ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2025 թվականի N 123-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 944-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 944-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 3-րդ կետը «առարկաների փոխադրումը» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» (այսուհետ՝ ԻԿԱՕ) ԴՈԿ. 8973 «Ավիացիոն անվտանգության ձեռնարկ» փաստաթղթի «Թույլատրված արգելված առարկաներ» N 12B լրացմամբ և «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածով և Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգի (ԴՈԿ. 9284 ԱՆ (905)» բառերով.
2) 4-րդ կետից հանել «, ինչպես նաև կենսաչափական տվյալներով նույնականացում չանցած» բառերը.
3) 13-րդ կետից հանել «, ինչպես նաև կենսաչափական տվյալների նույնականացումն» բառերը.
4) 39-րդ կետը «տեսահսկման համակարգերով» բառերից հետո լրացնել «, որոնցում իրականացվում է ավիացիոն անվտանգության գոտի մուտք գործող անձի (աշխատակից, այցելու, ուղևոր և օդանավի անձնակազմ) նույնականացումը անձը հաստատող փաստաթղթում ներկայացված անձի հետ, փաստաթղթի տվյալների համադրումը մուտք գործելու իրավունքը հաստատող փաստաթղթի տվյալների հետ, ինչպես նաև այդ փաստաթղթերի վավերականության ստուգումը։» բառերով.
5) 39.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«39.1. Ուղևորների սպասարկումը պարզեցնելու և ավիացիոն անվտանգության երաշխիքները բարձրացնելու նպատակով օդանավակայաններում ներդրվում են ուղևորահոսքի միասնական բիոմետրիկ հսկողության ավտոմատացված ծրագրային համակարգեր: Այն օդանավակայաններում, որտեղ տեղադրված են դեմքի բիոմետրիկ համեմատության վրա կառուցված հսկողության ավտոմատացված ծրագրային համակարգեր, ուղևորի նույնականացումը և փաստաթղթերի վավերականության ստուգումն իրականացվում է ուղևորների սպասարկման որևէ փուլում, որին հաջորդող փուլերում ուղևորը ներկայացնում է միայն նստեցման կտրոն, իսկ անձի նույնականացումը կատարվում է ավտոմատացված ծրագրային համակարգի միջոցով:».
6) 39.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«39.2. Այն օդանավակայաններում, որտեղ բիոմետրիկ հսկողության ավտոմատացված համակարգեր տեղադրված չեն, ավիացիոն անվտանգության գոտի մուտք գործող անձի նույնականացումը ուղևորի կողմից ներկայացվող փաստաթղթի հիման վրա կատարում է տեսուչը.
7) 39.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 39.3-րդ կետով՝
«39.3. Բոլոր օդանավակայաններում իրականացվում է ուղևորների նստեցման կտրոնի վավերականության ավտոմատացված ստուգում: Նստեցման կտրոնների տվյալները և դրանց վավերականության մասին նշումները իրական ժամանակում փոխանցվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին:».
8) 43-րդ կետում «գերատեսչական» բառը հանել.
9) 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«48․ Օդանավակայանի բոլոր ծառայությունների աշխատակիցները, այցելուները, ուղևորները և օդանավի անձնակազմի անդամները անցնում են ստերիլ գոտիներ միայն սահմանված կարգով հսկողություն անցնելուց հետո: Ավիացիոն անվտանգության հսկողության գոտու մուտքում իրականացվող ստուգումների տվյալները և ստերիլ գոտի անցած անձանց տվյալներն իրական ժամանակում փոխանցվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին՝ ստերիլ գոտում գտնվողների և ՀՀ պետական սահմանը հատողների ստուգումների ընթացակարգերը պարզեցնելու նպատակով։ Առանց զննման՝ ուղևորների, օդանավակայանի սպասարկող անձնակազմի, այցելուների և օդանավերի անձնակազմերի անդամների մուտքը ստերիլ գոտի արգելվում է:».
10) 52.1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ա․ նույնականացնում է հսկվող անձին՝ ներկայացված փաստաթղթի միջոցով։ Այն դեպքում, երբ օդանավակայանում տեղադրված չեն բիոմետրիկ հսկողության ավտոմատացված ծրագրային համակարգեր, օդանավակայանային ծառայությունները ապահովում են նստեցման կտրոնի վավերականությունը հաստատող միջոցների առկայությունը, որոնց միջոցով ստուգվում է նստեցման կտրոնի վավերականությունը,
բ․ հսկողություն է իրականացնում ստերիլ գոտի մտնելիս ուղևորի կողմից բիոմետրիկ հսկողության ավտոմատացված համակարգի պատշաճ օգտագործման նկատմամբ, անհրաժեշտության դեպքում՝ ցուցաբերում օժանդակություն։ Համակարգի խափանման դեպքում տեսուչը սպասարկումն իրականացնում է առանց համակարգի օգտագործման,».
11) 59-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«59. Ուղևորների կողմից օդանավ արգելված նյութերի ու առարկաների փոխադրումը կամ փոխադրման փորձն առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով՝ բացառությամբ սույն որոշման հավելվածի 82.14-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ընթացակարգերի, երբ ուղեբեռների զննումն իրականացվում է հատուկ ծրագրային համակարգերով կահավորված սարքավորումների միջոցով, որոնք զննում, վերլուծում են տվյալ ուղեբեռի պարունակությունը և գնահատում անվտանգության աստիճանը։».
12) 63-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) ավիացիոն անվտանգության հսկողության գոտու մուտքում իրականացվող ստուգումների տվյալները փոխանցվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին՝ ստերիլ գոտում գտնվողների և ՀՀ պետական սահմանը հատողների ստուգումների ընթացակարգերը պարզեցնելու նպատակով.».
13) 75.2-րդ կետի 3-րդ ենթակետում «լիազոր մարմնի» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (այսուհետ՝ լիազոր մարմին)» բառերով.
14) 76.2-րդ կետը «շների միջոցով» բառերից հետո լրացնել «՝ որպես լրացուցիչ միջոց» բառերով.
15) 77-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝
«1) Ավիացիոն անվտանգության հսկողության ընթացքում մաքսային հայտարարագրման ենթակա և (կամ) մաքսային սահմանով տեղափոխման համար արգելված ապրանքների, առարկաների կամ նյութերի հայտնաբերման դեպքերում հետագա գործողություններն իրականացվում են՝ համաձայն օդանավակայանների ավիացիոն անվտանգության և մաքսային ծառայությունների փոխհամագործակցության պլանների։».
16) 82.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«82.1. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում կարող են կիրառվել ուղեբեռների զննման միաստիճան և բազմաստիճան համակարգեր: Ուղեբեռների միաստիճան զննման համակարգի կիրառման դեպքերում ուղեբեռի զննումն իրականացվում է մեկ զննման կետում միևնույն տեսուչի կամ տեսուչների կողմից մեկ զննման սարքավորման միջոցով և զննված ուղեբեռի անվտանգության վերաբերյալ որոշումն ընդունում է զննող տեսուչը: Օդանավակայաններում ուղեբեռների զննման բազմաստիճան համակարգերի կիրառման դեպքում զննման գործընթացի ժամանակ գործում են պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի հայտնաբերման ծրագրային համակարգերով կահավորված զննման սարքավորումներ, որոնք տեղադրվում են ուղեբեռի սպասարկման հոսքագծում և ամբողջությամբ զննում են փոխադրման ընդունված յուրաքանչյուր ուղեբեռ: Զննված ուղեբեռի տվյալների վերլուծությունը և գնահատումն իրականացվում է զննման սարքավորման ծրագրային համակարգով, ընդ որում՝
1) թռիչքների անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ արգելվում է փոխադրման ընդունել օդանավի բեռնային տեղամասերում պայթուցիկ և դյուրավառ նյութեր, միացություններ և սարքավորումներ, որոնք կարող են օգտագործվել անձանց մարմնական վնասվածքներ հասցնելու կամ օդանավերի թռիչքների անվտանգությանն սպառնալիք ստեղծելու համար, դրանք են՝
ա. զենքը և ռազմամթերքը,
բ. հրապատիճ-դետոնատորները,
գ. պայթուցիչ դետոնատորները և բռնկիչները,
դ. հրատեխնիկական միջոցները, հրավառության համար նախատեսված արտադրանքը,
ե. ծխասփյուռ կոները կամ փամփուշտները,
զ. դինամիտը, վառոդը, պլաստիկ պայթուցիկ նյութերը.
2) ուղեբեռների զննման բազմաստիճան համակարգերով սույն կարգի 82.1-ին կետի 1-ին ենթակետով նշված պայթուցիկ և դյուրավառ նյութերի, միացությունների և սարքավորումների հայտնաբերման դեպքում դրանք հանձնվում են իրավապահ մարմիններին։».
17) 82.10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«82.10. Այն օդանավակայաններում, որտեղ ներդրված չեն ուղեբեռների զննման բազմաստիճան համակարգեր, բոլոր տեսակների հրազենների նմանակները, այդ թվում` խաղալիքները, ինչպես նաև ուղևորի ուղեբեռում հայտնաբերված սառը զենքերը կամ դրանց նմանակները թույլատրվում են փոխադրման ավիացիոն անվտանգության ծառայության կողմից դրանց պարտադիր զննումից հետո։».
18) 82.12-րդ կետի 3-րդ ենթակետում «6 սանտիմետրից ավելի երկարություն ունեցող սայրով» բառերը հանել:».
19) 82.13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 82.14-րդ կետով՝
«82.14. Այն օդանավակայաններում, որտեղ ներդրված չեն ուղեբեռների զննման բազմաստիճան համակարգեր, ուղեբեռի զննման ընթացակարգերն իրականացվում են սույն կարգի 82-82.13-րդ կետերում նշված պայմանների համաձայն։
1) Սույն կարգի 82-րդ կետում նշված այն արգելված առարկաները, որոնք փոխադրվում են ուղևորների ուղեբեռներում և օդանավակայանների ուղեբեռների զննման կետերում ենթարկվում են զննման ուղեբեռների զննման համար նախատեսված զննման ծրագրային համակարգերով կահավորված սարքավորումների միջոցով, որոնք ամբողջությամբ զննում են ուղեբեռը, կատարում են զննված ուղեբեռի տվյալների վերլուծություն, տվյալ ուղեբեռի անվտանգության աստիճանի գնահատում և զննման սարքավորման ծրագրային համակարգի կողմից գնահատվում են որպես անվտանգ ուղեբեռ, կարող են փոխադրվել ուղևորների ուղեբեռում՝ պայմանով, որ ուղևորները հասանելիություն չունեն այդ ուղեբեռներին՝ մեկնման օդանավակայանի զննման կետից մինչև ժամանման օդանավակայանում ուղեբեռի ստացման պահը:
2) Սույն կարգի 82-րդ կետում նշված այն արգելված առարկաները, որոնք փոխադրվում են ուղևորների ուղեբեռներում և օդանավակայանների ուղեբեռների զննման կետերում զննման սարքավորման ծրագրային համակարգի կողմից գնահատվում են որպես վտանգավոր, սարքավորման կողմից առանձնացվում և փոխանցվում են զննման հաջորդ փուլ, որտեղ զննման օպերատորների կողմից առանձին զննման սարքավորման միջոցով կատարվում է այդպիսի ուղեբեռների կրկնակի զննում և արգելված առարկաներ չհայտնաբերելու դեպքում դրանք ուղեբեռների ընդհանուր հոսքում ուղարկվում են ուղեբեռների սպասարկման հաջորդ փուլ։ Այն դեպքում, երբ զննման օպերատորների կողմից առանձին զննման սարքավորման միջոցով կրկնակի զննման ընթացքում հնարավոր չի լինում պարզել արգելված առակայի տեսակը և վտանգի աստիճանը, ապա զննման օպերատորների կողմից կատարվում է ուղեբեռի զննում պայթուցիկ սարքերի հետքեր հայտնաբերող սարքավորման միջոցով կամ դիտողական զննում՝ այն բացելու միջոցով։ Կրկնակի զննումների ընթացքում ուղեբեռներում արգելված առարկաների հայտնաբերման դեպքում դրանք հանձնվում են իրավապահ մարմիններին, իսկ զննման ընթացքում արգելված առարկաներ չհայտնաբերելու դեպքում այդ ուղեբեռները ընդհանուր հոսքում ուղարկվում են ուղեբեռների սպասարկման հաջորդ փուլ:
3) Օդանավ շահագործողները և օդանավակայանների կառավարիչները պետք է ապահովեն, որ ուղևորները մշտական հիմունքներով տեղեկացված լինեն օդանավով ուղևորների ձեռքի իրերում և ուղեբեռում փոխադրման համար արգելված առարկաների, իրերի, նյութերի և միացությունների մասին։».
20) 136-րդ կետում «եռամսյակը» և «եռամսյակի» բառերը համապատասխանաբար փոխարինել «կիսամյակը» և «կիսամյակի» բառերով.
21) 137-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն և օդանավակայանի ոստիկանության բաժնի հերթապահություն» բառերը փոխարինել «՝ օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի հերթապահ մաս և Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ միաժամանակ վերջինիս տրամադրելով նաև տվյալ տեղեկատվությունը գրավոր կարգով։».
22) ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտե» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով, «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով, «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված՝ դեմքի բիոմետրիկ համեմատության վրա կառուցված հսկողության ավտոմատացված ծրագրային համակարգերի ամբողջական ներդրումն ապահովել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
06.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 փետրվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|