ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հուլիսի 12-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 47.4-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «հյուսվածքների» բառից հետո լրացնել «կամ սերմնաբջիջների, ձվաբջիջների դոնորության, փոխնակ մոր միջոցով տրամադրվող ծառայություններին առնչվող» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից սերմնաբջիջների, ձվաբջիջների դոնորությանը կամ փոխնակ մոր միջոցով տրամադրվող ծառայություններին առնչվող գովազդին ներկայացվող պահանջների խախտումով գովազդ տարածելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.35-րդ հոդվածով.
«Հոդված 47.35. | Կենսաբանական ծնողների սեռաբջիջների կամ կենսաբանական ծնողի և դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմերի արտահանման, ներմուծման և տեղափոխման կարգի ու պայմանների խախտումը |
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով՝ կենսաբանական ծնողների սեռաբջիջների կամ կենսաբանական ծնողի և դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում առաջացած սաղմերի արտահանման, ներմուծման և տեղափոխման կարգի ու պայմանների խախտումը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:
Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո՝ վեցամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. օգոստոսի 5 Երևան ՀՕ-319-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 օգոստոսի 2024 թվական: