ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի մայիսի 2-ին
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5.2-րդ և 5.3-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 5.2. |
Համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպումը կամ ծառայության մատուցումը |
1. Համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեությունն իրականացնում են միայն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը՝ համայնքի ղեկավարի տրամադրած թույլտվության հիման վրա, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի:
2. Թույլտվության տրամադրումը մերժվում է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգավորումներին չհամապատասխանելու դեպքում: Թույլտվությունը տրամադրվում է, կամ թույլտվության տրամադրումը մերժվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կողմից թույլտվության համար ներկայացված դիմումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Թույլտվության տրամադրման և մերժման կարգը սահմանում է համայնքի ավագանին:
3. Շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները սահմանվում են համայնքի ավագանու որոշմամբ:
4. Երևան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը տրամադրվում են (հատկացվում են) բացառապես Երևանի քաղաքապետարանի՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքէջի միջոցով՝ էլեկտրոնային ամրագրման եղանակով մինչև երեք օր ժամկետով: Միաժամանակ դրանց հատկացման տևողությունը չի կարող գերազանցել օրական 14 ժամը և առավելագույնը մինչև ժամը 23:00-ն:
5. Շրջիկ առևտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերը գծանշվում և համապատասխան նշանով կահավորվում են համայնքի ղեկավարի որոշմամբ, իսկ Երևան քաղաքում՝ քաղաքապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն:
6. Նշված վայրերում կարող են կայանել միայն համապատասխան թույլտվություն ունեցող շրջիկ առևտրի կետերը, որոնք շրջիկ առևտրի իրականացման համար տրամադրված (հատկացված) վայրը պարտավոր են ազատել սահմանված ժամը լրանալուց հետո:
7. Շրջիկ առևտուր իրականացնողները պետք է ապահովեն պայմաններ՝ վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների՝ սանիտարական կանոններին և նորմերին համապատասխան անվտանգությունը և որակը պահպանելու համար:
8. Համայնքի վարչական տարածքում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներից կամ դրանց կցորդներից ցանկացած ապրանքի վաճառքի իրականացումը կամ որևէ ծառայության մատուցումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, արգելվում է:
Հոդված 5.3. |
Շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելը |
1. Տեսուչն իրավունք ունի շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը տեղափոխելու դրա համար նախատեսված հատուկ տարածք (այսուհետ՝ հատուկ տարածք), եթե՝
1) վաճառողը չունի շրջիկ առևտրի իրականացման թույլտվություն, և տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցներից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը և անհապաղ չի ազատում շրջիկ առևտրի իրականացման համար համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից.
2) վաճառողը թույլատրված վայրերից դուրս իրականացնում է վաճառք կամ մատուցում է ծառայություններ, և տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցներից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը կամ բացակայում է նշված վայրից.
3) վաճառողը գործունեություն է իրականացնում սահմանված պահանջների և պայմանների խախտմամբ, և տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցներից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը և անհապաղ չի ազատում շրջիկ առևտրի իրականացման համար համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի.
4) տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) կայանել է ոչ իր ամրագրած սահմանված վայրերից մեկում, և տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցներից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը և անհապաղ չի ազատում շրջիկ առևտրի իրականացման համար համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից.
5) շրջիկ առևտրի թույլտվություն ստացած անձը սահմանված ժամը լրանալուց հետո չի ազատել շրջիկ առևտրի իրականացման համար տրամադրված վայրը, և տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցներից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը և անհապաղ չի ազատում շրջիկ առևտրի իրականացման համար համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից:
2. Շրջիկ առևտրի համար նախատեսված առանձին վայրերում ավագանու որոշմամբ շրջիկ առևտրի կետին կարող է թույլատրվել կայանել նաև սահմանված ժամը լրանալուց հետո:
3. Շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացվում է մեկ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ:
4. Տեսուչը կազմում է շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ արձանագրություն, որի կրկնօրինակը հանձնում կամ ուղարկում է շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը` վերջինիս վերաբերյալ տեղեկատվություն ունենալու դեպքում, և ոստիկանություն, ինչպես նաև համապատասխան հայտարարություն է տեղադրում տվյալ համայնքի պաշտոնական կայքում:
5. Շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածքում պահպանելու ժամկետը հաշվվում է օրերով և ժամերով՝ սկսած հատուկ տարածք այն տեղափոխելու պահից:
6. Շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը սահմանում է համայնքի ավագանին:
7. Շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու և այնտեղ պահպանելու համար գանձվում են վճարներ, որոնց չափը սահմանում է համայնքի ավագանին:
8. Հատուկ տարածք տեղափոխված շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը դրա սեփականատիրոջը կամ նրա լիազորած անձին հանձնվում է այդ մասին արձանագրություն կազմելուց հետո հատուկ տարածք տեղափոխելու և պահպանելու ծախսերն ամբողջությամբ փոխհատուցելուց հետո:
9. Շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված չլինելու դեպքում դրանց փաստացի սեփականատերը կրում է իր սեփականության իրավունքը համապատասխան ապացույցներով հիմնավորելու պարտավորություն:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում 1-ին մասի «ա» կետի «1-4-րդ» բառերը փոխարինել «1-ին, 4-րդ, 6-րդ և 7-րդ» բառերով:
Հոդված 3. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:
2. Համայնքի ավագանին սույն օրենքով նախատեսվող որոշումներն ընդունում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորսամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. մայիսի 17 Երևան ՀՕ-214-Ն |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2024 թվական: