ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
23 նոյեմբերի 2023 թ. |
թիվ 40-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2024-2028 թվականների վիճակագրական ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ս. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ |
Հավելված Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 40-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
ՆԱԽԱԲԱՆ
«ՀՀ 2024-2028 թվականների վիճակագրական ծրագրի» նախագիծը մշակվել է Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետ՝ ՄԱԿ), Եվրոպական հանձնաժողովի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի (այսուհետ՝ ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (այսուհետ՝ ՀԲ) կողմից հիմնադրված «Գործընկերությունը վիճակագրության մեջ 21-րդ դարում զարգացման համար (PARIS21)» հանձնախմբի հանձնարարականներին համապատասխան: PARIS21-ն աջակցում է երկրներին մշակել վիճակագրական համակարգերի զարգացման ռազմավարություններ՝ բազմաբնույթ փորձառության և գործիքակազմի միջոցով՝ սահմանելով այն հանգրվանը, որտեղ կլինի պաշտոնական վիճակագրությունը:
ՄԱՍ 1.
ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
1. Վիճակագրական կոմիտեն (այսուհետ՝ Արմստատ) հասարակությանն անկախակալ վիճակագրության և տվյալների պաշտոնական մատակարարն է:
2. Պաշտոնական վիճակագրության ոլորտում որդեգրված ռազմավարությունն ուղղորդված է «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքով (մշակված «Պաշտոնական վիճակագրության մոդելային օրենք Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար» հիման վրա, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողով, Նյու Յորք և Ժնև, 2016թ.) սահմանված հիմնական խնդիրների իրագործման ապահովմանը և խարսխվում է ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների, Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքով սահմանված սկզբունքների, Եվրոպական վիճակագրական համակարգի ստանդարտների և նորմերի, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի մոդեռնիզացման ստանդարտների և գործիքների, ԱՄՀ-ի Տվյալների տարածման հատուկ ստանդարտի պահանջների, ինչպես նաև Եվրամիության (այսուհետ՝ ԵՄ) փորձագետների կողմից (Եվրոպական հանձնաժողով ` Եվրոստատ, Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիա, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողով) Արմստատի և Հայաստանի պաշտոնական վիճակագրության փորձագիտական գնահատման արդյունքների (2018թ.) և Եվրոստատի փորձագետների կողմից ոլորտային գնահատումների դրույթների վրա:
3. Պաշտոնական վիճակագրությունը, օրենքով լիազորված մարմինների կողմից պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների պահանջներին համապատասխան, հանրային կյանքի էական և չափակցելի երևույթների թվային արտահայտությամբ մշակված, արտադրված և տարածված, բացառապես վիճակագրական ծրագրերում արտացոլված վիճակագրությունն է, որը ներկայացուցչական հիմքով նկարագրում է Հայաստանի Հանրապետության տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական և բնապահպանական երևույթները: Վիճակագրական համակարգի նպատակը և գործունեության իմաստն առկա ու հետագա օգտագործողների ազգային, տարածաշրջանային և միջազգային պահանջները բավարարելն է, պաշտոնական վիճակագրությունն օգտագործողների ընթացիկ և առաջացող պահանջմունքներին և քաղաքացիների՝ հանրամատչելի տեղեկություններ ստանալու իրավունքներին համապատասխանեցնելու միջոցով:
4. «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքը սահմանում է Արմստատի և պաշտոնական վիճակագրության այլ արտադրողների գործունեության շրջանակը՝ հիմնված պրոֆեսիոնալ անկախության, անաչառության, օբյեկտիվության, ճշգրտության, հուսալիության, ոչ հակասականության, համադրելիության, պարզության, թափանցիկության, վիճակագրական գաղտնիության և բացառապես վիճակագրական նպատակներով օգտագործելիության ու արդիականության պարտադիր սկզբունքների վրա:
5. Մասնավորապես, Արմստատը և պաշտոնական վիճակագրության այլ արտադրողները վիճակագրության մշակման, արտադրության և տարածման, այդ թվում՝ տվյալների աղբյուրների ընտրության, հայեցակարգերի, սահմանումների, մեթոդների և դասակարգումների, ինչպես նաև տարածման բոլոր ձևերի ժամկետների և բովանդակության հետ կապված իրենց որոշումները կայացնում են անկախ և առանց քաղաքական կամ այլ արտաքին աղբյուրներից որևէ ճնշման և միջամտության: Պաշտոնական վիճակագրությունը մշակվում, արտադրվում և տարածվում է չեզոք, հուսալի և անկողմնակալ՝ համաձայն պրոֆեսիոնալ ստանդարտների և քաղաքական հայտարարություններից կամ նկատառումներից անկախ: Բոլոր օգտագործողներն ունեն հավասար և միաժամանակյա հասանելիություն պաշտոնական վիճակագրությանը: Պաշտոնական վիճակագրությունը հնարավորության սահմաններում առավելագույնս ճշգրիտ, ոչ հակասական, արժանահավատորեն արտացոլում է առկա իրողությունը և աղբյուրների, մեթոդների ու ընթացակարգերի ընտրության հարցերում հիմնվում է գիտական չափանիշների վրա: Պաշտոնական վիճակագրությունը միջազգային մակարդակով, ժամանակի շարժընթացով և երկրների ու տարածաշրջանների կտրվածքով կրում է համաձայնեցված և համադրելի բնույթ:
6. Արմստատը պետական կառավարման համակարգի մարմին է, որի առաքելությունն է հանրության համար պաշտոնական վիճակագրության մշակումը, արտադրումն ու տարածումը:
7. Արմստատի թվերն ու տվյալները միտված են նպաստելու ամուր ժողովրդավարություն և գործունակ տնտեսություն կառուցելու ու հանրային կյանքում տեղի ունեցող փոփոխություններին հանրությանն իրազեկելու ջանքերին։
ՄԱՍ 2.
ԱՐԺԵՔՆԵՐԸ
8. Համաձայն պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների` հարկ է, որ օգտագործողներն Արմստատն ընկալեն որպես որոշակի քաղաքական ուղղվածությամբ պետական ինստիտուտներից արմատապես տարբերվող մարմին: Քաղաքական, վարչական, գերատեսչական շահերի միջև առկա բախումներում պաշտոնական վիճակագրությունը չներքաշելու երաշխիքները սահմանված են պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներով:
9. Արմստատը նախաձեռնողական է՝ հասարակության նոր կարիքները բավարարելու գործում, երաշխավորելու է կիրառվող գիտելիքների և մեթոդների, ինչպես նաև սխալների դեպքում թափանցիկությունը:
10. Բացառապես պաշտոնական վիճակագրության հիմնարար, վիճակագրության պրոֆեսիոնալ էթիկայի, գիտական անկողմնակալության, պրոֆեսիոնալ անկախության, վիճակագրության հավասար մատչելիության, վիճակագրության տարածման թափանցիկության, օգտագործողին և արտադրողին ուղղված որակի հաշվետվողականության սկզբունքները կմնան Արմստատի կորպորատիվ մշակույթի հիմքում, որոնք միտված են պաշտոնական վիճակագրության նկատմամբ վստահության բարձրացմանը:
ՄԱՍ 3.
ՏԵՍԼԱԿԱՆԸ
11. Արմստատը հասարակության համար վստահելի տեղեկության նախընտրելի աղբյուրն է:
12. Տեղեկատվության հարաճուն բազմազանությամբ և հոսքերի ինտենսիվացմամբ բնութագրվող արդի աշխարհում էապես կարևորվում է «վիճակագրական եռանկյունու անկյունները զբաղեցնող», տարաբևեռ հակումներ ունեցող, պաշտոնական վիճակագրության երեք մասնակիցների` ռեսպոնդենտների, օգտագործողների և հարկատուների հնարավորին «մեկտեղումը», հատկապես` ազգային, տարածաշրջանային և միջազգային չափանիշներով պերցեպցիայի պահանջների տեսանկյունով, բացատրելի դարձնելու համար միջազգային կազմակերպությունների ստեղծման հիմքում դրվող այն թեզը, որ «իրականությունն այն է, ինչին բոլորն են նայում, և ոչ թե այն, ինչ յուրաքանչյուրն է տեսնում»:
13. Անկախ այն հանգամանքից, որ ռեսպոնդենտները հակված են առ այն, որ տեղեկություն տրամադրելը լրացուցիչ աշխատանքային ծանրաբեռնվածություն է, վիճակագրություն օգտագործողները պահանջում են ավելի շատ ու մանրակրկիտ վիճակագրություն սեղմ ժամկետներում, իսկ հարկատուները (պետական բյուջեն) հակված են, որ այլ ծախսերն առավել հրատապ են և կարևոր, քան վիճակագրությանը հատկացվող միջոցները, միևնույն է նրանցից յուրաքանչյուրը միաժամանակ և՛ ռեսպոնդենտ է, և՛ վիճակագրության օգտագործող, և՛ հարկատու, ինչով պայմանավորված և նրանց վերաբերմունքը պաշտոնական վիճակագրության նկատմամբ կախված է այն հանգամանքից, թե պաշտոնական վիճակագրության հետ շփման պահին այդ երեք «դերակատարումներից» որով են նրանք հանդես գալիս: Հետևաբար, համաշխարհային մակարդակում ստանդարտացված եղանակով իրականությունն արտացոլելու նպատակով, միջազգային հանրությունը «համաձայնվել է» միասնական ստանդարտների և մեթոդաբանությունների շուրջ՝ սկսած ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի ձևավորումից՝ 1947թ.-ից: Իրականության արտացոլմանը միտված վիճակագրական մեթոդաբանությունը հիմնավորապես բաղկացած է 6 տարրերից`
1) Տեսական շերտ
ա. Սահմանումներ,
բ. Դասակարգումներ,
գ. Մաթեմատիկական տեսություն և մոդելներ,
2) Գործնական շերտ
ա. Տվյալների աղբյուրներ, այսինքն՝ հետազոտություններ և վարչական ռեգիստրներ,
բ. Տվյալների հավաքման, վիճակագրության մշակման և արտադրության գործիքակազմ,
գ. Տարածման քաղաքականություն, ներառյալ հրապարակման օրացույցը և վերանայման քաղաքականությունը:
14. Որպեսզի վիճակագրությունը լինի վստահելի, մեթոդաբանությունները և քաղաքականությունները պետք է լինեն թափանցիկ, այսինքն՝ փաստաթղթավորված և հրապարակված բոլորի համար:
15. Տեսլականին միտված Արմստատի հետագա քայլերն առ 2028 թվականը, որոնք կհանդիսանան Արմստատի գործունեության և զարգացման հիմնաքարը, կիրագործվեն ըստ հետևյալ ռազմավարական նպատակների՝
1) Բացառապես վիճակագրական ծրագրերով պաշտոնական վիճակագրության մշակում, արտադրություն և տարածում:
2) Վիճակագրական տեղեկությունների հավասար հասանելիություն պաշտոնական վիճակագրության բոլոր օգտագործողների համար:
3) Թողարկվող վիճակագրական ցուցանիշների և մեթատվյալների՝ միջազգային վիճակագրական բարձր չափանիշներին և ստանդարտներին համապատասխանության շարունակական ապահովում:
4) Ռեսպոնդենտների ծանրաբեռնվածության նվազեցում՝ որպես տեղեկությունների աղբյուր առավել մեծ քանակի վարչական և տվյալների ոչ ավանդական աղբյուրների (համացանցով, այդ թվում՝ սոցիալական ցանցերով, հասանելի և հանրամատչելի տվյալների աղբյուրների) օգտագործման միջոցով:
5) Հայաստանում տեղեկությունների աղբյուրների ընդլայնում, հատկապես վարչական ռեգիստրների շարունակական արդիականացմանը, նոր ռեգիստրների և թվայնացված հենքով միասնական վարչական տեղեկատվական համակարգի ձևավորմանը աջակցելով:
6) Ռեսպոնդենտներից տեղեկությունների հավաքման առցանց համակարգի ամբողջականության և արդյունավետության բարձրացում:
7) Վիճակագրական համակարգի մոդեռնիզացում:
8) Վիճակագրական տեղեկությունների տարածման համակարգի շարունակական կատարելագործում:
16. Ռազմավարական ուղղություններին միտված միջոցառումները իրականացվում են տարեկան վիճակագրական ծրագրերով:
17. Վիճակագրական ծրագրերի հաշվետվողականությունը պարտադիր է:
ՄԱՍ 4.
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բ Ա Ժ Ի Ն 1
ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
Գ Լ ՈՒ Խ 1
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ
18. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) «Ազգային հաշիվների համակարգ - 2008», «Եվրոպական հաշիվների համակարգ-2010» և «Եռամսյակային ազգային հաշիվներ 2017» միջազգային մեթոդաբանությունների համաձայն` ողջ տնտեսության, ինչպես նաև տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների մակարդակով Հայաստանի ազգային հաշիվների համակարգի տարեկան և եռամսյակային վիճակագրության վարում և կատարելագործում՝ միջազգային ստանդարտ դասակարգումներին համապատասխան,
2) Ազգային հաշիվների համակարգի մեթոդաբանական հենքով համախառն ներքին արդյունքի բացարձակ ծավալի և շարժընթացի հետընթաց վերանայումների աշխատանքների իրականացում,
3) տարածքային համախառն ներքին արդյունքի վիճակագրության վարում,
4) «չդիտարկվող տնտեսության» չափերի գնահատման մեթոդաբանության և հաշվարկների կատարելագործում՝ Եվրոստատի «աղյուսակային մոտեցման» սկզբունքի կիրառմամբ,
5) «ռեսուրսներ-օգտագործում» աղյուսակների կազմում,
6) ամսական տնտեսական ակտիվության ցուցանիշի վիճակագրության վարում և վերջինիս ժամանակագրական շարքերի սեզոնային ճշգրտման իրականացում X13-ARIMA-SEATS մեթոդով և «JDemetra+» ծրագրով:
Գ Լ ՈՒ Խ 2
ԲԻԶՆԵՍ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ԿԱՊ, ԱՌԵՎՏՈՒՐ ԵՎ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ)
19. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին» համապատասխան վիճակագրության վարում,
2) «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչի ամբողջական ներդրում՝ արդյունաբերության վիճակագրությունում (մինչև 9 նիշ), ինչպես նաև գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության, շինարարության, տրանսպորտի և կապի, առևտրի և այլ ծառայությունների ոլորտների վիճակագրությունում,
3) վիճակագրության մշակման և արտադրության մեթոդաբանության շարունակական կատարելագործում ու միջազգային համադրելիության ապահովում՝ հիմնվելով Պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներից «Ոչ հակասականության և համադրելիության» սկզբունքի դրույթների վրա և դրանով իսկ ապահովելով միջազգային վիճակագրական պրակտիկայում կիրառվող չափանիշներին համապատասխանությունն ու համադրելիությունը, ինչպես նաև համաշխարհային տեղեկատվական շտեմարաններում ազգային վիճակագրական տվյալների ինտեգրման գործընթացը՝ որպես գնահատման գործիքներ կիրառելով վիճակագրության փորձագիտական գնահատումները (Peer Review)
4) ըստ գործունեության տեսակների չդիտարկվող (չհաշվառվող) տնտեսության գնահատման գործիքների կիրառում և դրանց շարունակականության ապահովում՝ հիմնականում հիմնվելով աշխատուժի հետազոտության ոչ ֆորմալ զբաղվածության գնահատումների վրա,
5) բիզնես ռեգիստրի, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների ռեգիստրի տեղեկատվական շտեմարանի միջոցով հաշվառման դաշտի արդիականացում, ընտրանքային դիտարկումների մեթոդների կիրառման ընդլայնում ու կատարելագործում,
6) Միջազգային էներգետիկ հանձնաժողովի ստանդարտներին համապատասխան Հայաստանի Հանրապետության Էներգահաշվեկշռի հրապարակում,
7) 2024 թվականին ՀՀ-ում գյուղատնտեսական համատարած հաշվառման (ԳՀՀ) նախապատրաստում, անցկացում, ստացված տվյալների ամփոփում և հրապարակում: Ստացված արդյունքների հիման վրա անհատական (գյուղացիական) տնային տնտեսությունների անվանական, հասցեական վիճակագրական ռեգիստրի ձևավորում:
8) ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ու Եվրոպական հանձնաժողովի կողմից կիրառվող մեթոդաբանության համաձայն` պարենային ապահովության վիճակը բնութագրող ցուցանիշների համակարգի (պարենի առկայություն, մատչելիություն և սպառում) շարունակական կատարելագործում, դրա հիման վրա ազգային պարենային հաշվեկշիռների պարբերական կազմում և հրապարակում,
9) վարչական ռեգիստրների` որպես վիճակագրական տեղեկությունների աղբյուրի կիրառման շրջանակների ընդլայնում:
Գ Լ ՈՒ Խ 3
ԳՆԵՐ ԵՎ ՍԱԿԱԳՆԵՐ
20. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) սպառողական գների ինդեքսների (այսուհետ՝ ՍԳԻ) համար դիտարկվող ապրանք - ծառայությունների կազմի, կառուցվածքի հերթական վերանայման և արդիականացման աշխատանքների իրականացում, ՍԳԻ-ի զամբյուղում ներառված ապրանք-ծառայությունների կշիռների ամենամյա վերահաշվարկի կատարում,
2) ՍԳԻ հաշվարկման համար կիրառվող «Անհատական սպառում` ըստ նպատակների դասակարգչի» 2018 թվականի վերանայված խմբագրության ազգային տարբերակի մշակման և ՍԳԻ հաշվարկներում դրա կիրառման աշխատանքների իրականացում,
3) արդյունաբերական արտադրանք արտադրողների, գյուղատնտեսական արտադրանք արտադրողների իրացման և գյուղատնտեսական արտադրության միջոցների գնման գների ինդեքսների շարունակական կատարելագործում,
4) բնակելի գույքի գների ինդեքսների ներդրման աշխատանքների իրականացում՝ ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ կադաստրի կոմիտեի հետ համատեղ,
5) համախառն ներքին արդյունքի և ազգային արժույթի գնողունակության համարժեքության հաշվարկման ՀԲ միջազգային գլոբալ համադրումների ծրագրի 2024 թվականի փուլի աշխատանքներին մասնակցություն:
Գ Լ ՈՒ Խ 4
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱ
21. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) աշխատանքի վիճակագրության ոլորտի ենթաոլորտների վիճակագրական բիզնես գործընթացների բոլոր օղակներում նորարարական տեխնոլոգիաների (տեղեկությունների փոխանցման առցանց համակարգերի ներդրում), մեթոդների փուլային ներդրում, տեղայնացում և (կամ) արդիականացում՝ հաշվի առնելով տվյալների պոտենցիալ աղբյուրների առկայությունը, հասանելիությունը, գործիքակազմերի ու մեթոդների ծախսարդյունավետությունը,
2) Աշխատանքի վիճակագիրների 21-րդ համաժողովի կողմից 2023թ. ընդունվելիք բանաձևերի, նոր և (կամ) վերանայված միջազգային ստանդարտների փուլային տեղայնացում և ներդրում, առկա վիճակագրությունների վերանայում, նոր դասակարգումների ներդրում,
3) թեմատիկ (միանվագ, պարբերական, փորձնական) հետազոտությունների, դիտարկումների իրականացում. աշխատանքի և գենդերային վիճակագրությունների դինամիկ զարգացում՝ ապահովելով ոլորտային փոխակերպումներն ու զարգացումներն արտացոլող վիճակագրական արտադրանք (օրինակ՝ կանաչ աշխատատեղերի, թվային աշխատատեղերի վիճակագրություն և այլն),
4) աշխատանքի և գենդերային վիճակագրության ցուցանիշների թվային հարթակների ընդլայնում՝ սպառողների կարիքներին համահունչ:
Գ Լ ՈՒ Խ 5
ԲԻԶՆԵՍ ՌԵԳԻՍՏՐ
22. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) վիճակագրական բիզնես ռեգիստրի ամբողջականացման, պարբերաբար արդիականացման և ցուցանիշների որակի բարելավմանն ուղղված աշխատանքների շարունակական իրականացում: Այդ նպատակով կխորացվի համագործակցությունը վարչական ռեգիստր վարող պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ, կկատարելագործվեն տեղեկությունների հավաքման/ստացման մշակման ու ամփոփման գործիքակազմերը, որոնք էլ կնպաստեն ռեսպոնդենտների ծանրաբեռնվածության նվազմանը,
2) վիճակագրական բիզնես ռեգիստրի արդիականացված տվյալների հիման վրա փոքր ու միջին ձեռնարկատիրության քանակական և դեմոգրաֆիական վիճակագրության շարունակական վարում:
Գ Լ ՈՒ Խ 6
ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ
23. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) միջազգայնորեն ընդունված՝ վիճակագրական կիրառման նպատակներին միտված նոր մեթոդաբանական առաջարկությունների հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները, դասակարգիչների, դասակարգչային հավաքական խմբավորումների ու անցումային բանալիների մշակում և (կամ) վերանայում:
Գ Լ ՈՒ Խ 7
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐ
24. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) տնտեսության ոչ ֆինանսական հատվածի առևտրային կազմակերպությունների ֆինանսների վիճակագրության վարում` «Տնտեսական գործունեության տեսակների» Հայաստանի դասակարգչին համապատասխան,
2) կազմակերպությունների վճարունակության, ֆինանսական կայունության, ինչպես նաև արտադրանքի և ակտիվների շահութաբերության վիճակագրության վարում,
3) կառուցվածքային բիզնես վիճակագրության վարման համար անհրաժեշտ ֆինանսական ցուցանիշների ստացման ապահովում:
Բ Ա Ժ Ի Ն 2
ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐ
25. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) պետական ֆինանսների (համախմբված, պետական և համայնքների բյուջեների և դրանց տարրերի) վիճակագրության վարում և կատարելագործում` միջազգայնորեն ընդունված և կիրառվող մեթոդաբանություններին համապատասխան (ներառյալ` համապատասխան վարչական ռեգիստր վարող լիազոր մարմնի հետ համատեղ «Կառավարության ֆինանսների վիճակագրություն - 2001» ձեռնարկի դասակարգմանը համապատասխան վիճակագրության վարում և «Կառավարության ֆինանսների վիճակագրություն - 2014» ձեռնարկի ներդրման աշխատանքների իրականացում).
2) Հայաստանի Հանրապետության պետական պարտքի վիճակագրության վարում և կատարելագործում (համապատասխան վարչական ռեգիստր վարող լիազոր մարմնի հետ համատեղ).
3) ֆինանսական միջնորդության հատվածի (ներառյալ` համապատասխան վարչական ռեգիստրը վարող լիազոր մարմնի հետ համատեղ` ֆինանսական միջնորդության ոչ բանկային հատվածի) վիճակագրության վարում և կատարելագործում.
4) «Ազգային հաշիվների համակարգ - 2008»-ի սկզբունքներին համապատասխան` «Ֆինանսական հաշվի» վիճակագրության վարում և կատարելագործում:
Բ Ա Ժ Ի Ն 3
ԱՐՏԱՔԻՆ ՀԱՏՎԱԾ
26. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի «Ապրանքներ և ծառայություններ» հոդվածի կազմում` համաձայն ԱՄՀ մեթոդաբանության,
2) արտաքին և փոխադարձ առևտրի ցուցանիշների հավաքում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մշակված ապրանքների արտաքին և փոխադարձ առևտրի մեթոդաբանությանը («Ապրանքների միջազգային առևտրի վիճակագրություն. հիմնադրույթներ և սահմանումներ») համապատասխան,
3) օտարերկրյա ներդրումների հաշվառման դաշտի բարելավում և ցուցանիշների գնահատման կատարելագործում` միջազգայնորեն ընդունված և կիրառվող մեթոդաբանություններին համապատասխան (այդ թվում` վարչական վիճակագրություն վարող լիազոր մարմնի հետ համատեղ),
4) միջազգային ծառայությունների հաշվառման դաշտի բարելավում և ցուցանիշների գնահատման կատարելագործում` միջազգայնորեն ընդունված և կիրառվող մեթոդաբանություններին համապատասխան,
5) միջազգային և ներքին զբոսաշրջության վիճակագրության վարման կատարելագործում:
Բ Ա Ժ Ի Ն 4
ՍՈՑԻԱԼ-ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ
Գ Լ ՈՒ Խ 1
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏ
27. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) սոցիալական ոլորտի (կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սոցիալական պաշտպանության, սոցիալ-ժողովրդագրության այլ բնագավառների, բնակարանային ֆոնդի և կոմունալ տնտեսության) վիճակագրության վարման շարունակական բարելավում՝ հիմնված վարչական ռեգիստրների կատարելագործման և դրանց կիրառման շրջանակների ընդլայնման վրա,
2) վարչական ռեգիստրներին ցուցաբերվող մեթոդաբանական օժանդակության շարունակականության ապահովում:
Գ Լ ՈՒ Խ 2
ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության պարբերական անցկացում և ՀԲ կողմից մշակված մեթոդաբանական զարգացումներին համահունչ մեթոդաբանության կատարելագործում,
2) աղքատությունը և սոցիալական վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշների ամբողջականացման և արդիականացման նպատակով տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության ընտրանքի ներկայացուցչականության աճի ապահովում ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի,
3) տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության միջոցով աղքատության խորացված գնահատման իրականացում, այդ թվում` սոցիալական բացառումների, պարենային անվտանգության, երեխաների կարիքների, անհատական մակարդակով տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների հասանելիության վերաբերյալ ցուցանիշների բովանդակության ամբողջականացում և կատարելագործում,
4) աղքատության բազմաչափ համաթվի գնահատում և դրա՝ որպես աղքատության չափման այլընտրանքային մեթոդի կիրառման շարունակական կատարելագործում,
5) աղքատության նյութական և ոչ նյութական (կրթություն, առողջապահություն, անվտանգ խմելու ջրի մատչելիություն և բնակարանային պայմաններ) ցուցանիշների վարման շարունակականության ապահովում ու կատարելագործում:
Գ Լ ՈՒ Խ 3
ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
29. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից բնակչության բնական շարժի` ծննդյան, մահվան, ամուսնության և ամուսնալուծության, հայրության ճանաչման վերաբերյալ տվյալների ստացման և արտադրության աշխատանքների շարունակական կատարելագործում` քաղաքացիական կացության համապատասխան ակտերում լրացված տեղեկությունների ամբողջականացում, դրանց վիճակագրական դասակարգման և վիճակագրական տվյալների ելքերի համապատասխանեցում միջազգայնորեն սահմանված ցանկին,
2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից բնակչության բնական շարժի` ծննդյան, մահվան, ամուսնության և ամուսնալուծության, հայրության ճանաչման գրանցումների վերաբերյալ էլեկտրոնային եղանակով ստացվող տեղեկությունների վիճակագրական մշակման գործառույթների վերահսկողական մեխանիզմների ներդրում, տվյալների որակի բարձրացում (տվյալների խմբագրման, ճշգրտման և համալրման/իմպուտացիայի ընթացակարգերում) և համապատասխան ելքային տվյալների ստացման ապահովում,
3) բնակչության մեխանիկական տեղաշարժերի` միգրացիայի վարչական հաշվառման տեղեկատվական շտեմարանների ամբողջականացման ապահովմանը մեթոդաբանական օժանդակության ցուցաբերում, բնակչության պետական ռեգիստրում՝ հաշվառված բնակչության, տարվա ընթացքում հաշվառված անձանց (իմիգրանտների) և հաշվառումից հանված անձանց (էմիգրանտների), միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց և կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցրած անձանց վերաբերյալ միջազգայնորեն սահմանված չափորոշիչներին համապատասխան վիճակագրական տվյալների ստացում,
4) ՀՀ համայնքների խոշորացմամբ պայմանավորված, բնակչության թվաքանակի հաշվարկի և բնական շարժի ելքային աղյուսակների ստացման ընթացակարգերում համապատասխան փոփոխությունների իրականացում,
5) միգրացիայի վիճակագրական տվյալների ցանկի համալրումը՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիներից և նրանց ընտանիքի անդամներից ՀՀ-ում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի տրամադրման դիմումների, դրանց մասին ընդունված որոշումների, ՀՀ-ում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի տրամադրման դիմումների, օտարերկրացիներին աշխատանքային գործունության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման վերաբերյալ՝ «Workpermit.am» հարթակից ստացվող տվյալներով,
6) Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական ՍԷԿՏ) համակարգի անվանական տվյալների նույնականացման միջոցով ՀՀ միջազգային միգրացիայի վիճակագրական տվյալների ստացման աշխատանքների իրականացում,
7) բնակչության պետական ռեգիստրի և ՍԷԿՏ համակարգի միավորված տեղեկատվական շտեմարանում ձևավորված տվյալների և միգրացիայի վարչական հաշվառման շտեմարանների համադրման համար անհրաժեշտ մեխանիզմների մշակում,
8) ՀՀ 2022թ. մարդահամարի արդյունքների հիման վրա՝ բնակչության թվաքանակի, սեռատարիքային կազմի, ինչպես նաև ժողովրդագրական հիմնական ցուցանիշների վերահաշվարկի իրականացում միջմարդահամարային տարիների համար, ըստ ք.Երևանի, ՀՀ մարզերի, համայնքների, բնակավայրերի (այդ թվում՝ քաղաքային և գյուղական) բաշխումով:
Գ Լ ՈՒ Խ 4
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
30. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) բնապահպանական-տնտեսական հաշիվների համակարգի ներդրման աշխատանքների շարունակականության ապահովում:
2) Հայաստանի կլիմայի փոփոխության վիճակագրության զարգացման ճանապարհային քարտեզի հիման վրա՝ կլիմայի փոփոխությանն առնչվող ցուցանիշների ընդլայնում և կատարելագործում՝ միջազգային մեթոդաբանությանը և վարչական հաշվառումներին համապատասխան:
3) աղետների վերաբերյալ վիճակագրության կատարելագործում և բարելավում, աղետների հետևանքով հասցված վնասի և կորստի վիճակագրական ցուցանիշների ներդրում:
Գ Լ ՈՒ Խ 5
ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
31. Արմստատի որակի քաղաքականությունն ուղղված է համապատասխան մեթոդաբանությունների և գործիքների մշակման միջոցով վիճակագրական արտադրանքի և գործընթացների համակարգված բարելավմանը:
32. Արմստատն ապահովելու է իր որակի համակարգի գործունեությունը, որը հիմնված է Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքի 16 սկզբունքների (որոնք ներառում են ինստիտուցիոնալ միջավայրը, վիճակագրական գործընթացները և վիճակագրական արդյունքը) և Եվրոպական վիճակագրական համակարգի որակի ապահովման շրջանակի վրա, ինչն աջակցում է Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքի իրականացմանը՝ բացահայտելով Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքի ցուցանիշների իրականացման գործողությունները, մեթոդները և գործիքները:
33. Արմստատը շարունակելու է ապահովել վիճակագրության որակի ստորև ներկայացվող չափանիշները (սկզբունքները)՝
1) համապատասխանությունը,
2) ճշգրտությունը,
3) յուրաժամանակությունը և ճշտապահությունը,
4) մատչելիությունը և պարզությունը,
5) համադրելիությունը,
6) համաձայնեցվածությունը:
34. Որակի կառավարման բնագավառում Արմստատի խնդիրներն են.
1) որակի հռչակագրերի շարունակական արդիականացում,
2) ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կողմից մշակված Ընդհանուր վիճակագրական բիզնես-գործընթացի մոդելի (GSBPM) հենքով վիճակագրական արտադրանքների վիճակագրական գործընթացների փաստաթղթավորումների շարունակական արդիականացում,
3) GSBPM-ի հենքով վիճակագրական արտադրանքների վիճակագրական գործընթացների գծապատկերներով տեսապատկերավորման շարունակական արդիականացում,
4) Հղման մեթատվյալների համակարգի ամբողջական ներդրում: ԵՄ Միասնական ինտեգրված մեթատվյալների կառուցվածքի (SIMS)՝ Եվրոպական Վիճակագրական տվյալների և մեթատվյալների փոխանակման ստանդարտով (SDMX) մեթատվյալների կառուցվածքի (ESMS) և Որակի հաշվետվությունների կառուցվածքի համար Եվրոպական վիճակագրական համակարգի ստանդարտի (ESQRS) համաձայն վիճակագրական արտադրանքների օգտագործողին (ESMS) և արտադրողին (ESQRS) ուղղված որակի հաշվետվությունների կազմում և դրանց արդիականացում,
5) Եվրոպական վիճակագրության Փորձառության օրենսգրքի ցուցանիշների ինքնագնահատման հարցաթերթի լրացման աշխատանքների շարունակական իրականացում և արդյունքների ամփոփում,
6) ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կողմից մշակված Վիճակագրական կազմակերպությունների համար ընդհանուր գործունեության մոդելի (GAMSO) իրականացում, որը նկարագրում և սահմանում է պաշտոնական վիճակագրություն արտադրող տիպիկ կազմակերպության գործունեությունը,
7) Վիճակագրական բառարանի, որակի հասկացությունների բառարանի, Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքի բառարանի, GSBPM-ի բառարանի արդիականացում,
8) Որակի մշակույթի տարածում կանոնավոր վերապատրաստման դասընթացների, սեմինարների, աշխատավայրում ուսուցման և այլ նախաձեռնությունների միջոցով,
9) Ազգային վիճակագրական համակարգի ինստիտուցիոնալ միջավայրի, գործընթացների և արդյունքների գնահատումների իրականացում նաև արտաքին փորձագետների, այդ թվում՝ միջազգային փորձագետների կողմից՝ բացառապես պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներին և միջազգային վիճակագրական ստանդարտների պահանջներին համապատասխան։
ՄԱՍ 5
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ
35. Նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները.
1) տեղեկատվության ամբողջականության, հասանելիության և գաղտնիության ապահովում և արդիականացում,
2) պաշտոնական և ներքին ծառայողական կայքերի արդիականացում և վարում, այդ թվում՝ պաշտոնական նոր կայքի մշակում,
3) Կայուն զարգացման նպատակների ցուցանիշների համար Ազգային հաշվետվողական հարթակի արդիականացում,
4) տվյալների հավաքման առցանց համակարգի կառավարում, համակարգում և արդիականացում,
5) հավաքված տվյալների ամբողջական պահպանման և մշակման (Warehouse) տեղեկատվական համակարգի շարունակական արդիականացում,
6) գործող ծրագրային համակարգերի վարում, արդիականացում և այլ համակարգերի հետ ինտեգրում,
7) հետազոտությունների տվյալների հավաքման գործընթացների թվայնացում՝ CAPI (Computer Assisted Personal Interviewing), CAWI (Computer Assisted Web Interviewing) և այլ նորարական տեխնոլոգիաների կիրառմամբ,
8) վիճակագրական տվյալների և մեթատվյալների փոխանակման (SDMX) և այլ միջազգային ստանդարտների ներդրման գործընթացի իրականացում և վարում
9) Կորպորատիվ ցանցի արդիականացում և ընդլայնում:
ՄԱՍ 6
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
36. Վիճակագրության բնագավառում միջազգային համագործակցությունը, հանդիսանալով ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրության հիմնարար և Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքի սկզբունքներից մեկը, ժամանակակից աշխարհում կարևոր դերակատարություն ունի պաշտոնական վիճակագրության մշակման, արտադրության և տարածման համար: Դրանով պայմանավորված, նախատեսվում է շարունակել և առավել ընդլայնել միջազգային վիճակագրական համագործակցությունն ըստ հետևյալ նպատակների՝
1) վիճակագրական ներուժի և կարողությունների ամրապնդում,
2) լավագույն փորձի փոխանակման միջոցով՝ Հայաստանում եվրոպական և միջազգային ստանդարտների հետագա խթանում և ազգային վիճակագրական արտադրանքն եվրոպական նորմերին և ստանդարտներին համապատասխանեցում,
3) ՄԱԿ-ի Պաշտոնական վիճակագրության հիմնարար, Եվրոպական վիճակագրության փորձառության օրենսգրքի, Պրոֆեսիոնալ էթիկայի հռչակագրի և Միջազգային վիճակագրական գործունեության կառավարման սկզբունքների կիրառման ապահովում:
37. Արմստատը կշարունակի ակտիվ ներգրավվածությունը միջազգային համագործակցության շրջանակում վիճակագրական մեթոդաբանության և փորձառության կատարելագործման, ընդունված միջազգային նորմերի ներդաշնակեցման, տարբեր երկրների ազգային վիճակագրական ծառայությունների կողմից հրապարակվող տեղեկությունների ուսումնասիրության և ցուցանիշների համադրելիության ապահովման ուղղությամբ, ինչը կիրականացվի հետևյալ հիմնական ուղղություններով.
1) միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա փորձագետների մասնակցությամբ համագործակցության նախագծերի մշակում և իրականացում՝ միջազգային կազմակերպությունների տեխնիկական աջակցության ազգային և տարածաշրջանային ծրագրերի ֆինանսական միջոցների հաշվին,
2) համագործակցություն այլ երկրների ազգային վիճակագրական Ծառայությունների հետ՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում:
38. Արմստատը վիճակագրության մասով կշարունակի մասնակցել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրին:
39. ՀՀ - ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում (Մաս 4, Գլուխ 3, ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՀՈԴՎԱԾ 30 - 35), Արմստատը կշարունակի իր համագործակցությունը ԵՄ համապատասխան կառույցների հետ։
40. Արմստատը կշարունակի ԵՄ Թվինինգ և Թայեքս գործիքների կիրառմամբ իր ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը՝ միտված ԵՄ չափանիշներին համապատասխանող վիճակագրական համակարգի ձևավորմանը և հետագա բարելավմանը, ԵՄ կանոնակարգերի մոտարկմանը, ԵՄ օրենսդրությանն ու ստանդարտներին համապատասխանեցմանն ուղղված գործունեությունը:
ՄԱՍ 7
ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
41. Արմստատը կապահովի ուսուցման քաղաքականություն՝ հիմնված ուսուցման ծրագրերի վրա, կողմնորոշված դեպի անձնակազմի կարիքներն ու պահանջները և նպատակաուղղված գիտելիքների, հմտությունների, փորձի և տեղեկատվության փոխանակմանը:
42. Առաջնորդվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի պահանջներով` Արմստատի անձնակազմի քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների հետևողական և շարունակական կատարելագործման նպատակով կշարունակվի վերապատրաստման գործընթացը:
43. Միջազգային վիճակագրական համագործակցության շրջանակում Արմստատը կշարունակի կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացը` ընդգրկելով կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներին: Կշարունակվի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների և ազգային վիճակագրական ծառայությունների ու այլ կազմակերպությունների կազմակերպած դասընթացներին, սեմինարներին և աշխատանքային հանդիպումներին:
ՄԱՍ 8
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
44. Վիճակագրական ծրագրերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական: