ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2006 թվականի դեկտեմբերի 5-ին
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը սահմանում է ավտոմոբիլային ճանապարհների բնագավառում Հայաստանի Հանրապետության քաղաքականության մշակման՝ ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման ու կառավարման, ճանապարհների դասակարգման, տեխնիկական վիճակի գնահատման, գրանցման տնտեսական, իրավական և կազմակերպական հիմքերը, ճանապարհների նախագծման, շինարարության (կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, միջին նորոգման (նորոգման), դրանց կահավորման ու պահպանման, հսկողության, վերահսկողության, ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարման, ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման, ավտոմոբիլային ճանապարհների և թունելների անվտանգության աուդիտի իրականացման նկատմամբ հիմնական պահանջներն ու սահմանափակումները:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության բոլոր ավտոմոբիլային ճանապարհների վրա, բացառությամբ բնակավայրերի փողոցների (ճանապարհների) կամ փողոցների (ճանապարհների) մաս կազմող հատվածների, որոնք օրենքի համաձայն հաստատված ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մասեր չեն:
3. Սույն օրենքի համաձայն հաստատված ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մաս չհանդիսացող բնակավայրերի փողոցների (ճանապարհների) կամ փողոցների (ճանապարհների) հատվածների կարգավիճակը, դրանցից օգտվելու, դրանց կառավարման, շինարարության, միջին նորոգման (նորոգման), պահպանման և ֆինանսավորման հետ կապված հարցերը սահմանվում են քաղաքաշինական օրենսդրությամբ սահմանված կարգով:
(1-ին հոդվածը լրաց. 09.07.20 ՀՕ-362-Ն, խմբ., փոփ. 12.06.24 ՀՕ-299-Ն)
(12.06.24 ՀՕ-299-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 2. |
Օրենքի հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
ավտոմոբիլային ճանապարհ` համալիր ինժեներական կառույց, որը նախատեսված է ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության համար.
օտարման շերտ՝ հողատարածք (հողամասի նշանակությունից անկախ), որը նախատեսված է ավտոմոբիլային ճանապարհի կառուցվածքային տարրերի և ճանապարհային շինությունների (կառուցվածքների) տեղակայման համար: Ընդ որում՝ օտարման շերտն ընդգրկում է հողային պաստառը և հողային պաստառի զույգ կողմերից մեկ մետրի չափով հավելյալ գոտիները, իսկ ավտոմոբիլային ճանապարհների փոխհատումների և միացումների տեղերում՝ աջ շրջադարձերի թևերի արտաքին եզրագծով տարածությունը՝ սահմանափակված մեկ մետր լայնությամբ պահպանիչ գոտիներով.
հողային պաստառ` օտարման շերտի այն տարածքը, որտեղ կատարվել են հողային աշխատանքներ, որն ընդգրկում է ճանապարհի երթևեկային մասը, կողնակները կամ մայթերը, հեծանվային արահետները, լիցքի և հանույթի շեպերն ու կողային առուները.
արհեստական կառույցներ` բնական կամ արհեստական խոչընդոտներով ճանապարհն անընդհատ դարձնող կամ նրա ամրությունն ու երթևեկության անվտանգությունն ապահովող շինություններ: Դրանք են կամուրջները, ուղեանցները, թունելները, էստակադները, հենապատերը և նմանատիպ այլ կառույցներ.
բաժանիչ գոտի` բազմաշերտ ճանապարհների հանդիպակաց ուղղությամբ երթևեկային մասերն առանձնացնող գոտի.
ճանապարհային կահավորանք` ավտոմոբիլային ճանապարհի երթևեկության անվտանգությունն ապահովող տարրերի համակարգ: Դրանք են ճանապարհային նշանները, լուսացույցները, ազդանշանային սյուները, պարսպող հարմարանքները, հորիզոնական և ուղղաձիգ գծանշումները և այլն.
տարանցիկ ճանապարհ` քաղաքի (բնակավայրի) միջով անցնող, ավտոմոբիլային ճանապարհի անվանացանկում ընդգրկված ճանապարհի մաս, որը կապում է քաղաքի (բնակավայրի) վարչական սահմանի երկու կետերը.
ճանապարհի պաշտպանական գոտի` ճանապարհի երկու կողմերում դասավորված, որոշակի լայնությամբ և հատուկ օգտագործման պայմաններ ունեցող հողաշերտ.
ճանապարհային ծառայություն` ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, միջին նորոգման (նորոգման) և պահպանման գործառույթներ իրականացնող ծառայություններ (կազմակերպություններ).
ճանապարհային ծառայության շինություններ` ավտոմոբիլային ճանապարհի մասեր, որոնք ծառայում են դրանց շինարարությանը, միջին նորոգմանը (նորոգմանը) և պահպանմանը: Դրանք են արտադրական բազաները, վարչական և բնակելի շենքերը, ճանապարհների պահպանության հենակետերը, շինանյութերի պահեստները և այլն.
ճանապարհային պահպանության հենակետ` ճանապարհների ձմեռային պահպանության, ինչպես նաև կամուրջների, թունելների պահպանության ծառայությունների շենքեր ու շինություններ.
ճանապարհային ինժեներական շինություններ` ճանապարհի մասեր, որոնք ապահովում են ճանապարհների շահագործման և դրանցից օգտվելու պահանջները: Դրանք են կանգառները, ավտոտաղավարները, արագացման և արգելակման գոտիները, տրանսպորտային միջոցների կայանատեղերը, հանգստյան գոտիները, տեսահարթակները, ձյունապաշտպան անտառաշերտերը, տնկիները, օտարման շերտից դուրս գտնվող շրջանցող ուղիները, հակահեղեղային և հակաձնահոսային կառույցները, հակավթարային գրպանները, ճանապարհային կապի և լուսավորության շինությունները և այլն.
չմասնատվող բեռ` ավտոմոբիլային ճանապարհներով փոխադրվող բեռ, որն առանց վնասելու հնարավոր չէ բաժանել երկու կամ ավելի մասերի.
ճանապարհի կառուցում՝ ավտոմոբիլային ճանապարհի կամ դրա հատվածի շինարարության նպատակով իրականացվող տեխնոլոգիական, ենթակառուցվածքային և կառավարման գործընթացների ամբողջականություն.
ճանապարհի վերակառուցում՝ ճանապարհի շինարարական աշխատանքների ամբողջություն, որի ընթացքում կատարվող աշխատանքների արդյունքով փոխվում են ավտոմոբիլային ճանապարհի, դրա հատվածների պարամետրերը, և որը հանգեցնում է ավտոմոբիլային ճանապարհի նշանակության և կարգի կամ դրանցից մեկի փոփոխությանը, կամ որի արդյունքով փոփոխվում են ճանապարհի օտարման շերտի չափերը.
ճանապարհի հիմնանորոգում՝ ավտոմոբիլային ճանապարհի, արհեստական կառույցների կամ դրանց մասերի կառուցվածքային տարրերի փոխարինման կամ վերականգնման աշխատանքների ամբողջություն, որի իրականացմամբ պահպանվում են ճանապարհի համար նախկինում սահմանված նշանակության կամ կարգի պարամետրերը և տեխնիկական բնութագրերը, և որի իրականացման արդյունքով ապահովվում են ճանապարհի հուսալիության և անվտանգության կառուցվածքային և այլ բնութագրերի պահանջները, և փոփոխության չեն ենթարկվում ճանապարհի օտարման շերտի չափերը․
միջին նորոգում (նորոգում)՝ ավտոմոբիլային ճանապարհների տրանսպորտային և գործառնական բնութագրերը վերականգնելու նպատակով ավտոմոբիլային ճանապարհի պատվածքի մաշված վերին շերտը վերականգնելու, ավտոմոբիլային ճանապարհի, արհեստական կառույցների, ինչպես նաև ճանապարհային կահավորանքի շինարարական նորմերով նախատեսված սկզբնական որակական ցուցանիշների ապահովման նպատակով իրականացվող նորոգման աշխատանքներ, որոնց իրականացումն ազդեցություն չի ունենում ճանապարհի կառուցվածքային և այլ բնութագրերի հուսալիության և անվտանգության վրա.
ճանապարհների պահպանում՝ ավտոմոբիլային ճանապարհների, այդ թվում՝ ճանապարհի հողային պաստառի, արհեստական կառույցների, տրանսպորտային հանգույցների, կահավորանքի և ինժեներական շինությունների առկա տեխնիկական վիճակի պահպանման, դրա տեխնիկական վիճակի գնահատման աշխատանքների ամբողջություն, որը համապատասխանում է անվտանգ և անխափան երթևեկության ապահովման պահանջներին.
ճանապարհային տեխնոլոգիական կապ՝ ավտոմոբիլային ճանապարհների կապի համակարգ, որն ապահովում է ավտոմոբիլային ճանապարհների և արհեստական կառույցների շահագործման, նախագծման և կառուցման աշխատանքների գործառնական կառավարումը, որի հիմնական նպատակն է օպերատիվ տեղեկատվություն ստանալ ավտոմոբիլային ճանապարհների և արհեստական կառույցների, դրանց առանձին տարրերի աշխատանքի վիճակի մասին: Ճանապարհային տեխնոլոգիական կապի համակարգի մեջ մտնում են ավտոմոբիլային ճանապարհների հողային պաստառի վիճակի և հիդրոօդերևութաբանական պայմանների վերահսկման տեխնիկական, ռադիոհեռախոսային կապի, երթևեկության հոսքերի վերահսկման տեխնիկական միջոցները, շրջակա միջավայրի վրա ազդեցության գործոնների մշտադիտարկման կայանները և արտակարգ իրավիճակների կանչի կետերը.
ճանապարհային ակտիվների կառավարման համակարգ՝ ավտոմոբիլային ճանապարհների, արհեստական կառույցների և դրանց կառուցվածքային տարրերի տվյալների հավաքման, կառավարման և վերլուծության համակարգ, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհային ցանցի պահպանման և զարգացման ծրագրերի կազմման և դրանց իրականացման բնականոն գործընթացի ապահովման համար.
ճանապարհի տեխնիկական վիճակի գնահատում՝ ճանապարհների վերանորոգման միջոցառումների անհրաժեշտությունը որոշելու, ինչպես նաև ճանապարհի վիճակը հետագա շահագործման ընթացքում գնահատելու և կանխատեսելու նպատակով ճանապարհի և ճանապարհի արհեստական կառույցների կառուցվածքային տարրերի պարամետրերի և վիճակի, երթևեկության հոսքերի բնութագրերի, տեղեկատվության ուսումնասիրություն, հավաքում և վերլուծություն.
ճանապարհային ենթակառուցվածք՝ ճանապարհային ֆիզիկական ակտիվների համակարգի ամբողջություն, որն ընդգրկում է ավտոմոբիլային ճանապարհի օտարման շերտը՝ ֆիզիկապես ներառված բոլոր տարրերով, արհեստական կառույցները, ճանապարհային կահավորանքը, ճանապարհային ծառայության շինությունները և ճանապարհային ինժեներական շինությունները.
ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարում` ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության բարելավմանն ուղղված գործողությունների ամբողջականություն, որը ներառում է ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության քաղաքականության իրականացումը, ճանապարհատրանսպորտային պատահարների և բնութագրերի, ինչպես նաև երթևեկության խոցելի խմբերի վերաբերյալ քանակական և պարբերական հետազոտությունների իրականացումը, ճանապարհների անվտանգության վիճակի հսկողությունը և բարելավումը, ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատումը, ճանապարհային անվտանգության նպատակային և պարբերական հետազոտությունների իրականացումը, ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացումը, ճանապարհային ցանցի անվտանգության ամբողջական գնահատման և անվտանգության մակարդակի գնահատման նպատակով հսկողության իրականացումը և ընթացիկ մշտադիտարկումը.
ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատում` ճանապարհային ցանցի անվտանգության ցուցանիշների համապատասխանության նկատմամբ նոր կառուցվող ճանապարհի անվտանգության ցուցանիշների կամ գործող ճանապարհային ցանցի անվտանգության ցուցանիշների էական փոփոխության ազդեցության համեմատական վերլուծություն.
ճանապարհային անվտանգության աուդիտ՝ ճանապարհի անվտանգության պահանջների համապատասխանության անկախ և օբյեկտիվ գնահատման գործընթաց, որը նախատեսված է ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգությունն ու գործառնությունը (ֆունկցիոնալությունը) բարձրացնելու համար.
ճանապարհային անվտանգության վարկանիշ՝ գործող ճանապարհային ցանցում ընդգրկված ճանապարհահատվածների անվտանգության չափանիշների դասակարգումը՝ ըստ կարգերի.
ճանապարհային անվտանգության նպատակային հետազոտություն՝ ավտոմոբիլային ճանապարհների կամ դրանց հատվածների նպատակային հետազոտություն, որը պետք է բացահայտի ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման հնարավոր ռիսկերը, նպաստող պայմանները, թերությունները և խնդիրները․
ճանապարհային անվտանգության պարբերական հետազոտություն՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհների կամ դրանց հատվածների անվտանգության համապատասխան մակարդակների ապահովման նպատակով պարբերաբար կատարվող հետազոտություն․
ճանապարհային երթևեկության մասնակիցների խոցելի խումբ՝ հետիոտները, հեծանվորդները, երեխաները, տարեցները, հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև շարժիչով աշխատող երկանիվ տրանսպորտային միջոցներից օգտվողները․
ճանապարհի վթարավտանգ հատվածներ՝ ավտոմոբիլային ճանապարհի վրա գտնվող՝ վթարների կուտակման վայրեր կամ հատվածներ, որտեղ կենտրոնացած են եղել ճանապարհատրանսպորտային պատահարները, որոնք պատճառ են դարձել մարդկային զոհերի կամ վիրավորների.
ճանապարհային անվտանգության տվյալների կառավարման համակարգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց (զոհվածների և վիրավորների), ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների, ինչպես նաև ավտոմոբիլային ճանապարհների տվյալների հաշվառման, պահպանման, վերլուծության, նույնականացման և մշտադիտարկման միասնական էլեկտրոնային համակարգ, որն ընդգրկում է ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների, ավտոմոբիլային ճանապարհների տվյալների, ճանապարհատրանսպորտային պատահարի ենթարկված տրանսպորտային միջոցների տվյալների և ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով անձանց առողջությանը վերաբերող տվյալների շտեմարանները:
(2-րդ հոդվածը լրաց. 21.12.15 ՀՕ-8-Ն, խմբ., փոփ., լրաց. 12.06.24 ՀՕ-299-Ն)
(12.06.24 ՀՕ-299-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 3. | Հայաստանի Հանրապետության ճանապարհների դասակարգումը |
1. Հայաստանի Հանրապետության ճանապարհները` ըստ օգտագործման տեսակի, դասակարգվում են`
ա) ընդհանուր օգտագործման ճանապարհներ.
բ) ոչ ընդհանուր օգտագործման ճանապարհներ:
2. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհները դասակարգվում են`
ա) ավտոմոբիլային ճանապարհներ.
բ) բնակավայրերի (համայնքների) փողոցների ճանապարհներ:
3. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները` ըստ սեփականության ձևի, դասակարգվում են`
ա) պետական ավտոմոբիլային ճանապարհներ.
բ) ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներ:
4. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները` ըստ նշանակության, դասակարգվում են`
ա) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ).
բ) հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ).
գ) մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ):
5. Բնակավայրերի (համայնքների) փողոցները (ճանապարհները)` ըստ նշանակության, դասակարգվում են`
ա) Երևանի քաղաքային նշանակության ճանապարհներ (բացառությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների).
բ) քաղաքային նշանակության ճանապարհներ (բացառությամբ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների).
գ) գյուղական նշանակության ճանապարհներ (բացառությամբ գյուղական համայնքի միջով անցնող միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների):
6. Միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցն այլ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների ցանցին, և որոնք կարող են ապահովել միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը:
7. Հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են հանրապետության քաղաքները մայրաքաղաքի և միմյանց, մշակութային, հոգևոր կենտրոնների և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ:
8. Միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ կարող են լինել նաև խոշոր բնակավայրերի, օդանավակայանների, պատմական հուշարձանների, լեռնանցքների մոտեցումներն ու շրջանցները, միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներն իրար կապող ավտոմոբիլային ճանապարհները, ինչպես նաև տրանսպորտային հանգույցները, որոնք չունեն առանձին պայմանանիշ ու համար և նշվում են անվանացանկում հիմնական ճանապարհներից հետո` հանդիսանալով այդ ճանապարհի մասեր:
9. Մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են հանրապետության գյուղական բնակավայրերը միմյանց, այլ քաղաքների, հանրապետական և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ:
10. Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները ֆիզիկական ու իրավաբանական անձանց սեփականությունն են և օգտագործվում են դրանց ներտնտեսական, տեխնոլոգիական, ծառայողական, անձնական, պարեկային և այլ կարիքների համար, և այդ ճանապարհներով երթևեկել կարող են միայն տնօրինողի թույլատրած տրանսպորտային միջոցներով:
11. Ավտոմոբիլային ճանապարհները` ըստ երթևեկության հաշվարկային ինտենսիվության և գործառական նշանակության, դասակարգվում են կարգերի: Դրանք կարգավորվում են քաղաքաշինության բնագավառի կառավարման պետական լիազորված մարմնի սահմանած շինարարական նորմերով:
(3-րդ հոդվածը փոփ., լրաց. 12.06.24 ՀՕ-299-Ն)
(12.06.24 ՀՕ-299-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 4. |
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների կառավարման մարմինը |
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները (բացառությամբ Երևանի միջով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների) գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` պետական ճանապարհային մարմնի) տնօրինության և կառավարման ներքո: Պետական ճանապարհային մարմինը`
ա) մշակում և իրականացնում է իր տնօրինության տակ գտնվող ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, շինարարության, միջին նորոգման (նորոգման), պահպանման ծրագրերը.
բ) ապահովում է ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ձեռքբերումը, տեղադրումն ու շահագործումը.
գ) իր իրավասության սահմաններում, սույն օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կահավորանքին ներկայացվող պահանջներին համապատասխան, համաձայնություն է տալիս ճանապարհի առանձին տեղամասերում ճանապարհային կահավորանքի տեղադրման համար.
դ) իրականացնում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, միջին նորոգման (նորոգման), պահպանման աշխատանքների իրականացման պատվիրատուի իրավասությունները.
ե) հաստատում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, միջին նորոգման (նորոգման), պահպանման աշխատանքների նկարագիրը.
զ) (կետն ուժը կորցրել է 09.07.20 ՀՕ-362-Ն)
է) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանմանն է ներկայացնում ճանապարհային նշաններին և լուսացույցներին ներկայացվող պահանջները.
ը) հսկողություն է իրականացնում իր տնօրինության տակ գտնվող ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց երթևեկության կազմակերպման կահավորանքի տեղադրման, միջին նորոգման (նորոգման) ու պահպանման աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպությունների պայմանագրերի կատարման նկատմամբ.
թ) իր իրավասության սահմաններում ընդունում է ճանապարհային ենթակառուցվածքի և ճանապարհային անվտանգության ոլորտները կարգավորող նորմատիվ իրավական ակտեր.
ժ) մշակում և հաստատում է իր տնօրինության տակ գտնվող ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների զարգացմանն ուղղված ծրագրերի և դրանց ֆինանսավորման առաջնահերթությունների կարգը.
ժա) մշակում է ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացման կարգը․
ժբ) իրականացնում է իր տնօրինության տակ գտնվող ավտոմոբիլային ճանապարհների ակտիվների կառավարումը, ճանապարհների տեխնիկական վիճակի գնահատումը, տվյալների հավաքումը, վերլուծությունը: Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ակտիվների կառավարման, տվյալների հավաքման և վերլուծության իրականացման կարգը հաստատում է պետական ճանապարհային մարմինը.
ժգ) իրականացնում է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում ճանապարհաշինության ոլորտում ներդրումային ծրագրեր՝ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.
ժդ) իրականացնում է ճանապարհային անվտանգության աուդիտորների որակավորումը.
ժե) ապահովում է ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարումը՝ սույն օրենքին, ճանապարհային անվտանգության ստանդարտներին, շինարարական նորմերին, տեխնիկական կանոնակարգերին և ճանապարհային անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին համապատասխան.
ժզ) ուսումնասիրում և վերլուծում է ճանապարհային երթևեկության մասնակիցների խոցելի խմբի ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության բնագավառում ի հայտ եկած կարիքները, ինչպես նաև ճանապարհային անվտանգության բարձրացման նպատակով երթևեկության տարբեր մասնակիցների խմբերի վարքագծի բարելավման ուղղությամբ այլ իրավասու մարմինների հետ համատեղ մշակում և իրականացնում է կրթական և իրազեկման արշավներ.
ժէ) իրականացնում է ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատումը․
ժը) իրականացնում է ճանապարհային անվտանգության նպատակային և պարբերական հետազոտություններ ու զննություն և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում ճանապարհային ցանցի անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ առաջարկություններ.
ժթ) ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության ապահովման նպատակով կազմում է ճանապարհային անվտանգության ռիսկերի վրա հիմնված առաջնահերթ գործողությունների տարեկան ծրագիր և իր իրավասության սահմաններում իրականացնում է ռիսկերի կրճատման միջոցառումներ.
ի) իրականացնում է թունելների անվտանգության գնահատումը, մշտադիտարկումը և այդ պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը.
իա) թունելների անվտանգության ապահովման նպատակով մշակում է վթարների արագ արձագանքման միջոցառումների ծրագիր.
իբ) սահմանում է թունելի վթարային իրավիճակի դեպքում դրա շահագործումն անհապաղ կասեցնելու, սահմանափակելու կամ դադարեցնելու կարգը.
իգ) ապահովում է թունելների անվտանգության պարբերական փորձարկման և զննության իրականացումը և դրանց արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հաշվետվություն, ինչպես նաև առաջարկություններ անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ.
իդ) ճանապարհատրանսպորտային պատահարների ցուցանիշների հավաքման, դրանց հետևանքով տուժած (մահացած և տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած) անձանց վերաբերյալ տվյալները հաշվառող, ինչպես նաև դրանց հաշվառման վիճակագրական տվյալների վերլուծությունն իրականացնող պետական շահագրգիռ մարմինների տրամադրած տեղեկատվության հիման վրա իրականացնում է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով կրած վնասների միջին հանրային ծախսերի հաշվարկ և վերլուծություն: Ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների հավաքման, դրանց հետևանքով կրած վնասի, միջին հանրային ծախսերի հաշվարկման և վերլուծության իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
իե) սահմանում է թունելների անվտանգության նվազագույն պահանջները:
(4-րդ հոդվածը փոփ. 09.07.20 ՀՕ-362-Ն, փոփ., խմբ., լրաց. 12.06.24 ՀՕ-299-Ն)
(12.06.24 ՀՕ-299-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 5. |
Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, վերակառուցման և (կամ) շահագործման թույլտվությունը |
(վերնագիրը լրաց. 12.06.24 ՀՕ-299-Ն)
1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երթևեկության անվտանգության և շահագործման պայմանների ապահովման նպատակով ճանապարհների կառուցման, վերակառուցման և (կամ) շահագործման թույլտվությունը տալիս է պետական ճանապարհային մարմինը:
2. Թույլտվությունը տրվում է համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում, որոնց ցանկը, ինչպես նաև թույլտվություն տալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(5-րդ հոդվածը լրաց. 12.06.24 ՀՕ-299-Ն)
(12.06.24 ՀՕ-299-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Գ Լ ՈՒ Խ 2
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄԸ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, միջին նորոգումԸ (նորոգումԸ), ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ
(վերնագիրը փոփ. 12.06.24 ՀՕ-299-Ն)
(12.06.24 ՀՕ-299-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների գրանցումը |
1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին տրվում է անվանում, պայմանանիշ և հերթական համար, որոնք գրանցվում են ճանապարհների անվանացանկում:
2. Ճանապարհի անվանումը կազմվում է նրա սկզբնակետի և վերջնակետի, առանձին դեպքերում նաև` միջանկյալ կետերի անվանումներից:
3. Ճանապարհի համարակալումը կատարվում է ըստ պայմանանիշերի` հաջորդական համարներով:
4. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը` դասակարգված ըստ նշանակության, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Միջազգային ճանապարհային ցանցի մաս հանդիսացող ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց մաս հանդիսացող թունելների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(6-րդ հոդվածը լրաց. 12.06.24 ՀՕ-299-Ն)
(12.06.24 ՀՕ-299-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Ավտոմոբիլային ճանապարհների նախագծումը, շինարարությունը, միջին նորոգումը (նորոգումը) և պահպանումը |
(վերանգիր փոփ. 12.06.24 ՀՕ-299-Ն)
1. Ավտոմոբիլային ճանապարհների նախագծումը, շինարարությունը, միջին նորոգումը (նորոգումը) և պահպանումն իրականացվում են նորմատիվ իրավական և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների համաձայն:
2. Ավտոմոբիլային ճանապարհների նախագծերի համաձայնեցումն ու հաստատումը և կառուցման, միջին նորոգման (նորոգման) ու պահպանման աշխատանքների շահագործման հանձնումը իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, միջին նորոգման (նորոգման) ու պահպանման աշխատանքներն իրականացնում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ընտրված կապալառու կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երաշխիքային ժամկետներում: «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում սույն մասով նախատեսված գործողություններն իրականացվում են այդ օրենքով նախատեսված կարգով:
4. Գնման առարկային ներկայացվող ընդհանուր չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Յուրաքանչյուր բնակավայր պետք է ունենա միջպետական ճանապարհային ցանցի հետ կապող առնվազն մեկ ավտոմոբիլային ճանապարհ` ապահովված անցանելիությամբ:
6. Նախագծային աշխատանքներ կատարող կազմակերպությունները և անձինք ավտոմոբիլային ճանապարհների և ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի, դրանց հետ կապված աշխատանքների` սահմանված կարգով կազմված նախագծերը համաձայնեցնում են պետական ճանապարհային մարմնի հետ: Համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների երթևեկության կազմակերպման կահավորանքին՝ ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
8. Ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, վերակառուցման ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ տարածքները ենթակա են օտարման «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ նախնական համարժեք փոխհատուցմամբ: Միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորման ենթակա ճանապարհաշինական ծրագրերի իրականացման դեպքում ծրագրերի մշակման և նախապատրաստման փուլերում Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավասու է կիրառելու ենթակառուցվածքային ծրագրերը ֆինանսավորող միջազգային կազմակերպությունների սոցիալական երաշխիքների քաղաքականությունը և դրա պահանջներին համապատասխան սահմանելու տարաբնակեցման և փոխհատուցման սկզբունքները և շրջանակը, ինչպես նաև հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը:
(7-րդ հոդվածը խմբ. 31.05.19 ՀՕ-47-Ն, լրաց. 28.06.19 ՀՕ-118-Ն, փոփ., լրաց. 12.06.24 ՀՕ-299-Ն)
(12.06.24 ՀՕ-299-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 8. |
Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների նախագծման, շինարարության, միջին նորոգման (նորոգման) և պահպանման ֆինանսավորումը |
(վերանգիր փոփ. 12.06.24 ՀՕ-299-Ն)
1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների նախագծման, շինարարության, միջին նորոգման (նորոգման) և պահպանման ֆինանսավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների նախագծման, շինարարության, միջին նորոգման (նորոգման) և պահպանման ֆինանսավորումն իրականացվում է ՊՄԳ պայմանագրով նախատեսված կարգով:
2. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների նախագծման, շինարարության, միջին նորոգման (նորոգման) և պահպանման, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, միջին նորոգման (նորոգման) և պահպանման ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Բյուջետային ծախսային ծրագրերի գլխավոր կարգադրիչը պետական ճանապարհային մարմինն է: «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների նախագծման, շինարարության, միջին նորոգման (նորոգման) և պահպանման ֆինանսավորումն իրականացվում է ՊՄԳ պայմանագրով նախատեսված կարգով:
(8-րդ հոդվածը լրաց. 28.06.19 ՀՕ-118-Ն, փոփ. 12.06.24 ՀՕ-299-Ն)
(12.06.24 ՀՕ-299-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Գ Լ ՈՒ Խ 3
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 9. |
Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը |
1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգը սահմանվում է սույն օրենքով և այլ իրավական ակտերով:
2. Պատվարների և ամբարտակների վրայով անցնող ճանապարհահատվածներից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու իրավունքը |
1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկությունը թույլատրվում է առանց սահմանափակումների`
ա) տրանսպորտային միջոցների (մարդատար, բեռնատար և հատուկ նշանակության ավտոմեքենաներ, ավտոբեռնասայլակներ, ավտոբուսներ, պիկապներ, մոտոցիկլետներ, մոտոռոլերներ և օդաճնշման դողերով այլ ինքնագնաց մեքենաներ ու մեխանիզմներ) համար` ճանապարհի երթևեկամասով.
բ) հետիոտնի և անվասայլակներով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձանց համար` մայթերով և կողնակներով.
գ) հեծանվորդների համար` մայթերով, կողնակներով և հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով, հեծանվորդների համար առանձնացված գոտիներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ երթևեկելի մասի աջ եզրով:
2. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին ճանապարհային և կլիմայական անբարենպաստ պայմանների դեպքում երթևեկությունը կարող է ժամանակավորապես սահմանափակվել կամ դադարեցվել պետական ճանապարհային մարմնի ցուցումով:
3. Եթե ճանապարհից օգտվելը սպառնում է երթևեկության անվտանգությանը, ապա երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը կարող է ճանապարհի առանձին տեղամասերում սահմանափակել կամ դադարեցնել երթևեկությունը` անհապաղ իրազեկ պահելով պետական ճանապարհային մարմնին կամ ճանապարհի սեփականատիրոջը, նշելով սահմանափակման կամ դադարեցման պատճառը, մոտավոր ժամկետը:
4. Մշտական, ինչպես նաև վթարային իրավիճակների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի կապակցությամբ տեղադրվող ժամանակավոր նշանների տեղադրման և սպասարկման ծախսերը կատարում և այդ նշանները տեղադրում է ճանապարհի սպասարկումն իրականացնող կապալառու կազմակերպությունը` սպասարկման պայմանագրին համապատասխան:
5. Վթարային իրավիճակից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերից բացի, այլ հիմքով երթևեկության ժամանակավոր կարգավորման նպատակով տեղադրվող ժամանակավոր նշանների տեղադրման և սպասարկման ծախսերը կատարում է նշանների տեղադրման պատվիրատուն` իր հաշվին:
6. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով արգելվում են`
ա) թրթուրավոր կամ այլ մետաղական օղագոտի ունեցող անիվներով մեքենաների և մեխանիզմների երթևեկությունը ասֆալտբետոնե, ցեմենտբետոնե և սև խճային ու կոպճային ծածկով (այսուհետ` կատարելագործված ծածկով) ավտոճանապարհներով.
բ) երթևեկամասի և կողնակների վրա մեքենաներ և մեխանիզմներ, կողմնակի առարկաներ, շինարարական նյութեր, ձյուն, շինարարական և կենցաղային աղբ թողնելը կամ թափելը.
գ) ոռոգման նպատակով կողային առուների օգտագործումը.
դ) չնախատեսված հատվածներում տրանսպորտային միջոցների` ճանապարհից դուրս գալը կամ ճանապարհ մտնելը.
ե) երթևեկելի մասի, բաժանիչ գոտու և կողնակների վրա ապրանքներ վաճառելը.
զ) երթևեկելի մասի, կողնակների ու մայթերի, հետիոտն և հեծանվաուղիների, կամուրջների, ավտոտաղավարների և այլ կառույցների, ճանապարհային նշանների, լուսավորող սարքավորումների, պարսպումների ու կանաչ տնկիների վնասումը և աղտոտումը.
է) թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը, բացառությամբ չմասնատվող բեռների.
ը) առանց ճանապարհը տնօրինողների հետ համաձայնեցնելու` ճանապարհային հեռանկարային շինարարության համար պայմաններ ստեղծելու նպատակով նորմաներից պակաս հեռավորության վրա բնակավայրերի, շենքերի և կառուցվածքների նախագծումը, շինարարությունը և շահագործումը: Համաձայնեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
թ) (կետն ուժը կորցրել է 31.05.19 ՀՕ-37-Ն)
ժ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկությունն առանց ճանապարհը տնօրինողի թույլտվության:
6.1. Չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերը գերազանցող տրանսպորտային միջոցների երթևեկությունն իրականացվում է փոխադրումների իրականացման երթուղու տրամադրման մեկանգամյա թույլտվության առկայությամբ, որի տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
6.2. Չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման երթուղու տրամադրման թույլտվության կարգը, տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքի, ինչպես նաև մեծ եզրաչափերի առավելագույն զանգվածները և չափերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6.3. Թույլտվության տրամադրումը մերժվում է, եթե՝
ա) փոխադրողի կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են, և մատնանշված թերությունները երեք աշխատանքային օրվա ընթացքում չեն վերացվել.
բ) փոխադրվող բեռը հնարավոր է մասնատել.
գ) փոխադրվող բեռի զանգվածը գերազանցում է արտադրողի կողմից տվյալ տրանսպորտային միջոցի համար սահմանված բեռնատարողությունը.
դ) հայտատուն չի վճարել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքը.
ե) հայտատուն չի վճարել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ճանապարհային հարկը.
զ) ավտոճանապարհների, արհեստական կառույցների և հաղորդակցության ուղիների տեխնիկական վիճակը հնարավորություն չեն տալիս իրականացնելու նման փոխադրում:
6.4. Թույլտվության հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:
6.5. Թույլտվության հայտի մերժման դեպքում հայտատուն իրավունք ունի թույլտվություն ստանալու նպատակով ընդհանուր հիմունքներով ներկայացնելու նոր հայտ:
6.6. Մասնատվող բեռներ փոխադրող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է միայն դրանց ավել բեռի բեռնաթափումից հետո:
7. Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու իրավունքը և սահմանափակումները սահմանում են դրանց սեփականատերերը:
8. Եթե չմասնատվող բեռներ փոխադրող թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումների իրականացման երթուղու տրամադրումը մերժվում է, և հնարավոր չէ դիմողի առաջարկած երթուղիով փոխադրումն իրականացնել, ապա լիազոր մարմինը դիմողին առաջարկում է փոխադրումն իրականացնելու այլ երթուղի:
(10-րդ հոդվածը խմբ., լրաց. 21.12.15 ՀՕ-8-Ն, խմբ. 21.12.17 ՀՕ-268-Ն, խմբ., փոփ., լրաց. 31.05.19 ՀՕ-37-Ն, փոփ. 07.02.24 ՀՕ-67-Ն, խմբ., լրաց. 12.06.24 ՀՕ-299-Ն)
(12.06.24 ՀՕ-299-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 11. |
Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու վարձը |
1. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելն անվճար է, բացառությամբ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում նախագծված, կառուցված, միջին նորոգված (նորոգված) կամ պահպանվող ճանապարհների՝ ՊՄԳ պայմանագրով սահմանված դեպքերում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերի: ՊՄԳ ծրագրի շրջանակներում նախագծված, կառուցված, միջին նորոգված (նորոգված) կամ պահպանվող վճարովի ճանապարհները հանդիսանում են այլընտրանքային ճանապարհներ:
2. Հայաստանի Հանրապետություն (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) մուտք գործող (բացառությամբ «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված)` Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողները վճարում են ճանապարհային հարկ` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում:
3. Ընդհանուր օգտագործման ոչ պետական և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության վարձաչափը և վարձաչափի հաշվարկման ու վճարման կարգը սահմանում է դրա սեփականատերը: «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում ընդհանուր օգտագործման ոչ պետական և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության վարձաչափը և վարձաչափի հաշվարկման ու վճարման կարգը սահմանվում են ՊՄԳ պայմանագրով:
(11-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 21.12.17 ՀՕ-268-Ն, խմբ., լրաց. 28.06.19 ՀՕ-118-Ն, փոփ. 12.06.24 ՀՕ-299-Ն)
(12.06.24 ՀՕ-299-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 12. |
Հաղորդակցուղիների տեղադրումը ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում |
1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, էլեկտրոնային հաղորդակցության և էլեկտրականության գծերով, խողովակաշարերով և այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով և երկաթուղագծերով հատման, ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում կամ պաշտպանական գոտում ավտոմոբիլային ճանապարհների տնօրինողների հետ դրանց տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգը, նոր կառուցվող և վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար նախատեսված դիտահորերի, խրամուղիների, հենասյուների կառուցման, ինչպես նաև դրանք հեռահաղորդակցության օպերատորներին վարձակալությամբ տրամադրման կարգը և պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Եթե հաղորդակցուղիների և այլ կառույցների շինարարության իրականացման հետևանքով առաջանում է պետական ճանապարհի վերակառուցման կամ միջին նորոգման (նորոգման) անհրաժեշտություն, ապա դա կատարվում է շինարարությունը կատարողի հաշվին:
2. Հաղորդակցուղիների և այլ շինությունների ու հարմարանքների տեղադրումը ճանապարհի օտարման շերտում չպետք է հակասի ճանապարհի շահագործմանը և անվտանգ երթևեկությանը ներկայացվող պահանջներին:
3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում գտնվող հաղորդակցուղիները և այլ շինություններն ու հարմարանքները պետք է պահվեն պատշաճ վիճակում և ճանապարհի վերակառուցման կամ միջին նորոգման (նորոգման) դեպքում տեղափոխվեն կամ վերաշինվեն հաղորդակցուղու սեփականատիրոջ հաշվին, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
4. Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վրա բոլոր տեսակի աշխատանքները կատարում են ավտոմոբիլային ճանապարհների տնօրինողների և շահագրգիռ այլ մարմինների հետ համաձայնեցված պայմաններով:
5. Նոր կառուցվող և վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհների նախագծերում ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար դիտահորերի, խրամուղիների, հենասյուների կառուցումն իրականացվում է սույն հոդվածի 1-ին մասում նշված Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
6. Ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար դիտահորերի, խրամուղիների, հենասյուների կառուցումն իրականացվում է նոր կառուցվող և վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհների նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
7. Սույն հոդվածի 6-րդ մասի հիմքով հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար կառուցված դիտահորերը, խրամուղիները, հենասյուները կամ դրանց հատվածները հեռահաղորդակցության օպերատորներին տրամադրվում են վարձակալությամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հետ կնքելով վարձակալության պայմանագիր:
8. Կառուցված և վերակառուցված ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար նախատեսված դիտահորերի, խրամուղիների, հենասյուների առկայության դեպքում հեռահաղորդակցության օպերատորները հաղորդակցուղիները պետք է անցկացնեն միայն դրանց միջով:
(12-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 12.06.24 ՀՕ-299-Ն)
(12.06.24 ՀՕ-299-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 13. |
Ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտը և պաշտպանական գոտիները |
1. Ավտոմոբիլային ճանապարհներն ունեն օտարման շերտ, իսկ բնակավայրերից դուրս գտնվող վայրերում` նաև պաշտպանական գոտիներ:
2. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների չափերը, հաշված ճանապարհի առանցքից, սահմանվում են`
ա) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների համար` 70 մետր.
բ) հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների համար` 50 մետր.
գ) մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների համար` 30 մետր:
3. Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, միջին նորոգման (նորոգման) և պահպանման աշխատանքները չպետք է խոչընդոտեն պաշտպանական գոտու մելիորատիվ համակարգի և կառուցվածքների անխափան գործունեությանը կամ չպետք է սահմանափակեն դրանց առավելագույն հաշվարկային թողունակությունը, կանոնավոր գործունեությունը և հիդրոլոգիական ռեժիմը:
4. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերի հողերը գտնվում են պետական ճանապարհային մարմնի, իսկ ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերի հողերը` ավտոմոբիլային ճանապարհների սեփականատերերի տնօրինության տակ:
5. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների հողերը գտնվում են հողի սեփականատերերի տնօրինության տակ:
6. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում և բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում, առանց այդ ճանապարհները տնօրինողների և շահագրգիռ այլ մարմինների հետ համաձայնեցնելու, արգելվում են`
ա) կառուցել, վերակառուցել շենքեր և շինություններ, այդ թվում՝ ինժեներական ենթակառուցվածքների հաղորդակցուղիներ, կատարել ինժեներաերկրաբանական, ինժեներագեոդեզիական հետազննություններ, արդյունահանման աշխատանքներ.
բ) կատարել անտառահատում և վնասել հողածածկույթը.
գ) իրականացնել այնպիսի աշխատանքներ, որոնց հետևանքով պաշտպանական գոտիների հողերում կարող են առաջանալ հիդրոլոգիական ռեժիմի անբարենպաստ փոփոխություններ կամ ռելիեֆի տարրերի կայունության խախտում (սողանքներ, լանջերի փլվածքներ, ձորակներ, լճակներ կամ հողերի ճահճացում).
դ) տեղադրել ճանապարհային երթևեկությանը չվերաբերող նշաններ, ցուցանակներ, կատարել ճանապարհային տեսանելիությունը խանգարող ծառատնկումներ և լուսավորություն.
ե) կառուցել ճանապարհին միացնող ուղիներ, իջատեղեր, մուտքեր և ելքեր:
7. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի սահմաններում օրենքով սահմանված կարգով աշխատանքներ կատարող կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք պատասխանատու են համաձայնեցված տեխնոլոգիայի, կատարման ժամկետների պահպանման, աշխատանքների կատարման գոտում և ժամանակավոր շրջանցներում կամ ելքերում ճանապարհային երթևեկության անվտանգության պահպանման համար: Նրանք պարտավոր են աշխատանքները ավարտելուց հետո անհապաղ վերականգնել աշխատանքների կատարման հետևանքով վնասված ճանապարհի հողապաստառը, ճանապարհային կահավորանքը, տեխնոլոգիական կապն ու կանաչ տնկիները, հավաքել և հեռացնել ավելորդ հողը, աղբը, չօգտագործված նյութերն ու կառուցվածքները՝ գործող շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
8. Աշխատանքների կատարման վայրը պետք է կահավորվի համապատասխան պաշտպանիչ, խոչընդոտող, պարսպող հարմարանքներով և ճանապարհային նշաններով, իսկ օրվա մութ ժամերին ու անբավարար տեսանելիության պայմաններում` նաև լրացուցիչ ազդանշանային լուսավորությամբ: Դրանց տեղադրումն իրականացվում է պետական ճանապարհային մարմնի և երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) հետ համաձայնեցված կարգով:
9. Բնահողային ծածկով ճանապարհի միացումները կատարելագործված ծածկով ճանապարհների հետ պետք է իրականացվեն խճային կամ կոպճային ամուր ծածկով ճանապարհով:
10. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում ճանապարհի երկարությամբ հաղորդակցուղիների տեղադրումը կատարվում է շինարարական նորմերի պահանջներին համապատասխան` ավտոմոբիլային ճանապարհների տնօրինողների և շահագրգիռ այլ մարմինների հետ համաձայնեցմամբ:
11. Անմիջական ճանապարհի հողային պաստառի վրայով կամ ճանապարհի օդային տարածքով, օտարման գոտիով ճանապարհային տեխնոլոգիական կապից և լուսավորումից բացի, որևէ այլ հաղորդակցուղու տեղադրումն արգելվում է, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բացառիկ դեպքերի:
12. Քաղաքային կամ գյուղական համայնքներում և այլ բնակավայրերում բացառության կարգով թույլատրվում է էլեկտրոնային հաղորդակցության և էլեկտրահաղորդման գծերը, գազատար, խմելու ջրի և կոյուղու խողովակաշարերը տեղադրել ավտոմոբիլային ճանապարհի կողնակի կամ մայթի արտաքին եզրով` ավտոմոբիլային ճանապարհների տնօրինողների հետ համաձայնեցված կարգով:
13. Բնակավայրերի փողոցներ (ճանապարհներ) հանդիսացող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներում հաղորդակցուղիների տեղադրումը կատարվում է շինարարական նորմերի պահանջներին համապատասխան և ավտոմոբիլային ճանապարհների տնօրինողների համաձայնությամբ` երթևեկելի մասի սահմաններից դուրս:
14. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհի օտարման շերտում գտնվող հաղորդակցուղիների, շինությունների անսարքության պատճառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների համար պատասխանատվություն են կրում դրանց սեփականատերերը:
15. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները շահագործող և պահպանող մարմինները պարտավոր են`
ա) ժամանակին իրազեկել պաշտպանական գոտիների հողի սեփականատերերին և հողօգտագործողներին ճանապարհի պահպանության աշխատանքների` այդ գոտիների վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ և միջոցներ ձեռնարկել դրանք կանխելու ու հետևանքները վերացնելու ուղղությամբ.
բ) ժամանակավոր շրջանցումների ու ճանապարհների օգտագործման ժամկետը լրանալուց և ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներն ավարտելուց հետո վերականգնել պաշտպանական գոտու հողերի նախնական տեսքը.
գ) օրենքով սահմանված կարգով փոխհատուցել ճանապարհների շինարարության, միջին նորոգման (նորոգման) և պահպանման աշխատանքների կատարման ժամանակ հողի սեփականատերերին և հողօգտագործողներին պատճառված վնասներն ու կորուստները:
15.1. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների իրականացման, վիճակի գնահատման, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող կամուրջների և թունելների պահպանման աշխատանքների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց վրա գտնվող՝ առանձին պահպանման հանձնվող կամուրջների և թունելների պահպանման մրցույթներին մասնակից կապալառու կազմակերպություններին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները և պահպանման աշխատանքների ինքնարժեքի հաշվարկման մեթոդաբանությունը, կատարված աշխատանքների ընդունման կարգը, ինչպես նաև բնական աղետների կամ արտակարգ իրավիճակների դեպքում հրատապ աշխատանքների իրականացման, գնահատման և աշխատանքների ընդունման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
15.2. Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհների վերակառուցման, հիմնանորոգման, միջին նորոգման (նորոգման) և պահպանության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման հեռանկարները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և գործող քաղաքաշինական նորմերի պահանջներին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում կառուցվող օբյեկտների ցանկը, նկարագիրը, առանձնահատկությունները և դրանց ներկայացվող պահանջները:
15.3. Ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում կամ պաշտպանական գոտիներում կառուցապատման արդյունքով անհրաժեշտ ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի տեղադրումն իրականացվում է կառուցապատողի միջոցների հաշվին՝ կառուցապատվող օբյեկտի մոտով անցնող ճանապարհահատվածների երթևեկության կազմակերպման գծապատկերները կամ երթևեկության կազմակերպման սխեմաները նախապես համաձայնեցնելով պետական ճանապարհային մարմնի և երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ:
16. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների հողի սեփականատերերը և հողօգտագործողները պարտավոր են`
ա) կառուցել պաշտպանական գոտում գտնվող օբյեկտները ճանապարհի հետ միացնող ուղիներ` նախօրոք համաձայնեցնելով ճանապարհը տնօրինողների և երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի լիազոր մարմնի հետ.
բ) իրենց հողատարածքի սահմաններում ճանապարհի օտարման շերտին հարող տարածքները և ցանկապատերը պահել նորոգված ու բարեկարգ վիճակում.
գ) թույլ չտալ իրենց կողմից աղբի, ձյան, շինանյութերի և կառուցվածքների կուտակում` ճանապարհի կողեզրից 10 մետրից պակաս հեռավորության վրա.
դ) կանխել իրենց հողատարածքից տրանսպորտային միջոցների և անասունների ճանապարհ դուրս գալը` այդ նպատակի համար չնախատեսված տեղերում.
ե) թույլատրել ճանապարհի ձմեռային պահպանության համար անհրաժեշտ շարժական վահանների, ավազի ու խարամի տեղադրումը ճանապարհից անհրաժեշտ հեռավորության վրա.
զ) ավտոմոբիլային ճանապարհի կանոնավոր շահագործման պայմանների ապահովման նպատակով, ինչպես նաև միջին նորոգման (նորոգման) կամ վերանորոգման անհրաժեշտության դեպքում պետական ճանապարհային մարմնի պահանջով վերացնել կամ տեղափոխել պաշտպանական գոտում գտնվող կառույցները կամ տեսանելիությանը խանգարող ծառերը, ինչպես նաև թույլատրել պետական ճանապարհային մարմնին` օրենքով սահմանված կարգով կառուցելու ժամանակավոր շրջանցումներ և ճանապարհներ:
(13-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 12.06.24 ՀՕ-299-Ն)
(12.06.24 ՀՕ-299-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Ավտոմոբիլային ճանապարհների կահավորումը սպասարկման օբյեկտներով |
1. Տրանսպորտային միջոցների, վարորդների և ուղևորների սպասարկման համար ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում և պաշտպանական գոտիներում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղադրվում են ավտոլցավորման, տեխնիկական սպասարկման կայաններ, ավտոկայաններ, առևտրի և սպասարկման այլ օբյեկտներ, ինչպես նաև գովազդի միջոցներ, գովազդային վահանակ:
2. Ավտոմոբիլային ճանապարհի օտարման շերտում և պաշտպանական գոտում սպասարկման օբյեկտների և գովազդի (գովազդային վահանակի) տեղադրումը կատարվում է շինարարական նորմերին և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան` ավտոմոբիլային ճանապարհների տնօրինողների թույլտվությամբ:
3. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում գովազդ տեղադրողները (գովազդակիրները) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարում են ճանապարհային հարկ` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում (բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքի):
3.1. Սույն հոդվածի 3-րդ մասի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում գովազդային վահանակների տեղադրման այն դեպքերի վրա, երբ տեղադրված են «Գովազդի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1.2-րդ կետով սահմանված կարգով ճանաչված սոցիալական գովազդ, գովազդակիր ընկերության արտաքին գովազդային գործունեությանը վերաբերող սեփական գովազդ կամ դատարկ վահանակ: Սոցիալական գովազդի, սեփական գովազդի, դատարկ վահանակի համար վճարվում է ճանապարհային հարկ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում:
3.2. Հաշվետու եռամսյակի ընթացքում սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված սոցիալական գովազդը գովազդի այլ տեսակներով փոխարինվելու դեպքում գովազդի տեղադրման թույլտվության տրամադրումը և բովանդակության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է (են) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը (մարմինները):
3.3. Պետական ավտոմոբիլային ճանապարհների՝ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցված սպասարկման օբյեկտներ տեղադրելու համար ավտոմոբիլային ճանապարհի նկատմամբ օբյեկտի տեղադրման հատակագիծը և այլ պայմանները պետական ճանապարհային մարմին է ներկայացնում համապատասխան համայնքի ղեկավարը:
5. Ավտոմոբիլային ճանապարհի պաշտպանական գոտում, ինչպես նաև բնակավայրի միջով անցնող հատվածներում շենքերի և շինությունների կառուցման նպատակով հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը, ինչպես նաև համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով: Ընդ որում` համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման առաջարկությունները նախապես համաձայնեցվում են պետական ճանապարհային մարմնի և երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի լիազոր մարմնի հետ:
6. Ընդհանուր օգտագործման պետական և ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակի) տեղադրման, ինչպես նաև ապօրինի տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ճանապարհային հարկի հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է պետական ճանապարհային մարմինը: Ճանապարհային հարկ վճարողները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով պետական ճանապարհային մարմին են ներկայացնում վճարումը հավաստող անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիր, կամ պետական ճանապարհային մարմնի կողմից հաստատված կարգով ուղարկվող ծանուցման մեջ նշված գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:
Վճարման պարտավորությունների գծով գումարի վճարումը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում գումարը ենթակա է գանձման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով, իսկ սահմանված չափից ավելի վճարված ճանապարհային հարկի գումարները ենթակա են հաշվանցման և (կամ) վերադարձման Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(14-րդ հոդվածը լրաց., խմբ. 21.12.17 ՀՕ-268-Ն, փոփ., լրաց. 10.12.20 ՀՕ-499-Ն, փոփ., խմբ. 12.06.24 ՀՕ-299-Ն)
(10.12.20 ՀՕ-499-Ն օրենքն ունի հոդվածին վերաբերող անցումային դրույթ)
(12.06.24 ՀՕ-299-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 15. |
Ավտոմոբիլային ճանապարհների պահպանումը և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը |
1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և երթևեկության անվտանգության ապահովման համար ճանապարհի տնօրինողներն իրականացնում են`
ա) ավտոմոբիլային ճանապարհների խնամքի և պահպանման համալիր աշխատանքներ.
բ) ավտոմոբիլային ճանապարհների կահավորում` ճանապարհային նշաններով.
գ) ավտոմոբիլային ճանապարհների գծանշում և պարսպում.
դ) ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների ուսումնասիրում և դրանց կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկում:
2. Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանումն ու երթևեկության անվտանգությունն ապահովում են դրանց սեփականատերերը:
Հոդված 16. |
Հողամասերի տրամադրումը ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, միջին նորոգման (նորոգման) և պահպանման նպատակով |
(վերնագիրը փոփ. 12.06.24 ՀՕ-299-Ն)
Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, միջին նորոգման (նորոգման) և պահպանման նպատակով հողամասերի տրամադրումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:
(16-րդ հոդվածը փոփ. 12.06.24 ՀՕ-299-Ն)
(12.06.24 ՀՕ-299-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Գ Լ ՈՒ Խ 4
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՎ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ
(վերնագիրը լրաց. 09.07.20 ՀՕ-362-Ն)
Հոդված 16.1. | Վերահսկողությունը ավտոմոբիլային ճանապարհների նկատմամբ |
1. Ավտոմոբիլային ճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի՝ սույն օրենքով սահմանված նախագծման, շինարարության (տեղադրման), շահագործման, պահպանման և միջին նորոգման (նորոգման) նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին):
2. Տեսչական մարմինը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված վերահսկողությունն իրականացնելիս կարող է մեկ տարվա ընթացքում մեկից ավելի անգամ ստուգումներ իրականացնել քաղաքաշինական օբյեկտներում և ճանապարհաշինական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնցում պետական սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվում է քաղաքաշինական գործունեություն՝ այդ ծրագրերով նախատեսված աշխատանքների ողջ ժամանակահատվածում` դրանց կատարման որակի նկատմամբ վերահսկողությունն ապահովելու նպատակով:
(16.1-ին հոդվածը լրաց. 09.07.20 ՀՕ-362-Ն, փոփ. 12.06.24 ՀՕ-299-Ն)
(12.06.24 ՀՕ-299-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 17. |
Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը |
Սույն օրենքի պահանջները խախտողները կրում են պատասխանատվություն` սույն օրենքով սահմանված կարգով:
Հոդված 18. |
Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողներին հասցված վնասի հատուցումը |
1. Ավտոմոբիլային ճանապարհների անսարքության պատճառով դրանցից օգտվողներին հասցված վնասը հատուցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Սույն հոդվածն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից` միջպետական նշանակության ճանապարհների համար, և 2012 թվականի հունվարի 1-ից` հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների համար:
Հոդված 19. |
Ավտոմոբիլային ճանապարհների հետ կապված վեճերի լուծման կարգը |
Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, վերակառուցման, միջին նորոգման (նորոգման) և պահպանման ընթացքում վնասի հատուցման հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:
(19-րդ հոդվածը փոփ. 12.06.24 ՀՕ-299-Ն)
(12.06.24 ՀՕ-299-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
ԳԼՈՒԽ 4.1
(գլուխը լրաց. 12.06.24 ՀՕ-299-Ն)
(12.06.24 ՀՕ-299-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 19.1. | Ավտոմոբիլային ճանապարհների ենթակառուցվածքի անվտանգության կառավարումը և ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատումը |
1. Ավտոմոբիլային ճանապարհների ենթակառուցվածքի անվտանգության կառավարումն իրականացնում է պետական ճանապարհային մարմինը: Ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման և ճանապարհային անվտանգության վարկանիշավորման արդյունքների հիման վրա իրականացվում են ճանապարհային անվտանգության նպատակային հետազոտություններ՝ ճանապարհների վթարավտանգ հատվածների հայտնաբերման և բարելավման աշխատանքներ կատարելու նպատակով։
2. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները ենթակա են ճանապարհային անվտանգության ազդեցության պարտադիր գնահատման:
3. Ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման գործընթացում պետք է հաշվի առնվեն ճանապարհային երթևեկության խոցելի խմբերի՝ ճանապարհից անվտանգ օգտվելու իրավունքները:
4. Ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման և ճանապարհային անվտանգության վարկանիշավորման, ճանապարհային ցանցի անվտանգության տվյալների կառավարման և ճանապարհային անվտանգության ազդեցության գնահատման չափանիշների սահմանման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Պետական ճանապարհային մարմինը պետք է հասանելիություն ունենա երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի լիազոր մարմնի ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման էլեկտրոնային համակարգի տվյալներին, բացառությամբ անձնական տվյալների պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձնական տվյալների:
6. Ճանապարհային անվտանգության տվյալների կառավարման համակարգի տվյալների հաշվառման, վերլուծության, մշտադիտարկման և գնահատման միջոցով իրականացվում են ճանապարհային անվտանգության քաղաքականության մշակմանը և բարելավմանն ուղղված միջոցառումներ:
7. Ճանապարհային անվտանգության տվյալների կառավարման համակարգի ձևավորման, վարման, տվյալների ինտեգրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 19.2. | Ճանապարհային անվտանգության աուդիտը |
1. Ճանապարհային անվտանգության աուդիտը ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարման գործընթացի անբաժանելի մասն է:
2. Ճանապարհային անվտանգության աուդիտն իրականացվում է ճանապարհաշինարարական ծրագրերի իրականացման բոլոր փուլերում՝ ճանապարհի նախագծումից մինչև ճանապարհի սպասարկման մեկ տարի երաշխիքային ժամկետը:
3. Ճանապարհային անվտանգության աուդիտորը ենթակա է պարտադիր որակավորման: Որակավորումն իրականացնում և վկայականը տրամադրում է պետական ճանապարհային մարմինը:
4. Ճանապարհային անվտանգության աուդիտոր կարող է լինել այն անձը, որը՝
1) ունի ճանապարհների, կամուրջների, թունելների նախագծման կամ ճանապարհային անվտանգության կամ ճանապարհային երթևեկության կազմակերպման ինժեների (ճարտարագետի) առնվազն հինգ տարվա փորձ.
2) պետական ճանապարհային մարմնի կողմից ստացել է որակավորման վկայական:
5. Ճանապարհային անվտանգության աուդիտ կարող է իրականացնել ֆիզիկական անձը կամ կազմակերպությունը:
6. Եթե ճանապարհային անվտանգության աուդիտն իրականացնում է կազմակերպությունը, ապա այդ կազմակերպության առնվազն երկու անդամ պետք է ունենա սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված որակավորման վկայականը:
7. Ճանապարհային անվտանգության աուդիտորը չի կարող ներգրավված լինել ճանապարհային անվտանգության աուդիտի ենթակա ավտոմոբիլային ճանապարհի նախագծման, հեղինակային և տեխնիկական հսկողության, ինչպես նաև շինարարության իրականացման գործընթացներում:
8. Ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացման կարգը, ճանապարհային անվտանգության աուդիտորի իրավունքները և պարտականությունները, ճանապարհային անվտանգության աուդիտորի որակավորման պահանջները, վերապատրաստման իրականացման կարգը, որակավորման վկայականի տրամադրման կամ մերժման հիմքերը և ժամկետներն ու լրացուցիչ աուդիտի նշանակման դեպքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 19.3. | Թունելներին ներկայացվող անվտանգության նվազագույն պահանջները |
1. Ճանապարհային երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովման համար պետական ճանապարհային մարմինը քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի հետ համատեղ մշակում է թունելների անվտանգության նվազագույն պահանջները, որոնք պետք է ուղղված լինեն մարդկանց կյանքի ու առողջության, շրջակա միջավայրի և թունելների կոնստրուկտիվ տարրերի, կառույցների, սարքավորումների համար հնարավոր վտանգ ներկայացնող դեպքերի կանխարգելմանը, ինչպես նաև պատահարների դեպքում՝ անվտանգության ապահովմանը:
2. Թունելի անվտանգության նվազագույն պահանջներին համապատասխանության գնահատումն իրականացնում է պետական ճանապարհային մարմինը, իսկ թունելների անվտանգության միջոցառումներն ապահովում է թունելի պահպանումն իրականացնող կապալառու կազմակերպությունը:
3. Պետական ճանապարհային մարմինն իրավասու է կասեցնելու կամ սահմանափակելու թունելների շահագործումը, եթե դրանք չեն բավարարում անվտանգության պահանջները: Թունելների անվտանգության նվազագույն պահանջների ապահովման, թունելների անվտանգության կանխարգելման և պաշտպանական միջոցառումներ սահմանելու կարգը հաստատում է պետական ճանապարհային մարմինը:
4. Կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման կամ շահագործման փուլերում գտնվող թունելների անվտանգության պահանջների պահպանման համար պատասխանատու է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված՝ տվյալ թունելի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման կամ շահագործման աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպությունը:
5. Թունելներով երթևեկող տրանսպորտային միջոցների, ինչպես նաև թունելները շահագործող անձնակազմի անվտանգությունն ապահովելու նպատակով կապալառու կազմակերպությունը յուրաքանչյուր թունելի համար նշանակում է թունելի անվտանգության գծով մեկ պատասխանատու՝ նախապես համաձայնեցնելով պետական ճանապարհային մարմնի հետ:
6. Թունելների անվտանգության գծով պատասխանատուի որակավորման, նշանակման և պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Թունելների անվտանգության պարբերական փորձարկման և զննության իրականացումը, ինչպես նաև թունելներում տեղի ունեցած վթարների վերաբերյալ հաշվետվության ձևը և ներկայացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
8. Թունելների անվտանգության նվազագույն պահանջների համապատասխանությունն ապահովելու նպատակով պետական կառավարման մարմինն իրականացնում է պարբերական զննում:
9. Թունելի անվտանգության համապատասխան մակարդակները պահպանելու նպատակով իրականացվող երկու հաջորդական զննումների միջև ընկած ժամանակահատվածը չպետք է գերազանցի վեց տարին:
Գ Լ ՈՒ Խ 5
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ
Հոդված 20. |
Միջազգային պայմանագրերը |
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Գ Լ ՈՒ Խ 6
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 21. |
Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (13 մայիսի 1996 թվականի, ՀՕ-56):
2. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա և ի կատարումն դրա ընդունված իրավական ակտերը շարունակում են գործել այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքի դրույթներին մինչև սույն օրենքի հիման վրա նոր իրավական ակտերի ընդունումը:
3. Սույն օրենքի դրույթները տարածվում են դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:
4. Սույն օրենքի 19.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթներն ուժի մեջ են մտնում՝ միջպետական նշանակության ճանապարհների մասով՝ 2026 թվականի հունվարի 1-ից, հանրապետական նշանակության ճանապարհների մասով՝ 2027 թվականի հունվարի 1-ից, մարզային (տեղական) նշանակության ճանապարհների մասով՝ 2028 թվականի հունվարի 1-ից, իսկ 19.3-րդ հոդվածով սահմանված դրույթների մասով՝ նոր կառուցվող ճանապարհային թունելների համար՝ 2024 թվականի հուլիսի 1-ից:
5. Մինչև սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետը կառուցված և շահագործման մեջ գտնվող միջազգային ճանապարհային ցանցի մաս հանդիսացող թունելների անվտանգության պահանջները ոչ ուշ, քան մինչև 2027 թվականի հունվարի 1-ը պետք է համապատասխանեցվեն սույն օրենքի 19.3-րդ հոդվածով սահմանված դրույթներին:
6. Սույն օրենքի 19.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված ճանապարհային անվտանգության ազդեցության առաջին գնահատումը պետք է իրականացվի մինչև 2029 թվականի հունվարի 1-ը:
(21-րդ հոդվածը լրաց. 12.06.24 ՀՕ-299-Ն)
(12.06.24 ՀՕ-299-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
Հոդված 22. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|