7-րդ հոդվածի 1-ին մասում նշված տասնօրյա ժամկետի սկիզբ է համարվել 2024 թ. հուլիսի 26-ը, ավարտ` 2024 թ. օգոստոսի 5-ը` համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 05.08.24-ի 01/2407-2024 գրության:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի ապրիլի 11-ին
«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» 2021 թվականի մարտի 24-ի ՀՕ-147-Ն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
10) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված կարգով և սույն օրենքով նախատեսված դեպքերում ու ժամկետներում ներկայացնել բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկ:»:
Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) hակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից այնպիսի վարքագիծ դրսևորելը կամ գույքային դրության առնչությամբ այնպիսի անհամապատասխանությունը, որը հանգեցրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն տրամադրելուն։»:
Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասը «իրավասություն ունեցող» բառերից հետո լրացնել «մարմինը կամ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 34-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների» բառերից հետո լրացնել «, իսկ հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ՝ նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սույն օրենքի 35.1-ին հոդվածով նախատեսված բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության արդյունքով ներկայացված խորհրդատվական բնույթի բացասական եզրակացության» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացվելու դեպքում կարգապահական հանձնաժողովը պարտադիր հարուցում է ծառայողական քննություն:».
3) 8-րդ մասի «Կարգապահական վարույթը» բառերը փոխարինել «Ծառայողական քննությունը» բառերով.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.
«8.1. Ծառայողական քննությունը հարուցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքով բացասական եզրակացությունը տրամադրվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց վեց տարի հետո (բացառությամբ բարեվարքության գույքային դրության առնչությամբ հարուցվող ծառայողական քննությունների)։ Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության շրջանակներում գույքային դրության ուսումնասիրության արդյունքով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն տրամադրվելու դեպքում ծառայողական քննությունը հարուցվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բացասական եզրակացությունը տրամադրվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում։»:
Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածում՝
1) 15-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ նախաձեռնելով հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց առաջխաղացման ցուցակում ներառելու գործընթաց.».
2) 15-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ ներառելով հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց առաջխաղացման ցուցակում.».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-15.3-րդ մասերով.
«15.1. Սույն հոդվածի 15-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումն ընդունվելուց հետո Հանձնաժողովը հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին ծանուցում է տասնօրյա ժամկետում բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության հարցաթերթիկը էլեկտրոնային համակարգում լրացնելու անհրաժեշտության վերաբերյալ։
15.2. Սույն հոդվածի 15.1-ին մասով նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ մեկօրյա ժամկետում, Հանձնաժողովն առաջխաղացման ենթակա անձանց վերաբերյալ տեղեկություն է ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով մեկամսյա ժամկետում բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով։
15.3․ Սույն հոդվածի 15.2-րդ մասում նշված անձանց բարեվարքության ուսումնասիրության վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդատվական եզրակացությունն ստանալուց հետո՝ երեք օրվա ընթացքում, այն տրամադրվում է Հանձնաժողովին, որը որոշում է կայացնում անձին առաջխաղացման ցուցակում ներառելու կամ չներառելու վերաբերյալ:.
4) 17-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Հանձնաժողովի որոշումը հանձնաժողովի նախագահն ատեստավորման օրվանից հետո (բացառությամբ սույն հոդվածի 15-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումն ընդունելու դեպքի)` եռօրյա ժամկետում, ներկայացնում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, իսկ սույն հոդվածի 15-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշումն ընդունվելու դեպքում եռօրյա ժամկետը սկսվում է հաշվարկվել սույն հոդվածի 15.3-րդ մասով նախատեսված որոշումն ընդունելուց հետո:»:
Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 35.1-ին հոդվածով.
«Հոդված 35.1. | Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունը |
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն իրականացվում է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված կարգով՝ առաջին անգամ հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոնի նշանակվելու տարվանից հետո՝ վեցերորդ տարում: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը և նրա տեղակալները բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն չեն անցնում:
2. Նախկինում հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած այն անձը, որը պաշտոնավարումը դադարելուց հետո կրկին նշանակվում է հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոնի, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն անցնում է կրկին պաշտոնի նշանակվելուց հետո՝ վեցերորդ տարում։
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները հաշվարկվում են հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնի նշանակվելու օրացուցային տարվան հաջորդող տարվանից։
4. Այն դեպքում, երբ հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոնի նշանակվելուց հետո՝ մինչև բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության տարին, անձն առաջխաղացման նպատակով անցնում է բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրություն, ապա բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության համար նախատեսված վեց տարվա ժամկետը սկսվում է հաշվարկվել հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու օրացուցային տարվան հաջորդող տարվանից։
5. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը ներկայացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով։
6. Բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկը լրացվում է մինչև բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրություն անցնելու տարվա հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում։
7. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սույն հոդվածով նախատեսված խորհրդատվական բնույթի եզրակացությունները տրամադրում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, իսկ բացասական եզրակացությունները՝ նաև կարգապահական հանձնաժողովին։»:
Հոդված 7. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության շրջանակներում բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի ներկայացման կարգը, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության հարցաթերթիկի ձևանմուշը, լրացման կարգը, հարցաթերթիկում ներառվող տվյալների մանրամասները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանվելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
2. Մինչև բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկների լրացման էլեկտրոնային համակարգի գործարկումը բարեվարքության ուսումնասիրություն անցնող անձինք բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկները ներկայացնում են թղթային տարբերակով:
3. Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող այն անձինք, որոնք նշանակվել են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրությունն անցնում են սույն օրենքի 35.1-ին հոդվածով սահմանված կարգով։ Սույն ժամկետի հաշվարկը սկսվում է վերջին նշանակմանը հաջորդող օրացուցային տարվանից։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մայիսի 3 Երևան ՀՕ-162-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական: