ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2023 թվականի N 387-Ն
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ, ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3.1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
23.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականիմարտի 23-ի N 387-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ, ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման հետ կապված հարաբերությունները:
2. Այլընտրանքային ծրագիր է համարվում հանրակրթական ծրագրից ուսումնական պլանով, ուսուցման կազմակերպման ձևով և առարկայական ծրագրերով տարբերվող, հանրակրթական պետական չափորոշչի (այսուհետ՝ չափորոշիչ) վերջնարդյունքներն ու կարողունակություններն ապահովող և օրենսդրությամբ սահմանված կարգով որպես այլընտրանքային երաշխավորված հանրակրթական ծրագիրը։
3. Այլընտրանքային կրթական ծրագրերն են՝
1) հեղինակային կրթական ծրագիր, որը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հեղինակած և օրենսդրությամբ սահմանված կարգով որպես հեղինակային երաշխավորված հանրակրթական ծրագիրն է.
2) փորձարարական կրթական ծրագիր, որը «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված կրթական աստիճանի առավելագույն տևողությամբ ներդրված հանրակրթական ծրագիրն է.
3) միջազգային կրթական ծրագիր, որը միջազգային պայմանագրի հիման վրա կամ տասը և ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող հանրակրթական ծրագիրն է:
4. Այլընտրանքային կրթական ծրագիրը՝ որպես երաշխավորված հանրակրթական ծրագիր, ենթակա է գործածության սույն կարգի պահանջներին համապատասխան իրավաբանական կամ ֆիզիկական անձանց (այսուհետ` պատվիրատու) կողմից փորձաքննության ներկայացնելուց, դրական եզրակացություն ստանալուց և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով հաստատվելուց հետո:
5. Փորձաքննությունն այլընտրանքային կրթական ծրագրերի ուսումնասիրության և սույն կարգի 2-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխանության գնահատումն է:
6. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով սահմանված ծրագրերի փորձաքննությունն իրականացնում է մանկավարժի որակավորում շնորհող բուհը՝ իր մասնագետների, մասնագիտական խմբերի, համապատասխան ստորաբաժանումների (ամբիոնների) մասնագետների և հանրակրթական, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի գիտական, գիտահետազոտական կազմակերպությունների գիտաշխատողների ներգրավմամբ:
7. Փորձաքննության արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն: Փորձագիտական եզրակացությունն ընդգրկում է փորձաքննության ներկայացված այլընտրանքային կրթական ծրագրի ամբողջական վերլուծությունը սույն կարգի 2-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան, որը ներառում է փաստարկներ և հիմնավորումներ ծրագրային նյութի բովանդակությանը և կառուցվածքին ներկայացվող չափանիշներին և ցուցիչներին (գիտականություն, մատչելիություն և մանկավարժական, մեթոդական, լեզվաոճական և այլ բնութագրիչներ) համապատասխանության վերաբերյալ:
8. Հեղինակային կրթական ծրագիրը փորձաքննության է ներկայացվում օրենքով սահմանված կարգով որպես մտավոր սեփականություն գրանցվելուց հետո:
9. Փորձարարական կրթական ծրագիրը «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված կրթական աստիճանի տևողությանը համապատասխան ժամանակահատվածում ճանաչվում է գործածության ենթակա՝ սույն կարգի 2-րդ կետի պահանջներին համապատասխան բովանդակություն ապահովելու և սույն կարգի 4-րդ կետի պահանջներին համապատասխան դրական եզրակացության առկայության դեպքում՝
1) պատվիրատուի տրամադրած փորձարարական կրթական ծրագիրը ներկայացվում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն (այսուհետ՝ ԿԶՆԱԿ)՝ փորձաքննության: 15-օրյա ժամկետում փորձաքննություն իրականացնելու արդյունքում կազմվում է փորձագիտական եզրակացություն: Անհրաժեշտության դեպքում փորձաքննության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 օր ժամկետով` այդ մասին գրավոր տեղեկացնելով պատվիրատուին` նշելով երկարաձգման պատճառները: ԿԶՆԱԿ-ը կարող է պատվիրատուին դիմել և ստանալ լրացուցիչ նյութեր կամ պարզաբանումներ: Դրական եզրակացության հիման վրա ծրագիրը երաշխավորվում է գործածության.
2) փորձարարական կրթական ծրագրում ներառված հաստատությունների շրջանակը և սովորողների թիվը հաստատվում է նախարարի հրամանով.
3) փորձարարական կրթական ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր կրթական աստիճանի համար փորձարարական կրթական ծրագրով ընդունելություն կարող է իրականացվել միայն մեկ անգամ.
4) կրթական աստիճանի տևողությամբ փորձարարական կրթական ծրագրի իրականացման ժամանակահատվածում ԿԶՆԱԿ-ը յուրաքանչյուր տարի առնվազն երկու անգամ իրականացնում է մշտադիտարկում՝ ուսուցման կազմակերպման ձևի, բովանդակության, մեթոդաբանության, նպատակաուղղվածության վերաբերյալ.
5) ԿԶՆԱԿ-ը կրթական ծրագրի ներդրման սահմանված ժամկետի ավարտին ներկայացնում է ամփոփիչ եզրակացություն, որը դրական լինելու դեպքում կարող է սույն կետին համապատասխան որպես փորձարարական ծրագիր ներկայացվել երաշխավորման՝ ըստ կրթական աստիճանների.
6) ուսումնական յուրաքանչյուր տարվա ընթացքում պատվիրատուն ուսուցման կազմակերպման ձևի, բովանդակության, մեթոդների կիրառելիության արդյունավետության վերաբերյալ կարող է ներկայացնել առաջարկություններ, որոնք սույն կետի պահանջներին համապատասխան կարող են երաշխավորվել գործածության:
10. Միջազգային կրթական ծրագիրը ճանաչվում է գործածության ենթակա, եթե առկա է տասը և ավելի օտարերկրյա պետություններում որպես հանրակրթական ծրագիր իրականացվելու մասին հավաստի տեղեկություն կամ միջպետական նախնական համաձայնություն, ինչպես նաև առկա է սույն կարգի 4-րդ կետի պահանջներին համապատասխան դրական եզրակացություն:
11. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված այլընտրանքային կրթական ծրագրերը փորձաքննության են ներկայացվում պատվիրատուի կողմից:
12. Այլընտրանքային կրթական ծրագիրը (թղթային (ըստ անհրաժեշտության) և/կամ էլեկտրոնային տարբերակով) պատվիրատուից ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն), այն տրամադրում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված կառույցներին, որոնք 30-օրյա ժամկետում իրականացնում են փորձաքննություն և կազմում փորձագիտական եզրակացություն: Անհրաժեշտության դեպքում փորձաքննության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 30 օր ժամկետով` այդ մասին գրավոր տեղեկացնելով պատվիրատուին` նշելով երկարաձգման պատճառները: Փորձաքննություն իրականացնող կառույցները կարող են պատվիրատուին դիմել և ստանալ լրացուցիչ նյութեր կամ պարզաբանումներ:
13. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով սահմանված ծրագրերի փորձագիտական եզրակացությունը նախարարությունը տրամադրում է պատվիրատուին՝ ներկայացված կարծիքի հիման վրա այլընտրանքային կրթական ծրագիրը լրամշակելու և նախարարություն ներկայացնելու համար: Նախարարությունը լրամշակված ծրագիրը տրամադրում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված կառույցներին, որոնք 10-օրյա ժամկետում իրականացնում են փորձաքննություն և կազմում փորձագիտական եզրակացություն:
14. Փորձագիտական դրական եզրակացության հիման վրա նախարարը 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված այլընտրանքային կրթական ծրագիրը հրամանով երաշխավորում է գործածության:
15. Բացասական եզրակացության դեպքում այն վերադարձվում է ներկայացնողին` կցելով եզրակացությունը և հիմնավորումները:
16. Փորձագիտական բացասական եզրակացության վերաբերյալ անհամաձայնությունների, դիտողությունների, առարկությունների դեպքում պատվիրատուն կարող է 30-օրյա ժամկետում դիմել նախարարություն` սույն կարգի պահանջներին համապատասխան կրկնակի փորձաքննություն իրականացնելու նպատակով:
17. Կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով։
18. ԿԶՆԱԿ-ը յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ իրականացնում է սույն կարգի 3-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով սահմանված ծրագրերի մշտադիտարկում:
19. Չափորոշչի փոփոխության դեպքում սույն կարգով սահմանված կրթական ծրագրերը պետք է համապատասխանեցվեն փոփոխված չափորոշչին՝ «Հանրակրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6.3-րդ ենթակետով սահմանված պահանջն ապահովելու նպատակով, մինչև հաջորդ ուսումնական տարվա սկիզբը՝ սույն կարգով նկարագրված ընթացակարգով:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
23.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մարտի 2023 թվական: