ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2023 թվականի N 522-Ն
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ (ԼՈՒԾԱՐՈՂ) ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) իրավաբանական անձի հարկադիր լուծարման նպատակով լուծարման հանձնաժողովի ձևավորման, լուծարման հանձնաժողով (լուծարող) նշանակելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) իրավաբանական անձի հարկադիր լուծարման կարգը և ժամկետները՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
13.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 522-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ (ԼՈՒԾԱՐՈՂ) ՆՇԱՆԱԿԵԼՈՒ
1. Իրավաբանական անձի հարկադիր լուծարման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) ձևավորվում է Պրոբացիայի ծառայության և Ֆինանսների նախարարության երեքական ներկայացուցիչներից, որոնք ունեն բարձրագույն տնտեսագիտական կամ բարձրագույն իրավաբանական կրթություն:
2. Հանձնաժողով (լուծարող) նշանակվում է Պրոբացիայի ծառայության պետի հրամանով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:
3. Հանձնաժողով նշանակելու վերաբերյալ Պրոբացիայի ծառայության պետի հրամանը պետք է պարունակի՝
1) լուծարվող իրավաբանական անձի նույնականացման տվյալները.
2) լուծարվող իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի չափը.
3) լուծարման գործընթացի ժամկետը և կարգը.
4) հանձնաժողովի կազմը, ներառյալ՝ հանձնաժողովի նախագահի վերաբերյալ նշում:
4. Հանձնաժողովի նախագահ կարող է լինել Պրոբացիայի ծառայությունից հանձնաժողովում ընդգրկված այն անդամը, որն ունի առավել երկար մասնագիտական ստաժ Պրոբացիայի ծառայությունում:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
13.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 522-Ն որոշման |
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Իրավաբանական անձի հարկադիր լուծարման հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) նշանակման պահից հանձնաժողովին են անցնում իրավաբանական անձի գործերի կառավարման լիազորությունները:
2. Լուծարման գործընթացն իրականացվում է Պրոբացիայի ծառայության պետի սահմանած կարգով և ժամկետում, որը չի կարող գերազանցել 12 ամիսը: Բացառիկ դեպքերում՝ գույքի ծավալներով, պարտավորությունների քանակով կամ լուծարման գործընթացի բարդությամբ պայմանավորված՝ լուծարման գործընթացի համար սահմանված ժամկետը, այդ թվում՝ նշված առավելագույն ժամկետը, կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ մինչև վեց ամիս ժամկետով:
3. Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am) հայտարարություն է զետեղում իրավաբանական անձի հարկադիր լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել 2 ամսից` սկսած լուծարման մասին հրապարակման պահից:
4. Հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում պարտատերերին հայտնաբերելու և դեբիտորական պարտքն ստանալու ուղղությամբ, ինչպես նաև պարտատերերին տեղեկացնում է իրավաբանական անձի լուծարման մասին:
5. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որը ղեկավարում է նախագահը: Հանձնաժողովի նիստերը ենթակա են արձանագրման:
6. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
7. Հանձնաժողովի իրավասությանն առնչվող հարցերը լուծվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:
8. Պարտատերերի կողմից պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո հանձնաժողովն իրականացնում է հաշվարկ՝ լուծարվող իրավաբանական անձի գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի և պահանջների քննարկման արդյունքների մասին՝ կազմելով լուծարման միջանկյալ հաշվեկշիռ:
9. Հանձնաժողովը լուծարման միջանկյալ հաշվեկշիռ կազմելուց հետո՝ եռօրյա ժամկետում, այն հաստատման է ներկայացնում Պրոբացիայի ծառայության պետին:
10. Հանձնաժողովը լուծարվող իրավաբանական անձի պարտատերերին գումարներ է վճարում օրենքով սահմանված հերթականությամբ` լուծարման միջանկյալ հաշվեկշռին համապատասխան` սկսած դրա հաստատման օրվանից: Պրոբացիայի ծառայության պետի կողմից միջանկյալ հաշվեկշռի հաստատման հարցը լուծվում է այն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
11. Հանձնաժողովի կողմից պահանջներ ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո պարտատիրոջ ներկայացրած պահանջները բավարարվում են լուծարված իրավաբանական անձի գույքից, որը մնացել է պարտատերերի` ժամանակին ներկայացված պահանջները բավարարելուց հետո:
12. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ, որը պետք է պարունակի տեղեկություններ՝
1) որոնք նույնականացնում են լուծարվող իրավաբանական անձին.
2) դատական ակտի վերաբերյալ, որով իրավաբանական անձի նկատմամբ նշանակվել է հարկադիր լուծարում.
3) իրենց պահանջները ներկայացրած պարտատերերի պահանջների բավարարման վերաբերյալ.
4) վիճելի պահանջների վերաբերյալ.
5) իրենց պահանջները չներկայացրած հայտնի պարտատերերի վերաբերյալ.
6) իրենց պահանջները չներկայացրած հայտնի պարտատերերի պահանջների բավարարման նպատակով անհրաժեշտ դրամական միջոցների դեպոնացման վերաբերյալ.
7) սահմանված ժամկետի ավարտից հետո դիմած պարտատերերի, ներկայացրած պահանջների վերաբերյալ:
13. Հաշվեկշիռը կազմելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հանձնաժողովն այն ուղարկում է Պրոբացիայի ծառայության պետի հաստատմանը: Պրոբացիայի ծառայության պետի կողմից հաշվեկշռի հաստատման հարցը լուծվում է այն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:
14. Հաստատված հաշվեկշիռը հանձնաժողովը ներկայացնում է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
13.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 ապրիլի 2023 թվական: