ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
11 փետրվարի 2025 թ. |
2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՆԿՈՆԳԻ ՀԱՏՈՒԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՆ ՈՒ ՇՐՋԱՆՑԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Ե. Խունդկարյանի, Հ․ Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս․ Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
Կառավարության ներկայացուցիչ` Ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Պողոսյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2024 թվականի հունիսի 24-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագրով ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1957-Ա որոշմամբ հավանություն է տվել «2024 թվականի հունիսի 24-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է՝ կողմերի տնտեսական հարաբերությունները զարգացնելու և հարկային ոլորտում համագործակցությունն ընդլայնելու նպատակով:
2. Համաձայնագիրն ունի արձանագրություն, որի դրույթները կազմում են դրա անբաժանելի մասը:
3. Դիմումին կից ներկայացված՝ Համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ հիմնավորման համաձայն՝ Համաձայնագրի վավերացումը հնարավորություն կտա զարգացնելու Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի միջև ապրանքների և ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը:
Արտաքին գործերի նախարարության՝ Համաձայնագրի վավերացման կամ հաստատման արտաքին քաղաքական նպատակահարմարության վերաբերյալ եզրակացության համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական Շրջանի միջև անցյալ երեք տասնամյակների ընթացքում ձևավորվել են առևտրատնտեսական, զբոսաշրջային և մշակութային բնույթի որոշակի կապեր: Ըստ ՀՀ վիճակագրական ծառայության տվյալների՝ 2023թ. Հայաստանի Հանրապետության և Հոնկոնգի միջև առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 855 մլն. ԱՄՆ դոլար: 2013թ.-ից Հոնկոնգում գործում է «Չինաստանի հայ համայնք» անվանումը կրող համայնքային կառույցը և «Ջեք և Ջուլի Մաքսյանների Հոնկոնգի հայկական կենտրոնը»: 2019թ. մարտի 3-ից ՀՀ և ՉԺՀ Հոնկոնգ ՀՎՇ միջև գործում է առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ՝ 180 օր Հոնկոնգ ՀՎՇ անձնագրեր կրողների և 30 օր՝ ՀՀ քաղաքացիների համար:
Միաժամանակ, ՀՀ և Հոնկոնգ ՀՎՇ-ի միջև հարաբերությունները պետք է դիտարկվեն նաև ավելի լայն՝ ՀՀ-ՉԺՀ փոխհարաբերությունների համատեքստում: Չինաստանի հետ համագործակցության զարգացումը ՀՀ կառավարության արտաքին քաղաքական առաջնայնությունների շարքում է»:
4. Համաձայնագրի 27-րդ հոդվածի համաձայն՝ Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցում է մյուսին Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար իր ներպետական օրենսդրության համաձայն անհրաժեշտ ընթացակարգերի կատարման մասին: Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում նշված ծանուցագրերից վերջինի ստացման ամսաթվից:
2024 թվականի հուլիսի 26-ի դրությամբ չինական կողմից չի ստացվել ծանուցում՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
5. Համաձայնագրի նպատակներով՝ այն սուբյեկտի կողմից կամ այն կարգավորման միջոցով ստացված եկամուտը, որը Պայմանավորվող կողմերից մեկի հարկային իրավունքով դիտարկվում է որպես ֆինանսապես ամբողջովին կամ մասամբ թափանցիկ, համարվում է Պայմանավորվող կողմի ռեզիդենտի եկամուտ, սակայն միայն այնքանով, որքանով այդ եկամուտը այդ Պայմանավորվող կողմի կողմից հարկման նպատակներով ընկալվում է որպես այդ Կողմի ռեզիդենտի եկամուտ:
6. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է համարվում ցանկացած անձ, որն իր մշտական բնակության, բնակության, գրանցման, կառավարման վայրի կամ նման բնույթի որևէ այլ չափանիշով ենթակա է հարկման Հայաստանի օրենքներին համապատասխան: Այս եզրույթը, սակայն, չի կիրառվում որևէ անձի դեպքում, որը Հայաստանում ենթակա է հարկման միայն հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից:
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է համարվում նաև Կառավարությունը և ցանկացած տեղական իշխանություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված կենսաթոշակային ֆոնդը:
7. Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, Համաձայնագրով ստանձնում է, մասնավորապես, ներքոնշյալ պարտավորությունները.
7.1. կիրառել Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության անունից սահմանված՝ եկամուտներից գանձվող հարկերի նկատմամբ՝ անկախ դրանց գանձման եղանակից, մասնավորապես՝ շահութահարկի և եկամտահարկի նկատմամբ (հոդված 2, կետ 1 և 3-րդ կետի «բ» ենթակետ).
7.2. Համաձայնագիրը կիրառել նաև նմանատիպ կամ էապես նման ցանկացած հարկի նկատմամբ, որը կսահմանվի Համաձայնագրի ստորագրման օրվանից հետո՝ ի լրումն գործող հարկերի կամ դրանց փոխարեն, և ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները հոնկոնգյան կողմի իրավասու մարմիններին տեղեկացնեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությունում կատարված ցանկացած էական փոփոխության մասին (հոդված 2, կետ 4).
7.3. Հայաստանի Հանրապետության ձեռնարկության շահույթը հարկել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում, բացառությամբ այն դեպքերի, երբ ձեռնարկությունը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի տարածքում՝ այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով (հոդված 7, կետ 1).
7.4. մշտական հաստատությանը վերագրվող հարկման ենթակա շահույթը որոշել այն ընդունված համամասնական բաշխման եղանակով, որը կլինի այնպիսին, որ արդյունքը համապատասխանի Համաձայնագրի 7-րդ հոդվածում շարադրված սկզբունքներին (հոդված 7, կետ 4).
7.5. Համաձայնագրի 7-րդ հոդվածի 1-5-րդ կետերի նպատակներով մշտական հաստատությանը վերագրվող շահույթն յուրաքանչյուր տարի որոշել նույն եղանակով, քանի դեռ չկա այլ կերպ վարվելու համար հիմնավոր և բավարար պատճառ (հոդված 7, կետ 6).
7.6. հոնկոնգյան ձեռնարկության կողմից միջազգային փոխադրումներում նավերի կամ օդանավերի շահագործումից ստացված շահույթը չենթարկել հարկման Հայաստանի Հանրապետությունում. վերոհիշյալ դրույթները կիրառել նաև միավորումում, համատեղ ձեռնարկությունում կամ օդանավերի շահագործմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունում մասնակցությունից ստացած շահույթի նկատմամբ (հոդված 8, կետեր 1, 2).
7.7. այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության ձեռնարկության շահույթում ներառում և համապատասխանաբար հարկում է այն շահույթը, որի առնչությամբ Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի ձեռնարկությունը ենթարկվել է հարկման Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի տարածքում, և այդ ձևով ներառված շահույթը համարվում է շահույթ, որը պետք է հաշվեգրված լիներ Հայաստանի Հանրապետության ձեռնարկությանը, եթե երկու ձեռնարկությունների միջև պայմանները լինեին այնպիսին, ինչպիսին կլինեին անկախ ձեռնարկությունների միջև, այդ դեպքում կատարել շահույթից գանձված հարկի գումարի համապատասխան ճշգրտում, եթե այդ ճշգրտումն արդարացված է համարվում, իսկ այդ ճշգրտումը որոշելիս հաշվի առնել Համաձայնագրի մյուս դրույթները՝ ապահովելով Հայաստանի Հանրապետության և Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի իրավասու մարմինների՝ միմյանց հետ անհրաժեշտության դեպքում խորհրդակցությունը (հոդված 9, կետ 2).
7.8. չհարկել Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի ռեզիդենտ ընկերության կողմից վճարված շահաբաժիններն այն դեպքում, երբ Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի ռեզիդենտ ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում Հայաստանի Հանրապետությունից, բացառությամբ Համաձայնագրի 10-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերի, ինչպես նաև չհարկել Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի ռեզիդենտ ընկերության չբաշխված շահույթը ընկերության չբաշխված շահույթից գանձված հարկով, եթե անգամ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթն ամբողջությամբ կամ մասամբ կազմված են Հայաստանի Հանրապետությունում առաջացող շահույթից կամ եկամտից (հոդված 10, կետ 6).
7.9. ապահովել, որ Համաձայնագրի 11-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում գանձված հարկերը չգերազանցեն տոկոսի համախառն գումարի 5 տոկոսը.
անկախ վերոհիշյալից՝ հարկումից ազատել տոկոսները, որոնք առաջանում են Հայաստանի Հանրապետությունում և վճարվում Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարությանը, Հոնկոնգի արժութային վարչությանը, Արժույթի հիմնադրամին և ցանկացած մարմնի, որն ամբողջովին կամ մեծամասամբ պատկանում է Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի Կառավարությանը, որի կապակցությամբ ժամանակ առ ժամանակ կարող է համաձայնություն ձեռք բերվել Պայմանավորվող կողմերի իրավասու մարմինների միջև.
վերոհիշյալ դրույթները չկիրառել Համաձայնագրի 11-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերում՝ կիրառելով Համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթները (հոդված 11, կետեր 1-3, 5).
7.10. ապահովել, որ Համաձայնագրի 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում գանձվող հարկերը չգերազանցեն ռոյալթիների համախառն գումարի 5 տոկոսը (հոդված 12, կետեր 1 և 2).
7.11. Համաձայնագրի 12-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերում չկիրառել Համաձայնագրի 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դրույթները՝ կիրառելով Համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթները (հոդված 12, կետ 4).
7.12. Համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-3-րդ և 4-րդ կետերում նշվածից տարբեր ցանկացած այլ գույքի օտարումից ստացած արժեքի հավելաճը հարկել միայն, եթե գույքն օտարողը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է (հոդված 13, կետ 5).
7.13. հաշվի առնելով Համաձայնագրի 15-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածների դրույթները` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կողմից վարձու աշխատանքի դիմաց ստացած աշխատավարձը, վարձատրությունը և համանման այլ վարձատրությունները հարկել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում, եթե այդ վարձու աշխատանքը չի կատարվում Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի տարածքում (հոդված 14, կետ 1).
7.14. չհակասելով Համաձայնագրի 14-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներին՝ Հայաստանի Հանրապետությունում հարկել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կողմից Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի տարածքում կատարվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը, եթե ստացողը դիտարկվող հարկման ժամանակահատվածում մեկնարկող կամ ավարտվող ցանկացած տասներկուամսյա ժամանակահատվածում գտնվում է Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի տարածքում ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամկետով կամ ժամկետներով, և վարձատրությունը վճարվում է Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և վարձատրության ծախսերը չի կրում գործատուի` Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի տարածքում գտնվող մշտական հաստատությունը (հոդված 14, կետ 2).
7.15. Համաձայնագրի 16-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չկիրառել այն եկամտի նկատմամբ, որը ստացվում է Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի տարածքում կատարողական արվեստի գործչի կամ մարզիկի իրականացրած գործունեությունից այն դեպքում, երբ Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի տարածք կատարած այցն ամբողջովին կամ հիմնականում ֆինանսավորվել է Պայմանավորվող կողմերից մեկի կամ երկուսի կամ վերջիններիս տեղական ինքնակառավարման մարմինների հանրային միջոցներից կամ եթե այդ գործունեությունն իրականացվել է երկու Պայմանավորվող կողմերի կողմից հաստատված մշակութային կամ մարզական փոխանակման ծրագրի շրջանակներում. նշված դեպքում եկամուտը Հայաստանի Հանրապետությունում ենթակա է հարկման միայն արվեստի գործիչի կամ մարզիկի՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտության պարագայում (հոդված 16, կետ 3).
7.16. Համաձայնագրի 18-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում հարկել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտին նախկինում կատարած վարձու աշխատանքի կամ ինքնազբաղվածության համար վճարված կենսաթոշակները, անուիտետները և նման այլ վարձատրություններ (այդ թվում՝ միանվագ վճարները) (հոդված 17, կետ 1).
7.17. չհակասելով Համաձայնագրի 17-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներին՝ Հայաստանի Հանրապետությունում հարկել կենսաթոշակային կամ թոշակավորման համակարգի շրջանակներում վճարվող կենսաթոշակները, անուիտետները և նման այլ վարձատրությունները (այդ թվում՝ միանվագ վճարները), որոնք համարվում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության համակարգի մաս հանդիսացող պետական համակարգ կամ համակարգ, որին կարող են մասնակցել ֆիզիկական անձինք՝ կենսաթոշակային նպաստներ ստանալու նպատակով, և որը հարկային նպատակներով ճանաչվել է Հայաստանի Հանրապետության տարածքում (հոդված 17, կետ 2).
7.18. Հայաստանի Հանրապետությունում հարկել Հայաստանի Հանրապետության կառավարության կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից Հայաստանի Հանրապետությանը կամ տեղական ինքնակառավարման մարմնին մատուցված ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված աշխատավարձը, աշխատանքի դիմաց վարձատրությունը և համանման այլ վարձատրությունները՝ բացի կենսաթոշակից (հոդված 18, կետ 1, ենթակետ «ա»).
7.19. Հայաստանի Հանրապետությունում հարկել ցանկացած կենսաթոշակ (այդ թվում՝ միանվագ վճարը), որը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված կամ ներդրված միջոցներից վճարվում է ֆիզիկական անձին Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար (հոդված 18, կետ 2, ենթակետ «ա»).
7.20. չհարկել Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի ռեզիդենտ հանդիսացող կամ անմիջապես մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանելը Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի ռեզիդենտ հանդիսացող ուսանողի՝ ապրելու և ուսման համար ստացած վճարները, որը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում բացառապես իր ուսման նպատակով, պայմանով, որ այդ վճարումներն առաջացել են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող աղբյուրներից (հոդված 19).
7.21. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի եկամտի տեսակները, որոնք նշված չեն Համաձայնագրի նախորդ հոդվածներում, հարկել անկախ դրանց առաջացման վայրից (հոդված 20, կետ 1).
7.22. ապահովել, որ Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի Հայաստանի Հանրապետությունում ունեցած ձեռնարկության մշտական հաստատության հարկման շրջանակը Հայաստանի Հանրապետության տարածքում չլինի պակաս բարենպաստ, քան Հայաստանի Հանրապետության տարածքում նույն գործունեությունն իրականացնող ձեռնարկությունների հարկման շրջանակը (հոդված 22, կետ 3).
7.23. բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են Համաձայնագրի 9-րդ հոդվածի 1-ին, 11-րդ հոդվածի 7-րդ կամ 12-րդ հոդվածի 6-րդ կետերի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության ձեռնարկության կողմից հոնկոնգյան կողմի ռեզիդենտին վճարվող տոկոսները, ռոյալթիները և մյուս վճարումները այդ ձեռնարկության հարկվող շահույթը որոշելու նպատակով նվազեցնել նույն պայմաններով, որոնց համաձայն դրանք կվճարվեին Հայաստանի Հանրապետության ռեզիդենտին (հոդված 22, կետ 4).
7.24. Հայաստանի Հանրապետության այն ձեռնարկությունները, որոնց կապիտալն ամբողջությամբ կամ մասամբ պատկանում է կամ ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկվում է Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, Հայաստանի Հանրապետությունում չենթարկել հարկման կամ դրա հետ կապված պահանջի, որն այլ կամ ավելի ծանր բեռ է, քան այն հարկումը և դրա հետ կապված պահանջները, որոնք ներկայացվում են կամ կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող համանման ձեռնարկություններին (հոդված 22, կետ 5).
7.25. Համաձայնագրի 22-րդ հոդվածի դրույթները կիրառել միայն Համաձայնագրի 2-րդ հոդվածում սահմանված հարկերի նկատմամբ (հոդված 22, կետ 6).
7.26. երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի իրավասու մարմինների հետ կփոխանակեն այնպիսի տեղեկություններ, որոնք ենթադրաբար առնչվում են Պայմանավորվող կողմերի` հարկերի առնչությամբ Համաձայնագրի դրույթների իրականացմանը կամ ներպետական օրենքների կիրառմանը կամ կատարմանն այնքանով, որքանով դրանց շրջանակում կատարվող հարկումը չի հակասում Համաձայնագրին (հոդված 24, կետ 1).
7.27. երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության կողմից Համաձայնագրի 24-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ստացված ցանկացած տեղեկություն կհամարվի գաղտնի այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստացված տեղեկությունը, և կտրամադրվի միայն այն անձանց կամ մարմիններին (այդ թվում՝ դատարաններին և վարչական մարմիններին), որոնք առնչվում են Համաձայնագրի 24-րդ հոդվածի 1-ին կետում նշված հարկերի գնահատմանը կամ գանձմանը, դրանց մասով հարկադիր կատարմանը կամ դատական հետապնդմանը, բողոքների քննմանը կամ վերոնշյալի վերահսկմանը, ինչպես նաև երաշխավորել, որ այդ անձինք կամ մարմինները տեղեկությունը կօգտագործեն միայն այդ նպատակներով (հոդված 24, կետ 2).
7.28. ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը, որին անձը ներկայացրել է փոխհամաձայնեցման ընթացակարգի վերաբերյալ գործը, Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի իրավասու մարմինների հետ իրականացնի երկկողմանի ծանուցումների կամ խորհրդակցությունների գործընթաց, եթե Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը հիմնավորված չի համարում այդ անձի առարկությունը (Արձանագրություն, կետ 1):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2024 թվականի հունիսի 24-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագրով ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Ա. Դիլանյան |
11 փետրվարի 2025 թվականի ՍԴՈ-1768 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 փետրվարի 2025 թվական:
