ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0791/02/13 2024 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0791/02/13 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Գ. Հակոբյան | |
զեկուցող |
ս. ՄեղրՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
Է. Սեդրակյան |
2024 թվականի մայիսի 07-ին
գրավոր ընթացակարգով քննելով Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանի (այսուհետ՝ Կառավարիչ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ախոյանի հայցի ընդդեմ Արթուր, Թամարա Սարգսի, Արմենուհի, Թամարա Արթուրի և Հարութ Հովհաննիսյանների` ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ախոյանը պահանջել է Արարատ մարզի Նոյակերտ համայնքում գտնվող թիվ 000‑167 կադաստրային ծածկագրով բնակելի տնից (տնամերձ հողամասով) առանձնացնել պարտապան Արթուր Հովհաննիսյանի բաժինը և դրա վրա տարածել բռնագանձում:
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 14.09.2020 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է, և Կառավարչից հօգուտ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի բռնագանձվել է 101.000 ՀՀ դրամ՝ որպես Դատարանի 09.03.2015 թվականի որոշմամբ նշանակված դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննության ծախս:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.12.2020 թվականի որոշմամբ Կառավարչի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.09.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կառավարիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17‑ի օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք) 53-րդ և 73-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերջին դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննությունները նշանակվել են 09.03.2015 թվականի որոշմամբ, երբ ինքը դեռևս նշանակված չի եղել սնանկության գործով կառավարիչ։ Ավելին՝ ինքը Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել 02.04.2015 թվականի որոշմամբ։
Թիվ ԱՎԴ/0019/04/11 սնանկության գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 06.12.2019 թվականի վճռով՝ ըստ ՀՀ ՊԵԿ Արարատի ՏՀՏ-ի դիմումի՝ Արթուր Հովհաննիսյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, գործի վարույթը կարճվել է, քանի որ պարտապան Արթուր Հովհաննիսյանը 10.10.2015 թվականին մահացել է, որի մասին մահվան վերաբերյալ ակտերի մասին գրանցման գրքում 20.10.2016 թվականին կատարվել է թիվ 457 Ժ/Բ գրանցումը, իսկ սույն քաղաքացիական գործով ինքը որպես հայցվոր է ներգրավվել միայն 14.07.2020 թվականի որոշմամբ, այսինքն՝ այն ժամանակ, երբ իր լիազորություններն արդեն իսկ որպես Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարչի դադարեցված են եղել՝ սնանկության գործի վարույթը 06.12.2019 թվականի վճռով կարճված լինելու հիմքով։ Հետևաբար ինքը չի կարող և չպետք է անձնական պատասխանատվություն կրի սույն քաղաքացիական գործով առաջացած փորձաքննության ծախսերի մասով, քանի որ ինչպես սնանկության վարույթը, այնպես էլ սույն քաղաքացիական գործի վարույթը կարճվել են անկախ իր կամքից՝ պարտապանի մահվամբ։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.12.2020 թվականի որոշումը և փոփոխել այն՝ համապատասխանողներից հօգուտ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի բռնագանձել փորձաքննության ծախսերի գումարը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) թիվ ԱՎԴ/0019/04/11 սնանկության գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.07.2011 թվականի վճռով Արթուր Հովհաննիսյանը ճանաչվել է սնանկ: Նույն դատարանի 10.08.2011 թվականի որոշմամբ Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Կարեն Ախոյանը (հատոր 1-ին, գ.թ. 6-8).
2) Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ախոյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Արթուր, Թամարա Սարգսի, Արմենուհի, Թամարա և Հարութ Հովհաննիսյանների` ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, որը Դատարանի դատավոր Լ․ Արազյանի 20.08.2013 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 1-3).
3) Դատարանի դատավոր Լ․ Արազյանը, հիմք ընդունելով Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ախոյանի՝ շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը, 25.03․2014 թվականին որոշում է կայացրել շինարարատեխնիկական ու ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին՝ դրա կատարումը հանձնարարելով «Էքսպերտ ՍՎՍ» ՍՊԸ-ի փորձագետներին, և քաղաքացիական գործի վարույթը կասեցրել է մինչև փորձաքննության եզրակացություն ստանալը (հատոր 1-ին, գ.թ. 72, 117, 118).
4) Դատարանի դատավոր Լ. Արազյանին քրեական գործերով դատավոր նշանակելու կապակցությամբ գործը բաշխվել է Դատարանի դատավոր Ա․ Հովհաննիսյանին, ով 09.03.2015 թվականին իր հերթին որոշում է կայացրել շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին՝ դրա կատարումը հանձնարարելով «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ‑ին, ու քաղաքացիական գործի վարույթը կասեցրել է մինչև փորձաքննության եզրակացություն ստանալը (հատոր 2-րդ, գ.թ. 1, «www.datalex.am» տեղեկատվական համակարգ).
5) թիվ ԱՎԴ/0019/04/11 սնանկության գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 06.02.2015 թվականի որոշմամբ Կարեն Ախոյանն ազատվել է Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարչի պարտականությունների կատարումից, ու նույն դատարանի 02.04.2015 թվականի որոշմամբ Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Կամո Հարոյանը (հատոր 3-րդ, գ.թ. 20, «www.datalex.am» տեղեկատվական համակարգ).
6) 10.10.2015 թվականին Արթուր Հովհաննիսյանը մահացել է (հատոր 3-րդ, գ.թ. 62).
7) 28.08.2017 թվականին Դատարանում ստացվել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի կողմից տրված շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննության եզրակացությունը․ փորձաքննության կատարման ծախսը կազմել է 101.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 15‑33).
8) Դատարանի 28.08.2017 թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է՝ կասեցումն առաջացրած հանգամանքը վերանալու կապակցությամբ (հատոր 2-րդ, գ.թ. 35).
9) թիվ ԱՎԴ/0019/04/11 սնանկության գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, հիմք ընդունելով Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանի 08.11.2019 թվականի միջնորդությունը՝ սնանկության գործի վարույթը կարճելու վերաբերյալ, 06.12.2019 թվականին վճիռ է կայացրել սնանկության գործի վարույթը կարճելու մասին այն պատճառաբանությամբ, որ սնանկության վարույթով պարտապանի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը: Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործի ավարտից հետո կառավարիչ Կամո Հարոյանի՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքները և պարտականությունները դադարեցվել են (հիմք՝ «www.datalex.am» տեղեկատվական համակարգ).
10) Դատարանը, ավարտելով գործի դատաքննությունը, վճռի հրապարակման ժամանակ է հայտարարել 14.07.2020 թվականը, ժամը՝ 09։10-ը, այնուհետև այն վեր է սկսել՝ ապացույցները լրացուցիչ հետազոտելու պատճառաբանությամբ։ Դատարանը, պարզելով, որ «սնանկության գործի ավարտից հետո կառավարչի լիազորությունները համարվել են ավարտված», վճռի հրապարակման ժամանակ է հայտարարել 14.09.2020 թվականը, ժամը՝ 14։55-ը (հատոր 4‑րդ, գ.թ. 19, 36)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3‑րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայությամբ:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ սնանկության վարույթում սնանկության կառավարչի լիազորությունները դադարած լինելու պայմաններում իր լիազորությունների շրջանակներում դատարան ներկայացված հայցադիմումի կապակցությամբ առաջացած դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը կառավարչի վրա դնելու առանձնահատկությանը։
Սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով անհապաղ նշանակում է սնանկության գործով կառավարիչ (․․․)` դադարեցնելով ժամանակավոր կառավարչի լիազորությունները: (...)
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը պարտապանի անունից դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ սնանկ ճանաչված պարտապանի դատավարական իրավունքները և պարտականությունները փոխանցվում են կառավարչին, որն էլ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պարտապանի անունից իրացնում է դրանք (տե՛ս «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «ՄԻԼԼԱՐ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2628/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2014 թվականի որոշումը):
Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի դատավարական իրավունքներն իրացնում է կառավարիչը: Մասնավորապես` վերջինս պարտապանի անունից դիմում է դատարաններ՝ դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից: Նշվածից հետևում է, որ սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի անունից դատարան հայց ներկայացնելու իրավունքը ևս իրացնում է կառավարիչը (տե՛ս Մնացական Նախոյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Տեր-Վարդանյանն ընդդեմ Լեյլի Պետրոսյանի, Թերեզա և Մարի Նախոյանների թիվ ԱՐԱԴ/0333/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Սահմանադրական դատարանը 26.01.2021 թվականի թիվ ՍԴՈ-1572 որոշմամբ արձանագրել է, որ պարտապանի սնանկ ճանաչվելու փաստն ինքնին ենթադրում է, որ վերջինս չի կարողացել կատարել իր ֆինանսական պարտավորությունները, այդ իսկ պատճառով սնանկ ճանաչվելուց հետո դատարանի կողմից նշանակվում է սնանկության գործով կառավարիչ, որի լիազորություններն էլ հանգում են պարտատերերի պահանջների պատշաճ բավարարման ապահովմանը: Հենց դա է պատճառը, որ օրենսդիրը սնանկության գործով կառավարչին է վերապահել դատական կարգով լուծում պահանջող հարցերով պարտապանի անունից դատարաններ դիմելու իրավասությունը: Նման իրավակարգավորումը չի կարող դիտարկվել որպես պարտապանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում, քանի որ բոլոր դեպքերում այդ իրավունքն իրացվում է անկախ նրանից՝ անմիջականորեն դատարան է դիմում պարտապանը, թե նրա անունից՝ սնանկության գործով կառավարիչը:
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասից բխում է, որ սնանկության կառավարիչն անձնական պատասխանատվություն է կրում իր լիազորություններն իրականացնելիս կատարած գործողությունների և դրսևորած անգործության համար՝ ինստիտուցիոնալ առումով կրելով նաև ձեռնարկատիրական ռիսկ, այլ կերպ ասած՝ սնանկության վարույթում սնանկության կառավարչի իրավական կարգավիճակ ստանձնելու փաստի ուժով սնանկության կառավարիչն իր գույքով պատասխանատու է սնանկության վարույթի, ինչպես նաև սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի ու իրավունքների, երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկայի, պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած ու սնանկ ճանաչելու հարցի լուծման կամ պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերով քաղաքացիական գործերի շրջանակներում դրսևորած վարքագծի (գործողության և անգործության) համար. այդպիսի պատասխանատվությունը չի դադարում նույնիսկ սնանկության վարույթում սնանկության կառավարչի լիազորությունները դադարելուց հետո:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել: Կողմի միջնորդությամբ նշանակված փորձաքննության հետ կապված ծախսերի համար վճարում է այդ կողմը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ գործի վարույթը կարճելու մասին դատարանը կայացնում է վճիռ: Դատարանի վճռի մեջ կարող են լուծվել գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման և բյուջեից պետական տուրքի վերադարձման հետ կապված հարցերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 5-րդ կետի 6‑րդ ենթակետի համաձայն՝ որոշման (վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանի կողմից կայացվող որոշումը) պատճառաբանական մասը պետք է պարունակի գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման վերաբերյալ վերաքննիչ դատարանի դիրքորոշումը` վկայակոչելով համապատասխան իրավական նորմերը, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի 4‑րդ ենթակետի համաձայն՝ որոշման եզրափակիչ մասը պետք է պարունակի` եզրահանգում` գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ:
Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ դատական ծախսերը կազմված են պետական տուրքի գումարներից և, ի թիվս այլնի, նաև փորձաքննության հետ կապված ծախսերից, ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ կողմի միջնորդությամբ նշանակված փորձաքննության հետ կապված ծախսերի համար վճարում է այդ կողմը: Դատական ծախսերի բաշխման մասին դատարանի պատճառաբանությունը և եզրահանգումը դատական ակտերի պատճառաբանական ու եզրափակիչ մասերին ներկայացվող պարտադիր պայմաններից են: Այսինքն՝ դատական ակտով պարտադիր պետք է անդրադարձ կատարվի դատական բոլոր, այդ թվում նաև՝ փորձաքննության հետ կապված ծախսերին, և չի կարող լինել կոնկրետ գործով առկա դատական այնպիսի ծախս, որի բաշխման հարցը լուծված չէ, և առկա չէ այդ ծախսը գործին մասնակցող անձանց միջև բաշխելու մասին դատարանի պատճառաբանություն ու եզրահանգում: Հարկ է նկատել, որ դատական ծախսերի հարցը դատական ակտով լուծված չլինելու դեպքում օրենսդիրը նախատեսել է այդ հարցին անդրադառնալու նպատակով լրացուցիչ վճիռ կայացնելու հնարավորություն (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդված): Վերոգրյալ նորմերի համալիր վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը փորձել է բացառել այնպիսի իրավիճակները, երբ դատական ծախսերի բաշխման մասով որևէ հարց չլուծվի :
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ թիվ ԱՎԴ/0019/04/11 սնանկության գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.07.2011 թվականի վճռով Արթուր Հովհաննիսյանը ճանաչվել է սնանկ: Նույն դատարանի 10.08.2011 թվականի որոշմամբ Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Կարեն Ախոյանը։
Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ախոյանը, իրացնելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով իրեն վերապահված լիազորությունը, 15.08.2013 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Արթուր, Թամարա Սարգսի, Արմենուհի, Թամարա Արթուրի և Հարութ Հովհաննիսյանների` ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու ու դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Դատարանի դատավոր Լ․ Արազյանի 20.08.2013 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ 25.03․2014 թվականին, հիմք ընդունելով Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ախոյանի՝ շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը, որոշում է կայացվել շինարարատեխնիկական ու ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին՝ դրա կատարումը հանձնարարելով «Էքսպերտ ՍՎՍ» ՍՊԸ-ի փորձագետներին, և քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև փորձաքննության եզրակացություն ստանալը։
Դատարանի դատավոր Լ. Արազյանին քրեական գործերով դատավոր նշանակելու կապակցությամբ գործը բաշխվել է Դատարանի դատավոր Ա․ Հովհաննիսյանին, ով 09.03.2015 թվականին իր հերթին որոշում է կայացրել շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին՝ դրա կատարումը հանձնարարելով «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ‑ին, ու քաղաքացիական գործի վարույթը կասեցրել է մինչև փորձաքննության եզրակացություն ստանալը։
Թիվ ԱՎԴ/0019/04/11 սնանկության գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 06.02.2015 թվականի որոշմամբ Կարեն Ախոյանն ազատվել է Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարչի պարտականությունների կատարումից, ու նույն դատարանի 02.04.2015 թվականի որոշմամբ Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Կամո Հարոյանը։
10.10.2015 թվականին Արթուր Հովհաննիսյանը մահացել է։
28.08.2017 թվականին Դատարանում ստացվել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի կողմից տրված շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննության եզրակացությունը․ փորձաքննության կատարման ծախսը կազմել է 101.000 ՀՀ դրամ։ Դատարանի 28.08.2017 թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է՝ կասեցումն առաջացրած հանգամանքը վերանալու կապակցությամբ։
Թիվ ԱՎԴ/0019/04/11 սնանկության գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, հիմք ընդունելով Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանի 08.11.2019 թվականի միջնորդությունը՝ սնանկության գործի վարույթը կարճելու վերաբերյալ, 06.12.2019 թվականին վճիռ է կայացրել սնանկության գործի վարույթը կարճելու մասին այն պատճառաբանությամբ, որ սնանկության վարույթով պարտապանի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը: Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործի ավարտից հետո կառավարիչ Կամո Հարոյանի՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքները և պարտականությունները դադարեցվել են։
Դատարանը, ավարտելով գործի դատաքննությունը, վճռի հրապարակման ժամանակ է հայտարարել 14.07.2020 թվականը, ժամը՝ 09։10-ը, այնուհետև այն վեր է սկսել՝ ապացույցները լրացուցիչ հետազոտելու պատճառաբանությամբ, և պարզելով, որ «սնանկության գործի ավարտից հետո կառավարչի լիազորությունները համարվել են ավարտված», վճռի հրապարակման ժամանակ է հայտարարել 14.09.2020 թվականը, ժամը՝ 14։55-ը։
Դատարանը 14.09.2020 թվականին վճիռ է կայացրել քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին՝ միաժամանակ Կառավարչից հօգուտ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի բռնագանձելով 101.000 ՀՀ դրամ՝ որպես փորձաքննության ծախս:
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով նաև, որ «թիվ ԱՎԴ/0791/02/13 քաղաքացիական գործով հայցի հարուցման հիմքը Արթուր Հովհաննեսի Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարչի հայցադիմումն է», «թեև հայցվորի կողմից հարուցված գործի քննությունը չի շարունակվել հայցվորի կամքից անկախ պատճառով՝ պարտապանի մահվամբ, այնուամենայնիվ հարուցված գործի շրջանակներում առաջացել է բաշխման ենթակա դատական ծախս, որպիսին կրելու պարտականությունը դրվում է հայցվոր կողմի վրա, քանի որ վերջինիս հայցի հիմքով հարուցված գործն ավարտվել է առանց դրա ըստ էության լուծման», «սույն քաղաքացիական գործով փորձաքննությունը նշանակվել է 09.03.2015 թվականի որոշմամբ, ընդ որում, փորձաքննության կատարումն սկսվել է 09․08․2017 թվականին և ավարտվել է 16․08․2017 թվականին։ Այսինքն, 02․04․2015 թվականին նշանակվելով որպես Արթուր Հովհանիսյանի սնանկության գործով կառավարիչ, Կ․ Հարոյանը ստանձնել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով կառավարչին վերապահված բոլոր իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ սույն քաղաքացիական գործի շրջանակներում՝ նկատի ունենալով, որ սույն գործի հարուցման հիմք է հանդիսացել հենց Արթուր Հովհաննիսյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ԱՎԴ/0019/04/11 սնանկության գործի վարույթը։ Ընդ որում, չի կարող էական համարվել սույն գործով Դատարանի կողմից պարտապանի հաջորդ կառավարչին ծանուցելու ժամանակահատվածը, քանի որ կառավարիչ նշանակվելու պահից սկսած Կ․Հարոյանը՝ որպես պարտապան Արթուր Հովհաննես Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ պարտավոր էր հետևել ինչպես սնանկության վարույթի, այնպես էլ դրա շրջանակներում հարուցված, առավել ևս՝ սնանկության կառավարչի հայցերով հարուցված գործերի ընթացքին, որպիսի պարագայում, նախ պետք է Դատարանին տեղեկացներ կառավարչի փոփոխության, այնուհետև՝ պարտապանի մահվան մասին։ Դրանից հետո արդեն Դատարանի որոշման ենթակա հարց էր՝ փորձաքննությունը պետք է կատարվեր, թե փորձաքննություն նշանակելու որոշման պահանջները թողնվեր անկատար՝ այդ մասին տեղեկացնելով փորձագետին», 15.12.2020 թվականին որոշում է կայացրել Կառավարչի բերած վերաքննիչ բողոքը մերժելու, և Դատարանի 14.09.2020 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասին։
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք հիմնավոր են և բավարար Կառավարչի բերած վերաքննիչ բողոքը մերժելու, ու Դատարանի 14.09.2020 թվականի վճիռն անփոփոխ թողնելու համար՝ նկատի ունենալով, որ Կառավարիչն անգործություն է դրսևորել ինչպես սնանկության վարույթում, այնպես էլ սույն քաղաքացիական գործով, որն արտահայտվել է սնանկության գործով պարտապան Արթուր Հովհաննիսյանի՝ 10․10․2015 թվականին մահացած լինելու մասին Սնանկության դատարանին միայն դրանից շուրջ 4 տարի մեկ ամիս անց՝ 08.11.2019 թվականին տեղեկացնելով։ Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ եթե Կառավարիչը ողջամիտ ժամկետում ձեռնարկեր վերը նշված գործողությունը, այն է՝ Սնանկության դատարանին պարտապան Արթուր Հովհաննիսյանի մահվան մասին տեղեկացներ ավելի վաղ, ապա Սնանկության դատարանը գործի վարույթը կարճելու մասին որոշումը կկայացներ մինչև «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի կողմից 16.08.2017 թվականին եզրակացություն տալը․ իր հերթին Դատարանը, Կառավարչի կողմից այդ մասին տեղեկացվելու կամ օրենքով սահմանված այլ եղանակով այդ մասին ավելի վաղ տեղեկանալու պայմաններում «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին կառաջարկեր չանցկացնել շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություն, որի արդյունքում չէր առաջանա 101.000 ՀՀ դրամի չափով փորձաքննության կատարման ծախս, այսինքն՝ կկանխվեր փորձաքննության անցկացման հետ կապված ծախսի առաջացումը։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կառավարիչը, անձնական պատասխանատվություն կրելով իր լիազորություններն իրականացնելիս դրսևորած վարքագծի (գործողության, անգործության) համար, կրում է իր անգործության հետևանքով առաջացած փորձագիտական ծախսերը հատուցելու պարտականությունը։
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Կառավարչի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում նշված հիմքերին, արձանագրում է, որ դրանք անհիմն են և չեն կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ վերը նշված փորձաքննությունը մինչ բողոքաբերի՝ Կառավարիչ նշանակված լինելը նշանակված լինելու հանգամանքը որևէ ազդեցություն չի կարող ունենալ դրանից հետո դրսևորած անգործության առումով, իսկ սույն քաղաքացիական գործով որպես հայցվոր միայն 14․07․2020 թվականին ներգրավված լինելու հանգամանքը վերջինիս չէր խոչընդոտում մինչ այդ՝ որպես սնանկության գործով կառավարիչ, որպիսի կարգավիճակը ձեռք է բերել դեռևս 02.04.2015 թվականին, ևս ձեռնարկել «Սնանկության մասին» ՀՀ օրենքից բխող համապատասխան գործողություններ, այդ թվում՝ համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով սույն քաղաքացիական գործով ավելի վաղ ներգրավվել դատավարությանը և դրա արդյունքում կատարել համապատասխան դատավարական գործողություններ։
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Հետևաբար, սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 10‑րդ կետի համաձայն` բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու վերաբերյալ դատարանի եզրահանգումները։
Նկատի ունենալով, որ սույն գործով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները Կառավարիչը ներկայացրել է դատական ծախսերի մասով, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական բողոքարկման փուլերում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2020 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող Զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. Սեդրակյան
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԱՎԴ/0791/02/13 քաղաքացիական գործով 2024 թվականի մայիսի 07-ի կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
07․05․2024 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2024 թվականի մայիսի 07-ին գրավոր ընթացակարգով քննելով Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանի (այսուհետ՝ Կառավարիչ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2020 թվականի որոշման դեմ ՝ ըստ Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ախոյանի հայցի ընդդեմ Արթուր, Թամարա Սարգսի, Արմենուհի, Թամարա Արթուրի և Հարութ Հովհաննիսյանների` ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2020 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
Վճռաբեկ դատարանի դատավոր Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ախոյանը պահանջել է Արարատ մարզի Նոյակերտ համայնքում գտնվող թիվ 000‑167 կադաստրային ծածկագրով բնակելի տնից (տնամերձ հողամասով) առանձնացնել պարտապան Արթուր Հովհաննիսյանի բաժինը և դրա վրա տարածել բռնագանձում:
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 14.09.2020 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է, և Կառավարչից հօգուտ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի բռնագանձվել է 101.000 ՀՀ դրամ՝ որպես Դատարանի 09.03.2015 թվականի որոշմամբ նշանակված դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննության ծախս:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.12.2020 թվականի որոշմամբ Կառավարչի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.09.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կառավարիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17‑ի օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք) 53-րդ և 73-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերջին դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննությունները նշանակվել են 09.03.2015 թվականի որոշմամբ, երբ ինքը դեռևս նշանակված չի եղել սնանկության գործով կառավարիչ։ Ավելին՝ ինքը Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել 02.04.2015 թվականի որոշմամբ։
Թիվ ԱՎԴ/0019/04/11 սնանկության գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 06.12.2019 թվականի վճռով՝ ըստ ՀՀ ՊԵԿ Արարատի ՏՀՏ-ի դիմումի՝ Արթուր Հովհաննիսյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, գործի վարույթը կարճվել է, քանի որ պարտապան Արթուր Հովհաննիսյանը 10.10.2015 թվականին մահացել է, որի մասին մահվան վերաբերյալ ակտերի մասին գրանցման գրքում 20.10.2016 թվականին կատարվել է թիվ 457 Ժ/Բ գրանցումը, իսկ սույն քաղաքացիական գործով ինքը որպես հայցվոր է ներգրավվել միայն 14.07.2020 թվականի որոշմամբ, այսինքն՝ այն ժամանակ, երբ իր լիազորություններն արդեն իսկ որպես Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարչի դադարեցված են եղել՝ սնանկության գործի վարույթը 06.12.2019 թվականի վճռով կարճված լինելու հիմքով։ Հետևաբար ինքը չի կարող և չպետք է անձնական պատասխանատվություն կրի սույն քաղաքացիական գործով առաջացած փորձաքննության ծախսերի մասով, քանի որ ինչպես սնանկության վարույթը, այնպես էլ սույն քաղաքացիական գործի վարույթը կարճվել են անկախ իր կամքից՝ պարտապանի մահվամբ։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.12.2020 թվականի որոշումը և փոփոխել այն՝ համապատասխանողներից հօգուտ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի բռնագանձել փորձաքննության ծախսերի գումարը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) թիվ ԱՎԴ/0019/04/11 սնանկության գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.07.2011 թվականի վճռով Արթուր Հովհաննիսյանը ճանաչվել է սնանկ: Նույն դատարանի 10.08.2011 թվականի որոշմամբ Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Կարեն Ախոյանը (հատոր 1-ին, գ.թ. 6-8).
2) Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ախոյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Արթուր, Թամարա Սարգսի, Արմենուհի, Թամարա և Հարութ Հովհաննիսյանների` ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, որը Դատարանի դատավոր Լ․ Արազյանի 20.08.2013 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 1-3).
3) Դատարանի դատավոր Լ․ Արազյանը, հիմք ընդունելով Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ախոյանի՝ շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը, 25.03․2014 թվականին որոշում է կայացրել շինարարատեխնիկական ու ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին՝ դրա կատարումը հանձնարարելով «Էքսպերտ ՍՎՍ» ՍՊԸ-ի փորձագետներին, և քաղաքացիական գործի վարույթը կասեցրել է մինչև փորձաքննության եզրակացություն ստանալը (հատոր 1-ին, գ.թ. 72, 117, 118).
4) Դատարանի դատավոր Լ. Արազյանին քրեական գործերով դատավոր նշանակելու կապակցությամբ գործը բաշխվել է Դատարանի դատավոր Ա․ Հովհաննիսյանին, ով 09.03.2015 թվականին իր հերթին որոշում է կայացրել շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին՝ դրա կատարումը հանձնարարելով «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ‑ին, ու քաղաքացիական գործի վարույթը կասեցրել է մինչև փորձաքննության եզրակացություն ստանալը (հատոր 2-րդ, գ.թ. 1, «www.datalex.am» տեղեկատվական համակարգ).
5) թիվ ԱՎԴ/0019/04/11 սնանկության գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 06.02.2015 թվականի որոշմամբ Կարեն Ախոյանն ազատվել է Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարչի պարտականությունների կատարումից, ու նույն դատարանի 02.04.2015 թվականի որոշմամբ Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Կամո Հարոյանը (հատոր 3-րդ, գ.թ. 20, «www.datalex.am» տեղեկատվական համակարգ).
6) 10.10.2015 թվականին Արթուր Հովհաննիսյանը մահացել է (հատոր 3-րդ, գ.թ. 62).
7) 28.08.2017 թվականին Դատարանում ստացվել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի կողմից տրված շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննության եզրակացությունը․ փորձաքննության կատարման ծախսը կազմել է 101.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 15‑33).
8) Դատարանի 28.08.2017 թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է՝ կասեցումն առաջացրած հանգամանքը վերանալու կապակցությամբ (հատոր 2-րդ, գ.թ. 35).
9) թիվ ԱՎԴ/0019/04/11 սնանկության գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, հիմք ընդունելով Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանի 08.11.2019 թվականի միջնորդությունը՝ սնանկության գործի վարույթը կարճելու վերաբերյալ, 06.12.2019 թվականին վճիռ է կայացրել սնանկության գործի վարույթը կարճելու մասին այն պատճառաբանությամբ, որ սնանկության վարույթով պարտապանի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը: Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործի ավարտից հետո կառավարիչ Կամո Հարոյանի՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքները և պարտականությունները դադարեցվել են (հիմք՝ «www.datalex.am» տեղեկատվական համակարգ).
10) Դատարանը, ավարտելով գործի դատաքննությունը, վճռի հրապարակման ժամանակ է հայտարարել 14.07.2020 թվականը, ժամը՝ 09։10-ը, այնուհետև այն վեր է սկսել՝ ապացույցները լրացուցիչ հետազոտելու պատճառաբանությամբ։ Դատարանը, պարզելով, որ «սնանկության գործի ավարտից հետո կառավարչի լիազորությունները համարվել են ավարտված», վճռի հրապարակման ժամանակ է հայտարարել 14.09.2020 թվականը, ժամը՝ 14։55-ը (հատոր 4‑րդ, գ.թ. 19, 36)։
4. Հատուկ կարծիքի հիմնավորումները`
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով: Եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը` պարտապանի անունից դիմում է դատարաններ` դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից և իր պատասխանատվությամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատարանի վճռով սնանկ ճանաչված պարտապանը սնանկ ճանաչվելուց հետո այլ դատական գործերով իր անունից ինքնուրույն չի կարող իրացնել իր դատավարական իրավունքներն ու պարտականությունները, քանի որ նրա անունից ի պաշտոնե հանդես է գալիս սնանկության գործով կառավարիչը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանի վճռով սնանկ ճանաչված պարտապանը սնանկ ճանաչվելուց հետո չի կարող զրկվել նույն սնանկության գործի շրջանակներում իր դատավարական իրավունքներն իրացնելու հնարավորությունից (օրինակ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի հիմքով կառավարչի գործողությունները (անգործությունը) վիճարկելը, սնանկության գործի շրջանակներում կայացված դատական ակտերը բողոքարկելը, նույն օրենքով սահմանված դեպքերում առարկություններ ներկայացնելը և այլն) (տե՛ս, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «ՄԻԼԼԱՐ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2628/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2014 թվականի որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանը 26.01.2021 թվականի թիվ ՍԴՈ-1572 որոշմամբ արձանագրել է, որ պարտապանի՝ սնանկ ճանաչվելու փաստն ինքնին ենթադրում է, որ վերջինս չի կարողացել կատարել իր ֆինանսական պարտավորությունները, այդ իսկ պատճառով սնանկ ճանաչվելուց հետո դատարանի կողմից նշանակվում է սնանկության գործով կառավարիչ, որի լիազորություններն էլ հանգում են պարտատերերի պահանջների պատշաճ բավարարման ապահովմանը: Հենց դա է պատճառը, որ օրենսդիրը սնանկության գործով կառավարչին է վերապահել դատական կարգով լուծում պահանջող հարցերով պարտապանի անունից դատարաններ դիմելու իրավասությունը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ թիվ ԱՎԴ/0019/04/11 սնանկության գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.07.2011 թվականի վճռով Արթուր Հովհաննիսյանը ճանաչվել է սնանկ: Նույն դատարանի 10.08.2011 թվականի որոշմամբ Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Կարեն Ախոյանը։
Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ախոյանը, իրացնելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով իրեն վերապահված լիազորությունը, 15.08.2013 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Արթուր, Թամարա Սարգսի, Արմենուհի, Թամարա Արթուրի և Հարութ Հովհաննիսյանների` ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու ու դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Դատարանի դատավոր Լ․ Արազյանի 20.08.2013 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ 25.03․2014 թվականին, հիմք ընդունելով Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ախոյանի՝ շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը, որոշում է կայացվել շինարարատեխնիկական ու ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին՝ դրա կատարումը հանձնարարելով «Էքսպերտ ՍՎՍ» ՍՊԸ-ի փորձագետներին, և քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև փորձաքննության եզրակացություն ստանալը։
Դատարանի դատավոր Լ. Արազյանին քրեական գործերով դատավոր նշանակելու կապակցությամբ գործը բաշխվել է Դատարանի դատավոր Ա․ Հովհաննիսյանին, ով 09.03.2015 թվականին իր հերթին որոշում է կայացրել շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին՝ դրա կատարումը հանձնարարելով «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ‑ին, ու քաղաքացիական գործի վարույթը կասեցրել է մինչև փորձաքննության եզրակացություն ստանալը։
Թիվ ԱՎԴ/0019/04/11 սնանկության գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 06.02.2015 թվականի որոշմամբ Կարեն Ախոյանն ազատվել է Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարչի պարտականությունների կատարումից, ու նույն դատարանի 02.04.2015 թվականի որոշմամբ Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Կամո Հարոյանը։
10.10.2015 թվականին Արթուր Հովհաննիսյանը մահացել է։
28.08.2017 թվականին Դատարանում ստացվել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի կողմից տրված շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննության եզրակացությունը․ փորձաքննության կատարման ծախսը կազմել է 101.000 ՀՀ դրամ։ Դատարանի 28.08.2017 թվականի որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է՝ կասեցումն առաջացրած հանգամանքը վերանալու կապակցությամբ։
Թիվ ԱՎԴ/0019/04/11 սնանկության գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, հիմք ընդունելով Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանի 08.11.2019 թվականի միջնորդությունը՝ սնանկության գործի վարույթը կարճելու վերաբերյալ, 06.12.2019 թվականին վճիռ է կայացրել սնանկության գործի վարույթը կարճելու մասին այն պատճառաբանությամբ, որ սնանկության վարույթով պարտապանի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը: Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործի ավարտից հետո կառավարիչ Կամո Հարոյանի՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքները և պարտականությունները դադարեցվել են։
Դատարանը, ավարտելով գործի դատաքննությունը, վճռի հրապարակման ժամանակ է հայտարարել 14.07.2020 թվականը, ժամը՝ 09։10-ը, այնուհետև այն վեր է սկսել՝ ապացույցները լրացուցիչ հետազոտելու պատճառաբանությամբ, և պարզելով, որ «սնանկության գործի ավարտից հետո կառավարչի լիազորությունները համարվել են ավարտված», վճռի հրապարակման ժամանակ է հայտարարել 14.09.2020 թվականը, ժամը՝ 14։55-ը։
Դատարանը 14.09.2020 թվականին վճիռ է կայացրել քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին՝ միաժամանակ Կառավարչից հօգուտ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի բռնագանձելով 101.000 ՀՀ դրամ՝ որպես փորձաքննության ծախս:
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով նաև, որ «թիվ ԱՎԴ/0791/02/13 քաղաքացիական գործով հայցի հարուցման հիմքը Արթուր Հովհաննեսի Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարչի հայցադիմումն է», «թեև հայցվորի կողմից հարուցված գործի քննությունը չի շարունակվել հայցվորի կամքից անկախ պատճառով՝ պարտապանի մահվամբ, այնուամենայնիվ հարուցված գործի շրջանակներում առաջացել է բաշխման ենթակա դատական ծախս, որպիսին կրելու պարտականությունը դրվում է հայցվոր կողմի վրա, քանի որ վերջինիս հայցի հիմքով հարուցված գործն ավարտվել է առանց դրա ըստ էության լուծման», «սույն քաղաքացիական գործով փորձաքննությունը նշանակվել է 09.03.2015 թվականի որոշմամբ, ընդ որում, փորձաքննության կատարումն սկսվել է 09․08․2017 թվականին և ավարտվել է 16․08․2017 թվականին։ Այսինքն, 02․04․2015 թվականին նշանակվելով որպես Արթուր Հովհանիսյանի սնանկության գործով կառավարիչ, Կ․ Հարոյանը ստանձնել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով կառավարչին վերապահված բոլոր իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ սույն քաղաքացիական գործի շրջանակներում՝ նկատի ունենալով, որ սույն գործի հարուցման հիմք է հանդիսացել հենց Արթուր Հովհաննիսյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ԱՎԴ/0019/04/11 սնանկության գործի վարույթը։ Ընդ որում, չի կարող էական համարվել սույն գործով Դատարանի կողմից պարտապանի հաջորդ կառավարչին ծանուցելու ժամանակահատվածը, քանի որ կառավարիչ նշանակվելու պահից սկսած Կ․Հարոյանը՝ որպես պարտապան Արթուր Հովհաննեսի Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ պարտավոր էր հետևել ինչպես սնանկության վարույթի, այնպես էլ դրա շրջանակներում հարուցված, առավել ևս՝ սնանկության կառավարչի հայցերով հարուցված գործերի ընթացքին, որպիսի պարագայում, նախ պետք է Դատարանին տեղեկացներ կառավարչի փոփոխության, այնուհետև՝ պարտապանի մահվան մասին։ Դրանից հետո արդեն Դատարանի որոշման ենթակա հարց էր՝ փորձաքննությունը պետք է կատարվեր, թե փորձաքննություն նշանակելու որոշման պահանջները թողնվեր անկատար՝ այդ մասին տեղեկացնելով փորձագետին», 15.12.2020 թվականին որոշում է կայացրել Կառավարչի բերած վերաքննիչ բողոքը մերժելու, և Դատարանի 14.09.2020 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասին։
Վճռաբեկ դատարանը, մերժել է Կառավարչի վերաքննիչ բողոքը այն պատճառաբանությամբ, որ «(…) Կառավարիչն անգործություն է դրսևորել ինչպես սնանկության վարույթում, այնպես էլ սույն քաղաքացիական գործով, որն արտահայտվել է սնանկության գործով պարտապան Արթուր Հովհաննիսյանի՝ 10․10․2015 թվականին մահացած լինելու մասին Սնանկության դատարանին միայն դրանից շուրջ 4 տարի մեկ ամիս անց՝ 08.11.2019 թվականին տեղեկացնելով։ Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ եթե Կառավարիչը ողջամիտ ժամկետում ձեռնարկեր վերը նշված գործողությունը, այն է՝ Սնանկության դատարանին պարտապան Արթուր Հովհաննիսյանի մահվան մասին տեղեկացներ ավելի վաղ, ապա Սնանկության դատարանը գործի վարույթը կարճելու մասին որոշումը կկայացներ մինչև «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի կողմից 16.08.2017 թվականին եզրակացություն տալը․ իր հերթին Դատարանը, Կառավարչի կողմից այդ մասին տեղեկացվելու կամ օրենքով սահմանված այլ եղանակով այդ մասին ավելի վաղ տեղեկանալու պայմաններում «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին կառաջարկեր չանցկացնել շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություն, որի արդյունքում չէր առաջանա 101.000 ՀՀ դրամի չափով փորձաքննության կատարման ծախս, այսինքն՝ կկանխվեր փորձաքննության անցկացման հետ կապված ծախսի առաջացումը։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կառավարիչը, անձնական պատասխանատվություն կրելով իր լիազորություններն իրականացնելիս դրսևորած վարքագծի (գործողության, անգործության) համար, կրում է իր անգործության հետևանքով առաջացած փորձագիտական ծախսերը հատուցելու պարտականությունը։
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Կառավարչի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում նշված հիմքերին, արձանագրում է, որ դրանք անհիմն են և չեն կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ վերը նշված փորձաքննությունը մինչ բողոքաբերի՝ Կառավարիչ նշանակված լինելը նշանակված լինելու հանգամանքը որևէ ազդեցություն չի կարող ունենալ դրանից հետո դրսևորած անգործության առումով, իսկ սույն քաղաքացիական գործով որպես հայցվոր միայն 14․07․2020 թվականին ներգրավված լինելու հանգամանքը վերջինիս չէր խոչընդոտում մինչ այդ՝ որպես սնանկության գործով կառավարիչ, որպիսի կարգավիճակը ձեռք է բերել դեռևս 02.04.2015 թվականին, ևս ձեռնարկել «Սնանկության մասին» ՀՀ օրենքից բխող համապատասխան գործողություններ, այդ թվում՝ համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով սույն քաղաքացիական գործով ավելի վաղ ներգրավվել դատավարությանը և դրա արդյունքում կատարել համապատասխան դատավարական գործողություններ»:
Մինչդեռ, անդրադառնալով վերոնշյալ եզրահանգումների հիմնավորվածությանը, հարկ եմ համարում արձանագրել հետևյալը.
Սույն գործով ստորադաս դատարաններն անտեսել են այն կարևորագույն և էական հանգամանքը, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՎԴ/0019/04/11 սնանկության գործով 06.12.2019 թվականի վճռով վարույթը կարճվել է և դադարեցվել են նաև Արթուր Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանի՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները, հետևաբար սույն քաղաքացիական գործով վերջինս այլևս չէր կարող հանդես գալ որպես պատշաճ հայցվոր, մինչդեռ Դատարանը միայն 14.07.2020 թվականի «Գործի քննությունը վերսկսելու մասին» որոշումից հետո է ծանուցել Կամո Հարոյանին և վերջինիս ներգրավել է սույն գործի քննությանը։
Հարկ է արձանագրել, որ 06.12.2019 թվականի վճռով սնանկության վարույթը կարճվելու և սնանկության գործով կառավարչի լիազորությունները դադարած ճանաչելուց հետո Կամո Հարոյանը սույն քաղաքացիական գործով այլևս որևէ դատավարական կարգավիճակ չուներ և այդ պայմաններում վերջինիս վրա չէր կարող դրվել դատական ծախսը՝ փորձաքննության վճարը փոխհատուցելու պարտականությունը։ Այսինքն սնանկության գործով կառավարչի լիազորությունները դադարելուց հետո վերջինս որևէ կերպ չի կարող կրել քաղաքացիական գործի քննության արդյունքում գոյացած փորձաքննության ծախսը։
Հետևաբար, նման պայմաններում գտնում եմ, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար էր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Հետևաբար սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` նկատի ունենալով, որ առկա են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.12.2020 թվականի որոշումը բեկանելու հիմքեր:
Դատավոր` ԷԴ. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունիսի 2024 թվական: