ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք
(Ընդունվել է Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի կողմից 1998 թվականի հունիսի 17-ին)
Ա Ռ Ա Ջ Ի Ն Բ Ա Ժ Ի Ն
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 1
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Քաղաքացիական դատավարության մասին օրենսդրությունը |
1. Հայաստանի Հանրապետության դատարաններում (այսուհետ` դատարաններ) քաղաքացիական գործերով դատավարության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով:
Այլ օրենքներում պարունակվող քաղաքացիական դատավարության իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն սույն օրենսգրքին, իսկ հակասության դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի նորմերը:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են դատավարության այլ նորմեր, քան նախատեսված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
3. Քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքներով:
Հոդված 2. | Դատարան դիմելու իրավունքը |
Շահագրգիռ անձն իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:
Սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում այլ անձանց իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանության համար իրավունք ունեն դատարան դիմել այդպիսի պաշտպանությամբ հանդես գալու իրավասություն ունեցող անձինք:
Հոդված 3. | Քաղաքացիական գործ հարուցելու հիմքը |
Դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա:
Հոդված 4. | Դատավորների անկախությունը և նրանց ենթարկվելը միայն օրենքին |
1. Արդարադատություն իրականացնելիս` դատավորներն անկախ են և ենթարկվում են միայն օրենքին:
2. Դատավորների անկախության երաշխիքները սահմանվում են «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հոդված 5. | Հավասարությունն օրենքի և դատարանի առջև |
Քաղաքացիական գործերով արդարադատությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև` քաղաքացիների ու իրավաբանական անձանց հավասարության սկզբունքների հիման վրա:
Հոդված 6. | Կողմերի մրցակցությունը և իրավահավասարությունը |
Քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:
Հոդված 7. | Դատավարության լեզուն |
1. Քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է հայերենով:
2. Գործին մասնակցող հայոց լեզվին չտիրապետող անձանց համար ապահովվում է թարգմանչի միջոցով գործերի նյութերին ծանոթանալու, դատավարական գործողություններին մասնակցելու և դատարանում այլ լեզվով հանդես գալու իրավունքը:
3. Դատարանը կարող է գործին մասնակցող անձանցից պահանջել ներկայացնելու գրավոր ապացույցների բնագրերի հայերեն թարգմանությունը` վավերացված օրենքով սահմանված կարգով:
Հոդված 8. | Գործերի քննության հրապարակայնությունը |
1. Դատարաններում քաղաքացիական գործերի քննությունը դռնբաց է:
2. Գործի քննությունը դռնփակ նիստում թույլատրվում է օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև որդեգրման գաղտնիությունը, քաղաքացիների անձնական կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունն ապահովելու, առևտրային կամ այլ գաղտնիք պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ միջնորդությունը դատարանի կողմից բավարարվելու դեպքում:
3. Գործը դռնփակ նիստում քննելու մասին կայացվում է որոշում:
4. Գործը դռնփակ նիստում քննելիս ներկա են գտնվում գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները, որոնցից վերցվում է ստորագրություն` բացահայտված գաղտնի տեղեկությունները չհրապարակելու և չօգտագործելու մասին:
5. Դռնփակ նիստում գործի քննությունն իրականացվում է քաղաքացիական դատավարության կանոնների, պետական, ծառայողական, առևտրային, բանկային և այլ գաղտնիքների մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ:
Դատարանի վճիռը բոլոր դեպքերում հրապարակվում է դռնբաց նիստում: (8-րդ հոդվածը լրաց. 24.10.00 ՀՕ-101)
Հոդված 9. | Դատական քննության բանավորությունը և անընդհատությունը |
1. Գործի քննությունը կատարվում է բանավոր:
2. Գործի քննությունն իրականացվում է դատարանի անփոփոխ կազմով: Գործի քննության ընթացքում դատավորի փոխարինման դեպքում գործի քննությունն սկսվում է սկզբից:
3. Յուրաքանչյուր գործով քննությունը կատարվում է անընդմեջ, բացի հանգստյան համար նախատեսված օրերից և ժամերից:
4. Մինչև գործի քննությունն ավարտելը, հետաձգելը կամ կասեցնելը դատարանն իրավունք չունի այլ գործ քննել:
Հոդված 10. | Վեճերի և այլ գործերի լուծման ժամանակ կիրառվող օրենքները և այլ իրավական ակտերը |
1. Դատարանը վեճերը և այլ գործերը լուծում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների և դրանց համապատասխան ընդունված այլ իրավական ակտերի հիման վրա:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքով կամ այլ իրավական ակտերով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
3. Վիճելի հարաբերությունը կարգավորող օրենքի կամ այլ իրավական ակտի բացակայության դեպքում դատարանը կիրառում է նույնանման հարաբերություններ կարգավորող օրենքի նորմերը (օրենքի անալոգիա): Նման նորմերի բացակայության դեպքում դատարանը վեճը լուծում է` ելնելով իրավունքի սկզբունքներից (իրավունքի անալոգիա):
4. Դատարանն օրենքին կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան կարող է կիրառել նաև այլ պետությունների իրավունքի նորմեր:
Հոդված 11. | Օտարերկրյա իրավունքի կիրառումը |
1. Դատարանն օտարերկրյա իրավունք կիրառելու դեպքում պարզում է դրա նորմերի գոյությունը և բովանդակությունը` օտարերկրյա պետությունում դրանց մեկնաբանման և կիրառման պրակտիկային համապատասխան:
2. Օտարերկրյա իրավունքի նորմերի գոյությունը և բովանդակությունը պարզելու նպատակով` դատարանը կարող է սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում գտնվող իրավասու մարմինների աջակցությանը կամ ներգրավել մասնագետների:
Օտարերկրյա իրավունքի նորմերի գոյությունը կամ բովանդակությունը պարզելու անհնարինության դեպքում դատարանը կիրառում է Հայաստանի Հանրապետության իրավունքի համապատասխան նորմերը:
Հոդված 12. | Գործարար շրջանառության սովորույթների կիրառումը |
Դատարանն իրավունք ունի կիրառել գործարար շրջանառության սովորույթներ:
Հոդված 13. | Քաղաքացիական գործերով դատական ակտերը |
Դատարանը քաղաքացիական գործերով կայացնում է վճիռներ և որոշումներ:
Հոդված 14. | Դատական ակտերի պարտադիր լինելը |
Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Գ Լ ՈՒ Խ 2
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 15. | Քաղաքացիական գործերի ենթակայությունը քաղաքացիական գործեր քննող դատարանին |
1. Քաղաքացիական գործեր քննող դատարանին ենթակա են բոլոր քաղաքացիական գործերը, բացառությամբ սույն օրենսգրքի 16 հոդվածին համապատասխան տնտեսական գործեր քննող դատարանի (այսուհետ` տնտեսական դատարան) իրավասությանը ենթակա գործերի:
2. Քաղաքացիական գործեր քննող դատարանը մասնավորապես, քննում է`
1) Քաղաքացիական, հողային, բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության իրավահարաբերություններից ծագող վեճերով գործերը, եթե կողմերից թեկուզ մեկը քաղաքացի է.
2) պետաիրավական, վարչաիրավական, հարկային և այլ իշխանական ենթակայության վրա հիմնված իրավահարաբերություններից ծագող գործերը, եթե մի կողմը քաղաքացի է.
3) ընտանեկան և աշխատանքային իրավահարաբերություններից ծագող վեճերով գործերը.
4) քաղաքացու իրավունքները, ազատությունները և օրինական շահերը խախտող պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտերն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործերը.
5) պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ու ոչ առևտրային կազմակերպությունների միջև վեճերով, ինչպես նաև դրանց միջև վեճերով գործերը.
6) պատվի և արժանապատվության պաշտպանության վերաբերյալ գործերը.
7) սույն օրենսգրքի 23-26 և 28-36 գլուխներով նախատեսված գործերը:
Հոդված 16. | Քաղաքացիական գործերի ենթակայությունը տնտեսական դատարանին |
1. Տնտեսական դատարանի իրավասությանը ենթակա են առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի միջև ձեռնարկատիրական գործունեության ոլորտում ծագող վեճերը (այսուհետ` տնտեսական վեճեր):
2. Տնտեսական դատարանը, մասնավորապես, լուծում է տնտեսական վեճերը`
1) պետաիրավական, վարչաիրավական և հարկային իրավահարաբերություններից ծագող գործերով.
2) այն պայմանագրով տարաձայնությունների մասին, որի կնքումը նախատեսված է օրենքով կամ, եթե կողմերը համաձայնվել են պայմանագրով տարաձայնությունները հանձնել տնտեսական դատարանի լուծմանը.
3) պայմանագրերը լուծելու կամ դրանց պայմանները փոփոխելու մասին.
4) պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու մասին.
5) սեփականության իրավունքը ճանաչելու մասին.
6) սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի կողմից ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու մասին.
7) սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի` տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքների խախտման մասին.
8) վնասները հատուցելու մասին.
9) պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ու առևտրային կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի իրավունքները և օրինական շահերը խախտող ակտերն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.
10) գործարար համբավի պաշտպանության մասին.
11) պետական գրանցումը մերժելը կամ սահմանված ժամկետում պետական գրանցումից խուսափելը բողոքարկելու մասին` այն դեպքերում, երբ նման գրանցումը նախատեսված է օրենքով.
12) իրավասու պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից առևտրային կազմակերպությունից կամ անհատ ձեռնարկատիրոջից տուգանքներ բռնագանձելու մասին:
3. Տնտեսական դատարանը քննում է այլ գործեր, այդ թվում`
1) իրավաբանական անձանց և քաղաքացիների սնանկության մասին.
2) ձեռնարկատիրական գործունեության ոլորտում առևտրային կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարման համար իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը (այսուհետ` իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր) հաստատելու մասին.
3) ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթերով հավաստված իրավունքները վերականգնելու մասին:
4. Տնտեսական դատարանի իրավասությանը ենթակա են նաև անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ չունեցող քաղաքացիների և առևտրային կազմակերպություն չհանդիսացող կազմավորումների մասնակցությամբ տնտեսական վեճերը և այլ գործեր, եթե դրանք իրենց էությամբ առնչվում են ձեռնարկատիրական գործունեության ոլորտին:
5. Տնտեսական դատարանի ենթակայությանն օրենքով կարող են վերապահվել նաև այլ գործեր: (16-րդ հոդվածը խմբ. 11.09.01 ՀՕ-214)
Հոդված 17. | Միմյանց հետ կապված մի քանի պահանջների ենթակայությունը |
Միմյանց հետ կապված մի քանի պահանջների միացման դեպքում, երբ դրանցից մի քանիսը ենթակա են քաղաքացիական գործեր քննող դատարանին, իսկ մյուսները` տնտեսական դատարանին, բոլոր պահանջները ենթակա են քաղաքացիական գործեր քննող դատարանի քննությանը:
Հոդված 18. | Վեճի հանձնումը միջնորդ դատարանի լուծմանը |
Քաղաքացիական իրավահարաբերություններից բխող և դատարանի իրավասությանը ենթակա գույքային վեճը` մինչև վճիռ կայացնելը, կողմերի համաձայնությամբ կարող է հանձնվել միջնորդ դատարանի լուծմանը:
Գ Լ ՈՒ Խ 3
ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ
Հոդված 19. | Քաղաքացիական գործերով դատարանի կազմը |
1. Առաջին ատյանի դատարանում դատավորը գործերը քննում է միանձնյա:
2. Վերաքննիչ դատարանում գործերը քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով:
2.1. Տնտեսական դատարանում բոլոր տնտեսական գործերն առաջին անգամ ըստ էության քննվում են միանձնյա: Վճռաբեկ դատարանի կողմից բեկանված վճիռներով տնտեսական գործերը, բացառությամբ սնանկության գործերի և օրենքով նախատեսված այլ գործերի, Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանում քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով:
3. Վճռաբեկ դատարանի պալատում (այսուհետ` վճռաբեկ դատարան) գործերը քննվում են կոլեգիալ` պալատի կազմով:
4. Դատավորը, գործը միանձնյա քննելիս և առանձին հարցեր լուծելիս, հանդես է գալիս որպես դատարան:
5. Կոլեգիալ կազմով գործերը քննելիս և առանձին հարցեր լուծելիս բոլոր դատավորներն ունեն հավասար իրավունքներ: (19-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-214)
Հոդված 20. | Դատարանի կողմից հարցերի լուծման կարգը |
1. Դատարանում գործերը կոլեգիալ կազմով քննելիս ծագող հարցերը լուծվում են դատավորների ձայների մեծամասնությամբ: Որևէ դատավոր իրավունք չունի ձեռնպահ մնալ քվեարկելուց: Նիստում նախագահողը քվեարկում է վերջինը:
2. Մեծամասնության որոշման հետ չհամաձայնվող դատավորն իրավունք ունի չստորագրել վճիռը կամ որոշումը, սակայն պարտավոր է շարադրել իր հատուկ կարծիքը, որը կցվում է գործին:
Հատուկ կարծիքը չի հրապարակվում:
Գ Լ ՈՒ Խ 4
ԲԱՑԱՐԿՆԵՐ
Հոդված 21. | Դատավորին բացարկ հայտնելը |
1. Կողմերն իրավունք ունեն բացարկ հայտնել գործը քննող դատավորին` նրա անաչառության վերաբերյալ կասկած հարուցող փաստերի և հանգամանքների հիման վրա:
2. Բացարկը հայտնվում է գրավոր, որում շարադրվում են դրա հիմքերը:
3. Նույն դատավորին կրկին հայտնված բացարկը կարող է քննության առարկա դառնալ, եթե դրանում նշված են դատավորի անաչառության վերաբերյալ կասկած հարուցող նոր փաստեր և հանգամանքներ:
Հոդված 22. | Դատավորի ինքնաբացարկը |
1. Գործը քննող դատավորը կարող է ինքնաբացարկ հայտնել սույն օրենսգրքի 21 հոդվածի 1-ին կետում նշված հիմքերով:
2. Ինքնաբացարկը հայտնվում է գրավոր, մինչև գործի քննություն սկսելը, որում շարադրվում են դրա հիմքերը: Գործի քննության ընթացքում ինքնաբացարկ հայտնելը թույլատրվում է, եթե ինքնաբացարկի հիմքը դատավորին հայտնի է դարձել գործի քննությունն սկսելուց հետո:
Հոդված 23. | Փորձագետին և դատական նիստի քարտուղարին բացարկ հայտնելու հիմքերը |
1. Սույն օրենսգրքի 21 հոդվածի 1-ին կետում նշված բացարկ հայտնելու հիմքերը տարածվում են նաև փորձագետի և դատական նիստի քարտուղարի վրա:
Բացի դրանից փորձագետին բացարկ հայտնելու հիմք են`
1) գործի քննության պահին կամ նախկինում նրա ծառայողական կամ այլ կախվածությունը գործին մասնակցող անձանցից կամ նրանց ներկայացուցիչներից.
2) նրա կատարած վերստուգումը (աուդիտը) կամ փորձաքննությունը, որի նյութերը հիմք կամ առիթ են ծառայել դատարան դիմելու համար:
2. Փորձագետի և դատական նիստի քարտուղարի մասնակցությունը տվյալ գործի նախորդ քննությանը` որպես համապատասխանաբար փորձագետ, դատական նիստի քարտուղար, հիմք չէ նրանց բացարկ հայտնելու համար:
Հոդված 24. | Փորձագետի և դատական նիստի քարտուղարի ինքնաբացարկը կամ նրանց բացարկ հայտնելը |
1. Սույն օրենսգրքի 21 հոդվածի 1-ին կետում և 23 հոդվածում նշված հանգամանքների առկայության դեպքում փորձագետը և դատական նիստի քարտուղարը պարտավոր են ինքնաբացարկ հայտնել:
Նույն հիմքերով նրանց կարող են բացարկ հայտնել գործին մասնակցող անձինք:
2. Ինքնաբացարկը և բացարկը հայտնվում են գրավոր` մինչև գործի ըստ էության քննությունը, որի մեջ շարադրվում են դրա հիմքերը: Գործի քննության ընթացքում ինքնաբացարկ և բացարկ հայտնելը թույլատրվում է միայն այն դեպքերում, եթե ինքնաբացարկի կամ բացարկի հիմքն ինքնաբացարկ կամ բացարկ հայտնող անձին հայտնի է դարձել գործի քննությունն սկսելուց հետո:
Հոդված 25. | Հայտարարված ինքնաբացարկի և բացարկի լուծման կարգը |
1. Ինքնաբացարկ կամ բացարկ հայտնելու դեպքում գործի քննությունն ընդհատվում է մինչև այդ հարցի լուծումը:
2. Գործը միանձնյա քննող դատավորի ինքնաբացարկի կամ բացարկի հարցը լուծում է դատարանի նախագահը, իսկ եթե գործը գտնվում է դատարանի նախագահի վարույթում` մեկ այլ դատավոր:
3. Գործը կոլեգիալ կազմով քննելիս դատավորներից մեկի ինքնաբացարկի կամ բացարկի հարցը լուծում են մնացած դատավորները` բացարկվողի բացակայությամբ: Ինքնաբացարկին կամ բացարկին կողմ և դեմ տրված ձայների հավասար քանակի դեպքում ինքնաբացարկը կամ բացարկը համարվում է բավարարված:
4. Փորձագետի և դատական նիստի քարտուղարի ինքնաբացարկի և բացարկի հարցը լուծում է գործը քննող դատարանը:
5. Ինքնաբացարկ հայտնած կամ բացարկ հայտնած անձին իրավունք է տրվում արտահայտվել:
6. Ինքնաբացարկի կամ բացարկի հարցի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում, որում շարադրվում են ինքնաբացարկի կամ բացարկի ընդունման կամ մերժման հիմքերը:
7. Դատարանի որոշումը հայտարարվում է անհապաղ և ենթակա չէ բողոքարկման:
Հոդված 26. | Ինքնաբացարկի և բացարկի բավարարման հետևանքները |
1. Դատավորի կամ դատավորների հայտնած ինքնաբացարկը կամ նրանց հայտնած բացարկը բավարարվելու դեպքում գործը քննվում է նույն դատարանում, սակայն այլ կազմով:
2. Եթե ինքնաբացարկների կամ բացարկների բավարարման արդյունքում առաջին ատյանի տվյալ դատարանում գործի քննության համար անհնարին է կազմավորել դատարանի նոր կազմ, գործը հանձնվում է առաջին ատյանի այլ դատարանի քննությանը:
3. Եթե ինքնաբացարկների կամ բացարկների բավարարման հետևանքով տնտեսական դատարանում գործի քննության համար անհնարին է կազմավորել դատարանի նոր կազմ, ապա վճռաբեկ դատարանի նախագահը գործը հանձնում է առաջին ատյանի որևէ դատարանի քննությանը, իսկ եթե գործը քննվում է կոլեգիալ կարգով` քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի քննությանը: (26-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-214)
Գ Լ ՈՒ Խ 5
ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԻՆՔ
Հոդված 27. | Գործին մասնակցող անձանց կազմը |
Գործին մասնակցող անձինք են`
1) կողմերը.
2) երրորդ անձինք.
3) դիմողները` սույն օրենսգրքի երրորդ բաժնով նախատեսված գործերով:
Հոդված 28. | Գործին մասնակցող անձանց իրավունքները և պարտականությունները |
1. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն`
1) ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները` հաշվի առնելով սույն օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները.
2) հայտնել բացարկներ.
3) ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը` հաշվի առնելով սույն օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները.
4) հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին.
5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց փաստարկները.
6) առարկել գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների դեմ.
7) բողոքարկել դատական ակտերը.
8) օգտվել սույն օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից:
2. Գործին մասնակցող անձինք կրում են օրենքով սահմանված դատավարական պարտականություններ:
3. Գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն: (28-րդ հոդվածը լրաց. 24.10.00 ՀՕ-101)
Հոդված 29. | Կողմերը |
1. Քաղաքացիական դատավարության (այսուհետ` դատավարություն) կողմերն են հայցվորը և պատասխանողը:
2. Հայցվորներ են քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնք հայց են հարուցել:
3. Պատասխանողներ են քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնց դեմ հայց է հարուցվել:
4. Կողմերն ունեն հավասար դատավարական իրավունքներ և կրում են հավասար դատավարական պարտականություններ:
Հոդված 30. | Գործին մի քանի հայցվորի կամ պատասխանողի մասնակցությունը |
1. Հայցը կարող է հարուցվել մի քանի հայցվորի (համահայցվորներ) կողմից համատեղ կամ ընդդեմ մի քանի պատասխանողի (համապատասխանողներ):
2. Հայցվորներից և պատասխանողներից յուրաքանչյուրը դատավարությունում հանդես է գալիս ինքնուրույն:
3. Համահայցվորները կամ համապատասխանողները կարող են գործը վարելը հանձնարարել իրենցից մեկին:
Հոդված 31. | Անպատշաճ կողմի փոխարինումը |
1. Դատարանը, գործի նախապատրաստման կամ քննության ժամանակ, պարզելով, որ հայցը հարուցվել է ոչ այն անձի կողմից, որին պատկանում է պահանջի իրավունքը կամ ոչ այն անձի դեմ, ով պետք է պատասխանի այդ հայցով, կարող է հայցվորի համաձայնությամբ թույլ տալ, որ նա կամ պատասխանողը փոխարինվեն պատշաճ հայցվորով կամ պատասխանողով:
2. Եթե հայցվորը համաձայն չէ իրեն ուրիշ անձով փոխարինելուն, ապա այդ անձը կարող է գործին մասնակցել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ:
3. Եթե հայցվորը համաձայն չէ պատասխանողին ուրիշ անձով փոխարինելուն, դատարանը կարող է այդ անձին մասնակից դարձնել որպես երկրորդ պատասխանող:
4. Անպատշաճ կողմին փոխարինելուց հետո գործի քննությունն սկսվում է սկզբից:
Հոդված 32. | Հայցի հիմքը կամ առարկան փոխելը, հայցային պահանջների չափը փոփոխելը, հայցից հրաժարվելը, հայցն ընդունելը |
1. Հայցվորն իրավունք ունի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը փոխել հայցի հիմքը կամ առարկան, ավելացնել կամ նվազեցնել հայցային պահանջների չափը կամ հրաժարվել հայցից:
2. Պատասխանողն իրավունք ունի ամբողջովին կամ մասնակիորեն ընդունել հայցը:
Հոդված 33. | Կողմերի հաշտության համաձայնությունը |
1. Կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ:
2. Կողմերի միջև կայացված հաշտության համաձայնությունը ձևակերպվում է գրավոր:
3. Դատարանը, նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը, կողմերին պարզաբանում է դրա դատավարական հետևանքները:
4. Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Այդ դեպքերում դատարանը վեճը քննում է ըստ էության:
Հոդված 34. | Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք |
Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Նրանք օգտվում են հայցվորի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները:
Հոդված 35. | Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք |
1. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա:
2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հայցի հիմքը կամ առարկան փոխելու, հայցային պահանջների չափն ավելացնելու կամ նվազեցնելու, հայցից հրաժարվելու, հայցն ընդունելու կամ հաշտության համաձայնություն կնքելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքից:
Հոդված 36. | Դատավարական իրավահաջորդությունը |
1. Դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում (քաղաքացու մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում, պահանջի զիջում, պարտքի փոխանցում) դատարանը կատարում է այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով` այդ մասին նշելով որոշման մեջ: Իրավահաջորդություն հնարավոր է դատավարության ցանկացած փուլում:
2. Այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են դատավարության ընթացքում մինչև իրավահաջորդի` գործի մեջ մտնելը, նրա համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին այն անձի համար, որին փոխարինել է իրավահաջորդը:
Հոդված 37. | Պետական մարմինների մասնակցությունը գործին |
1. Պետական մարմիններն իրավունք ունեն դատարան դիմել պետության գույքային շահերի պաշտպանության հայցով:
2. Հայց հարուցած պետական մարմինն օգտվում է հայցվորի իրավունքներից և կրում է նրա պարտականությունները:
3. Համապատասխան պետական մարմնի կողմից հայց չներկայացվելու դեպքում պետության գույքային շահերի պաշտպանության հայցը ներկայացնում է դատախազը` «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 38. | Տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությունը գործին |
1. Համայնքի ղեկավարն իրավունք ունի դատարան դիմել համայնքի գույքային շահերի պաշտպանության հայցով:
2. Հայց հարուցած համայնքի ղեկավարն օգտվում է հայցվորի իրավունքներից և կրում է նրա պարտականությունները:
Գ Լ ՈՒ Խ 6
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 39. | Գործերի վարումը ներկայացուցիչների միջոցով |
1. Քաղաքացիները կարող են դատարանում իրենց գործերը վարել անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով: Քաղաքացու մասնակցությունը գործին չի զրկում նրան` գործով ներկայացուցիչ ունենալու իրավունքից:
2. Դատարանում իրավաբանական անձանց գործերը վարում են օրենքով կամ կանոնադրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում գործող նրանց մարմինները կամ ներկայացուցիչները:
3. Իրավաբանական անձանց ղեկավարները կամ նրանց կանոնադրությանը համապատասխան` իրավաբանական անձի շահերը ներկայացնելու իրավունք ունեցող այլ անձինք դատարան են ներկայացնում իրենց պաշտոնեական կարգավիճակը կամ լիազորությունները հավաստող փաստաթղթեր:
Հոդված 40. | Անձինք, որոնք կարող են ներկայացուցիչներ լինել դատարանում |
Դատարանում ներկայացուցիչ կարող է լինել ցանկացած քաղաքացի, որն ունի դատարանում գործը վարելու պատշաճ ձևակերպված լիազորություն:
Հոդված 41. | Ներկայացուցչի լիազորությունների ձևակերպումը |
1. Ներկայացուցչի լիազորությունները պետք է ամրագրվեն օրենքին համապատասխան տրված և ձևակերպված լիազորագրում:
2. Քաղաքացու տված լիազորագիրը հաստատում է օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
3. Իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է նրա ղեկավարի կամ դրա համար նրա կանոնադրությամբ լիազորված այլ անձի ստորագրությամբ` իրավաբանական անձի կնիք դրոշմելով:
4. Փաստաբանի լիազորությունները հաստատվում են օրենքով սահմանված կարգով:
Հոդված 42. | Ներկայացուցչի լիազորությունները |
Դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու դատավարական գործողություններ, բացառությամբ`
1) ստորագրելու հայցադիմումը.
2) գործը հանձնելու միջնորդ դատարանին.
3) ամբողջովին կամ մասնակի հրաժարվելու հայցային պահանջներից և ընդունելու հայցը.
4) փոխելու հայցի առարկան կամ դրա հիմքը.
5) փոխելու հայցային պահանջների չափը.
6) կնքելու հաշտության համաձայնություն.
7) այլ անձի փոխանցելու լիազորությունները (վերալիազորում).
8) բողոքարկելու դատական ակտը.
9) դիմելու իրավասու անձանց` վճռաբեկ բողոք բերելու խնդրանքով:
Սույն հոդվածում նշված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է հատուկ նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:
Հոդված 43. | Օրինական ներկայացուցիչները |
1. Անչափահասների, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը դատարանում պաշտպանում են նրանց ծնողները (որդեգրողները), խնամակալները կամ հոգաբարձուները, որոնք դատարան են ներկայացնում իրենց կարգավիճակը հավաստող փաստաթղթեր:
Այն գործով, որին պետք է մասնակցեր սահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված քաղաքացին, որպես նրա ներկայացուցիչ հանդես է գալիս նրա գույքի հավատարմագրային կառավարիչը:
Այն գործով, որին պետք է մասնակցեր մահացած կամ սահմանված կարգով մահացած ճանաչված քաղաքացու ժառանգը, եթե ժառանգությունը ոչ ոք դեռևս չի ընդունել, որպես ժառանգի ներկայացուցիչ հանդես է գալիս ժառանգական գույքի պահպանման և կառավարման համար նշանակված անձը:
2. Օրինական ներկայացուցիչները կարող են դատարանում գործը վարելը հանձնարարել իրենց կողմից որպես ներկայացուցիչ ընտրված մեկ այլ անձի:
Գ Լ ՈՒ Խ 7
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
Հոդված 44. | Վկան |
1. Վկա կարող է լինել ցանկացած անձ, որին հայտնի են դատարանի կողմից վեճի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող տեղեկություններ և հանգամանքներ:
2. Դատարանն իրավունք ունի վկաներ կանչել կողմի առաջարկով:
3. Որպես վկա կանչված անձի ծանուցագրում պետք է նշվեն նրա ներկայանալու վայրը, ժամանակը և այն գործը, որի կապակցությամբ նա պետք է հարցաքննվի, ինչպես նաև չներկայանալու հետևանքները:
4. Դատարանի կողմից որպես վկա կանչված յուրաքանչյուր անձ պարտավոր է ներկայանալ դատարանի կանչով և հայտնել գործով իրեն հայտնի տեղեկություններն ու հանգամանքները:
5. Եթե կանչված վկան դատական նիստին չի ներկայանում դատարանի կողմից անհարգելի ճանաչված պատճառներով, դատարանն իրավունք ունի որոշում կայացնել նրան հարկադիր բերման ենթարկելու մասին: Դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 45. | Փորձագետը |
1. Դատարանում որպես փորձագետ կարող է հանդես գալ համապատասխան որակավորում ունեցող և սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ու կարգով դատարանի կողմից նշանակվող անձը:
2. Անձը, ում հանձնարարված է փորձաքննություն կատարել, պարտավոր է ներկայանալ դատարանի կանչով և օբյեկտիվ եզրակացություն տալ իրեն առաջադրված հարցերի հիման վրա:
3. Փորձագետն իրավունք ունի, եթե դա անհրաժեշտ է եզրակացություն տալու համար, ծանոթանալ գործի նյութերին, մասնակցել դատական նիստերին, հարցեր տալ, խնդրել դատարանին իրեն տրամադրելու լրացուցիչ նյութեր: Իրեն տրամադրված նյութերի անբավարարության դեպքում փորձագետը կարող է հրաժարվել եզրակացություն տալուց:
Հոդված 46. | Թարգմանիչը |
1. Թարգմանիչ է այն անձը, որը տիրապետում է թարգմանության համար անհրաժեշտ լեզուներին:
2. Դատարանն իրավունք ունի թարգմանիչ նշանակել կողմի առաջարկով, որը և վճարում է թարգմանչի ծառայությունների համար:
3. Թարգմանիչն իրավունք ունի հարցեր տալ թարգմանությունը ճշգրտելու համար:
Գ Լ ՈՒ Խ 8
ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ
Հոդված 47. | Ապացույցների հասկացությունը և տեսակները |
1. Գործով ապացույցներ են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:
Այդ տեղեկությունները հաստատվում են`
1) գրավոր և իրեղեն ապացույցներով.
2) փորձագետների եզրակացություններով.
3) վկաների ցուցմունքներով.
4) գործին մասնակցող անձանց բացատրություններով:
2. Օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում:
Հոդված 48. | Ապացուցման պարտականությունը |
Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները:
Հոդված 49. | Ապացույցները ներկայացնելու և պահանջելու կարգը |
1. Ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
2. Գործին մասնակցող անձը, որը հնարավորություն չունի անհրաժեշտ ապացույցն ինքնուրույն ձեռք բերել գործին մասնակցող կամ չմասնակցող այլ անձից, որի մոտ այն գտնվում է, իրավունք ունի տվյալ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել դատարան: Միջնորդությունում պետք է նշվեն ապացույցը, գործի համար նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք կարող են հաստատվել այդ ապացույցով, ինչպես նաև ապացույցի գտնվելու վայրը, եթե այն հայտնի է:
3. Միջնորդության քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:
4. Ապացույցները պահանջելու մասին որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` պետական, ծառայողական, առևտրային, բանկային և այլ գաղտնիքների մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ: (49-րդ հոդվածը լրաց. 24.10.00 ՀՕ-101)
Հոդված 50. | Ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելը և հետազոտելը |
1. Ապացույցները դատարան բերելու անհնարինության կամ դժվարության դեպքում դատարանը կողմերի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ իրավունք ունի դրանք զննել և հետազոտել գտնվելու վայրում:
Դատարանն իրավունք ունի իր հայեցողությամբ մուտք գործել ցանկացած վայր:
2. Գործին մասնակցող անձինք ապացույցները զննելու և հետազոտելու մասին տեղեկացվում են պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ: Նրանց չներկայանալն արգելք չէ ապացույցները զննելու և հետազոտելու համար:
3. Անհրաժեշտության դեպքում ապացույցների զննմանը և հետազոտմանը կարող են մասնակից դարձվել փորձագետներ և վկաներ:
Հոդված 51. | Ապացույցների թույլատրելիությունը |
Գործի հանգամանքները, որոնք օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:
Հոդված 52. | Ապացուցելուց ազատվելու հիմքերը |
1. Դատարանի կողմից հանրահայտ ճանաչված հանգամանքներն ապացուցման կարիք չունեն:
2. Նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:
3. Քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:
Հոդված 53. | Ապացույցների գնահատումը |
1. Դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
2. Դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ սույն օրենսգրքի 52 հոդվածով նախատեսված դեպքերի:
Հոդված 54. | Գրավոր ապացույցները |
1. Գրավոր ապացույցներ են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ պարունակող ակտերը, պայմանագրերը, տեղեկանքները, գործարար թղթակցությունը, այլ փաստաթղթերը և նյութերը, այդ թվում` էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով կամ փաստաթղթերի իսկությունը հաստատելու հնարավորություն ընձեռող այլ եղանակով ստացված ապացույցները:
2. Գրավոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով: Եթե քննվող գործին վերաբերում է փաստաթղթի միայն մեկ մասը, ներկայացվում է դրա պատշաճ վավերացված քաղվածքը:
Փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են այն դեպքում, եթե գործի հանգամանքները, օրենքներին կամ այլ իրավական ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն նման փաստաթղթով, իսկ անհրաժեշտության դեպքում` դատարանի պահանջով:
Հոդված 55. | Փաստաթղթերի բնօրինակները վերադարձնելը |
Գործում գտնվող փաստաթղթերի բնօրինակները, դրանք ներկայացրած անձանց միջնորդությամբ, վերադարձվում են դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Այս դեպքում գործում թողնվում է փաստաթղթի բնօրինակի` դատարանի կնիքով վավերացված պատճենը կամ քաղվածքը:
Հոդված 56. | Իրեղեն ապացույցները |
Իրեղեն ապացույցներ են առարկաները, որոնք իրենց արտաքին տեսքով, ներքին հատկություններով, գտնվելու վայրով կամ այլ հատկանիշներով կարող են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների հաստատման միջոց դառնալ:
Հոդված 57. | Իրեղեն ապացույցների պահպանումը |
1. Իրեղեն ապացույցները պահպանվում են դատարանում կամ հանձնվում են ի պահ:
2. Իրեղեն ապացույցները, որոնք չեն կարող բերվել դատարան, պահպանվում են դրանց գտնվելու վայրում: Դրանք պետք է մանրամասն նկարագրվեն և (կամ) կնքվեն, իսկ անհրաժեշտության դեպքում` լուսանկարվեն կամ տեսանկարահանվեն:
3. Դատարանը միջոցներ է ձեռնարկում իրեղեն ապացույցներն անփոփոխ վիճակում պահպանելու համար:
4. Իրեղեն ապացույցների պահպանման ծախսերը, սույն օրենսգրքի 73 հոդվածին համապատասխան, բաշխվում են կողմերի միջև:
Հոդված 58. | Շուտ փչացող իրեղեն ապացույցները զննելը և հետազոտելը |
1. Դատարանն անհապաղ զննում և հետազոտում է շուտ փչացող իրեղեն ապացույցները` դրանց գտնվելու վայրում:
2. Գործին մասնակցող անձինք անհապաղ տեղեկացվում են ապացույցները զննելու և հետազոտելու վայրի ու ժամանակի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ իրեղեն ապացույցները զննելու և հետազոտելու համար:
Հոդված 59. | Իրեղեն ապացույցները տնօրինելը |
1. Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույցները վերադարձվում են այն անձանց, որոնցից դրանք ստացվել են, կամ հանձնվում են այն անձանց, որոնց իրավունքն այդ առարկաների նկատմամբ ճանաչել է դատարանը, կամ իրացվում են դատարանի սահմանած այլ կարգով:
2. Առարկաները, որոնք օրենքի համաձայն չեն կարող գտնվել առանձին անձանց տիրապետման ներքո, հանձնվում են համապատասխան իրավասու պետական մարմնին:
3. Առանձին դեպքերում գործի քննության ընթացքում դատարանն իրեղեն ապացույցները զննելուց և հետազոտելուց հետո կարող է վերադարձնել այն անձանց, որոնցից ստացվել են, եթե վերջիններս այդ մասին միջնորդում են, և նման միջնորդությունը բավարարելը վնաս չի հասցնի վեճի ճիշտ լուծմանը:
Հոդված 60. | Փորձաքննություն նշանակելը |
1. Գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:
Կողմի միջնորդությամբ նշանակված փորձաքննության հետ կապված ծախսերի համար վճարում է այդ կողմը:
Դատարանի կամ կողմերի նախաձեռնությամբ նշանակված փորձաքննության հետ կապված ծախսերը կատարվում են դատական ծախսերի հաշվին:
2. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանին առաջադրել հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում:
3. Փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը:
4. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն փորձագետներին հարցեր տալ` գիտելիքների համապատասխան բնագավառում նրանց գիտակ լինելը պարզելու համար:
5. Փորձագետ նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում:
6. Դատարանը նախազգուշացնում է փորձագետին` ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին: Դատարանը փորձագետից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը:
Հոդված 61. | Կողմերի մասնակցությունը փորձաքննությանը |
Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկա գտնվել փորձաքննությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց ներկայությունը կարող է խանգարել փորձագետի բնականոն աշխատանքին:
Հոդված 62. | Փորձագետի եզրակացությունը |
1. Փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր: Այն պետք է պարունակի`
1) նշում` կիրառված մեթոդների մասին.
2) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը.
3) հետազոտությունների արդյունքում արված հետևությունները.
4) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները:
2. Եթե փորձագետը փորձաքննություն կատարելիս պարզում է գործի համար նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, որոնց կապակցությամբ նրան հարցեր չեն առաջադրվել, նա իրավունք ունի այդ հանգամանքների վերաբերյալ հետևություններն արտացոլել իր եզրակացությունում:
3. Փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում մյուս ապացույցների հետ միասին:
4. Փորձագետի եզրակացության անբավարար պարզության կամ լրիվ չլինելու դեպքում դատարանը, սույն օրենսգրքի 60 հոդվածով սահմանված կարգով, կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն:
5. Դատարանը, սույն օրենսգրքի 60 հոդվածով սահմանված կարգով, կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով այլ փորձագետների:
Հոդված 63. | Վկայի ցուցմունքները |
1. Յուրաքանչյուր վկա հարցաքննվում է առանձին:
2. Վկան դատարանին ցուցմունքներ է տալիս բանավոր:
Վկան դատարանի առաջարկությամբ կարող է իր ցուցմունքները շարադրել գրավոր:
3. Վկայի հաղորդած տեղեկություններն ապացույց չեն, եթե նա չի կարող հստակ նշել իր իրազեկության աղբյուրը:
4. Վկան պարտավոր է ճիշտ ցուցմունքներ տալ, պատասխանել դատավորի, կողմերի և դատավարության մյուս մասնակիցների հարցերին:
Վկան պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու, մերձավոր ազգականների դեմ, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև այլ անձանց դեմ:
5. Դատարանը նախազգուշացնում է վկային` ակնհայտ կեղծ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատասխանատվության մասին: Դատարանը վկայից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը:
6. Բացառիկ դեպքերում որպես վկա կարող է կանչվել տասնվեց տարեկան չդարձած անձը, որը չի նախազգուշացվում ակնհայտ կեղծ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին:
Հոդված 64. | Գործին մասնակցող անձանց բացատրությունները |
1. Գործին մասնակցող անձանց բացատրությունները, գործի համար նշանակություն ունեցող իրենց հայտնի հանգամանքների մասին, ստուգվում և գնահատվում են մյուս ապացույցների հետ միասին: Դատարանի առաջարկությամբ` գործին մասնակցող անձը կարող է իր բացատրությունը շարադրել գրավոր:
2. Գործին մասնակցող անձի կողմից այն փաստն ընդունելը, որի միջոցով մյուս անձը հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները, պարտադիր չէ դատարանի համար:
Դատարանը կարող է ընդունված փաստը համարել հաստատված, եթե կասկածներ չկան, որ դա համապատասխանում է գործի հանգամանքներին, և կողմն այն չի ընդունել խաբեության, բռնության, սպառնալիքի, մոլորության ազդեցության տակ, մեկ կողմի ներկայացուցչի հետ մյուս կողմի չարամիտ համաձայնության հետևանքով կամ ճշմարտությունը թաքցնելու նպատակով:
Հոդված 65. | Ապացույցների ապահովումը |
1. Անձինք, որոնք հիմքեր ունեն երկյուղելու, որ անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելը կարող է անհնարին կամ դժվարին դառնալ, իրավունք ունեն գործն իր վարույթն ընդունած դատարանին միջնորդություն ներկայացնել այդ ապացույցների ապահովման վերաբերյալ:
2. Ապացույցների ապահովման մասին միջնորդության մեջ պետք է նշվեն ապահովման կարիք ունեցող ապացույցները, այն հանգամանքները, որոնց հաստատման համար դրանք անհրաժեշտ են, և պատճառները, որոնք հիմք են ծառայել դրանք ապահովելու միջնորդությամբ դիմելու համար:
3. Միջնորդության քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:
4. Ապացույցների ապահովման մասին որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` պետական, ծառայողական, առևտրային, բանկային և այլ գաղտնիքների մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ:
5. Ապացույցի ապահովման մասին որոշումը կատարելուց հետո դատարանն այդ մասին անհապաղ տեղեկացնում է դատավարության այն մասնակցին, որին պատկանող ապացույցի նկատմամբ որոշում է ընդունվել, եթե վերջինս նախապես տեղյակ չի եղել այդ որոշմանը: (65-րդ հոդվածը լրաց. 24.10.00 ՀՕ-101)
Հոդված 66. | Դատական հանձնարարությունները |
1. Գործը քննող դատարանը` Հայաստանի Հանրապետության մեկ այլ մարզի տարածքում ապացույցներ ստանալու անհրաժեշտության դեպքում իրավունք ունի հանձնարարել համապատասխան դատարանին` կատարելու որոշակի դատավարական գործողություններ:
2. Դատական հանձնարարության մասին որոշման մեջ համառոտ շարադրվում է քննվող գործի էությունը, նշվում են պարզաբանման ենթակա հանգամանքները և այն ապացույցները, որոնք պետք է հավաքի հանձնարարություն կատարող դատարանը:
3. Դատական հանձնարարության մասին որոշումը պարտադիր է հանձնարարությունն ստացած դատարանի համար և պետք է կատարվի այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:
Հոդված 67. | Դատական հանձնարարությունը կատարելու կարգը |
1. Դատական հանձնարարությունը կատարվում է դատական նիստում` սույն օրենսգրքով սահմանված կանոններով: Գործին մասնակցող անձինք պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ նիստի անցկացման համար:
2. Դատական հանձնարարությունը կատարելու մասին կայացվում է որոշում, որը բոլոր նյութերի հետ միասին անհապաղ ուղարկվում է գործը քննող դատարան:
3. Հանձնարարությունը կատարող դատարանին բացատրություններ կամ ցուցմունքներ տված գործին մասնակցող անձինք կամ վկաները գործը քննող դատարանի նիստին մասնակցելիս բացատրություններ և ցուցմունքներ տալիս են ընդհանուր կարգով:
Գ Լ ՈՒ Խ 9
ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
Հոդված 68. | Դատական ծախսերի կազմը |
Դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված` փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
Հոդված 69. | Հայցագինը |
1. Հայցագինը որոշվում է`
1) դրամական միջոցներ բռնագանձելու հայցերով` բռնագանձվող գումարի չափից.
2) գույքը պահանջելու հայցերով` գույքի շուկայական գնից:
Հայցագնի մեջ մտնում են նաև հայցադիմումում նշված տուժանքի (տուգանքի, տույժի) գումարները:
2. Մի քանի ինքնուրույն պահանջներից կազմված հայցագինը որոշվում է բոլոր պահանջների ընդհանուր գումարով:
3. Հայցվորի կողմից հայցագինը ճիշտ չնշելու դեպքում այն որոշում է դատարանը:
Հոդված 70. | Պետական տուրքը |
1. Պետական տուրքը վճարվում է`
1) հայցադիմումների.
2) որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների.
3) իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների.
4) ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումների.
5) իրավաբանական անձանց և քաղաքացիներին սնանկ ճանաչելու մասին դիմումների.
6) միջնորդ դատարանի վճիռների հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին դիմումների.
7) դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
2. Հայցագինը մեծացնելու դեպքում պետական տուրքի չբավականացնող գումարը գանձվում է վճիռը կայացնելիս` ավելացված հայցագնին համապատասխան: Հայցագինը նվազեցնելու դեպքում վճարված տուրքը չի վերադարձվում:
3. Պետական տուրքի չափը սահմանելու, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հարցերը լուծվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Պետական տուրքի վճարումից չեն կարող ազատվել անհատ ձեռնարկատերերը և առևտրային կազմակերպությունները:
Հոդված 71. | Պետական տուրքի վճարումը |
Դատարաններում քննվող բոլոր գործերով պետական տուրքը գանձվում է պետական բյուջե:
Հոդված 72. | Վճարված պետական տուրքը վերադարձնելը |
1. Պետական տուրքը ենթակա է վերադարձման` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Դատական ակտում պետք է նշվեն պետական տուրքը լրիվ կամ մասնակիորեն վերադարձնելու հիմք հանդիսացող հանգամանքները:
Հոդված 73. | Դատական ծախսերի բաշխումը գործին մասնակցող անձանց միջև |
1. Դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
2. Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման մասին համաձայնության դեպքում դատարանը վճիռ է կայացնում դրան համապատասխան:
3. Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն հոդվածի կանոններին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 10
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հոդված 74. | Դատավարական ժամկետների սահմանումը և հաշվարկը |
1. Դատավարական գործողությունները կատարվում են սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված ժամկետներում: Դրանց բացակայության դեպքում դատավարական գործողությունների կատարման ժամկետները սահմանում է դատարանը:
2. Դատավարական գործողություններ կատարելու համար ժամկետները որոշվում են օրացուցային ստույգ տարով, ամսով, ամսաթվով կամ որոշակի ժամանակահատվածով, որի ընթացքում գործողությունը կարող է կատարվել:
3. Տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվվող դատավարական ժամկետի ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է դրա սկիզբը:
Հոդված 75. | Դատավարական ժամկետների ավարտը |
1. Տարիներով հաշվվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին: Ամիսներով հաշվվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Եթե ամիսներով հաշվվող ժամկետի վերջը համընկնում է այնպիսի ամսվա, որը համապատասխան ամսաթիվ չունի, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:
Այն դեպքում, երբ ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:
2. Դատավարական գործողությունը կարող է կատարվել մինչև սահմանված ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը:
Հոդված 76. | Դատավարական ժամկետների կասեցումը |
Չլրացած բոլոր դատավարական ժամկետների ընթացքը կասեցվում է գործի վարույթի կասեցմամբ: Դատավարական ժամկետների ընթացքը շարունակվում է գործի վարույթը վերսկսելու օրվանից:
Հոդված 77. | Դատավարական ժամկետների վերականգնումը |
1. Դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը:
2. Բաց թողնված ժամկետը վերականգնելու կամ վերականգնելը մերժելու մասին դատարանը կայացնում է որոշում:
Գ Լ ՈՒ Խ 11
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ
Հոդված 78. | Դատական ծանուցագրերը |
1. Գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Դատական ծանուցագրերով դատարան են կանչվում նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները:
2. Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով):
3. Ծանուցագիրն ուղարկվում է գործին մասնակցող անձի նշած հասցեով:
Հոդված 79. | Ծանուցագրի բովանդակությունը |
Ծանուցագիրը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը և ստույգ հասցեն.
2) նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին.
3) գործը, որի վերաբերյալ անձը ծանուցվում է.
4) նշում` դատարան կանչվող կամ ծանուցվող անձի մասին.
5) նշում, թե անձը որպես ինչ է ծանուցվում կամ կանչվում.
6) նշում` չներկայանալու հետևանքների մասին:
Հոդված 80. | Գործի վարույթի ժամանակ գործին մասնակցող անձանց հասցեների փոխվելը |
Գործին մասնակցող անձինք պարտավոր են դատարանին և գործին մասնակցող այլ անձանց հայտնել գործի վարույթի ժամանակ իրենց հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում դատավարական փաստաթղթերն ուղարկվում են նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում կամ չի գտնվում:
Ե Ր Կ Ր Ո Ր Դ Բ Ա Ժ Ի Ն
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Գ Լ ՈՒ Խ 12
ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 81. | Քաղաքացիական գործերի ընդդատությունը |
Դատարանների իրավասությանը ենթակա քաղաքացիական գործերը, բացի տնտեսական դատարանի իրավասությանը ենթակա գործերից, քննվում են առաջին ատյանի դատարանում: (81-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-214)
Հոդված 82. | Հայցի հարուցման վայրը |
Հայցը հարուցվում է պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան:
Հոդված 83. | Ընդդատությունը հայցվորի ընտրությամբ |
1. Տարբեր մարզերի տարածքներում բնակվող (գտնվող) պատասխանողների դեմ հայցը, հայցվորի ընտրությամբ, կարող է հարուցվել պատասխանողներից մեկի բնակվելու (գտնվելու) վայրի դատարան:
2. Պատասխանողի դեմ, որի գտնվելու վայրն անհայտ է, հայց կարող է հարուցվել նրա գույքի գտնվելու վայրի կամ նրա բնակության (գտնվելու) վերջին հայտնի վայրի դատարան:
3. Կատարման վայրի նշմամբ պայմանագրից բխող հայցը կարող է հարուցվել պայմանագրի կատարման վայրի դատարան:
4. Ալիմենտ բռնագանձելու կամ հայրությունը որոշելու վերաբերյալ հայցը կարող է հարուցվել հայցվորի բնակության վայրի դատարան:
5. Առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ հայցը կարող է հարուցվել հայցվորի բնակության վայրի կամ վնասի պատճառման վայրի դատարան:
6. Օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ հոգեկան խանգարման հետևանքով անգործունակ ճանաչված, ազատազրկման դատապարտված անձանց դեմ ամուսնալուծության վերաբերյալ հայցը, ինչպես նաև, եթե անչափահաս երեխան (երեխաները) գտնվում է հայցվորի մոտ, կարող է հարուցվել հայցվորի բնակության վայրի դատարան:
7. Ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կիրառելու, չհեռանալու մասին ստորագրություն վերցնելու կամ վարչական տույժ նշանակելու հետևանքով քաղաքացուն պատճառված վնասները հատուցելու հետ կապված աշխատանքային և այլ իրավունքները վերականգնելու, գույքը կամ դրա արժեքը վերադարձնելու վերաբերյալ հայցը կարող է հարուցվել հայցվորի բնակության վայրի դատարան:
8. Իրավաբանական անձի դեմ` նրա ներկայացուցչության կամ մասնաճյուղի գործունեությունից բխող հայցը կարող է հարուցվել համապատասխան ներկայացուցչության կամ մասնաճյուղի գտնվելու վայրի դատարան:
Հոդված 84. | Ընդդատության փոփոխումը կողմերի համաձայնությամբ |
Սույն օրենսգրքի 82 և 83 հոդվածներով սահմանված ընդդատությունը կարող է փոխվել կողմերի համաձայնությամբ:
Հոդված 85. | Բացառիկ ընդդատությունը |
1. Հողամասերի, շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, հողամասերը, շենքերը, շինություններն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի` տիրապետումից զրկելու հետ չկապված իրավունքների խախտումները վերացնելու վերաբերյալ հայցերը հարուցվում են հողամասի, շենքի, շինության գտնվելու վայրի դատարան:
2. Ժառանգատուի պարտատերերի հայցերը հարուցվում են ժառանգական գույքի կամ նրա հիմնական մասի գտնվելու վայրի դատարան:
3. Գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցերը հարուցվում են այդ գույքի գտնվելու վայրի դատարան:
4. Սույն հոդվածով սահմանված ընդդատությունը չի կարող փոխվել կողմերի համաձայնությամբ:
Հոդված 86. | Գործերի հանձնումը մեկ դատարանից մեկ այլ դատարան |
1. Դատարանը` ընդդատության կանոնների պահպանմամբ իր վարույթ ընդունած գործը պետք է քննի ըստ էության, թեկուզև այն հետագայում դարձել է ընդդատյա այլ դատարանի:
2. Դատարանը գործը հանձնում է այլ դատարանի քննության`
1) եթե գործը տվյալ դատարանում քննելիս պարզվել է, որ այն վարույթ է ընդունվել ընդդատության կանոնների խախտմամբ.
2) եթե դատավորների ինքնաբացարկը կամ նրանց հայտնած բացարկը բավարարելուց հետո նրանց փոխարինումը տվյալ դատարանում դառնում է անհնարին.
3) գործը տվյալ դատարանում քննելու անհնարինության այլ դեպքերում:
3. Գործն այլ դատարանի քննությանը հանձնելու մասին կայացվում է որոշում:
4. Մեկ դատարանից մեկ այլ դատարան ուղարկված գործը պետք է քննի այն ստացած դատարանը:
Գ Լ ՈՒ Խ 13
ՀԱՅՑԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ
Հոդված 87. | Հայցադիմումի ձևը և բովանդակությունը |
1. Հայցադիմումը ներկայացվում է գրավոր:
2. Հայցադիմումում պետք է նշվեն`
1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը.
2) գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), նրանց հասցեները.
3) հայցագինը, եթե հայցը ենթակա է գնահատման.
4) հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները.
5) հայցապահանջների հիմքերը հաստատող ապացույցները.
6) բռնագանձման ենթակա կամ վիճարկվող գումարի հաշվարկը.
7) հայցվորի պահանջները, իսկ մի քանի պատասխանողների դեմ հայց հարուցելիս, հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջները.
8) հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
Հայցադիմումում կարող են նշվել նաև այլ տեղեկություններ, եթե դրանք անհրաժեշտ են վեճի ճիշտ լուծման համար, ինչպես նաև հայցվորի միջնորդությունները:
3. Հայցադիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա կողմից դրա համար լիազորված ներկայացուցիչը:
Հոդված 88. | Հայցադիմումին կցվող փաստաթղթերը |
1. Հայցադիմումին կցվում են փաստաթղթեր, որոնք հավաստում են`
1) սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարված լինելը.
2) հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները:
2. Եթե հայցադիմումն ստորագրված է հայցվորի ներկայացուցչի կողմից, դրան կցվում է նաև վերջինիս` հայց հարուցելու լիազորությունները հավաստող լիազորագիրը:
3. Պայմանագիր կնքելուն հարկադրելու մասին հայցադիմումին կցվում է համապատասխան պայմանագրի նախագիծը:
Հոդված 89. | Մի քանի հայցապահանջների միացումը և անջատումը |
1. Հայցվորն իրավունք ունի մեկ հայցադիմումում միացնել միմյանց հետ կապված մի քանի պահանջներ:
2. Դատարանն իրավունք ունի մեկ վարույթում միացնել մի քանի միատեսակ գործեր, որոնց մասնակցում են միևնույն անձինք:
3. Դատարանն իրավունք ունի առանձին վարույթներում առանձնացնել մեկ կամ մի քանի միացված պահանջներ:
4. Գործերը միացնելու կամ պահանջներն առանձին վարույթներում առանձնացնելու մասին դատարանը կայացնում է որոշում:
Հոդված 90. | Հայցադիմումի ընդունումը |
1. Հայցադիմումն ընդունելու հարցը դատավորը լուծում է միանձնյա:
2. Դատավորը պարտավոր է վարույթ ընդունել սույն օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը:
3. Հայցադիմումն ընդունելու մասին դատավորը կայացնում է որոշում, որում նշվում են գործի քննության ժամանակը և վայրը:
Հոդված 91. | Հայցադիմումի ընդունումը մերժելը |
1. Դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե`
1) վեճը ենթակա չէ դատարանում քննության.
2) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ.
3) այլ դատարանի կամ միջնորդ դատարանի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ.
4) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է միջնորդ դատարանի վճիռ, բացառությամբ դատարանի կողմից միջնորդ դատարանի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու, ինչպես նաև «Միջնորդ դատարանների և միջնորդ դատավարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով միջնորդ դատարանի վճիռը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վերանայելու դեպքերի:
2. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին դատարանը որոշում է կայացնում այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում: Նշված ժամկետում որոշում չկայացվելու դեպքում հայցադիմումը համարվում է ընդունված:
3. Որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը պատշաճ ձևով ուղարկվում են հայցվորին:
4. Որոշման հետ համաձայն չլինելու դեպքում հայցվորն իրավունք ունի այդ որոշումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դիմել դատարանի նախագահին` այն վերանայելու պահանջով:
Դիմումը եռօրյա ժամկետում քննարկում է դատարանի նախագահը, իսկ եթե գործը գտնվում է դատարանի նախագահի վարույթում` մեկ այլ դատավոր:
Դիմումի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում:
5. Որոշումը վերացվելու դեպքում հայցադիմումը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը:
Հոդված 92. | Հայցադիմումը վերադարձնելը |
1. Դատավորը վերադարձնում է հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, եթե`
1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 87 հոդվածում սահմանված` հայցադիմումի ձևին և բովանդակությանն առաջադրվող պահանջները.
2) հայցադիմումն ստորագրված չէ կամ ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այնպիսի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ.
3) գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին.
4) այլ դատարանի կամ միջնորդ դատարանի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ.
5) չեն ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն` բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը կամ նման միջնորդությունը մերժվել է.
6) մեկ հայցադիմումում միացված են մեկ կամ մի քանի պատասխանողներին ուղղված միմյանց հետ չկապված պահանջներ.
7) մինչև հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը հայցվորը դիմել է այն վերադարձնելու մասին:
2. Հայցադիմումը վերադարձնելու մասին դատարանը որոշում է կայացնում այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:
3. Հայցադիմումը վերադարձնելն արգելք չէ թույլ տրված խախտումները վերացնելուց հետո դատարան կրկին դիմելու համար:
4. Որոշման հետ համաձայն չլինելու դեպքում հայցվորն իրավունք ունի այդ որոշումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դիմել դատարանի նախագահին` այն վերանայելու պահանջով:
Դիմումը եռօրյա ժամկետում քննարկում է դատարանի նախագահը, իսկ եթե գործը գտնվում է դատարանի նախագահի վարույթում` մեկ այլ դատավոր:
Դիմումի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում:
5. Որոշումը վերացվելու դեպքում հայցադիմումը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը:
Հոդված 93. | Հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները պատասխանողին ուղարկելը |
1. Դատարանը պատասխանողին պատշաճ ձևով ուղարկում է հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները:
Այն դեպքում, երբ հայցադիմումը ներկայացնելու հետ միաժամանակ հայցվորը միջնորդություն է ներկայացնում հայցի կամ ապացույցների ապահովման պահանջով, և դատարանը բավարարում է այդ միջնորդությունը, ապա հայցադիմումը և դրան կից փաստաթղթերի պատճենները դատարանի որոշումը կատարելուց հետո անհապաղ ուղարկվում են պատասխանողին:
2. Այն դեպքում, երբ հայցադիմումին կից փաստաթղթերը ծավալուն են կամ դրանք դժվար է պատճենահանել, դատարանը գործին մասնակցող այլ անձանց ծանուցում է, որ նշված փաստաթղթերը, դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են դատարանում: Ծանուցման մեջ նշվում են դրանց ծանոթանալու ժամկետները:
3. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ստանալ հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենները` օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելով: (93-րդ հոդվածը լրաց. 24.10.00 ՀՕ-101)
Հոդված 94. | Պատասխանողի գտնվելու վայրի անհայտ լինելը |
1. Պատասխանողի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարի կամ նրա վերջին հայտնի աշխատավայրի տնօրինության կողմից ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն ստանալուց հետո:
2. Հայցվորի միջնորդությամբ դատարանը դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` հարկադիր կատարման ծառայություն) միջոցով հայտարարում է պատասխանողի և (կամ) նրա գույքի հետախուզում:
3. Պատասխանողի և (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելու մասին դատարանը կայացնում է որոշում:
4. Պատասխանողի և (կամ) նրա գույքի հետախուզում հայտարարելու մասին որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 95. | Հայցադիմումի պատասխանը |
1. Պատասխանողը, մինչև գործի քննությունը, իրավունք ունի դատարան և գործին մասնակցող այլ անձանց պատասխան ուղարկել հայցադիմումի վերաբերյալ` դրան կցելով հայցի դեմ իր առարկությունները հաստատող փաստաթղթեր:
2. Պատասխանում նշվում են`
1) դատարանի անվանումը.
2) հայցվորի անունը (անվանումը).
3) հայցվորի պահանջները լրիվ կամ մասնակիորեն մերժելու շարժառիթները, ինչպես նաև այդ պահանջների վերաբերյալ առարկությունները հիմնավորող ապացույցները.
4) պատասխանին կցվող փաստաթղթերի ցանկը:
Պատասխանում կարող են նշվել նաև այլ տեղեկություններ, ինչպես նաև պատասխանողի միջնորդությունները:
3. Պատասխանն ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը:
Ներկայացուցչի կողմից ստորագրված պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը:
Հոդված 96. | Հակընդդեմ հայց հարուցելը |
1. Պատասխանողն իրավունք ունի մինչև գործով վճիռ կայացնելը հակընդդեմ հայց հարուցել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:
2. Հակընդդեմ հայցը հարուցվում է հայց հարուցելու ընդհանուր կանոններով:
3. Հակընդդեմ հայցն ընդունվում է, եթե`
1) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը.
2) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը.
3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը:
Գ Լ ՈՒ Խ 14
ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 97. | Հայցի ապահովման հիմքերը |
1. Դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում:
2. Միջնորդությունը քննարկվում է այն ստացվելու օրը, և կայացվում է որոշում: (97-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.10.00 ՀՕ-101)
Հոդված 98. | Հայցի ապահովման միջոցները |
1. Հայցի ապահովման միջոցներն են`
1) պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելը.
2) պատասխանողին որոշակի գործողություններ կատարելն արգելելը.
3) այլ անձանց կողմից վեճի առարկային վերաբերող որոշակի գործողությունների կատարումն արգելելը.
4) գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայց հարուցելու դեպքում` գույքի իրացումը կասեցնելը:
2. Անհրաժեշտության դեպքում դատարանն իրավունք ունի կիրառել հայցի ապահովման մի քանի միջոց:
3. Դրամական միջոցների բռնագանձման վերաբերյալ հայցի ապահովման դեպքում պատասխանողն իրավունք ունի հարկադիր կատարման ծառայության դեպոզիտ հաշիվ մուծել հայցվորի պահանջած գումարը:
Հոդված 99. | Հայցի ապահովման մասին որոշման կատարումը |
Հայցի ապահովման մասին դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 100. | Հայցի ապահովման մեկ միջոցի փոխարինումը մեկ այլ միջոցով |
1. Գործին մասնակցող անձի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինել մեկ այլ միջոցով կամ ձևափոխելու:
2. Հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու կամ ձևափոխելու հարցը լուծվում է սույն օրենսգրքի 101 հոդվածով սահմանված կարգով: (100-րդ հոդվածը լրաց. 24.10.00 ՀՕ-101)
Հոդված 101. | Հայցի ապահովման վերացումը |
1. Գործը քննող դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ, կարող է վերացնել հայցի ապահովումը:
2. Հայցի ապահովման վերացման հարցը լուծվում է միջնորդությունն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դատական նիստում: Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ հայցի ապահովման վերացման հարցի քննարկման համար:
3. Հայցի ապահովման վերացման հարցի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում:
4. Հայցը մերժելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Հայցը բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի կատարումը: (101-րդ հոդվածը լրաց. 24.10.00 ՀՕ-101)
Հոդված 102. | Հայցի ապահովման հետ կապված վնասների հատուցումը |
1. Դատարանը, ձեռնարկելով հայցի ապահովման միջոցներ, կարող է պատասխանողի միջնորդությամբ հայցվորից պահանջել եռօրյա ժամկետում տրամադրելու ապահովում` պատասխանողի հնարավոր վնասների հատուցման համար: Այդ պահանջը չկատարելու դեպքում հայցի ապահովման մասին որոշումը ենթակա է վերացման:
2. Պատասխանողն իրավունք ունի հայց հարուցել նույն դատարան ընդդեմ հայցվորի` հայցի ապահովմամբ իրեն պատճառված վնասները հատուցելու պահանջով: (102-րդ հոդվածը լրաց. 24.10.00 ՀՕ-101)
Գ Լ ՈՒ Խ 15
ՀԱՅՑԸ ԿԱՄ ԴԻՄՈՒՄԸ ԱՌԱՆՑ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԹՈՂՆԵԼԸ
Հոդված 103. | Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու հիմքերը |
Դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`
1) նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորը չի ներկայացել դատական նիստին և չի խնդրել գործն իր բացակայությամբ քննելու մասին.
2) այլ դատարանի կամ միջնորդ դատարանի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ.
3) առկա է գործին մասնակցող անձանց համաձայնությունը` տվյալ վեճը միջնորդ դատարանի քննությանը հանձնելու մասին, և միջնորդ դատարան դիմելու հնարավորությունը չի վերացել.
4) իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին:
Հոդված 104. | Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու կարգը և հետևանքները |
1. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին դատարանը կայացնում է որոշում:
2. Դատարանի որոշման մեջ կարող են լուծվել գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու և պետական տուրքը վերադարձնելու մասին հարցեր:
3. Որոշման հետ համաձայն չլինելու դեպքում հայցվորն իրավունք ունի այդ որոշումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դիմել դատարանի նախագահին` այն վերանայելու պահանջով:
Դիմումը եռօրյա ժամկետում քննարկում է դատարանի նախագահը, իսկ եթե գործը գտնվում է դատարանի նախագահի վարույթում` մեկ այլ դատավոր:
Դիմումի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում:
4. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու համար հիմք ծառայած հանգամանքները վերանալուց հետո հայցվորը կամ դիմողն իրավունք ունի կրկին դիմել դատարան:
Գ Լ ՈՒ Խ 16
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ
Հոդված 105. | Գործի վարույթը կասեցնելու` դատարանի պարտականությունը |
Դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե`
1) անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը.
2) պատասխանողը գտնվում է ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում, կամ ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում գտնվող հայցվորը դիմել է համապատասխան միջնորդությամբ.
3) գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն.
4) գործին մասնակցող քաղաքացին ճանաչվել է անգործունակ:
Հոդված 106. | Գործի վարույթը կասեցնելու` դատարանի իրավունքը |
1. Դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը, եթե`
1) նշանակել է փորձաքննություն.
2) պատասխանողը գտնվում է հետախուզման մեջ.
3) գործին մասնակցող իրավաբանական անձը վերակազմակերպվում է:
2. Եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը և դիմել դատարանների նախագահների խորհրդին` «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարցին ընթացք տալու համար:
3. Դատարանը կարող է գործի վարույթը կասեցնել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Հոդված 107. | Գործի վարույթը վերսկսելը |
1. Գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո:
2. Սույն օրենսգրքի 106 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում գործի վարույթը վերսկսվում է, եթե`
1) դատարանների նախագահների խորհուրդը մերժել է Հանրապետության Նախագահին միջնորդությամբ դիմելու խնդրանքը.
2) դատարանների նախագահների խորհրդի միջնորդությունն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, Հանրապետության Նախագահը չի դիմում սահմանադրական դատարան.
3) Հանրապետության Նախագահի դիմումի հիման վրա սահմանադրական դատարանը որոշում է կայացրել:
Հոդված 108. | Գործի վարույթը կասեցնելու և վերսկսելու կարգը |
1. Գործի վարույթը կասեցնելու և վերսկսելու մասին դատարանը կայացնում է որոշում:
2. Որոշման հետ համաձայն չլինելու դեպքում գործին մասնակցող անձն իրավունք ունի այդ որոշումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դիմել դատարանի նախագահին` այն վերանայելու պահանջով:
Դիմումը եռօրյա ժամկետում քննարկում է դատարանի նախագահը, իսկ եթե գործը գտնվում է դատարանի նախագահի վարույթում` մեկ այլ դատավոր:
Դիմումի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում:
Գ Լ ՈՒ Խ 17
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐՃՈՒՄԸ
Հոդված 109. | Գործի վարույթի կարճման հիմքերը |
Դատարանը կարճում է գործի վարույթը, եթե`
1) վեճը ենթակա չէ դատարանում քննության.
2) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ.
3) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է միջնորդ դատարանի վճիռը, բացառությամբ դատարանի կողմից միջնորդ դատարանի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու, ինչպես նաև «Միջնորդ դատարանների և միջնորդ դատավարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով միջնորդ դատարանի վճիռը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վերանայելու դեպքերի.
4) գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը.
5) գործին մասնակցող իրավաբանական անձը լուծարվել է.
6) հայցվորը հրաժարվել է հայցից.
7) դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:
Հոդված 110. | Գործի վարույթի կարճման կարգը և հետևանքները |
1. Գործի վարույթը կարճելու մասին դատարանը կայացնում է վճիռ:
2. Դատարանի վճռի մեջ կարող են լուծվել գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման և բյուջեից պետական տուրքի վերադարձման հետ կապված հարցերը:
3. Գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել դատարան, բացառությամբ սույն օրենսգրքի 109 հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքի:
Գ Լ ՈՒ Խ 18
ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 111. | Գործի քննության ժամկետը |
Գործը պետք է քննվի և վճիռ կայացվի դատարանի կողմից հայցադիմումն ընդունելու օրվանից երկամսյա ժամկետում:
Սույն օրենսգրքով և այլ օրենքներով կարող են նախատեսվել գործերի քննության և լուծման կրճատ ժամկետներ:
Հոդված 112. | Դատական նիստը |
Գործի քննությունը տեղի է ունենում դատական նիստում, որի մասին պարտադիր կարգով տեղեկացվում են գործին մասնակցող անձինք և դատավարության այլ մասնակիցները:
Հոդված 113. | Դատական նիստը նախագահողը |
1. Գործը միանձնյա քննող դատավորը կատարում է նախագահողի պարտականություններ:
Գործի կոլեգիալ քննության ժամանակ նախագահողի պարտականությունները կատարում է դատավորներից մեկը:
2. Նախագահողը ղեկավարում է դատական նիստը` մերժելով այն ամենը, ինչն առնչություն չունի քննվող գործի հետ:
3. Նախագահողի գործողությունների դեմ գործին մասնակցող անձանց առարկությունները մտցվում են դատական նիստի արձանագրության մեջ:
4. Նախագահողն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում` դատական նիստում պատշաճ կարգ ապահովելու համար:
Հոդված 114. | Կարգը դատական նիստում |
1. Դատական նիստերի դահլիճ դատավորի մտնելու պահին դահլիճում ներկա գտնվողները ոտքի են կանգնում, այնուհետև` նախագահողի հրավերով զբաղեցնում իրենց տեղերը:
Դատարանի վճիռը դահլիճում ներկաները լսում են հոտնկայս:
2. Դատավարության մասնակիցները դատարան են դիմում և իրենց ցուցմունքներն ու բացատրությունները տալիս են կանգնած, բացառությամբ նախագահողի թույլատրած դեպքերի:
3. Գործին մասնակցող անձինք և դռնբաց դատական նիստին ներկա գտնվողներն իրավունք ունեն կատարել գրառումներ, սղագրություն և ձայնագրություն:
Դատական նիստի կինո և լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով ու հեռուստատեսությամբ կատարվում են կողմերի համաձայնությամբ` գործը քննող դատարանի թույլտվությամբ:
Հոդված 115. | Դատական նիստի ժամանակ կարգը խախտողի նկատմամբ կիրառվող միջոցները |
Դատական նիստի ժամանակ կարգը խախտելու դեպքում նախագահողն իրավունք ունի խախտում թույլ տված անձին նախազգուշացնել, իսկ անհրաժեշտության դեպքում` հեռացնել նիստերի դահլիճից:
Հոդված 116. | Դատական նիստի բացումը |
Գործի քննության համար նշանակված ժամին նախագահողը բացում է դատական նիստը, հայտարարում է դատարանի կազմը և այն գործը, որը քննության է առնվելու:
Հոդված 117. | Գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների ներկայությունն ստուգելը |
1. Դատական նիստի քարտուղարը զեկուցում է դատարանին` գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների` նիստին ներկա լինելու մասին, ծանուցված են արդյոք չներկայացած անձինք պատշաճ ձևով, ինչպես նաև տեղեկություններ է հաղորդում նրանց բացակայության պատճառների մասին:
2. Նախագահողը պարզում է դատական նիստին ներկայացած մասնակիցների ինքնությունը, ստուգում է ներկայացուցիչների լիազորությունները:
3. Նախագահողը վկաներին, մինչև նրանց հարցաքննությունը, հեռացնում է նիստերի դահլիճից:
Հոդված 118. | Գործի քննությունը հայցվորի կամ պատասխանողի բացակայությամբ |
1. Հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Հոդված 119. | Գործի քննության հետաձգումը |
1. Դատարանն իրավունք ունի հետաձգել գործի քննությունը, եթե`
1) այն չի կարող քննվել տվյալ նիստում, մասնավորապես` գործին մասնակցող անձանցից որևէ մեկի, վկաների, փորձագետների, թարգմանիչների բացակայության պատճառով.
2) դա թելադրված է լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ.
3) պատասխանողն ամբողջովին ընդունել է գույքի բռնագանձման վերաբերյալ հայցը և պարտավորությունը կատարելու համար միջնորդել է դատարանին` որոշակի ժամկետ տրամադրելու խնդրանքով: Այդ դեպքում, ելնելով գործի հանգամանքներից, դատավորը ողջամիտ ժամկետով հետաձգում է գործի քննությունը:
2. Գործի քննությունը հետաձգելու մասին կայացվում է որոշում:
3. Դատավարության մասնակիցները պատշաճ ձևով տեղեկացվում են դատարանի նոր նիստի ժամանակի և վայրի մասին:
4. Գործը հետաձգելուց հետո դրա նոր քննությունը վերսկսվում է ընդհատման պահից:
Հոդված 120. | Գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցներին նրանց իրավունքները և պարտականությունները պարզաբանելը |
Նախագահողը գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցներին պարզաբանում է նրանց իրավունքները և պարտականությունները և անցնում է գործն ըստ էության քննելուն:
Նախագահողը պարզում է, արդյոք, հայցվորը պնդում է իր պահանջները, պատասխանողն, արդյոք, ընդունում է հայցվորի պահանջները, և կողմերը չեն ցանկանում, արդյոք, կնքել հաշտության համաձայնություն:
Հոդված 121. | Ապացույցների հետազոտման հաջորդականությունը սահմանելը |
Դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքները, որոշում է ապացույցների հետազոտման հաջորդականությունը:
Հոդված 122. | Դատական քննության անմիջականությունը |
Դատարանը գործը քննելիս, պարտավոր է գործի ապացույցները հետազոտել անմիջականորեն` ծանոթանալ գրավոր ապացույցներին, զննել իրեղեն ապացույցները, լսել փորձագետների եզրակացությունները, վկաների ցուցմունքները և գործին մասնակցող անձանց բացատրությունները:
Հոդված 123. | Գործին մասնակցող անձանց դիմումների և միջնորդությունների լուծումը դատարանի կողմից |
1. Գործին մասնակցող անձանց դիմումները և միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով դատարանը լուծում է գործին մասնակցող մյուս անձանց կարծիքները լսելուց հետո:
2. Դիմումների և միջնորդությունների քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:
Հոդված 124. | Գործի քննության ավարտը |
Բոլոր ապացույցները հետազոտելուց հետո նախագահողը գործին մասնակցող անձանց հարցնում է, թե նրանք, արդյոք, չեն ցանկանում ներկայացնել լրացուցիչ նյութեր` դրանք հետազոտելու միջնորդությամբ: Նման միջնորդությունների բացակայության դեպքում նախագահողը գործի քննությունը հայտարարում է ավարտված, և դատարանը հեռանում է վճիռ կայացնելու:
Գ Լ ՈՒ Խ 19
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 125. | Արագացված դատաքննության հիմքերը |
1. Դատարանն իրավունք ունի կիրառել արագացված դատաքննություն, եթե`
1) գործի էությունից բխում է դրա անհապաղ քննության անհրաժեշտությունը.
2) հայցն ակնհայտ հիմնավոր է.
3) հայցն ակնհայտ անհիմն է:
2. Արագացված դատաքննություն կիրառելու հիմքեր են, մասնավորապես, այն դեպքերը, երբ`
1) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա.
2) պահանջը հիմնված է անվիճելի իրավունքի վրա` նախապես գնահատված վնասով.
3) ներկայացվել է հայրությունը որոշելու հետ չկապված ալիմենտներ բռնագանձելու վերաբերյալ պահանջ.
4) ներկայացվել է աշխատանքային վեճի հետ կապված պահանջ.
5) չեն ներկայացվել պահանջը հաստատող ապացույցներ:
Հոդված 126. | Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանի որոշումը |
1. Դատարանն իրավունք ունի արագացված դատաքննություն կիրառել իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ:
2. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է որոշում:
Հոդված 127. | Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանի որոշման վերացումը |
Եթե գործի արագացված դատաքննության ընթացքում դատարանը գալիս է համոզման, որ տվյալ գործն արագացված դատաքննություն կիրառելու համար անհրաժեշտ աստիճանի անհետաձգելի չէ, կամ պարզվում է, որ ծագել է վեճ իրավունքի մասին, դատարանը որոշում է կայացնում արագացված դատաքննություն կիրառելու որոշումը վերացնելու մասին: Նման որոշում կայացնելու դեպքում դատարանը գործի դատաքննությունն իրականացնում է սույն օրենսգրքի 18 գլխով սահմանված կարգով:
Հոդված 128. | Արագացված դատաքննության կարգը |
Սույն օրենսգրքի 125 հոդվածում նշված հիմքերի առկայության դեպքում դատարանն անհապաղ կայացնում է վճիռ:
Հոդված 129. | Ակնհայտ անհիմն հայց ներկայացրած անձի պատասխանատվությունը |
Ակնհայտ անհիմն հայցը դատարանի կողմից մերժվելու դեպքում պատասխանողն իրավունք ունի ընդդեմ հայցվորի հայց հարուցել նույն դատարան` իրեն պատճառած վնասները հատուցելու պահանջով:
Գ Լ ՈՒ Խ 20
ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ
Հոդված 130. | Վճիռ կայացնելը |
1. Վեճն ըստ էության լուծելու դեպքում դատարանը կայացնում է վճիռ:
2. Դատարանը վճիռը կայացնում է հանուն Հայաստանի Հանրապետության:
3. Դատարանի վճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված: Դատարանը վճիռը հիմնավորում է միայն դատական նիստում հետազոտված ապացույցներով:
4. Վճիռը կայացվում է գործի քննության ավարտից հետո` առանձին սենյակում: Վճիռը կայացնելու ժամանակ այդ սենյակում կարող է գտնվել միայն գործը քննած դատարանի կազմում ընդգրկված դատավորը (դատավորները):
Հոդված 131. | Վճիռ կայացնելիս լուծման ենթակա հարցերը |
1. Դատարանը վճիռ կայացնելիս`
1) գնահատում է ապացույցները.
2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել և որոնք չեն պարզվել.
3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը.
4) որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
2. Դատարանը, անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, վերսկսում է գործի քննությունը:
3. Գործի քննությունը վերսկսելու մասին կայացվում է որոշում:
Հոդված 132. | Վճռի բովանդակությունը |
1. Դատարանի վճիռը կազմված է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից:
Վճռի ներածական մասը պետք է պարունակի վճիռ կայացնող դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, գործի քննության տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը, գործին մասնակցող անձանց անունը (անվանումը), վեճի առարկան:
Վճռի նկարագրական մասը պետք է պարունակի հայցադիմումի, դրա պատասխանի, գործին մասնակցող անձանց դիմումների և միջնորդությունների համառոտ շարադրանքը:
Վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները և այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս:
Վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի եզրահանգումներ յուրաքանչյուր հայցապահանջը բավարարելու կամ մերժելու, ինչպես նաև նշում` վճիռը բողոքարկելու ժամկետի և կարգի մասին:
2. Սկզբնական և հակընդդեմ հայցերը լրիվ կամ մասնակի բավարարելու դեպքում վճռի եզրափակիչ մասում նշվում է հաշվանցի արդյունքում բռնագանձվող գումարը:
3. Վճռի եզրափակիչ մասում լուծվում է գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման հարցը: Վճռի եզրափակիչ մասում պարտադիր նշվում է նաև, որ վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
4. Եթե դատարանը սահմանում է վճիռը կատարելու կարգը կամ միջոցներ է ձեռնարկում դրա կատարումն ապահովելու համար, այդ մասին նշվում է վճռի եզրափակիչ մասում:
(132-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-216)
Հոդված 133. | Կողմերի հաշտության համաձայնությունը հաստատելու մասին վճիռը |
Կողմերի հաշտության համաձայնությունը հաստատվելու դեպքում դատարանի վճիռը պետք է պարունակի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը (տեքստը):
Հոդված 134. | Դրամական միջոցներ բռնագանձելու և գույք հատկացնելու մասին վճիռը |
1. Դրամական միջոցները գանձելու վերաբերյալ հայցը բավարարելու դեպքում դատարանը վճռի եզրափակիչ մասում սահմանում է բռնագանձվող գումարի ընդհանուր չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը, ինչպես նաև այն գումարի չափը, որի վրա հաշվեգրվում են տոկոսներ, այդ տոկոսների չափը և դրանց հաշվեգրման սկզբի տարին, ամիսը և ամսաթիվը:
2. Գույք հատկացնելու դեպքում դատարանը նշում է հանձնման ենթակա գույքի անվանումը, դրա արժեքը, իսկ եթե հայտնի է` նաև դրա գտնվելու վայրը:
Հոդված 135. | Մի քանի հայցվորի օգտին կամ մի քանի պատասխանողի դեմ կայացված վճիռը |
1. Մի քանի հայցվորի օգտին վճիռ կայացնելու դեպքում դատարանը նշում է նրանցից յուրաքանչյուրի պահանջը բավարարելու չափը կամ նշում է, որ բռնագանձման իրավունքը համիրավ է:
2. Մի քանի պատասխանողի դեմ վճիռ կայացնելու դեպքում դատարանը նշում է նրանցից յուրաքանչյուրի պարտավորության չափը կամ նշում է, որ նրանց պատասխանատվությունը համապարտ է:
Հոդված 136. | Պայմանագիրը կնքելու կամ փոփոխելու մասին վճիռը |
Պայմանագիրը կնքելու կամ փոխելու հետ կապված վեճով վճռի եզրափակիչ մասում նշվում է պայմանագրի յուրաքանչյուր վիճելի պայմանի վերաբերյալ որոշումը, իսկ պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջի մասին վեճով վճռում նշվում են այն պայմանները, որոնցով կողմերը պարտավոր են կնքել պայմանագիրը:
Հոդված 137. | Պատասխանողին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող վճիռը |
Պատասխանողին` գույք հանձնելու կամ դրամական գումարներ գանձելու հետ չկապված որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող վճռի եզրափակիչ մասում դատարանը նշում է, թե ով, որտեղ, երբ կամ ինչ ժամկետում պետք է կատարի այդ գործողությունները:
Անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է սահմանել, որ պատասխանողի կողմից վճիռը չկատարելու դեպքում հայցվորն իրավունք ունի համապատասխան գործողությունները կատարել պատասխանողի հաշվին:
Հոդված 138. | Վճռի հրապարակումը |
1. Վճիռը կայացնելուց անմիջապես հետո նախագահողը դատական նիստում հրապարակում է վճռի եզրափակիչ մասը և հայտարարում, թե գործին մասնակցող անձինք երբ կարող են ծանոթանալ վճռի բնագրին:
Վճռի հրապարակված եզրափակիչ մասը պետք է ստորագրի դատավորը (դատավորները), այն պետք է կցվի գործին:
2. Վճռի բնագրի կազմելը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան երեք օրով, իսկ բացառիկ դեպքերում, առանձնապես բարդ գործերով` ոչ ավելի, քան յոթ օրով:
3. Նիստը նախագահողը պարզաբանում է վճիռը բողոքարկելու կարգը:
Հոդված 139. | Վճիռը գործին մասնակցող անձանց ուղարկելը |
Դատարանի վճիռը, այն կազմելուց անմիջապես հետո, պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Հոդված 140. | Վճռի օրինական ուժի մեջ մտնելը |
Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում այն հրապարակելուց տասնհինգ օր հետո:
Հոդված 141. | Վճռի կատարման ապահովումը |
Դատարանը, գործին մասնակցող անձանց դիմումով, վճռի կայացումից հետո, սույն օրենսգրքի 14 գլխով սահմանված կանոններով, միջոցներ է ձեռնարկում վճռի կատարումն ապահովելու համար:
Հոդված 142. | Լրացուցիչ վճիռ |
1. Վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ լրացուցիչ վճիռ կայացնել, եթե`
1) վճիռ չի կայացրել որևէ պահանջով, որով գործին մասնակցող անձինք ապացույցներ են ներկայացրել.
2) լուծելով իրավունքի մասին հարցը, չի նշել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք պարտավոր է կատարել պատասխանողը.
3) չի լուծել դատական ծախսերի հարցը:
2. Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին դիմումը կարող է ներկայացվել մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը:
3. Լրացուցիչ վճիռ կայացնելու մասին հարցը լուծվում է դատական նիստում: Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ հարցի քննարկման համար:
4. Լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու դեպքում դատարանը կայացնում է որոշում:
5. Լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:
Հոդված 143. | Վճռի պարզաբանումը: Վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղումը |
1. Վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները` չփոփոխելով վճռի բովանդակությունը և էությունը:
2. Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին պահանջը կարող է ներկայացվել մինչև վճռի կատարումը:
3. Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին դատարանը կայացնում է որոշում:
4. Վճիռը պարզաբանելու կամ վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:
Գ Լ ՈՒ Խ 21
ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Հոդված 144. | Որոշում կայացնելը և դրա բովանդակությունը |
1. Դատական ակտը, որով ըստ էության չի լուծվում գործը, կայացվում է որոշման ձևով:
2. Առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն`
1) դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, որոշումը կայացնելու ամսաթիվը, վեճի առարկան.
2) գործին մասնակցող անձանց անունը (անվանումը).
3) հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվում.
4) շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ.
5) եզրահանգումը քննարկվող հարցով.
6) որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման:
3. Դատաքննության ընթացքում լուծում պահանջող հարցերով դատարանն իրավունք ունի որոշում կայացնել` առանց առանձին ակտի տեսքով այն ձևակերպելու: Այդ որոշումը հրապարակվում է բանավոր և մտցվում է դատական նիստի արձանագրության մեջ:
Հոդված 145. | Որոշումն ուղարկելը |
Առանձին ակտի ձևով կայացված դատարանի որոշումը պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց` որոշումը կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում:
Գ Լ ՈՒ Խ 22
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 146. | Արձանագրություն կազմելու պարտադիր լինելը |
Դատական նիստում, ինչպես նաև դատական նիստից դուրս առանձին դատավարական գործողություններ կատարելիս կազմվում է արձանագրություն:
Հոդված 147. | Արձանագրության բովանդակությունը |
Դատական նիստի արձանագրության մեջ նշվում են`
1) դատական նիստի տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
2) գործը քննող դատարանի անվանումը, դատարանի կազմը.
3) գործի անվանումը.
4) տեղեկություններ` գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների ներկայանալու մասին.
5) տեղեկություններ` գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցներին իրենց դատավարական իրավունքները և պարտականությունները պարզաբանելու մասին.
6) դատարանի` առանց նիստերի դահլիճից հեռանալու կայացրած որոշումները.
7) գործին մասնակցող անձանց բանավոր հայտարարությունները և միջնորդությունները.
8) վկաների ցուցմունքները, փորձագետների բանավոր պարզաբանումներն իրենց եզրակացությունների վերաբերյալ.
9) արձանագրություն կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը:
Առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին արձանագրությունում նշվում են նաև ստացված տվյալները:
Հոդված 148. | Արձանագրության կազմելը |
1. Արձանագրությունը կազմում է դատական նիստի քարտուղարը:
2. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն պահանջել հրապարակելու արձանագրության որևէ մաս, ինչպես նաև պահանջել արձանագրության մեջ տեղեկություններ մտցնել գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների մասին:
3. Դատական նիստի արձանագրությունն ստորագրում է նախագահողը` ոչ ուշ, քան նիստի հաջորդ օրը:
Առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին արձանագրությունը, դրանց կատարումից անմիջապես հետո, կազմում և ստորագրում է նախագահողը:
Հոդված 149. | Արձանագրության վերաբերյալ դիտողությունները |
1. Դատավարության մասնակիցներն իրավունք ունեն մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը ծանոթանալ դատական նիստի կամ դատավարական գործողության արձանագրությանը և դիտողություններ ներկայացնել այն կազմելու լրիվության կամ ճշտության վերաբերյալ:
2. Արձանագրության վերաբերյալ դիտողություններն ընդունելու կամ մերժելու մասին նախագահողը կայացնում է որոշում:
Ե Ր Ր Ո Ր Դ Բ Ա Ժ Ի Ն
ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԳՈՐԾԵՐՈՎ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա Ռ Ա Ջ Ի Ն Ե Ն Թ Ա Բ Ա Ժ Ի Ն
ՀԱՏՈՒԿ ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 23
ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆՆ
ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԻ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 150. | Քաղաքացու կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգի մասին դիմումը |
1. Քաղաքացու կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգի մասին դիմումը պետք է տեղեկություններ պարունակի այնպիսի փաստերի և հանգամանքների մասին, որոնք անվերապահորեն վկայում են նման վտանգի առկայությունը:
2. Քաղաքացու կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգի մասին դիմումը տրվում է դիմողի բնակության վայրի քաղաքացիական գործեր քննող դատարան:
Հոդված 151. | Քաղաքացու կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգի մասին դիմումի քննության կարգը |
1. Դատարանը քաղաքացու կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգի մասին դիմումը քննում է սույն օրենսգրքի 19 գլխում սահմանված արագացված դատաքննության կարգով:
2. Դատարանն անհապաղ որոշում է կայացնում քաղաքացու կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգը կանխելու մասին և առաջարկում է դիմողին եռօրյա ժամկետում հայցադիմում ներկայացնել դատարան:
3. Դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հոդված 152. | Հայցադիմումը չներկայացնելու հետևանքները |
Սույն օրենսգրքի 151 հոդվածում սահմանված ժամկետում հայցադիմում չներկայացնելու դեպքում քաղաքացու կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգը կանխելու մասին դատարանի որոշումը կորցնում է իր ուժը:
Գ Լ ՈՒ Խ 24
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ) ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 153. | Դիմում տալը |
Քաղաքացին, կուսակցությունը (կուսակցությունների միավորումը)` գտնելով, որ պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի, դրանց պաշտոնատար անձանց կամ ընտրական հանձնաժողովի որոշմամբ, գործողությամբ (անգործությամբ) խախտվել է ընտրելու կամ ընտրվելու իր իրավունքը, կարող է դիմել քաղաքացիական գործեր քննող դատարան:
Հոդված 154. | Դիմումի քննությունը |
1. Դիմումը պետք է քննվի այն ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան ընտրությունների օրը, իսկ ընտրությունների օրն ստացված դիմումը` անհապաղ:
2. Դատարանը դիմումը քննում է դիմողի և համապատասխան ընտրական հանձնաժողովի, պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացված անձանց չներկայանալն արգելք չէ գործի քննության և լուծման համար:
Հոդված 155. | Դատարանի վճիռը և դրա կատարումը |
1. Դատարանի վճիռը, որով հաստատվել է քաղաքացու կամ կուսակցության (կուսակցությունների միավորման) ընտրական իրավունքի խախտումը, հիմք է ընտրողների ցուցակում ուղղումներ կատարելու թեկնածուին գրանցելու կամ կուսակցությանը (կուսակցությունների միավորմանը) ընտրություններին կամ հանրաքվեին մասնակցող կազմակերպությունների թվում ներառելու, ինչպես նաև ընտրելու և ընտրվելու իրավունքի այլ խախտումները վերացնելու համար:
2. Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
3. Դատարանի վճիռը պատշաճ ձևով ուղարկվում է համապատասխան պետական մարմին, տեղական ինքնակառավարման մարմին կամ ընտրական հանձնաժողով:
Գ Լ ՈՒ Խ 25
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 156. | Դիմում տալը |
1. Վարչական պատասխանատվության ենթարկված յուրաքանչյուր անձ իրավունք ունի դատարանում վիճարկել վարչական իրավախախտման համար իր նկատմամբ տույժի միջոց կիրառելու մասին որոշումը:
2. Դիմումը, վարչական տույժ կիրառելու մասին որոշման պատճենը հանձնելու օրվանից տասն օրվա ընթացքում, գործերի ենթակայությանը համապատասխան տրվում է քաղաքացիական գործեր քննող դատարան կամ տնտեսական դատարան:
3. Դիմումում պետք է նշվեն, թե որ մարմնի կամ պաշտոնատար անձի կոնկրետ որ որոշումն է վիճարկվում, այն ընդունելու տարին, ամիսը, ամսաթիվը: Դիմումին կցվում է վիճարկվող որոշման պատճենը:
4. Դատարանը, ընդունելով դիմումը, անհապաղ որոշում է կայացնում վարչական տույժի ենթարկելու մասին որոշումը կասեցնելու մասին:
Հոդված 157. | Դիմումի քննությունը |
1. Դատարանը դիմումը քննում է տասնօրյա ժամկետում:
2. Դիմում տված անձը, ինչպես նաև այն պետական մարմինը, տեղական ինքնակառավարման մարմինը կամ դրանց պաշտոնատար անձը, որի որոշումը վիճարկվում է, դատարանի կողմից պատշաճ տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության և լուծման համար:
3. Դատարանը, գործը քննելիս, ստուգում է`
1) վարչական տույժի մասին որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը.
2) կայացվել է այն, արդյոք, օրենքի հիման վրա և դրա համար լիազորված մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից.
3) պահպանվել է, արդյոք, անձին վարչական պատասխանատվության ենթարկելու սահմանված կարգը.
4) կատարել է արդյոք տվյալ անձն այն վարչական իրավախախտումը, որի համար օրենսդրությամբ սահմանված է համապատասխան պատասխանատվություն.
5) մեղավոր է, արդյոք, նա կատարված իրավախախտման համար:
Հոդված 158. | Դատարանի վճիռը |
1. Վարչական իրավախախտման կազմի կամ իրադարձության բացակայության հետևանքով անձին վարչական պատասխանատվության ենթարկելը դատարանի կողմից անհիմն ճանաչելու, ինչպես նաև վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը բացառող օրենքով նախատեսված այլ դեպքերում, դատարանը վճիռ է կայացնում որոշումը վերացնելու մասին:
2. Դատարանը, հաշվի առնելով կատարված վարչական իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը և պատասխանատվությունը մեղմացնող այլ հանգամանքները, իրավունք ունի փոխել տույժի միջոցը և չափը: Դատարանը չի կարող խստացնել վարչական տույժի միջոցը և չափը:
3. Եթե դատարանը պարզում է, որ վարչական տույժ կիրառելու վերաբերյալ պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի որոշումն օրինական է և հիմնավորված, վճիռ է կայացնում դիմումը մերժելու մասին: Այդ վճռով վարչական տույժ կիրառելը կասեցնելու մասին դատարանի որոշումը կորցնում է իր ուժը:
4. Դատարանը, պարզելով, որ պետական մարմինը, տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը որոշումը կայացրել է իր լիազորությունների գերազանցմամբ, վերացնում է նրա որոշումը:
Գ Լ ՈՒ Խ 26
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ` ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ ԱԿՏԵՐՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՄ ՆՐԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ) ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 159. | Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու կամ նրանց գործողությունը (անգործությունը) վիճարկելու հիմքերը |
Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու կամ նրանց գործողությունը (անգործությունը) վիճարկելու (այսուհետ` ակտն անվավեր ճանաչելու) համար հիմք են նշված ակտն օրենքին հակասելը և դիմողի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ու օրենքներով երաշխավորված իրավունքի և (կամ) ազատության խախտման փաստի առկայությունը:
Հոդված 160. | Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու մասին դիմումը |
1. Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու մասին դիմումը, գործերի ենթակայությանը համապատասխան, տրվում է քաղաքացիական գործեր քննող դատարան կամ տնտեսական դատարան:
Դատարանի քննությանը ենթակա չեն այն ակտերն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումները, որոնց` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցի որոշելը, սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունն է:
2. Դիմումը կարող է վերաբերել օրենքին հակասող ակտին կամ դրա որևէ մասի:
3. Դատարանին դիմում տալը չի կասեցնում վիճարկվող ակտի գործողությունը:
4. Դատարանը մերժում է դիմումի ընդունումը, եթե առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով հաստատվել է պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձանց ակտի համապատասխանությունն օրենքին: Այս դեպքում պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձանց ակտի համապատասխանությունն օրենքին կարող է այլ քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից կրկին վիճարկվել միայն այն մասով, որը դատարանի ստուգման առարկա չի հանդիսացել:
Հոդված 161. | Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու մասին դիմումին առաջադրվող պահանջները |
1. Դիմումում պետք է նշվեն`
1) ակտն ընդունած պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի անվանումը.
2) ակտն ընդունելու տարին, ամիսը, ամսաթիվը.
3) ակտի պաշտոնական հրապարակման ժամանակը և միջոցը, եթե այն հրապարակվել է.
4) քաղաքացու կամ իրավաբանական անձի որ իրավունքները և շահերն են խախտվել այդ ակտով կամ դրա առանձին դրույթներով.
5) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և (կամ) օրենքների որ հոդվածներին է հակասում վիճարկվող ակտը:
2. Դիմումին կցվում է վիճարկվող ակտի կամ դրա որևէ մասի պատճենը:
Հոդված 162. | Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց` օրենքին հակասող ակտերն անվավեր ճանաչելու մասին դիմումի քննությունը |
1. Դատարանը պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց ակտի կամ դրա մի մասի` օրենքին հակասելու հիմքերով անվավեր ճանաչելու մասին դիմումն անհապաղ ուղարկում է ակտն ընդունած մարմին կամ պաշտոնատար անձին, որը պարտավոր է տասնօրյա ժամկետում դատարան ներկայացնել իր պատասխանը:
2. Ակտն ընդունած մարմնից ստացված պատասխանը դատարանն անհապաղ տրամադրում է դիմողին, որն իրավունք ունի եռօրյա ժամկետում դրա վերաբերյալ ներկայացնել իր առարկությունները:
3. Անհրաժեշտության դեպքում դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ կողմերի միջնորդությամբ նշանակում է փորձագետ:
4. Դիմում տված անձը, ինչպես նաև ակտն ընդունած պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի ներկայացուցիչը դատարանի կողմից պատշաճ ձևով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության և լուծման համար:
5. Դատարանը դատական նիստում ստուգում է ակտն ընդունած պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի իրավասությունը, ամբողջ ակտի կամ դրա մի մասի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին:
6. Պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը քննելիս նշված ակտն ընդունելու համար հիմք ծառայած հանգամանքների ապացուցման պարտականությունը դրվում է ակտն ընդունած մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վրա:
Հոդված 163. | Դատարանի վճիռը |
1. Պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ գործով դատարանի վճռի եզրափակիչ մասը պետք է պարունակի`
1) տեղեկություններ` ակտի անվանման, համարի, հրապարակման տարվա, ամսվա, ամսաթվի և այն ընդունած մարմնի կամ դրա պաշտոնատար անձի մասին.
2) նշում` ակտն ամբողջովին կամ մասամբ անվավեր ճանաչելու կամ պահանջի բավարարումն ամբողջովին կամ մասամբ մերժելու մասին:
2. Այն դեպքում, երբ քաղաքացու կամ իրավաբանական անձի խախտված իրավունքը չի կարող վերականգնվել միայն պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի` օրենքին հակասող ակտն անվավեր ճանաչելու միջոցով, դատարանն իրավունք ունի իր վճռով պարտադրել համապատասխան մարմնին կամ պաշտոնատար անձին` ընդունելու քաղաքացու` օրենքով երաշխավորվող իրավունքները և (կամ) ազատությունները վերականգնող ակտ:
3. Պետական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձի` օրենքին հակասող ակտն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռը պետք է հրապարակվի նույն պաշտոնական տեղեկագրում, որում հրապարակվել է այդ ակտը:
Ե Ր Կ Ր Ո Ր Դ Ե Ն Թ Ա Բ Ա Ժ Ի Ն
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 27
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 164. | Հատուկ վարույթի գործերի քննության կարգը |
Դատարանները հատուկ վարույթի գործերը քննում են սույն օրենսգրքով նախատեսված դատավարության ընդհանուր կանոնների համաձայն, այն բացառություններով և լրացումներով, որոնք սահմանված են սույն օրենսգրքի 28-36 գլուխներով:
Գ Լ ՈՒ Խ 28
ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ ԼՐԻՎ ԳՈՐԾՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ (ԷՄԱՆՍԻՊԱՑԻԱ) ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 165. | Իրեն լրիվ գործունակ (էմանսիպացված) ճանաչելու մասին անչափահասի դիմումը |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում տասնվեց տարեկան դարձած անչափահասը կարող է դիմել իր բնակության վայրի քաղաքացիական գործեր քննող դատարան` իրեն լրիվ գործունակ (էմանսիպացված) ճանաչելու մասին դիմումով:
Հոդված 166. | Դիմումի քննությունը |
Դատարանը դիմումը քննում է դիմողի, ծնողներից մեկի (որդեգրողների, հոգաբարձուի) կամ խնամակալության ու հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ:
Հոդված 167. | Դատարանի վճիռը |
Դիմումի քննության արդյունքներով դատարանը վճիռ է կայացնում դիմողի խնդրանքը բավարարելու կամ մերժելու մասին:
Դիմումը բավարարվելու դեպքում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից տասնվեց տարեկան դարձած անչափահասը ճանաչվում է լրիվ գործունակ (էմանսիպացված):
Գ Լ ՈՒ Խ 29
ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ ԿԱՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԳՈՐԾՈՒՆԱԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 168. | Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձինք |
1. Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը կարող է հարուցվել նրա ընտանիքի անդամների, խնամակալության և հոգաբարձության մարմնի կամ հոգեբուժական հաստատության տնօրինության դիմումի հիման վրա:
2. Քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ գործը կարող է հարուցվել նրա ընտանիքի անդամների կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի դիմումի հիման վրա:
3. Քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումը տրվում է քաղաքացու բնակության վայրի` քաղաքացիական գործեր քննող դատարան, իսկ եթե անձը բուժվում է հոգեբուժական հաստատությունում` նաև դրա գտնվելու վայրի դատարան:
Հոդված 169. | Դիմումի բովանդակությունը |
1. Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումի մեջ պետք է շարադրվեն այն հանգամանքները, որոնք վկայում են քաղաքացու հոգեկան խանգարման մասին, և որոնց հետևանքով նա չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք:
2. Քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումի մեջ պետք է շարադրվեն այն հանգամանքները, որոնք վկայում են, որ ոգելից խմիչքներ կամ թմրամիջոցներ չարաշահող, ինչպես նաև մոլեխաղերով հրապուրվող անձն իր ընտանիքը դրել է նյութական ծանր կացության մեջ:
Հոդված 170. | Քաղաքացու հոգեկան վիճակը պարզելու համար փորձաքննության նշանակումը |
Քաղաքացու հոգեկան խանգարման վերաբերյալ հիմնավոր կասկածների առկայության դեպքում դատավորը, նրա հոգեկան վիճակը պարզելու համար, նշանակում է դատահոգեբուժական փորձաքննություն: Դատահոգեբուժական փորձաքննության անցկացումից այն անձի ակնհայտ խուսափելու դեպքում, որի նկատմամբ անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործ է հարուցվել, դատարանը որոշում է կայացնում քաղաքացուն հարկադիր կարգով դատահոգեբուժական փորձաքննության ուղարկելու մասին:
Հոդված 171. | Դիմումի քննությունը |
1. Քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանը քննում է խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ: Քաղաքացին կարող է կանչվել դատական նիստի, եթե դա թույլ է տալիս նրա առողջական վիճակը:
2. Քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ գործը դատարանը քննում է այդ քաղաքացու և խնամակալության ու հոգաբարձության մարմնի ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ:
3. Դիմողն ազատվում է քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ գործի քննության հետ կապված դատական ծախսերից:
4. Դատարանը, պարզելով, որ դիմում տված ընտանիքի անդամները վարվել են անբարեխիղճ` ակնհայտորեն նպատակ ունենալով քաղաքացուն անհիմն զրկել գործունակությունից կամ սահմանափակել նրա գործունակությունը, դատական ծախսերը բռնագանձում է նրանցից:
Հոդված 172. | Դատարանի վճռի հետևանքները |
1. Քաղաքացուն անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճռի հիման վրա խնամակալության և հոգաբարձության մարմինը նշանակում է խնամակալ:
2. Քաղաքացուն սահմանափակ գործունակ ճանաչելու մասին դատարանի վճռի հիման վրա խնամակալության և հոգաբարձության մարմինը նշանակում է հոգաբարձու:
Հոդված 173. | Քաղաքացուն գործունակ ճանաչելը և նրա գործունակության սահմանափակումը վերացնելը |
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում դատարանը` խնամակալի, ընտանիքի անդամի կամ հոգեբուժական հաստատության տնօրինության դիմումով, դատահոգեբուժական փորձաքննության համապատասխան եզրակացության հիման վրա, վճիռ է կայացնում ապաքինվածին գործունակ ճանաչելու մասին: Դատարանի վճռի հիման վրա վերացվում է քաղաքացու նկատմամբ սահմանված խնամակալությունը:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված դեպքերում դատարանը` քաղաքացու, նրա հոգաբարձուի կամ ընտանիքի անդամի դիմումով վճիռ է կայացնում քաղաքացու գործունակության սահմանափակումը վերացնելու մասին: Դատարանի վճռի հիման վրա վերացվում է քաղաքացու նկատմամբ սահմանված հոգաբարձությունը:
Գ Լ ՈՒ Խ 30
ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԲՈՒԺՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 174. | Քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման ենթարկելու վերաբերյալ դիմելու իրավունք ունեցող անձը |
Քաղաքացու` հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման վերաբերյալ դիմում տալու իրավունք ունի այն հոգեբուժական հաստատության տնօրինությունը, որում բուժվում է քաղաքացին: Դիմումը տրվում է այդ հոգեբուժական հաստատության գտնվելու վայրի քաղաքացիական գործեր քննող դատարան:
Դիմումին կցվում է հոգեբուժական հաստատությունում անձի հետագա գտնվելու անհրաժեշտության վերաբերյալ բժիշկ-հոգեբույժների հանձնաժողովի պատճառաբանված եզրակացությունը:
Հոդված 175. | Դիմում տալու ժամկետները |
Քաղաքացու հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման վերաբերյալ դիմումը տրվում է քաղաքացուն հոգեբուժական հաստատությունում տեղավորելու պահից 72 ժամվա ընթացքում:
Դատավորը, հարուցելով գործը, դիմումը դատարանում միաժամանակ քննելու համար անհրաժեշտ ժամանակահատվածով երկարաձգում է հոգեբուժական հաստատությունում քաղաքացու գտնվելու ժամկետը:
Հոդված 176. | Դիմումի քննությունը |
1. Քաղաքացու` հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման վերաբերյալ դիմումը դատավորը քննում է գործը հարուցելու օրվանից հինգ օրվա ընթացքում:
Քաղաքացին իրավունք ունի մասնակցել դատական նիստին: Եթե հոգեբուժական հաստատությունից ստացված տեղեկությունների համաձայն անձի հոգեկան վիճակը թույլ չի տալիս նրան մասնակցել դատական նիստին, ապա դատավորը դիմումը քննում է հոգեբուժական հաստատությունում:
2. Դիմումի քննությանը պարտադիր է այն հոգեբուժական հաստատության ներկայացուցչի, որի նախաձեռնությամբ գործ է հարուցվել, ինչպես նաև այն անձի ներկայացուցչի մասնակցությունը, որի նկատմամբ լուծվում է բուժման հարցը:
Հոդված 177. | Դատարանի վճիռը |
Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է վճիռ, որով մերժում կամ բավարարում է դիմումը:
Դիմումը բավարարելու վերաբերյալ վճիռը հիմք է քաղաքացուն հոգեբուժական հաստատությունում հարկադիր բուժման ենթարկելու համար:
Գ Լ ՈՒ Խ 31
ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԿԱՄ ՄԱՀԱՑԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 178. | Դիմում տալը |
Քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դիմումը տրվում է նրա վերջին հայտնի բնակության վայրի կամ դիմողի բնակության վայրի քաղաքացիական գործեր քննող դատարան:
Հոդված 179. | Դիմումին առաջադրվող պահանջները |
1. Դիմումում պետք է նշվեն`
1) քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու դեպքում դիմողի համար ակնկալվող իրավական հետևանքները.
2) քաղաքացու անհայտ բացակայությունը հավաստող հանգամանքները.
3) անհայտ բացակայողին մահ սպառնացող կամ այլ հանգամանքները, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ նրա մահը որոշակի դժբախտ պատահարի հետևանք է:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված պահանջները չկատարվելու դեպքում դատարանը վերադարձնում է դիմումը:
Հոդված 180. | Դատավորի գործողությունները դիմումն ընդունելուց հետո |
Դատավորը, բացակայողի մասին տեղեկություններ ստանալու նպատակով, հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի և աշխատավայրի համապատասխան կազմակերպություններին, ինչպես նաև որոշում է կայացնում` դիմողի հաշվին հաղորդագրություն հրապարակել մամուլում` քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:
Դիմումն ընդունելուց հետո դատավորը կարող է առաջարկել խնամակալության և հոգաբարձության մարմնին` խնամակալ նշանակել բացակայող քաղաքացու գույքի պահպանության համար:
Հոդված 181. | Դատարանի վճռի հետևանքները |
1. Քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու մասին` դատարանի վճռի հիման վրա, բացակայողի գույքի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինն այդ գույքի նկատմամբ խնամակալություն է սահմանում:
2. Քաղաքացուն մահացած ճանաչելու մասին` դատարանի վճռի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինն այդ քաղաքացու մահվան մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանում գրառում է կատարում:
Հոդված 182. | Անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված քաղաքացու ներկայանալու կամ նրա գտնվելու վայրը հայտնի դառնալու հետևանքները |
Անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված քաղաքացու ներկայանալու դեպքում դատարանը նրա դիմումի հիման վրա վճիռ է կայացնում նախկինում կայացրած իր վճիռը վերացնելու մասին: Այդ վճռի հիման վրա վերացվում է գույքի նկատմամբ խնամակալությունը, և չեղյալ է համարվում քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանում նրա մահվան վերաբերյալ գրառումը:
Գ Լ ՈՒ Խ 32
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐԶԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 183. | Դիմում տալու հիմքերը |
1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյաններում (ակտերի գրքեր) գրառումների անճշտությունները պարզելու վերաբերյալ գործերը դատարանը քննության է առնում, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները` իրավունքի վերաբերյալ վեճի բացակայության դեպքում, հրաժարվել են ուղղումներ կամ փոփոխություններ մտցնել կատարված գրառման մեջ:
2. Քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյաններում գրառումների անճշտություններ պարզելու վերաբերյալ դիմումը տրվում է դիմողի բնակության վայրի քաղաքացիական գործեր քննող դատարան:
Հոդված 184. | Դիմումին առաջադրվող պահանջները |
Դիմումում պետք է նշվի, թե որն է քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյաններում կատարված գրառման անճշտությունը և քաղաքացիական կացության ակտերի գրանցման որ մարմինը և երբ է մերժել կատարված գրառումն ուղղելու կամ փոփոխելու մասին դիմումը:
Հոդված 185. | Դատարանի վճիռը |
Դատարանի վճիռը, որով հաստատված է ճանաչվում քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյաններում կատարված գրառման անճշտությունը, հիմք է նման գրառումը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից ուղղելու կամ փոփոխելու համար:
Գ Լ ՈՒ Խ 33
ԳՈՒՅՔԸ ՏԻՐԱԶՈՒՐԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 186. | Դիմում տալը |
Շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ դիմումը տրվում է գույքը տիրապետող քաղաքացու բնակության վայրի կամ իրավաբանական անձի գտնվելու վայրի քաղաքացիական գործեր քննող դատարան:
Անշարժ գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ դիմումը տրվում է այդ գույքի գտնվելու վայրի քաղաքացիական գործեր քննող դատարան:
Հոդված 187. | Դիմումի բովանդակությունը |
Գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումում պետք է նշվի, թե որ գույքն է տիրազուրկ ճանաչվելու, նկարագրվեն դրա հիմնական տարբերակիչ հատկանիշները, ինչպես նաև բերվեն ապացույցներ, որոնք հաստատում են սեփականատիրոջ կողմից առանց գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պահպանելու մտադրության գույքը թողնելու փաստը և ապացույցներ` գույքը դիմողի տիրապետմանն անցնելու մասին:
Հոդված 188. | Դատարանի վճիռը |
Դատարանը, գտնելով, որ գույքը սեփականատեր չունի կամ այն դրա սեփականատիրոջ կողմից թողնվել է առանց դրա նկատմամբ սեփականության իրավունքը պահպանելու մտադրության, վճիռ է կայացնում գույքը տիրազուրկ ճանաչելու և տիրապետող անձի սեփականությանն այն հանձնելու մասին:
Գ Լ ՈՒ Խ 34
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՓԱՍՏԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 189. | Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ դատարանի կողմից քննվող գործերը |
1. Քաղաքացիական գործեր քննող դատարանը կամ տնտեսական դատարանը, գործերի ենթակայությանը համապատասխան, հաստատում է այն փաստերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:
2. Դատարանը փաստերի հաստատման վերաբերյալ քննում է այն գործերը, որոնք վերաբերում են`
1) անձանց ազգակցական հարաբերություններին.
2) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելուն.
3) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ապահարզանի և մահվան գրանցմանը.
4) անձի` որոշակի ժամանակում և որոշակի հանգամանքներում մահվանը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը.
5) ժառանգությունն ընդունելուն և ժառանգության բացման վայրին.
6) դժբախտ պատահարին.
7) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությանը, բացառությամբ անձնագրի և զինվորական փաստաթղթերի.
8) սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը.
9) անհաղթահարելի ուժի առկայությանը:
3. Դատարանը, օրենքով նախատեսված դեպքերում, քննում է իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստեր:
Հոդված 190. | Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ գործերի ընդդատությունը |
Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ գործերը քննվում են դիմողի գտնվելու վայրի դատարանում, բացառությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով տիրապետելու փաստը հաստատելու վերաբերյալ գործերի, որոնք քննվում են անշարժ գույքի գտնվելու վայրի դատարանում:
Հոդված 191. | Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումին առաջադրվող պահանջները |
Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ:
Հոդված 192. | Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման համար անհրաժեշտ պայմանը |
Դատարանն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը:
Հոդված 193. | Դատարանի վճիռը |
1. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող դատարանի վճռում պետք է շարադրվի հաստատված փաստը:
2. Իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ դատարանի վճիռը հիմք է համապատասխան մարմինների կողմից այդ փաստը գրանցելու կամ հաստատված փաստի կապակցությամբ ծագած իրավունքները ձևակերպելու համար:
Գ Լ ՈՒ Խ 35
ԸՍՏ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂԻ ԵՎ ՕՐԴԵՐԱՅԻՆ ԿՈՐՑՐԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ (ԿՈՉԻ ՎԱՐՈՒՅԹ)
Հոդված 194. | Դիմում տալը |
Ըստ ներկայացնողի կամ օրդերային արժեթուղթը (այսուհետ` արժեթուղթ) կորցրած անձը կարող է գործերի ենթակայությանը համապատասխան դիմում ներկայացնել քաղաքացիական գործեր քննող դատարան կամ տնտեսական դատարան` կորցրած արժեթուղթն անվավեր ճանաչելու և դրանով հավաստված իրավունքը վերականգնելու մասին:
Արժեթղթով հավաստված իրավունքը կարող է վերականգնվել նաև անպատշաճ պահելու հետևանքով կամ այլ պատճառներով դրա վճարունակության հատկանիշների կորստի դեպքում:
Հոդված 195. | Կորցրած արժեթղթով հավաստված իրավունքը վերականգնելու վերաբերյալ գործի ընդդատությունը |
Կորցրած արժեթղթով հավաստված իրավունքը վերականգնելու վերաբերյալ գործը քննվում է այդ արժեթուղթը տված կազմակերպության գտնվելու վայրի դատարանում:
Հոդված 196. | Կորցրած արժեթղթով հավաստված իրավունքը վերականգնելու վերաբերյալ դիմումին առաջադրվող պահանջները |
1. Կորցրած արժեթղթով հավաստված իրավունքը վերականգնելու վերաբերյալ դիմումում պետք է նշվեն կորցրած արժեթղթի վավերապայմանները, արժեթուղթը տված կազմակերպության անվանումը, ինչպես նաև շարադրվեն արժեթղթի կորստի հանգամանքները:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված պահանջները չկատարվելու դեպքում դատարանը վերադարձնում է դիմումը:
Հոդված 197. | Դատարանի գործողությունները դիմումն ընդունելուց հետո |
1. Դատարանը կորցրած արժեթղթով հավաստված իրավունքը վերականգնելու մասին դիմումն ընդունելուց հետո որոշում է կայացնում այդ արժեթղթով վճարումները կամ հանձնումները արգելելու մասին:
2. Դատարանը դիմողի հաշվին պաշտոնական հաղորդագրություն է հրապարակում մամուլում:
Հաղորդագրությունը պետք է պարունակի`
1) դատարանի անվանումը.
2) դիմողի անունը (անվանումը) և նրա բնակության (գտնվելու) վայրը.
3) կորցրած արժեթղթի անվանումը, ռեկվիզիտները և մյուս տարբերիչ հատկանիշները.
4) արժեթուղթը տիրապետողին ուղղված առաջարկ` հաղորդագրությունը հրապարակելու օրվանից երկամսյա ժամկետում հայտնելու դատարանին այդ արժեթղթի նկատմամբ իր իրավունքների մասին և ներկայացնելու դրա բնօրինակը կամ պատճենը:
Հոդված 198. | Գործի քննությունը |
Դատարանը կորցրած արժեթղթով հավաստված իրավունքը վերականգնելու վերաբերյալ գործը քննում է հաղորդագրության հրապարակման օրվանից երկու ամիս անցնելուց հետո:
Հոդված 199. | Դատարանի վճիռը |
1. Դատարանը դիմումը բավարարելու դեպքում վճիռ է կայացնում կորցրած արժեթուղթն անվավեր ճանաչելու և դիմողի` դրանով հավաստված իրավունքը վերականգնելու մասին:
2. Դատարանի վճռի հիման վրա համապատասխան կազմակերպությունը դիմողին տալիս է նոր արժեթուղթ:
Հոդված 200. | Դատարանի գործողություններն արժեթուղթը տիրապետողի դիմումն ստանալու դեպքում |
Հաղորդագրությունը հրապարակելու օրվանից երկամսյա ժամկետում արժեթուղթը տիրապետողի դիմումն ստանալու դեպքում դատարանն առանց քննության է թողնում արժեթուղթը կորցրած անձի դիմումը:
Հոդված 201. | Արժեթուղթը տիրապետողի` գույքն անհիմն ձեռք բերելու վերաբերյալ հայց հարուցելու իրավունքը |
Հաղորդագրությունը հրապարակվելու օրվանից երկամսյա ժամկետում արժեթղթի նկատմամբ իր իրավունքների մասին չհայտնած արժեթուղթը տիրապետող անձը կարող է դատարանի վճռի հիման վրա նոր արժեթուղթ ստացած անձի դեմ հայց հարուցել` գույքն անհիմն ձեռք բերելու վերաբերյալ:
Գ Լ ՈՒ Խ 36
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԴԻՄՈՒՄՈՎ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԻ` ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՎՃՌԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 202. |
Կողմերի հաշտության համաձայնությունը դատարանի վճռի հարկադիր կատարման ընթացքում |
1. Կողմերն իրավունք ունեն հաշտության համաձայնություն կնքել դատարանի վճռի հարկադիր կատարման ընթացքում:
2. Կողմերի հաշտության համաձայնությունը կարող է վերաբերել նաև դատարանի վճռի հարկադիր կատարման եղանակին, ժամկետներին և կարգին:
3. Կողմերը հաշտության համաձայնությունը կնքում են գրավոր` իրենց կողմից ստորագրված մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով:
4. Կողմերն իրենց կնքած հաշտության համաձայնությունը ներկայացնում են հարկադիր կատարողին:
Հոդված 203. | Հարկադիր կատարողի գործողությունները կողմերի հաշտության համաձայնությունն ստանալուց հետո |
Հարկադիր կատարողը, ստանալով կողմերի հաշտության համաձայնությունը, պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը և անհապաղ դիմել կատարողական թերթ տված դատարան:
Հոդված 204. | Դատարանի վճռի վերանայումը |
1. Դատարանը, հարկադիր կատարողի դիմումի հիման վրա, վճիռը վերանայում է սույն օրենսգրքի 19 գլխում սահմանված արագացված դատաքննության կարգով:
2. Դատարանը վերանայում է միայն կայացրած վճռի այն մասը, որը վերաբերում է կողմերի հաշտության համաձայնությամբ սահմանված կատարման եղանակին, ժամկետին և կարգին:
3. Վճիռը վերանայելու մասին դատարանը կայացնում է վճիռ, որում շարադրվում է կողմերի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը (տեքստը):
Չ Ո Ր Ր Ո Ր Դ Բ Ա Ժ Ի Ն
ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 205. | Վերաքննիչ բողոք բերելու իրավունքը |
Առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ չմտած վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք, ինչպես նաև գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վճիռ է կայացվել:
Հոդված 206. | ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԸ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՐԱՆԸ |
Առաջին ատյանի դատարանների` օրինական ուժի մեջ չմտած վճիռների դեմ վերաքննիչ բողոքներով գործերը քննում է քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը (այսուհետ` վերաքննիչ դատարան): (206-րդ հոդվածը խմբ. 11.09.01 ՀՕ-214)
Հոդված 207. | Վերաքննիչ բողոք բերելու ժամկետը |
Վերաքննիչ բողոքը բերվում է առաջին ատյանի դատարանի վճիռը հրապարակվելու օրվանից տասնհինգօրյա ժամկետում:
Հոդված 208. | Վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը |
1. Վերաքննիչ բողոքը պատշաճ ձևով ուղարկվում է վերաքննիչ դատարան, իսկ բողոքի պատճենը` վճիռը կայացրած առաջին ատյանի դատարան:
2. Առաջին ատյանի դատարանը բողոքի պատճենն ստանալու օրվանից ոչ ուշ, քան հաջորդ օրը, պարտավոր է գործը պատշաճ ձևով ուղարկել վերաքննիչ դատարան:
Հոդված 209. | Վերաքննիչ բողոքի բովանդակությունը |
1. Վերաքննիչ բողոքի մեջ պետք է նշվեն`
1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.
2) բողոքը բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները).
3) դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվում է բողոքը, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.
4) վեճի առարկան.
5) բողոք բերող անձի վերաքննության պահանջը.
6) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
2. Վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:
Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է դատական ակտերը բողոքարկելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն տվյալ գործով նախկինում չի ներկայացվել:
3. Բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու և բողոքի պատճենները` գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու ապացույցները:
Հոդված 210. | Վերաքննիչ բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելը |
Վերաքննիչ բողոք բերող անձը պարտավոր է գործին մասնակցող այլ անձանց պատշաճ ձևով ուղարկել բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները:
Հոդված 211. | Վերաքննիչ բողոքի պատասխանը |
1. Գործին մասնակցող անձը, ստանալով վերաքննիչ բողոքի պատճենը, մինչև գործի քննությունն իրավունք ունի իր պատասխանն ուղարկել վերաքննիչ դատարան և գործին մասնակցող այլ անձանց:
2. Պատասխանն ստորագրում է գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը:
3. Պատասխանին կարող են կցվել փաստաթղթեր, որոնք նախկինում չեն ներկայացվել: Այս դեպքում պատասխանին կցվում են գործին մասնակցող այլ անձանց այդ փաստաթղթերի պատճեններն ուղարկելու ապացույցները:
Հոդված 212. | Վերաքննիչ բողոքը վերադարձնելը |
1. Վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե`
1) վերաքննիչ բողոքն ստորագրված չէ կամ ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այն անձը, որի պաշտոնեական կարգավիճակը նշված չէ.
2) վերաքննիչ բողոքին կցված չեն գործին մասնակցող անձանց` դրա պատճեններն ուղարկելու ապացույցները.
3) վերաքննիչ բողոքին կցված չեն սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթերը, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը.
4) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին.
5) բողոք բերած անձից դիմում է ստացվել այն հետ վերցնելու մասին:
2. Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին վերաքննիչ դատարանը որոշում է կայացնում` բողոքը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:
Թերությունները վերացնելու համար որոշման մեջ նշվում է ժամկետը:
3. Սույն հոդվածի 1-ին կետի 1-4-րդ ենթակետերում նշված հանգամանքները նշանակված ժամկետում վերացնելուց հետո բողոք բերած անձն իրավունք ունի վերստին վերաքննիչ բողոք ներկայացնել:
Հոդված 213. | Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը |
1. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում:
2. Որոշման մեջ նշվում են գործի քննության ժամանակը և վայրը:
3. Որոշումը պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Հոդված 214. | Գործի քննության ժամկետը վերաքննիչ դատարանում |
Վերաքննիչ դատարանը գործը պետք է քննի և վճիռ կայացնի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հոդված 215. | Գործի քննության կարգը վերաքննիչ դատարանում |
Վերաքննիչ դատարանում գործը քննվում է առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով, բացառությամբ վեճերը միջնորդ դատարանի լուծմանը հանձնելու (հոդված 18), անպատշաճ կողմը փոխարինելու (հոդված 31), հայցի հիմքը կամ առարկան փոխելու, հայցային պահանջների չափը փոփոխելու, հայցից հրաժարվելու (32 հոդվածի 1-ին կետ), վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող կամ չներկայացնող երրորդ անձանց` գործի մեջ մտնելու (հոդվածներ 34 և 35), հակընդդեմ հայց հարուցելու (հոդված 96) մասին կանոնների:
Հոդված 216. | Վերաքննիչ բողոքը հետ վերցնելը |
1. Վերաքննիչ բողոք բերած անձն իրավունք ունի հետ վերցնել բողոքը մինչև վերաքննիչ դատարանն սկսի գործի քննությունը:
2. Բողոքը հետ վերցնելու դեպքում դատարանը կարճում է գործի վերաքննիչ վարույթը, եթե վճիռը չեն բողոքարկել այլ անձինք:
3. Վերաքննիչ վարույթը կարճելու մասին վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում: Որոշումը կայացնելու պահից առաջին ատյանի դատարանի վճիռը մտնում է օրինական ուժի մեջ:
Հոդված 217. | Գործի քննության սահմանները վերաքննիչ դատարանում |
1. Վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքով և գործում եղած, ինչպես նաև լրացուցիչ ներկայացված ապացույցներով կրկնակի քննում է գործը:
2. Գործին մասնակցող անձանց ներկայացրած լրացուցիչ ապացույցներն ընդունում է վերաքննիչ դատարանը, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է առաջին ատյանի դատարանում այդ ապացույցները ներկայացնելու անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով:
3. Եթե գործին մասնակցող անձինք ներկայացնում են վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող լրացուցիչ ապացույցներ, ապա դատարանը գործին մասնակցող անձանց միջնորդությամբ ողջամիտ ժամկետով հետաձգում է գործի քննությունը:
Հոդված 218. | Վերաքննիչ դատարանի վճիռը |
1. Գործի կրկնակի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է վճիռ:
2. Վճռի մեջ պետք է նշվեն`
1) վճիռը կայացրած վերաքննիչ դատարանի անվանումը, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վճիռ կայացրած դատարանի կազմը.
2) առաջին ատյանի դատարանի վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, այն կայացրած դատավորի անունը.
3) գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), վերաքննիչ բողոք բերած անձի անունը (անվանումը).
4) վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:
3. Վճիռը պետք է դրույթներ պարունակի կողմերի միջև դատական ծախսերի, այդ թվում` առաջին ատյանի դատարանում գործի քննության հետ կապված դատական ծախսերի բաշխման մասին:
Հոդված 219. | Վերաքննիչ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը |
Վերաքննիչ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց տասնհինգ օր հետո: (219-րդ հոդվածը խմբ. 13.06.00 ՀՕ-71)
Հոդված 220. | Վերաքննիչ դատարանի վճիռը գործին մասնակցող անձանց ուղարկելը |
Վերաքննիչ դատարանի վճիռը հրապարակման օրվանից եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Հոդված 221. | Առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքները |
1. Առաջին ատյանի դատարանի որոշումները կարող են բողոքարկվել վերաքննիչ կարգով միայն սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:
2. Առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում են դատարանի վճիռների դեմ վերաքննիչ բողոքների քննության համար նախատեսված կարգով:
Բ Ա Ժ Ի Ն Չ Ո Ր Ր Ո Ր Դ1
ՎԱՐՈՒՅԹԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 221.1. |
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ ՔՆՆՈՂ ԴԱՏԱՐԱՆԸ |
Սույն օրենսգրքի 16-րդ հոդվածով և այլ օրենքներով նախատեսված տնտեսական վեճերը և այլ գործերն ըստ էության քննվում են տնտեսական դատարանում:
(221.1. հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-214)
Հոդված 221.2. |
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ |
Տնտեսական դատարանը, որպես կանոն, գործը պետք է քննի և վճիռ կայացնի հայցադիմումն ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
(221.2. հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-214)
Հոդված 221.3. |
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ |
Տնտեսական դատարանում գործն առաջին անգամ ըստ էության քննվում է առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով:
Տնտեսական դատարանում գործի նոր քննությունը կատարվում է սույն օրենսգրքով սահմանված վերաքննիչ վարույթի կանոններով: Օրենքով կարող է նախատեսվել տնտեսական դատարանում առանձին բնույթի գործերի քննության հատուկ կարգ:
(221.3. հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-214)
Հոդված 221.4. |
ՏնՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
Տնտեսական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց տասնհինգ օր հետո:
(221.4. հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-214)
Հոդված 221.5 |
ՏնՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ ԳՈՐԾԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՒՂԱՐԿԵԼԸ |
Տնտեսական դատարանի վճիռը հրապարակման օրվանից յոթնօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
(221.5. հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-214)
Հոդված 221.6. |
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆԵՐԻ և ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ |
Տնտեսական դատարանի վճիռներն ու որոշումները կարող են բողոքարկվել միայն վճռաբեկության կարգով:
Տնտեսական դատարանի որոշումները ենթակա են բողոքարկման սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:
(221.6. հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-214)
(Բաժինը լրաց. 11.09.01 ՀՕ-214)
Հ Ի Ն Գ Ե Ր Ո Ր Դ Բ Ա Ժ Ի Ն
ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 222. | Դատական ակտերի վերանայումը վճռաբեկության կարգով |
1. Առաջին ատյանի դատարանների, տնտեսական դատարանի և վերաքննիչ, տնտեսական դատարանների` օրինական ուժի մեջ մտած և վերաքննիչ, տնտեսական դատարանների` օրինական ուժի մեջ չմտած վճիռները կարող են վերանայվել վճռաբեկության կարգով` սույն օրենսգրքի 223 հոդվածում նշված անձանց բողոքների հիման վրա:
2. Առաջին ատյանի դատարանների և տնտեսական դատարանի` օրինական ուժի մեջ մտած և վերաքննիչ, տնտեսական դատարանների օրինական ուժի մեջ չմտած որոշումները կարող են բողոքարկվել վճռաբեկության կարգով միայն սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:
3. Դատարանի որոշումների դեմ բերված վճռաբեկ բողոքները քննվում են դատարանի վճիռների դեմ բերված բողոքների քննության համար նախատեսված կարգով: (222-րդ հոդվածը լրաց. 13.06.00 ՀՕ-71, լրաց., փոփ. 11.09.01 ՀՕ-214)
Հոդված 223. | Վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեցող անձինք |
1. Վերաքննիչ և տնտեսական դատարանների` օրինական ուժի մեջ չմտած վճռի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող, ինչպես նաև գործին մասնակից չդարձած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վճիռ է կայացվել:
2. Առաջին ատյանի, վերաքննիչ և տնտեսական դատարանների օրինական ուժի մեջ մտած վճիռների դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն`
1) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները` սույն օրենսգրքի 37 հոդվածով նախատեսված դեպքերում և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.
2) հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանները: (223-րդ հոդվածը խմբ. 13.06.00 ՀՕ-71, փոփ. 11.09.01 ՀՕ-214)
Հոդված 224. | Վճռաբեկ բողոքներով գործերը քննող դատարանը |
Առաջին ատյանի դատարանների, տնտեսական դատարանի և վերաքննիչ, տնտեսական դատարանների` օրինական ուժի մեջ մտած և վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ չմտած վճիռների դեմ բերված վճռաբեկ բողոքներով գործերը քննում է վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատը (այսուհետ` վճռաբեկ դատարան): (224-րդ հոդվածը լրաց. 13.06.00 ՀՕ-71, լրաց., փոփ. 11.09.01 ՀՕ-214)
Հոդված 225. | Վճռաբեկ բողոք բերելու հիմքերը |
Վճռաբեկ բողոք բերելու համար հիմք են`
1) գործին մասնակցող անձանց նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը.
2) նոր երևան եկած հանգամանքները:
Սույն հոդվածի առաջին մասի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել դատարանի վճիռը կամ որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում: (225-րդ հոդվածը լրաց. 20.02.01 ՀՕ-146)
Հոդված 226. | Նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը |
Նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը`
1) չի կիրառել այն օրենքը, որը պետք է կիրառեր.
2) կիրառել է այն օրենքը, որը չպետք է կիրառվեր.
3) սխալ է մեկնաբանել օրենքը:
Հոդված 227. | Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը |
1. Դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե դա հանգեցրել է գործի սխալ լուծման:
2. Վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`
1) դատարանը գործը քննել է ոչ օրինական կազմով.
2) դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին.
3) դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ.
4) վճիռն ստորագրել է ոչ այն դատավորը, որը կայացրել է այն.
5) վճիռը կայացրել է ոչ այն դատավորը, որը մտնում է գործը քննող դատարանի կազմի մեջ.
6) գործից բացակայում է դատական նիստի արձանագրությունը, կամ նախագահողն այն չի ստորագրել:
3. Դատարանի` ըստ էության ճիշտ վճիռը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:
Հոդված 228. | Նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտերի վերանայման հիմքերը |
Նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտի վերանայման համար հիմք են`
1) գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց.
2) գործի համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան.
3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի ակնհայտ կեղծ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը, որոնք հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն.
4) դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` գործին մասնակցող անձանց կամ նրանց ներկայացուցիչների հանցավոր գործողությունները կամ գործը քննելիս դատավորների կատարած հանցավոր արարքները.
5) դատական ակտի, դատավճռի կամ այլ մարմնի որոշման վերացումը, որը հիմք է ծառայել տվյալ վճռի կայացման համար:
Հոդված 229. | Վճռաբեկ բողոք բերելու կարգը |
1. Բողոք բերելու հիմքերի առկայության դեպքում սույն օրենսգրքի 223 հոդվածում նշված անձինք բերում են վճռաբեկ բողոք և պատշաճ ձևով ուղարկում են վճռաբեկ դատարան, իսկ բողոքի պատճենը` վճիռը կայացրած դատարան:
2. Վճիռը կայացրած դատարանը բողոքի պատճենն ստանալու օրվանից ոչ ուշ, քան հաջորդ օրը պարտավոր է գործը պատշաճ ձևով ուղարկել վճռաբեկ դատարան:
Հոդված 230. | Վճռաբեկ բողոքի բովանդակությունը |
1. Վճռաբեկ բողոքում պետք է նշվեն`
1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.
2) բողոք բերող անձի անունը (անվանումը).
3) վճիռ կայացրած դատարանի անվանումը, գործի համարը, վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), վեճի առարկան.
4) բողոք բերած անձի պահանջը` օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ և նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել, կամ որոնք են նոր երևան եկած հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը.
5) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
2. Վճռաբեկ բողոքն ստորագրում է բողոք բերած անձը:
3. Բողոքին կցվում է պետական տուրքի վճարումը հավաստող ապացույցը:
Հոդված 231. | Վճռաբեկ բողոքը հետ վերցնելը |
Վճռաբեկ բողոք բերած անձն իրավունք ունի հետ վերցնել բողոքը մինչև վճռաբեկ դատարանն սկսի գործի քննությունը:
Հոդված 232. | Վճռաբեկ դատարանում գործի քննության ժամկետը |
Վճռաբեկ դատարանը գործը պետք է քննի և որոշում կայացնի այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:
Հոդված 233. | Վճռաբեկ դատարանում գործը դատական քննության նախապատրաստելը |
1. Վճռաբեկ դատարանի նախագահը հանձնարարում է վճռաբեկ դատարանի պալատի դատավորին ուսումնասիրել վճռաբեկ բողոքը և գործի նյութերը: Ուսումնասիրությունը կատարվում է գործն ստանալու օրվանից տասն օրվա ընթացքում:
2. Վճռաբեկ դատարանի պալատի դատավորներն իրավունք ունեն ծանոթանալ վճռաբեկ բողոքին և գործի նյութերին:
Հոդված 234. | Վճռաբեկ դատարանում գործի քննության կարգը |
1. Գործի քննությունը վճռաբեկ դատարանում սկսվում է վճռաբեկ դատարանի պալատի դատավորի զեկուցումով:
Զեկուցողը շարադրում է գործի հանգամանքները, դատարանի վճռի բովանդակությունը և վճռաբեկ բողոքի փաստարկները:
Վճռաբեկ դատարանի դատավորներն իրավունք ունեն հարցեր տալ զեկուցողին:
2. Բողոք բերած անձն իրավունք ունի ներկա գտնվել վճռաբեկ դատարանի նիստին:
3. Բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վճռաբեկ դատարանի նիստին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպես նաև գործին մասնակցող անձինք, որոնք պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Հոդված 235. | ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ |
Վճռաբեկ դատարանի պալատը վերանայում է դատարանների վճիռները և որոշումները` վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում: (235-րդ հոդվածը խմբ. 11.09.01 ՀՕ-214)
Հոդված 236. | Վճռաբեկ դատարանի լիազորությունները |
Վճռաբեկ դատարանը, գործը քննելով, իրավունք ունի`
1) դատարանի վճիռը թողնել անփոփոխ, իսկ բողոքը` առանց բավարարման: Եթե բեկանվել է տնտեսական դատարանի վճիռը, գործն ուղարկվում է տնտեսական դատարան` դատավորների կոլեգիալ կազմով քննելու համար: Սնանկության վերաբերյալ գործերը, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գործեր տվյալ գործով կայացված վճռի բեկանումից հետո շարունակվում են քննվել միանձնյա.
2) վճիռն ամբողջովին կամ դրա մի մասը բեկանել և գործն ուղարկել նոր քննության` վերաքննիչ դատարան, իսկ եթե բեկանվել է վերաքննիչ դատարանի վճիռը, ապա վերաքննիչ դատարան` այլ կազմով քննելու համար.
3) գործի վարույթը կարճել կամ հայցը թողնել առանց քննության, եթե գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու հիմքերն ի հայտ են եկել առաջին ատյանի դատարանում, տնտեսական դատարանում կամ վերաքննիչ դատարանում գործի քննության ժամանակ: (236-րդ հոդվածը խմբ. 13.06.00 ՀՕ-71, փոփ., լրաց. 11.09.01 ՀՕ-214)
Հոդված 237. | Վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացնելու կարգը |
1. Վճռաբեկ դատարանը գործի քննության արդյունքներով կայացնում է որոշում:
2. Որոշումը կայացվում է հանուն Հայաստանի Հանրապետության:
3. Որոշումը կայացվում է բողոք բերած անձի և վճռաբեկ դատարանի նիստին բացատրություններ տալու համար կանչված անձանց բացակայությամբ:
4. Վճռաբեկ դատարանն իրավազոր է որոշում կայացնել վճռաբեկ դատարանի պալատի դատավորների մեծամասնության առկայությամբ:
5. Որոշումը կայացվում է բաց քվեարկությամբ:
Որոշումը համարվում է կայացված, եթե հօգուտ դրա քվեարկել է նիստին ներկա` վճռաբեկ դատարանի պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությունը: Բողոքը բավարարելուն կողմ և դեմ տրված ձայների հավասար քանակի դեպքում բողոքը համարվում է մերժված.
6. Վճռաբեկ դատարանի որոշումն ստորագրում են այն կայացրած դատավորները:
7. Վճռաբեկ դատարանի որոշման եզրափակիչ մասը հրապարակվում է նիստում:
Հոդված 238. | Վճռաբեկ դատարանի որոշումը |
1. Վճռաբեկ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն`
1) գործի համարը և որոշում կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, որոշումը կայացրած վճռաբեկ դատարանի կազմը.
2) վճռաբեկ բողոք բերած անձի անունը (անվանումը).
3) գործը քննած դատարանի անվանումը, գործի համարը, վճիռ կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, վճիռ կայացրած դատավորի անունը.
4) կայացված վճռի էության համառոտ շարադրանքը, գործին մասնակցող անձանց անունները (անվանումները).
5) հիմքերը, որոնցով դրվել է վճռի օրինականությունն ստուգելու հարցը.
6) օրենքները և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վճռաբեկ դատարանը որոշում կայացնելիս.
7) վճիռը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով վճռաբեկ դատարանը չի համաձայնվել վճիռ կայացրած դատարանի հետևությունների հետ.
8) վճռաբեկ բողոքի քննության արդյունքներով եզրահանգումը:
2. Վճռաբեկ դատարանը, պարզելով, որ գործը քննած դատարանի թույլ տված իրավունքի նորմերի խախտումները հիմք չեն վճռի բեկանման համար, պետք է դրանց մասին նշի կայացրած որոշման մեջ:
3. Վճռաբեկ դատարանն իրավունք չունի հաստատելու կամ ապացուցված համարելու այն հանգամանքները, որոնք չեն հաստատվել վճռում կամ ժխտվել են վճռով, կանխորոշելու այս կամ այն ապացույցի արժանահավատ կամ անարժանահավատ լինելը, լուծելու մեկ ապացույցի հանդեպ մյուսի առավելության հարցերը, ինչպես նաև այն հարցը, թե նյութական իրավունքի որ նորմը պետք է կիրառվի և ինչ վճիռ պետք է կայացվի գործը նորից քննելիս:
Հոդված 239. | Վճռաբեկ դատարանի որոշման` օրինական ուժի մեջ մտնելը |
Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Հոդված 240. | Վճռաբեկ դատարանի մասնավոր որոշումը |
1. Վճռաբեկ դատարանը, գործը քննելիս պարզելով, որ հատուկ արտոնագիր ունեցող և վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանը բերել է ակնհայտ անհիմն վճռաբեկ բողոք, իրավունք ունի միջնորդություն ներկայացնել փաստաբանին հատուկ արտոնագիր տված մարմին` փաստաբանի նկատմամբ ներգործության միջոցներ կիրառելու մասին:
Արտոնագիր տված մարմինը պարտավոր է մեկամսյա ժամկետում վճռաբեկ դատարան հայտնել ձեռնարկված միջոցների մասին:
2. Միևնույն փաստաբանի մոտ թույլ տված կրկնակի խախտումներ հայտնաբերելիս վճռաբեկ դատարանն իրավունք ունի մասնավոր որոշում կայացնել նրա գրանցումը չեղյալ ճանաչելու մասին:
Հոդված 241. | Վճռաբեկ դատարանի որոշումը վճռաբեկ բողոք բերած անձին և գործին մասնակցող անձանց ուղարկելը |
Վճռաբեկ դատարանի որոշումը պատշաճ ձևով ուղարկվում է բողոք բերած անձին և գործին մասնակցող անձանց` այն կայացնելու օրվանից յոթնօրյա ժամկետում: (241-րդ հոդվածը փոփ. 13.06.00 ՀՕ-71)
Վ Ե Ց Ե Ր Ո Ր Դ Բ Ա Ժ Ի Ն
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 242. | Օտարերկրյա անձանց դատավարական իրավունքները |
1. Օտարերկրյա քաղաքացիները և իրավաբանական անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ` օտարերկրյա անձինք) իրավունք ունեն իրենց իրավունքների և շահերի պաշտպանության համար գործերի ենթակայությանը համապատասխան դիմելու Հայաստանի Հանրապետության դատարաններ:
2. Օտարերկրյա անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբանական անձանց հավասար օգտվում են դատավարական իրավունքներից և կրում են դատավարական պարտականություններ:
3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով համապատասխան պետությունների օտարերկրյա անձանց համար կարող են սահմանվել վերաքննիչ բողոք բերելու ավելի երկարատև ժամկետներ:
4. Հայաստանի Հանրապետությունը կարող է սահմանել դատավարական իրավունքների պատասխան սահմանափակումներ այն պետությունների օտարերկրյա անձանց նկատմամբ, որոնց դատարաններում թույլ են տրվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց դատավարական իրավունքների սահմանափակումներ:
Հոդված 243. | Օտարերկրյա անձանց մասնակցությամբ գործերով դատավարությունը |
Օտարերկրյա անձանց մասնակցությամբ գործերով դատավարությունը դատարաններում իրականացվում է սույն օրենսգրքին և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներին համապատասխան:
Հոդված 244. | Հայաստանի Հանրապետության դատարանների իրավասությունն օտարերկրյա անձանց մասնակցությամբ գործերով |
1. Հայաստանի Հանրապետության դատարաններն օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական գործերը քննում են, եթե պատասխանողն ունի բնակության վայր կամ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:
2. Հայաստանի Հանրապետության դատարաններն իրավունք ունեն նաև քննել օտարերկրյա անձանց մասնակցությամբ քաղաքացիական գործեր, եթե`
1) այդ մասին առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ իրավաբանական անձի և օտարերկրյա անձի միջև համաձայնություն.
2) պատասխանողը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի գույք.
3) ապահարզանի վերաբերյալ գործով` ամուսիններից թեկուզև մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է.
4) առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասի վերաբերյալ գործով վնասը պատճառվել է Հայաստանի Հանրապետության տարածքում.
5) գույքին պատճառված վնասը հատուցելու գործով վնասի հատուցման պահանջը ներկայացնելու համար հիմք ծառայած գործողությունը կամ այլ հանգամանքը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքում.
6) օտարերկրյա անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում.
7) հայցը բխում է պայմանագրից, որով կատարումը տեղի է ունեցել կամ պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետության տարածքում.
8) հայցը բխում է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցած անհիմն հարստացումից:
3. Սույն հոդվածով նախատեսված կանոնների պահպանմամբ` դատարանի կողմից քննության ընդունված գործը լուծում է դատարանն ըստ էության, թեկուզև վարույթի ընթացքում գործին մասնակցող անձանց գտնվելու վայրը փոխելու կապակցությամբ կամ այլ հանգամանքներով այն ընդդատյա է դարձել այլ պետության դատարանին:
Հոդված 245. | Դատական իմունիտետը |
1. Դատարանում օտարերկրյա պետության դեմ հայց հարուցելը, նրան որպես երրորդ անձ գործին մասնակից դարձնելը, օտարերկրյա պետությանը պատկանող` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գույքի վրա արգելանք դնելը ու դրա նկատմամբ հայցի ապահովման այլ միջոցներ ձեռնարկելը, դատարանի վճռի հարկադիր կատարման կարգով այդ գույքի վրա բռնագանձում տարածելը թույլատրվում է միայն համապատասխան պետության իրավասու մարմինների համաձայնությամբ, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
2. Միջազգային կազմակերպությունների դատական իմունիտետը սահմանվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Հոդված 246. |
Օտարերկրյա պետության դատարանի կողմից նույն անձանց միջև, նույն առարկայի և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործի քննության դատավարական հետևանքները |
1. Հայաստանի Հանրապետության դատարանը հայցը թողնում է առանց քննության կամ կարճում է գործի վարույթը, եթե մինչև Հայաստանի Հանրապետության դատարանում հայց հարուցելը գործը քննության ընդունած` օտարերկրյա պետության իրավասու դատարանը քննում է նույն անձանց միջև, նույն առարկայի և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործը կամ այդ գործով կայացրել է վճիռ, որն օրինական ուժի մեջ է մտել:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված հետևանքները չեն առաջանում, եթե օտարերկրյա պետության դատարանի կայացրած կամ ապագա վճիռը ենթակա չէ ճանաչման կամ կատարման Հայաստանի Հանրապետության տարածքում կամ համապատասխան գործը վերաբերում է Հայաստանի Հանրապետության դատարանի բացառիկ ընդդատությանը:
Հոդված 247. | Դատական հանձնարարությունները |
1. Հայաստանի Հանրապետության դատարանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով, կատարում է օտարերկրյա պետությունների դատարանների տված առանձին դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարությունները (ծանուցագրեր և այլ փաստաթղթեր հանձնել, գրավոր ապացույցներ ձեռք բերել, փորձաքննություն, տեղազննություն կատարել և այլն):
2. Օտարերկրյա պետությունների դատարանների հանձնարարությունը ենթակա չէ կատարման, եթե դրա կատարումը`
1) հակասում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը կամ սպառնում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը.
2) վերապահված չէ դատարանի իրավասությանը:
3. Առանձին դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ օտարերկրյա պետությունների դատարանների հանձնարարությունները Հայաստանի Հանրապետության դատարանը կատարում է սույն օրենսգրքով սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ:
Հայաստանի Հանրապետության դատարանները միջազգային պայմանագրերով սահմանված կարգով առանձին դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հանձնարարություններով կարող են դիմել օտարերկրյա պետությունների դատարաններ:
Յ Ո Թ Ե Ր Ո Ր Դ Բ Ա Ժ Ի Ն
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 248. | Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1964 թվականի հունիսի 4-ի «Հայկական ՍՍՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հաստատելու մասին» Հայկական ՍՍՀ օրենքով հաստատված Հայկական ՍՍՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը («Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի տեղեկագիր», 1964 թ., թիվ 17, հոդված 85)` հետագա փոփոխություններով և լրացումներով, ինչպես նաև «Ցուցակ քաղաքացիների այն գույքի տեսակների, որի վրա չի կարող բռնագանձում տարածվել կատարողական փաստաթղթերով» վերնագիրը կրող թիվ 1 հավելվածը և «Դատական կամ կատարողական կորած վարույթի վերականգնումը» վերնագիրը կրող թիվ 2 հավելվածը:
Հոդված 249. Հայաստանի Հանրապետության տնտեսական գործերով վերաքննիչ դատարանը գործում է մինչև Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի` օրենքով սահմանված կարգով կազմավորումը:
Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի կազմավորման պահից Հայաստանի Հանրապետության տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի և առաջին ատյանի դատարանների վարույթներում եղած տնտեսական գործերը փոխանցվում են Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարան, որտեղ շարունակվում է այդ գործերի դատական քննությունը համապատասխանաբար` վերաքննիչ վարույթի և առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով: (249-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-214)
|
Ռ. Քոչարյան |
|