Գլխավոր տեղեկություն
Номер
N 1362-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.08.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 11.08.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.08.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.08.2023
Дата вступления в силу
12.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 օգոստոսի 2023 թվականի N 1362-Լ

 

ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ մասով, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի N 17 հավելվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի 45.1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

11.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

օգոստոսի 11-ի N 1362-Լ որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվել է «Ավիացիայի մասին» օրենքի 52-րդ հոդվածի 4-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 45.1-ին կետի և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Անվտանգություն» N 17 հավելվածի համաձայն:

2. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) հիմնարար փաստաթղթերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

 

2. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի խնդիրներն են՝

1) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության բնագավառում պետական քաղաքականության հիմնադրույթների մշակումը.

2) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքները կանոնակարգող իրավական ակտերի նախագծերի քննարկումը և դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.

3) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքների ուսումնասիրությունն ու վերլուծությունը:

4. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների ապահովման նպատակով իրականացնում է հետևյալ լիազորությունները՝

1) քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության ակտերի կանխման ու խափանման վերաբերյալ խորհրդատվական օգնության տրամադրումը.

2) քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության ակտերի կանխման ու խափանման միջոցառումների ընթացքի նկատմամբ հսկողության իրականացումը և նոր սպառնալիքների մասին տեղեկատվությունների, ավիացիոն անվտանգության ապահովման նոր մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.

3) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության լիազորությունների իրականացման լիազորություններ ունեցող պետական կառավարման համակարգի մարմինների և կազմակերպությունների համագործակցության համակարգումը՝ ելնելով սպառնալիքի ձևերից ու բնույթից.

4) քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության բնագավառում պետական քաղաքականության և ավիացիոն անվտանգության ապահովման մասով գործող իրավական ակտերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը․

5) նոր օդանավակայանների կառուցման և գործող օբյեկտների, ենթակառուցվածքների ընդլայնման կամ վերակառուցման դեպքերում նախագծերի քննարկումը և ավիացիոն անվտանգության մասով առաջարկությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարություն.

6) օդանավակայանների ավիացիոն անվտանգության կոմիտեների և այլ համապատասխան հանձնաժողովների կողմից ներկայացված առաջարկությունների քննարկումը.

7) քաղաքացիական ավիացիայի անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանն ուղղված ավիացիոն անվտանգության միասնական չափանիշների իրականացման նպատակով միջազգային կազմակերպությունների և այլ պետությունների հետ համագործակցության ձևերի քննարկումը.

8) արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների հետ փոխհամագործակցության պլանների վերաբերյալ խորհրդատվական օգնության տրամադրումը.

9) արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների հետ փոխհամագործակցության պլանների մշակման, հաստատման, կիրառման և վերանայման գործընթացի նկատմամբ վերահսկողության իրականացումը և արտակարգ իրավիճակների կանխման, կանխարգելման, հետևանքների մեղմացման ու վերացման, ինչպես նաև վաղ ազդարարման նորարական մեթոդների և տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը։

 

3. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ

 

5. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.

2) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը.

3) հրավիրում է հանձնաժողովի նիստերը, ներկայացնում հանձնաժողովն այլ մարմիններում և կազմակերպություններում:

6. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին երկու անգամ:

7. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` տեղակալը:

8. Հանձնաժողովի նիստերի արձանագրություններն ստորագրում են տվյալ նիստը նախագահողը և քարտուղարը, որը նշանակվում է հանձնաժողովի կազմից:

9. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:

10. Հանձնաժողովի նիստերի օրակարգը ձևավորում է քարտուղարը` հիմք ընդունելով հանձնաժողովի անդամների ներկայացրած հարցերը: Նիստի օրակարգը և դրա վերաբերյալ նյութերը հանձնաժողովի անդամներին են հանձնվում ոչ ուշ, քան նիստից 3 օր առաջ:

11. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի նիստերին կարող են հրավիրվել ավիացիայի ոլորտի և այլ բնագավառների մասնագետներ:

12. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

13. Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Եթե հանձնաժողովի որոշման վերաբերյալ որևէ անդամ ունի այլ կարծիք, ապա այն գրավոր կցվում է հանձնաժողովի որոշմանը:

14. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպական, տեխնիկական, տեղեկատվական և վերլուծական ապահովումն իրականացվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից:

15. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

11.08.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան