Օրենքն ունի անցումային դրույթ: Տես 5-րդ հոդվածը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-204-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ: Կոնսերվացված արտադրական վտանգավոր օբյեկտը ենթակա է փորձաքննության երեք տարին մեկ անգամ։ Արտադրական վտանգավոր օբյեկտների առանձին խմբերի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել փորձաքննության իրականացման պարբերականության ավելի երկար ժամկետներ: Սույն մասով նախատեսված ժամկետների հաշվարկն սկսվում է նախորդ փորձաքննության իրականացման պահից։»։
Հոդված 2․ Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «ա» կետը «ռեեստրում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև արձանագրված խախտումների վերացմանը» բառերով.
2) 1-ին մասի «բ» կետը «փորձաքննություն» բառից հետո լրացնել «, ինչպես նաև արձանագրված խախտումների վերացմանը» բառերով.
3) 2-րդ մասի «դրա կատարման» բառերը փոխարինել «խախտումը վերացնելու» բառերով.
4) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6. Սույն հոդվածով նախատեսված կարգադրագրերը տալիս, ինչպես նաև կարգադրագրերով նախատեսված պատասխանատվության միջոցները վերացնելիս հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով տեսչական մարմինը դիմում է հավատարմագրված անձին կամ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն՝ փորձագիտական եզրակացություն ստանալու համար:».
5) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Կարգադրագիրը պարտադիր է դրա հասցեատերերի համար և ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դրանով սահմանված ժամկետում, իսկ արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու մասով կամովին չկատարելու դեպքում այն ենթակա է հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:».
6) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Կարգադրագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա է կատարման ոչ ուշ, քան դրանով սահմանված ժամկետում: Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգադրագիրը՝ արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու մասով, ենթակա է անհապաղ կատարման։».
7) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Կարգադրագիրը՝ արտադրական վտանգավոր օբյեկտի, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու մասով, ներկայացվում է հարկադիր կատարման դրա չկատարման փաստը պարզելուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում:»:
Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժե» կետով.
«ժե) արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործումը դադարեցվելու դեպքում եռօրյա ժամկետում ապահովել դրա կոնսերվացումը։»։
Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
«9. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժե» կետով նախատեսված պահանջը սահմանված ժամկետում չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։»։
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 4-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը շահագործումը դադարեցված արտադրական վտանգավոր օբյեկտները ենթակա են կոնսերվացման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում։
3. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդունված կարգադրագրերի վրա։
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. դեկտեմբերի 20 Երևան ՀՕ-522-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2024 թվական: