Օրենքն ունի անցումային դրույթ: Տես 9-րդ հոդվածը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի սեպտեմբերի 11-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. | Օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) պետական տուրք` պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար կազմակերպություններից կամ ֆիզիկական անձանցից (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջից, նոտարից) Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող՝ օրենքով սահմանված պարտադիր վճար.
2) պետական տուրքի միասնական հաշիվ՝ սույն օրենքով սահմանված դեպքերում պետական տուրք վճարողների հերթական տարեկան (օրենքով սահմանված դեպքերում՝ ամսական և եռամսյակային) պետական տուրքի գծով պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջետային հաշիվ.
3) պետական տուրքի միասնական հաշվի գումար՝ գումար, որով սույն օրենքով սահմանված կարգով կարող են մարվել պետական տուրք վճարողի հերթական տարեկան պետական տուրքի գծով պարտավորությունները, և որը կարող է առաջանալ՝
ա. պետական տուրքի միասնական հաշվին կատարված վճարումից,
բ. լիազոր մարմինների տրամադրած ճշգրտված տեղեկատվության հիման վրա կատարված վերահաշվարկից,
գ. իրավունքի, թույլտվության, արտոնագրի, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման դեպքում սույն օրենքով սահմանված կարգով կատարված՝ պետական տուրքի գումարների համամասնական նվազեցումից,
դ. օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտի կատարման կամ բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման արդյունքով պարտավորության պակասեցումից.
4) պետական տուրքի պարտավորություն՝ չվճարված պետական տուրքի և օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժի գումար.
5) պետական տուրքի անձնական հաշվի քարտ՝ պետական տուրքի գումարների հաշվառման գրանցամատյան, որտեղ արտացոլվում են հերթական տարեկան պետական տուրքի գումարները, պետական տուրք վճարողի կողմից պետական տուրքի գումարները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու (մասնակի վճարելու) հետևանքով հաշվարկված տույժերի գումարները, պետական տուրքի գծով կատարված վճարումները, ինչպես նաև կատարված վճարումների հաշվին մարված պարտավորությունները.
6) էլեկտրոնային անձնական հաշվի քարտ՝ ինքնաշխատ եղանակով վարվող պետական տուրքի անձնական հաշվի քարտ, բացառությամբ հարկային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված դեպքերի, երբ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտի կամ բողոքարկման հանձնաժողովի որոշման հիման վրա կազմված եզրակացությամբ պետական տուրքի անձնական հաշվի քարտում կկատարվի պետական տուրքի պարտավորության փոփոխություն.
7) պետական տուրք վճարող՝ կազմակերպություն կամ ֆիզիկական անձ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, նոտար), որը սույն օրենքով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ պետական տուրք վճարելու պարտավորություն.
8) լիազոր մարմին՝ լիցենզիա, թույլտվություն, իրավունք, որակավորման վկայական, արտոնագիր, ինչպես նաև ծանուցում ներկայացրած անձանց ծանուցման ենթակա գործունեություն իրականացնելու իրավունք տրամադրող պետական կամ ենթակա պետական մարմին կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.
9) էլեկտրոնային գրանցամատյան՝ լիազոր մարմինների կողմից վարվող միասնական գրանցամատյան, որում ներառված տեղեկությունները տրամադրվում են հարկային մարմնին էլեկտրոնային եղանակով, համապատասխան համակարգչային ցանցով, վեբ ծառայությունների միջոցով` լիազոր մարմինների և հարկային մարմնի միջև փոխհամաձայնեցված տեխնոլոգիական մեթոդներով և ձևաչափով:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը «կամ օրենքով սահմանված այլ հիմքերով» բառերից առաջ լրացնել «, կազմակերպության լուծարմամբ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 6.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետը «օրենքով տարեկան պետական տուրքի վերացմամբ, ինչպես նաև» բառերից հետո լրացնել «կազմակերպության լուծարման և» բառերով.
2) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) եթե տարեկան պետական տուրք վճարողն իրավունքի, թույլտվության, արտոնագրի, լիցենզիայի կամ որակավորման վկայականի գործողության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) կամ ծանուցված գործունեության դադարեցման համար դիմում է ներկայացնում լիազոր մարմին, և այդ դիմումը բավարարվում է հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար սույն օրենքով սահմանված վերջնաժամկետից հետո, ապա գործողության կամ ծանուցված գործունեության դադարեցման (ուժը կորցրած ճանաչվելու) օրը կատարվում է հերթական տարեկան պետական տուրքի գումարի համամասնական նվազեցում (անկախ պետական տուրքի գումարի վճարման հանգամանքից)՝ դադարեցման օրը ներառող ամսվան հաջորդող ամիսների համար: Նվազեցվող գումարը հաշվարկելու համար հերթական տարեկան պետական տուրքի գումարը բաժանվում է 12-ի և բազմապատկվում դադարեցման օրը ներառող ամսվան հաջորդող ամսվանից մինչև հաջորդ պետական տուրքի հաշվարկման ամսվան նախորդող ամիսների թվով: Եռամսյակային պետական տուրքի նվազեցվող գումարը հաշվարկելու համար դադարեցման օրը ներառող եռամսյակի պետական տուրքի գումարը բաժանվում է երեքի և բազմապատկվում եռամսյակի՝ դադարեցման օրը ներառող ամսվան հաջորդող ամիսների թվով.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Անհատ ձեռնարկատիրոջ՝ հաշվառումից դուրս գալու, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի և նոտարների) գործունեությունը որոշակի կամ անորոշ ժամկետով դադարեցվելու, սնանկ ճանաչվելու դեպքերում հերթական տարեկան պետական տուրքերի գումարները ենթակա են վճարման մինչև սույն հոդվածով սահմանված՝ տարեկան պետական տուրքի վճարման պարտավորության դադարեցման հիմքերից որևէ մեկի ի հայտ գալու օրը:»:
Հոդված 5. Օրենքի 34-րդ հոդվածի վերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը վճարվում է հայկական դրամով, ընդ որում հերթական տարեկան պետական տուրքի վճարում կատարելու ժամանակ սխալի առկայության դեպքում կիրառվում են հետևյալ կանոնները.
1) վճարումն ըստ պետական տուրք վճարողի նույնականացնելու համար առաջնային է համարվում հարկ վճարողի հաշվառման համարը, այնուհետև հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը.
2) եթե վճարողը սխալմամբ վճարման հանձնարարականում, որպես պետական տուրք վճարող, նշել է այլ անձի, որի արդյունքով մարվել է այլ անձի պետական տուրքի գծով պարտավորությունը, ապա կատարված է համարվում այլ անձի պետական տուրքի գծով պարտավորությունը, իսկ գումարը վճարողին վերադարձման ենթակա չէ: Այս դեպքում վճարողը այլ անձի նկատմամբ ձեռք է բերում քաղաքացիաիրավական պահանջի իրավունք։»:
Հոդված 7. Օրենքի 36.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 36.1. | Պետական տուրքի պարտավորությունների հաշվառումը |
1. Պետական տուրքի միասնական հաշվին վճարված գումարների հաշվառման օր է համարվում դրանց՝ պետական տուրքի միասնական հաշվին մուտքագրման օրը:
2. Պետական տուրքի միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարները մուտքագրվում են պետական տուրքի միասնական հաշվին` դրանց առաջացման օրով:
3. Հերթական տարեկան պետական տուրքի գծով պարտավորությունները մարվում են ըստ ավելի վաղ առաջացած պարտավորության հերթականության, ընդ որում պետական տուրքի պարտավորությունների գումարներից սկզբում մարվում են տուրքի գումարները, այնուհետև՝ տույժերի գումարները, իսկ պետական տուրքի վճարման օրերը նույնը լինելու դեպքում տուրքերի գումարների մարումը կատարվում է պետական տուրք վճարողի ընտրած հերթականությամբ։ Այն դեպքում, երբ պետական տուրք վճարողի կողմից ընտրություն չի կատարվում, մարումը կատարվում է հարկային մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:
4. Հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունների (տուրք, տույժ) հաշվառման համար հարկային մարմնում էլեկտրոնային եղանակով վարվում են պետական տուրքի անձնական հաշվի քարտեր՝ ըստ առանձին լիազոր մարմինների: Պետական տուրքի անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանվում են հարկային մարմնի ղեկավարի հրամանով, ընդ որում՝
1) սույն օրենքի 20.2-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի պարտավորությունների հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը.
2) սույն օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար նախատեսված պետական տուրքի պարտավորությունների հաշվառումն իրականացնում է հարկային մարմինը այդ պարտավորությունների հաշվառման համար հարկային մարմնում բացված առանձին պետական տուրքի անձնական հաշվի քարտում:
5. Հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունների հաշվառումն իրականացվում է բացառապես լիազոր մարմինների կողմից առցանց տրամադրված՝ էլեկտրոնային գրանցամատյանում առկա տեղեկատվության հիման վրա: Լիազոր մարմինների կողմից օրենքով սահմանված գործունեության տեսակով զբաղվելու իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, լիցենզիաների (կամ ներդիրների) տրամադրման ժամկետների, ծանուցում ներկայացրած և հաշվառված անձանց մասին, ծանուցման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման կամ նոր վայրում այդ գործունեությունն իրականացնելու համար ներկայացված ծանուցման ժամկետների, ինչպես նաև վճարման ենթակա տարեկան պետական տուրքի գումարի չափի վերաբերյալ տեղեկատվությունն էլեկտրոնային գրանցամատյանում հաշվառելու կարգը սահմանում է Կառավարությունը: «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ օգտագործելու թույլտվությունը տրամադրող լիազոր մարմին է հանդիսանում կազմակերպության պետական գրանցումն իրականացրած մարմինը:
6. Պետական տուրքերի պարտավորությունները և դրանց մարումները, ինչպես նաև պետական տուրքերի պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների): Վճարողի լուծարման դեպքում պետական տուրքերի մինչև հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները և միասնական հաշվում առկա գումարներն անտեսվում են:
7. Պետական տուրքերի պարտավորությունները հաշվառվում են և (կամ) վերահաշվարկվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով, բացառությամբ սույն օրենքի 19.7-րդ, 19.8-րդ հոդվածներով սահմանված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար նախատեսված պետական տուրքի պարտավորությունների, որոնք հաշվառվում են համապատասխան հայտարարության կամ տեղեկության ներկայացման օրով:
8. Մարված հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունների գումարներն արտացոլվում են գանձապետական եկամտային հաշիվներում դրանց մարման օրով, որից հետո գանձապետարանի կողմից մարված պետական տուրքի պարտավորությունների գումարների վերաբերյալ, ինչպես նաև վերահաշվարկի արդյունքով պետական տուրքի միասնական հաշվին վերադարձման ենթակա գումարների վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվում է ըստ առանձին լիազոր մարմինների:
9. Պետական տուրքի միասնական հաշվին կատարված վճարումները չեն համարվում պետական բյուջեի եկամուտներ և վճարներ, քանի դեռ դրանց հաշվին պարտավորություններ չեն մարվել:
10. Պետական տուրքի հաշվառման նպատակով հարկային մարմնում բացված էլեկտրոնային անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը յուրաքանչյուր օր առցանց տրամադրվում է լիազոր մարմիններին:»:
Հոդված 8. Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 39. | Պետական տուրքը վերադարձնելու կարգը |
1. Պետական տուրքի միասնական հաշվում առկա գումարները ենթակա են վերադարձման պետական տուրք վճարողին կամ հաշվանցման պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին պետական տուրք վճարողի կողմից հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացված՝ հարկային մարմնի սահմանած ձևով և կարգով լրացված դիմումի հիման վրա՝ այն ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում: Պետական տուրքի միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացնում է գանձապետարանը՝ գումարը փոխանցելով պետական տուրք վճարողի բանկային հաշվին կամ հաշվանցում կատարելով պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին: Գումարի վերադարձը սույն մասով սահմանված ժամկետից 30 օրից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացած օրվա համար պետական տուրք վճարողին վճարվում է տույժ՝ վերադարձման ենթակա գումարի 0․03 տոկոսի չափով։
2. Պետական տուրքի այն գումարները, որոնք չեն հաշվառվում պետական տուրքի միասնական հաշվում՝
1) վերադարձվում են այն բյուջեից, որին փոխանցվել է գումարը ոչ ուշ, քան սույն մասով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, բացառությամբ օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար վճարված տուրքի գումարների: Օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար վճարված պետական տուրքը ֆիզիկական անձանց է վերադարձվում Կառավարության սահմանած կարգով.
2) վերադարձվում են պետական տուրք վճարողի դիմումի համաձայն, եթե այն ներկայացվել է համապատասխան ֆինանսական մարմին՝ պետական տուրքը կամ նրա մի մասը վերադարձնելու իրավունքի առաջացման օրվանից երեք տարուց ոչ ուշ ժամկետում, ընդ որում՝
ա. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացված ծառայությունների կամ գործողությունների համար գանձված պետական տուրքը վերադարձվում է գանձող մարմնի կողմից ընթացիկ ամսում գանձված պետական տուրքի այն գումարներից, որոնք օրենքով սահմանված կարգով դեռ չեն փոխանցվել պետական բյուջե: Այս դեպքում կազմվում և պետական տուրք վճարողի դիմումին է կցվում նաև ակտ, որի օրինակելի ձևը և պետական տուրքի վերադարձի փաստաթղթավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը,
բ. պետական տուրքը կամ նրա մի մասը վերադարձնելու մասին դիմում տալը կասեցնում է երեք տարվա ժամկետի ընթացքը,
գ. պետական տուրքը վերադարձնելու մասին դիմումին կցվում են Սահմանադրական դատարանի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների և պետական տուրք գանձող մյուս մարմինների տեղեկանքները` պետական տուրքը մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին, ինչպես նաև պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերի բնօրինակները, բացառությամբ այն դեպքերի, երբ պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերի բնօրինակը գտնվում է պետական տուրքը գանձող մարմնի մոտ, որի մասին կատարվում է համապատասխան նշում պետական տուրքը մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին տեղեկանքում:»:
Հոդված 9.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված՝ կազմակերպության լուծարման դեպքում պետական տուրքի պարտավորության դադարեցման դրույթի, որը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը լուծարված կազմակերպությունների վրա:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական տուրքի անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունները և գերավճարները չեն փոխանցվում նոր էլեկտրոնային անձնական հաշվի քարտին և շարունակում են հաշվառվել նախկին պետական տուրքի անձնական հաշվի քարտերում մինչև պարտավորությունների մարումը և (կամ) գերավճարի վերադարձը:
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական տուրքի անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների, ինչպես նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նշված պարտավորությունների վրա հաշվարկված տույժերի մարման նպատակով վճարումները կատարվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող համապատասխան հաշվեհամարներին:
4. Պետական տուրքի նոր էլեկտրոնային անձնական հաշվի քարտերում վարվելու են միայն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած պարտավորությունները և պետական տուրքի միասնական հաշվին կատարված վճարումները:
5. Պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմինների կողմից պետական տուրք վճարողին լիցենզիաների (թույլտվությունների, իրավունքների, արտոնագրերի, որակավորման վկայականների) տրամադրման (առաջին անգամ), ինչպես նաև լիցենզիայի կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, գործունեության իրականացման թույլտվության կամ թույլտվության իրավունքը հավաստող փաստաթղթի կրկնօրինակի տրման, գործունեության իրականացման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, գործունեության իրականացման թույլտվության վերաձևակերպման, մրցույթների մասնակցության համար պետական տուրքի գծով վճարումները պետական տուրքի միասնական հաշվին չեն կատարվում և չեն հաշվառվում պետական տուրքի անձնական հաշվի քարտերում: Տվյալ դեպքում վճարումները կատարվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող հաշվեհամարներին:
6. Օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար նախատեսված պետական տուրքի գծով վճարումները կատարվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող հաշվեհամարներին:
7. Սույն օրենքի 7-րդ հոդվածով շարադրվող՝ Օրենքի 36.1-ին հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով սահմանված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
8. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո լիազոր մարմինները Կառավարության որոշմամբ սահմանված ձևաչափով առաջին անգամ էլեկտրոնային գրանցամատյանում հաշվառում են 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործող (այդ թվում՝ կասեցված) բոլոր լիցենզիաների (կամ ներդիրների), իրավունքների, թույլտվությունների, արտոնագրերի, որակավորման վկայականների, ծանուցման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ տեղեկատվությունը, որոնց համար պետք է հաշվարկվի հերթական տարեկան պետական տուրքի գումար:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. սեպտեմբերի 30 Երևան ՀՕ-339-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հոկտեմբերի 2024 թվական: