ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2023 թվականի N 2098-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Սերմերի և տնկանյութի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետություն մշակաբույսերի սերմերի և տնկանյութի ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետություն մշակաբույսերի սերմերի ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման կարգը հաստատելու մասին» N 2122-Ն որոշումը։
3. Մշակաբույսերի տնկանյութի ներմուծման և արտահանման վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի N 1087-Ն որոշման մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
01.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականինոյեմբերի 30-ի N 2098-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետություն մշակաբույսերի սերմերի և տնկանյութի ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման կարգը:
2. Հայաստանի Հանրապետություն մշակաբույսերի սերմեր և տնկանյութ ներմուծող և Հայաստանի Հանրապետությունից դրանք արտահանող իրավաբանական և ֆիզիկական անձինք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից հաշվառվում են հավաստագրված սերմեր և տնկանյութ արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանում:
3. Սույն կարգի դրույթները չեն տարածվում գիտահետազոտական աշխատանքների, սորտափորձարկումների և անձնական օգտագործման համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի և տնկանյութի վրա:
4. Անձնական օգտագործման համար մշակաբույսերի սերմեր և տնկանյութ կարող են Հայաստանի Հանրապետություն ներմուծվել և Հայաստանի Հանրապետությունից արտահանվել` գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկումների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի և տնկանյութի առավելագույն քանակներին համապատասխան։
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ
5. Հայաստանի Հանրապետություն ներմուծվում են արտադրող կազմակերպության կողմից դրոշմված և պիտակավորված փաթեթներով (տարաներով) սերմերը և տնկանյութը:
6. Հայաստանի Հանրապետություն մշակաբույսերի սերմերի և տնկանյութի ներմուծումը թույլատրվում է, եթե ներմուծվող մշակաբույսերի սերմերի և տնկանյութի յուրաքանչյուր խմբաքանակի համար առկա են արտահանող երկրի իրավասու մարմնի կամ կազմակերպության կողմից տրված հետևյալ փաստաթղթերը`
1) մշակաբույսերի սերմերի կամ տնկանյութի սորտային պատկանելության և որակական ցուցանիշների հավաստագրեր.
2) «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ արտահանող երկրի լիազոր մարմնի տված բուսասանիտարական հավաստագիր։
7. Հայաստանի Հանրապետություն մշակաբույսերի սերմերի և տնկանյութի ներմուծումն արգելվում է, եթե ներմուծվող մշակաբույսերի սերմերն ու տնկանյութերը մշակված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 17-ի N 293-Ն որոշմամբ հաստատված հավելվածի ցանկում ընդգրկված քիմիական նյութերով։
8. Սույն կարգով սահմանված պահանջները կիրառվում են «ներքին սպառման համար բացթողում» և «արտահանում» մաքսային ընթացակարգերով։
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
9. Հայաստանի Հանրապետությունից արտահանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված սերմերի և տնկանյութի հավաստագրման կարգերի համաձայն հավաստագրված մշակաբույսերի սերմերի և տնկանյութերի խմբաքանակները:
10. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի և տնկանյութերի յուրաքանչյուր խմբաքանակի համար տրվում են հետևյալ փաստաթղթերը`
1) մշակաբույսերի սերմերի և տնկանյութի հավաստագիր.
2) «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ արտահանող երկրի լիազոր մարմնի տված բուսասանիտարական հավաստագիր։
11. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի և տնկանյութերի խմբաքանակի համար բուսասանիտարական հավաստագիր տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
01.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 դեկտեմբերի 2023 թվական: