ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ԼԴ4/0066/04/17 2022 թ. | ||||||
Սնանկության գործ թիվ ԼԴ4/0066/04/17 |
|||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Հ. Բեդևյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Ա. Մկրտչյան Տ. Պետրոսյան Ն. Տավարացյան
Է. Սեդրակյան
2022 թվականի մարտի 04-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30․04․2021 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Կոմիտեի՝ անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Չերքեզյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Տաթևիկ Չերքեզյանին ճանաչել սնանկ։
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա․ Մկոյան) 26․06․2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Բ․ Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 27․11․2020 թվականի վճռով անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Չերքեզյանի սնանկության վերաբերյալ գործն ավարտվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 30․04․2021 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27․11․2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ՝ Արման Մնացականյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ, 66-րդ և 365-րդ հոդվածները, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 105-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Կոմիտեն, 22.09.2020 թվականին ստանալով սնանկության գործով կառավարչի վերջնական հաշվետվությունը և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 105-րդ հոդվածի համաձայն սնանկության գործն ավարտելու վերաբերյալ միջնորդությունը դատարան ներկայացնելու իր մտադրության մասին ծանուցումը, սահմանված ժամկետում, պատշաճ և բարեխղճորեն իրականացրել է պարտատիրոջ իր իրավունքը և ներկայացրել է առարկություն։ Դատարանը, ստանալով առարկությունը, չի հետազոտել և չի գնահատել այն, չի կցել թիվ ԼԴ4/0066/04/17 սնանկության գործի նյութերին՝ խախտելով կողմերի արդար դատաքննության իրավունքը և քաղաքացիական դատավարության մրցակցության սկզբունքը, ինչն ուղղակի պատճառահետևանքային կապով զրկել է Կոմիտեին Վերաքննիչ դատարանում իր խախտված իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունից։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30․04․2021 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.06.2017 թվականի վճռով անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Չերքեզյանը ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ․թ․ 50-55)․
2) Սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արթուր Սարգսյանը (հատոր 1-ին, գ․թ․ 88-90).
3) Սնանկության գործով կառավարիչը 17.09.2020 թվականին Դատարան է ներկայացրել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 105-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի հիմքով անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Չերքեզյանի սնանկության գործն ավարտելու վերաբերյալ միջնորդություն (հատոր 2-րդ, գ․ թ․ 14-15).
4) Կոմիտեի կողմից ՀՀ սնանկության դատարանի դատավոր Բ. Մկրտչյանին է հասցեագրվել 05.10.2020 թվականի թվագրումով թիվ 11/11-5/63219-2020 գրությունը, որով Կոմիտեն Դատարանին խնդրել է մերժել սնանկության գործն ավարտելու կառավարչի միջնորդությունը։ Նշված գրությունը վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է Վերաքննիչ դատարան (հատոր 3-րդ, գ․թ․ 15).
5) Դատարանի կողմից վճիռը 27․11․2020 թվականին կայացնելուց հետո՝ 01.12.2020 թվականին, Դատարան է մուտքագրվել «ի լրումն 05.10.2020 թվականի թիվ 11/11-5/63219-2020 գրության» վերտառությամբ Կոմիտեի կողմից ներկայացված գրություն, որը չի պարունակել թվագրում և ելքի համար (հատոր 2-րդ, գ․թ․ 56-58).
6) Դատարանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Սաֆարյանի 18.05.2021 թվականի թիվ ԴԴ-9․2-21201/21 գրության համաձայն՝ թիվ ԼԴ4/0066/04/17 սնանկության գործով 05.10.2020 թվականին «Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով» թիվ 11/11-5/63219-2020 ելից համարով ներկայացված առարկությունը դատարանի գրասենյակի կողմից մուտքագրվել է 06.10.2020 թվականին (Մ-40562/21) և նույն օրը հանձնվել է դատավոր Բագրատ Մկրտչյանի աշխատակազմին (կցված է վճռաբեկ բողոքին)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ, 66-րդ և 365-րդ հոդվածների, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 105-րդ հոդվածի խախտման հետևանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ կառավարչի վերջնական հաշվետվությունը պետք է պարունակի ամփոփ տեղեկատվություն՝ պարտապանի ակտիվների հավաքման վերաբերյալ, և հիմնավորված միջնորդություն՝ սնանկության գործն ավարտելու վերաբերյալ:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վերջնական հաշվետվությունը դատարան ներկայացնելու մասին կառավարիչը ծանուցում է բոլոր պարտատերերին՝ առաջարկելով տասնօրյա ժամկետում ծանոթանալ դրանց՝ իր մոտ դեպոնացված օրինակին:
Նույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ դատավորը վերջնական հաշվետվությունը ստանալուց ոչ ուշ, քան 15 և ոչ շուտ, քան 10 օրվա ընթացքում նշանակում է նիստ՝ այդ մասին առնվազն երեք օր առաջ ծանուցելով կառավարչին և պարտատերերին։ Եթե պարտատերերի թիվը 10-ից ավելի է, ապա նրանց համար պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում նիստի վայրի և ժամանակի մասին հրապարակված հայտարարությունը: Որևէ պարտատիրոջ չներկայանալն արգելք չէ նիստի անցկացման համար: Դատավորը, քննելով վերջնական հաշվետվությունը, վճիռ է կայացնում պարտապանի լուծարման հետևանքով սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին, կամ մերժում է գործն ավարտելու միջնորդությունը՝ նշելով մերժման պատճառները:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 105-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության վարույթի ցանկացած փուլում դատավորը, կառավարչի կամ պարտատիրոջ ներկայացմամբ և պարտատերերի առարկությունների բացակայության դեպքում, առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում սնանկության վերաբերյալ գործի ավարտի մասին, եթե՝ պարտապանը չունի որևէ գույք կամ պարտապանի գույքի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կարող բռնագանձում տարածվել, պարտապանի գույքը հայտնաբերել հնարավոր չէ, պարտապանի գույքն այնքան փոքրարժեք է, որ ողջամիտ չէ սնանկության հետագա ընթացակարգերի իրականացումը, պարտապանի գույքի հայտնաբերման կամ ակտիվների հավաքման ուղղությամբ իրականացվելիք ծախսերը չեն արդարացնում սնանկության հետագա ընթացակարգերի իրականացումը:
Վերոգրյալի հիման վրա անդրադառնալով սնանկության գործի ավարտի վերաբերյալ օրենսդրի կողմից սահմանված իրավակարգավորմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը դատարանին սնանկության գործի ավարտի վերաբերյալ վճիռ կայացնելու իրավական հնարավորություն վերապահել է օրենքով հստակ նախատեսված պայմանների, ինչպես նաև օրենքով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության պարագայում։ Մասնավորապես, սնանկության գործն ավարտելու պայմաններն են՝ համապատասխան միջնորդության առկայությունը և դրա դեմ պարտատերերի առարկության բացակայությունը։ Ընդ որում, նշված պայմանները պետք է գոյություն ունենան միաժամանակ։ Ինչ վերաբերում է հիմքերին, ապա դրանք են՝ պարտապանի գույքի բացակայությունը կամ այն հայտնաբերելու անհնարինությունը կամ դրա փոքրարժեք լինելը և այլն, որոնցից մեկի առկայությունն արդեն իսկ բավարար է վարույթը վերոնշյալ երկու պայմանների գոյության պարագայում ավարտելու համար։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.06.2017 թվականի վճռով անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Չերքեզյանը ճանաչվել է սնանկ։ Սնանկության գործով կառավարիչ Արթուր Սարգսյանը 17.09.2020 թվականին Դատարան է ներկայացրել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 105-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի հիմքով անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Չերքեզյանի սնանկության գործն ավարտելու վերաբերյալ միջնորդություն։
Կոմիտեն ծանուցվել է պարտապանի սնանկության գործն ավարտելու կառավարչի մտադրության մասին։
Դատարանի 27․11․2020 թվականի վճռով անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Չերքեզյանի սնանկության վերաբերյալ գործն ավարտվել է այն հիմնավորմամբ, որ՝ « (…) կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության հողամասերի պարտապանին պատկանող բաժնեմասն այնքան փոքրարժեք է, որ ողջամիտ չէ սնանկության հետագա ընթացակարգերի իրականացումը, քանի որ այդ ակտիվների հավաքման ուղղությամբ իրականացվելիք ծախսերը, մասնավորապես՝ գույքագրման, գնահատման, բաժնեմասերի առանձնացման, նոր վկայականների ձեռքբերման, վաճառքի ներկայացման ծախսերը, չեն արդարացնում սնանկության հետագա ընթացակարգերի իրականացումը: Բացի այդ, միակ պարտատեր ՀՀ ՊԵԿ-ը պատշաճ ծանուցվել, սակայն առարկություն չի ներկայացրել դատարան պարտապանի սնանկության գործն ավարտելու վերաբերյալ»։
Վերը նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Կոմիտեն՝ խնդրելով բեկանել այն և գործն ուղարկել նոր քննության։
Վերաքննիչ դատարանը մերժել է Կոմիտեի բողոքը՝ պատճառաբանելով, որ․ «Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին կից Վերաքննիչ դատարան ներկայացված 05.10.2020 թվական թվագրումով թիվ 11/11-5/63219-2020 համարով գրությանը, ապա գրությունից հնարավոր չէ եզրակացություն անել այն Դատարան ուղարկվելու և Դատարանի կողմից ստացվելու վերաբերյալ: Նշվածի վերաբերյալ այլ ապացույցներ նույնպես բողոք ներկայացրած անձի կողմից չեն ներկայացվել: Վերոգրյալի հիման վրա՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ պարտատեր ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ստացել է ընկերության սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մտադրության մասին կառավարչի կողմից ներկայացված ծանուցումը, առարկություն չի ներկայացրել, որպիսի պայմաններում միակ պարտատեր ՀՀ ՊԵԿ կողմից առարկություն ներկայացված չլինելու փաստն արձանագրելու և պարտապանի սնանկության գործն ավարտելու Դատարանի հետևությունը Վերաքննիչ դատարանը գնահատում է իրավաչափ»։
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Սնանկության գործով կառավարիչը 17.09.2020 թվականին Դատարան է ներկայացրել անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Չերքեզյանի սնանկության գործն ավարտելու վերաբերյալ միջնորդություն։ Կոմիտեն 05.10.2020 թվականին «Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով» ներկայացրել է առարկություն՝ խնդրելով մերժել սնանկության գործով կառավարչի ներկայացրած միջնորդությունը։ Դատարանի աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Սաֆարյանի 18.05.2021 թվականի թիվ ԴԴ-9․2-21201/21 գրության համաձայն՝ թիվ ԼԴ4/0066/04/17 սնանկության գործով 05.10.2020 թվականին «Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով» թիվ 11/11-5/63219-2020 ելից համարով ներկայացված առարկությունը դատարանի գրասենյակի կողմից մուտքագրվել է 06.10.2020 թվականին (Մ-40562/21) և նույն օրը հանձնվել է դատավոր Բ․ Մկրտչյանի աշխատակազմին։
Վերոնշված փաստական հանգամանքներից պարզ է դառնում, որ Կոմիտեի կողմից դեռևս 05․10․2020 թվականին «Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով» ներկայացված առարկությունը 06․10․2020 թվականին մուտքագրվել է Դատարան և նույն օրը հանձնվել է դատավոր Բ․ Մկրտչյանի աշխատակազմին, սակայն Դատարանը վերոնշված առարկությունը չի կցել գործի նյութերին, այն որպես ապացույց չի հետազոտել, և 27․11․2020 թվականին, այսինքն՝ առարկությունը Դատարան մուտքագրվելուց և դատավորի աշխատակազմին հանձնվելուց հետո կայացրել է վճիռ, որով բավարարել է սնանկության գործով կառավարչի միջնորդությունը սնանկության գործն ավարտելու վերաբերյալ, որպես հիմնավորում նշելով նաև Կոմիտեի կողմից առարկություն ներկայացված չլինելու հանգամանքը։
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չհետազոտելով ներկայացված ապացույցները և գործի փաստական հանգամանքները՝ հաստատել է այն փաստը, որ Կոմիտեի կողմից դատարան չի ներկայացվել առարկություն՝ պարտապանի սնանկության գործն ավարտելու վերաբերյալ և սխալ հետևությունների արդյունքում կայացրել է դատական ակտ, որը հետագայում հանգեցրել է Վերաքննիչ դատարանի կողմից գործի սխալ լուծմանը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի կողմից գործի նյութերին չի կցվել Կոմիտեի կողմից պարտապանի սնանկության գործն ավարտելու վերաբերյալ ներկայացված առարկությունը, որի հիման վրա Վերաքննիչ դատարանը եզրահանգում կկատարեր այն մասին, որ Դատարանը թույլ է տվել դատավարական նորմերի խախտում և կայացրել է վճիռ՝ պարտապանի սնանկության գործն ավարտելու վերաբերյալ, այն դեպքում, երբ առկա չի եղել սնանկության գործն ավարտելու վերաբերյալ վճիռ կայացնելու համար պարտադիր պայմանը՝ համապատասխան միջնորդության դեմ պարտատերերի առարկության բացակայությունը։ Այդուհանդերձ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքին կից արդեն ներկայացվել է ապացույց, որից միանշանակորեն հետևում է, որ Կոմիտեն դեռևս 05․10․2020 թվականին «Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով» ներկայացրել է առարկությունը, որը 06․10․2020 թվականին մուտքագրվել է Դատարան և նույն օրը հանձնվել է դատավորի աշխատակազմին։
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30․04․2021 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ սնանկության դատարան՝ նոր քննության:
2․ Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։
3․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող և զեկուցող Ռ. Հակոբյան Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Հ. Բեդևյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Ա. Մկրտչյան Տ. Պետրոսյան Է. Սեդրակյան Ն. Տավարացյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 օգոստոսի 2022 թվական: