ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/0577/11/20 | ||
Գործ թիվ ԵԴ/0577/11/20 |
|||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
10 փետրվարի 2023 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով դիմող Արտեմ Զավենի Խաչիկյանի ներկայացուցիչներ Վ․Հովհաննիսյանի և Ս․Խչեյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի մարտի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է դիմող Արտեմ Զավենի Խաչիկյանի «Հանցագործության մասին հաղորդում» վերտառությամբ դիմումը, որը քննարկման է ուղղարկվել ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն։
Հիշյալ դիմումի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության վերոգրյալ վարչության ավագ դատախազ Տ․Ենոքյանի՝ 2020 թվականի հունիսի 16-ի գրությամբ, դիմող Արտեմ Խաչիկյանին տրվել է գրավոր պատասխան։
2․ Վերոնշյալ գրության դեմ դիմող Ա․Խաչիկյանի բողոքը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2021 թվականի հունվարի 13-ի որոշմամբ մերժվել է:
3․ Դիմողի ներկայացուցիչներ Վ․Հովհաննիսյանի և Ս․Խչեյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2021 թվականի մարտի 15-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունվարի 13-ի որոշումը բեկանելու և դիմող Ա․Խաչիկյանի իրավունքների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2021 թվականի օգոստոսի 6-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական իրավունքի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանի դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներին:
Ըստ բողոքաբերի, Ա․Խաչիկյանի ներկայացրած դիմումի փաստական հիմնավորումները չեն պարունակում տեղեկություն կոնկրետ հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին, այլ կառուցված են թիվ 12125519 քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կայացրած որոշման իրավաչափության վերաբերյալ դիմողի դատողությունների վրա։ Մինչդեռ, մինչդատական վարույթի ընթացքում քննիչի կայացրած որոշումների կամ կատարած գործողությունների կապակցությամբ դատավարության մասնակցի անհամաձայնությունը չի կարող դիտարկվել որպես հանցագործության մասին հաղորդում և առաջացնել 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 180-րդ հոդվածով նախատեսված գործիքակազմի գործադրմամբ քննարկման ու լուծման ենթակա դատավարական իրավահարաբերություններ։ Տվյալ դեպքում ենթակա է գործադրման վարույթն իրականացնող մարմնի գործողությունների բողոքարկման դատավարական կառուցակարգը, ինչից զրկված չի եղել նաև դիմողը, հետևաբար՝ դիմողի որևէ իրավունք չի խախտվել։
6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2021 թվականի մարտի 15-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունվարի 13-ի որոշմանը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7․ Դիմող Ա․Խաչիկյանի՝ «Հանցագործության մասին հաղորդում» վերտառությամբ դիմումով ենթադրյալ հանցանքը փաստարկվել է նրանով, որ․ «(…) 21․04․2020 թվականին ՀԿԳ քննիչ Ա․Կարապետյանի կողմից, թիվ 12125519 քրեական գործի նյութերով նոր քրեական գործ հարուցելու, այն առանձին վարույթում առանձնացնելու և վարույթ ընդունելու մասին որոշման կայացումն իր մեջ պարունակում է [2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված] ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ գլխով նախատեսված՝ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության (հանցագործությունների) հատկանիշները, այսպես (․․․) քրեական գործով ձեռք բերված ոչ մի այլ ապացույցներով չհիմնավորված մեղադրյալ Գ․Մաշադյանի ցուցմունքից քննիչը ենթադրություն է կատարել, որ եթե Գ․Մաշադյանը ցուցմունք է տալիս իր կողմից գույք հափշտակելը հերքելու վերաբերյալ, հիշյալ հանգամանքը բավարար է ենթադրելու, որ գույքի գաղտնի հափշտակությունը կատարվել է այլ անհայտ անձի կողմից։ Քննիչի նման ենթադրությունը չի հիմնավորվում որևէ այլ ապացույցներով և չի կարող հիմք հանդիսանալ քրեական գործի նյութերով նոր քրեական գործ հարուցելու համար, հետևաբար կայացված որոշումը ոչ միայն օրինական չէ, այլև, իմ գնահատմամբ քննիչի այդ գործողություններում առկա են հանցագործության հատկանիշներե2։
7․1․ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Տ․Ենոքյանի` 2020 թվականի հունիսի 16-ի գրությամբ, դիմող Ա․Խաչիկյանին տրվել է պատասխան այն մասին, որ հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունները բավարար չեն այն քննարկելուն, ստուգելուն և լուծելուն ուղղված օրենսդրական կարգավորումները գործադրելու համար3։
8. Առաջին ատյանի դատարանը, ստուգման ենթարկելով դիմողի՝ «Հանցագործության մասին հաղորդում» վերտառությամբ դիմումի կապակցությամբ գրությամբ պատասխանելու իրավաչափության, ըստ այդմ իրավունքի խախտման հարցը՝ արձանագրել է հետևյալը․ «(...) Ա․Խաչիկյանի հաղորդումը՝ որպես քրեական գործ հարուցելու առիթ, կոնկրետ հանցագործության տարրեր պարունակող նախապատրաստվող կամ կատարված հանցագործության մասին տեղեկատվություն չի պարունակել, որպեսզի հիմք հանդիսանա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգով նյութ նախապատրաստելու և հետևաբար նաև [նույն օրենսգրքի] 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը կայացնելու համար: Այլ կերպ՝ կոնկրետ դեպքում չի եղել նյութեր նախապատրաստելու քրեադատավարական պարտականություն և հաջորդիվ նաև՝ քրեադատավարական անգործություն: Հետևաբար, Ա․Խաչիկյանի հաղորդման հիման վրա նյութ չնախապատրաստելը, արդյունքում՝ գրությամբ պատասխանելն իրավաչափ է և բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսդրության ու ՀՀ Վճռաբեկ դատարանի [վերաբերելի] որոշման տրամաբանությունից: Ընդ որում դատախազության կողմից գրությամբ պատասխանելով չեն խախտվել բողոքաբեր, քրեական գործով տուժողի իրավահաջորդ Ա․Խաչիկյանի իրավունքները»4։
9․ Վերաքննիչ դատարանը դիմող Ա․Խաչիկյանի ներկայացուցիչների բողոքը հիմնավորված ճանաչելով և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնելու վերջինիս իրավունքների խախտումը, իր դատական ակտի հիմքում դրել է հետևյալ դատողությունը․ «(…) Ա.Խաչիկյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել կոնկրետ անձի կողմից կոնկրետ հանցագործություն կատարելու մասին, այն վերացական և ընդհանուր բնույթի դիմում չէ:
Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ քրեադատավարական օրենսդրությունը սահմանում է քրեական գործի հարուցման հարցը լուծելու համար անհրաժեշտ միասնական և պարտադիր կարգ, որը ենթադրում է հանցագործության մասին հաղորդման ընդունում ու գրանցում, դրա մեջ արձանագրված փաստական տվյալների ստուգում և պատճառաբանված որոշման կայացում, իսկ որպեսզի հաղորդումը հիմք հանդիսանա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը կայացնելու համար, այն պետք է բովանդակի տվյալներ կոնկրետ հանցագործության մասին, ինչը տվյալ դեպքում առկա է եղել: Այսինքն առկա է եղել քրեական գործ հարուցելու առիթ, որի պարագայում պետք է կատարվեին համապատասխան քրեադատավարական գործողություններ՝ պարզելու քրեական գործ հարուցելու հիմքեր առկա են թե ոչ, այսինքն պետք է իրականացվեր հաղորդման նախնական ստուգում որից հետո միայն հնարավոր կլիներ կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը:
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Տ.Ենոքյանը բավարարվել է Ա.Խաչիկյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդմանը գրությամբ պատասխանելով, որի արդյունքում խախտվել է վերջինիս արդար քննության իրավունքը»5:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ են արդյո՞ք դիմող Ա.Խաչիկյանի իրավունքի խախտման ու վարույթն իրականացնող մարմնին այն վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:
11․ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։
Վկայակոչված իրավադրույթի բովանդակության հաշվառմամբ ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ պաշտոնատար անձինք գործունեություն ծավալելիս պարտավոր են խստորեն գործելու Սահմանադրությամբ կամ օրենքներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, հակառակ պարագայում թույլ կտրվի օրինականության սկզբունքի խախտում, ինչից որևէ բացառություն որևէ պետական մարմնի համար Սահմանադրությամբ նախատեսված չէ6։
12․ Պայմանավորված սույն գործի փաստական հանգամանքներով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ քրեադատավարական համակարգում քննիչի ունեցած գործառնական դերը, լիազորությունների ու պարտականությունների ամբողջությունը սահմանող իրավադրույթների մեկնաբանությանը։ Այսպես․
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի համաձայն՝ «քննիչ[ը]` քննչական կոմիտեի, հակակոռուպցիոն կոմիտեի, ազգային անվտանգության, հարկային կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձ [է], որն իր իրավասության սահմաններում քրեական գործով կատարում է նախաքննություն»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածն ընդհանուր գծերով բացահայտում է քննիչի կարգավիճակի առանձնահատկությունները: Մասնավորապես, վերոնշյալ դատավարական նորմի վերլուծությունից հետևում է, որ քննիչը պետական պաշտոնատար անձ է, որն իր իրավասության սահմաններում քրեական վարույթի ընթացքում իրականացնում է նախաքննություն։ ՀՀ քրեական դատավարության օրենսդրության՝ քննիչի գործառույթից բխող լիազորությունները բովանդակող նորմերի համալիր ուսումնասիրությունից հետևում է, որ հիշյալ ընթացակարգում իր լիազորություններն իրականացնելիս քննիչը գործում է հարաբերական ինքնուրույնության պայմաններում․ իրեն վերապահված վարութային հնարավորություններն իրացնում է երկու ձևով՝ իր հայեցողությամբ և հսկող դատախազի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ։ Նախաքննության համակողմանիությունն ապահովելու համար քննիչը լիազորված է ինքնուրույն ուղղություն տալ քննությանը, քրեական դատավարության խնդիրները լուծելու համար ընդունել անհրաժեշտ որոշումներ, օրենքին համապատասխան կատարել քննչական և վարութային այլ գործողություններ։ Միևնույն ժամանակ, քննիչը պատասխանատու է նախաքննության համակողմանիության, դրա բնականոն ընթացքի, քննչական գործողություններն օրենքով սահմանված կարգով ու ժամկետին կատարելու, ինչպես նաև իր կիրառած հարկադրանքի միջոցների իրավաչափության համար։
13․ Սույն որոշման 11-րդ կետում շարադրված դիրքորոշման լույսի ներքո գնահատման ենթարկելով նախորդ կետում՝ քննիչի կարգավիճակի առանձնահատկությունների վերաբերյալ կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննիչի կարգավիճակը նրա զբաղեցրած դիրքն է քրեական դատավարության համակարգում և դրանից բխող նրա լիազորությունների ու պարտականությունների ամբողջությունը: Մասնավորապես, քննիչը մինչդատական վարույթի հանրային մասնակիցների համակարգում առանցքային տեղ է զբաղեցնում, ում վերապահված է քրեական վարույթի ընթացքում քննություն իրականացնելու գործառույթը։ Համապատասխան գործառույթը քննիչն իրացնում է վարութային հարաբերական ինքնուրույնության պայմաններում՝ քրեական դատավարության օրենսդրությամբ ամրագրված լիազորությունների միջոցով, որոնք նրա կարգավիճակի հիմքն են կազմում: Միևնույն ժամանակ, այդ լիազորությունների կենսագործումը պետք է համապատասխանի դատավարական պահանջներին, որպիսի եզրահանգումը բխում է ՀՀ Սահմանադրության համապատասխան նորմի բովանդակությունից:
13․1․ Վարութային հարաբերական ինքնուրույնությունը, լինելով քննիչի կարգավիճակի բաղկացուցիչ տարր, կոչված է ապահովելու վերապահված գործառույթի արդյունավետ և իրավաչափ կենսագործումը, ինչը ենթադրում է, որ քննիչը պետք է գործի արտաքին ներգործությունն ու ճնշումները բացառող երաշխիքների պայմաններում՝ օրենքով իրեն տրված լիազորությունների շրջանակում, որոնք անհրաժեշտ և բավարար են իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննչական համակարգի հարաբերական ինքնուրույնության սկզբունքի լիարժեք ապահովումն անհնար կլինի այն դեպքում, եթե քննիչի համար չապահովվի քրեական վարույթի ընթացքում օրենքի կիրառման (մեկնաբանման), ներքին համոզմամբ փաստերի և ապացույցների գնահատման, արդյունքում կայացրած որոշման ու կատարած գործողության կապակցությամբ հետապնդումներ թույլ չտալու երաշխիքը։ Վարութային հարաբերական ինքնուրույնության հիմքը ձևավորող այդ երաշխիքը կոչված է ապահովելու քննիչի և հանրության (գործի արդարացի քննության իրավունքը կրողի) այն համոզմունքը, որ ի պաշտոնե գործելիս քննիչը չի հետապնդվի իր մասնագիտական գործունեության համար։ Միայն այդպիսի երաշխիքի առկայության պայմաններում է հնարավոր բարձր պահանջներ ներկայացնել քննիչի մասնագիտական գործունեությանն ու հանրության մոտ ձևավորել քննիչի դատավարական գործունեության անաչառության նկատմամբ վստահություն։ Այլ կերպ՝ հարաբերական ինքնուրույնության նախատեսումը և դրանից ածանցյալ՝ ի պաշտոնե գործելիս հետապնդումների չենթարկվելու երաշխիքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի տրամաբանությունից բխող անհրաժեշտ և բավարար գործողություններ ձեռնարկելու ու քննչական համակարգի վարութային ակտերի նկատմամբ հասարակության վստահության կարևոր նախապայմաններն են:
14․ Նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշման հետ մեկտեղ Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում փաստել, որ ՀՀ քրեական օրենսգրքի առարկայից և խնդիրներից դուրս չէ քրեական վարույթի շրջանակում քննիչի գործունեությունը, քանի որ նրա կողմից ձեռնարկվող միջոցներն ուղղակի ազդեցություն ունեն վարույթի ընթացքի ու արդարացիության վրա՝ ներառյալ բուն դատաքննությունը։ Այս առումով հատկանշական են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի քրեաիրավական հայեցակետի առնչությամբ։ Մի շարք գործերով դատարանն ընդգծել է, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը կիրառելի համարելու համար բավական է, որ տվյալ իրավախախտումը Եվրոպական կոնվենցիայի տեսանկյունից իր բնույթով «քրեական» համարվի, կամ որ կատարված իրավախախտման համար անձը ենթակա լինի պատժի, որն իր բնույթով և խստության աստիճանով ընդհանուր առմամբ պատկանում է ,քրեականե ոլորտին7։
Այդ նպատակով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ուշադրության արժանացնել Albert and Le Compte v. Belgium գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով մասնագիտական կարգապահական վարույթների նկատմամբ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի քրեաիրավական հայեցակետի տարածման առնչությամբ տրված գնահատականները։ Մասնավորապես, այդ գործով դատարանն անհրաժեշտ չի համարել դրա վերաբերյալ որևէ որոշում կայացնել՝ հանգելով այն եզրակացության, որ նման վարույթները պատկանում են քաղաքացիական ոլորտին։ Դատարանն ընդգծել է, սակայն, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի երկու ոլորտները՝ քաղաքացիական և քրեական, կարող են նաև փոխբացառող չլինել8։ Այս հարցի շրջանակներում հարկ է փաստել, որ MՖller-Hartburg v. Austria գործով, որը վերաբերում էր փաստաբանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կիրառելի չի համարել Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի քրեաիրավական հայեցակետը։ Դատարանը, հաշվի առնելով այն փաստը, որ կիրառելի կարգապահական նորմը վերաբերում էր ոչ թե հանրությանը, այլ հատուկ կարգավիճակ ունեցող մասնագիտական կոնկրետ խմբի անդամին, և որ դրա նպատակն էր ապահովել փաստաբանական միության անդամների կողմից նրանց մասնագիտական վարքագիծը կարգավորող որոշակի կանոնների պահպանումը, գտել է, որ այն ուներ ոչ թե քրեական, այլ կարգապահական տարրեր9։
15․ Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատավարական գործունեության կապակցությամբ հետապնդման չենթարկվելու երաշխիքի բովանդակային սահմաններին՝ քրեական վարույթ նախաձեռնելու ընթացակարգի առումով։
Այսպես՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչդատական վարույթի շրջանակում քննիչի կողմից իրականացված գործունեության մեջ հանցագործության հատկանիշների առկայության հարցի լուծումն անմիջականորեն ենթադրում է վարութային ակտերի՝ քննիչի կարգավիճակի հետ համատեղելիության տեսանկյունից գնահատում։ Նման մեկնաբանությունը հնարավորություն է տալիս իրավասու մարմնին՝ քննիչի կողմից ենթադրյալ հանցագործությունը կատարած լինելու մասին տվյալներ ստանալով, նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելիս բացառել քննիչի մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում այդ կերպ ճնշումներ գործադրելու հնարավորությունը, ինչն ինքնին կոչված է կենսագործելու վարութային հարաբերական ինքնուրույնության սկզբունքի էությունն ու նպատակները։ Միևնույն ժամանակ, վարութային հարաբերական ինքնուրույնությունը երաշխավորող նման կառուցակարգի իրավական նշանակությունն ուղղված է նաև հանրային գործիքակազմի խնայողությանը և արդարադատության շահերի համաչափ ապահովմանը։
Այս ընթացակարգի առումով, որպես կարգավիճակից բխող վարութային ակտեր կարող են դիտարկվել այնպիսիք, որոնց կատարումը պայմանավորված է քննիչի գործառույթի իրականացման անհրաժեշտությամբ` օրենսդրությամբ նրան վերապահված լիազորությունների կատարման միջոցով: Ընդ որում, ինչպես արդեն նշվել է, լիազորությունների իրացումը պետք է համապատասխանի օրենքների պահանջներին, ինչը բխում է սահմանադրական կարգի հիմունքներում ամրագրված օրինականության սկզբունքի պահանջներից: Վերոգրյալից բխում է այն տրամաբանությունը, որ եթե քննիչը լիազորություններն իրականացնելիս առաջնորդվել է իր մասնավոր, անձնական շահով (ultra vires) կամ դա իրականացրել է օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների անցմամբ, ապա նման ընթացակարգը չի կարող առնչություն ունենալ քննիչի մասնագիտական գործունեության հետ և պետք է գնահատվի որպես քննիչի կարգավիճակից չբխող:
16․ Այսպիսով, ամփոփելով կատարված վերլուծությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական վարույթի շրջանակում քննիչի կողմից իրականացվող գործունեության առթիվ քրեական վարույթի նախաձեռնումը կախված է կայացված որոշման կամ կատարված գործողության՝ քննիչի կարգավիճակից առերևույթ չբխող լինելու հիմնավորումից։ Այսինքն՝ քրեական վարույթի շրջանակում քննիչի կողմից իրականացվող ընթացակարգի առթիվ քրեական վարույթ կարող է նախաձեռնվել այն դեպքում, երբ առկա տեղեկություններով՝ փաստվող դեպքին, գործողությանը կամ անգործությանը ողջամտորեն կարող է տրվել քննիչի կարգավիճակի հետ կապված չլինելու, և միաժամանակ՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական։
Մյուս կողմից էլ, հարկ է նկատել, որ շահագրգիռ անձինք իրենց հաղորդումը ներկայացնելիս պետք է հիմնավորեն վերոնշյալ չափանիշի առկայությունը։ Այս առումով Վճռաբեկ դատարանը հատկապես կարևոր է համարում արձանագրել, որ քրեական վարույթ նախաձեռնելու կառուցակարգը չի կարող գործադրվել, եթե հանցանքի մասին հաղորդումն առերևույթ բովանդակում է քրեական վարույթի շրջանակում քննիչի կայացրած (ընդունած) վարութային ակտերի՝ քրեադատավարական օրենքի պահանջներից չբխելը մատնանշող տվյալներ։ Մասնավորապես՝ հանցանքի մասին հաղորդմամբ փաստվող դեպքը, գործողությունը կամ անգործությունը կարող են առերևույթ պարունակել գործով թույլ տրված դատավարական խախտումների մասին տվյալներ կամ կայացված որոշումների կամ կատարված գործողությունների առնչությամբ դատավարության մասնակցի տրված գնահատականներ։ Նշվածը խնդրո հարցի համատեքստում չի կարող դիտարկվել որպես լեգիտիմ շահի պաշտպանության մեխանիզմ, քանի որ քննիչը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել վարութային գործողությունների և դատավարական ակտերի բովանդակության, այդ թվում՝ իրավական նորմերի տարբերվող մեկնաբանության կամ վերապահված լիազորությունների ու պարտականությունների կենսագործման կարգի խախտման համար, եթե բացակայում են սույն որոշմամբ մատնանշված անհրաժեշտ պայմանները։
Վերոգրյալը որևէ պարագայում չի կարող դիտվել որպես քննիչին տրամադրվող անձնական արտոնություն․ քրեադատավարական կարգի խախտումը կարող է առաջացնել այլ իրավական հետևանքներ, օրինակ՝ դառնալ վերջինիս կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք։
17․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ
- դիմող Ա․Խաչիկյանի՝ ,Հանցագործության մասին հաղորդումե վերտառությամբ դիմումը, բովանդակում է տեղեկություններ թիվ 12125519 քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական գործի նյութերով նոր քրեական գործ հարուցելն իրավաչափ չլինելը մատնանշող տվյալների առկայության մասին10,
- ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության ավագ դատախազ Տ․Ենոքյանը գրությամբ հայտնել է, որ «Հանցագործության մասին հաղորդում» վերտառությամբ դիմումը չի համապատասխանում հանցագործության մասին հաղորդման որոշակիության բովանդակային չափանիշին, ուստի բացակայում է համապատասխան օրենսդրական կառուցակարգերը գործադրելու հիմքը11,
- նշված գրության դեմ դիմող Ա․Խաչիկյանի բողոքի քննության արդյունքում, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է «Հանցագործության մասին հաղորդում» վերտառությամբ դիմումի կապակցությամբ գրությամբ պատասխանելու իրավաչափությունը, ըստ այդմ՝ դիմողի իրավունքի խախտման փաստի բացակայությունը՝ իր դիրքորոշումը հիմնավորելով նրանով, որ հաղթահարված չէ հանցագործության մասին հաղորդման որոշակիության բովանդակային չափանիշը, հետևապես բացակայում է այն քննարկելուն, ստուգելուն և լուծելուն ուղղված դատավարական կարգավորումները գործադրելու հիմքը12,
- Վերաքննիչ դատարանը, որպես դիմող Ա․Խաչիկյանի ներկայացուցիչների բողոքը բավարարելու և իրավունքի խախտումն արձանագրելու հիմնավորում, նշել է, որ տվյալ դեպքում հաղթահարված է հանցագործության մասին հաղորդման որոշակիության բովանդակային չափանիշը, մասնավորապես՝ հաղորդում է ներկայացվել կոնկրետ անձի կողմից կոնկրետ հանցագործություն կատարելու վերաբերյալ, ինչը բավարար էր այն քննարկելուն, ստուգելուն և լուծելուն ուղղված օրենսդրական կարգավորումները գործադրելու համար13։
18․ Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման հաշվառմամբ գնահատելով նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանը, դիմումում նշված փաստերը համարելով բավարար՝ այն որպես առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում դիտարկելու, վարութային միջոցներ ձեռնարկելու և դատավարական ակտ կայացնելու համար, պատշաճ վերլուծության ու իրավական գնահատման չի ենթարկել ներկայացված դիմումի բովանդակությունը։
Այսպես՝ սույն գործի փաստական հանգամանքների շրջանակներում գնահատելով Ա․Խաչիկյանի դիմումը որպես առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում դիտարկելու և այն քննարկելուն, ստուգելուն ու լուծելուն ուղղված դատավարական կարգավորումները գործադրելու հնարավորությունը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դիմողի կողմից չեն ներկայացվել փաստական տվյալներ և չի փաստարկվել թիվ 12125519 քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի դատավարական գործունեության այնպիսի դրսևորում, որին ողջամտորեն կարող էր տրվել քննիչի կարգավիճակից չբխելու, և միաժամանակ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքի հատկանիշներին համապատասխանելու նախնական իրավական գնահատական։ Դիմողն իր փաստարկները հիմնավորել է միայն այն պատճառաբանությամբ, որ նախաքննության ընթացքում այլ ենթադրյալ հանցանք կատարելու փաստի հայտնաբերման դեպքով նոր քրեական գործ հարուցելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը գործի փաստական հանգամանքների պատշաճ գնահատման արդյունք չէ։ Մինչդեռ, ինչպես նշվել է սույն որոշման 16-րդ կետում, դատավարական գործունեության իրավաչափության առնչությամբ վարույթի մասնակցի տրված գնահատականն ինքնին չի կարող վկայել սույն որոշմամբ վկայակոչված չափանիշները հաղթահարված լինելու մասին։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գլխավոր դատախազության կողմից Ա.Խաչիկյանի` «Հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ դիմումին գրությամբ պատասխանելն իրավաչափ է։
Տվյալ դեպքում հայցվող իրավական պաշտպանությունն անմիջապես կապված է նախաքննության փուլում գտնվող քրեական գործով դատավարական գործունեության իրավաչափության գնահատման հետ։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիշյալ դեպքում իրավական պաշտպանության անհրաժեշտ և պատշաճ գործիքակազմ պետք է դիտարկել բացառապես «անմիջական բողոքարկման» կամ «հետաձգված բողոքարկման» կառուցակարգը։
19․ Ընդհանրացնելով կատարված վելուծությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դիմող Ա.Խաչիկյանի իրավունքի խախտման ու վարույթն իրականացնող մարմնին այն վերացնելուն պարտավորեցնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն։
20․ Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2021 թվականի մարտի 15-ի դատական ակտը բեկանելու համար:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի հունվարի 13-ի որոշմանը։
21. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361․1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Դիմող Արտեմ Զավենի Խաչիկյանի ներկայացուցիչներ Վ․Հովհաննիսյանի ու Ս․Խչեյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի մարտի 15-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2021 թվականի հունվարի 13-ի որոշմանը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
__________________________________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 14-17:
3 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 18-19:
4 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 41-47:
5 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 44-51:
6 ՏեԲս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի` 2008 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ ՍԴՈ-766 որոշումը։
7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Lutz v. Germany գործով 1978 թվականի օգոստոսի 25-ի վճիռը, գանգատ թիվ 9912/82, 55-րդ կետ, ՃztՖrk v. Germany գործով 1984 թվականի փետրվարի 21-ի վճիռը, գանգատ թիվ 8544/79, 54-րդ կետ։
8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Albert and Le Compte v. Belgium գործով 1983 թվականի փետրվարի 10-ի վճիռը, գանգատ թիվ 7496/76, 30-րդ կետ։
9 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ MՖller-Hartburg v. Austria գործով 2013 թվականի փետրվարի 19-ի վճիռը, գանգատ թիվ 47195/06, 42-49-րդ կետեր։
10 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
11 Տե՛ս սույն որոշման 7․1-րդ կետը:
12 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
13 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Ե. Դանիելյան | |
Լ. Թադևոսյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |