ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2023 թվականի N 2076-Ն
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ` ԱՏԳ ԱԱ 8703 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ԹԵԹԵՎ ՄԱՐԴԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասը և «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 270-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ միություն) անդամ չհանդիսացող պետություններից միության մաքսային տարածք մինչև 2023 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով ներմուծված և առանց միության մաքսային տարածքը լքելու նույն նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող՝ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների (այսուհետ՝ ավտոմոբիլ) ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի։
(1-ին կետը փոփ. 21.12.23 N 2287-Ն)
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմոբիլների նկատմամբ, որոնց համար 2023 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ներկայացվել է ազատ շրջանառության նպատակով ձևակերպման համար ուղևորային մաքսային հայտարարագիր և միասնական դրույքաչափով իրականացվել է մաքսատուրքերի և հարկերի վճարում։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2076-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՄԻՆՉԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ը ՆԵՐԱՌՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԵՎ ԱՌԱՆՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ ԼՔԵԼՈՒ ՆՈՒՅՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ԱՏԳ ԱԱ 8703 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ԹԵԹԵՎ ՄԱՐԴԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
(վերնագիրը փոփ. 21.12.23 N 2287-Ն)
1. Սույն որոշմամբ նախատեսված պետական աջակցության ծրագրի նպատակն է ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվող՝ ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության նպատակով ձևակերպման ժամանակ միասնական դրույքաչափով վճարվող մաքսատուրքերի և հարկերի մասնակի փոխհատուցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ մեղմելու համար միության օրենսդրության շրջանակներում ֆիզիկական անձանց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար սահմանված՝ մաքսային վճարների բարձր դրույքաչափերի ազդեցությունն անձանց սոցիալական վիճակի վրա։
2. Սույն ծրագրի շահառու կարող է հանդիսանալ միության անձ հանդիսացող այն ֆիզիկական անձը (այսուհետ՝ շահառու), ով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով միության անդամ չհանդիսացող պետություններից միության մաքսային տարածք ներմուծել է ավտոմոբիլ, որը մինչև սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված ուղևորային մաքսային հայտարարագիրը ներկայացնելու ամսաթիվը նույն նպատակով գտնվել է Հայաստանի Հանրապետության տարածքում:
Շահառու կարող է հանդիսանալ նաև միության անձ հանդիսացող այն ֆիզիկական անձը (այսուհետ` շահառու), որին պատկանող ավտոմոբիլը մինչև 2023 թվականի դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով ներմուծվել է Հայաստանի Հանրապետություն և մինչև սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված ուղևորային մաքսային հայտարարագիրը ներկայացնելու ամսաթիվը նույն նպատակով գտնվել է Հայաստանի Հանրապետության տարածքում:
(2-րդ կետը լրաց. 21.12.23 N 2287-Ն)
3. Ծրագրի իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե)։
4. Ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել 2023 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին։
5. Մինչև սույն ծրագրի իրականացման ժամկետի ավարտը սույն որոշման 1-ին կետով նախատեսված յուրաքանչյուր ավտոմոբիլի համար ազատ շրջանառության նպատակով ուղևորային մաքսային հայտարարագիր ներկայացնելու և միասնական դրույքաչափերով մաքսատուրքերը և հարկերը վճարելու դեպքում յուրաքանչյուր շահառուին տրամադրվող փոխհատուցման գումարը կազմում է՝
1) միասնական դրույքաչափով վճարված մաքսատուրքերի և հարկերի մեծության 40%-ը, եթե վերջինիս կողմից հայտարարագրվել է մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմոբիլ.
2) միասնական դրույքաչափով վճարված մաքսատուրքերի և հարկերի մեծության 70%-ը, եթե վերջինիս կողմից հայտարարագրվել է 5 տարվանից ավելի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմոբիլ։
6. Ծրագրի շրջանակներում սույն հավելվածով նախատեսված փոխհատուցումն ստանալու նպատակով շահառուն սույն ծրագրի իրականացման ժամկետում ավտոմոբիլի հայտարարագրման համար ներկայացնում է ազատ շրջանառության նպատակով ներմուծման ուղևորային մաքսային հայտարարագիր՝ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։
7. Մաքսային մարմինն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում իրականացնում է մաքսային մուտքի անդորրագրի լրացումը և կատարում է միասնական դրույքաչափերով մաքսատուրքերի և հարկերի հաշվարկը։
8. Շահառուի կողմից մաքսատուրքերի և հարկերի պարտավորության կատարման նպատակով իրականացվում է հաշվարկված մաքսատուրքերի և հարկերի համապատասխանաբար 60%-ի վճարումը, եթե վերջինիս կողմից ներկայացվել է մինչև 5 տարվա թողարկման տարեթիվ ունեցող ավտոմոբիլի հայտարարագիր, և 30%-ի վճարումը, եթե նրա կողմից ներկայացվել է 5 տարվանից ավելի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմոբիլի հայտարարագիր։
9. Մաքսային մարմնի կողմից միասնական դրույքաչափով հաշվարկված մաքսատուրքերի և հարկերի գումարի և շահառուի կողմից սույն հավելվածի 8-րդ կետի համաձայն վճարված գումարի տարբերության վճարումն իրականացվում է աջակցության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին։
10. Սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված վճարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն իրականացնում է պետական բյուջեի ծախսային և եկամտային մասերում համապատասխան ձևակերպումներ՝ կոմիտեի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր աշխատանքային օրվա կտրվածքով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված՝ հայտարարագիր ներկայացրած շահառուների վերաբերյալ տեղեկատվության և վերջիններիս մաքսատուրքերի և հարկերի մասով փոխհատուցման ենթակա գումարների մասով։ Սույն կետով նախատեսված տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն կոմիտեն ներկայացնում է էլեկտրոնային եղանակով յուրաքանչյուր աշխատանքային օրվա մասով մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, ինչից հետո ֆիզիկական անձի մաքսատուրքերի և հարկերի գծով պարտավորությունը մաքսային գործառնությունների կատարման նպատակով համարվում է կատարված։
11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը կոմիտեի կողմից տեղեկատվություն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է սույն հավելվածի 10-րդ կետով նախատեսված ձևակերպումը և կոմիտեին ներկայացնում տեղեկատվություն՝ ձևակերպումը կատարված լինելու վերաբերյալ։
(հավելվածը փոփ., լրաց. 21.12.23 N 2287-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
30.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 նոյեմբերի 2023 թվական: