ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2023 թվականի N 2294-Ն
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) ռազմավարական էկոլոգիական գնահատման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվությանը ներկայացվող պահանջները՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2294-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով ամրագրված հիմնադրութային փաստաթղթի ռազմավարական էկոլոգիական գնահատման (այսուհետ՝ ՌԷԳ) իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Օրենքի 21-րդ հոդվածով սահմանված դեպքերում նախաձեռնողն իրականացնում է ՌԷԳ գործընթացը` օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով։
3. Հիմնադրութային փաստաթղթի նախագիծը և ՌԷԳ հաշվետվությունը ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության՝ նախատեսվող գործունեության Ա կատեգորիայի տեսակների համար օրենքով նախատեսված ժամկետներում և ընթացակարգով:
4. ՌԷԳ-ը իրականացվում է երեք փուլով`
1) ՌԷԳ շրջանակի որոշում.
2) ՌԷԳ հաշվետվության կազմում.
3) ՌԷԳ արդյունքների հաշվի առնելը հիմնադրութային փաստաթղթում:
2․ ՌԷԳ ՇՐՋԱՆԱԿԻ ՈՐՈՇՄԱՆ ՓՈՒԼԸ
5. ՌԷԳ շրջանակի որոշման փուլի ընթացքում իրականացվում են հետևյալ գործողությունները՝
1) որոշվում են ՌԷԳ-ի համար անհրաժեշտ ելակետային տվյալները (հիմնադրութային փաստաթղթով նախատեսվող գործունեությունների կամ նախագծերի տեսակների, դրանց իրականացման վայրերի, իրականացման նպատակների, տեխնիկատնտեսական ցուցանիշների, չափերի, հզորությունների, բնական ռեսուրսների բաշխման վերաբերյալ), տեղեկությունները, վերլուծությունները, գործընթացի մասնակիցները.
2) իրականացվում է հանրային իրազեկում՝ օրենքի 7-րդ գլխով սահմանված կարգով, իսկ անհրաժեշտության դեպքում օրենքի 6-րդ գլխով սահմանված կարգով իրականացվում են անդրսահմանային ծանուցում և քննարկումներ.
3) որոշվում են հիմնադրութային փաստաթղթի այլընտրանքային տարբերակները, այդ թվում՝ զրոյական՝ հիմնադրութային փաստաթուղթը չիրականացնելու տարբերակը.
4) հստակեցվում են շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա հիմնադրութային փաստաթղթի դրույթների հնարավոր ազդեցության մասշտաբները.
5) հավաքագրվում է ՌԷԳ հաշվետվության կազմման համար անհրաժեշտ, այդ թվում՝ շրջակա միջավայրի փաստացի վիճակին վերաբերող տեղեկատվությունը.
6) ուսումնասիրվում է հիմնադրութային փաստաթղթի կապն այլ հիմնադրութային կամ ռազմավարական փաստաթղթերի հետ.
7) բացահայտվում և ուսումնասիրվում են հիմնադրութային փաստաթղթի դրույթների գործողության հետևանքով հնարավոր ազդեցությունների շրջանակները.
8) ուսումնասիրվում են բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի վրա հնարավոր ազդեցությունները։
6. Հիմնադրութային փաստաթղթի դրույթների գործողության ազդեցությունները գնահատվում են՝ ելնելով շրջակա միջավայրի` ներառյալ մարդու առողջության վրա հնարավոր ազդեցությունների հետևյալ չափանիշներից՝
1) հիմնադրութային փաստաթղթի համապատասխանությունը շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու առողջության պահպանությանն ուղղված գործընթացներին, մասնավորապես, կայուն զարգացմանը նպաստելու նպատակով.
2) հիմնադրութային փաստաթղթի գործողությունների շրջանակը՝ հաշվի առնելով գտնվելու վայրը, բնույթը, մասշտաբը, շահագործման պայմանները.
3) հիմնադրութային փաստաթղթի կիրառման ազդեցության աստիճանը և այլ հիմնադրութային կամ ռազմավարական փաստաթղթերի հետ.
4) շրջակա միջավայրի՝ ներառյալ բնակչության առողջության վրա հնարավոր ազդեցությունների բնույթը, ռիսկերը, հավանականությունը, տևողությունը, հաճախականությունը, ծավալը, հնարավոր ազդեցության ենթակա տարածքի չափը, ազդեցության ենթակա բնակչության թվաքանակը.
5) հիմնադրութային փաստաթղթի ազդեցության աստիճանը բնության հատուկ պահպանվող տարածքների կամ անտառային հողերի կամ բնակավայրերի կանաչ գոտիների կամ պատմամշակութային հուշարձանների վրա.
6) ազդեցությունների անդրսահմանային բնույթը։
7. ՌԷԳ-ի ենթակա են բոլոր հիմնադրութային փաստաթղթերի նախագծերը և դրանց այն փոփոխությունները, որոնք հնարավոր ազդեցություն կունենան բնության հատուկ պահպանվող և անտառային տարածքների, պատմամշակութային հուշարձանների վրա: ՌԷԳ-ի և փորձաքննության ենթակա լինելը որոշում է լիազոր մարմինը՝ նախաձեռնողի հետ համատեղ խորհրդակցությունների արդյունքով:
3. ՌԷԳ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆ ՓՈՒԼԸ
8. ՌԷԳ-ի հաշվետվությունը կազմվում է` հիմք ընդունելով սույն որոշման N 2 հավելվածի պահանջները։
9. Հաշվետվությունը կազմելիս հաշվի են առնվում գործընթացի մասնակիցների ներկայացրած առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները: Դրանք չընդունվելու դեպքում հաշվետվությունում ներառվում են համապատասխան հիմնավորումներ։
10. Համապատասխան լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի մշակած ՌԷԳ հաշվետվությունը՝ համաձայն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, ներկայացվում է լիազոր մարմին՝ փորձաքննության:
4. ՌԷԳ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼԸ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ
11. Սույն որոշման NN 1 և 2 հավելվածների պահանջներին համապատասխան՝ ՌԷԳ հաշվետվության դրույթները, ինչպես նաև հանրային մասնակցության և խորհրդակցությունների արդյունքները, հաշվի են առնվում հիմնադրութային փաստաթղթի նախագծում։
12. Նախաձեռնողը պետք է ներկայացնի հիմնավորումներ, թե ինչպես են ՌԷԳ հաշվետվության դրույթները ներառվել հիմնադրութային փաստաթղթում։
5. ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ՀԵՏՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
13. Նախաձեռնողն իր լիազորությունների շրջանակում հիմնադրութային փաստաթղթի դրույթների գործողության ընթացքում և դրանից հետո իրականացնում է օրենքով նախատեսված շրջակա միջավայրի վրա ազդեցության մշտադիտարկում (մոնիթորինգ) հիմնադրութային փաստաթղթի դրույթների գործողության և դրա հետևանքով շրջակա միջավայրի վրա ազդեցությունների վերաբերյալ:
14. Մշտադիտարկման արդյունքների և հիմնադրութային փաստաթղթի, ՌԷԳ հաշվետվության տվյալների համեմատական վերլուծության արդյունքում նախաձեռնողի կողմից կազմվում է հետնախագծային վերլուծության ծրագիր։
15. Յուրաքանչյուր տարվա մինչև մարտի առաջին տասնօրյակը մշտադիտարկման (մոնիթորինգի) և հետնախագծային վերլուծության արդյունքները հրապարակվում են նախաձեռնողի կայքում (առկայության դեպքում) կամ տրամադրվում են լիազոր մարմնին՝ վերջինիս կայքում տեղադրելու նպատակով։
16. Սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված մոնիթորինգի արդյունքում բացահայտված շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու առողջության վրա չնախատեսված ազդեցություններ ի հայտ գալու դեպքում նախաձեռնողը նախատեսում և իրականացնում է շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված լրացուցիչ միջոցառումներ՝ սահմանելով իրականացման ժամկետներ։ Միջոցառումները հրապարակվում են նախաձեռնողի կայքում (առկայության դեպքում) կամ տրամադրվում են լիազոր մարմնին՝ վերջինիս կայքում տեղադրելու նպատակով։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
25.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2294-Ն որոշման |
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. ՌԷԳ հաշվետվությունը մշակվում է համապատասխան լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կողմից։
2. ՌԷԳ հաշվետվությունը կազմվում է՝ հաշվի առնելով հիմնադրութային փաստաթղթի բովանդակությունը և մանրամասնության աստիճանը, դրա վերաբերյալ որոշում կայացնելու գործընթացի փուլը, հանրության շահերը, առկա գիտելիքները, գնահատման մեթոդները և որոշում կայացնող մարմնի տեղեկատվական կարիքները։
3. Հիմնադրութային փաստաթղթի` ՌԷԳ հաշվետվությունը պետք է ներառի՝
1) հիմնադրութային փաստաթղթի համառոտ նկարագիրը, նպատակը, իրականացման ժամկետը, առկայության դեպքում նաև կապը կամ համապատասխանությունը տվյալ տարածքի համար հաստատված այլ առնչվող հիմնադրութային փաստաթղթերի հետ.
2) ՌԷԳ հաշվետվության ամփոփ բովանդակությունը, որը ներառում է տեղեկատվություն նախաձեռնողի մասին, հիմնադրութային փաստաթղթի ամփոփ նկարագիրը, հիմնադրութային փաստաթղթի դրույթների գործողության արդյունքում հնարավոր ազդեցությունների և դրանց մեղմմանն ուղղված միջոցառումների հանրամատչելի, համառոտ նկարագիրը.
3) հիմնադրութային փաստաթղթի դրույթների գործողության արդյունքում շրջակա միջավայրի` ներառյալ առողջության վրա հնարավոր զգալի վնասակար ազդեցությունները կանխելու, նվազեցնելու կամ մեղմացնելու համար միջոցառումները.
4) հիմնադրութային փաստաթղթին առնչվող` Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված կամ ստորագրված միջազգային պայմանագրերը և առնչվող այլ իրավական ակտերը.
5) հնարավոր ազդեցության ենթակա տարածքի շրջակա միջավայրի, այդ թվում՝ բնակչության առողջության ներկա վիճակը, սոցիալական գործոնները և խնդիրները.
6) շրջակա միջավայրին, այդ թվում՝ բնակչության առողջությանը վերաբերող միջազգային, ազգային և այլ մակարդակներում սահմանված նպատակները, որոնք վերաբերում են հիմնադրութային փաստաթղթին և այն ուղիները, նկատառումները, որոնք հաշվի են առնվել հիմնադրութային փաստաթուղթը մշակելիս.
7) հիմնադրութային փաստաթղթի նախագծի դրույթների գործողության իրականացման և չիրականացման դեպքերում շրջակա միջավայրի՝ ներառյալ մարդու առողջության վրա հնարավոր ազդեցությունները, այդ թվում՝ անդրսահմանային.
8) հիմնադրութային փաստաթղթի մոտեցումների բոլոր հնարավոր այլընտրանքային տարբերակների (այդ թվում` զրոյական) համեմատությունը և նախընտրելի տարբերակի ընտրության հիմնավորումը.
9) հնարավոր դրական ազդեցությունների պահպանման և ուժեղացման, բացասական ազդեցությունների կանխարգելման, բացառման, նվազեցման և շրջակա միջավայրին հասցվող վնասի հատուցման համար նախատեսվող միջոցառումները, դրանց արդյունավետությունը.
10) հիմնադրութային փաստաթղթի գործողության ընթացքում ազդեցության մշտադիտարկման և հետնախագծային վերլուծության ծրագիրը.
11) սույն հավելվածի 2-րդ կետում նշված գնահատման մեթոդների, դրանց կիրառման ընթացքում ի հայտ եկած խոչընդոտների, տեխնիկական թերությունների, դժվարությունների՝ ներառյալ տվյալների բացակայության վերաբերյալ տեղեկությունները.
12) հաշվետվությունում ներառված տվյալների աղբյուրների վերաբերյալ տեղեկությունները.
13) տեղեկատվություն հանրության ծանուցման, քննարկումների արդյունքների, գրավոր կամ բանավոր ներկայացված դիտողությունների և առաջարկությունների, կարծիքների, դրանց ընդունման կամ չընդունման հիմնավորումների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
25.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2023 թվական: