ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի 2023 թվականի N 1314-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1703-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1703-Ն որոշման 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ա) «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակն առանց ծնողական խնամքի մնացած ծանր սահմանափակ կարողություններ ունեցող՝ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող՝ 0-18 տարեկան երեխաների շուրջօրյա լրիվ խնամքի, երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով (մինչև երեխայի՝ կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորվելը, այլընտրանքային խնամքի կազմակերպումը կամ որդեգրումը) կացարանով ապահովումն է։ «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան կազմակերպությունում խնամվող երեխաների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, սննդով, հագուստով, սպիտակեղենով, կոշկեղենով, անկողնային և անձնական հիգիենայի պարագաներով ապահովումն է, նրանց սոցիալ-հոգեբանական օգնության, առաջնային բժշկական օգնության և սպասարկման, իրավական խորհրդատվության տրամադրման, աջակցող միջոցներով ապահովման, բժշկասոցիալական փորձաքննության կամ ֆունկցիոնալության գնահատման, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղղորդման, աշխատանքային թերապիայի (16 տարեկանից բարձր երեխաների համար), ուսումնադաստիարակչական ծառայությունների, ազատ ժամանցի և սոցիալական ներառմանն ուղղված՝ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների իրավունքների պաշտպանության մասին», «Երեխայի իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված այլ միջոցառումների կազմակերպումն է.
բ) «Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին ջրային թերապիայի վճարովի ծառայությունների տրամադրում.»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
03.08.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2023 թվական: