ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 70-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում, բացառությամբ 1-ին կետով նախատեսված դեպքի, համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հիման վրա համայնքի ղեկավարը, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում նաև համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կամ աշխատակազմի քարտուղարը կազմում են ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն և յոթ աշխատանքային օրվա ժամկետում ուղարկում ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի հրաժարականի մասին դիմումն ստանալուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, կազմում է ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն։».
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումն անձամբ ներկայացնում է համայնքի ղեկավարին կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատարին, որն այն հրապարակում է ավագանու առաջիկա նիստում: Համայնքի ղեկավարի կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի բացակայության դեպքում ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումն անձամբ ներկայացնում է համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին։ Մինչև նորընտիր ավագանու առաջին նիստի գումարումն ընկած ժամանակահատվածում ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումն անձամբ ներկայացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։
Ավագանու անդամի կողմից իր դիմումն անձամբ ներկայացվելու անհնարինության դեպքում հրաժարականի դիմումը ներկայացնում է խմբակցության ղեկավարը կամ ավագանու անդամի ներկայացուցիչը»:
Հոդված 2. Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում «տարածքային ընտրական հանձնաժողովի» բառերը փոխարինել «ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի» բառերով։
Հոդված 3. Օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասից հանել վերջին նախադասությունը։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ից։
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. դեկտեմբերի 19 Երևան ՀՕ-507-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2024 թվական: