ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հունվարի 17-ին
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան և ոլորտը |
(վերնագիրը խմբ. 12.07.24 ՀՕ-312-Ն)
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և մարկշեյդերական, քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության իրականացման հետ կապված հարաբերությունները։ Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և մարկշեյդերական, քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման աշխատանքներն իրականացվում են սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան։
2. Սույն օրենքի կարգավորման ոլորտն ընդգրկում է գեոդեզիական և մարկշեյդերական, քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեությունը, գեոդեզիական և մարկշեյդերական, քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման բնագավառում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ սուբյեկտների իրավասությունները, միջազգային համագործակցության, ինչպես նաև վեճերի լուծման կարգը և պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար։
(1-ին հոդվածը խմբ. 12.07.24 ՀՕ-312-Ն)
(12.07.24 ՀՕ-312-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 2. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) գեոդեզիա՝ երկրագնդի ծանրաչափական դաշտի, երկրի մակերևույթի և տարածական օբյեկտների կոորդինատների ու բարձունքային նիշերի, ինչպես նաև ժամանակի ընթացքում նշված կոորդինատների և բարձունքային նիշերի փոփոխությունները որոշելու գիտական, տեխնիկական, արդյունաբերական և այլ գործունեության ընթացքում ծագող հարաբերությունների ոլորտ.
1.1) ինժեներական գեոդեզիա՝ շենքերի և շինությունների հետազոտության, նախագծման, կառուցման և շահագործման ժամանակ կատարված գեոդեզիական աշխատանքների ընթացքում ծագող գործունեության տեսակ.
1.2) մարկշեյդերական գործունեություն՝ լեռնահանքային արդյունաբերության ոլորտում գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացում.
2) քարտեզագրություն՝ տարածական տվյալների (այդ թվում` տեղեկատվական համակարգերի) ուսումնասիրության, ստեղծման, օգտագործման, վերափոխման և ցուցադրման համար գիտական, տեխնիկական, արդյունաբերական և այլ գործունեության ընթացքում ծագող հարաբերությունների ոլորտ.
3) գեոդեզիական և քարտեզագրական գործունեություն` գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում գիտատեխնիկական, արտադրական, ծառայությունների մատուցման, տեղեկատվական համակարգերի օգտագործման և կառավարչական գործունեություն.
4) գեոդեզիական հիմնակետ՝ ինժեներական կառույց, որը տեղանքում ամրացված է երկրագնդի ֆիզիկական մակերևույթին որոշված կոորդինատներով և բացարձակ բարձրությունով.
5) գեոդեզիական ցանց` տեղանքում ամրացված գեոդեզիական հիմնակետերի ամբողջություն, որոնց տեղադիրքը որոշված է դրանց համար ընդհանուր գեոդեզիական կոորդինատային համակարգում.
6) ռեֆերենց կայանների ցանց՝ երկու և ավելի Ջի Պի Էս (GPS) կայաններից կազմված և հավասարակշռված ցանց, որն օգտագործվում է բացառապես այն ստեղծողի կարիքների համար.
7) պետական ռեֆերենց կայանների ցանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված և պետության կողմից կառավարվող՝ երկու և ավելի Ջի Պի Էս (GPS) կայաններից կազմված և հավասարակշռված ցանց.
8) գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ` գեոդեզիական, քարտեզագրական նյութերի ու տարածական տվյալների ստեղծման գործընթաց.
9) երկրի հեռազննում` տիեզերքից կատարված նկարահանումների միջոցով երկրի մակերևույթի վերաբերյալ տվյալների ստացման գործընթաց.
10) կոորդինատային համակարգ` թվային մեծություններ, որոնց միջոցով հարթության, մակերևույթի վրա կամ տարածության մեջ որոշվում է կետի տեղադիրքը.
11) տեղական կոորդինատային համակարգ` Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորը չգերազանցող սահմանափակ տարածքի համար սահմանված պայմանական կոորդինատային համակարգ, որի կոորդինատների սկիզբը և կոորդինատային առանցքների կողմնորոշումը շեղված են պետական միասնական կոորդինատային համակարգի նկատմամբ, և որը կիրառվում է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման ժամանակ.
12) մասշտաբ` համամասնություն, որը սահմանում (հաստատում) է հարաբերակցությունը քարտեզագրական պատկերում արտահայտված օբյեկտի գծային չափերի և բնության մեջ նրա իրական չափերի միջև.
13) մասշտաբային շարք` Հայաստանի Հանրապետության համար ընդունված պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների և հատակագծերի որոշակի մասշտաբների հստակ համակարգ.
14) քարտեզ՝ երկրի մակերևույթի, այլ երկնային մարմինների կամ դրանց մասերի փոքրացված բնական պատկերը հարթության վրա, որը համապատասխանում է սույն օրենքով նախատեսված պահանջներին, արտահայտված է որոշակի մասշտաբով և պրոյեկցիայով պայմանական նշաններով.
15) որակավորում ունեցող անձ՝ Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեությամբ զբաղվող, Կադաստրի կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից համապատասխան որակավորման վկայական ստացած անձ.
16) գեոդեզիական և մարկշեյդերական գործունեություն իրականացնող անձ՝ որակավորում ունեցող անձ, որը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է իրականացնել ցանկացած տեսակի գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման աշխատանքներ, այդ թվում՝ «Քաղաքաշինության մասին» օրենքով լիցենզավորման ենթակա քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցման ենթատեսակ հանդիսացող ինժեներական գեոդեզիայի աշխատանքներ.
17) քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեություն իրականացնող անձ՝ որակավորում ունեցող անձ, որը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է իրականացնել քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական, հաշվառման, ինչպես նաև իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ՝ հողամասերի հատակագծերի կազմման նպատակով գեոդեզիական աշխատանքներ:
(2-րդ հոդվածը լրաց. 12.07.24 ՀՕ-312-Ն)
(12.07.24 ՀՕ-312-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 3. | Գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքները |
1. Գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներն ըստ նշանակության դասակարգվում են`
1) պետական նշանակության.
2) տեղական նշանակության:
2. Պետական նշանակության գեոդեզիական աշխատանքներն են`
1) երկրագնդի ձևի և արտաքին ծանրաչափական դաշտի պարամետրերի որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության տարածքի համար պետական (ազգային), պլանային և բարձունքային համակարգերի սահմանումը.
3) պետական գեոդեզիական (պլանային, բարձունքային և իրական ժամանակում մշտապես գործող) ցանցի ստեղծումը, թարմացումը և զարգացումը.
4) պետական ծանրաչափական ցանցի ստեղծումը և զարգացումը.
5) պետական գեոդինամիկական ցանցի ստեղծումը, թարմացումը և զարգացումը.
6) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման (դեմարկացիայի), սահմանազատման (դելիմիտացիայի) հետ կապված գեոդեզիական աշխատանքները.
7) Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանի սահմանագծման, սահմանազատման հետ կապված գեոդեզիական աշխատանքները.
8) գեոդեզիական գործիքների և սարքավորումների հաշվառումը.
9) գեոդեզիական և ծանրաչափական չափումների արդյունքներով ստացված նյութերի ու տվյալների ֆոնդերի (տեղեկատվական բանկի) ստեղծումը, պահպանումը, թարմացումը, տեղեկատվության տրամադրումը.
10) գեոդեզիայի ոլորտին վերաբերող գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կատարումը, այդ ոլորտում ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրումը.
11) գեոդեզիական աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը.
12) պետական գեոդեզիական ցանցի հիմնակետերի պահպանությունը.
13) իրական ժամանակում մշտական գործող պետական ռեֆերենց կայանների ցանցերի զարգացումը, շահագործումը և տվյալների մատակարարումը:
3. Տեղական նշանակության գեոդեզիական աշխատանքներն են`
1) ճյուղային, տարածքային և տեղական ծրագրերի (գեոդինամիկա, քաղաքաշինություն, բնության պահպանություն, հանքավայրերի շահագործում, կադաստրային և հողաշինարարական այլ աշխատանքներ) իրականացման հետ կապված խտացման և հատուկ գեոդեզիական ցանցերի ստեղծումը կոորդինատային տարբեր (տեղական և պայմանական) համակարգերում.
2) խտացման և հատուկ գեոդեզիական ցանցերի կետերի քարտադարանների ստեղծումն ու վարումը:
4. Պետական նշանակության քարտեզագրական աշխատանքներն են`
1) տեղագրական և կադաստրային քարտեզների, հատակագծերի պետական մասշտաբային շարքի սահմանումը.
2) պետական մասշտաբային շարքի տեղագրական, կադաստրային, հատուկ և նավիգացիոն քարտեզների ստեղծումը, դրանց թարմացումը և բազմացումը.
3) երկրի հեռազննումը և դրա արդյունքներով ստացված նյութերի մշակումը, վերծանումը, օդատիեզերական լուսանկարների ֆոտոգրամետրիկ մշակումը քարտեզներ ստանալու նպատակով.
4) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման, սահմանազատման հետ կապված քարտեզագրական աշխատանքները.
5) Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանների սահմանագծման, սահմանազատման հետ կապված քարտեզագրական աշխատանքները․
6) աշխարհագրական անվանումների պետական գրանցման իրականացումը, աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծումն ու վարումը, դրանց տվյալների հիման վրա պաշտոնական տեղեկատուների, ընդհանուր և թեմատիկ բառարանների, ցանկերի ստեղծումն ու հրատարակումը.
7) հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունների (այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային ատլասի, աշխարհի մեծ ատլասի, կրթական համակարգի համար ուսումնական և պաշտոնական, թեմատիկ քարտեզների ու ատլասների, զբոսաշրջային ատլասների) ստեղծումը և հրատարակումը.
8) քարտեզագրական աշխատանքների իրականացման համար կիրառվող սարքավորումների հաշվառումը.
9) պետական բազային աշխարհագրական տեղեկատվական համակարգերի ստեղծումը և վարումը.
10) պետական մասշտաբային շարքի քարտեզների, հատակագծերի, տարածական տվյալների և հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունների ֆոնդի (տեղեկատվական բանկի) ստեղծումը, պահպանումը, թարմացումը, տեղեկատվության տրամադրումը.
11) քարտեզագրության ոլորտին վերաբերող գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կատարումը, այդ ոլորտում ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրումը.
12) քարտեզագրական աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը.
13) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծումը, վարումը և փոխգործելիության ապահովումը.
14) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին և հասարակությանն անհրաժեշտ տարածական տվյալների ստեղծումը, դրա հասանելիության, մատչելիության, անընդհատության ապահովումը.
15) ազգային տարածական տվյալների և ծառայությունների հասանելիության ապահովումն ազգային գեոպորտալի միջոցով.
16) քարտեզագրության ոլորտում տարածական տվյալների փոխանակման և կառավարման նորմատիվատեխնիկական փաստաթղթերի նախապատրաստումը.
17) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված կադաստրային քարտեզի վարումը:
5. Տեղական նշանակության քարտեզագրական աշխատանքներն են`
1) ճյուղային (ոլորտային), տարածքային և տեղական ծրագրերի իրականացման նպատակով տեղագրական և թեմատիկ հատակագծերի, քարտեզների և ատլասների ստեղծումն ու հրատարակումը.
2) պետական (պետական մարմինների) և տեղական (համայնքային) աշխարհագրական տեղեկատվական համակարգերի, թեմատիկ տարածական տվյալների և թեմատիկ քարտեզագրական շերտերի, ոլորտային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծումը և վարումը.
3) կադաստրային քարտեզագրական աշխատանքների իրականացումը:
Հոդված 4. | Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտները և օբյեկտները |
1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտներն են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար անձինք, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների քաղաքացիներն ու իրավաբանական անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք, միջազգային կազմակերպությունները:
2. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտները կարող են հանդես գալ որպես գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատուներ, գեոդեզիական և քարտեզագրական գործունեությամբ ստեղծված նյութեր և տարածական տվյալներ օգտագործողներ:
3. Գեոդեզիայի և քարտեզագրության օբյեկտներ են Հայաստանի Հանրապետության տարածքը և դրա առանձին մասերը, երկրագնդի մնացած տարածքները և տիեզերքի բնական երկնային մարմինները:
Հոդված 5. | Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության արդյունքների տեսակները |
1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեությամբ ստեղծվում են՝
1) գեոդեզիական և քարտեզագրական նյութեր.
2) գեոդեզիական հիմնակետեր և ցանցեր.
3) տարածական տվյալներ.
4) աշխարհագրական տեղեկատվական համակարգեր.
5) տարածական տվյալների ենթակառուցվածքներ.
6) գիտատեխնիկական, փորձագիտական գործունեության արդյունքներ։
ԳԼՈՒԽ 2
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 6. | Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Կառավարության իրավասությունները |
1. Կառավարությունը`
1) հաստատում է պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների հայեցակարգերը և ծրագրերը.
2) սահմանում է կոորդինատային, բարձունքային, ծանրաչափական չափումների միասնական պետական համակարգերը, պետական տեղագրական քարտեզների և հատակագծերի մասշտաբային շարքերը.
3) սահմանում է պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը.
4) հաստատում է գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառի նորմատիվատեխնիկական փաստաթղթերը.
5) իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 7. | Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում լիազոր պետական կառավարման մարմնի իրավասությունները |
1. Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը Կոմիտեն է, որը՝
1) ապահովում է գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում պետական կառավարման իրականացումը.
2) իրականացնում է Հայաստանի Հանրապետության և երկրագնդի մնացած տարածքների գեոդեզիական, տեղագրական, քարտեզագրական, տարածական տվյալների բանկի կառավարումը.
3) իր սահմանած կարգով գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտներին ամբողջական տեղեկություններ է տրամադրում իրենց առնչվող տարածքները գեոդեզիական և քարտեզագրական առումով ուսումնասիրված լինելու մասին.
4) կարող է հանդես գալ որպես Հայաստանի Հանրապետության սահմաններում պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատու.
5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքի գեոդեզիական հիմնակետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի հաշվառման աշխատանքները.
6) իր լիազորությունների շրջանակում կարող է իրականացնել պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ.
7) վարում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված կադաստրային քարտեզը.
8) աջակցում է սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված աշխատանքներին.
9) հաստատում և տրամադրում է քարտեզների պայմանական նշանները.
10) իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ։
(7-րդ հոդվածը փոփ. 12.07.24 ՀՕ-312-Ն)
(12.07.24 ՀՕ-312-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 8. | Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում պետական կառավարման այլ մարմինների, պաշտոնատար անձանց իրավասությունները |
1. Պետական կառավարման մարմինը, ինչպես նաև պաշտոնատար անձը՝
1) իրականացնում են ճյուղային (ոլորտային) և տարածքային ծրագրերի իրագործման նպատակով տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ.
2) ստեղծում ու վարում են ճյուղային (ոլորտային) և տարածքային ծրագրերի իրագործումից ստեղծված խտացման և հատուկ ցանցերի կետերի քարտադարանների ֆոնդերը.
3) ստեղծում ու վարում են ճյուղային (ոլորտային) և տարածքային ծրագրերի իրագործումից ստեղծված տեղագրական և թեմատիկ հատակագծերի, քարտեզների և ատլասների ֆոնդերը.
4) պահպանում են տվյալ պետական կառավարման մարմնի տնօրինության տակ գտնվող տարածքներում տեղադրված գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերը.
5) իրենց իրավասության սահմաններում իրականացնում են պետական անվտանգության հարցերին, պետական սահմաններին վերաբերող գեոդեզիական, քարտեզագրական աշխատանքներ.
6) իրականացնում են սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ։
Հոդված 9. | Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները |
1. Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում համայնքի ղեկավարը`
1) տեղական ծրագրերի իրագործման նպատակով իրականացնում է տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ.
2) ստեղծում և վարում է տեղական ծրագրերի իրագործումից ստեղծված խտացման և հատուկ ցանցերի կետերի քարտադարանների ֆոնդերը.
3) ստեղծում և վարում է տեղական ծրագրերի իրագործումից ստեղծված տեղագրական և թեմատիկ հատակագծերի, քարտեզների և ատլասների ֆոնդերը.
4) ապահովում է համայնքի տարածքում պետական գեոդեզիական ցանցի կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի պահպանությունը.
5) իրականացնում է սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
ԳԼՈՒԽ 3
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 10. | Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության կարգավորման նորմատիվ իրավական ակտերի համակարգը, նորմատիվատեխնիկական և գեոդեզիական ու քարտեզագրական ծրագրային փաստաթղթերը |
1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեությունը և դրա հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի համակարգը բաղկացած է սույն օրենքից, այլ օրենքներից և նորմատիվ իրավական այլ ակտերից:
2. Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգը գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական կարգավորման միջոց է, որը սահմանում է այդ աշխատանքներին ներկայացվող տեխնիկական պահանջները:
3. Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարումը պարտադիր է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներ իրականացնող բոլոր սուբյեկտների համար։
4. Գեոդեզիական և քարտեզագրական ծրագրային փաստաթղթերը գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական կարգավորման միջոց են:
5. Գեոդեզիական և քարտեզագրական ծրագրային փաստաթղթեր են պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների հայեցակարգերը և ծրագրերը:
Հոդված 11. | Գեոդեզիական և քարտեզագրական գործիքների հաշվառման կարգի սահմանումը |
1. Գեոդեզիական և քարտեզագրական գործիքների և սարքավորումների հաշվառման կարգը սահմանում է Կոմիտեն։
Հոդված 12. | Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության ֆինանսավորումը |
1. Պետական կարիքների համար իրականացվող գեոդեզիական և քարտեզագրական գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին` պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների հաստատված ծրագրերի հիման վրա։
2. Այլ նպատակների համար իրագործվող գեոդեզիական և քարտեզագրական գործունեությունը ֆինանսավորվում է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատուի միջոցների հաշվին, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրերով:
3. Համայնքային ծրագրերի իրականացման նպատակով տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է համայնքային բյուջեի միջոցների և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։
4. Պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատու կամ կատարող հանդիսացող գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտները պարտադիր կարգով պետք է օգտագործեն նախկինում ստեղծված գեոդեզիական և քարտեզագրական նյութերն ու տարածական տվյալները, եթե դրանք բավարարում են տվյալ աշխատանքների համար սահմանված նորմատիվ պահանջները։
5․ Պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների պատվիրատու հանդիսացող գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտները պարտադիր կարգով պահանջվող աշխատանքների տեխնիկական առաջադրանքը նախքան դրանք հաստատելը կարծիք ստանալու համար ներկայացնում են Կոմիտե, բացառությամբ Հայաստանի Հանրապետության անվտանգային և սահմանային հարցերին վերաբերող, ինչպես նաև գիտական կամ կրթական աշխատանքների։
6. Կոմիտեն սույն հոդվածի 5-րդ մասում նշված տեխնիկական առաջադրանքներն ստանալուց հետո՝ 15 օրվա ընթացքում, ուսումնասիրում և համաձայնեցման ներկայացրած մարմնին է տրամադրում սույն օրենքին, «Տարածական տվյալների մասին» օրենքին, դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերին և ստանդարտներին, ստանդարտացման ուղեցույցներին համապատասխանության վերաբերյալ դրական կամ բացասական կարծիք: 15 օրվա ընթացքում կարծիք չտրամադրվելու դեպքում Կոմիտեի կարծիքը համարվում է դրական:
7. Բացասական կարծիքը պետք է լինի պատշաճ պատճառաբանված և պարունակի բացասական կարծիքի բոլոր հիմքերը՝ համապատասխան հղումներով:
8. Բացասական կարծիքի առկայության դեպքում տեխնիկական առաջադրանքը չի կարող հաստատվել:
9. Բացասական կարծիք տրամադրվելու դեպքում սույն հոդվածի 5-րդ մասում նշված սուբյեկտները կարող են վերացնել կարծիքում նշված անհամապատասխանությունները և ներկայացնել Կոմիտե՝ համաձայնեցման, որի դեպքում կիրառվում են սույն հոդվածի 5-8-րդ մասերը:
10. Պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական նյութերի և տարածական տվյալների առկայության, տարածքներն ուսումնասիրված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է Կոմիտեն։
Հոդված 13. | Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական վերահսկողությունը |
1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական տեսչական վերահսկողությունն իրականացնում է գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին)։
2. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության պետական տեսչական խնդիրներն են՝
1) գեոդեզիական և քարտեզագրական գործունեության բոլոր սուբյեկտների կողմից գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում իրավական ակտերի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջների պահպանման վերահսկողությունը.
2) Հայաստանի Հանրապետության տարածքի գեոդեզիական կետերի և վարչատարածքային միավորների սահմանանիշերի հաշվառմանը, պարբերաբար հետազոտմանը և դրանց պահպանմանն ուղղված միջոցառումների վերահսկողությունը.
3) գեոդեզիական աշխատանքների նորմերի և ստանդարտների պահպանման նկատմամբ վերահսկողությունը.
4) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման և սահմանազատման աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը.
5) քարտեզների և հատակագծերի վրա աշխարհագրական անվանումների ճիշտ արտահայտման նկատմամբ վերահսկողությունը.
6) պետական և տեղական նշանակության (գերատեսչական) քարտեզագրագեոդեզիական ֆոնդերի պահպանման, նյութերի և տվյալների բազմացման ու օգտագործման, տեղեկատվության տրամադրման նկատմամբ վերահսկողությունը.
7) պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացման նկատմամբ վերահսկողությունը։
3. Տեսչական մարմինն իրավունք ունի՝
1) գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտներից տեղեկատվություն ստանալու սույն օրենքով նախատեսված գործառույթների իրագործման համար, ինչպես նաև ծանոթանալու գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառին վերաբերող անհրաժեշտ այլ փաստաթղթերի.
2) դադարեցնելու պետական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների կատարումը, եթե դրանք իրականացվում են առանց համապատասխան թույլտվության կամ նորմատիվային փաստաթղթերի պահանջների խախտմամբ, կազմելու համապատասխան ակտեր, Կոմիտեին ներկայացնելու առաջարկություն տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման որակավորված գործունեության դադարեցման կամ կասեցման վերաբերյալ.
3) գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքներով զբաղվող որակավորված ֆիզիկական և իրավաբանական անձանց տալու աշխատանքների կատարման կարգի և կիրառվող տեխնոլոգիայի, ինչպես նաև այդ աշխատանքների արդյունքներով ստացված տվյալների ու նյութերի հավաքման, հաշվառման, պահպանման, բազմացման և օգտագործման, թերությունների վերացման վերաբերյալ անհրաժեշտ ցուցումներ։
4. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության վերահսկողության առանձնահատկությունները սահմանվում են «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» օրենքով։
Հոդված 14. | Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառի պետական և ծառայողական գաղտնիքի կապակցությամբ ծագող հարաբերությունները |
1. Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառի տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, դրանք պահպանելու (պաշտպանելու), գաղտնազերծելու, օգտագործելու իրավական հիմքերը, գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտների իրավունքները, պարտականությունները և լիազորությունները կարգավորվում են «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով:
Հոդված 15. | Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության ապահովման նպատակներով |
1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության իրականացումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության ապահովման նպատակով իրագործում են պաշտպանության կամ անվտանգության բնագավառի պետական լիազորված մարմինները:
2. Մի կողմից պաշտպանության կամ անվտանգության բնագավառի պետական լիազորված մարմինների, մյուս կողմից պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև սույն հոդվածի 1-ին մասում նշված բնագավառում փոխօգնության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 15-18-րդ հոդվածներով:
Հոդված 16. | Պետական գեոդեզիական և մշտական գործող պետական ռեֆերենց կայանների ցանցերի կետերի պահպանությունը, ռեֆերենց (ներառյալ պետական) կայանների ցանցերի միջոցով ծառայությունների մատուցումը |
1. Պետական գեոդեզիական (պլանային, բարձունքային և իրական ժամանակում մշտապես գործող) ցանցերի և ծանրաչափական ցանցերի կետերը, այդ կետերի վերգետնյա նշանները և կենտրոնները համարվում են պետական սեփականություն։
2. Գեոդեզիական և իրական ժամանակում մշտապես գործող կետերի արտաքին նշանների քանդումը կամ կենտրոնների վերահիմնումը կատարվում է միայն Կոմիտեի թույլտվությամբ։
3. Գեոդեզիական և իրական ժամանակում մշտապես գործող կետերի ստեղծման, պահպանման և սպասարկման հարցերը կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այլ իրավական ակտերով։
4. Գեոդեզիական և իրական ժամանակում մշտապես գործող կետերի պահպանությունը համայնքի վարչական սահմաններում իրականացնում է համայնքի ղեկավարը, որը պարտավոր է Կոմիտեին տեղյակ պահել գեոդեզիական կետերի ոչնչացման կամ վնասման բոլոր դեպքերի մասին։
5. Գեոդեզիական և իրական ժամանակում գործող կետերի պահպանության կարգը հաստատում է Կառավարությունը։
6. Պետական ռեֆերենց կայանների ցանցի միջոցով ծառայություններ մատուցում է բացառապես Կոմիտեն՝ «Տարածական տվյալների մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով սահմանված վճարի դիմաց:
7. Ռեֆերենց կայանների ցանցի միջոցով ծառայությունների մատուցումն արգելվում է, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:
Հոդված 16.1․ | Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության իրականացումը |
1. Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեությամբ կարող են զբաղվել Կոմիտեի կողմից որակավորման վկայական (այսուհետ` նաև վկայական) ստացած անձինք:
2. Գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները սահմանում է Կառավարությունը:
3. Սույն հոդվածում նշված աշխատանքների որակի և տվյալների հավաստիության համար պատասխանատվություն են կրում բացառապես որակավորում ունեցող անձինք:
4. Գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման աշխատանքներն իրականացվում են անշարժ գույքի սեփականատիրոջ (օգտագործողի) միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայականները դասակարգվում են երկու խմբի՝
1) գեոդեզիական և մարկշեյդերական գործունեության որակավորման վկայական.
2) քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայական:
6. Որակավորումը կազմակերպում և իրականացնում է Կոմիտեն՝ որակավորման քննությունների միջոցով, որոնք ընդունում է Կոմիտեի կողմից Կառավարության սահմանած կարգով ստեղծված որակավորման հանձնաժողովը: Որակավորման հանձնաժողովը կազմված է յոթ անդամից՝ Կոմիտեի աշխատակից հանդիսացող նախագահից, քարտուղարից, ինչպես նաև անդամներից, որոնցից երկուսը Կոմիտեի աշխատակից են, մեկն ընտրվում է Հայաստանի Հանրապետությունում գործող գիտական հաստատություններից, մնացած երկուսը՝ Կոմիտեի հաշվառած՝ գեոդեզիստների և մարկշեյդերների, ինչպես նաև քարտեզագրողների, հողաշինարարների, չափագրողների և հաշվառողների ինքնակարգավորվող կազմակերպությունների (այսուհետ՝ ինքնակարգավորվող կազմակերպություն) առաջադրած անդամներից: Որակավորման հանձնաժողովի անդամների թեկնածուների ներկայացման և ընտրության կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:
8. Որակավորման քննության հարցաշարերը, այդ թվում՝ խնդիրները և առաջադրանքները, առաջադրվող հարցերը նախապատրաստում է որակավորման հանձնաժողովը: Դրանք հաստատում է Կոմիտեի ղեկավարը: Քննության հարցաշարերը, առաջադրվող հարցերի քանակը հրապարակվում են Կոմիտեի պաշտոնական կայքում ոչ ուշ, քան քննության անցկացման օրվանից 20 օր առաջ:
9. Քննության դրական արդյունքներով Կոմիտեի ղեկավարը որոշում է կայացնում որակավորման վկայական տրամադրելու վերաբերյալ։
10. Որակավորման վկայականն ուժի մեջ է մտնում այն Կառավարության սահմանած կարգով որակավորված անձին հանձնելու օրվանից և գործում է անժամկետ։
11. Կոմիտեն վկայական ստացած անձանց անվանացանկը հրապարակում է իր պաշտոնական կայքում: Կառավարության սահմանած կարգով որակավորման քննության մասնակցության դիմում ներկայացնելիս գրավոր համաձայնության առկայության դեպքում վկայական ստացած անձանց կապի միջոցները և աշխատանքի վայրի մասին տեղեկությունները ևս Կոմիտեն հրապարակում է իր պաշտոնական կայքում։
12. Որակավորման վկայականի կամ դրա կրկնօրինակի կորստի կամ ոչ պիտանի դառնալու, որակավորված անձի անվան կամ ազգանվան փոփոխման դեպքում որակավորված անձը վկայականի կրկնօրինակ կամ վերաձևակերպված վկայական ստանալու դիմում է ներկայացնում Կոմիտե` ներկայացնելով պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր։ Վկայականի կրկնօրինակը կամ վերաձևակերպված վկայականը Կոմիտեն երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է Կառավարության սահմանած կարգով և ձևով: Որակավորման վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:
13. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից իրականացվող գեոդեզիական մարկշեյդերական, քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման աշխատանքների վրա:
(16.1-ին հոդվածը լրաց. 12.07.24 ՀՕ-312-Ն)
(12.07.24 ՀՕ-312-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 16.2․ | Որակավորման վկայականի գործողության կասեցման ու դադարեցման հիմքերը և կարգը |
1. Վկայականի գործողության կասեցման հիմքերն են`
1) վկայականի գործողությունը կասեցնելու վերաբերյալ դատական ակտը.
2) Կառավարության սահմանած՝ գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները չկատարելը, եթե դրանց հիմքով կատարվել է պետական գրանցում՝ Կոմիտեի նախաձեռնությամբ՝ Կառավարության սահմանած կարգով: Սույն կետով սահմանված փաստաթղթերի հիմքերով պետական գրանցում կատարված չլինելու պարագայում Կոմիտեն կասեցնում է վկայականի գործողությունը բացառապես ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից ներկայացված բողոքի կամ ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի դիմումի հիման վրա․
3) ինքնակարգավորվող կազմակերպությանը մեկ ամիս անընդմեջ չանդամակցելը մինչև անդամակցելը: Սույն կետի հիմքով որակավորման վկայականը կասեցվում է ինքնակարգավորվող կազմակերպության կողմից Կոմիտե ներկայացված կասեցման դիմումի և անդամակցությունը դադարեցված լինելը հավաստող տեղեկանքի հիման վրա.
4) ինքնակարգավորվող կազմակերպության անդամավճարը երեք ամիս անընդմեջ չվճարելը: Սույն կետի հիմքով որակավորման վկայականը համարվում է կասեցված ինքնակարգավորվող կազմակերպության կողմից Կոմիտե ներկայացված կասեցման դիմումի և անդամավճարը վճարված չլինելու մասին տեղեկանքի հիման վրա մինչև վճարումներն ամբողջությամբ կատարելը․
5) ինքնակարգավորվող կազմակերպության սահմանած վերապատրաստման դասընթացների՝ սույն օրենքով սահմանված նվազագույն ժամաքանակի առնվազն 80 տոկոսին չմասնակցելը: Սույն կետի հիմքով որակավորման վկայականը կասեցվում է ինքնակարգավորվող կազմակերպության կողմից Կոմիտե ներկայացված կասեցման դիմումի և վերապատրաստման դասընթացների՝ սույն օրենքով սահմանված նվազագույն ժամաքանակի առնվազն 80 տոկոսին մասնակցություն ապահոված չլինելու մասին տեղեկանքի հիման վրա մինչև վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պարտականության ամբողջությամբ կատարումը․
6) պետական ծառայության, համայնքային ծառայության մեջ լինելու ողջ ժամկետի ընթացքում, ինչպես նաև հանրային պաշտոնում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում` իր լիազորությունների ժամկետով.
7) որակավորված անձի կազմած՝ իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերում ոչ տեխնիկական բնույթի սխալներ կատարելը։ Սույն կետի իմաստով ոչ տեխնիկական բնույթի սխալ է համարվում այն սխալը, որը հանգեցնում է անշարժ գույքի հարկի շեղման: Սույն կետի իմաստով ոչ տեխնիկական բնույթի սխալ կատարելը չի հանգեցնում վկայականի կասեցման, եթե այդ սխալն ուղղվել է սխալ թույլ տված որակավորված անձի նախաձեռնությամբ: Սխալ պարունակող փաստաթղթի հիմքով պետական գրանցում կատարված չլինելու պարագայում Կոմիտեն իր նախաձեռնությամբ ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կամ այլ անձի դիմումի հիման վրա կասեցնում է վկայականի գործողությունը․
8) որակավորված անձի կազմած՝ իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերում երկու կամ ավելի տեխնիկական բնույթի սխալ կատարելը, եթե սխալ պարունակող փաստաթղթի հիմքով կատարվել է պետական գրանցում: Սույն կետի իմաստով տեխնիկական բնույթի սխալ կատարելը չի հանգեցնում վկայականի կասեցման, եթե այդ սխալն ուղղվել է սխալ թույլ տված որակավորված անձի նախաձեռնությամբ: Սխալ պարունակող փաստաթղթի հիմքով պետական գրանցում կատարված չլինելու, ինչպես նաև այլ նպատակով կազմված հատակագծերում Կառավարության սահմանած՝ հատակագծերի ձևերի, հատակագծերին ներկայացվող պահանջների և հատակագծերի ներկայացման կարգի խախտման պարագայում Կոմիտեն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ներկայացրած բողոքի հիման վրա կասեցնում է վկայականի գործողությունը.
9) սեփական դիմումի հիման վրա։
2․ Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 9-րդ կետերի հիմքերով վկայականի կասեցումը վկայականի դադարեցման համար հիմք չէ:
3․ Վկայականի գործողությունը Կոմիտեի ղեկավարի հրամանով կասեցնում է Կոմիտեն, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված դեպքերում վկայականի գործողությունը Կոմիտեի ղեկավարի հրամանով կասեցնում է Կոմիտեն՝ Կառավարության սահմանած կարգով որակավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
4. Վկայականի գործողությունը կասեցնելու մասին Կոմիտեի ղեկավարի հրամանը (այն ստորագրելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը) այն կայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ուղարկվում է համապատասխան որակավորված անձին՝ Կառավարության սահմանած կարգով նրա առցանց գրասենյակում տեղադրելու միջոցով: Որակավորված անձը համարվում է հրամանի մասին պատշաճ ծանուցված այն առցանց գրասենյակում տեղադրելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը: Հրամանն ուժի մեջ է մտնում առցանց գրասենյակում տեղադրելու օրվան հաջորդող չորրորդ աշխատանքային օրվանից: Որակավորված անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ առցանց գրասենյակից տեղեկություններ ստանալու համար և Կոմիտեին անհապաղ գրավոր տեղեկացնել անձնական գրասենյակից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման տեղեկություն ստանալու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեն համապատասխան հրամանը փոստային ծառայության միջոցով ուղարկում է որակավորված անձին:
5․ Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 7-րդ, 8-րդ կետերով սահմանված հիմքերով վկայականի գործողությունը կասեցվում է մեկ ամիս ժամկետով։ Վկայականի գործողությունը չի կարող կասեցվել, եթե նշված կետերով սահմանված խախտումների կատարման օրվանից անցել է երեք տարուց ավելի։
6․ Վկայականի գործողության կասեցման ընթացքում որակավորված անձն իրավունք չունի իրականացնելու գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեություն, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գործունեությունն ուղղված է կասեցման պատճառները վերացնելուն կամ նախքան կասեցումը կատարված և իրավունքի պետական գրանցման նպատակով ներկայացված գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման աշխատանքներն ուղղելուն։
7. Վկայականի գործողության դադարեցման հիմքերն են`
1) վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերում հետագայում հայտնաբերված կեղծ կամ խեղաթյուրված տվյալների առկայությունը․
2) որակավորված անձին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատական ակտը․
3) վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որակավորված անձի դիմումը․
4) վկայականի գործողության կասեցման ժամկետում սույն օրենքի իմաստով որակավորման ենթակա գործունեություն իրականացնելը․
5) մեկ տարվա ընթացքում երկու անգամ վկայականի գործողության կասեցումը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ կետերով սահմանված դեպքերի․
6) որակավորված անձի մահը հավաստող փաստաթուղթը։
8. Վկայականի գործողությունը Կոմիտեի ղեկավարի հրամանով դադարեցնում է Կոմիտեն: Սույն հոդվածի 7-րդ մասի 1-ին, 4-րդ, 5-րդ կետերով սահմանված դեպքերում վկայականի գործողությունը Կոմիտեի ղեկավարի հրամանով դադարեցնում է Կոմիտեն՝ Կառավարության սահմանած կարգով որակավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
9. Վկայականի գործողության դադարեցման մասին Կոմիտեի ղեկավարի հրամանը (այն ստորագրելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը) այն կայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով ուղարկվում է համապատասխան որակավորված անձին՝ Կառավարության սահմանած կարգով նրա առցանց գրասենյակում տեղադրելու միջոցով: Որակավորված անձը համարվում է հրամանի մասին պատշաճ ծանուցված այն առցանց գրասենյակում տեղադրելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը: Հրամանն ուժի մեջ է մտնում առցանց գրասենյակում տեղադրելու օրվան հաջորդող չորրորդ աշխատանքային օրվանից: Որակավորված անձը պարտավոր է ինքնուրույն ձեռնարկել միջոցներ առցանց գրասենյակից տեղեկություններ ստանալու համար և Կոմիտեին անհապաղ գրավոր տեղեկացնել անձնական գրասենյակից նման տեղեկություններն իրենից անկախ պատճառներով ստանալու անհնարինության մասին: Նման տեղեկություն ստանալու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեն համապատասխան հրամանը փոստային ծառայության միջոցով ուղարկում է որակավորված անձին: Վկայականի գործողության դադարեցման մասին Կոմիտեի ղեկավարի հրամանն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը Կոմիտեի պաշտոնական կայքում կատարվում է վկայականի գործողության դադարեցման մասին նշում։
10. Վկայականի գործողության դադարեցումից հետո նոր վկայական ստանալու համար անձը Կառավարության սահմանած կարգով կարող է դիմել ոչ շուտ, քան դրա գործողության դադարեցման օրվանից մեկ տարի հետո։
11. Սույն հոդվածով սահմանված վկայականի գործողության կասեցումը, կասեցման հիմքերի վերացումը և վկայականի գործողության դադարեցումը կատարվում են Կառավարության սահմանած կարգով և ժամկետներում՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման բնագավառում որակավորման մշտական գործող հանձնաժողովի եզրակացության հիման վրա` Կոմիտեի ղեկավարի հրամանով, որը ենթակա է անհապաղ կատարման, և հրամանի բողոքարկումը չի կասեցնում հրամանի գործողությունը կամ կատարումը: Վկայականի գործողության կասեցման, կասեցման հիմքերի վերացման և վկայականի գործողության դադարեցման հրամանների բողոքարկման կարգը սահմանվում է օրենքով։
(16.2-րդ հոդվածը լրաց. 12.07.24 ՀՕ-312-Ն)
(12.07.24 ՀՕ-312-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 16.3. | Ինքնակարգավորվող կազմակերպությունը |
1. Սույն օրենքի իմաստով ինքնակարգավորվող կազմակերպություն է համարվում այն մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպությունը, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով, և որի հիմնադիր են հանդիսանում սույն օրենքի իմաստով որակավորված առնվազն երկու անձինք, որոնք ունեն առնվազն հինգ տարվա գործող որակավորման վկայական: Գեոդեզիստ և մարկշեյդեր, ինչպես նաև քարտեզագրող, չափագրող, հաշվառող և հողաշինարար որակավորված անձինք կարող են լինել միայն մեկ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ: Որակավորված մասնագետը կարող է գործունեություն ծավալել առանց ինքնակարգավորվող կազմակերպությանն անդամակցելու միայն այն դեպքում, երբ Կոմիտեում սահմանված կարգով որևէ ինքնակարգավորվող կազմակերպություն հաշվառված չէ:
2. Ինքնակարգավորվող կազմակերպությունն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով իրավաբանական անձի պետական գրանցման պահից: Ինքնակարգավորվող կազմակերպության անվանումը պետք է ցուցում պարունակի իր գործունեության բնույթի մասին:
3. Ինքնակարգավորվող կազմակերպությունը Կոմիտեում հաշվառվելու նպատակով Կոմիտեի ղեկավարի սահմանած կարգով ներկայացնում է նախատեսված փաստաթղթերի պատճենները, իր անդամների ցանկը, գործունեության հնգամյա ծրագիրը, ծրագրի նպատակները, կատարվելիք միջոցառումները, ակնկալվող արդյունքները և ծրագրի իրականացման ժամանակացույցը: Սույն մասով նախատեսված փաստաթղթերով սահմանված տվյալների, բացառությամբ գործունեության հնգամյա ծրագրի և դրա իրականացման ժամանակացույցի, փոփոխության դեպքում ինքնակարգավորվող կազմակերպությունն այդ մասին անհապաղ, սակայն ոչ ուշ, քան տվյալների փոփոխությունից հետո՝ եռօրյա ժամկետում, Կոմիտեի ղեկավարի սահմանած կարգով հայտնում է Կոմիտեին:
4. Ներկայացված հնգամյա ծրագրին և դրա իրականացման ժամանակացույցին հավանություն տալու պարագայում Կոմիտեն 20-օրյա ժամկետում հաստատում է այն և հաշվառում ինքնակարգավորվող կազմակերպությունը: Ինքնակարգավորվող կազմակերպության հնգամյա ծրագիրը պետք է հիմնված լինի Կառավարության հաստատած՝ հնգամյա գործունեության միջոցառումների ծրագրի, Կոմիտեի և այլ պետական մարմինների սահմանած և ոլորտին առնչվող ռազմավարությունների, ինչպես նաև ոլորտում առկա ժամանակակից ուղղությունների վրա: Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հնգամյա ծրագիրը կամ դրա իրականացման ժամանակացույցը ինքնակարգավորվող կազմակերպության դիմումի հիման վրա կարող է փոփոխվել՝ նախապես մեկ տարի առաջ Կոմիտեի հաստատմանը ներկայացնելով փոփոխությունների ծրագիրը և դրանց հիմնավորումը: Ներկայացված հնգամյա ծրագրի կամ դրա իրականացման ժամանակացույցի փոփոխությանը հավանություն տալու պարագայում Կոմիտեն 20-օրյա ժամկետում հաստատում է այն: Հաստատված հնգամյա ծրագրի ավարտից վեց ամիս առաջ ինքնակարգավորվող կազմակերպությունը սույն հոդվածով սահմանված կարգով Կոմիտե է ներկայացնում հերթական հնգամյա ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը: Հերթական հնգամյա ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը չհաստատվելու դեպքում Կոմիտեն վերադարձնում է ներկայացված փաստաթղթերը՝ սահմանելով առկա թերությունները վերացնելու և փաստաթղթերը կրկին ներկայացնելու մինչև 15-օրյա ժամկետ: Կոմիտեի մատնանշած թերությունները չվերացնելուց հետո հերթական հնգամյա ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը երկրորդ անգամ ներկայացնելը հաշվառման մերժման, ինչպես նաև հաշվառված ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվառումից հանելու հիմք է: Կոմիտեում ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը սահմանվում է Կոմիտեի ղեկավարի իրավական ակտով:
5. Ինքնակարգավորվող կազմակերպությունը հանվում է հաշվառումից՝
1) եթե չի կատարում հաշվառման ներկայացրած իր ծրագրի առնվազն 80 տոկոսը կամ կատարում է ժամանակացույցի էական խախտումներով.
2) եթե չի ներկայացնում կամ չի կատարում սույն օրենքի 16.5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերապատրաստման ուսումնական ծրագիրը.
3) եթե չի ներկայացնում ամենամյա հաշվետվությունները կամ երկու և ավելի անգամ մեկ ամսից ավելի ժամկետով ուշացնում է հաշվետվության ներկայացումը.
4) հերթական հնգամյա ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը չհաստատվելու դեպքում:
6. Ինքնակարգավորվող կազմակերպությունն ապահովում է իր անդամների գործունեության թափանցիկությունը և արդյունավետության բարձրացումը, հավաքական շահերի պաշտպանությունը, մշակում է իր անդամների վարքագծի կանոնները, նպաստում է դրանց կիրառմանը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված լիազորությունների իրագործմանը:
7. Ինքնակարգավորվող կազմակերպության գործառույթներն ու խնդիրներն են՝
1) իր անդամների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, այդ թվում՝ պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.
2) գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման ոլորտների կայացմանը և ընդլայնմանն աջակցելը.
3) գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման ոլորտներում մեթոդական աջակցության և խորհրդատվության տրամադրումը.
4) գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման ոլորտների միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը և փորձի փոխանակումը.
5) գեոդեզիստի և մարկշեյդերի, ինչպես նաև քարտեզագրողի, չափագրողի, հաշվառողի և հողաշինարարի մասնագիտության ճանաչելիության, վարկանիշի և վստահելիության բարձրացմանն ուղղված միջոցառումների և ծրագրերի իրականացումը.
6) գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման ոլորտներին վերաբերող մասնագիտական գրականության հավաքումը, մշակումը, կազմումը և հրատարակումը.
7) բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցով իր անդամների մասնագիտական ուսուցման և վերապատրաստման կազմակերպումը.
8) իր կողմից հաշվառման ներկայացված հնգամյա ծրագրի պատշաճ և ժամանակացույցին համապատասխան կատարման ապահովումը.
9) գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման ոլորտներում այլ գործառույթներ:
8. Ինքնակարգավորվող կազմակերպությունը կարող է անձամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ այն ծառայելու է սույն հոդվածով նախատեսված խնդիրների իրականացմանը: Ինքնակարգավորվող կազմակերպությունն իրավունք ունի զբաղվելու միայն իր կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով, բացառությամբ գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական, հաշվառման և որակավորում պահանջող այլ տեսակի գործունեության:
9. Կոմիտեում կարող է հաշվառվել առավելագույնը հինգ ինքնակարգավորվող կազմակերպություն: Հաշվառված ինքնակարգավորվող կազմակերպությունների շարքում թափուր տեղ առաջանալու պարագայում Կոմիտեի պաշտոնական կայքում տեղադրվում է հայտարարություն, որը հիմք է ինքնակարգավորվող կազմակերպության համար սույն հոդվածով սահմանված կարգով ցանկացած ժամանակ հաշվառման նպատակով դիմելու Կոմիտե:
(16.3-րդ հոդվածը լրաց. 12.07.24 ՀՕ-312-Ն)
(12.07.24 ՀՕ-312-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 16.4. | Ինքնակարգավորվող կազմակերպության գույքը |
1. Անդամների (հիմնադիրների) կողմից ինքնակարգավորվող կազմակերպությանը փոխանցվող գույքը ինքնակարգավորվող կազմակերպության սեփականությունն է: Անդամները պատասխանատվություն չեն կրում ինքնակարգավորվող կազմակերպության պարտավորությունների համար: Ինքնակարգավորվող կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար: Անդամները ինքնակարգավորվող կազմակերպության ընդհանուր ժողովի սահմանած չափով և կարգով պարբերաբար կատարում են անդամության վճարներ։
2. Անդամը պարտավոր է վճարել անդամավճար: Անդամավճարի առավելագույն վճարը չի կարող սահմանվել ամսական 15000 Հայաստանի Հանրապետության դրամից ավելի:
(16.4-րդ հոդվածը լրաց. 12.07.24 ՀՕ-312-Ն)
(12.07.24 ՀՕ-312-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 16.5. | Ինքնակարգավորվող կազմակերպության անդամի վերապատրաստումը |
1. Ինքնակարգավորվող կազմակերպությունը յուրաքանչյուր տարի Կոմիտեի հաստատմանն է ներկայացնում անդամների վերապատրաստման ուսումնական ծրագիրը: Հաջորդող տարվա վերապատրաստման ուսումնական ծրագիրը Կոմիտե է ներկայացվում մինչև նախորդ տարվա նոյեմբերի 1-ը: Վերապատրաստման ուսումնական ծրագիրը 20-օրյա ժամկետում հաստատվելուց հետո ինքնակարգավորվող կազմակերպությունը Կոմիտեի ղեկավարի սահմանած կարգով և ժամկետում հայտարարում է մասնագիտական մրցույթ, որին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունները: Ինքնակարգավորվող կազմակերպությունը յուրաքանչյուր տարի պարտավոր է կազմակերպել առնվազն մեկ վերապատրաստման ուսումնական ծրագիր:
2. Ինքնակարգավորվող կազմակերպության անդամները (բացառությամբ գիտությունների թեկնածուի կամ դոկտորի աստիճան ունեցող անդամների, որոնց նկատմամբ սույն մասով սահմանված պահանջները կիրառելի չեն) պարտավոր են անցնել ինքնակարգավորվող կազմակերպության սահմանած կարգով և ժամաքանակով վերապատրաստման դասընթացներ, որոնք չեն կարող երկու տարվա ընթացքում 32 ժամից պակաս լինել: Ինքնակարգավորվող կազմակերպության կազմակերպած դասընթացներին մասնակցելու վճարները վճարում են դասընթացներին մասնակցողները: Ինքնակարգավորվող կազմակերպության անդամներն իրավունք ունեն վերապատրաստման համար սահմանված ժամաքանակը լրացնելու նաև ինքնակարգավորվող կազմակերպության սահմանած ծրագրից դուրս՝ գեոդեզիայի, աշխարհագրության, երկրատարածական տվյալների ոլորտներում գիտաժողովների և դասախոսությունների մասնակցելու միջոցով, որոնց վերաբերյալ պարտավոր են ինքնակարգավորվող կազմակերպություն ներկայացնել մասնակցությունը հավաստող համապատասխան փաստաթուղթ:
(16.5-րդ հոդվածը լրաց. 12.07.24 ՀՕ-312-Ն)
(12.07.24 ՀՕ-312-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
Հոդված 16.6. | Ինքնակարգավորվող կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունը |
1. Ինքնակարգավորվող կազմակերպության կողմից սույն օրենքի, իրավական այլ ակտերի և ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրական պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Կոմիտեն:
2. Ինքնակարգավորվող կազմակերպությունն իր գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություն է ներկայացնում Կոմիտե մինչև հաշվետու տարվան հաջորդող մարտի 1-ը:
3. Ինքնակարգավորվող կազմակերպության կողմից ներկայացվող հաշվետվությունը ներառում է Կոմիտե ներկայացված հնգամյա ծրագրի, իր իրականացրած այլ ծրագրերի, ինչպես նաև վերապատրաստման ուսումնական ծրագրի կատարման վերաբերյալ տեղեկատվություն:
(16.6-րդ հոդվածը լրաց. 12.07.24 ՀՕ-312-Ն)
(12.07.24 ՀՕ-312-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
ԳԼՈՒԽ 4
ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 17. | Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության հետ կապված վեճերի լուծումը |
1. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:
Հոդված 18. | Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար |
1. Սույն օրենքը խախտելու համար գեոդեզիական և քարտեզագրական գործունեության սուբյեկտները կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 19. | Սույն օրենքը խախտելու հետևանքով պատճառված վնասի հատուցումը |
1. Սույն օրենքը խախտելու հետևանքով վնաս պատճառած իրավաբանական և ֆիզիկական անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
2. Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության հետևանքով իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասը հատուցում է վնասը հասցրած անձը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Հոդված 20․ | Միջազգային համագործակցությունը գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում |
1. Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում միջազգային համագործակցությունն իրականացվում է սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան։
2. Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների՝ գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կարգավորվում է սույն օրենքով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։
3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։
Հոդված 21. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի և 16-րդ հոդվածի 5-րդ մասի, որոնք ուժի մեջ են մտնում համապատասխանաբար 11-րդ հոդվածի 1-ին մասից և 16-րդ հոդվածի 5-րդ մասից բխող իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից:
2. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերից, ինչպես նաև 11-րդ հոդվածի 1-ին մասից և 16-րդ հոդվածի 5-րդ մասից բխող իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-179 օրենքը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. փետրվարի 8 Երևան ՀՕ-20-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2023 թվական: