ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ ականդատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ6/0306/05/23 2024 թ. | ||
Վարչական գործ թիվ ՎԴ6/0306/05/23 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով
նախագահող |
Հ. Բեդևյան | |
զեկուցող |
ռ. Հակոբյան | |
Ա. Թովմասյան Լ. Հակոբյան | ||
ք․ ՄԿՈՅԱՆ |
2024 թվականի ապրիլի 09-ին
գրավոր ընթացակարգով քննելով Արտակ Ոսկանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.10.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արտակ Ոսկանյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից «NISSAN BLUEBIRD SYLPHY 2.0» մակնիշի 36DM288 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վերաբերյալ 28.11.2022 թվականին իրականացված հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու, որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջներ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Էլմիրա Թադևոսի Մանուկյանի միջև 02.12.2022 թվականին կնքված հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրականացված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիրը, Էլմիրա Թադևոսի Մանուկյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (վկայական N01XX990479, տրված՝ 12․12․2022 թվականին), Էլմիրա Թադևոսի Մանուկյանի և Կարեն Սամվելի Թևոսյանի միջև 12.12.2022 թվականին կնքված «Տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիրը», ինչպես նաև Կարեն Սամվելի Թևոսյանի անվամբ իրականացված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արտակ Ոսկանյանը պահանջել է անվավեր ճանաչել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից «NISSAN BLUEBIRD SYLPHY 2.0» մակնիշի 36DM288 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վերաբերյալ 28.11.2022 թվականին իրականացված հարկադիր էլեկտրոնային աճուրդը, որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջներ՝ անվավեր ճանաչել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Էլմիրա Թադևոսի Մանուկյանի միջև 02.12.2022 թվականին կնքված հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրականացված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիրը, Էլմիրա Թադևոսի Մանուկյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (վկայական N01XX990479, տրված՝ 12․12․2022 թվականին), Էլմիրա Թադևոսի Մանուկյանի և Կարեն Սամվելի Թևոսյանի միջև 12.12.2022 թվականին կնքված «Տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիրը», ինչպես նաև Կարեն Սամվելի Թևոսյանի անվամբ իրականացված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Միաժամանակ հայցվորը ներկայացրել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Մուրադյան) (այսուհետ` Դատարան) 01.08.2023 թվականի որոշմամբ Արտակ Ոսկանյանի բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժվել են:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.10.2023 թվականի որոշմամբ Արտակ Ոսկանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.08.2023 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտակ Ոսկանյանը (ներկայացուցիչ՝ Ալեքսանդր Ծատինյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, չի կիրառել նույն օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ հոդվածները, 72-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը, ինչպես նաև Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չեն արժանացրել այն հանգամանքը, որ այն պարագայում, երբ հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքներն ամփոփող արձանագրությունը դիտարկվում է որպես վարչական ակտ, ապա իրավաչափորեն պետք է ենթադրել, որ տվյալ ակտի նկատմամբ կիրառելի են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված՝ գրավոր վարչական ակտին վերաբերող բոլոր կանոնները: Հակառակ պարագայում ստացվում է, որ մի դեպքում դատարանը կիրառում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները, իսկ մեկ այլ դեպքում՝ ոչ:
Արտակ Ոսկանյանը 28.11.2022 թվականին կազմված արձանագրության մասին տեղեկացել է միայն 20.03.2023 թվականին։
Աճուրդն ամփոփող արձանագրության մեջ վիճարկելու համար բողոքարկման ժամկետ նշված չլինելու հիմքով, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով՝ Արտակ Ոսկանյանը, որպես վարույթի շահագրգիռ անձ, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում 14.06.2023 թվականին ներկայացրել է վարչական բողոք՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից «NISSAN BLUEBIRD SYLPHY 2.0» մակնիշի 36DM288 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վերաբերյալ 28.11.2022 թվականին իրականացված հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջով:
Դատարանը, ինչպես նաև Վերաքննիչ դատարանը սույն գործի նկատմամբ կիրառելով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/10875/05/18 վարչական գործով արտահայտած դիրքորոշումը, գնահատման չեն արժանացրել հայցվորի կողմից վկայակոչված այն էական փաստը, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նշված որոշմամբ հստակեցված չէ, թե հարկադիր էլեկտրոնային աճուրդն ամփոփող արձանագրությամբ արդյո՞ք սահմանված է եղել դրա բողոքարկման ժամկետը, թե՝ ոչ: Հետևաբար, սույն գործի նկատմամբ վերոնշյալ հանգամանքով պայմանավորված Վերաքննիչ դատարանն իրավասու չէր կիրառել ՀՀ վճռաբեկ դատարանի նշված որոշման մեջ արտահայտված դիրքորոշումները:
Բողոքարկվող դատական ակտի և ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված որոշման մեջ արտահայտված դիրքորոշումների համեմատական ուսումնասիրությունից հետևում է, որ բողոքարկվող դատական ակտի վերլուծություններն անհաղթահարելի հակասության մեջ են մտնում ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/10875/05/18 վարչական գործով 07.10.2022 թվականի որոշման մեջ կատարված վերլուծությունների հետ, այնքանով որքանով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նշյալ որոշումը վերաբերել է այն դեպքին, երբ աճուրդն ամփոփող արձանագրությունը միանգամից բողոքարկվել է դատական կարգով, սակայն չի վերաբերել այն դեպքին, երբ նշված արձանագրությունը բողոքարկվել է նախ վարչական կարգով, ապա նոր միայն դատական կարգով:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 30.10.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքները վարչական կարգով վերադասությամբ բողոքարկելու իրավական հնարավորությանը և դրանով պայմանավորված վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետի հաշվարկման առանձնահատկությանը։
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու ինստիտուտին՝ մասնավորապես արձանագրելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու, դատական պաշտպանություն հայցելու համար համապատասխան ժամկետների սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել իրավական որոշակիությունն ու անվտանգությունը: Մյուս կողմից, օրենսդիրը, այս նպատակի իրացման հետ հավասարակշռելով դատական պաշտպանության իրավունքի իրացման շահը, հնարավորություն է տվել շահագրգիռ անձանց բաց թողնված ժամկետը հարգելի համարելու ինստիտուտի կիրառման միջոցով ապահովել դատական պաշտպանության, դատարանի մատչելիության իրավունքի իրացումը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածը նախատեսում է բաց թողնված դատավարական ժամկետները, այդ թվում՝ դատարան հայց ներկայացնելու համար սահմանված ժամկետները վերականգնելու հնարավորություն այն դեպքում, երբ ժամկետը բաց է թողնված հարգելի պատճառով (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մաս) (տե՛ս, Հակոբ Հակոբյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, Արթուր Սարգսյանի, Միթրա Էմամվիրդի Ղաֆֆարի Շահրիվարդիի` թիվ ՎԴ/0360/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.03.2023 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին դատարանի մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետեր 51, 55):
Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում, և որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրելու օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գործադրելու օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տե՛ս, Քնարիկ Սարգսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2242/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.09.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու հայցապահանջի առարկայական ընդդատության հարցին, արձանագրել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու հայցապահանջի հիմքում ընկած վեճը ծագում է այնպիսի իրավահարաբերությունից, որի բովանդակությունը հանգում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությանը: Գործով քննության ենթակա հիմնական պահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունն ուղղված է հանրային շահի` դատական ակտի կատարման ապահովմանը (տե՛ս, Դեզդեմոնա, Էդիկ, Գոհար, Ստեփան, Նունե, Հմայակ և Ալիսա Մանուկյանները, Անահիտ Հարությունյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ԿԴ3/0174/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նաև աճուրդ նշանակելու մասին որոշումն անվավեր ճանաչելու իրավական հետևանքներին, արձանագրել է, որ աճուրդն ինքնին պայմանագիր կնքելուն ուղղված գործողությունների համալիր է, որը եզրափակվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրմամբ, որպիսի պահից աճուրդը հաղթող մասնակցին, այսինքն՝ արձանագրությունը ստորագրողին, անցնում է լոտի վերաբերյալ առուվաճառքի պայմանագիր կնքելու իրավունքը:
Վերոգրյալից բխում է, որ արձանագրություն ստորագրելու գործողությամբ ավարտվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, որպես վարչական մարմնի, հանրային իշխանական լիազորությունների իրականացումը, ինչի արդյունքում աճուրդը հաղթած մասնակցի մոտ ծագում է լոտի վերաբերյալ առուվաճառքի պայմանագիր կնքելու իրավունք: Փաստացի՝ արձանագրությունը ստորագրելու իրողությամբ աճուրդն ավարտվում է՝ դադարեցնելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հանրային իշխանական լիազորությունների իրականացումը ևս: Արդյունքում Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և աճուրդը հաղթած մասնակցի միջև ծագում են մասնավոր՝ քաղաքացիաիրավական, իրավահարաբերություններ (տե՛ս, Սուսաննա Համբարձումյանն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9457/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.05.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վիճարկման հայցով հայցվորն իրավունք ունի պահանջելու վերացնել իր իրավունքները և ազատությունները խախտող վարչական ակտը, որը վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննության ընթացքում դառնում է դատական վերահսկողության առարկա: Վիճարկման հայցը՝ որպես ոչ իրավաչափ վարչական ակտերից անձանց իրավական պաշտպանության միջոց, օրենսդրի կողմից սահմանված հայցի տեսակ է, որն ուղղված է դատական կարգով վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակի վերացնելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վիճարկման հայցի առարկան միջամտող վարչական ակտն ամբողջությամբ կամ մասամբ վերացնելու պահանջն է: Հայցի առարկայի բաղկացուցիչ մասն է կազմում, կամ որ նույնն է՝ հայցի առարկայի նյութական հիմքն է հայցի նյութական օբյեկտը: Վիճարկման հայցի դեպքում հայցի նյութական օբյեկտը վիճարկվող վարչական ակտն է: Վերջինս վարչական դատավարությունում հանդիսանում է դատական քննության հիմնական օբյեկտը (տե՛ս, Սամվել Մելքումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/1346/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործերի քննության ընթացքում առաջին հերթին անհրաժեշտ է պարզել՝ արդյոք ներկայացված հայցապահանջի նյութական օբյեկտը վարչական ակտ է, թե՝ ոչ (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու մասին պահանջը չի կարող հանդիսանալ վիճարկման հայցի առարկա, քանի որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն օժտված չէ վարչական ակտին բնորոշ հատկանիշներով և իր բնույթով այն որոշակի հաջորդական գործողություններից բաղկացած գործընթաց է:
Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում դատավարական նորմերի անալոգիայի կիրառման արգելքի բացակայությունը, ինչպես նաև արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի ապահովումը՝ գտել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու հայցապահանջի հիման վրա հարուցված գործի քննության նկատմամբ առավել համահունչ է վիճարկման հայցի իրավակարգավորումների կիրառումը, քանի որ այս դեպքում գործ ունենք համասեռ հարաբերությունների հետ: Մասնավորապես՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջն իր բնույթով և դատական պաշտպանություն հայցող անձի հետապնդած նպատակով առավելապես նման է վիճարկման հայցի առարկային և բովանդակությանը, քանի որ երկու դեպքում էլ առաջնային իրավական հետևանքն անվավերությունն է: Հաշվի առնելով այն, որ ներկա իրավակարգավորումներով հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջն ուղղակիորեն չի համապատասխանում վարչական դատավարությունում առկա հայցատեսակներին, ինչը չի համապատասխանում արդարադատության արդյունավետության, անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև դատարանի մատչելիության իրավունքի սահմանադրական և միջազգային իրավական չափանիշներին, այդ թվում նաև` հանրային իրավահարաբերություններից բխող վեճերի վարչադատավարական կարգով քննության և լուծման ընդհանուր հայեցակարգային մոտեցումներին, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ առավել համահունչ և հավասարակշռված դատական պաշտպանության կառուցակարգը վիճարկման հայցի կանոնների կիրառումն է հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի նկատմամբ:
Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ներկայիս իրավակարգավորումների պայմաններում իրավակիրառ պրակտիկան պետք է ընթանա այն ուղղությամբ, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու հայցապահանջով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառվեն վիճարկման հայցի կանոնները՝ ապահովելով դատական պաշտպանության իրավունքի և դրա իրացման համար անհրաժեշտ դատավարական ընթացակարգերի կիրառման արդյունավետությունը (տե՛ս, Շուշանիկ Վարդանյանը, Թորոս Վարդանյանը և Արարատ Խառատյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/10875/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2022 թվականի որոշումը):
Վկայակոչված իրավական դիրքորոշումներից հետևում է, որ թեև հարկադիր էլեկտրոնային աճուրդը հաջորդական գործողություններից բաղկացած գործընթաց է և իրավական համակարգում չի համարվում վարչական ակտ, սակայն հաշվի առնելով դրա՝ հանրային իրավունքի բնագավառում իրականացվելու հանգամանքը, այն վիճարկելու հայցապահանջը ենթակա է քննության ՀՀ վարչական դատավարության կարգով: Ընդ որում՝ նշված պահանջներով դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման միջոցը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված վիճարկման հայցի ներկայացումն է, համապատասխանաբար՝ նման պահանջի նկատմամբ վիճարկման հայցին վերաբերող կանոնների կիրառմամբ:
Վճռաբեկ դատարանը, սակայն, անհրաժեշտ է համարում նշել, որ նշված իրավակարգավորումները նման հայցապահանջների նկատմամբ կիրառելի են այնքանով, որքանով դրանք հնարավոր է կիրառել անհատական իրավական ակտի նկատմամբ: Այլ կերպ ասած՝ վարչական ակտին առնչվող նյութաիրավական նորմերը, այդ թվում՝ վարչական ակտի վարչական կարգով բողոքարկման վերաբերյալ իրավակարգավորումները, չեն կարող կիրառվել վարչական ակտ չհանդիսացող անհատական ակտի նկատմամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը կամ ակտը չընդունելը կամ գործողություն կատարելը կամ չկատարելը բողոքարկվել է վարչական կարգով, նույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Վկայակոչված իրավակարգավորումներից հետևում է, որ վիճարկման հայցով ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու հնարավորությունն օրենսդիրը սահմանափակել է վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից սկսված երկամսյա ժամանակահատվածով, իսկ այն դեպքում, երբ վարչական ակտը բողոքարկվել է վարչական կարգով, ապա տվյալ ժամանակահատվածի ելակետը դիտարկվում է բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելու կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելու պահը:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ նշված իրավակարգավորումն ուղղված է վարչական ակտի դատական կարգով վիճարկման ժամկետների սահմանմանը, այսինքն՝ այն դեպքում, երբ վիճարկման հայցի օբյեկտը վարչական ակտն է:
Վճռաբեկ դատարանը նաև արձանագրում է, որ վարչական դատարանին վերապահված է վիճարկման հայցի քննության երկու եղանակ,
1) այն դեպքում, երբ վիճարկման հայցի օբյեկտը վարչական ակտ է, և
2) այն դեպքում, երբ վիճարկման հայցի օբյեկտը վարչական ակտ չէ, սակայն ներկայացված պահանջի նկատմամբ կիրառվում են վիճարկման հայցին վերաբերող կանոնները:
Եթե առաջին դեպքում վիճարկման հայցի նկատմամբ կիրառվում են ՀՀ վարչական դատավարության օրենսդրությամբ դատարանին վերապահված բոլոր իրավազորությունները և դատարանին վերապահված է վիճարկման հայցի քննության արդյունքում կիրառելու օրենսդրությամբ նախատեսված ամբողջ գործիքակազմը, ապա երկրորդ դեպքում առկա են որոշակի առանձնահատկություններ, որոնք, մասնավորապես, դրսևորվում են նրանում, որ դատարանը թեև կիրառում է վիճարկման հայցին վերաբերող կանոնները, սակայն դրանց կիրառումը սահմանափակ է՝ պայմանավորված վեճի առարկայի, այն է՝ հայցի նյութական օբյեկտի առանձնահատկությամբ: Իսկ այդպիսի առանձնահատկությունը դրսևորվում է նրանում, որ հայցի նյութական օբյեկտը վարչական ակտ չէ: Ուստի նման պայմաններում վիճարկման հայցին վերաբերող կանոնները կիրառելիս դատարանը պետք է հաշվի առնի կոնկրետ նորմերի կիրառելիության հնարավորությունը, թե արդյոք վիճարկման հայցի կանոնները կարող են կիրառվել այն դեպքում, երբ վիճարկվում է վարչական ակտ չհանդիսացող անհատական ակտ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի՝ որպես վեճի առարկայի, նյութական օբյեկտը վարչական ակտ չէ, ուստի Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ այն կանոնները, որոնք բացառապես կապված են վարչական ակտին վերաբերող իրավակարգավորումների հետ, անալոգիայի կարգով կիրառվել չեն կարող:
Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի նկատմամբ վիճարկման հայցի կանոնների կիրառման պայմաններում հայց ներկայացնելու ժամկետների հաշվարկման առանձնահատկություններին, ընդգծելով այն հանգամանքը, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքը նախատեսում է հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու իրավական հնարավորություն և այդ պահանջի նկատմամբ առավել նպատակահարմար դատական պաշտպանության կառուցակարգը վիճարկման հայցի կանոնների կիրառումն է, արձանագրել է, որ սույն դեպքում նշված պահանջով հայցադիմումը ներկայացնելու համար գործում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետը:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի ներկայացման պայմաններում վիճարկման հայց ներկայացնելու ժամկետի հաշվարկման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն իրենից ներկայացնում է մեկը մյուսի հետ փոխկապակցված, որոշակի հաջորդականություն պահանջող գործողությունների համակցություն, որի ավարտի կապակցությամբ օրենսդրի կողմից չի նախատեսվել իրականացված հարկադիր էլեկտրոնային աճուրդն ամփոփող վարչական ակտի կայացում: Նման պայմաններում հաշվի առնելով, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը եզրափակվում է միայն արդյունքներն ամփոփող փաստաթղթի՝ արձանագրության կազմմամբ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի շրջանակներում ներկայացվելու դեպքում, երկամսյա ժամկետը հոսում է արձանագրության կազմման պահից: Այդուհանդերձ ՀՀ վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վարչական մարմինն օրենքով նախատեսված կարգով չի կրում աճուրդն ավարտվելու վերաբերյալ պարտապանին իրազեկելու պարտականություն, գտել է, որ սույն դեպքում արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին հայցվոր կողմի իրազեկվելու հանգամանքը կարող է ելակետային նշանակություն ունենալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետի բաց թողումը հարգելի համարելու հարցի քննարկման համար:
Այսպես. հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջը արձանագրության կազմման պահից սկսած երկամսյա ժամկետում ներկայացվելու դեպքում հայցադիմումը համարվում է դատավարական ժամկետում ներկայացված, ուստի այդ պարագայում դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունը բացակայում է:
Մինչդեռ, եթե հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջը դատարան է ներկայացվում արձանագրության կազմման պահից սկսած երկամսյա ժամկետը լրանալուց հետո, ապա այդ դեպքում հայցվորը պետք է ներկայացնի դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն։ Ընդ որում, եթե միջնորդության հիմքում հայցվորը դնում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին իր իրազեկված լինելու կոնկրետ օրվա մասին փաստարկ՝ այդ փաստարկը հիմնավորող թույլատրելի ապացույցով հանդերձ, և դատարանը պարզում է, որ հայցադիմումը դատարան է ներկայացվել այդ օրվանից հաշվված երկամսյա ժամկետում, ապա բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը պետք է վերականգնվի իրավունքի ուժով (ex jure)՝ ապահովելով ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացումը (տե՛ս, Շուշանիկ Վարդանյանը, Թորոս Վարդանյանը և Արարատ Խառատյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/10875/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2022 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքները վարչական կարգով վերադասությամբ բողոքարկելու իրավական հնարավորությանը և դրանով պայմանավորված աճուրդն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու դատավարական ժամկետների առանձնահատկություններին:
Այսպես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական բողոքը կարող է բերվել`
ա) վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում.
բ) վարչական մարմնի կողմից գործողություն կատարելու օրվանից մեկ ամսվա ընթացքում.
գ) վարչական մարմնի կողմից անգործություն ցուցաբերելու օրվանից 2 ամսվա ընթացքում.
դ) գրավոր վարչական ակտում դրա բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է աճուրդի արդյունքների մասին արձանագրության բովանդակությունը, որում նշվում են՝
1) աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և ժամանակը.
2) լոտի անվանումը, լոտի վերաբերյալ իրավունքներն ու պարտականությունները և այլ սահմանափակումներ, ինչպես նաև լոտի վիճակը (արտադրության տարին, ֆիզիկական մաշվածության աստիճանը և այլն).
3) լոտի մեկնարկային գինը.
4) աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը.
5) հաղթող ճանաչված մասնակցի անունը (անվանումը) և բնակության (գտնվելու) վայրը.
6) լոտի գնման գինը:
Վկայակոչված նորմից հետևում է, որ օրենսդրի կողմից սահմանվել է աճուրդի արդյունքների մասին արձանագրության մեջ նշվող տվյալների սպառիչ ցանկ, որում չի ներառվում աճուրդի արդյունքները բողոքարկելու ժամկետների վերաբերյալ նշումը: Հետևաբար, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը չի կարող կատարել այնպիսի գործողություն, որի համար լիազորված չէ օրենքով:
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն դատական կարգով:
Այսինքն, օրենսդիրը բացառել է աճուրդը վարչական կարգով անվավեր ճանաչելու իրավական հնարավորությունը, ինչը նշանակում է, որ նախքան դատարան հայց ներկայացնելը հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքները «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված ժամկետում վարչական կարգով բողոքարկելու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ աճուրդը դատական կարգով անվավեր ճանաչելու հայց հարուցելու դատավարական ժամկետը հաշվարկելու համար։
Վերահաստատելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից իր նախկին որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջով հայց ներկայացնելու երկամսյա ժամկետի հաշվարկման ելակետը համարվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքներն ամփոփող արձանագրության կազմման պահը, իսկ մնացյալ, այդ թվում՝ աճուրդի արդյունքները վարչական կարգով վերադասությամբ բողոքարկելու հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետի բաց թողումը հարգելի համարելու հարցի քննարկման համար:
Անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված իրավանորմի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:
Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության պատճառով: Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատական պրոցեսին մասնակցելու, պահանջը և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով նշված ժամկետը չի բավականացրել համապատասխան դատավարական գործողությունները կատարելու համար» (տե՛ս, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Ռուբեն, Բաբկեն, Աշոտ Հովհաննիսյանների, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցվորի կողմից դատարան դիմելու համար ձեռնարկված միջոցները պետք է անհրաժեշտ լինեն դատարան հայց ներկայացնելու համար․ այլ կերպ՝ եթե հայցվորը ձեռնարկել է այնպիսի միջոցներ, որոնք չձեռնարկելու պայմաններում ևս կարող էր իրացնել դատարան դիմելու իր իրավունքը, ապա այդ միջոցները չեն կարող համարվել անհրաժեշտ, հետևաբար նաև՝ գնահատվել որպես դատարան դիմելու ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ։ Ըստ այդմ՝ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անհրաժեշտ կարող են համարվել այն միջոցները, որոնք չձեռնարկելը խոչընդոտ է հանդիսանում ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու համար։ Ուստի, եթե հայցվորը որպես դատարան դիմելու համար սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառ վկայակոչում է իր կողմից ձեռնարկված այս կամ այն միջոցը, ապա պետք է հիմնավորի նաև, որ առանց այդ միջոցը ձեռնարկելու հնարավոր չէր իրացնել ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու իրավունքը։ Համապատասխանաբար, ՀՀ վարչական դատարանը կարող է հայցվորի կողմից վկայակոչված պատճառը հարգելի համարել, եթե հավաստիանում է, որ առանց տվյալ միջոցը ձեռնարկելու՝ հայցվորի համար անհնարին էր դառնում ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացումը (տե՛ս, ըստ հայցի Արմինե Պետրոսյանի և Սամվել Մուսինյանի ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ Մելանիա Հակոբյան թիվ ՎԴ/5428/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16․01․2024 թվականի որոշումը):
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջով հայց ներկայացնելու երկամսյա ժամկետի հաշվարկման ելակետը համարվի հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքներն ամփոփող արձանագրության կազմման պահը, իսկ այն դեպքում, երբ շահագրգիռ անձի կողմից հարկադիր էլեկտրոնային աճուրդը բողոքարկվել է վարչական կարգով, որի արդյունքում բաց է թողնվել դատարան հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը, ապա դա կարող է հիմք հանդիսանալ բաց թողնված դատավարական ժամկետի միջնորդությունը քննարկման առարկա դարձնելու համար:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Արտակ Ոսկանյանը 18.07.2023 թվականին փոստային առաքման եղանակով հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից «NISSAN BLUEBIRD SYLPHY 2.0» մակնիշի 36DM288 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վերաբերյալ 28.11.2022 թվականին իրականացված հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու, որպես հետևանքների վերացում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Էլմիրա Թադևոսի Մանուկյանի միջև 02.12.2022 թվականին կնքված հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրականացված «Տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիրը», Էլմիրա Թադևոսի Մանուկյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (վկայական N01XX990479, տրված՝ 12․12․2022 թվականին), Էլմիրա Թադևոսի Մանուկյանի և Կարեն Սամվելի Թևոսյանի միջև 12.12.2022 թվականին կնքված «Տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիրը», ինչպես նաև Կարեն Սամվելի Թևոսյանի անվամբ իրականացված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին: Հայցադիմումով հայցվորը ներկայացրել է նաև բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, որով հայտնել է, որ բաց չի թողնվել տրանսպորտային միջոցի վերաբերյալ իրականացված հարկադիր էլեկտրոնային աճուրդի վիճարկման համար սահմանված ժամկետը, քանի որ վերադասության բողոքը ներկայացվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում նշված ժամկետում, իսկ վիճարկման հայցը դատարան է ներկայացվել՝ դիմում-բողոքի վերաբերյալ վարչական մարմնի պատասխանը ստանալուց հետո՝ երկամսյա ժամկետում:
Այդուհանդերձ, հայցվորը նշել է նաև, որ տրանսպորտային միջոցի վերաբերյալ իրականացված հարկադիր էլեկտրոնային աճուրդի վիճարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելը պետք է համարվի հարգելի և բաց թողնված ժամկետը պետք է վերականգնվի, քանի որ վարչական մարմնի կողմից վիճարկվող վարչական ակտի վրա որևէ բողոքարկման ժամկետ չի նշվել և մյուս կողմից առկա է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի իրավակարգավորումն առ այն, որ վարչական բողոքը կարող է բերվել գրավոր վարչական ակտում դրա բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում:
Բացի այդ, հայցվորը բազմաթիվ անգամներ դիմել է վարչական մարմնին և խնդրել տրամադրել աճուրդի և առհասարակ, վարչական վարույթի վերաբերյալ փաստաթղթերը, սակայն, վարչական մարմինը հրաժարվել է տրամադրել դրանք՝ այդպիսով հայցվորին հասանելի չդարձնելով ինչպես վիճարկվող վարչական ակտը, այնպես էլ վարչական բողոք ներկայացնելու համար անհրաժեշտ այլ փաստաթղթերը՝ հայցվորին զրկելով երկամսյա ժամկետում բողոք ներկայացնելու հնարավորությունից (հատոր 1-ին, գ.թ. 4-12)։
Դատարանը 01.08.2023 թվականի որոշմամբ Արտակ Ոսկանյանի բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ. «(…) Տվյալ դեպքում դատավարական ժամկետը վերականգնելու մասին հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդությունը չի պարունակում բավարար հիմնավորում՝ օրենքով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի լինելու մասին, այլ միջնորդությամբ, ըստ էության, հայցվորը նշում է, որ վարչական մարմնի կողմից վիճարկվող վարչական ակտի վրա որևէ բողոքարկման ժամկետ չի նշվել և առկա է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի իրավակարգավորումն առ այն, որ վարչական բողոքը կարող է բերվել՝ գրավոր վարչական ակտում դրա բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում, ինչը ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ դիրքորոշման համատեքստում չի կարող հիմք հանդիսանալ վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու համար:
Միաժամանակ Դատարանն արձանագրում է, որ հայցվորի փաստարկն առ այն, որ բազմաթիվ անգամներ դիմել է վարչական մարմնին և խնդրել տրամադրել աճուրդի և առհասարակ, վարչական վարույթի վերաբերյալ փաստաթղթերը, սակայն, վարչական մարմինը հրաժարվել է տրամադրել դրանք՝ այդպիսով հայցվորին հասանելի չդարձնելով ինչպես վիճարկվող վարչական ակտը, չի կարող հիմք հանդիսանալ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար, քանի որ Դատարան ներկայացված հայցադիմումով հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ իրենց 07.03.2023 թվականի հարցմանն ի պատասխան ստացվել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի պետ Գ. Լևոնյանի 20.03.2023 թվականի թիվ 17/3-14/7/ 31660-23 գրությունը, որով տրամադրվել են «NISSSAN BLUEBIRD SYLPHY 2.0» մակնիշի, KG11-060611 նույնականացման համարով ավտոմոբիլի վերաբերյալ Հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին 28.11.2022 թվականին կազմված թիվ 012fiBq08162921-22/1 արձանագրության պատճենը և 02.12.2022 թվականին կնքված Հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրի պատճենը՝ հայցադիմումին կից ներկայացնելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 20.03.2023 թվականի գրությունը և կից փաստաթղթերի պատճենները:
Այսինքն դեռևս 2023 թվականի մարտ ամսին հայցվորին տրամադրվել է «Հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին» թիվ 012fiBq08162921-22/1 արձանագրությունը, մինչդեռ հայցվորը հայցը դատարան է ներկայացրել 18.07.2023 թվականին:
(…)
Դատարանի գնահատմամբ միջնորդությամբ նշված հանգամանքները չեն կարող հիմք հանդիսանալ դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը բավարարելու համար, միաժամանակ հայցվորի կողմից չի հիմնավորվել և ապացուցվել օրենքով սահմանված ժամկետի ընթացքում դատարան դիմելու ուղղությամբ իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ ձեռնարկելու և իր կամքից անկախ պատճառներով օրենքով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու հանգամանքների առկայությունը»:
Վերաքննիչ դատարանը 30.10.2023 թվականի որոշմամբ հայցվորի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժել է՝ Դատարանի 01.08.2023 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնելով անփոփոխ՝ հետևյալ պատճառաբանությամբ. «(…) սույն վարչական գործի շրջանակներում վարչական ակտի վերադասության կարգով բողոքարկման իրավական կարգավորումներին անդրադառնալն ու բաց թողնված դատավարական ժամկետի հարգելի լինելու հանգամանքը դրանով պայմանավորելն անհիմն է, քանի որ, սույն վարչական գործով բողոքարկվող վարչական ակտը դատական կարգով վիճարկելու դեպքում վերադասությամբ բողոքարկված լինելու պարտադիր պայման օրենսդիրը չի նախատեսել, հետևաբար, հայցվորն ինքն օգտվելով օրենսդրությամբ իրեն ընձեռնված տնօրինչականության սկզբունքից, ընտրել է նախ այն վերադասության կարգով բողոքարկելու եղանակը, իսկ այնուհետև՝ դատական կարգը, որպիսի դեպքում Դատարանն էլ մերժելով վիճարկման հայցով դատարան հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը, վերջինս ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ նշված միջնորդության վերաբերյալ:
Ավելին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով առնվազն հաստատված է համարվում այն հանգամանքը, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի 20.03.2023թ. թիվ 17/3 14/7/31660-23 ելից գրությամբ Հայցվորին ուղարկվել են «NISSAN BLUEBIRD SYLPHY 2.0» մակնիշի տրանսպորտային միջոցի՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին 28.11.2022 թվականին կազմված թիվ 012fiBq08162921-22/1 արձանագրությունը և հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրի պատճենները, ինչն ըստ ներկայացված հայցադիմումի, չի հերքում նաև Հայցվորը, հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցվոր Արտակ Ոսկանյանը վերը նշված արձանագրության մասին տեղեկացվել է 20.03.2023 թվականին։
Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել նաև այն հանգամանքը, որ, ունենալով իրավական հնարավորություն՝ սկսած 20.03.2023 թվականից ՀՀ վարչական դատարան դիմելու և դատական պաշտպանության իրավունքից օգտվելու, Հայցվորն ընտրել է հարկադիր էլեկտրոնային աճուրդը վարչական կարգով բողոքարկելու տարբերակը և նշված պահանջով 14.06.2023 թվականին դիմել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, սակայն ի պատասխան նշված դիմումի՝ Հայցվորին հայտնվել է, որ ներկայացված դիմումը ենթակա չէ քննարկման՝ հիմքում դնելով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը, փաստելով նաև, որ վարչական ակտի մասին հայտնի դառնալուց հետո բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ է այն ներկայացվել։ Այսինքն, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վարչական մարմնի կողմից հայցվորի ներկայացրած բողոքն ըստ էության չի քննարկվել և դրա վերաբերյալ որպես արդյունք որևէ որոշում կամ այլ բնույթի ակտի չի կայացվել։
(…)
Հիմք ընդունելով սույն գործի փաստական հանգամանքները, նկատի ունենալով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/10875/05/18 վարչական գործով արտահայտած իրավական դիրքորոշումը, ինչպես նաև հաշվի առնելով վիճելի իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի իրավանորմերի վերլուծության արդյունքները, Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ վիճարկման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված կանոնները համարվում են պահպանված, եթե առկա է կայացված վարչական ակտ և այն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում վիճարկման հայցով Դատարան դիմելու փաստ, իսկ վերադասության կարգով բողոքարկելու պարտադիր պայմանի դեպքում այն դատական վերահսկողության առարկա կարող է դառնալ միայն, եթե պահպանվել է վերը նշված կանոնը։ Ընդ որում, վերադասության կարգով բողոքարկելու պարտադիրության դեպքում այն կարող է դատարանում վիճարկվել, եթե վիճարկվող վարչական ակտի վերաբերյալ առկա է ավարտված վարույթ՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի որոշում է կայացրել վարչական վերադաս մարմինը վարչական բողոքի վերաբերյալ։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Հայցվորն իր իրավունքների դատական պաշտպանությունը կարող էր իրացնել վերը նկարագրված օրենքով սահմանված ընթացակարգերով ու ժամկետներում:
Անդրադառնալով բողոքաբերի այն հիմնավորմանը, թե «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթների հաշվառմամբ վերջինս բաց չի թողել Դատարան դիմելու որևէ ժամկետ, քանի որ մինչ այդ բազմիցս դիմել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը և ձեռնամուխ եղել իր իրավունքների իրականացմանը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքաբերի նշված մեկնաբանություններն անհիմն են, քանի որ, սույն վարչական գործով հայցվորը չնայած վիճարկել է հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին 28.11.2022 թվականին կազմված թիվ 012fiBq08162921-22/1 արձանագրության հիման վրա անցկացված հարկադիր էլեկտրոնային աճուրդը՝ կազմված արձանագրությունից շուրջ ութ ամիս անց, այն դեպքում, երբ երկամսյա ժամկետ է օրենսդիրը սահմանել, այնուամենայնիվ հիմք ընդունելով այն հաստատված հանգամանքը, որ նշված արձանագրության և դրա բովանդակության մասին հայցվորը և վերջինիս ներկայացուցիչը տեղեկացել են 20.03.2023թ., հետևաբար, վերջիններս հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջ Դատարան կարող էին ներկայացնել արձանագրության կազմման պահից սկսած երկամսյա ժամկետում՝ մինչև 22.05.2023 թվականին, մինչդեռ, նշված պահանջով հայցադիմում Դատարան է ներկայացվել կազմված արձանագրության մասին հացվորին հայտնի դառնալու օրվանից սկսած երկամսյա ժամկետը լրանալուց հետո։
(…)
Անդրադառնալով հայցվորի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի այն հիմնավորմանը, թե տվյալ պարագայում հայցվորը իրավունք է ունեցել վստահել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նշված կարգավորմանը և վարչական բողոքը ներկայացնել մեկ տարվա ընթացքում, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի շրջանակներում հայցադիմումի ընդունելիության փուլում նման հիմնավորումներին անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ Դատարան ներկայացրած պահանջով հայց ներկայացնելու համար վիճարկվող ակտը վերադասության կարգով բողոքարկելու պարտադիր պայման առկա չի եղել, հետևաբար, հայցվորն ինքն է ընտրել այդ եղանակով ենթադրյալ խախտված իրավունքների վերականգնումը, այն դեպքում երբ կազմված արձանագրության մասին իրեն հայտնի դառնալուց հետո երկամսյա ժամկետում կարող էր հայց ներկայացնել ՀՀ վարչական դատարանը՝ իհարկե կրկին ներկայացնելով միջնորդություն բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությամբ, ինչն իհարկե, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ ենթակա էր բավարարման՝ հաշվի առնելով որ ավելի վաղ այդ մասին տեղեկացված չի եղել կամ իրեն հայտնի չի եղել։ Տվյալ պարագայում վերաքննիչ բողոքում հայցվորի ներկայացուցչի կողմից նշված փաստարկը Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ վստահորդի շահերը պաշտպանելու նպատակով դրսևորած փաստաբանական հնարք է»։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն վարչական գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
«NISSAN BLUEBIRD SYLPHY 2.0» մակնիշի տրանսպորտային միջոցի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին արձանագրությունը կազմվել է 28.11.2022 թվականին (հատոր 1-ին, գ․թ․ 42): Այսինքն՝ հայցվորը նշված աճուրդը վիճարկելու պահանջը կարող էր դատարան ներկայացնել արձանագրության կազմման պահից, այն է՝ 28.11.2022 թվականից սկսված երկամսյա ժամկետում՝ 30.01.2023 թվականը ներառյալ (29․01․2023 թվականը եղել է ոչ աշխատանքային օր): Մինչդեռ հայցադիմումը փոստային առաքման եղանակով ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 18.07.2023 թվականին (հիմք փոստային ծրար՝ հատոր 1-ին, գ․թ․ 64):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում բաց է թողնվել հարկադիր էլեկտրոնային աճուրդի վիճարկման հայցով դատարան հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը, ուստի տվյալ դեպքում առկա է եղել հայց ներկայացնելու դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիության վերաբերյալ հայցվորի կողմից ներկայացված միջնորդությունը քննարկելու անհրաժեշտություն:
Տվյալ դեպքում հայցվորը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությամբ հայտնել է, որ վարչական մարմնի կողմից վարչական ակտում բողոքարկման որևէ ժամկետ նշված չի եղել, ուստի առաջնորդվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի կարգավորմամբ՝ ինքը հնարավորություն է ունեցել աճուրդի արդյունքները բողոքարկել մեկ տարվա ընթացքում:
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը կարող է առնչվել միայն գրավոր վարչական ակտերին, իսկ հարկադիր էլեկտրոնային աճուրդը, ինչպես նաև այն ամփոփող արձանագրությունը չեն հանդիսանում վարչական ակտեր, հետևաբար դրանում բողոքարկման ժամկետ նշելու որևէ իրավական հիմք առկա չէ:
Տվյալ դեպքում, հայցվորը, տեղեկանալով վեճի առարկա տրանսպորտային միջոցի հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լինելու վերաբերյալ, իրազեկվելուց հետո երկամսյա ժամկետում չի դիմել ՀՀ վարչական դատարան, այլ իր սուբյեկտիվ ընկալմամբ ձեռնարկել է համապատասխան միջոցներ արտադատական կարգով վեճը լուծելու ուղղությամբ և նախքան դատարան հայց ներկայացնելը հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքները վարչական կարգով վերադասությամբ բողոքարկել է՝ հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված ժամկետը։ Մինչդեռ, ինչպես վերն արդեն նշվել է, հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքները վարչական կարգով վերադասությամբ բողոքարկվել չեն կարող, ըստ այդմ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի հիմքով աճուրդի արդյունքները մեկ տարվա ընթացքում բողոքարկելու հանգամանքը չի կարող բավարար լինել վիճարկման հայցը դատարան ներկայացնելու ժամկետի հաշվարկը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով իրականացնելու համար։
Սույն գործով հաստատված փաստ է և հայցվոր կողմը չի վիճարկում, որ 07.03.2023 թվականի հարցմանն ի պատասխան ստացվել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժնի պետ Գ. Լևոնյանի 20.03.2023 թվականի թիվ 17/3-14/7/ 31660-23 գրությունը, որով տրամադրվել են «NISSSAN BLUEBIRD SYLPHY 2.0» մակնիշի, KG11-060611 նույնականացման համարով ավտոմոբիլի վերաբերյալ Հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին 28.11.2022 թվականին կազմված թիվ 012fiBq08162921-22/1 արձանագրության պատճենը և 02.12.2022 թվականին կնքված Հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագրի պատճենը՝ հայցադիմումին կից ներկայացնելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 20.03.2023 թվականի գրությունը և կից փաստաթղթերի պատճենները:
Այսինքն, դեռևս 2023 թվականի մարտ ամսին հայցվորին տրամադրվել է «Հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտի մասին» թիվ 012fiBq08162921-22/1 արձանագրությունը, հետևաբար այդ պահից սկսած երկամսյա ժամկետում հայցվորը կարող էր իրացնել վիճարկման հայցով դատարան դիմելու իր իրավունքը, մինչդեռ հայցվորի կողմից հայցը դատարան է ներկայացվել գրեթե 4 ամիս անց՝ 18.07.2023 թվականին, իսկ հայց ներկայացնելու դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառների հարգելիության վերաբերյալ հայցվորի միջնորդությունը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չի պարունակում բավարար հիմնավորումներ այն մասին, որ նրա կողմից դատարան դիմելու համար ձեռնարկված միջոցներն անհրաժեշտ են եղել դատարան հայց ներկայացնելու համար և այդ միջոցները չձեռնարկելու պայմաններում նա չէր կարող իրացնել դատարան դիմելու իր իրավունքը։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում ստորադաս դատարանների եզրահանգումներն այն մասին, որ հայցվորի կողմից ներկայացված միջնորդությամբ նշված հանգամանքները չեն կարող հիմք հանդիսանալ դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու հայցվորի իրավունքը վերականգնելու մասին վերջինիս միջնորդությունը բավարարելու համար։
Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, 01.08.2023 թվականի որոշմամբ մերժելով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Արտակ Ոսկանյանի միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը, իսկ Վերաքննիչ դատարանը 30.10.2023 թվականի որոշմամբ մերժելով Արտակ Ոսկանյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի 01.08.2023 թվականի որոշումը թողնելով անփոփոխ, կայացրել են իրավաչափ դատական ակտեր, ուստի վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.10.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. Բեդևյան Զեկուցող ռ. Հակոբյան ա. Թովմասյան Լ. Հակոբյան ք․ ՄԿՈՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2024 թվական: