ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 5114-Ա |
«30» դեկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՖԻՐԴՈՒՍԻ ՓՈՂՈՑԻ Հ.1 ՀԱՍՑԵԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Ակն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի տնօրեն Հիրանտ Կիրկոր Արթին Օհաննեսի Քուրթյանի լ/ա Վաղինակ Անանյանի դիմումը՝ Երևան քաղաքի Ֆիրդուսի փողոցի հ.1 հասցեի հարակից տարածքում, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով ընկերությանն օտարելու մասին:
Քննարկվող հողամասը գտնվում է ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 22-ի «Երևան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» հ.332-Ն որոշմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչված տարածքում, որի ձեռքբերող է ճանաչվել «Ակն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշումը, ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի հ.99-Ա որոշման հիման վրա «Ակն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ 2018 թվականի մարտի 19-ին կնքված պայմանագիրը և «Ակն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի գրությունը՝ քննարկվող հողամասը շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով ձեռք բերելու պատրաստակամության վերաբերյալ:
Քննարկվող՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 20.78քմ, որն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում և համաձայն ՀՀ կառավարության 04.06.2020թ. հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 2-րդ գոտում:
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ 20.78քմ մակերեսով հողամասը /ծածկագիր՝ 01-006-208-074, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 15-ի «Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» հ.216-Ն որոշում, տող՝ 27/ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գոտում է:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն և 2018 թվականի փետրվարի 8-ի հ.332-Ն որոշումներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 25.11.2024թ. h.Դ-134496-24 և «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի 29.11.2024թ. հ.Ն/68353-24.եզրակացությունները.
1. Սահմանել, որ Երևան քաղաքի Ֆիրդուսի փողոցի հ.1 հասցեին հարակից տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի մակերեսը կազմում է 20.78քմ:
2. Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված՝ 20.78քմ մակերեսով հողամասին տրամադրել «Տիգրան Մեծի պողոտա, հ.7/8» հասցեն:
4. Երևան քաղաքի Ֆիրդուսի փողոցի հ.1 հասցեին հարակից տարածքում գտնվող 20.78քմ մակերեսով հողամասի նկատմամբ, Երևան համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցում կատարելուց հետո, այն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) «Ակն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին՝ տարածագնահատման 2-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 4 457 310 (չորս միլիոն չորս հարյուր հիսունյոթ հազար երեք հարյուր տասը) ՀՀ դրամ և փոխանցել 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
5. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` Երևանի քաղաքապետի անունից, ընկերության հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։
6. Ընդունել ի գիտություն, որ հողամասի ուղղակի վաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
7. Տեղեկացնել հողօգտագործողին, որ սույն որոշման ընդունումից հետո հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում հողամասերի կադաստրային արժեքները չվճարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
8. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման հիման վրա տրամադրված` անշարժ գույքերի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին:
9. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող բոլոր գույքային իրավունքների պետական գրանցման, հողամասի հատակագծի հաստատման, հողամասի հասցեավորման, պայմանագրի նոտարական վավերացման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված միասնական տեղեկանք ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են «Ակն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի միջոցների հաշվին:
10. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
11. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
12. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|