9-րդ հոդվածի 1-ին մասում նշված տասնօրյա ժամկետի սկիզբ է համարվել 2024 թ. հուլիսի 26-ը, ավարտ` 2024 թ. օգոստոսի 5-ը` համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 05.08.24-ի 01/2407-2024 գրության:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը «համալրման ենթակա տեղերի քանակը» բառերից հետո լրացնել «և կցելով բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը» բառերով.
2) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ:».
3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Հայտատուները հանձնում են գրավոր քննություն, որի ավարտից հետո՝ մեկօրյա ժամկետում, որակավորման հանձնաժողովը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում գրավոր քննության արդյունքով դրական գնահատական ստացած մասնակիցների բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-7.3-րդ մասերով.
«7.1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո անցկացվում է բանավոր քննություն: Բանավոր քննության ընթացքում թեկնածուին հարցադրումներ են արվում նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության մասին։ Որակավորման հանձնաժողովի կողմից թեկնածուների ընտրության ընթացքում գնահատման ենթակա տվյալների թվում է նաև թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը:
7.2․ Գրավոր և բանավոր քննություններից դրական գնահատական ստացած անձինք անցնում են հոգեբանական գնահատում։ Քննություններից դրական գնահատական ստացած և հոգեբանական գնահատումը բարեհաջող անցած հայտատուները որակավորման հանձնաժողովի որոշմամբ ընդգրկվում են քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակում:
7.3. Գրավոր և բանավոր քննությունների անցկացման կարգը, հոգեբանական գնահատմանը վերաբերող հարցերի շրջանակը և լրացման կարգը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը:»:
Հոդված 2․ Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.3-րդ մասերով.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձինք որակավորման հանձնաժողովի կողմից ծանուցում ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, էլեկտրոնային համակարգում լրացնում են բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձինք որակավորման հանձնաժողովի կողմից ծանուցում ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, որակավորման հանձնաժողով են ներկայացնում բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ։
1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ մեկօրյա ժամկետում, որակավորման հանձնաժողովն առաջխաղացման ենթակա անձանց կողմից բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը լրացված լինելու մասին տեղեկացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին մեկամսյա ժամկետում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։
1.3. Ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ եզրակացությունը տրամադրելիս որակավորման հանձնաժողովի կողմից գնահատման ենթակա հանգամանքներից է նաև թեկնածուի վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը։»:
Հոդված 3․ Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-4.3-րդ մասերով.
«4.1. Մինչև վարչապետի կողմից քննչական կոմիտեի նախագահի թեկնածուին Կառավարություն ներկայացնելը՝ վարչապետի աշխատակազմը, իսկ մինչև քննչական կոմիտեի նախագահի տեղակալների թեկնածուներին քննչական կոմիտեի նախագահի կողմից վարչապետին ներկայացնելը քննչական կոմիտեի նախագահը թեկնածուների կողմից լրացված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկները ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով քսանօրյա ժամկետում խորհրդատվական բնույթի եզրակացություն ստանալու նպատակով։
4.2. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննչական կոմիտեի նախագահի թեկնածուի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացությունը տրամադրում է վարչապետին, իսկ քննչական կոմիտեի նախագահի տեղակալների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացությունը՝ քննչական կոմիտեի նախագահին։
4.3. Վարչապետի կողմից քննչական կոմիտեի նախագահի թեկնածուին Կառավարություն ներկայացնելու, իսկ քննչական կոմիտեի նախագահի տեղակալների թեկնածուներին քննչական կոմիտեի նախագահի կողմից վարչապետին ներկայացնելու հետ մեկտեղ ներկայացվում են նաև թեկնածուների լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկները և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տրամադրած՝ բարեվարքության ուսումնասիրության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունները։»:
Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով և սույն օրենքով նախատեսված դեպքերում ու ժամկետներում ներկայացնել բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկ:»:
Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից այնպիսի վարքագիծ դրսևորվելիս կամ գույքային դրության առնչությամբ այնպիսի անհամապատասխանության դեպքում, որը հանգեցրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն տրամադրելուն։»:
Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որևէ անդամի միջնորդությամբ:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացվելու դեպքում պարտադիր հարուցվում է ծառայողական քննություն։».
2) 3-րդ մասի «կարգապահական վարույթի» բառերը փոխարինել «ծառայողական քննության» բառերով.
3) 4-րդ մասի «Կարգապահական վարույթը» բառերը փոխարինել «Ծառայողական քննությունը» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Ծառայողական քննությունը հարուցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքով բացասական բնույթի եզրակացությունը տրամադրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարվելուց վեց տարի հետո (բացառությամբ բարեվարքության գույքային դրության առնչությամբ հարուցվող ծառայողական քննությունների)։ Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության շրջանակներում գույքային դրության ուսումնասիրության արդյունքով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն տրամադրվելու դեպքում ծառայողական քննությունը հարուցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բացասական եզրակացությունը տրամադրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում։»:
Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.1-ին հոդվածով.
«Հոդված 31.1. | Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունը |
1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ առաջին անգամ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնում նշանակվելու տարվանից հետո՝ վեցերորդ տարում: Քննչական կոմիտեի նախագահը և նրա տեղակալները բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն չեն անցնում:
2․ Նախկինում քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած այն անձը, որը պաշտոնավարումը դադարելուց հետո կրկին նշանակվում է քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնում, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն անցնում է կրկին պաշտոնում նշանակվելուց հետո՝ վեցերորդ տարում։
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները հաշվարկվում են քննչական կոմիտեի ինքնավար պաշտոնում նշանակվելու օրացուցային տարվան հաջորդող տարվանից։
4. Այն դեպքում, երբ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոնում նշանակվելուց հետո՝ մինչև բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության տարին, անձն առաջխաղացման նպատակով անցնում է բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն, ապա բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության համար նախատեսված վեց տարվա ժամկետն սկսվում է հաշվարկվել քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու օրացուցային տարվան հաջորդող տարվանից։
5. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության վերաբերյալ հարցաթերթիկը ներկայացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով։
6. Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը լրացվում է բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնելու տարվա հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում:
7. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սույն հոդվածով նախատեսված ուսումնասիրության արդյունքով ընդունված խորհրդատվական բնույթի եզրակացությունը տրամադրում է քննչական կոմիտեի նախագահին։»:
Հոդված 8. Օրենքի 35-րդ հոդվածում՝
1) 14-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ նախաձեռնելով քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակում ներառելու գործընթաց.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-14.3-րդ մասերով.
«14.1. Սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումն ընդունելուց հետո որակավորման հանձնաժողովը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին ծանուցում է տասնօրյա ժամկետում բարեվարքության ուսումնասիրության հարցաթերթիկը էլեկտրոնային համակարգում լրացնելու անհրաժեշտության վերաբերյալ։
14.2. Սույն հոդվածի 14.1-ին մասով նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ մեկօրյա ժամկետում, որակավորման հանձնաժողովն առաջխաղացման ենթակա անձանց կողմից բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկում տվյալների լրացված լինելու վերաբերյալ տեղեկացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին մեկամսյա ժամկետում բարեվարքության ուսումնասիրության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։
14.3. Սույն հոդվածի 14.2-րդ մասում նշված անձանց բարեվարքության ուսումնասիրության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո որակավորման հանձնաժողովը որոշում է կայացնում անձին առաջխաղացման ցուցակում ներառելու կամ չներառելու վերաբերյալ:».
3) 16-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«16. Որակավորման հանձնաժողովի որոշումը հանձնաժողովի նախագահն ատեստավորման օրվանից հետո (բացառությամբ սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումն ընդունելու դեպքի)` եռօրյա ժամկետում, ներկայացնում է քննչական կոմիտեի նախագահին, իսկ սույն հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումն ընդունվելու դեպքում եռօրյա ժամկետը սկսվում է հաշվարկվել սույն հոդվածի 14.3-րդ մասով նախատեսված որոշումն ընդունվելուց հետո:»:
Հոդված 9. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության շրջանակներում բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի ներկայացման կարգը, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի ձևանմուշը, լրացման կարգը, հարցաթերթիկում ներառվող տվյալների մանրամասները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
2․ Մինչև բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկների լրացման էլեկտրոնային համակարգի գործարկումը բարեվարքության ուսումնասիրություն անցնող անձինք բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկները ներկայացնում են թղթային տարբերակով:
3. 2024 թվականին պետք է բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնի քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց 20 տոկոսը, 2025 թվականին՝ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց 25 տոկոսը, 2026 թվականին՝ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց 25 տոկոսը, 2027 թվականին՝ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց 30 տոկոսը:
4. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության վերաբերյալ առաջին ընթացիկ ուսումնասիրությունն անցնելու հերթականությունը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
5. 2024 թվականին քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով քննչական կոմիտեի նախագահի կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն անցնելու հերթականությունը սահմանվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
6. 2025, 2026 և 2027 թվականներին քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում:
7. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձինք բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն անցնելուց հետո բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն անցնում են սույն օրենքի 31.1-ին հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում, որը սկսվում է հաշվարկվել բարեվարքության վերաբերյալ առաջին ընթացիկ ուսումնասիրությունն անցնելու օրացուցային տարվան հաջորդող տարվանից։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մայիսի 3 Երևան ՀՕ-161-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական: