-Լ)
2․ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
2. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը:
(2-րդ կետը խմբ. 04.08.22 N 1224-Լ, 18.05.23 N 831-Լ)
3․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ
3. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետ՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Ընդ որում, վարկերի/լիզինգի վերադարձի ռիսկն ամբողջությամբ կրում է ֆինանսական կազմակերպությունը:
4. Տնտեսավարողը հնարավորություն ունի սույն միջոցառման 6-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված առավելագույն գումարի սահմաններում սույն միջոցառմամբ սահմանված նպատակներով ստանալ վարկեր կամ կնքել լիզինգի պայմանագիր։
4․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ/ԼԻԶԻՆԳԻ ՆՊԱՏԱԿԸ
5. Օժանդակությունը կիրառելի է այն վարկերի/լիզինգի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին հետևյալ նպատակով՝
1) նոր (չօգտագործված) մեքենասարքավորումների գնում կամ ներմուծում, որոնք օգտագործվելու են Հայաստանի Հանրապետության տարածքում (այսուհետ՝ մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր).
2) ավելացված արժեքի հարկ վճարող կապալառու կազմակերպության կողմից կապիտալ շինարարության իրականացում (այսուհետ՝ կապիտալ շինարարության իրականացում)՝ մեքենասարքավորման մոնտաժման և սպասարկման դեպքում, ընդ որում միայն այն դեպքում, երբ տնտեսավարողը ձեռք է բերել սույն հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված մեքենասարքավորումը (մեքենասարքավորումները)։
(5-րդ կետը լրաց. 04.08.22 N 1224-Լ, խմբ. 18.05.23 N 831-Լ)
5.1. Միևնույն շահառուն միջոցառման շրջանակներում կարող է օգտվել օժանդակության ներքո կիրառելի վարկերի/լիզինգի բոլոր նպատակներից, ընդ որում, 5-րդ կետով սահմանված նպատակներով վարկերի/լիզինգի ընդհանուր չափը չպետք է գերազանցի սույն որոշմամբ սահմանված առավելագույն սուբսիդավորման գումարի չափը։
(5.1-ին կետը լրաց. 18.05.23 N 831-Լ)
5․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ/ԼԻԶԻՆԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԵՐ/ԼԻԶԻՆԳ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ
6. Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը/լիզինգը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝
1) արժույթը՝ դրամով կամ արտարժույթով.
2) ժամկետը՝
Տեսակը |
Տրամադրվող վարկի/լիզինգի գումարը |
Սուբսիդավորման ժամանակահատվածը |
Վարկի/լիզինգի ժամկետը |
Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր; Կապիտալ շինարարություն |
մինչև 200 մլն դրամին համարժեք գումար |
մինչև 42 ամիս |
մինչև 120 ամիս |
ավելի քան 200 մլն դրամին համարժեք գումար |
մինչև 36 ամիս |
մինչև 120 ամիս |
3) դրամով և արտարժույթով վարկի/լիզինգի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված՝ մինչև 6 ամիս․
4) մեկ տնտեսավարողի (ներառյալ տնտեսավարողի հետ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածով փոխկապակցված համարվող կազմակերպությունները)՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի/լիզինգի՝ սույն միջոցառման շրջանակներում սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը՝
Վարկի/լիզինգի օգտագործման ուղղությունը |
Սուբսիդավորվող մասի առավելագույն գումար |
Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր |
1 մլրդ դրամ կամ համարժեք արտարժույթ (պայմանագրի ստորագրման պահի փոխարժեքով) |
Կապիտալ շինարարություն |
Ձեռք բերված մեքենասարքավորման 30% |
5) վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով.
6) վարկի/լիզինգի առարկայի արժեքը ներառում է վարկի/լիզինգի առարկայի ձեռքբերման գինը, Հայաստանի Հանրապետություն ներմուծման հետ կապված ծախսերը (տեղափոխում, այդ թվում՝ տեղափոխման հետ կապված այլ ծախսեր, մաքսազերծում, ավելացված արժեքի հարկ և այլն).
7) այն դեպքում, երբ կառուցվածքը (կոնստրուկցիան) կազմում է վարկով/լիզինգով ձեռք բերվող տեխնոլոգիական սարքավորման անբաժանելի մաս, ապա կառուցվածքը կարող է դիտարկվել որպես վարկի/լիզինգի առարկա.
8) վարկի/լիզինգի տրամադրման և սպասարկման ընթացքում միջնորդավճարներ, վաղաժամկետ մարման համար տույժեր/տուգանքներ կամ այլ վճարներ չեն կիրառվում․
9) մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման հաշվարկումը՝
ա. լիզինգի պայմանագրի շրջանակներում լիզինգի առարկայի ձեռքբերման համար ֆինանսական կազմակերպությունների կողմից վճարված գումարների (արտարժույթի դեպքում՝ համարժեք դրամի) և լիզինգառուի կողմից որպես կանխավճար վճարված գումարների դրական տարբերության վրա՝ սկսած վերոնշյալ գումարների վճարման օրվանից մինչև լիզինգի առարկայի հանձնման-ընդունման ակտերի ստորագրման օրը հաշվարկվում է տոկոս, որը չի կարող գերազանցել լիզինգի՝ պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույքը,
բ. սույն ենթակետի «ա» պարբերությունում հաշվարկված տոկոսագումարը սուբսիդավորվում է մեքենասարքավորման և դրա բաղկացուցիչ մասերի հանձնման ընդունման ակտի ստորագրումից հետո միանվագ՝ ծրագրով սահմանված ընթացակարգով: Ընդ որում, մատակարարման փուլի սուբսիդավորումը կատարվում է մինչև 180 օր ժամկետի համար՝ սկսած լիզինգի պայմանագրի կնքման օրվանից, իսկ 180 օր ժամկետը գերազանցող ժամկետի համար տոկոսների վճարման պարտականությունը կրում է լիզինգառուն,
գ. լիզինգի առարկան չմատակարարվելու կամ այլ հանգամանքներով պայմանավորված հանձնման-ընդունման ակտը չստորագրվելու դեպքում՝ սույն ենթակետի «բ» պարբերությունում նշված տոկոսագումարը ենթակա չէ սուբսիդավորման, և տոկոսագումարի վճարման պարտականությունը կրում է լիզինգառուն,
դ. վարկային պայմանագրի շրջանակներում մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերման համար վարկի պայմանագրի կնքման օրվանից մինչև մատակարարի կողմից ապրանքի փաստացի մատակարարման (հանձնման-ընդունման ակտի ստորագրում) օրը հաշվարկվում է տոկոսադրույք (կամ դրան հավասարեցված վճար)։ Նշված տոկոսադրույքը (կամ դրան հավասարեցված վճարը) սուբսիդավորվում է մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի հանձնման-ընդունման ակտի ստորագրման օրվանից հետո միանվագ՝ ծրագրով սահմանված ընթացակարգով և չի կարող գերազանցել վարկի պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույքը: Ընդ որում, մատակարարման փուլի սուբսիդավորումը կատարվում է մինչև 180 օր ժամկետի համար՝ սկսած վարկի պայմանագրի կնքման օրվանից, իսկ 180 օր ժամկետը գերազանցող օրերի համար տոկոսների վճարման պարտականությունը կրում է վարկառուն,
ե. մեքենասարքավորումները և դրանց բաղկացուցիչ մասերը չմատակարարվելու դեպքում սույն ենթակետի «դ» պարբերությունում նշված տոկոսագումարը ենթակա չէ սուբսիդավորման, իսկ տոկոսագումարի վճարման պարտականությունը կրում է վարկառուն,
10) կապիտալ շինարարության վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման հաշվարկումը սկսվում է պայմանագրի կնքման օրվանից:
(6-րդ կետը խմբ., փոփ., լրաց. 04.08.22 N 1224-Լ, լրաց., խմբ. 18.05.23 N 831-Լ)
7. Տոկոսադրույքների սուբսիդավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա։
6․ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ
8. Սույն միջոցառման շրջանակում վարկ/լիզինգ ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է սույն միջոցառմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում սույն միջոցառմամբ սահմանված կանոնների համաձայն կիրականացվի սուբսիդավորում՝ տվյալ վարկի/լիզինգի տոկոսների` սույն հավելվածի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափերով, վարկի/լիզինգի մարման ժամկետի՝ սույն հավելվածի 6-րդ կետում նշված ժամանակահատվածի համար։
8.1. Սույն հավելվածի 6-րդ կետի 9-րդ ենթակետի «ա» և «դ» պարբերություններով նախատեսված հանձնման-ընդունման ակտի ստորագրումից հետո վարկի/լիզինգի սուբսիդավորումն իրականացվում է սույն հավելվածի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափերով, վարկի/լիզինգի մարման ժամկետի՝ սույն հավելվածի 6-րդ կետում նշված ժամանակահատվածի համար:
(8.1-ին կետը լրաց. 04.08.22 N 1224-Լ)
9. Հայաստանի Հանրապետության դրամով վարկերի սուբսիդավորման չափերը, կախված նպատակից, հետևյալն են՝«
Նպատակը |
Սուբսիդավորման չափը |
մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի վարկ |
8% |
մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգ |
10% |
կապիտալ շինարարության վարկ |
8% |
կապիտալ շինարարության լիզինգ |
10% |
(աղյուսակը լրաց. 18.05.23 N 831-Լ)
(9-րդ կետը փոփ. 04.08.22 N 1224-Լ, լրաց. 18.05.23 N 831-Լ)
10. Արտարժույթով վարկերի սուբսիդավորման չափերը, կախված նպատակից, հետևյալն են՝
Նպատակը |
Սուբսիդավորման չափը |
մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի վարկ |
6% |
մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգ |
8% |
կապիտալ շինարարության վարկ |
6% |
կապիտալ շինարարության լիզինգ |
8% |
(աղյուսակը լրաց. 18.05.23 N 831-Լ)
(10-րդ կետը փոփ. 04.08.22 N 1224-Լ, լրաց. 18.05.23 N 831-Լ)
7․ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ ՆԵՐԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Տնտեսավարողը, որի կանոնադրական կապիտալում 200 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում է կատարվել օժանդակության համար դիմելուն նախորդող 12 ամսվա ընթացքում, կարող է օգտվել հետևյալ հավելյալ արտոնությունից՝
1) սույն հավելվածի 6-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի/լիզինգի սուբսիդավորվող մասի առավելագույն գումարը սահմանվում է կանոնադրական կապիտալում կատարված ներդրման հնգապատիկի չափով, բայց ոչ ավելի, քան 10 մլրդ դրամ, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում՝ 5 մլրդ դրամին համարժեք:
(11-րդ կետը փոփ. 18.05.23 N 831-Լ)
12. Ընդ որում, սուբսիդավորման ամբողջ ժամանակահատվածում կանոնադրական կապիտալի նվազեցում չի թույլատրվում:
(12-րդ կետը փոփ. 18.05.23 N 831-Լ)
13. Սույն միջոցառման 11-րդ կետով նախատեսված արտոնությունից օգտվող տնտեսավարողները մինչև վարկի/լիզինգի պայմանագրի ստորագրումը պարտավոր են ֆինանսական կազմակերպությանը ներկայացնել կանոնադրական կապիտալի համալրումը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև պայմանագրի ստորագրմանը հաջորդող տարվա ընթացքում և դրան հաջորդող սուբսիդավորման տարիների ամբողջ ընթացքում պարտավորվում են ներկայացնել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվետվություններ, ինչպես նաև 500 մլն դրամ և ավելի շրջանառություն ունեցող աուդիտորական ընկերությունների կողմից արտաքին աուդիտի եզրակացություն։
(13-րդ կետը փոփ. 04.08.22 N 1224-Լ)
14․ Սույն հավելվածի 12-րդ և 13-րդ կետերում նշված պայմանի խախտման դեպքում տվյալ տնտեսավարողին տրամադրված վարկը/լիզինգը ենթակա է մարման բացահայտումից հետո անհապաղ, իսկ պետության կողմից վճարված սուբսիդավորման գումարները բանկի միջոցով ենթակա են վերադարձման՝ ֆինանսական կազմակերպության և տնտեսավարողի միջև կնքվող պայմանագրով ամրագրված կարգով։
8․ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՅԼ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
15․ Սույն միջոցառման իմաստով նպատակային է համարվում այն վարկ/լիզինգը, որը տրամադրվել է ստորև աղյուսակում ներկայացված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված՝ Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների և որոշման 5-րդ կետով սահմանված օգտագործման նպատակների համադրությամբ՝
Գործունեության նպատակ |
Օգտագործման նպատակ |
B (ԲԻ) «ՀԱՆՔԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՑԱՀԱՆՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում |
C (ՍԻ) «ՄՇԱԿՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ» |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում |
D(ԴԻ) «ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԳԱԶԻ, ԳՈԼՈՐՇՈՒ ԵՎ ԼԱՎՈՐԱԿ ՕԴԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ» |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում |
F (ԷՖ) «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում |
G 45.2 (ՋԻ) «Ավտոմեքենաների |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում |
H (ԷՅՋ) «ՓՈԽԱԴՐՈՒՄ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում |
I 55 (ԱՅ) «ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ» (բացառությամբ Երևան քաղաքի վարչական տնտեսավարողների) |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում |
J (ՋԵՅ) «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՊ» |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում |
M (ԷՄ) «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում |
N77 (ԷՆ) «Վարձույթ և լիզինգ» |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում |
P (ՓԻ) «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում |
Q (ՔՅՈՒ) «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում |
R (ԱՌ) «ՄՇԱԿՈՒՅԹ, ԶՎԱՐՃՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՆԳԻՍՏ» (բացառությամբ 92-րդ հատվածի) |
մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում; կապիտալ շինարարության իրականացում |
(աղյուսակը խմբ. 18.05.23 N 831-Լ)
Ընդ որում, որոշման համատեքստում որպես տնտեսական գործունեության դասակարգիչ է դիտարկվում այն ոլորտային դասակարգիչը, որի համար շահառուն դիմում է ֆինանսավորման։
(15-րդ կետը խմբ. 04.08.22 N 1224-Լ, 18.05.23 N 831-Լ)
15.1. Սույն միջոցառման շրջանակներում վարկ է համարվում նաև փաստաթղթային ակրեդիտիվը, և փաստաթղթային ակրեդիտիվի միջոցով տրամադրվող ֆինանսավորումը ևս ենթակա է սուբսիդավորման՝ սույն միջոցառմամբ սահմանված վարկի պայմաններով։
(15.1-ին կետը լրաց. 04.08.22 N 1224-Լ)
16․ Սույն միջոցառումը գործելու է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։
(16-րդ կետը փոփ. 18.05.23 N 831-Լ)
17․ Սույն միջոցառմանը կարող են մասնակցել հավելվածում նշված պայմանները բավարարող բոլոր տնտեսավարողները՝ անկախ նախկինում պետական աջակցության միջոցառումներին մասնակցած լինելու փաստից։
18. Սույն հավելվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված սուբսիդավորման ժամկետները և այլ պայմաններն արդյունաբերության գերակա ոլորտներում կատարվող կապիտալ ներդրումների համար կարող են փոփոխվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
19. Որոշման իմաստով մեքենասարքավորումներ են համարվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված ապրանքների անվանացանկի 84-94 խմբերում ներառված ապրանքները, բացառությամբ 8432, 8433, 8436, 8703, 8711-8715, 9004 ծածկագրերում և 91-92 խմբերում ներառված ապրանքների, ընդ որում, մեքենասարքավորումների բաղկացուցիչ մասերի ծածկագրերը կարող են ներառված չլինել նշված խմբերում:
(19-րդ կետը լրաց. 18.05.23 N 831-Լ)
20. Միջոցառման շրջանակներում ֆինանսական կազմակերպությունները տարեկան մեկ անգամ (հաշվետու տարվա ավարտից հետո) պարտավոր են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել միջոցառման պայմաններին համապատասխանության վերաբերյալ մոնիթորինգային հաշվետվություն, որը կպարունակի նաև Հաշվապահների միջազգային ֆեդերացիայի կողմից թողարկված հավաստիացման (բացի աուդիտից և դիտարկումից) միջազգային 3000 ստանդարտի (ISAE) համաձայն եզրակացություն՝ թողարկված 500 մլն դրամ և ավելի տարեկան շրջանառություն ունեցող խորհրդատվական/աուդիտորական ընկերությունների կողմից։ Ընդ որում, մեկ փոխառուին մինչև 50 մլն դրամ սահմանաչափով վարկային/լիզինգային պայմանագրերի դեպքում նշված եզրակացությունը չի պահանջվում:
(20-րդ կետը լրաց. 18.05.23 N 831-Լ)
(հավելվածը փոփ. 03.04.20 N 464-Լ, լրաց., փոփ., խմբ. 09.04.20 N 503-Լ, խմբ. 14.04.20 N 554-Լ, լրաց., փոփ. 22.04.20 N 586-Լ, փոփ. 29.04.20 N 640-Լ, խմբ. 12.05.20 N 725-Լ, փոփ., լրաց. 19.05.20 N 769-Լ, լրաց. 12.06.20 N 947-Լ, լրաց., խմբ. 09.09.20 N 1480-Լ, խմբ. 22.07.21 N 1184-Լ, 27.01.22 N 106-Լ, փոփ., խմբ., լրաց. 04.08.22 N 1224-Լ, 18.05.23 N 831-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման |
ԲԱՐՁՐ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
1. Միջոցառման նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ընկերությունների արտադրողականությունը:
2. Միջոցառման խնդիրն է աջակցել տնտեսավարողներին ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների:
2. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
3. Սույն միջոցառման իմաստով՝
1) տնտեսավարող են համարվում Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք աջակցության համարf դիմելու պահին նախորդող 12 ամսվա ընթացքում ներգրավել են սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված բարձր որակավորում ունեցող մասնագետների (այսուհետ` ԲՈՈՒՄ).
2) ԲՈՈՒՄ է համարվում այն մասնագետը, ով տնտեսավարողի կողմից ծրագրին դիմելու պահին նախորդող 30 ամսից առնվազն 12-ը ապրել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, աջակցությանը դիմելու պահին համարվում է եկամտային հարկ վճարող (բացառությամբ QS համաշխարհային համալսարանների վարկանիշի (QS World University Rankings) առաջատար 50 (հիսուն) ԲՈՒՀ-երից որևէ մեկում գիտությունների դոկտորի (Doctor of Philosophy) կամ դրան հավասարեցված գիտական այլ աստիճան ունեցող ԲՈՈՒՄ-ները) և բավարարում է հետևյալ պայմաններից գոնե մեկին՝
ա. ավարտել է ծրագրին դիմելու տարում հրապարակված QS համաշխարհային համալսարանների վարկանիշի (QS World University Rankings) առաջատար 400 (չորս հարյուր) ԲՈՒՀ-երից որևէ մեկը և ստացել է բակալավրի, մագիստրոսի և/կամ դոկտորի որակավորում/աստիճան (կամ տվյալ երկրում ընդունված համապատասխան այլ բարձրագույն կրթական որակավորում/աստիճան),
բ. ունի նվազագույնը 10 (տասը) տարվա աշխատանքային փորձ հետևյալ վարկանիշային կամ ինդեքս թողարկող ընկերությունների կողմից թողարկված վարկանիշի կամ ինդեքսի մաս կազմող ընկերություններում՝ Forbes, Fortune, HeadHunter, NIFTY, Dow Jones, FTSE, S&P, SSE Composite, SZSE, KOSPI, KOSDAQ, BSE SENSEX, NSE of India, BOVESPA, IBrX, ITEL, Nikkei, TOPIX, DAX, MDAX, MOEX Russia.
3) միջոցառման իմաստով ԲՈՈՒՄ-ներին հաշվարկված աշխատավարձեր և դրան հավասարեցված այլ վճարումներ են համարվում վերջիններիս համար պայմանագրերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված աշխատավարձերը և դրանց հավասարեցված այլ վճարումները կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով սահմանված վճարները (ներառյալ հարկերը, պարտադիր այլ վճարները):
(3-րդ կետը լրաց., փոփ. 18.05.23 N 831-Լ)
3. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ
4. Միջոցառմամբ նախատեսվում է փոխհատուցել տնտեսավարողների կողմից ներգրավված ԲՈՈՒՄ-երին հաշվարկված աշխատավարձերը և դրան հավասարեցված այլ վճարումները 1 ԲՈՈՒՄ-ի համար համաձայն հետևյալ սանդղակի`
1) սույն միջոցառման 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ԲՈՈՒՄ-երին հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների առավելագույնը 20%-ը, սակայն ոչ ավելի, քան ամսական 1 000 000 (մեկ միլիոն) դրամ և ոչ ավելի, քան փոխհատուցման ժամանակահատվածի համար վճարված և պետական այլ միջոցառումների շրջանակներում վերադարձված եկամտային հարկի տարբերությունը.
2) բացառություն են կազմում դոկտորական աստիճան ունեցող ԲՈՈՒՄ-երը, որոնց դեպքում կփոխհատուցվի վճարված աշխատավարձերի և դրան հավասարեցված այլ վճարումների առավելագույնը 50%-ը, սակայն ոչ ավելի, քան ամսական 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամը, իսկ վերջիններիս կողմից նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կրթական և հետազոտական ծառայություններ մատուցող կազմակերպություններում դասավանդելու դեպքում հիմնական աշխատավայրի աշխատավարձի նշյալ փոխհատուցումից բացի, կփոխհատուցվի նաև կրթական և հետազոտական ծառայություններ մատուցող կազմակերպության կողմից վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 70%-ը, սակայն ոչ ավելի, քան գումարային ամսական 2 000 000 (երկու միլիոն) դրամը:
(4-րդ կետը փոփ. 18.05.23 N 831-Լ)
4. ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Աջակցություն ստանալու նպատակով տնտեսավարողները պարտավոր են իրականացնող մարմին ներկայացնել`
1) սույն միջոցառման շահառու դառնալու մասին դիմում-հայտ, որում պարտադիր նշվում է ընկերության անվանումը, ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրի հասցեն և բանկային տվյալները.
2) սույն միջոցառման 3-րդ կետում նշված պայմանները բավարարող ԲՈՒՀ-երից որևէ մեկի բարձրագույն կրթությունը կամ գիտական աստիճանը հիմնավորող վկայականի բնօրինակը կամ պատճենը և/կամ 3-րդ կետում նշված պայմանները բավարարող ընկերություններում աշխատելու հետևյալ հիմքերը`
i. տեղեկանք նշված ընկերություններից որևէ մեկից, որում պետք է հստակ նշված լինի քանի տարի է տվյալ մասնագետն աշխատել այդ ընկերությունում և ինչ պաշտոններ է զբաղեցրել,
ii. մասնագետի նախկին աշխատավայրի ղեկավար անձնակազմից համապատասխան անձի/անձանց անունը, ազգանունը, պաշտոնը, էլ․ հասցեն, հեռախոսահամարը` սույն միջոցառման 3-րդ կետում նշված տեղեկությունները հաստատելու համար.
3) ԲՈՈՒՄ-ի հետ կնքված աշխատանքային պայմանագրի կամ ծառայությունների մատուցման պայմանագրի (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի) պատճենը Հայաստանի Հանրապետությունում գտնվող ընկերությունից.
4) ԲՈՈՒՄ-ի անձը հաստատող փաստաթղթի և հանրային ծառայության համարանիշի պատճենը.
5) ԲՈՈՒՄ-ի համաձայնությունը սույն միջոցառման շրջանակներում ծրագիրն իրականացնող մարմնի և Հայաստանի Հանրապետության շահագրգիռ գերատեսչությունների կողմից անձնական տվյալների, այդ թվում՝ աշխատավարձի չափի, վճարված հարկերի, ինչպես նաև երկրում գտնվելու տեղեկությունների փոխանցման, ստացման, մշակման վերաբերյալ:
(5-րդ կետը փոփ., լրաց., խմբ. 18.05.23 N 831-Լ)
6. Սույն միջոցառման 7-րդ կետում նշված փաստաթղթերը և տեղեկությունները միջոցառման պահանջները բավարարելու դեպքում իրականացնող մարմինը ՊԵԿ-ին պաշտոնական գրությամբ ներկայացնում է հարցում, որի հիման վրա ՊԵԿ-ը 5 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնող մարմնին է ներկայացնում ԲՈՈՒՄ-ի եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներով հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների, եկամտային հարկի չափի վերաբերյալ տեղեկություններ` ըստ ամիսների:
7. Սույն միջոցառման պահանջները բավարարող դիմում-հայտերի փոխհատուցումները փոխանցվում են տնտեսավարողների դիմում-հայտում նշված բանկային հաշիվներին` մինչև յուրաքանչյուր եռամսյակի ավարտին հաջորդող 15 օրվա ընթացքում:
8. Փոխհատուցումները տրամադրվում են միայն դիմումի բավարարման պահից հետո ԲՈՈՒՄ-ներին վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների դիմաց և չեն տրամադրվում դիմումին նախորդող շրջանում վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների համար։
9. Փոխհատուցման տրամադրումը մերժվում է, եթե տնտեսավարողի կողմից ներկայացված փաստաթղթերով տրամադրված տեղեկությունները և տվյալները չեն համապատասխանում իրականությանը կամ սույն միջոցառման պահանջներին։
10. Փոխհատուցումները տրամադրվում են դիմումի հաստատումից սկսած իրար հաջորդող 36 ամիսների համար:
5. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
11. Աջակցությունը տրամադրվում է սույն միջոցառմամբ սահմանված պահանջները բավարարող տնտեսավարողներին` պայմանով, որ աջակցության համար դիմելուն նախորդող առնվազն 2 ամսվա (անընդմեջ) ընթացքում ԲՈՈՒՄ-ը հանդիսացել է տվյալ տնտեսավարողի աշխատակից:
12. Սույն միջոցառման վերջնաժամկետ է սահմանվում 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։
13. Միջոցառման իմաստով դոկտորի գիտական աստիճան ունեցող ԲՈՈՒՄ է համարվում գիտությունների դոկտորի (Doctor of Philosophy) կամ դրան հավասարեցված գիտական այլ կոչում ունեցող ԲՈՈՒՄ-ը:
(13-րդ կետը լրաց. 18.05.23 N 831-Լ)
14. Միջոցառման մոնիթորինգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից՝ անհրաժեշտությամբ պայմանավորված նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության և ծրագրի արդյունավետության գնահատման նպատակով՝ տարեկան առնվազն 1 անգամ։
(14-րդ կետը լրաց. 18.05.23 N 831-Լ)
(հավելվածը խմբ. 04.08.22 N 1224-Լ, լրաց., փոփ., խմբ. 18.05.23 N 831-Լ)