Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.03.03-2025.03.16 Պաշտոնական հրապարակման օրը 18.02.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.12.2024
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Կոտայքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր Ա․ Կարապետյան

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

ԼԴ/0211/01/21

նախագահող դատավոր՝

 Լ. Ալավերդյան

դատավորներ՝

 Գ. Հովհաննիսյան

 Կ. Հովհաննիսյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ավետիսյանի

 

Հ. Գրիգորյանի

Լ. Թադևոսյանի

20 դեկտեմբերի 2024 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 5-ի որոշման դեմ տուժող Սիրանուշ Սարգսի Գուլքանյանի ներկայացուցիչ Ա.Ղազարյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան) 2024 թվականի մարտի 19-ի դատավճռով Նոնա Սասունի Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով։

ՆՀակոբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Նույն դատավճռով որոշվել է տուժող և քաղաքացիական հայցվոր Սիրանուշ Սարգսի Գուլքանյանի քաղաքացիական հայցը բավարարել՝ ամբաստանյալ Ն.Հակոբյանից հօգուտ Ս.Գուլքանյանի բռնագանձել 13.500 (տասներեք հազար հինգ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք 6.461.307 ՀՀ դրամ՝ որպես հանցագործության հետևանքով անմիջականորեն պատճառված վնասի հատուցում:

2ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2024 թվականի հունիսի 21-ի որոշմամբ տուժող Ս.Գուլքանյանի և նրա ներկայացուցիչ Ա.Ղազարյանի վերաքննիչ բողոքները վերադարձվել են՝ թերությունը շտկելու և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու համար:

Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունիսի 21-ի որոշմամբ ամբաստանյալ Ն.Հակոբյանի պաշտպան Տ.Մկոյանի վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել։

Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ տուժող Ս.Գուլքանյանի և նրա ներկայացուցիչ Ա.Ղազարյանի վերաքննիչ բողոքները թողնվել են առանց քննության՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով։

3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ տուժող Ս.Գուլքանյանի ներկայացուցիչ Ա.Ղազարյանը հատուկ վերանայման վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

4. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ, 355-րդ, 363-րդ, 366-րդ հոդվածների, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2015 թվականի մարտի 3-ի թիվ ՍԴՈ-1192 որոշման պահանջները:

Բողոքաբերը նշել է, որ վերաքննիչ բողոքներն ուղարկվել են էլեկտրոնային տարբերակով՝ էլեկտրոնային փոստի միջոցով, սակայն Վերաքննիչ դատարանը բողոքները վերադարձրել է՝ որպես թերություն մատնանշելով այն, որ բողոքները ներկայացվել են միայն էլեկտրոնային տարբերակով։ Ուստի բողոքաբերի համար պարզ չէ, թե Վերաքննիչ դատարանն ինչն է համարել բողոքի ներկայացման պայմանների չպահպանում, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումից բխում է, որ բողոքը կարող է ներկայացվել կամ էլեկտրոնային կրիչով, կամ էլեկտրոնային տարբերակով։

Ըստ բողոքաբերի՝ այն դեպքում, երբ բողոքը ներկայացվում է էլեկտրոնային տարբերակով՝ էլեկտրոնային փոստի միջոցով, բողոքի էլեկտրոնային կրիչն ուղարկել չի պահանջվում, այլապես իմաստ չէր ունենա բողոքն էլեկտրոնային փոստով ուղարկելը, եթե պետք է դրանից հետո դրա բաղկացուցիչ մասն ուղարկելու համար փոստային բաժանմունքի միջոցով ծրարով նամակ ուղարկել։

Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը եկել է հետևության, որ բողոքները վերադարձնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումներն իրավաչափ չեն, և դրանցով խախտվել են իր և տուժող Ս.Գուլքանյանի իրավունքները, ուստի կրկին բողոք չի ներկայացրել։

Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, մեջբերելով ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1192 որոշումը, այն սխալ է մեկնաբանել՝ համարելով, որ բոլոր դեպքերում պետք է ներկայացվի էլեկտրոնային կրիչ, սակայն մեջբերվածն այն մասին է, որ թույլ է տալիս անձին բողոքի էլեկտրոնային տարբերակը ներկայացնել նաև էլեկտրոնային փոստի միջոցով, ինչը և լեզվական առումով, և իրավական առումով նշանակում է, որ անձն իրավունք ունի որոշելու՝ բողոքը ներկայացնել կամ կրիչով, կամ էլեկտրոնային փոստով, իսկ բողոքը երկու ձևով ուղարկելու պարտականություն անձը չունի:

5. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 5-ի որոշումը՝ կայացնելով դրան փոխարինող դատական ակտ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6 Տուժող Ս.Գուլքանյանը և նրա ներկայացուցիչ Ա.Ղազարյանը Վերաքննիչ դատարան են ներկայացրել վերաքննիչ բողոքներ՝ էլեկտրոնային փոստի միջոցով, առանց էլեկտրոնային ստորագրության1։

7Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքները վերադարձնելու մասին 2024 թվականի հունիսի 21-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը«(․․․) Ուսումնասիրելով Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի մարտի 19-ի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Բողոքաբերները բողոքները ներկայացրել են միայն էլեկտրոնային տարբերակով, ինչը քրեադատավարական փոփոխված կանոնակարգումների և ՀՀ սահմանադրական դատարանի վկայակոչված իրավական դիրքորոշման շրջանակներում բավարար չէ արձանագրելու, որ պահպանված է 2024 թվականի հունվարի 16-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-32-Ն օրենքի 21-րդ հոդվածի պահանջը։

Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև անձի՝ իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Բողոքաբերների կողմից թույլ տրված խախտումը շտկելու իրավական ողջամիտ հնարավորությունն առկա է, և անհրաժեշտ է Բողոքաբերների վերաքննիչ բողոքները վերադարձնել՝ վերջիններիս տրամադրելով հինգ օր ժամկետ՝ վերացնելու սույն որոշմամբ արձանագրված վերաքննիչ բողոքներին վերաբերող խախտումը և դատարան ներկայացնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին բավարարող բողոք (․․․2։

8 Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքներն առանց քննության թողնելու մասին 2024 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը «(․․․) Վերոգրյալի լույսի ներքո գնահատելով վերաքննիչ բողոքների՝ քննության ենթակա լինելու կապակցությամբ էական նշանակություն ունեցող հանգամանքները՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ներկայացված բողոքները վերադարձնելուց հետո Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունիսի 21-ի որոշմամբ սահմանված ժամկետում դրանք չե՛ն համապատասխանեցվել և վերստին չե՛ն ներկայացվել ՀՀ վերաքննիչ դատարան։

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տուժող Ս.Գուլքանյանի ներկայացուցիչ Ա.Ղազարյանի և տուժող Ս.Գուլքանյանի վերաքննիչ բողոքները պետք է թողնել առանց քննության՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով (․․․3։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք իրավաչափ է Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքներն առանց քննության թողնելու մասին 2024 թվականի օգոստոսի 5-ի որոշումը։

10 ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»։

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»։

11ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 355-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատական վերանայման բողոքը պետք է բովանդակի`

(․․․)

7) բողոք ներկայացնող անձի անունը, ազգանունը և ստորագրությունը։

2. Բողոքին կցվում է բողոքի պատճենը դատական ակտը կայացրած դատարան ուղարկված լինելը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի համաձայն՝ «1. Վերաքննիչ դատարանի որոշմամբ բողոքը, համապատասխան թերությունները մատնանշելով և հինգից տասն օր ժամկետ տրամադրելով, վերադարձվում է, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված պահանջներին:

2. Վերաքննիչ դատարանի որոշմամբ բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝

1) բողոքը վերաքննիչ դատարանի սահմանած ժամկետում չի համապատասխանեցվել սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված պահանջներին. (․․․)»։

11Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչը հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով4։

12Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման: ՀՀ Սահմանադրական դատարանը գտել է, որ վճռաբեկ բողոքին կից բողոքի էլեկտրոնային տարբերակը ներկայացնելու պահանջն ինքնին չի արգելափակում անձի` դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման պահանջով անձի վրա չի դրվում օբյեկտիվ իրականության մեջ առկա հնարավորությունների հաշվառմամբ անիրագործելի և Սահմանադրության արժեբանությանը հակասող վարքագիծ դրսևորելու պարտականություն, հետևաբար` այն չի հանգեցնում նաև իրավունքի էության խախտման:

Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրել է, որ ո´չ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով, ո´չ որևէ այլ իրավական ակտով նախատեսված չեն բողոքի էլեկտրոնային տարբերակին ներկայացվող պահանջները (էլեկտրոնային փաստաթղթի ձևավորման չափանիշները, վավերապայմանները, ձևաչափը և այլն): Նման պահանջների բացակայությունը պետք է մեկնաբանվի որպես բողոքաբերի իրավունք` ընտրելու էլեկտրոնային եղանակով փաստաթղթեր ներկայացնելու ցանկացած ձևաչափ և ցանկացած չափանիշի ընտրության հնարավորություն:

Սահմանադրական դատարանը նաև արձանագրել է, որ թեպետ վկայակոչված հոդվածով «էլեկտրոնային տարբերակը» հասկացությունը փակագծերի մեջ բացահայտված է որպես «էլեկտրոնային կրիչ», սակայն այս եզրույթները նույնական չեն. առաջինը վերաբերում է վճռաբեկ բողոքի տեքստը պարունակող համակարգչային նիշքին (ֆայլին), որը մատչելի է համակարգչային որևէ ծրագրի, իսկ երկրորդը` այդ տեքստը պահպանելու և փոխանցելու համար պիտանի տեխնիկական սարքին: Սահմանադրական դատարանը կարևորել է այս տարբերակումը, քանի որ բողոքի էլեկտրոնային տարբերակը հնարավոր է ներկայացնել ոչ միայն էլեկտրոնային կրիչի, այլև` էլեկտրոնային փոստի միջոցով։

Ուստի, Սահմանադրական դատարանը գտել է, որ վճռաբեկ բողոքին կից բողոքի էլեկտրոնային տարբերակը ներկայացնելու միասնական չափանիշների բացակայությունը ենթադրում է դիմողի իրավունքը ներկայացնելու բողոքի էլեկտրոնային տարբերակը ցանկացած ձևաչափով և փաստաթղթի ցանկացած ձևավորմամբ թե´ ցանկացած տեսակի էլեկտրոնային կրիչով, թե´ էլեկտրոնային փոստով5:

13ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ «1. Սույն օրենսգրքում օգտագործվող ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը

(․․․)

48) բողոք՝ վարութային ակտի վերաբերյալ գրավոր (թղթային կրիչով` ձեռագիր ստորագրությամբ, կամ էլեկտրոնային կրիչով` էլեկտրոնային ստորագրությամբ) անհամաձայնություն. (․․․)»։

14 Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսել է բողոք ներկայացնելու երկու եղանակ

- թղթային կրիչով՝ ձեռագիր ստորագրությամբ, որին պարտադիր պետք է կցվի բողոքի էլեկտրոնային կրիչը կամ էլեկտրոնային տարբերակը,

- էլեկտրոնային կրիչով կամ էլեկտրոնային տարբերակով (էլեկտրոնային փոստի միջոցով)՝ պարտադիր էլեկտրոնային ստորագրությամբ։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ էլեկտրոնային ստորագրությամբ էլեկտրոնային կրիչով կամ էլեկտրոնային տարբերակով բողոք ներկայացնելու պահանջը անհամարժեքորեն չի սահմանափակում վարույթի մասնակիցների իրավունքները, քանզի օրենսդրությամբ նախատեսված է նաև դրա այլընտրանքը՝ թղթային կրիչով՝ ձեռագիր ստորագրությամբ բողոք ներկայացնելու հնարավորությունը, որին կից ներկայացված բողոքի էլեկտրոնային կրիչին կամ էլեկտրոնային տարբերակին չի ներկայացվում էլեկտրոնային ստորագրության առկայության պահանջ։ Այսինքն էլեկտրոնային ստորագրության առկայությունը պարտադիր է միայն այն դեպքում, երբ բողոքը ներկայացվում է բացառապես էլեկտրոնային կրիչով կամ էլեկտրոնային տարբերակով (էլեկտրոնային փոստի միջոցով)։

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Տուժող Ս.Գուլքանյանը և նրա ներկայացուցիչ Ա.Ղազարյանը վերաքննիչ բողոքները Վերաքննիչ դատարան են ներկայացրել էլեկտրոնային փոստի միջոցով, առանց էլեկտրոնային ստորագրության6։

- Վերաքննիչ դատարանը 2024 թվականի հունիսի 21-ի որոշմամբ վերոնշյալ վերաքննիչ բողոքները վերադարձրել է, որպես թերություն մատնանշելով այն, որ բողոքաբերները բողոքները ներկայացրել են միայն էլեկտրոնային տարբերակով, ինչը քրեադատավարական փոփոխված կանոնակարգումների և ՀՀ Սահմանադրական դատարանի վկայակոչված իրավական դիրքորոշման շրջանակներում բավարար չէ արձանագրելու, որ պահպանված է 2024 թվականի հունվարի 16-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-32-Ն օրենքի 21-րդ հոդվածի պահանջը7։

- Վերաքննիչ դատարանը 2024 թվականի օգոստոսի 5-ի որոշմամբ վերոնշյալ բողոքները թողել է առանց քննության՝ նշելով, որ ներկայացված բողոքները վերադարձնելուց հետո դրանք Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հունիսի 21-ի որոշմամբ սահմանված ժամկետում չեն համապատասխանեցվել և վերստին չեն ներկայացվել Վերաքննիչ դատարան8։

16. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ վերաքննիչ բողոքները վերադարձնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումից պարզ չէ, թե Վերաքննիչ դատարանը որպես թերություն մատնանշելով բողոքները միայն էլեկտրոնային տարբերակով ներկայացնելը, ի՞նչ է նկատի ունեցել՝ բողոքները նաև փաստաթղթային տարբերակով չներկայացնելը, թե էլեկտրոնային տարբերակին զուգահեռ նաև էլեկտրոնային կրիչով չներկայացնելը, որով խախտվել է իրավական որոշակիության սկզբունքը, քանզի Վերաքննիչ դատարանի փաստարկների բավարար չափով որոշակի չլինելու պատճառով, բողոքաբերներին հնարավորություն չի ընձեռվել շտկել բողոքներում առկա թերությունները և բողոքները կրկին ներկայացնել։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ առկա էր վերաքննիչ բողոքները վերադարձնելու մեկ այլ հիմք՝ բողոքները ներկայացվել էին էլեկտրոնային տարբերակով (էլեկտրոնային փոստի միջոցով)՝ առանց էլեկտրոնային ստորագրության։ Մինչդեռ, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի՝ բողոք պետք է ներկայացվի կամ թղթային կրիչով՝ ձեռագիր ստորագրությամբ, կամ էլեկտրոնային կրիչով՝ էլեկտրոնային ստորագրությամբ։ Ուստի խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված պահանջը։

17Վճռաբեկ դատարանը նաև հարկ է համարում արձանագրել, որ այն դեպքում, երբ բողոքը համապատասխան թերությունները մատնանշելով վերադարձվում է և կրկին չի ներկայացվում, Վերաքննիչ դատարանը չի կարող բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնել, քանզի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի կարգավորումից բխում է, որ բողոքն առանց քննության է թողնվում, երբ

- բողոքը սահմանված ժամկետում ներկայացվում է, սակայն բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ արձանագրված թերությունները չեն վերացվում,

- բողոքը ներակայացվում է, սակայն ոչ սահմանված ժամկետում։

Այսինքն, վերոնշյալ հիմքով բողոքն առանց քննության թողնելու պարտադիր նախապայման է կրկին ներկայացված բողոքի առկայությունը։

Սույն դեպքում տուժող Ս.Գուլքանյանի և նրա ներկայացուցիչ Ա.Ղազարյանի վերաքննիչ բողոքները վերադարձվելուց հետո նրանց կողմից կրկին բողոք չի ներկայացվել, ուստի Վերաքննիչ դատարանն իրավասու չէր բողոքաբերներին վերադարձված բողոքներն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնել։

18. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքներն առանց քննության թողնելու մասին 2024 թվականի օգոստոսի 5-ի որոշումն իրավաչափ չէ։

19. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, այն է՝ խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի պահանջը, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 5-ի որոշումը բեկանելու և վարույթը Վերաքննիչ դատարան` նոր քննության փոխանցելու համար։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է հանգի համապատասխան հետևության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ, 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Տուժող Սիրանուշ Սարգսի Գուլքանյանի և նրա ներկայացուցիչ Ա.Ղազարյանի վերաքննիչ բողոքներն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 5-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

__________________________________

1 Տե՛ս նյութեր, հավելված, թերթեր 58-61, 65-68:

2 Տե՛ս նյութեր, հավելված, թերթեր 86-90։

3 Տե՛ս նյութեր, հավելված, թերթեր 116-119։

4 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռները:

5 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2015 թվականի մարտի 3-ի թիվ ՍԴՈ-1192 որոշումը։

6 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

7 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

Հ. Գրիգորյան

Լ. Թադևոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 փետրվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան