ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի ապրիլի 12-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 122-րդ հոդվածի 1.2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.2. «Հաշտարարության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքերում սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված փաստաթղթի փոխարեն հայցադիմումին կցվում է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներից որևէ մեկի կիրառման մասին որոշման պատճենը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ գործերը.»:
Հոդված 3. Օրենսգրքի 234.1-ին հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ հայցադիմումը ներկայացվում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձի բնակության վայրի կամ վերջինիս համաձայնությամբ հայցադիմում ներկայացնող աջակցության կենտրոնի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:»:
Հոդված 4. Օրենսգրքի 234.2-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայցադիմումը ներառում է նաև`
1) «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի վերաբերելի դրույթները.
2) տեղեկություններ պատասխանողի և ենթադրաբար ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի միջև ընտանեկան և (կամ) արյունակցական կապերի կամ զուգընկերային հարաբերությունների մասին.
3) ընտանեկան և կենցաղային բռնության անմիջականորեն սպառնացող վտանգի առկայությունը հիմնավորող տեղեկություններ.
4) «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված կոնկրետ սահմանափակումների կիրառման մասին նշում.
5) պատասխանողի՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքին համապատասխան՝ կանխարգելիչ հաշվառման վերցված լինելու հանգամանքը:»․
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Առկայության դեպքում հայցադիմումին կցվում են «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքին համապատասխան՝ պատասխանողի նկատմամբ ընդունված նախազգուշացման և (կամ) անհետաձգելի միջամտության որոշումները:»:
Հոդված 5. Օրենսգրքի 234.3-րդ հոդվածի 3-րդ մասի «տասնօրյա» բառը փոխարինել «հնգօրյա» բառով:
Հոդված 6. Օրենսգրքի 234.4-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Պաշտպանական որոշման մեջ նշվում է պաշտպանական որոշման կիրառման ժամկետը:
Պաշտպանական որոշումը կարող է նախատեսել՝
1) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի կամ նրա խնամքի տակ գտնվող անձանց ապաստարան տեղափոխելու անհրաժեշտություն.
2) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածների բուժման ծախսերի իրականացում բռնություն գործադրած անձի կողմից:»․
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Պաշտպանական որոշումն ուղարկվում է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց, իսկ եթե հայցադիմումը ներկայացրել է ոչ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը, ապա նաև՝ այն ներկայացրած անձին: Դատական ակտի պատճենները տրամադրվում են ոստիկանությանը, «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված լիազոր մարմնին և Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը՝ որոշման կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով: Եթե դատական ակտն առնչվում է անչափահաս կամ անգործունակ անձի շահերին, ապա այն ուղարկվում է նաեւ խնամակալության և հոգաբարձության մարմին:»․
3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել․
4) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Պաշտպանական որոշումը կարող է վերացվել նաև ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի դիմումով, եթե ապացուցվում է, որ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը դիտավորությամբ պարբերաբար այնպիսի գործողություններ է ձեռնարկում, որոնք ուղղված են ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից պաշտպանական որոշմամբ իր վրա դրված պարտականությունները չկատարելուն:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. մայիսի 3 Երևան ՀՕ-171-Ն |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական: