ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/5744/02/14 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/5744/02/142024 թ. | ||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ | |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Է. Սեդրակյան Վ. Քոչարյան |
2024 թվականի նոյեմբերի 25-ին
գրավոր ընթացակարգով քննելով Գարրի Ավագյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ Գոռ Գևորգյանի հայցի ընդդեմ Գարրի Ավագյանի և Էրիկ Ավագյանի, երրորդ անձինք Ռուդոլֆ, Արմեն, Մարիամ ու Ջուլիետա Ավագյանների՝ ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Գոռ Գևորգյանը պահանջել է բռնագանձում տարածելու նպատակով ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Գարրի և Էրիկ Ավագյաններին պատկանող Երևանի Զաքյան փողոցի 3-րդ շենքի թիվ 73 հասցեում գտնվող բնակարանից բնեղենով առանձնացնել վերջիններիս բաժնեմասերը, անհնարինության դեպքում բնակարանը վաճառել հրապարակային սակարկություններով:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.02.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.08.2018 թվականի որոշմամբ Մարիամ Պողոսյանի (Ավագյան) վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.02.2016 թվականի վճիռը բեկանվել է, ու գործն ուղարկվել է նոր քննության:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 14.11.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 30.01.2024 թվականի որոշմամբ Գարրի Ավագյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.11.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Գարրի Ավագյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը, 19-րդ հոդվածի 1-ին մասը, 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 64․1-ին հոդվածի 1-ին մասը, 157-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 159-րդ հոդվածի 4-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ դեռևս 14․02․2023 թվականին իրեն և Էրիկ Ավագյանին սնանկ ճանաչելու պահանջով դիմում է ներկայացվել դատարան, դիմումներն ընդունվել են վարույթ, ինքը 07․04․2023 թվականին, Էրիկ Ավագյանը` 03․04․2023 թվականին ճանաչվել են սնանկ: Սնանկության վարույթի վերաբերյալ բոլոր հայտարարությունները և ծանուցումներն ուղարկվել են բոլոր դատական ատյաններին, Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, հրապարակվել են «www.azdarar.am» կայքում: Սույն գործով հայցվոր Գոռ Գևորգյանը, տեղեկացված լինելով իր և Էրիկ Ավագյանի սնանկության մասին, թիվ ԵԿԴ/2497/02/13 քաղաքացիական գործով 29․08․2014 թվականի վճռից բխող իր պահանջները չի ներկայացրել, որպես պարտատեր չի գրանցվել։ Իրենք սնանկության գործի ընթացքում բոլոր պարտատերերի նկատմամբ պարտքերը մաս-մաս մարել են, մյուսների հետ համաձայնության են եկել, ինչի արդյունքում համապատասխան վճիռներով համարվել են ֆինանսապես առողջացած՝ ազատվելով այն դրամական պարտավորություններից, որոնք սնանկության վարույթի ընթացքում չեն ներկայացվել։
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը պետք է իրենց սնանկության վարույթի հետ կապված տեղեկատվությունը ձեռք բերեր և կցեր գործին ու այդ հիմքով քաղաքացիական գործի վարույթը կարճեր։
Ստորադաս դատարաններն անտեսել են, որ երրորդ անձինք Արմեն և Ջուլիետա Ավագյանները մահացել են, գործում առկա են մահվան վկայականների պատճենները։ Դատավարության մասնակիցները միջնորդել են կասեցնել գործի վարույթը՝ մահացած անձանց իրավահաջորդության հարցը լուծելու համար, մինչդեռ գործի վարույթը կասեցնելու միջնորդությունները մերժվել են՝ խախտելով մահացած անձանց ժառանգների սեփականության իրավունքը։ Արդյունքում ստորադաս դատարանները քննել և դատական ակտեր են կայացրել ժառանգների սեփականությունը հանդիսացող գույքն աճուրդով վաճառելու մասին՝ վերջիններիս մասնակից չդարձնելով դատավարությանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.01.2024 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ բեկանել Դատարանի 14.11.2022 թվականի վճիռն ու քաղաքացիական գործի վարույթը կարճել կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Կենտրոն համայնքի Զաքյան փողոցի 3-րդ շենքի թիվ 73 բնակարանի նկատմամբ Սպանդարյանի շրջգործկոմի 05.10.1995 թվականի թիվ 35/114 որոշման հիման վրա 2000 թվականին գրանցվել է Ջուլիետա, Արմեն, Մարիամ, Ռուդոլֆ, Գարրի և Էրիկ Ավագյաների սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ․թ․ 86-90).
2) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննության առնելով թիվ ԵԿԴ/2497/02/13 քաղաքացիական գործն ըստ Գոռ Գևորգյանի հայցի ընդդեմ Գարրի ու Էրիկ Ավագյանների՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, 29.08.2014 թվականին վճռել է հայցը բավարարել՝ «Գարրի Ավագյանից և Էրիկ Ավագյանից համապարտության կարգով բռնագանձել 9.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար պարտքը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսների հաշվարկային դրույքների` 9.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ, սկսած 2012 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև նշված գումարի փաստացի վերադարձման օրը, (...)»: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ․թ․ 12-15).
3) թիվ ԵԿԴ/2497/02/13 վճռի հիման վրա տրվել է կատարողական թերթ, հարուցվել է կատարողական վարույթ, որով Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 25․11․2014 թվականին Գոռ Գևորգյանին հայտնել է պարտապաններ Գարրի Ավագյանի և Էրիկ Ավագյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու ու կատարողական վարույթն ավարտելու մասին: Միաժամանակ Գոռ Գևորգյանին առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով դիմել դատարան՝ Երևանի Զաքյան փողոցի 3-րդ շենքի թիվ 73 բնակարանից պարտապանի բաժնեմասն առանձնացնելու և հետագայում բռնագանձում տարածելու նպատակով (հատոր 1-ին, գ․թ․ 9, 10).
4) սույն գործով 26.12.2014 թվականին դիմելով Դատարան՝ Գոռ Գևորգյանը պահանջել է բռնագանձում տարածելու նպատակով համատեղ սեփականություն հանդիսացող, Երևանի Զաքյան փողոցի 3-րդ շենքի թիվ 73 բնակարանից բնեղենով առանձնացնել Գարրի և Էրիկ Ավագյանների բաժնեմասերը, անհնարինության դեպքում բնակարանը վաճառել հրապարակային սակարկություններով (հատոր 1-ին, գ․թ․ 5-8, 75-77).
5) Դատարանի 14.11.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ վճռվել է Երևանի Զաքյան փողոցի 3-րդ շենքի թիվ 73 բնակարանը վաճառել հրապարակային սակարկություններով՝ թիվ ԵԿԴ/2497/02/13 քաղաքացիական գործով 29.08.2014 կայացված վճռով բռնագանձումը տարածելով Գարրի Ավագյանի և Էրիկ Ավագյանի բաժինների վրա (հատոր 9-րդ, գ․թ․ 78-81).
6) Վերաքննիչ դատարանի 30.01.2024 թվականի որոշմամբ Գարրի Ավագյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.11.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ (հատոր 11-րդ, գ․թ․ 56-65).
7) Սնանկության դատարանի 07.04.2023 թվականի թիվ ՍնԴ/0438/04/23 վճռով Գարրի Ավագյանը ճանաչվել է սնանկ, վճիռը մտել է օրինական ուժի մեջ (հիմք՝ datalex.am դատական տեղեկատվական համակարգ).
8) սնանկության գործը դեռևս չի ավարտվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման հիմք, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ ստորադաս դատարանում գործի վարույթը կարճելու հիմք առկա լինելու պատճառաբանությամբ դատական ակտի անվերապահ բեկանմանը և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում նշված հիմքով գործի վարույթը կարճելու առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը պարտապանին սնանկ ճանաչելու, դիմումը մերժելու կամ դիմումն առանց քննության թողնելու, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին անհապաղ տեղեկացնում է` (...) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին` Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններին ծանուցելու համար, (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն՝ դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք:
Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի (...) 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի ցանկի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը քննարկվող հոդվածում առանձնացրել է այնպիսի դատավարական սխալներ, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, և այն բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի՝ իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ և հեղինակավոր ու պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետևանք: Գործի քննության ժամանակ կարող են տեղի ունենալ տարբեր բնույթի դատավարական իրավունքի նորմի խախտումներ։ Ընդ որում, նման խախտումները հնարավոր է լինեն ինչպես դատավարության մասնակիցների, այնպես էլ դատարանի ոչ իրավաչափ վարքագծի հետևանք, որոնք գործի ելքի վրա ունենում են տարբեր ազդեցություն: Օրենսդիրը, ՀՀ վճռաբեկ դատարանի համար սահմանելով պարտականություն բողոքարկվող դատական ակտը որպես կանոն վերանայելու միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, միևնույն ժամանակ ընդհանուր կանոնից նախատեսել է ուղղակի բացառություն այն դեպքերի համար, երբ բողոքի քննությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը։ Այս դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանը, անկախ այդ հիմքի (հիմքերի) և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը՝ այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլևս էական չէ՝ այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե՝ ոչ: Ընդ որում, այդպիսի խախտումն օրենսդիրը չի համարել ձևական (տե՛ս ըստ «Ավիակոմպանիա «Պոբեդա»» ՍՊԸ-ի դիմումի թիվ ԱՐԱԴ/0006/16/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.05.2021 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդպիսի խախտում կարող է լինել նաև այն դեպքը, երբ ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք։ Նշված դեպքն օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով դիտել է որպես դատական ակտի անվերապահ բեկանման հիմք՝ անկախ այդ հիմքի և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից:
Եթե ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի քննությամբ հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը` ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք, ապա անկախ այդ հիմքի և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը՝ այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլևս էական չէ՝ այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե՝ ոչ (տե՛ս Հարություն, Ռուզաննա, Մարինե ու Զարինե Ղուկասյաններն ընդդեմ Այվազ և Դուխիկ Ղուկասյանների, Արարատի մարզի Շահումյանի թիվ ԱՎԴ/2187/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.06.2024 թվականի որոշումը)։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում՝ նույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով.
Վկայակոչված իրավակարգավորումներից հետևում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններն իրենց վարույթում քննվող քաղաքացիական գործերով պատասխանողների՝ սնանկ ճանաչված լինելու վերաբերյալ տեղեկատվություն ստանալու դեպքում առաջին հերթին պետք է քննարկման առարկա դարձնեն այդ գործերի նկատմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի կիրառման հնարավորության հարցը:
Ընդ որում, պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը կիրառելի է այնպիսի գործերի նկատմամբ, որոնցով հայցվորի կողմից պատասխանողին ուղղված է գումարի բռնագանձման պահանջ կամ գույք հանձնելու պահանջ: Նշվածից հետևում է, որ վկայակոչված իրավադրույթը կիրառելի է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝
ա) քաղաքացիական գործով պատասխանողը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով սնանկ է ճանաչվել,
բ) քաղաքացիական գործով սնանկ ճանաչված պատասխանողի դեմ ներկայացված է գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջ:
Նախկինում կայացրած որոշմամբ վերլուծելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ նշված հոդվածում սահմանված է սնանկության գործընթացի հիմնական առանձնահատկություններից մեկը, այն է՝ պարտապանի և պարտատերերի շահերից ելնելով՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող պարտապանից օրենքով նախատեսված պահանջներով քաղաքացիական գործերի վարույթները պետք է կենտրոնանան մեկ վարույթում, այն է՝ սնանկության վարույթում: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված հիմքով կարճման ենթակա են սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ ոչ բոլոր քաղաքացիական գործերի վարույթները, այլ միայն այն քաղաքացիաիրավական վեճերով գործերի վարույթները, որոնցում սնանկ ճանաչված պարտապանին ներկայացված է նյութաիրավական պահանջ` գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու տեսքով, և որոնց լուծումը կարող է հանգեցնել վերջինիս գույքային զանգվածի փոփոխության (տե´ս Մարինե Ավետիսյանն ընդդեմ Արտեմ Ավետիսյանի թիվ ԵՄԴ/1140/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26․12․2013 թվականի որոշումը)։
Բացի այդ, սնանկության վարույթում սնանկ ճանաչված պարտապանի մասնակցությամբ պարտավորությունների կենտրոնացմամբ հնարավորություն է ստեղծվում ապահովելու վերջինիս ակտիվների հավաքագրումը և դրանց հիման վրա բոլոր պարտատերերի շահերի ապահովումը՝ օրենքով սահմանված առաջնահերթությամբ վերջիններիս պահանջների բավարարմամբ: Հետևաբար, եթե սնանկ ճանաչված պարտապանն ունի իր օգտին կատարման ենթակա պարտավորություններ, այսինքն՝ տվյալ պարտավորություններով պարտատեր է, ապա պարտավորությունների կատարումը հնարավոր է միայն սնանկության վարույթի շրջանակներում, այլ կերպ ասած՝ պարտավորության կատարման արդյունքը պետք է կենտրոնանա սնանկության վարույթում, որպեսզի հետագայում բաշխվի պարտատերերի միջև: Նույն տրամաբանությամբ սնանկ ճանաչված պարտապանի պարտապաններն իրենց պարտավորությունները չեն կարող կատարել հօգուտ սնանկ ճանաչված պարտապանի պարտատերերի՝ շրջանցելով սնանկության վարույթը: Այլ կերպ ասած՝ չի թույլատրվում սնանկ ճանաչված պարտապանի պարտատիրոջն անմիջականորեն բավարարում տալը սնանկ ճանաչված պարտապանի հետ պարտավորական հարաբերությունների մեջ գտնվող պարտապանի կողմից (տե՛ս «Դոն-Ալֆոմ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Յուրիկ Օհանյանն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/0254/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ սնանկության գործով պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու միջոցով հայցապահանջի բուն նպատակը պարտապանի նկատմամբ իր ունեցած պահանջի բավարարում ստանալն է, որպիսի պահանջի իրականացումն առանց գումար կամ այլ գույք հանձնելու եղանակի, որևէ այլ կերպ չի կարող իրականացվել, քանի որ եթե ներկայացված պահանջի քննության ընթացքում պարզվի, որ հնարավոր չէ պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնել, ապա պետք է իրականացվի հրապարակային սակարկություններով գույքի վաճառք, իսկ սնանկ ճանաչված պարտապանի գույքի վաճառքը սնանկության վարույթից դուրս իրականացնելը հանգեցնելու է պարտապանից գույք վերցնելուն, իսկ եթե ներկայացված հայցի քննության ընթացքում հնարավոր լինի գույքը բնեղենով առանձնացնել, ապա բաժնային սեփականության մասնակիցներին պետք է առաջարկ արվի գնելու պարտապանի բաժինը ներկայացված հայցապահանջի շրջանակներում հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում, որը նույնպես հանգեցնելու է սնանկության վարույթի շրջանակներից դուրս պարտապանի գույքի հանձնման։ Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սնանկության վարույթի առկայության պայմաններում պարտատերը կարող է պարտապանի դեմ պահանջները ներկայացնել սնանկության վարույթի շրջանակներում, որոնց բավարարմանն ուղղված գործառույթները (պարտապանի գույքի գույքագրում, բաժանում, օտարում և այլն) վերապահված են սնանկության կառավարչին:
Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից կարճման են ենթակա քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող այն գործերի վարույթները, որոնցով ներկայացված է սնանկ ճանաչված պարտապանից գումար բռնագանձելու կամ գույք հանձնելու պահանջ՝ պայմանով, որ այդ պահանջը պարտատերերը հնարավորություն ունեն սնանկության վարույթի շրջանակներում ներկայացնելու որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի իմաստով առանձին պահանջ (տե´ս «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Հակոբ Սաֆարյանի և Ելենա Հարությունյանի թիվ ԵԴ/1846/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2024 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ ընդդեմ Գարրի և Էրիկ Ավագյանների հարուցված քաղաքացիական գործով գումար բռնագանձելու պահանջը բավարարելու մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/2497/02/13 վճիռը կայացվել է 29.08.2014 թվականին: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ։
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.08.2014 թվականի վճռի հիման վրա հարուցված կատարողական վարույթն ավարտվել է՝ պահանջատեր Գոռ Գևորգյանին առաջարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով դիմել դատարան:
Գոռ Գևորգյանն ընդդեմ Գարրի և Էրիկ Ավագյանների 26.12.2014 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան՝ պահանջելով բռնագանձում տարածելու նպատակով համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանից բնեղենով առանձնացնել Գարրի և Էրիկ Ավագյանների բաժնեմասերը, անհնարինության դեպքում բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառել:
Դատարանի 14.11.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ Վերաքննիչ դատարանի 30.01.2024 թվականի որոշմամբ Գարրի Ավագյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.11.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սնանկության դատարանի 03.04.2023 թվականի վճռով Գարրի Ավագյանը ճանաչվել է սնանկ, վճիռը մտել է օրինական ուժ մեջ։
Վերոնշյալ իրավական հիմնավորումները և դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի 30.01.2024 թվականի որոշումը կայացնելու դրությամբ արդեն առկա է եղել սույն գործով պարտապան Գարրի Ավագյանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ:
Գարրի Ավագյանը սույն քաղաքացիական գործով հանդիսանում է պատասխանող, որի դեմ ներկայացված է գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջ, որը չի կարող քննվել հայցվորի պահանջով որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հայցապահանջ: Երևանի Զաքյան փողոցի 3-րդ շենքի թիվ 73 բնակարանը ներառված է Գարրի Ավագյանի գույքային զանգվածի մեջ, որպիսի պայմաններում սույն հայցապահանջի բավարարոմը կհանգեցնի պարտապանի գույքային զանգվածի փոփոխության՝ հետագայում խոչընդոտելով սնանկության վարույթի պատշաճ իրականացմանը և պարտատերերի պահանջների համաչափ բավարարմանը, հետևաբար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հիման վրա քաղաքացիական գործի վարույթը ենթակա էր կարճման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Ավելին, Վերաքննիչ դատարանն առհասարակ քննարկման առարկա չի դարձրել Գարրի Ավագյանի սնանկ ճանաչված լինելու հարցը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերը նշված հանգամանքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի հիմքով Վերաքննիչ դատարանի 30.01.2024 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործի վարույթն ամբողջովին կարճելու լիազորությունը՝ նկատի ունենալով գործով հաստատված անվիճելի փաստն այն մասին, որ գույքը պատասխանողներին պատկանում է համասեփականության իրավունքով, բաժինների առանձնացում հնարավոր չէ, ուստի բացակայում է քաղաքացիական գործի վարույթը միայն բողոքաբերի իրավունքների մասով կարճելու իրավական հնարավորությունը։
Ինչ վերաբերում է Էրիկ Ավագյանի իրավունքների վերաբերյալ վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին, Վճռաբեկ դատարանը դրանք Գարրի Ավագյանի բողոքի շրջանակներում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով քննության առարկա չի դարձնում՝ նկատի ունենալով, որ անձը կարող է վճռաբեկ բողոք ներկայացնել դատական ակտի՝ միայն իր համար անբարենպաստ մասի դեմ: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գարրի Ավագյանը, ով չի ներկայացրել դատական ակտը Էրիկ Ավագյանի անունից բողոքարկելու իրավունքը հավաստող որևէ ապացույց, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը չի կարող քննել և լուծել այլ անձանց իրավունքներին ու պարտականություններին առնչվող մասով բերված բողոքն այն պայմաններում, երբ այդ անձինք դատական ակտը չեն բողոքարկել:
Բողոքարկվող դատական ակտն ամբողջությամբ բեկանվելու և քաղաքացիական գործի վարույթը կարճվելու պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս հիմնավորումների գնահատմանը Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (...) գործի վարույթը կարճելու դեպքում դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:
Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ ոչ դրամական պահանջով՝ բազային տուրքի քառապատիկի չափով։
Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է ոչ դրամական պահանջի գործերով բազային տուրքի տասնապատիկի չափով։
Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է ոչ դրամական պահանջի գործերով բազային տուրքի քսանապատիկի չափով։
Նկատի ունենալով, որ սույն գործի վարույթը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հիմքով ենթակա է կարճման, Գարրի Ավագյանը հայցադիմումը Դատարան և վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարան ներկայացնելու համար վճարել է օրենքով սահմանված պետական տուրքի գումարները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքը պետք է բռնագանձվի հետևյալ համամասնությամբ.
- Գոռ Գևորգյանի կողմից հայցադիմումի համար օրենքով սահմանված 4․000 ՀՀ դրամ նախապես վճարված լինելու պայմաններում դատական ծախսերի հարցն այդ մասով պետք է համարել լուծված,
- Գոռ Գևորգյանից հօգուտ Գարրի Ավագյանի ենթակա է բռնագանձման 10․000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար Գարրի Ավագյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար,
- Գարրի Ավագյանը վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապես վճարել է 40․000 ՀՀ դրամի չափով պետական տուրք, որից 20.000 ՀՀ դրամը՝ Գոռ Գևորգյանից հօգուտ Գարրի Ավագյանի ենթակա է բռնագանձման՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար Գարրի Ավագյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, իսկ ավել վճարված պետական տուրքի գումարը՝ 20.000 ՀՀ դրամի չափով, ենթակա է վերադարձման Գարրի Ավագյանին։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստաթղթերով հիմնավորված այլ դատական ծախսերի բացակայության պայմաններում այդ ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1.
Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2024 թվականի որոշումը և սույն քաղաքացիական գործի վարույթը կարճել։2. Գոռ Գևորգյանից հօգուտ Գարրի Ավագյանի բռնագանձել 30․000 ՀՀ դրամ:
3. Այլ դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Գ. Հակոբյան |
Զեկուցող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Է. Սեդրակյան Վ. Քոչարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունվարի 2025 թվական:
