ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԲՈՒԴԱՂՅԱՆԸ ԵՎ ՉՈՒԳԱՍԶՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատներ թիվ 56589/15 և 56596/15. տե՛ս կից ցանկը)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
23 հունիսի 2022թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների
Բուդաղյանը և Չուգասզյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գուերա Մարտինս [Ana Maria Guerra Martins]` դատավորներ,
և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
2022 թվականի հունիսի 2-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի՝ կից աղյուսակում նշված տարբեր ամսաթվերին Դատարան ներկայացված գանգատների հիման վրա։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ծանուցվել է գանգատների մասին։
ՓԱՍՏԵՐԸ
3. Դիմումատուների ցանկը և գանգատների համապատասխան մանրամասները ներկայացված են կից աղյուսակում։
4. Դիմումատուները բողոք են ներկայացրել կալանքի համապատասխան և բավարար պատճառների բացակայության մասով։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ
5. Հաշվի առնելով բողոքների առարկայի համանմանությունը՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննել համատեղ մեկ վճռում։
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
6. Դիմումատուները բողոք են ներկայացրել կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների բացակայության մասով։ Նրանք հստակորեն կամ ըստ էության հիմնվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի վրա, որն ունի հետևյալ բովանդակությունը.
5-րդ հոդվածի 3-րդ կետ
«Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն, և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ դատաքննության ընթացքում ազատ արձակվելու իրավունք։ Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»։
7. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուները չեն սպառել իրավական պաշտպանության հասանելի ներպետական միջոցները՝ պնդելով, որ նրանք կարող էին դիմել ներպետական դատարաններ՝ խնդրելով ճանաչել ազատության իրենց իրավունքի խախտումը, և փոխհատուցում ստանալ Քաղաքացիական օրենսգրքի՝ 2016 թվականի հունվարի 1-ից գործող՝ ոչ նյութական վնասի մասով պետությունից փոխհատուցում պահանջելու իրավունքին վերաբերող դրույթների հիման վրա (տե՛ս Շիրխանյանն ընդդեմ Հայաստանի [Shirkhanyan v. Armenia], թիվ 54547/16, §§ 103-106, 2022 թվականի փետրվարի 22)։
8. Դատարանն ի սկզբանե նշում է, որ դիմումատուները բողոքներ են ներկայացրել իրենց կալանավորման որոշումների դեմ, որոնցում նրանք բողոքել են իրենց շարունակական կալանքի համար հիմնավոր և բավարար պատճառների բացակայությունից, որոնք բոլորը մերժվել են վերաքննիչ դատարանի կողմից։ Ինչ վերաբերում է Կառավարության այն փաստարկին, որ դիմումատուները պետք է հետագայում դիմեին Քաղաքացիական օրենսգրքի նոր դրույթների համաձայն առանձին վարույթ հարուցելու համար, ապա Դատարանը նշում է, որ, նույնիսկ եթե ենթադրենք, որ իրավական պաշտպանության այս միջոցը տեսականորեն բավականաչափ պարզ էր և հստակ, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով, այնուամենայնիվ, Կառավարությունը չի ներկայացրել որևէ վերաբերելի ապացույց, որը ցույց կտար գործնականում իրավական պաշտպանության այս միջոցի արդյունավետությունը դիմումատուների կոնկրետ բողոքների առնչությամբ: Հետևաբար հիմքեր չկան ընդունելու Կառավարության առարկությունը՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու վերաբերյալ։
9. Դատարանը կրկին նշում է, որ, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան իր հաստատված նախադեպային իրավունքի համաձայն՝ հիմնավոր կասկածի շարունակական առկայությունն առ այն, որ ձերբակալված անձը կատարել է հանցանք, շարունակական կալանքի իրավաչափության համար sine qua non (պարտադիր պայման) է, սակայն որոշ ժամանակ անց այն դառնում է ոչ բավարար: Նման դեպքերում Դատարանը պետք է պարզի, թե արդյոք դատական մարմինների կողմից ներկայացված այլ հիմքերով շարունակվում է հիմնավորված լինել ազատությունից զրկելը: Եթե այդօրինակ հիմքերը «հիմնավոր» և «բավարար» են, ապա Դատարանը նաև պետք է հստակեցնի, թե արդյոք վարույթն իրականացնելիս իրավասու ազգային մարմինները դրսևորել են «պատշաճ ջանասիրություն»։ Դատարանը նաև վճռել է, որ կալանքի ցանկացած ժամանակահատվածի համար հիմնավորումը՝ անկախ դրանց կարճ լինելու հանգամանքից, պետք է համոզիչ ձևով ապացուցվի մարմինների կողմից: Անձին ազատ արձակելու կամ կալանավորելու մասին որոշում կայացնելիս մարմինները պարտավոր են դիտարկել այլընտրանքային միջոցներ՝ դատական քննությանը նրա ներկայությունն ապահովելու համար։ Ողջամիտ կասկածի առկայությունից բացի՝ դատական իշխանություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կալանավորման համար «հիմնավոր» և «բավարար» պատճառներ ներկայացնելու պահանջն արդեն իսկ կիրառվում է նախնական կալանք նշանակելու մասին առաջին որոշումը կայացնելու ժամանակ, այսինքն՝ ձերբակալելուց «անմիջապես» հետո (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Բուզաջին ընդդեմ Մոլդովայի Հանրապետության [ՄՊ] [Buzadji v. the Republic of Moldova [GC]], թիվ 23755/07, §§ 87 և 102, 2016 թվականի հուլիսի 5):
10. Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի (թիվ 629/11, §§ 48 և հաջորդող մասեր, 2016 թվականի հոկտեմբերի 20) նախադեպային գործում Դատարանն արդեն խախտում է հայտնաբերել սույն գործում առկա նմանատիպ հարցերի առնչությամբ:
11. Դատարանը, ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը, չի հայտնաբերել սույն բողոքների ընդունելիության կամ էության վերաբերյալ այլ եզրակացության հանգելու համար համոզիչ փաստեր կամ փաստարկներ։ Հաշվի առնելով քննության առարկայի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը համարում է, որ տվյալ գործում ներպետական դատարանները դիմումատուների մինչդատական կալանքի համար չեն տրամադրել հիմնավոր և բավարար պատճառներ։
12. Հետևաբար սույն բողոքներն ընդունելի են, և դրանցով հայտնաբերվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
13. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
14. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը (տե՛ս մասնավորապես վերևում հիշատակված՝ Արա Հարությունյանի գործը, § 66)՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել կից աղյուսակում նշված գումարները։
15. Դատարանը նաև նպատակահարմար է գտնում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է միացնել գանգատները.
2. Հայտարարում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի մասով բողոքներն ընդունելի.
3. Վճռում է, որ սույն բողոքներով բացահայտվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում՝ կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների բացակայության մասով,
4. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներին վճարի կից ներկայացված աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
բ) վերոնշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2022 թվականի հունիսի 23-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Վիկտորիա Մարադուդինա՝
|
Յոլիեն Շուկինգ՝
|
ՀԱՎԵԼՎԱԾ
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատների ցանկը (կալանավորման համար հիմնավոր և բավարար պատճառների բացակայությունը)
Թիվ |
Գանգատ թիվ Ներկայաց-ման ամսաթիվը |
Դիմումատուի անունը Ծննդյան ամսաթիվը |
Ներկայա-ցուցչի անունն ու գտնվելու վայրը |
Կալանա-վորման ժամա-նակա-հատվածը |
Դատարանը, որը կայացրել է կալա-նավորման մասին որոշումը/ |
Հատուկ թերու-թյունները |
Յուրաքանչյուր դիմումատուի ոչ նյութական վնասի համար շնորհվող գումարը (եվրոյով)1 |
Յուրա-քանչյուր գանգատի մասով ծախսերի և ծախքերի համար շնորհվող գումարը (եվրոյով)2 |
1. |
56589/15 2015 թվականի նոյեմբերի 4 |
Արա ԲՈՒԴԱՂՅԱՆ |
Հայկ Ալումյան Երևան |
2015 թվականի հուլիսի 3-ից 2016 թվականի հունիսի 10 |
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարան Վերաքննիչ քրեական դատարան |
դատա-րանների կողմից բերված պատճառների ոչ հիմնավոր բնույթը |
2 000 |
250 |
2. |
56596/15 2015 թվականի հոկտեմբերի 21 |
Գարեգին ՉՈՒԳԱՍԶՅԱՆ |
Տիգրան Եգորյան |
2015 թվականի ապրիլի 7-ից 2015 թվականի մայիսի 4 |
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարան Վերաքննիչ քրեական դատարան |
դատա-րանների կողմից բերված պատճառների ոչ հիմնավոր բնույթը |
2 000 |
250 |
_______________________________________
1 Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ:
2 Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ:
