ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
22 հուլիսի 2024 թ. |
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 1998 Թ. ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 309.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Դ. Խաչատուրյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
դիմողի՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի (այսուհետ նաև` Դիմող),
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի (այսուհետ նաև` Պատասխանող) ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Ստեփանյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 40 և 71-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) ուժը կորցրել է 2022 թվականի հուլիսի 1-ին` բացառությամբ 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենսգրքի 483-րդ հոդվածով նախատեսված դեպքերի: Օրենսգրքի 54-րդ, 54.1-ին, 54.2-րդ, 54.3-րդ, 54.4-րդ գլուխների դրույթներն ուժը կորցրած չեն ճանաչվել:
Օրենսգրքի՝ «Առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու սահմանները» վերտառությամբ 309.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված է.
«3. Մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մեղադրանքը, այդ թվում նաև` խստացման առումով, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է»:
Օրենսգիրքը 309.1-ին հոդվածով լրացվել է 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-270-Ն օրենքով:
Գործի քննության առիթը՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հունվարի 22-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է՝ թիվ ԵԴ/0253/01/19 գործով «ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշման հիման վրա:
Սահմանադրական դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 22-ի ՍԴԱՈ-110 աշխատակարգային որոշմամբ «ՀՀ Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա՝ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի և վերջինիս հետ համակարգային առումով փոխկապակցված նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4 և 5-րդ մասերի, ինչպես նաև 366-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը մասամբ՝ նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4 և 5-րդ մասերի, ինչպես նաև 366-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության մասով, կարճվել է:
Ուսումնասիրելով դիմումը, Դիմողի և Պատասխանողի գրավոր բացատրությունները, գործում առկա մյուս փաստաթղթերը, վերլուծելով վիճարկվող և վերաբերելի օրինադրույթները՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Գործի համառոտ դատավարական նախապատմությունը
1.1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով քրեական գործն ըստ մեղադրանքի` Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի (մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որպես խափանման միջոց կիրառվել է գրավ), Սեյրան Մուշեղի Օհանյանի (մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին), Յուրի Գրիգորիի Խաչատուրովի (մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց կիրառվել է գրավ), Արմեն Անդրանիկի Գևորգյանի (մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-ին հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին), 2021 թվականի ապրիլի 6-ին որոշել է.
«1. Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացնելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը մերժել:
2. Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնել։
Սեյրան Մուշեղի Օհանյանի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական (դրամական) միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքը վերացնել:
3. Յուրի Գրիգորիի Խաչատուրովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Յուրի Գրիգորիի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացնել։
Արմեն Կամոյի Բադալյանի կողմից 2018 թվականի հուլիսի 28-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ 900013298014 դեպոզիտ հաշվին վճարված 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գրավի գումարը վերադարձնել Արմեն Կամոյի Բադալյանին:
Յուրի Գրիգորիի Խաչատուրովի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական (դրամական) միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքը վերացնել:
4. Արմեն Անդրանիկի Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին, Սեյրան Մուշեղի Օհանյանին, Յուրի Գրիգորիի Խաչատուրովին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և Արմեն Անդրանիկի Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքների մասով քրեական գործի վարույթը կարճել:
Քրեական հետապնդման մարմիններին Ռոբերտ Սեդրակի Քոչարյանից, Սեյրան Մուշեղի Օհանյանից, Յուրի Գրիգորիի Խաչատուրովից և Արմեն Անդրանիկի Գևորգյանից գրավոր ներողություն հայցելուն պարտավորեցնելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունները մերժել:
Տուժող Արթուր Սարգսի Ավագյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը թողնել առանց քննության:
(…)»:
1.2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, քննության առնելով ամբաստանյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի, Սեյրան Մուշեղի Օհանյանի, Յուրի Գրիգորիի Խաչատուրովի, Արմեն Անդրանիկի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ապրիլի 6-ի թիվ ԵԴ/0253/01/19 որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Բաղդասարյանի, տուժող Ա. Կետիկյանի, տուժող Ա. Ավագյանի ներկայացուցիչ Ս. Սաֆարյանի, Ռ. Քոչարյանի պաշտպաններ Հ. Խուդոյանի, Հ. Ալումյանի վերաքննիչ բողոքները, 2021 թվականի նոյեմբերի 26-ին որոշել է.
«ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Բաղդասարյանի, տուժողներ Ա. Կետիկյանի և Մ. Թադևոսյանի, տուժող Ա. Ավագյանի ներկայացուցիչ Ս. Սաֆարյանի, Ռ. Քոչարյանի պաշտպաններ Հ. Խուդոյանի, Հ. Ալումյանի վերաքննիչ բողոքները մերժել՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 06.04.2021թ. թիվ ԵԴ/0253/01/19 որոշումը թողնելով անփոփոխ:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վճռաբեկ դատարան՝ ստանալու պահից՝ 1-ամսյա ժամկետում»:
1.3. ՀՀ Վճռաբեկ դատարանը, 2024 թվականի հունվարի 19-ին գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի նոյեմբերի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանի վճռաբեկ բողոքը, որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4 և 5-րդ մասերի և 366-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար:
2. Դիմողի դիրքորոշումները
Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործի դատավարական նախապատմությունը, վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը, ինչպես նաև խնդրո առարկա հարցի շուրջ Վճռաբեկ դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումները, մասնավորապես, նշում է. «Մեղադրողի կողմից անձին մեղսագրվող արարքի իրավաբանական որակումը փոխելու հնարավորության բացակայությունը և դատարանի կողմից քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելու բացարձակ պահանջն այն պարագայում, երբ հատուկ հանցակազմ սահմանող քրեաիրավական նորմը, որով որակված է անձի արարքը, ճանաչվում է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր, սակայն այդ արարքն առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցակազմի հատկանիշներին, prima facie հանգեցնում է տուժողի՝ ՀՀ սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների խախտման։ Նշվածն իր հերթին հանգեցնում է հիմնական իրավունքները կարգավորելիս օրենքով դրանց իրականացման կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր նախատեսելու՝ ՀՀ սահմանադրության 75-րդ հոդվածով նախատեսված պահանջի խախտման։ Նման պայմաններում ի հայտ է գալիս արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան հաշվի առնելու սահմանադրական պահանջի իրականացման անհնարինության խնդիր»։
Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4 և 5-րդ մասերի, 309.1-ին հոդվածի 3-րդ մասի և 366-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումների գործողության պայմաններում բացակայում է մեղադրողի կողմից արարքի իրավաբանական որակումը փոխելու հնարավորությունն այն պայմաններում, երբ չնայած նրան, որ հանցակազմ սահմանող քրեաիրավական նորմը, որով որակված է անձի արարքը, ճանաչվում է Սահմանադրությանը հակասող և անվավեր, այնուամենայնիվ, կատարված արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցակազմի հատկանիշներին։ Դիմողը նշում է, որ վերոնշյալ նորմերի համակցված վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջիններս հնարավորություն չեն տալիս համապատասխան ու անհրաժեշտ դատավարական գործիքակազմի գործադրմամբ փոփոխել մեղադրանքը, մասնավորապես այն դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի նորմը, որով նախատեսված և որով որակված է անձին մեղսագրվող արարքը, այլևս չի գործում, սակայն այդ արարքն առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի մեկ այլ նորմով նախատեսված ընդհանուր հանցակազմի հատկանիշներին։
Վերոնշյալի հիման վրա Դիմողը Սահմանադրական դատարանի ուշադրությունն է հրավիրում վիճարկվող իրավակարգավորումների համատեքստում արարքի իրավաբանական որակումը փոխելու հնարավորության բացակայությունը (իր գնահատմամբ) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման առարկայի շրջանակներում օրենսդրական բաց դիտարկելու անհրաժեշտության վրա, ինչի առկայությունն արձանագրելու պարագայում, ըստ Դիմողի, նշված նորմի հետ համակարգային կապի մեջ գտնվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4 և 5-րդ մասերի և 366-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները տվյալ գործի շրջանակներում ենթակա են լինելու անմիջական կիրառման, քանի որ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող նորմերի կիրառման միջոցով։
Դիմողը նշում է. «(…) Սույն գործով Սահմանադրական դատարանի առջև բարձրացվող իրավական հարցը հետևյալն է. հատուկ հանցակազմ սահմանող քրեաիրավական նորմը, որով որակված է անձին մեղսագրվող արարքը, ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու պարագայում մեղադրողի կողմից արարքի իրավաբանական որակումը փոփոխելու և ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցակազմի հատկանիշներ պարունակող այդ արարքը վերաորակելու հնարավորության բացակայության և դատարանի կողմից քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելու պահանջի առկայության պայմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի կապակցությամբ առկա օրենսդրական բացը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ, 5-րդ մասերի և 366-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը արդյո՞ք չեն ստեղծում մեղադրանքի պաշտպանության գործառույթի սահմանափակում, տուժողի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խախտում, այդ թվում՝ սոցիալական արդարության վերականգնման և հատուցում ստանալու իրավունքի իրացման անհաղթահարելի խոչընդոտ, ինչպես նաև՝ հանգեցնում հիմնական իրավունքները կարգավորելիս օրենքով դրանց իրականացման կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր նախատեսելու, Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան հաշվի առնելու սահմանադրական պահանջների խախտման»։
Դիմողը նշում է նաև, որ մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու և (կամ) լրացնելու քրեադատավարական ինստիտուտը պայմանավորող իրավակարգավորումները չեն նախատեսում մեղադրանքի փոփոխման կամ լրացման հնարավորություն այն պարագայում, երբ առաջ է եկել միայն արարքի իրավաբանական որակումը փոփոխելու անհրաժեշտություն՝ նման հնարավորություն նախատեսելով միայն մեղադրանքի փաստական կողմը կազմող հանգամանքների փոփոխության պարագայում։
Ըստ Դիմողի՝ «(…) 1998 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումներն այնքանով, որքանով չեն նախատեսում գործի դատական քննության ընթացքում զուտ մեղադրանքի իրավական կողմը փոխելու հնարավորություն այն պարագայում, երբ քրեաիրավական նորմը, որով որակված է անձին մեղսագրվող արարքը, ճանաչվում է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր, ինչն էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ և 366-րդ հոդվածներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ կիրառման արդյունքում անվերապահորեն հանգեցնում է քրեական գործի վարույթը կարճելուն և քրեական հետապնդումը դադարեցնելուն, անհամատեղելի են ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տուժողի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի հետ»։
Դիմողը եզրահանգում է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածում առկա օրենսդրական բացը ստեղծում է մեղադրանքի պաշտպանության գործառույթի սահմանափակման, տուժողի դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքների (...) իրացման անհաղթահարելի խոչընդոտ (...)»։
3. Պատասխանողի դիրքորոշումները
Պատասխանողը, մասնավորապես վկայակոչելով Սահմանադրության 61, 63 և 176-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերաբերելի դրույթները, մեջբերելով Օրենսգրքի վիճարկվող դրույթներով սահմանված և այլ վերաբերելի իրավակարգավորումները, Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք ակտերում արտացոլված առանձին իրավական դիրքորոշումները, գտնում է. «Մեղադրանքի փաստական հանգամանքների փոփոխությունը հիմք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով մեղադրանքը փոխելու որոշում կայացնելու համար, եթե այդ հանգամանքների փոփոխությունը առաջացնում է հանցակազմի հատկանիշների փոփոխություն։
(...)
Հարկ է նաև արձանագրել, որ դատարանի կողմից անձին մեղսագրվող արարքի քրեաիրավական որակման փոփոխությունը օրենսդրությամբ սահմանված երաշխիքների պահպանման պայմաններում բխում է Օրենսգրքով սահմանված՝ գործի արդարացի քննության սկզբունքի էությունից։ Օրենսգրքով սահմանված իրավական երաշխիքների պայմաններում անձին մեղսագրվող արարքի իրավական որակման փոփոխությունն ամբողջությամբ անկանխատեսելի լինել չի կարող՝ մասնավորապես հիմնված լինելով անձին մեղսագրվող արարքի փաստական հանգամանքների վրա»։
Անդրադառնալով Դիմողի կողմից բարձրացված ենթադրյալ օրենսդրական բացի առկայության հարցին՝ Պատասխանողը, վկայակոչելով օրենսդրական բացի վերաբերյալ Սահմանադրական դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումները, գտնում է, որ «(…) օրենսդիրը տվյալ իրավակարգավորումը սահմանելիս հաշվի է առել օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայությունը և ակնկալել այդ իրավական երաշխիքների հիման վրա համապատասխան իրավակիրառ պրակտիկայի ձևավորումը և այդպիսի ընթացակարգի սահմանումը եղել է օրենսդրի նպատակը»։ Պատասխանողն արձանագրում է. «(…) տվյալ դեպքում օրենքի բացը հաղթահարելու անհնարինություն առկա չէ, մասնավորապես, այն պայմաններում, երբ օրենսդրի կողմից սահմանվել է հանցանքի քրեաիրավական որակման հնարավորություն, որի լայն մեկնաբանման պայմաններում հնարավոր է դառնում կիրառել նախկին խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված կարգավորումների համատեքստում։ Բոլոր դեպքերում նշված նորմում սահմանված կարճման ինստիտուտը չի բացառում փաստական հանգամանքների բավարար լինելու դեպքում հանցանքի քրեաիրավական որակումը փոփոխել (մեղադրանքը փոխել)»։
Պատասխանողը խնդրում է. «(…) գործով ընդունել որոշում վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին»։
4. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները
Հաշվի առնելով, որ սույն գործով սահմանադրաիրավական վեճը հանգում է անձին մեղսագրվող արարքը որակող հատուկ հանցակազմ նախատեսող քրեաիրավական նորմը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու պայմաններում գործի դատական քննության ընթացքում զուտ մեղադրանքի իրավական կողմը փոխելու օրենսդրական հնարավորության ենթադրյալ բացակայության հարցին՝ տուժողի իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների երաշխավորման համատեքստում, սույն դիմումով վիճարկվող օրինադրույթների սահմանադրականությունը պարզելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ, մասնավորապես, ներքոնշյալ հարցադրմանը.
- Օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը, հաշվի առնելով վերջինիս իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, որին համապատասխան՝ անձին մեղսագրվող արարքը որակող քրեաիրավական նորմը գործի դատական քննության ընթացքում Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու պայմաններում հանգեցնում է արարքի հանցավորությունը պահպանվելու դեպքում մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու անհնարինության, համապատասխանո՞ւմ է արդյոք Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին՝ տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող անձի հիմնական իրավունքների պաշտպանության առումով՝ հաշվի առնելով նաև հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի՝ օրենքով սահմանման՝ Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված պահանջը:
5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
5.1. Սույն սահմանադրաիրավական վեճի քննության համատեքստում վիճարկվող դրույթների սահմանադրականությունը տուժողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը երաշխավորելու առումով գնահատելիս Սահմանադրական դատարանն արձանագրում է.
Սահմանադրության՝ «Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը» վերտառությամբ 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության՝ «Արդար դատաքննության իրավունքը» վերտառությամբ 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրական դատարանը բազմիցս անդրադարձել է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանն այդ առնչությամբ՝ մասնավորապես արտահայտելով ներքոնշյալ իրավական դիրքորոշումները.
- «Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառման գործունեություն իրականացնելիս։ Դա ենթադրում է, մի դեպքում, օրենսդրի պարտականությունը՝ լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն և մեխանիզմներ ամրագրել օրենքներում, մյուս կողմից, իրավակիրառողի պարտականությունը՝ առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց՝ օրինական կարգով իրենց ուղղված դիմումները, որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից» (2007 թվականի նոյեմբերի 28-ի ՍԴՈ-719 որոշում, կետ 6).
- «(...) Դատարան դիմելու` անձի իրավունքի իրացման երաշխավորումն իրավական առաջնահերթ նախապայման է անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները դատական կարգով պաշտպանելու համար» (2016 թվականի մարտի 10-ի ՍԴՈ-1257 որոշում, կետ 6):
Սահմանադրական դատարանն իր՝ 2019 թվականի սեպտեմբերի 24-ի ՍԴՈ-1477 որոշման շրջանակներում արձանագրել է. «Սահմանադրական դատարանը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածները բազմիցս դիտարկել է որպես մեկ միասնական իրավական երևույթ: Դա, մասնավորապես, վերաբերում է արդարադատության մատչելիության իրավունքին` որպես արդար դատաքննության իրավունքի տարրի:
Այնուհանդերձ, Սահմանադրության 63-րդ հոդվածի իրավակարգավորումը կազմում է արդար դատաքննության իրավունքի առանցքը, քանի որ այդ իրավունքի կիրառության շրջանակն ամրագրելուց բացի սահմանում է նաև դրա առավել ընդհանրական երաշխիքները:
(...) Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների իրավակարգավորման հիմքում դրված են անձի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման սահմանադրաիրավական այն սկզբունքները, որոնց համատեքստում Սահմանադրական դատարանն իր որոշումներում արտահայտել է իրավական դիրքորոշումներ: Այդ դիրքորոշումներն արտացոլում են նաև միջազգային իրավական փորձի համալիր ուսումնասիրության արդյունքները» (կետ 4.1):
Արդյունավետ դատական պաշտպանության կամ այլ կերպ՝ արդարադատության մատչելիության սահմանադրական իրավունքի նորմատիվ սահմաններին և ապահովման երաշխիքներին Սահմանադրական դատարանը նախկինում անդրադարձել է նաև ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222 որոշումներում՝ սահմանելով արդյունավետ դատական պաշտպանության ապահովման իրավական երաշխիքների ցանկ, որի ամբողջությամբ պահպանումը ձևավորում է անհրաժեշտ իրավակառուցակարգային նախադրյալներ արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրացման համար։ Սույն սահմանադրաիրավական վեճին վերաբերելի երաշխիքներն են այն, որ`
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ.
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում.
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների համաձայն՝
- «(...) Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի իրավունքի գերակայության լույսի ներքո, որի հիմնարար ասպեկտներից է իրավական որոշակիության սկզբունքը, որը պահանջում է, որ դատավարության մասնակիցներն ունենան դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ, որոնք նրանց թույլ կտան պաշտպանել իրենց քաղաքացիական իրավունքները» (տե՛ս Case of Běleš and Others v. the Czech Republic, գանգատ թիվ 47273/99, 12.11.2002, § 49).
- «(...) ընթացակարգային նորմերը կիրառելիս ներպետական դատարանները պետք է խուսափեն և՛ չափազանցված ձևականությունից, որը կազդի ընթացակարգի արդարացիության վրա, և՛ չափազանցված ճկունությունից, որը կհանգեցնի օրենքով սահմանված ընթացակարգային պահանջների վերացմանը (տե՛ս Case of Walchli v. France, գանգատ թիվ 35787/03, 26.10.2007, § 29, Peca v. Greece (no. 2), գանգատ թիվ 33067/08, 10.06.2010, § 30).
- «(...) դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի» (տե՛ս Case of Efstathiou and others v. Greece, գանգատ թիվ 36998/02, 27.07.2006, § 24, Case of Vamvakas v. Greece, գանգատ թիվ 36970/06, 16.10.2008, § 26, Case of Louli-Georgopoulou v. Greece, գանգատ թիվ 22756/09, 16.03.2017, § 39).
- պետությունը կարող է սահմանել արդարադատության մատչելիության իրավունքի սահմանափակումներ. պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճան սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը (տե՛ս Case of Khalfaoui v. France, գանգատ թիվ 34791/97, final 14/03/2000, § 36):
Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային պրակտիկան, իր՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի ՍԴՈ-1559 որոշմամբ արձանագրել է. «(...) դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների արդյունավետ կենսագործումն ապահովելու համար պետք է օրենսդրորեն երաշխավորել ինչպես դատարանի մատչելիության, դատարան դիմելու հնարավորության ապահովման, այնպես էլ` գործն անկախ և անաչառ դատարանի կողմից արդարության պահանջների՝ մրցակցության և հավասարության սկզբունքների պահպանմամբ քննելու իրավական հնարավորությունը»:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տուժողը՝ որպես քրեական վարույթի լիիրավ սուբյեկտ, հանդես գալով մեղադրանքի կողմում, ունի հետապնդվող շահերի ուրույն շրջանակ, որոնք ուղղված են հանցագործությամբ տուժողի խախտված սուբյեկտիվ իրավունքների վերականգնմանը և պատճառված վնասի հատուցմանը կամ հատուցման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ձևավորմանը։ Այլ կերպ՝ եթե դատական վարույթում մեղադրողը հետապնդում է իրավակարգի պաշտպանության, հանցագործությունների բացահայտման և մեղավորներին դատական կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու հանրային-իրավական նպատակներ, տուժողը նշյալ նպատակների հետ մեկտեղ կամ այդ նպատակների միջոցով հետապնդում է իր խախտված իրավունքների կամ ազատությունների պաշտպանության և իրեն պատճառված վնասի հատուցման իրավաչափ շահեր։ Հետևաբար` պետությունը, այդ թվում` Սահմանադրության՝ կյանքի հիմնական իրավունքը (24-րդ հոդված) երաշխավորող 3-րդ հոդվածի, վերջինիս՝ որպես անմիջականորեն գործող իրավունքի իրականացման համար արդյունավետ կառուցակարգեր նախատեսելու պահանջ սահմանող 75-րդ հոդվածի, ինչպես նաև Սահմանադրության 3-րդ հոդվածը որպես անփոփոխ ամրագրող 203-րդ հոդվածի ուժով պարտավոր է իրավակառուցակարգային արդյունավետ միջոցներ ձեռնարկել տուժողի դատավարական կարգավիճակի արդյունավետության երաշխավորման և վերջինից բխող դատավարական իրավունքների ամրագրման և գործնական իրացման ուղղությամբ։ Ընդսմին, տուժողի դատավարական կարգավիճակի լիարժեք իրացումը մեծապես կախված է մեղադրողին վերապահված դատավարական իրավունքների արդյունավետ իրացման կառուցակարգերի առկայությունից և դրանց կենսագործման պայմանների երաշխավորվածությունից։
Քրեական դատավարությունում դատախազության՝ քրեական հետապնդում հարուցելու և իրականացնելու, դատարանում մեղադրանքը պաշտպանելու գործառույթների իրականացման առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերջիններիս միջոցով ապահովվում է ոչ միայն հանցագործությունների բացահայտման, հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հանրային շահի, այլև դատավարության մասնավոր մասնակից տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող անձի մասնավոր շահերի պաշտպանությունը։
Օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս: Տուժող է ճանաչվում նաև այն անձը, ում կարող էր անմիջականորեն պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս, եթե ավարտվեր քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելը:
Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1985 թվականի նոյեմբերի 29-ի 40/34 բանաձևով ընդունված՝ «Հանցագործությունների և իշխանության չարաշահման զոհերի հանդեպ արդարադատության հիմնարար սկզբունքների» հռչակագրի իմաստով՝ «զոհեր» եզրույթի ներքո հասկացվում են անձինք, որոնց անհատապես կամ կոլեկտիվ կերպով անդամ պետությունների գործող ազգային քրեական օրենքների, ներառյալ՝ իշխանության հանցավոր չարաշահումն արգելող օրենքների խախտմանը հանգեցնող գործողության կամ գործողության բացակայության հետևանքով վնաս է հասցվել, ներառյալ՝ մարմնական վնասվածքները, բարոյական և նյութական վնասները, հոգեկան տանջանքները կամ նրանց հիմնարար իրավունքների էական կրճատումը (Հավելված, բաժին «А», մաս 1): Ազգային օրենսդրությանը համապատասխան՝ նրանք ունեն արդարադատության մեխանիզմներից օգտվելու հնարավորություն և իրենց հասցված վնասի արագ փոխհատուցման իրավունք (Հավելված, բաժին «А», մաս 4):
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ 1985 թվականի հունիսի 28-ի՝ «Տուժողի դերը քրեական իրավունքի և դատավարության շրջանակներում» R(85)11 հանձնարարականի նախաբանում հատուկ ընդգծված է, որ այն ընդունվել է` ելնելով այն հանգամանքից, որ քրեական արդարադատության նպատակներն ավանդաբար ձևակերպվել են պետության և իրավախախտի միջև հարաբերությունների տիրույթում, ինչի արդյունքում այդ համակարգի գործադրումը հաճախ բարդացնում է տուժողի մոտ ծագած խնդիրները, այլ ոչ նպաստում դրանց լուծմանը: Մինչդեռ քրեական արդարադատության հիմնական գործառույթը պետք է լինի տուժողի պահանջները բավարարելը և շահերը պաշտպանելը:
Վճռաբեկ դատարանը թիվ ԵՇԴ/0097/01/09 քրեական գործով 2010 թվականի մարտի 26-ի որոշման շրջանակներում, inter alia անդրադառնալով տուժողի իրավական կարգավիճակին, նշել է. «(...) տուժողի իրավաչափ շահերի շրջանակում է իրեն հասցված վնասի վերականգնումը, իրեն վնաս պատճառած արարքի հանգամանքների լրիվ բացահայտումը ու դրա ճիշտ քրեաիրավական որակումը, իր նկատմամբ հանցանք կատարած անձի դատապարտումը և արդարացի պատժի նշանակումը: Այդ շահերի ապահովման երաշխիքներից է տուժողի իրավունքը, որպեսզի իր գործով դատական քննությունն ընթանա «արդարության բոլոր պահանջների պահպանմամբ» (կետ 18):
Վերոնշյալի համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քրեական արդարադատությամբ տուժողի արժանապատվության հարգումը, նրա իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունը քրեական արդարադատության կարևորագույն խնդիրներն են, որոնց անտեսումը կարող է հանգեցնել տուժողի իրավունքների և ազատությունների՝ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների հետ անհամատեղելի նսեմացման:
Այդ առումով անհրաժեշտ է երաշխավորել քրեական դատավարության շրջանակներում տուժողի իրավունքների լիարժեք իրացումն ու դրանց պաշտպանությանը միտված համապատասխան իրավական կառուցակարգերի առկայությունը։ Հետևաբար՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակության վերոնշյալ վերլուծության լույսի ներքո Սահմանադրական դատարանը փաստում է, որ տուժողի օրինական շահերի պաշտպանությունը պայմանավորված է նաև քրեական դատավարության հանրային մասնակցի՝ դատախազի կողմից գործուն կառուցակարգերի միջոցով ենթադրյալ հանցավոր արարք կատարած անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, մեղադրանքի պաշտպանության գործառույթներն իրականացնելու արդյունավետ հնարավորության ապահովմամբ։
Դատական քննության ընթացքում դատախազի՝ որպես մեղադրանքի կողմի առանցքային գործառույթը մեղադրանքը պաշտպանելն է։ Դատախազի հենց այդ գործառույթն արդյունավետ իրականացնելու գործիքակազմից է կախված տուժողի օրինական շահերի ապահովումը բոլոր այն դեպքերում, երբ գործը վերաբերում է նաև տուժողի իրավունքների կամ ազատությունների դեմ կատարված քրեական օրենքով արգելված արարքին։ Համապատասխան գործառույթն իրականացնելով՝ դատախազը ոչ միայն հանդես է գալիս հանրային շահերի, այլև հանցագործության հետևանքով տուժած անձանց շահերի պաշտպանության նկատառումներով (mutatis mutandis, Սահմանադրական դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 7-ի ՍԴՈ-906 որոշում, կետ 6)։ Քրեադատավարական այլ հարաբերություններում դատախազության այլ սահմանադրական լիազորությունների վերաբերելիությամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) նման օրենսդրական կարգավորման պայմաններում` տուժողի շահերի միակ պաշտպանը, վերոնշյալ սահմանադրական լիազորությունների շրջանակներում, դատախազն է, (...)» (2017 թվականի հունիսի 13-ի ՍԴՈ-1373 որոշում, կետ 6):
Այսպիսով, տուժողի իրավունքների լիարժեք իրացումը պայմանավորված է նաև դատախազի, մասնավորապես` Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ամրագրված՝ դատարանում մեղադրանքը պաշտպանելու գործառույթի պատշաճ իրականացումից, ինչն էլ, իր հերթին, պայմանավորված է նաև օրենսդրական մակարդակում վերաբերելի իրավակարգավորումների, վերջիններիս շրջանակում գործուն կառուցակարգերի առկայությամբ։
Հիշատակված արձանագրումները հիմք ընդունելով՝ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում դատախազի՝ մեղադրանքի պաշտպանության գործառույթի պատշաճ և արդյունավետ իրականացման հարցին անդրադառնալ Օրենսգրքում առկա կարգավորումների՝ առաջին ատյանի դատարանում դատական քննության փուլում գտնվող գործով ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու՝ մեղադրողի (դատախազ) լիազորության իրացման օրենսդրական սահմանների լույսի ներքո։
Օրենսգրքի՝ «Դատական քննության սահմանները» վերտառությամբ 309-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված է, որ գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել։ Այլ կերպ՝ դատական քննության սահմանները սահմանափակված են մեղադրյալների շրջանակով և վերջիններիս առաջադրված մեղադրանքով։
Այդ համատեքստում` քրեական դատավարությունը ճանաչողական գործունեություն է, ինչով պայմանավորված՝ քրեական դատավարության տարբեր փուլերում (ենթափուլերում) օբյեկտիվորեն հնարավոր է ի հայտ գան (բացահայտվեն) այնպիսի նոր հանգամանքներ, որոնք, չհանդիսանալով քրեական հետապնդման մարմինների, այդ թվում՝ մեղադրողի (դատախազի) թերացումների արդյունք, անհրաժեշտաբար կպայմանավորեն քրեական վարույթի սկզբնական (ենթա)փուլերում առաջադրված մեղադրանքը դատական քննության փուլում փոփոխելու օբյեկտիվ անհրաժեշտություն։
Հենց դրա հաշվառմամբ է օրենսդիրը դատախազին վերապահել առաջին ատյանի դատարանում մեղադրանքը փոփոխելու լիազորություն: Այսպես՝ Օրենսգրքի՝ «Առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու սահմանները» վերտառությամբ 309.1-ին հոդվածով սահմանված է առաջին ատյանի դատարանում դատաքննության փուլում գտնվող գործով ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը փոփոխելու երկու ռեժիմ։ Դրանցից մեկը, որն ամրագրում է ստացել Օրենսգրքի հիշյալ հոդվածի 3-րդ մասով, մեղադրանքը փոխելու հնարավորություն է նախատեսում՝ առանց լրացուցիչ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու, մասնավորապես՝ մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մեղադրանքը, այդ թվում` խստացման առումով, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցներն անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է:
Վերոնշյալ օրինադրույթի բովանդակային վերլուծության արդյունքով Սահմանադրական դատարանը փաստում է, որ, առանց լրացուցիչ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու, մեղադրողի կողմից մեղադրանքը կարող է փոփոխվել բացառապես ներքոնշյալ իմպերատիվ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
ա. առաջին ատյանի դատարանում դատական քննության ընթացքում (մեղադրանքը կարող է փոփոխվել ինչպես մեղմացման, այնպես էլ խստացման առումներով).
բ. մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը.
գ. դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները պետք է անհերքելիորեն վկայեն, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է:
Վճռաբեկ դատարանը թիվ ԵԱՔԴ/0002/01/13 քրեական գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ արձանագրել է. «Հիշատակված քրեադատավարական նորմով նախատեսված ընթացակարգը կիրառելի է միայն դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտման պարագայում (...)» (կետ 23):
Վճռաբեկ դատարանը թիվ ԵԴ/0147/01/19 քրեական գործով 2024 թվականի մայիսի 10-ի որոշմամբ արձանագրել է. «(...) Նման իրավակարգավորումներից հետևում է, որ դատաքննության ընթացքում ապացույցների հետազոտումը համարվում է մեղադրանքի փոփոխման պայման և բացառվում է մեղադրանքի փոփոխություն, որը չի հանդիսանում դատարանում ապացույցների հետազոտության արդյունք։ (…) ապացույցների հետազոտման արդյունքում փոփոխվել կարող են բացառապես մեղադրանքի հիմքում ընկած փաստական հանգամանքները։ Արարքի իրավաբանական որակումը, արտահայտելով մեղադրանքի փաստ-իրավունք բաղադրիչների կապը, դուրս է ապացույց-փաստ կապի շրջանակից, ուստի դրա փոփոխությունը չի կարող հանդիսանալ ապացույցների հետազոտման անմիջական արդյունք, ինչը նշանակում է, որ մեղադրանքի իրավական տարրը՝ իրավաբանական որակումը, ինքնուրույն, առանց փաստական հանգամանքների փոփոխության, դատարանում փոփոխվել չի կարող։
(...)
Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդարության սկզբունքի, ինչպես նաև միջազգային-իրավական կարևորագույն փաստաթղթերով երաշխավորված մարդու հիմնարար իրավունքների հետևողական կենսագործումն ապահովելու նկատառումներից ելնելով, անհրաժեշտություն է առաջացել վերանայելու և զարգացնելու առանց քննչական գործողությունների կատարման մեղադրանքի փոփոխման կառուցակարգի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը և արձանագրելու, որ առանց քննչական գործողությունների կատարման փաստական հանգամանքների մասով մեղադրանքը կարող է փոփոխվել կամ լրացվել միայն այն դեպքում, երբ ապացույցների հետազոտման արդյունքում ի հայտ են եկել և հաստատվել են այնպիսի հանգամանքներ, որոնք վկայում են անձին նոր մեղադրանք ներկայացնելու անխուսափելիության մասին։ Հետևաբար, առանց քննչական գործողությունների կատարման մեղադրանքի փոփոխման կառուցակարգի դեպքում ևս մեղադրանքը փոփոխող հանգամանքներն իրենց բնույթով պետք է նոր լինեն, այսինքն, մինչ այդ պահն օբյեկտիվորեն դուրս գտնվեն մինչդատական վարույթն իրականացնող իրավասու մարմնի իմացության տիրույթից» (կետ 11.1)։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի տեքստի իմաստային սահմանները, իր դատական մեկնաբանություններով նշված նորմին հաղորդել է այնպիսի բովանդակություն, որի համաձայն՝ առանց քննչական գործողություններ կատարելու մեղադրանքի փոփոխությունը կապվել է բացառապես ապացույցների հետազոտման արդյունքում մեղադրանքի հիմքում ընկած փաստական հանգամանքների փոփոխության հետ՝ անհնար համարելով դատարանում մեղադրանքի փոփոխությունը՝ առանց դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտման։
Մեղադրողի կողմից դատարանում մեղադրանքը փոփոխելու երկրորդ ռեժիմը նախատեսում է քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու միջոցով մեղադրանքի փոփոխության հնարավորություն (Օրենսգրքի 309.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասեր)։ Մասնավորապես՝ եթե առաջին ատյանի դատարանում դատական քննության ընթացքում մեղադրողը գտնում է, որ առաջադրված մեղադրանքը խստացման կամ մեղմացման առումով ենթակա է լրացման կամ փոփոխման, քանի որ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում, և եթե գործի փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու առանց դատական քննությունը հետաձգելու, ապա դատարանին ներկայացնում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու համար դատական քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն:
Դատարանում մեղադրանքի փոփոխության վերոնշյալ ռեժիմի գործարկման նախապայման է այնպիսի հանգամանքների ի հայտ գալը, որոնք մինչդատական վարույթի շրջանակներում հայտնի չէին և հայտնի լինել չէին կարող. ուստի՝ դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու համար դատական քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս գնահատում է՝ արդյոք մեղադրանքի ծավալի (սահմանների) փոփոխության համար հիմք հանդիսացող փաստական հանգամանքները մինչդատական վարույթում հայտնի եղե՞լ են, թե՞ ոչ կամ արդյոք կարո՞ղ էին հայտնի լինել։
Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանն իր՝ 2010 թվականի ապրիլի 2-ի ՍԴՈ-872 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերի սահմանադրականության ստուգման առնչությամբ նշել է. «(…) օրենսդիրը մեղադրողի՝ առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու համար դատական քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու իրավունքի իրացման համար սահմանել է մի շարք պարտադիր նախապայմաններ, որոնք կոչված են երաշխավորելու քրեական դատավարության մասնակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, և որոնք անվերապահորեն պետք է հաշվի առնվեն դատական պրակտիկայում։ Դրանք են՝
ա) եթե ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում,
բ) եթե գործի փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու առանց դատական քննությունը հետաձգելու,
գ) վերոհիշյալ հիմքերի առկայությունը պետք է գնահատի դատարանը,
դ) նիստը կարող է հետաձգվել բացառապես անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու և նոր մեղադրանք առաջադրելու համար,
ե) նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան մեկ ամսով, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու համար ողջամտորեն պահանջվում է ավելի երկար ժամկետ,
զ) հետաձգումը չի կարող նպատակ հետապնդել լրացնելու նախկինում կատարված թերի նախաքննությունը»։
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից ներկայացված մեկնաբանությամբ՝ Օրենսգրքի 309.1-ին հոդվածով ամրագրված կարգավորումները թույլ են տալիս մեղադրողին դատական քննության ժամանակ մեղադրանքը փոփոխել միայն սահմանափակ դեպքերում, և դատարանում մեղադրանքի փոփոխման երկու իրավական ռեժիմների դեպքում (քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու միջոցով և առանց լրացուցիչ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու) մեղադրանքի փոփոխումը հնարավոր է բացառապես մեղադրանքի փաստական կողմի փոփոխությամբ (չբացառելով փաստական կողմի փոփոխությամբ պայմանավորված նաև իրավական կողմի փոփոխության հնարավորությունը)։
Արդյունքում՝ Օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի օրենսդրական կարգավորումներով՝ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, բացառվում է մեղադրանքի իրավական կողմի ինքնուրույն փոփոխությունը՝ մեղադրանքի փաստական կողմի փոփոխությունից անկախ։
Սահմանադրական դատարանը, սակայն, անհրաժեշտ է համարում արձանագրել, որ մեղադրանքի իրավական կողմի՝ արարքի իրավական գնահատականի փոփոխությունը միշտ չէ, որ կարող է կապված լինել մեղադրանքի փաստական կողմի փոփոխության հետ։ Հնարավոր է իրավիճակ, երբ առանց մեղադրանքի փաստական կողմի փոփոխության առաջանա մեղադրանքի իրավական կողմի՝ արարքին տրված իրավական գնահատականի փոփոխության անհրաժեշտություն։
Նման իրավիճակ հնարավոր է առաջանա նաև այն դեպքում, երբ ամբաստանյալին մեղսագրվող արարքը որակող քրեաիրավական նորմը Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվի Սահմանադրությանը հակասող և անվավեր։
Այդպիսի իրավիճակը կապված չէ մեղադրանքի փաստական կողմի փոփոխության հետ, ըստ այդմ՝ այն չի կարող բացահայտվել ապացույցների հետազոտման, քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման արդյունքում։
Միաժամանակ, իրավակիրառ պրակտիկայում տրված նշված մեկնաբանությունը՝ մեղադրանքի փաստական կողմից անկախ՝ իրավական գնահատականի փոփոխության բացառման առումով, կաթվածահար է անում դատախազության՝ մեղադրանքի պաշտպանության սահմանադրական գործառույթի իրացումը՝ ի թիվս այլնի, հանգեցնելով նաև դրանով պաշպանվող տուժող(ներ)ի մասնավոր շահերի ոտնահարմանը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ այն մեկնաբանությունը, որ օրենսդրի մոտեցման համաձայն՝ մեղադրանքի իրավական կողմի ինքնուրույն փոփոխությունը՝ մեղադրանքի փաստական կողմի փոփոխությունից անկախ անհնար է, չի կարող հանդիսանալ առանց քննչական գործողությունների կատարման մեղադրանքի փոփոխության հիմք, ինքնին, սահմանադրականության առումով խնդրահարույց է։
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, որի համաձայն՝ մեղադրողի կողմից առանց մեղադրանքի փաստական կողմի փոփոխության մեղադրանքի իրավական կողմի՝ արարքի իրավական գնահատականի փոփոխությունը բացառվում է այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանի կողմից ամբաստանյալին մեղսագրվող արարքը որակող հատուկ հանցակազմ նախատեսող քրեաիրավական նորմը Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվում, հանգեցնում է տուժողի իրավունքների պաշտպանության երաշխավորվածության խաթարման, իրավունքի գերակայության սկզբունքի խախտման ու իրավական անվտանգության լուրջ սպառնալիքների։
5․2. Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր: Նշված պահանջն ուղղված է Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ ու իրական կենսագործմանը, քանզի իրավունքի կամ ազատության սոսկ ամրագրումը բավարար չէ տրված իրավական հնարավորության լիարժեք իրացման համար. ուստի՝ համապատասխան կառուցակարգերի և ընթացակարգերի օրենսդրական մակարդակում ամրագրումն անհրաժեշտ երաշխիք է հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացումն ապահովելու համար:
Սահմանադրական դատարանը, 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշման շրջանակներում անդրադառնալով Սահմանադրության 75-րդ հոդվածի բովանդակությանը, փաստել է. «(…) ցանկացած օրենսդրական կարգավորում, այլ ոչ թե միայն որևէ հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակում, պետք է նպատակ ունենա և ապահովի բոլոր հիմնական իրավունքների (1) արդյունավետ իրականացման համար (2) անհրաժեշտ (3) կազմակերպական (4) կառուցակարգեր և (5) ընթացակարգեր: Միայն բոլոր այս պայմանների միաժամանակյա առկայությունը ցանկացած օրենսդրական կարգավորման մեջ, առավել ևս որևէ հիմնական իրավունք կամ ազատություն սահմանափակող օրենսդրական կարգավորման մեջ, կարող է ապահովել դրա համապատասխանությունը Սահմանադրությանը» (կետ 4.5):
Սահմանադրական դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 8-ի ՍԴՈ-1571 որոշմամբ արձանագրված է. «Պետությունը պետք է ստեղծի անհրաժեշտ երաշխիքներ մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացման համար: Պետությունը պարտավորվում է ոչ միայն ճանաչել, պահպանել և պաշտպանել իրավունքները և ազատությունները, այլև ստեղծել պետական-իրավական այնպիսի կառուցակարգեր, որոնք արդյունավետ ձևով կարող են կանխել, վերացնել դրանց ցանկացած խախտումներ, վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները» (կետ 4.1)։
Սույն գործի նյութերի ուսումնասիրության համաձայն՝ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործի շրջանակներում ամբաստանյալներին մեղսագրվող ենթադրյալ արարքների քրեաիրավական որակման հիմքում դրված հատուկ հանցակազմ նախատեսող իրավանորմը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածը, Սահմանադրական դատարանի 2021 թվականի մարտի 26-ի ՍԴՈ-1586 որոշմամբ Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչվելու պայմաններում, ըստ տվյալ գործով մեղադրանքի կողմի, անհրաժեշտություն է առաջացել նրանց կողմից կատարված ենթադրյալ արարքին տալ նոր՝ այլ հանցակազմ նախատեսող իրավանորմով գնահատական, սակայն համապատասխան (վիճարկվող) իրավակարգավորումների պայմաններում, միայն արարքի իրավական որակումը փոփոխելով՝ արարքը վերաորակելու և նոր մեղադրանքով քրեական գործի վարույթը շարունակելու հնարավորությունը բացառվում է։
Վերոնշյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ համապատասխան օրենսդրական կարգավորումների այնպիսի մեկնաբանումը, որի պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքով հատուկ հանցակազմ նախատեսող նորմի (ՀՀ քրեական օրենսգրքով ընդհանուր հանցակազմից առանձնացված և դրա մասնավոր դրսևորումը հանդիսացող հատուկ հանցակազմի)՝ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում գործողությունը դադարելու հետևանքով քրեական դատավարությունում անհնար է դառնում մեղադրանքի պաշտպանության գործառույթի իրացումը՝ պայմանավորված մեղադրանքի իրավական գնահատականը փոփոխելը բացառելու հանգամանքով, և առաջ է գալիս քրեական հետապնդման դադարեցում և/կամ քրեական գործի վարույթի կարճում, չի ապահովում Սահմանադրության 75-րդ հոդվածով սահմանված պահանջների արդյունավետ կենսագործումը, արգելակում/խաթարում է մեղադրանքի պաշտպանության սահմանադրաիրավական գործառույթի իրացումը՝ որպես հետևանք հանգեցնելով նաև տուժող(ներ)ի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խախտման։
Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավակիրառ մարմինները պետք է առկա կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը մեկնաբանեն այնպես, որ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ հանցակազմ նախատեսող իրավանորմը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում ապահովեն դատարանում մեղադրողի կողմից մեղադրանքի փաստական կողմից անկախ՝ բացառապես մեղադրանքի իրավական կողմի փոփոխության հնարավորությունը, ըստ այդմ՝ մեղադրողի՝ մեղադրանքի պաշտպանության գործառույթի իրացումը, որպիսի ճանապարհով հնարավոր կդառնա ապահովել տուժողի շահերի պաշտպանությունը քրեական վարույթում և վերջինիս արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրացումը՝ կանխելով իրավական անվտանգության հնարավոր սպառնալիքները։ Հակառակ պարագայում, ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ հանցակազմը սահմանող նորմի գործողության դադարեցման պայմաններում արարքի իրավական որակման փոփոխության բացառումը մեղադրողի կողմից, այն է՝ արարքն ընդհանուր հանցակազմը սահմանող նորմով վերաորակելու անհնարինությունը, հանգեցնում է քրեական դատավարությունում տուժողի կարգավիճակ ունեցող անձանց՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով երաշխավորված իրավունքների խախտման։
5.3. Սահմանադրական դատարանը հարկ է համարում Օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը գնահատել Օրենսգրքի 309.1-ին հոդվածի 1-ի մասի հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ։
Օրենսգրքի 309.1-ին հոդվածի 1-ի մասի համաձայն՝ եթե առաջին ատյանի դատարանում դատական քննության ընթացքում մեղադրողը գտնում է, որ առաջադրված մեղադրանքը խստացման կամ մեղմացման առումով ենթակա է լրացման կամ փոփոխման, քանի որ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում, և եթե գործի փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու՝ առանց դատական քննությունը հետաձգելու, ապա դատարանին ներկայացնում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու համար դատական քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն: Մեղադրողը նման միջնորդությամբ կարող է հանդես գալ մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը:
Օրենսգրքի 309.1-ին հոդվածի 1-ին մասը սահմանում է դատական վարույթի ընթացքում մեղադրողի որոշմամբ մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու հնարավորություն մինչդատական վարույթում օբյեկտիվորեն անհայտ հանգամանքների առկայության պարագայում։ Ընդ որում՝ օրենսդիրը նախատեսել է մեղադրանքի փոփոխման երկու ռեժիմ՝ անմիջապես մեղադրանքի փոփոխման անհրաժեշտության ծագումից հետո՝ նույն դատական նիստում, կամ դրա անհնարինության դեպքում՝ դատարանի կողմից դատական նիստը հետաձգելուց հետո մեղադրանքի լրացմամբ կամ փոփոխմամբ և մեղադրյալին նոր մեղադրանքի առաջադրմամբ։
Սույն դիմումի համատեքստում Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ մինչդատական վարույթում օբյեկտիվորեն անհայտ հանգամանքների առարկայական շրջանակին։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ նշյալ հարցի պարզաբանման համար անհրաժեշտ է բացահայտել օրենսդրի նպատակը՝ ելնելով քրեական դատավարության ընդհանուր խնդիրներից։ Այսպես՝ Օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական դատավարությունն իրականացվում է` ապահովելու համար անձի, հասարակության և պետության պաշտպանությունը հանցագործությունից, անձի և հասարակության պաշտպանությունը պետական իշխանության ինքնիրավ գործողություններից և չարաշահումներից` կապված իրական կամ ենթադրվող հանցավոր արարքի հետ: Օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քրեական դատավարություն իրականացնող մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում` քրեական օրենսգրքերով չթույլատրված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի և քրեական օրենքով նախատեսված դեպքերում և Օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի, ոչ մի անմեղ անձ հանցանքի կատարման մեջ չկասկածվի, չմեղադրվի և չդատապարտվի, ոչ ոք անօրինական կամ առանց անհրաժեշտության չենթարկվի դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և ազատությունների այլ սահմանափակման:
Վկայակոչված օրինադրույթներից հետևում է, որ՝
- քրեական վարույթի առաջնային խնդիրը հանցագործությունից զերծ կամ առնվազն նվազ հանցավորությամբ հասարակության և պետության առկայությունն է, որտեղ անձի իրավունքները պաշտպանված կլինեն հանցավոր ոտնձգություններից,
- պետությունը՝ ի դեմս իրավասու պետական մարմինների, պոզիտիվ պարտականություն է կրում հայտնաբերել և քրեական պատասխանատվության ենթարկել հանցանք կատարած անձանց։
Սահմանադրական դատարանը նկատում է, որ սահմանելով քրեական վարույթի ընդհանուր խնդիրները՝ օրենսդիրը կարևորել է հանցանք կատարած անձանց բացահայտման և քրեական պատասխանատվության ենթարկելու միջոցով իրավակարգի ապահովումը։ Ընդ որում՝ հանցանքի ներքո օրենսդիրը նկատի է ունեցել ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված ցանկացած հանցանք, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով մեղսագրելի է անձին։ Այսինքն՝ օրենսդիրն իրավաչափ և արդյունավետ է համարել այն քրեական վարույթը, որի արդյունքում քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից կապահովվեն բոլոր միջոցները հանրորեն վտանգավոր արարքների բացահայտման և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ Այդ միջոցներից մեկը վարույթն իրականացնող մարմնի կողմից անձին մեղսագրված արարքի որակումն ու վերաորակումն է, որի միջոցով համապատասխան հիմքերի ու ապացույցների առկայության դեպքում անձի կողմից դրսևորված վարքագծին տրվում է քրեաիրավական գնահատական՝ հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հանցակազմը, որն առավել ճշտորեն և որոշակիորեն մոդելավորում է անձի հակաիրավական վարքագիծը։
Քննարկվող իրավանորմի նման մեկնաբանությունն արտահայտում է նաև քրեական վարույթում տուժողի իրավունքների երաշխավորման անհրաժեշտությունը, երբ որոշակի անձի որոշակի վարքագիծն առաջացրել է քրեաիրավական հետևանքներ՝ ներառյալ՝ տուժողին վնասի պատճառում, որն արդարադատության իրականացման միջոցով ենթակա է վերականգնման՝ համապատասխան արդյունավետ կառուցակարգերի գործադրմամբ, ինչը սահմանադրի հրամայական պահանջն է (Սահմանադրության 75-րդ հոդված)։
Սույն պարագայում Սահմանադրական դատարանը նկատում է, որ մեղադրողը, առաջնորդվելով ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թ.) 12-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված՝ արարքի հանցավորությունն ու պատժելիությունը հանցանքի կատարման պահին գործող օրենքով որոշելու սկզբունքով, օբյեկտիվորեն չի կարող կանխատեսել մեղադրյալին (ամբաստանյալին) մեղսագրվող արարքի որակման հոդվածի՝ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին Սահմանադրական դատարանի որոշման ընդունումը. հետևապես՝ եթե դատական վարույթի ընթացքում փաստվում է, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան իրավանորմը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, և մեղադրողը գտնում է, որ կատարված արարքը կարող է որակվել ՀՀ քրեական օրենսգրքի այլ գործող հոդվածով, ապա նա, Օրենսգրքի 309.1-ին հոդվածի հիման վրա, իրավասու է մեղադրանքի լրացմանը կամ փոփոխմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ գնահատելով այն հանգամանքը, որ՝
ա. առկա է հանցագործության դեպք,
բ. հանցագործության արդյունքում տուժել են անձինք,
գ. պահպանվել են այդ արարքին մեղադրյալների առնչությունը և օբյեկտիվ կապը, և պատշաճ իրավական ընթացակարգով չեն հերքվել նրանց առաջադրված մեղադրանքները:
Միաժամանակ, հաշվի առնելով, որ Օրենսգրքի 35-րդ հոդվածը չի բովանդակում Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի՝ հանցակազմ սահմանող նորմը հակասահմանադրական ճանաչված լինելու հիմքով քրեական հետապնդման դադարման կոնկրետ հիմք, արարքների հանցավոր լինելը պահպանվելու դեպքում մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելը չի կարող դիտարկվել օրինականության սկզբունքի և արդար դատաքննության իրավունքի խախտման լույսի ներքո՝ հաշվի առնելով, որ դրանցով հավասարապես ապահովվում են կողմերի շահերի պաշտպանությունը՝ քրեական դատավարության խնդիրների լուծման ուղղությամբ:
Ամփոփելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի այն նորմը, որով որակվել է ամբաստանյալին մեղսագրվող արարքը, Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը (նրան մեղսագրվող արարքի իրավական որակումը)՝ ամբաստանյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, 170-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի այն նորմը, որով որակվել է ամբաստանյալին մեղսագրվող արարքը, Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը (նրան մեղսագրվող արարքի իրավական որակումը)՝ ամբաստանյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Ա. Դիլանյան |
22 հուլիսի 2024 թվականի ՍԴՈ-1741 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2024 թվական: