ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 2022 թվականի N 1624-Ն
ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՈՒ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բժշկական սարքավորումների և գործիքների կենտրոնացված կարգով ձեռքբերման ու բաշխման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 20-ի N 1624-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՈՒ ԲԱՇԽՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են պետության կողմից կենտրոնացված կարգով բժշկական սարքավորումների և գործիքների (այսուհետ` բժշկական սարքավորումներ) ձեռքբերման ու բաշխման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի իմաստով բժշկական սարքավորումների և գործիքների կենտրոնացված կարգով ձեռքբերումը` բժշկական կազմակերպությունների (անկախ դրանց կազմակերպական-իրավական և սեփականության ձևից) միջև բաշխման նպատակով, բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի համապատասխան միջոցառումների հատկացումների հաշվին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գնումների պլանի համաձայն բժշկական սարքավորումների և գործիքների գնումն է:
3. Բժշկական սարքավորումների ձեռքբերումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Բժշկական սարքավորումների բաշխումը բժշկական կազմակերպությունների միջև իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն գրավոր ներկայացված հիմնավորված առաջարկությունների հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով տվյալ բժշկական կազմակերպությունում համանման բժշկական սարքավորման առկայությունը:
5. Բժշկական սարքավորումների բաշխումը մասնավոր բժշկական կազմակերպություններին իրականացվում է միայն ըստ անհրաժեշտության արտակարգ իրավիճակի, արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ:
6. Բժշկական սարքավորումները հանձնվում են բժշկական կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և տվյալ բժշկական կազմակերպության միջև կնքված պայմանագրի հիման վրա, որում նշվում են հատկացման իրավական ձևը և ժամկետը:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
20.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հոկտեմբերի 2022 թվական: