ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2023 թվականի |
թիվ 57 |
քաղ. Մոսկվա |
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ, ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԵՎ ԶՈՈՆՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՋԱԽՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԱԽՏՈՐՈՇՄԱՆ, ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԵԳԻՈՆԱԼԱՑՄԱՆ ՈՒ ԿՈՄՊԱՐՏՄԵՆՏԱԼԱՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությանը և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 54-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 79 որոշմամբ հաստատված՝ Կենդանիների առանձնապես վտանգավոր, կարանտինային և զոոնոզ հիվանդությունների օջախների կանխարգելման, ախտորոշման, տեղայնացման ու վերացման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության և ռեգիոնալացման ու կոմպարտմենտալացման անցկացման իրականացման կարգում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսականհանձնաժողովի խորհրդի 2023 թվականի մայիսի 22-ի թիվ 57 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
կենդանիների առանձնապես վտանգավոր, կարանտինային և զոոնոզ հիվանդությունների օջախների կանխարգելման, ախտորոշման, տեղայնացման ու վերացման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխգործակցության և ռեգիոնալացման ու կոմպարտմենտալացման իրականացման կարգում
Լրացնել հետևյալ բովանդակությամբ IX բաժնով.
«IX. Կենդանիների հիվանդությունների մասով երկրի կարգավիճակի մասին միջազգային անասնահամաճարակային բյուրոյի սերտիֆիկատները ստանալիս լիազորված մարմինների փոխգործակցությունը
63. Կենդանիների հիվանդությունների մասով երկրի կարգավիճակի մասին միջազգային անասնահամաճարակային բյուրոյի սերտիֆիկատն ստանալու անհրաժեշտության մասին որոշում ընդունած անդամ պետության լիազորված մարմինը (այսուհետ՝ համապատասխանաբար՝ ՄԱԲ, սերտիֆիկատ, նախաձեռնող) տեղեկացնում է այդ մասին այլ անդամ պետությունների լիազորված մարմիններին և Հանձնաժողովին։
64. Սույն կարգի 63-րդ կետին համապատասխան ուղարկվող տեղեկատվությունը ներառում է հետևյալ տեղեկությունները՝
ա) այն հիվանդության անվանումը, որի մասով ընդունվել է սերտիֆիկատ ստանալու անհրաժեշտության մասին որոշումը և պատրաստվելու է անդամ պետության համապատասխան դոսյեն
բ) հիվանդության մասով այն կարգավիճակը՝ ՄԱԲ-ի ցամաքային կենդանիների առողջության օրենսգրքի (այսուհետ սույն բաժնում՝ Օրենսգիրք) դասակարգմանը համապատասխան, որն ստանալու համար հավակնում է անդամ պետությունը
գ) ՄԱԲ դիմում ներկայացնելու ենթադրվող ամսաթիվը
դ) կոնկրետ անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) միջոցառումների ցանկը, որոնք պլանավորվում է սահմանել անասնաբուժական հսկողության (վերահսկողության) վերցված այն ապրանքների նկատմամբ, որոնք Միության մաքսային տարածք են ներմուծվում երրորդ երկրներից կամ տեղափոխվում են մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք (այսուհետ՝ անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) միջոցառումներ), և օբյեկտների ցանկը՝ Օրենսգրքի առաջարկություններին համապատասխան (հաշվի առնելով հիվանդության մասով այն կարգավիճակը, որն ստանալու համար հավակնում է անդամ պետությունը)
ե) անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) միջոցառումների սահմանման ենթադրվող ամսաթիվը։
65. Սույն կարգի 64-րդ կետում նշված տեղեկատվությունն ուղարկվում է լիազորված մարմիններ և Հանձնաժողով ոչ ուշ, քան անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) միջոցառումների սահմանման ենթադրվող ամսաթվից առնվազն 6 ամիս առաջ։
66. Անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) միջոցառումները չպետք է հանգեցնեն անդամ պետությունների փոխադարձ առևտրում արգելքների և սահմանափակումների կիրառմանը (բացառությամբ Օրենսգրքով առաջարկված այն արգելքների և սահմանափակումների, որոնք անհրաժեշտ են հիվանդության մասով այն կարգավիճակն ստանալու համար, որն ստանալու համար հավակնում է անդամ պետությունը):
Անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) միջոցառումները գործում են անդամ պետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին շրջաններում, որոնց նկատմամբ նախաձեռնողի կողմից ընդունվել է սերտիֆիկատ ստանալու անհրաժեշտության մասին որոշում, ինչպես նաև հաշվի առնելով անդամ պետության (անդամ պետության ամբողջ տարածքը կամ դրա առանձին շրջանները) մոտ համապատասխան հիվանդության մասով կարգավիճակի առկայությունը (բացակայությունը), որի նկատմամբ սահմանվում են անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) միջոցառումներ:
Անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) միջոցառումների՝ Օրենսգրքի առաջարկություններին համապատասխանության մասով անհամաձայնության դեպքում, լիազորված մարմիններն իրավունք ունեն դիմելու Հանձնաժողով՝ լիազորված մարմինների ղեկավարների (ղեկավարների տեղակալների) մասնակցությամբ բանակցություններ անցկացնելու առաջարկով։ Հանձնաժողովը կազմակերպում է բանակցությունների անցկացում՝ համապատասխան դիմումն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Բանակցությունների ընթացքում նախաձեռնողը և մյուս լիազորված մարմինները ձգտում են անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) միջոցառումների սահմանման փոխընդունելի պայմանների համաձայնեցմանը՝ անդամ պետությունների միջև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) վերցված ապրանքները տեղափոխելիս բարդությունները նվազագույնի հասցնելու նպատակով։ Ընդ որում, համաձայնեցված պայմանները չպետք է խախտեն սերտիֆիկատն ստանալու համար անհրաժեշտ՝ Օրենսգրքի պարտադիր պահանջները։
Եթե լիազորված մարմինների կողմից անցկացված բանակցությունների արդյունքներով առանձին հարցերի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, ապա նախաձեռնողը և (կամ) մյուս լիազորված մարմինները կարող են դիմել ՄԱԲ-ին՝ ՄԱԲ-ի ներքին ընթացակարգին համապատասխան վիճելի հարցերը կարգավորելու նպատակով։
Եթե ՄԱԲ-ին դիմելու արդյունքներով հայտնաբերվի անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) միջոցառումների՝ Օրենսգրքի առաջարկություններին անհամապատասխանություն, ապա այդ միջոցառումները պետք է շտկվեն այդ անհամապատասխանությունը հայտնաբերելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Եթե լիազորված մարմիններից անկախ պատճառներով ՄԱԲ-ի հետ խորհրդակցությունները չեն սկսվել կամ սկսվել, սակայն չեն ավարտվել, իսկ անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) միջոցառումները սահմանված են, ապա դրանք պետք է շտկվեն ՄԱԲ-ի հետ խորհրդակցությունների արդյունքում դրանց անհամապատասխանությունը հայտնաբերվելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։
67. Անդամ պետությունների լիազորված մարմինները, որոնք չունեն հիվանդության մասով այն կարգավիճակը, որն ստանալու համար հավակնում է նախաձեռնողի պետությունը, կարող են նախաձեռնողից պահանջել գիտական, մեթոդական և տեխնիկական օգնություն ցուցաբերելու նպատակով խորհրդակցությունների անցկացում։
Նշված խորհրդակցություններն անցկացվում են ՄԱԲ դիմում ներկայացնելու ընթացակարգի կամ սերտիֆիկատ ստանալու հետ կապված փորձի փոխանակման նպատակով։
68. Հանձնաժողովն իրականացնում է անդամ պետությունների կողմից սերտիֆիկատն ստանալու հարցերով լիազորված մարմինների փոխգործակցության համակարգումն ու դրանց մատուցում է խորհրդատվական օգնություն (անհրաժեշտության դեպքում)։
69. Սերտիֆիկատ ստացած անդամ պետությունների լիազորված մարմինները՝
ա) տեղեկացնում են այլ անդամ պետությունների լիազորված մարմիններին և Հանձնաժողովին սերտիֆիկատն ստանալու մասին ոչ ուշ, քան սերտիֆիկատն ստանալու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում
բ) սահմանում են անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) միջոցառումներ, որոնք ուղղված են սերտիֆիկատն ստանալուց հետո հիվանդության մասով երկրի կարգավիճակը պահպանելուն (հաշվի առնելով Օրենսգրքի առաջարկությունները)
գ) տեղեկացնում են այլ անդամ պետությունների լիազորված մարմիններին և Հանձնաժողովին սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու մասին՝ նշելով այդ կասեցման պատճառներն ոչ ուշ, քան ՄԱԲ-ի կողմից համապատասխան որոշումն ընդունվելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում։
70. Սերտիֆիկատի գործողության վերականգմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են Օրենսգրքին համապատասխան։
71. Անդամ պետության մոտ գործող սերտիֆիկատների առկայության մասին տեղեկատվությունը հրապարակվում է «Ինտերնետ» տեղեկատվական-հաղորդակցական ցանցի լիազորված մարմնի պաշտոնական կայքում ռուսերենով և անդամ պետության պետական լեզվով, ինչպես նաև Միության պաշտոնական կայքում՝ ռուսերենով»։»
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական: