ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 2019 թվականի |
թիվ 194 |
քաղ. Մոսկվա |
«ՆԱՎԹԻ ԵՎ ԳԱԶԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ «Նավթի և գազի հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» հիմնադրույթը:
2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հունիսի 28-ի «Նավթի և գազի հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» թիվ 195 որոշման 2-րդ կետը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 194 որոշմամբ |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Նավթի և գազի հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին
I. Ընդհանուր դրույթներ
1. Նավթի և գազի հարցերով խորհրդատվական կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) ստեղծվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կոլեգիային առընթեր՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) թիվ 1 հավելված) 7-րդ և 44-րդ կետերին համապատասխան:
Կոմիտեն Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) ինտեգրման հարցերով հանձնաժողովի խորհրդատվական մարմին է՝ նավթագազային ոլորտում:
2. Կոմիտեն իր գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում է Պայմանագրով, Միության իրավունքի մաս կազմող միջազգային այլ պայմանագրերով և ակտերով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով, ինչպես նաև սույն հիմնադրույթով։
II. Կոմիտեի հիմնական խնդիրները և գործառույթները
3. Կոմիտեի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են՝
ա) նավթագազային ոլորտում՝ անդամ պետությունների համագործակցության հարցերով առաջարկությունների նախապատրաստումը Հանձնաժողովի համար.
բ) նավթագազային ոլորտում՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների, պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի և Միության մարմինների ակտերի մշակման և կատարելագործման հարցերով խորհրդակցությունների անցկացումը, այդ թվում՝ Միության՝ գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման ու գործունեության մասով.
գ) նավթագազային ոլորտում՝ Պայմանագրի և Միության մարմինների ակտերի դրույթների իրագործման հարցերի ուսումնասիրությունը.
դ) Միության՝ գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման, գործունեության ապահովման և զարգացման վերաբերյալ առաջարկությունների ու հանձնարարականների նախապատրաստումը.
ե) մշտադիտարկման արդյունքների ուսումնասիրությունը՝
Միության՝ գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների գործունեության և կանոնակարգման մասով.
նավթագազային ոլորտում՝ Պայմանագրի և Միության մարմինների ակտերի դրույթների իրագործման մասով.
զ) համապատասխան հանձնարարականների նախապատրաստումը մշտադիտարկման արդյունքների ուսումնասիրության հիման վրա՝ համաձայն սույն կետի «ե» ենթակետի.
է) նավթագազային ոլորտում՝ մշակման համար նախատեսվող գիտահետազոտական աշխատանքների վերաբերյալ առաջարկությունների ուսումնասիրությունը և հաստատումը, նշված աշխատանքների նախնական արդյունքների ուսումնասիրությունը և, անհրաժեշտության դեպքում՝ դրանց լրամշակման վերաբերյալ հանձնարարականների նախապատրաստումը.
ը) իր իրավասության սահմաններում այլ գործառույթների իրականացումը:
III. Կոմիտեի կազմը
4. Կոմիտեի կազմը ձևավորվում է անդամ պետությունների պետական իշխանության մարմինների և պետական կազմակերպությունների ներկայացուցիչներից, այդ թվում՝ այդ մարմինների և կազմակերպությունների ղեկավարներից (ղեկավարների տեղակալներից) (այսուհետ՝ լիազորված ներկայացուցիչներ)։
Անդամ պետությունների առաջարկներով Կոմիտեի կազմում կարող են ընդգրկվել գործարար համայնքների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ անկախ փորձագետներ:
Անդամ պետությունները Հանձնաժողովին ժամանակին տեղեկացնում են Կոմիտեում լիազորված ներկայացուցիչների փոխարինման անհրաժեշտության մասին, ինչպես նաև ներկայացնում առաջարկներ դրա կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Կոմիտեի կազմը հաստատվում է Հանձնաժողովի կոլեգիայի կարգադրությամբ:
5. Կոմիտեի նիստերը նախագահում և Կոմիտեի աշխատանքի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամը, որի իրավասությանն են վերապահված նավթագազային ոլորտի հարցերը (այսուհետ՝ Կոմիտեի նախագահ):
6. Կոմիտեի նախագահը՝
ա) ղեկավարում է Կոմիտեի գործունեությունը և կազմակերպում է Կոմիտեին վերապահված խնդիրների իրականացման աշխատանքները.
բ) Կոմիտեի անդամների հետ համաձայնեցնում և հաստատում է Կոմիտեի նիստի օրակարգը, որոշում է դրա անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.
գ) վարում է Կոմիտեի նիստերը.
դ) ստորագրում է Կոմիտեի նիստերի արձանագրությունները.
ե) տեղեկացնում է Հանձնաժողովի կոլեգիային և Հանձնաժողովի խորհրդին Կոմիտեի կողմից մշակված՝ Կոմիտեի իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ հանձնարարականների և առաջարկությունների մասին.
զ) հաստատում է ենթակոմիտեների, աշխատանքային (փորձագիտական) խմբերի մասին դրույթները և դրանց կազմերը.
է) ներկայացնում է Կոմիտեն Կոլեգիայի և Հանձնաժողովի խորհրդի նիստերում, ինչպես նաև անդամ պետությունների պետական իշխանության մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.
ը) իրականացնում է այլ գործառույթներ Կոմիտեի իրավասության սահմաններում:
7. Կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվում Հանձնաժողովի էներգետիկայի դեպարտամենտի պաշտոնատար անձը, որի իրավասությանն են վերապահված Կոմիտեի գործունեության ուղղություններին առնչվող հարցերը:
8. Կոմիտեի նախագահի տեղակալը Կոմիտեի նախագահի բացակայության դեպքում իրականացնում է սույն հիմնադրույթի 6-րդ կետով նախատեսված՝ Կոմիտեի նախագահի գործառույթները:
9. Կոմիտեի նախագահի հրավերով կամ լիազորված ներկայացուցիչների առաջարկով Կոմիտեի նիստերին կարող են մասնակցել անդամ պետությունների պետական իշխանության մարմինների, գործարար համայնքների, հասարակական և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ, ինչպես նաև Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցներ:
10. Կոմիտեին առընթեր կարող են ստեղծվել ենթակոմիտեներ և (կամ) աշխատանքային (փորձագիտական) խմբեր՝ Կոմիտեի գործունեության ուղղությունների հետ կապված հարցերի լուծման համար:
Ենթակոմիտեների և (կամ) աշխատանքային (փորձագիտական) խմբերի կազմերը ձևավորվում են անդամ պետությունների առաջարկություններով՝ պետական իշխանության մարմինների, գործարար համայնքների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, ինչպես նաև անդամ պետությունների անկախ փորձագետներից:
IV. Կոմիտեի աշխատակարգը
11. Կոմիտեի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության:
Կոմիտեի նիստի անցկացման մասին որոշումն ընդունվում է Կոմիտեի նախագահի կողմից:
12. Կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը, դրան կից նյութերը, ինչպես նաև Կոմիտեի նիստի անցկացման ամսաթվի ու վայրի վերաբերյալ տեղեկատվությունը Կոմիտեի անդամներին ուղարկվում է ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 15 օրացուցային օր առաջ։
13. Կոմիտեի նիստի օրակարգի վերաբերյալ նյութերը ներառում են՝
ա) անհրաժեշտ տեղեկատվական և վերլուծական նյութեր, այդ թվում՝ քննարկվող հարցերին առնչվող տեղեկություններ.
բ) քննարկման համար առաջարկվող փաստաթղթերի նախագծեր (առկայության դեպքում)։
14. Կոմիտեի անդամներն իրավունք ունեն ներկայացնելու առաջարկություններ (ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ) Կոմիտեի նիստի օրակարգում լրացուցիչ հարցեր ներառելու կամ Կոմիտեի նիստի օրակարգից հարցերը հանելու վերաբերյալ (եթե պահանջվում է լրացուցիչ մշակում) ոչ ուշ, քան Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 10 օրացուցային օր առաջ: Նշված ժամկետից ուշ ստացված առաջարկությունները Կոմիտեի նիստի օրակարգում ներառվում են բոլոր անդամ պետությունների լիազորված ներկայացուցիչների համաձայնության դեպքում:
Կոմիտեի անդամները, որոնք առաջարկել են հարցեր՝ Կոմիտեի նիստի օրակարգում ներառելու համար, ապահովում են համապատասխան տեղեկատվության և նյութերի ներկայացումը Կոմիտեի նախագահին։
15. Կոմիտեի նիստերը, որպես կանոն, անցկացվում են Հանձնաժողովի շինություններում:
Կոմիտեի նիստը կարող է անցկացվել ցանկացած անդամ պետությունում՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների առաջարկությունների հիման վրա ընդունվող՝ Կոմիտեի նախագահի որոշմամբ: Այդ դեպքում ընդունող անդամ պետությունն աջակցություն է ցուցաբերում Կոմիտեի նիստի կազմակերպմանը և անցկացմանը:
Կոմիտեի նախագահի որոշմամբ Կոմիտեի նիստը կարող է անցկացվել տեսաժողովի ռեժիմով:
16. Կոմիտեի նիստը ճանաչվում է իրավազոր, եթե նիստում ապահովվում է Կոմիտեի՝ յուրաքանչյուր անդամ պետությունից առնվազն մեկ անդամի ներկայացուցչությունը:
Կոմիտեի նիստին Կոմիտեի անդամի մասնակցության անհնարինության դեպքում նրա փոխարեն կարող է մասնակցել անդամ պետության պետական իշխանության այն մարմնի կամ կազմակերպության ներկայացուցիչը, որի կողմից պատվիրակված է Կոմիտեի այդ անդամը:
Կոմիտեի նիստում հարցերի քննարկման ժամանակ Կոմիտեի անդամներն ունեն հավասար իրավունքներ։
Կոմիտեի որոշումները կրում են հանձնարարական բնույթ:
Որոշում կայացնելիս Կոմիտեի անդամները՝ յուրաքանչյուր անդամ պետությունից, միասին վերցված, ունեն մեկ ձայնի իրավունք:
Կոմիտեի որոշումներն ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով): Ընդ որում՝ Կոմիտեի նիստի արձանագրության մեջ արտացոլվում են բոլոր անդամ պետությունների դիրքորոշումները:
17. Կոմիտեի նիստի արդյունքներով կազմվում է արձանագրություն, որում արձանագրվում են ձեռք բերված պայմանավորվածությունները և Կոմիտեի անդամների դիրքորոշումները:
Արձանագրության նախագիծը համաձայնեցվում է Կոմիտեի նիստին մասնակցած Կոմիտեի անդամների հետ՝ Կոմիտեի նիստի անցկացման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Այն դեպքում, երբ Կոմիտեի անդամը Կոմիտեի կողմից քննարկվող հարցի վերաբերյալ ունի հատուկ կարծիք, այն գրավոր շարադրվում է և Կոմիտեի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում է Հանձնաժողովի էներգետիկայի դեպարտամենտ՝ Կոմիտեի նիստի արձանագրությանը կցելու համար։
Կոմիտեի նիստի արձանագրությանը կարող են կցվել նաև քննարկվող փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունները, տեղեկատվական և վերլուծական նյութեր ու համապատասխան հիմնավորումներ:
Հանձնաժողովի էներգետիկայի դեպարտամենտը Կոմիտեի բոլոր անդամներին է ուղարկում Կոմիտեի նիստի արձանագրության պատճենը՝ Կոմիտեի նախագահի կողմից այն հաստատվելու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Կոմիտեի նիստերի արձանագրությունները պահվում են Հանձնաժողովի էներգետիկայի դեպարտամենտում։
18. Կոմիտեի նիստերում Կոմիտեի անդամների կողմից ներկայացված առաջարկությունները չեն կարող դիտարկվել որպես անդամ պետությունների վերջնական դիրքորոշում։
19. Կոմիտեի (ենթակոմիտեի, աշխատանքային (փորձագիտական) խմբի) աշխատանքին՝ լիազորված ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը կրում են նրանց ուղարկող անդամ պետությունները:
Կոմիտեի (ենթակոմիտեի, աշխատանքային (փորձագիտական) խմբի) աշխատանքին՝ անդամ պետությունների գործարար համայնքների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, այլ անկախ փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը նշված անձինք կրում են ինքնուրույն:
20. Կոմիտեի գործունեության կազմակերպչական-տեխնիկական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից:
21. Հանձնաժողովի կոլեգիայի համապատասխան որոշումը հիմք է Կոմիտեի գործունեությունը դադարեցնելու համար:
22. Կոմիտեի համապատասխան որոշումը հիմք է ենթակոմիտեի և (կամ) աշխատանքային (փորձագիտական) խմբի գործունեությունը դադարեցնելու համար:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: