ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 24-ին
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի 15-րդ հոդվածում՝
1) վերնագրից հանել «ու հաշվառման համար վճարի սահմանումը և վճարման» բառերը.
2) 2-6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Ներմուծվող սննդամթերքի ու կենդանական ծագման մթերքի զննման ու ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար սահմանված վճարի մասով մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պարտավորությունից ավելի վճարված կամ ավելի գանձված վճարի գումարների վերադարձն իրականացվում է վճարողի կամ նրա իրավահաջորդի դիմումի համաձայն, եթե այն ներկայացվել է ֆինանսական մարմին (Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն) պարտավորությունից ավելի վճարված կամ ավելի գանձված վճարի գումարները վերադարձնելու իրավունքի առաջացման օրվանից երեք տարուց ոչ ուշ ժամկետում: Սույն մասի իմաստով պարտավորությունից ավելի վճարված կամ ավելի գանձված վճարի գումարները վերադարձնելու իրավունքի առաջացման օր է համարվում ավելի վճարելու կամ ավելի գանձելու օրը, ամիսը, տարին:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նշված պարտավորությունից ավելի վճարված կամ ավելի գանձված վճարի գումարները վերադարձնելու մասին դիմումին կցվում են oրենքով սահմանված վճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև տվյալ վճարը գանձած մարմնի տեղեկանքը պարտավորությունից ավելի վճարված կամ ավելի գանձված վճարի գումարները վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին, եթե՝
1) պարտավորությունից ավելի վճարված կամ ավելի գանձված վճարի գումարներն առաջացել են մինչև 2023 թվականի փետրվարի 28-ը ներառյալ, ապա Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրվող տեղեկանքի հիման վրա.
2) պարտավորությունից ավելի վճարված կամ ավելի գանձված վճարի գումարներն առաջացել են 2023 թվականի փետրվարի 28-ից հետո` մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, ապա Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրվող տեղեկանքի հիման վրա:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. նոյեմբերի 8 Երևան ՀՕ-388-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 նոյեմբերի 2024 թվական: