ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր` Ա. Մաթևոսյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
ԵԱՔԴ/0196/01/17 | ||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. Թադևոսյանի Ա. Պ ողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
31 մայիսի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով Խաչատուր Արարատի Պետրոսյանի և Հասմիկ Հենրիկի Շանոյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մայիսի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2017 թվականի դեկտեմբերի 13-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) է ստացվել թիվ 13202517 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Խաչատուր Արարատի Պետրոսյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով, Հասմիկ Հենրիկի Շանոյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով, և մյուսների։
2. Գործի դատաքննության ընթացքում, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 27-ի որոշմամբ պաշտպաններ Ի․Ավագյանի և Վ․Գևորգյանի միջնորդությունները բավարարվել են և Խաչատուր Պետրոսյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով (2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 44-396-րդ հոդվածի 3-րդ մաս), և Հասմիկ Շանոյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 46-44-396-րդ հոդվածի 3-րդ մաս) քրեական հետապնդումը դադարեցվել է` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։
3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի մայիսի 26-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 27-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։
5.1. Այսպես՝ բողոքի հեղինակը, ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների վերլուծության արդյունքում, եզրահանգել է, որ նոր ընդունված քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնի հետ կապված առավել նպաստավոր պայմանների նախատեսումը դիտարկվում է որպես հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող նորմ և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հետադարձ ուժ ունի միայն օրենքով նախատեսված դեպքում, մինչդեռ նման հնարավորություն օրենքով նախատեսված չէ։ Վերոշարադրյալի հաշվառմամբ բողոքի հեղինակն օրենսդրի կամքից չբխող է համարել Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ եթե համապատասխանեցման արդյունքում անձին վերագրվող ենթադրյալ արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների խմբին, ապա քրեաիրավական հետևանքները պետք է որոշվեն՝ այդ փաստից ելնելով։
5.2. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ արարքը կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով ամբաստանյալներին վերագրվող ենթադրյալ հանցավոր արարքները դասվել են ծանր հանցագործությունների շարքին, որոնց համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը եղել է տասը տարի։ Գործող քրեական օրենքով մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքները դասվում են միջին ծանրության հանցագործությունների շարքին, որոնց համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը ևս տասը տարի է։ Այսինքն, քննարկվող երկու դեպքում էլ ամբաստանյալներին մեղսագրված ենթադրյալ հանցավոր արարքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է, որը դեռևս չի անցել։
6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 26-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Խաչատուր Պետրոսյանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրվում է առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու փորձի համար1։
Հասմիկ Շանոյանը նույն օրենսգրքի 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով մեղադրվում է առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոցը Խ.Պետրոսյանի կողմից ձեռք բերելու փորձին օժանդակելու համար2։
8. Քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումն Առաջին ատյանի դատարանը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) ՀՀ [գործող] քրեական օրենսգիրքն ամբաստանյալներ Հասմիկ Շանոյանի և Խաչատուր Պետրոսյանի նկատմամբ պետք է հետադարձությամբ կիրառել, քանի որ այն պատժելիությունը մեղմացնող է, այլ կերպ ասած՝ ամբաստանյալ Հասմիկ Շանոյանին մեղսագրված արարքն ամբողջությամբ համապատասխանում է ՀՀ [գործող] քրեական օրենսգրքի 46-44-396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին, իսկ ամբաստանյալ Խաչատուր Պետրոսյանի արարքը՝ ՀՀ [գործող] քրեական օրենսգրքի 44-396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին, որոնք էլ հոդվածի սանկցիայի մեղմացման հետևանքով դասվում են միջին ծանրության հանցագործությունների շարքին։ [Առաջին ատյանի դ]ատարանի նման հետևության համար հիմք է հանդիսացել արարքի կատարման պահին գործող 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը (...)։
ՀՀ [նախկին] քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝
«1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարվելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(...)
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
(...)
Ուսումնասիրելով սույն քրեական գործի նյութերը՝ [Առաջին ատյանի դ]ատարանը փաստում է, որ ամբաստանյալներ Հասմիկ Շանոյանն ու Խաչատուր Պետրոսյանն իրենց մեղսագրվող արարքները կատարել են 2017 թվականի հուլիս ամսին։ Դրա հետ մեկտեղ, ամբաստանյալներ Հասմիկ Շանոյանի ու Խաչատուր Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն խոչընդոտող որևէ հիմք չկա»3։
9. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով վիճարկվող դատական ակտը, արձանագրել է հետևյալը. «(...) [Բ]ողոքաբերի այն պնդմանը, որ Առաջին ատյանի դատարանը, Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելիս, հիմք է ընդունել ՀՀ [նախկին] քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված միջին ծանրության հանցագործության վաղեմության ժամկետը (5 տարի), անտեսելով այն հանգամանքը, որ հանցանքի կատարման պահին Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի արարքները հանդիսացել են, ոչ թե միջին, այլ ծանր հանցանք, որոնց վաղեմության ժամկետն արարքի կատարման պահին գործող օրենքով եղել է 10 տարի, (...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են։ Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ եթե նոր օրենքի ընդունման արդյունքում Խաչատուր Պետրոսյանին և Հասմիկ Շանոյանին մեղսագրված արարքները համապատասխանեցվել են ՀՀ [գործող] քրեական օրենսգրքի համապատասխանաբար 44-396-րդ հոդվածի 3-րդ մասին և 46-44-396-րդ հոդվածի 3-րդ մասին և դրա արդյունքում տեղի է ունեցել հանցագործության տեսակի փոփոխություն, ապա համապատասխանեցման պահից Խաչատուր Պետրոսյանին և Հասմիկ Շանոյանին մեղսագրված արարքները համարվում են միջին ծանրության հանցագործություններ՝ դրանից բխող բոլոր քրեաիրավական հետևանքներով, այդ թվում՝ միջին ծանրության հանցանքների վերաբերյալ վաղեմության ժամկետների օրենսդրական կարգավորումները։
(...) [Օ]րենսդիրը հնարավոր է համարում միաժամանակ կիրառել և նախկին օրենքը և նոր օրենքը: Վերաքննիչ դատարանի այս հետևությունը հիմնված է, մասնավորապես 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված՝ օրենքը մասնակի հետադարձության կարգով կիրառելու կանոնի վրա, քանի որ մասնակիորեն հետադարձ ուժ տալու կարգով օրենքի կիրառումն անխուսափելիորեն հանգում է միաժամանակ և նախկին և նոր օրենքի կիրառմանը, այն մասով, որը բարենպաստ է անձի համար, հետևաբար իրավական հիմքեր չկա անձի նկատմամբ կիրառման ենթակա երկու օրենքների բարենպաստ կանոնների չկիրառման համար (...)»4։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
10. Վճռաբեկ դատարանը նախևառաջ փաստում է, որ բողոքը վարույթ է ընդունվել Վճռաբեկ դատարանի՝ օրենքի միատեսակ կիրառության ապահովման՝ իրավունքի զարգացման գործառույթի իրացման նկատառումներով։ Այս առումով, հարկ է նշել, որ իրավունքի զարգացման միտումը հրամայական է դարձնում ՀՀ քրեական նոր օրենսգրքի նորմերը հետադարձությամբ կիրառելու հնարավորության մեկնաբանումը։ Մասնավորապես՝ նոր քրեական օրենսդրությամբ հանցանքի դասակարգման խմբի փոփոխության դեպքում վաղեմության ժամկետների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն վարույթով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղենիշային նշանակություն ունենալ համանման փաստական հանգամանքներ ունեցող գործերով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար:
Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյո՞ք ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ ամբաստանյալներ Խ.Պետրոսյանի և Հ.Շանոյանի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ միջին ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով։
11. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։
ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։
(...)
4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով։
(...)
6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:
11.1. ՀՀ Սահմանադրության վերոհիշյալ հոդվածներով ամրագրված երաշխիքը, որը նորմատիվ իրավական ակտի կիրառման սահմանադրական սկզբունք է, քրեաիրավական համակարգում առանցքային տեղ է գրավում, որը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ փոփոխվող և զարգացող հասարակությունում կոնկրետ արարքի դեմ քրեաիրավական ներգործության նպատակահարմարությունը, դրա հանրային վտանգավորությունը կամ քրեականացված արարքը կատարած անձի իրավական վիճակը նորովի կարգավորվելու դեպքում, դատարանը, որպես քրեական դատավարությունում արդարադատության գործառույթով օժտված մարմին, պետք է քննարկման առարկա դարձնի օրենսդրական փոփոխության իրավական բնույթը, ըստ այդմ էլ՝ մինչ ընդունումը ծագած իրավահարաբերությունների վրա այն հետադարձութամբ տարածելու իրավական հնարավորությունը։
Հարկ է արձանագրել, որ ՀՀ Սահմանադրությամբ՝ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից5։
Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. ա) երբ սահմանադիրը բացառում է որևէ հայեցողություն դրսևորելու հնարավորությունը՝ սահմանելով հետադարձության ուղիղ պահանջ, օրինակ, արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն օժտված է անմիջական գործողությամբ և բ) երբ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու՝ այդ ակտն ընդունող մարմնի հայեցողությանը, օրինակ, անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով6: Տարբերակման այս գաղափարն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքում. այսպես՝ օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող նորմի համար նախատեսվում է հետադարձ ազդեցության անմիջական պահանջ, մինչդեռ անձի վիճակն այլ կերպ բարելավող դրույթի հետադարձությունը պայմանավորվում է օրենքով նախատեսված լինելու հանգամանքով7։
11.2. Այսպիսով, ընդհանուր առմամբ հետադարձության սկզբունքը մարմնավորված է այն կանոնի մեջ, որ, եթե արարքի կատարման պահին գործող քրեական օրենքի և դրանից հետո ընդունված քրեական օրենքի միջև առկա են տարբերություններ, դատարանը պետք է կիրառի այն օրենքը, որի դրույթներն ավելի բարենպաստ են անձի համար՝ հաշվի առնելով, բնականաբար, քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու գործող քրեական օրենսդրության առանձնահատկությունները: Ուստի, նպատակ ունենալով իրավակիրառական պրակտիկայում բացառելու հետադարձությամբ քրեական օրենքի անհիմն տարածելու կամ անհիմն չտարածելու դեպքերը, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քննարկել այն չափորոշիչները, որոնց օգնությամբ իրավակիրառողը պետք է առաջնորդվի քրեաիրավական կոնկրետ իրավահարաբերությունների նկատմամբ նոր քրեական օրենքի կիրառելիության հարցում։
Այսպես, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, հետադարձությամբ փոփոխված քրեական օրենքի տարածման սահմանները պարզելու համար անհրաժեշտ է օգտագործել համադրման և վերլուծության մեթոդները, որոնք իրենց ամբողջության մեջ հնարավորություն կտան պարզելու, թե փոփոխված քրեական օրենքը հանցանք կատարած անձի համար բարենպաստ իրավական հետևանք առաջացնում է, թե ոչ։ Թեև նշվածը չի ենթադրում համեմատության համապարփակ չափանիշներ, այդուհանդերձ, կարելի է եզրահանգել, որ պահանջվում է կոնկրետ իրավահարաբերությունը կանոնակարգող դրույթների համակարգային համեմատում, ինչի միջոցով հնարավոր կլինի որոշել՝ արդյո՞ք փոփոխված օրենսդրությունը, ի տարբերություն արարքը կատարելու պահին գործող օրենսդրության, անձի համար բարենպաստ հետևանքներ առաջացնում է, թե ոչ։
Օրինակ, մինչև 2022 թվականի հուլիսի 1-ն առանձնապես խոշոր չափի՝ 4.000.000 (չորս միլիոն) ՀՀ դրամի, կողոպուտ կատարած անձի արարքը ենթակա էր որակման ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը պատժվում էր ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով։ Նույն արարքը՝ 4.000.000 (չորս միլիոն) ՀՀ դրամի կողոպուտը, հափշտակության չափերի փոփոխության արդյունքում այլևս դիտվում է որպես խոշոր չափի հափշտակություն և որակվում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որի համար որպես պատիժ է նախատեսված ազատազրկում՝ երեքից վեց տարի ժամկետով (ծանր հանցանք)։ Դրա հետ մեկտեղ, արարքի կատարման պահին գործող կարգավորումներով խոշոր չափ համարվող գույքի կողոպուտը որակվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասով, որի համար որպես պատիժ էր նախատեսված՝ տուգանք կամ ազատազրկում` երեքից հինգ տարի ժամկետով (միջին ծանրության հանցանք), որն ավելի մեղմ է, քան ՀՀ գործող քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան։ Տվյալ դեպքում, պարզելու համար, թե անձի արարքը պետք է որակվի ՀՀ նախկին, թե գործող քրեական օրենսգրքով, անհրաժեշտ է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի դիսպոզիցիան և սանկցիան համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի դիսպոզիցիայի և սանկցիայի հետ, որի համեմատությունից էլ պարզ է դառնում, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան ավելի մեղմ է, քան ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիան։ Հետևաբար, տվյալ պարագայում 4.000.000 (չորս միլիոն) ՀՀ դրամի կողոպուտը պետք է որակվի և անձի նկատմամբ պատիժ նշանակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասով։
Թեև խոշոր չափի կողոպուտը ՀՀ նախկին քրեական օրենսգրքով ավելի մեղմ էր պատժվում և համարվում էր միջին ծանրության հանցանք, իսկ ՀՀ գործող քրեական օրենսգրքով ավելի խիստ է պատժվում և համարվում է ծանր հանցանք, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ տվյալ դեպքում անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների պահպանմամբ որակման ենթակա՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի համեմատությունը։
12. Վերոգրյալի հետ փոխկապակցված հարկ է նկատել, որ պատժի մեղմացման հետևանքով արարքը նոր օրենսդրության համապատասխան հոդվածով որակվելու դեպքում կարող է փոխվել նաև հանցանքի ծանրության տեսակը՝ մասնավորապես, հանցանքի կատարման պահին գործող օրենսդրությամբ ծանր հանցանք համարվող արարքը նոր ընդունված քրեական օրենսդրությամբ կարող է դասվել միջին ծանրության հանցանքների շարքին։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում քննարկել վերագրվող արարքի ծանրության տեսակի փոփոխման իրավական հետևանքները և հատկապես վերլուծության ենթարկել անձին մեղսագրվող արարքի՝ նոր ընդունված օրենքի կիրառման արդյունքում ծանրության տեսակը փոփոխվելու դեպքում վաղեմության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու ժամկետների կիրառելիության հարցը:
Այս համատեքստում հարկ է նկատել, որ վերագրվող արարքի ծանրության տեսակի փոփոխությունը դեռևս չի նշանակում, որ հանցանքը կատարած անձի համար վաղեմության ժամկետի տեսանկյունից տեղի է ունեցել բարելավում։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման տեսանկյունից քրեական նոր օրենքով անձին մեղսագրված հանցանքի տեսակի փոփոխությունն ինքնին չի կարող հետադարձ ներգործություն ունենալ, այսինքն, այս հարցի շրջանակներում օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու ինքնուրույն ցուցիչ չէ, և տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների բարենպաստ լինելու մասին կարելի է խոսել բացառապես քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտը կանոնակարգող՝ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի ընդհանուր նորմերի հետ համադրված գնահատելու պարագայում։ Ուստի, պարզելու համար, թե համապատասխանեցման արդյունքում անձին վերագրվող հանցանքի տեսակի փոփոխությունն արդյո՞ք քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից բարելավում է ենթադրյալ հանցանք կատարած անձի վիճակը, անհրաժեշտ է համադրված ուսումնասիրել երկու քրեական օրենսգրքերի վերաբերելի դրույթները։
13. Վերոգրյալի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում համադրված քննարկել օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանցանքի տեսակի և վաղեմության ժամկետների փոփոխության հետևյալ իրավիճակները.
ա) արարքի (հանցանքի) թե՛ ծանրության աստիճանը, թե՛ այդ արարքի համար սահմանված վաղեմության ժամկետները խստանում են․
Այս դեպքում, անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ տալու արգելքի ուժով կիրառելի են և՛ հանցանքի տեսակի, և՛ վաղեմության ժամկետի վերաբերյալ հանցանքի կատարման պահին գործող կարգավորումները։
բ) արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը խստանում է, իսկ այդ արարքի համար սահմանված վաղեմության ժամկետները չեն փոփոխվում․
Այս դեպքում ևս կիրառելի են և հանցանքի տեսակի, և վաղեմության ժամկետի վերաբերյալ հանցանքի կատարման պահին գործող կարգավորումները։
գ) արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված վաղեմության ժամկետը՝ կրճատվում․
Այս դեպքում, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնի համաձայն՝ կիրառելի են՛ և հանցանքի տեսակի, և՛ վաղեմության ժամկետի վերաբերյալ նոր կարգավորումները։
դ) արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը չի փոփոխվում, իսկ այդ արարքի համար սահմանված վաղեմության ժամկետը երկարում է․
Օրինակ, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանր հանցանք համարվող արարքի համար պատիժ էր նախատեսվում ազատազրկում՝ հինգից տասը տարի ժամկետով։ Օրենսդրական փոփոխությունների արդյունքում այդ արարքի համար սահմանված սանկցիան մեղմացել է՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասով պատիժ է նախատեսվում ազատազրկում՝ չորսից ութ տարի ժամկետով։ Միևնույն ժամանակ, նոր օրենքով դարձյալ ծանր համարվող այդ արարքի վաղեմության ժամկետը նախկին օրենքով սահմանված տասը տարուց դարձել է տասնհինգ տարի։ Այս դեպքում կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված՝ պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը։ Հետևաբար, տվյալ պարագայում կիրառելի է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասը և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված՝ տասը տարվա վաղեմության ժամկետը։
ե) արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված վաղեմության ժամկետը չի փոփոխվում․
Այս դեպքում օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք։ Միևնույն ժամանակ, արդեն միջին ծանրության հանցանք համարվող այդ նույն արարքի վաղեմության ժամկետը նոր օրենքով չի փոփոխվել և ՀՀ նախկին քրեական օրենսգրքով ծանր հանցանքի համար նախատեսված վաղեմության ժամկետի պես, տասը տարի է։ Հետևաբար, այս դեպքում ևս կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։
Քրեական օրենքի հետադարձության կանոնների համաձայն՝ տվյալ իրավիճակում նախկին օրենքով ծանր հանցագործության համար նախատեսված քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը համեմատելով նոր օրենքով միջին ծանրության հանցանքի համար սահմանված վաղեմության ժամկետի հետ, կարող ենք արձանագրել, որ թեև հանցանքի տեսակը մեղմացել է, սակայն վաղեմության ժամկետները մնացել են անփոփոխ։ Հետևաբար, շարունակում է գործել տվյալ արարքի համար վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու տասնամյա ժամկետը։
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ տվյալ դեպքում անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ։
Նման համեմատությունը սկզբունքորեն չի համապատասխանի ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնի էությանն ու նշանակությանը:
Հակառակ մոտեցումը հանգեցնում է այնպիսի իրավիճակի, որ արարքի կատարման պահին ծանր հանցագործություն համարվող արարքի պարագայում անձի նկատմամբ կիրառվում է արարքի կատարման պահին միջին ծանրության հանցանքի համար նախատեսված կարգավորումը, որը որևէ պարագայում կիրառելի չէր։
13.1. Որպես այս մոտեցման մասնավոր դրսևորում կարելի է դիտարկել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքն անձին մեղսագրված լինելու դեպքը։ Այսպես՝ նշված հանցանքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի էր։ ՀՀ գործող քրեական օրենսդրությամբ հանցավոր այդ արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդհանուր մասում՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու կարգն ամրագրող 83-րդ հոդվածում սահմանել է, որ միջին ծանրության հանցանքի դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել է տասը տարի։
Ուստի, ստացվում է, որ առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառությունը գործող քրեական օրենսգրքով թեև դասվել է միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի տեսանկյունից երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը, ըստ որի՝ առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքի կատարման պահից անցել է տասը տարի։ Վերոգրյալից հետևում է, որ գործող քրեական օրենսդրությամբ հանցանքի տեսակի փոփոխությունը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների տեսանկյունից անձի համար որևէ բարենպաստ հետևանք չի առաջացնում, քանզի վաղեմության ժամկետի առումով քրեական օրենսդրության նախկին և ներկա կարգավորումները նույնական են։ Այլ խոսքով՝ առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության հանցանքի տեսակի փոփոխության հետևանքով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը, նախկին օրենսգրքի համեմատ, փոփոխությունների չի ենթարկվել։ Քննարկվող դեպքում, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը ենթակա է լուծման՝ տվյալ արարքի համար դրա կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվառմամբ։
Ընդ որում, ՀՀ գործող քրեական օրենսգրքով հանցանքի տեսակի փոփոխությունը հիմքում դնելու և բացառապես դրա ուժով ՀՀ նախկին քրեական օրենսգրքով միջին ծանրության հանցանքի համար նախատեսված վաղեմության ժամկետը կիրառելու պարագայում ստացվում է, որ անձը հինգ տարի անց ենթակա չէ քրեական պատասխանատվության՝ այն դեպքում, երբ առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար երկու օրենսդրությամբ էլ նախատեսված է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության տասը տարվա ժամկետ։
14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- ամբաստանյալ Խ.Պետրոսյանին վերագրվել է առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության փորձ, իսկ ամբաստանյալ Հ.Շանոյանին՝ նրան օժանդակելը։ Մեղադրական եզրակացությամբ վերագրվող արարքները որակվել են դրանք կատարելու պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի՝ համապատասխանաբար 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով8,
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալներ Խ.Պետրոսյանին և Հ.Շանոյանին վերագրվող ենթադրյալ արարքները համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-396-րդ հոդվածի 3-րդ մասին և 46-44-396-րդ հոդվածի 3-րդ մասին, որոնք նույն օրենսգրքի համաձայն, համարվում են միջին ծանրության հանցագործություններ։ Արդյունքում, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները ենթակա են հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ միջին ծանրության հանցագործությունների համար սահմանված վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով9,
- Վերաքննիչ դատարանը ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի համապատասխան իրավակարգավորումները զուգակցված կիրառելու հնարավորությունը պայմանավորել է այն հանգամանքով, որ համապատասխանեցման արդյունքում ամբաստանյալներին վերագրվող արարքները համարվում են միջին ծանրության հանցագործություններ՝ դրանից բխող բոլոր քրեաիրավական հետևանքներով, այդ թվում՝ միջին ծանրության հանցանքների վերաբերյալ վաղեմության ժամկետների օրենսդրական կարգավորումներից բխող10։
15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-13.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալներին վերագրվող՝ առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ենթադրյալ ապօրինի շրջանառության փորձը և դրա օժանդակությունը ՀՀ գործող քրեական օրենսգրքով թեև դասվել են միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելը կանոնակարգող նորմերի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրական այդ փոփոխությունը Խ.Պետրոսյանի և Հ.Շանոյանի համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետևանքներ չի առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը. վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է տասը տարի։ Այլ կերպ, թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսդրությունները թույլ են տալիս Խ.Պետրոսյանին և Հ.Շանոյանին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով ազատել քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելու օրվանից անցել է տասը տարի։
Մինչդեռ ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ վերագրվող ենթադրյալ արարքները կատարելուց շուրջ յոթ տարի անց ամբաստանյալներ Խ.Պետրոսյանը և Հ.Շանոյանն ազատվել են քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ, և՛ վերագրվող ենթադրյալ արարքների կատարման ժամանակ, և՛ գործող քրեական օրենքի համաձայն, նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ տվյալ դեպքում առկա է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավիճակը։
16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների հետևությունն առ այն, որ ամբաստանյալներ Խ.Պետրոսյանի և Հ.Շանոյանի նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը լուծելիս վաղեմության ժամկետը ենթակա է հաշվարկման արարքի կատարման պահին գործող՝ միջին ծանրության հանցագործությունների վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնով, իրավաչափ չէ։
17. Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից սույն որոշման 5.1-ին կետում նշված դատողությանը, ապա Վճռաբեկ դատարանն այն հիմնավոր չի համարում, հիմք ընդունելով Միշա Մուրադյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումները11։ Բացի այդ, բողոքաբերի այդ փաստարկը սույն գործով ընդունելի չէ նաև այն պատճառաբանությամբ, որ նոր ընդունված քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների առումով ամբաստանյալներ Խ.Պետրոսյանի և Հ.Շանոյանի համար առավել բարենպաստ պայմաններ չեն նախատեսվել։
18. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու հիմք է։ Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պաշտպաններ Ի․Ավագյանի և Վ․Գևորգյանի միջնորդությունները պետք է մերժել։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Խաչատուր Արարատի Պետրոսյանի և Հասմիկ Հենրիկի Շանոյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 27-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մայիսի 26-ի որոշումը բեկանել և պաշտպաններ Ի․Ավագյանի ու Վ․Գևորգյանի միջնորդությունները մերժել։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
________________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 1-21։
2 Տե՛ս նույն տեղում։
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 26-35։
4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 49-61։
5 Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2011 թվականի նոյեմբերի 29-ի թիվ ՍԴՈ-1000 որոշումը։
6 Տե՛ս, mutatis mutandis, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը։
7 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Վանիկ Առուստամյանի գործով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշումը։
8 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։
10 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
11 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Միշա Մուրադյանի գործով 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԵԴ/1424/01/21 որոշման 16-20-րդ կետերը։
Նախագահող` Դատավորներ` Հ. Ասատրյան Լ. Թադևոսյան Ա. Պողոսյան Ս. Օհանյան
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: