ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՎԱՍՍԻԼՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 20193/15 և 2 այլ գանգատներ. տե՛ս կից ցանկը)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
23 հունիսի 2022թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Վասսիլյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]՝ դատավորներ,
և Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
2022 թվականի հունիսի 2-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի՝ կից աղյուսակում նշված տարբեր ամսաթվերի Դատարան ներկայացված գանգատների հիման վրա։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ծանուցվել է գանգատների մասին։
ՓԱՍՏԵՐԸ
3. Դիմումատուների ցանկը և գանգատների համապատասխան մանրամասները ներկայացված են կից աղյուսակում։
4. Դիմումատուները բողոք են ներկայացրել քաղաքացիական գործով վարույթների չափազանց երկար տևողության առնչությամբ։ Թիվ 20193/15 և 36396/17 գանգատներում դիմումատուները բողոքներ են ներկայացրել նաև Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ
5. Հաշվի առնելով գանգատների առարկայի համանմանությունը՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննել համատեղ՝ մեկ վճռում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
6. Դիմումատուները բողոք են ներկայացրել հիմնականում այն մասին, որ տվյալ քաղաքացիական գործով վարույթների տևողությունն անհամատեղելի է եղել «ողջամիտ ժամկետի» պահանջի հետ։ Նրանք հիմնվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի վրա, որն ունի հետևյալ բովանդակությունը.
Հոդված 6, կետ 1
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են իր քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ... ունի ... տրիբունալի կողմից ... ողջամիտ ժամկետում ... լսումների իրավունք ...»:
7. Կառավարությունը նշել է, որ դիմումատուները չեն սպառել իրավական պաշտպանության հասանելի ներպետական միջոցները՝ պնդելով, որ նրանք կարող էին դիմել ներպետական դատարաններ՝ խնդրելով ճանաչել արդար դատաքննության իրենց իրավունքի խախտումը, և փոխհատուցում ստանալ 2016 թվականի հունվարի 1-ից գործող՝ Քաղաքացիական օրենսգրքի՝ ոչ նյութական վնասի մասով պետությունից փոխհատուցում պահանջելու իրավունքին վերաբերող դրույթների հիման վրա (տե՛ս Շիրխանյանն ընդդեմ Հայաստանի, թիվ 54547/16, «« 103-106, 2022 թվականի փետրվարի 22)։ Թիվ 20193/15 գանգատի առնչությամբ նրանք նշել են նաև, որ դիմումատուն իր բողոքը ներկայացրել է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված վեցամսյա ժամկետը լրանալուց հետո։
8. Դիմումատուները վիճարկել են Կառավարության փաստարկները։
9. Ինչ վերաբերում է Կառավարության՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու մասին առարկությանը, ապա Դատարանը նախկինում գտել է, որ Հայաստանի ներպետական համակարգը չի տրամադրել քաղաքացիական գործով վարույթների չափազանց երկար տևողության մասով իրավական պաշտպանության արդյունավետ միջոց (տե՛ս ,Ֆիլե ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի [Fil LLC v. Armenia], թիվ 18526/13, «« 49-50, 2019 թվականի հունվարի 31)։ Սույն գործերում Դատարանը չի տեսնում այդ եզրակացությունից շեղվելու որևէ պատճառ, քանի որ, իր կարծիքով, Կառավարությունը չի կարողացել հիմնավորել իրենց կողմից վկայակոչված իրավական պաշտպանության միջոցի արդյունավետությունը (տե՛ս Մք Ֆարլեյնն ընդդեմ Իռլանդիայի [ՄՊ] [McFarlane v. Ireland [GC]], թիվ 31333/06, «« 107 և 120, 2010 թվականի սեպտեմբերի 10, և Փանժուն ընդդեմ Բելգիայի [Panju v. Belgium], թիվ 18393/09, «« 62-63, 2014 թվականի հոկտեմբերի 28)։
10. Ինչ վերաբերում է թիվ 20193/15 գանգատի մասով նրանց երկրորդ առարկությանը, ապա Դատարանը նշում է, որ դիմումատուի բողոքը վերաբերում էր շարունակվող իրավիճակին, և այն ներկայացվել է այն ժամանակ, երբ ներպետական վարույթները դեռևս շարունակվում էին (տե՛ս Սաբրի Գյունեշն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Sabri GՖneş v. Turkey [GC]], թիվ 27396/06, « 54, 2012 թվականի հունիսի 29)։ Այսպիսով, նրա բողոքը չի կարող մերժվել՝ համարվելով, որ այն ներկայացվել է վեցամսյա ժամկետը լրանալուց հետո:
11. Ուստի Դատարանը մերժում է Կառավարության առարկությունները։ Դատարանն այնուհետև նշում է, որ սույն բողոքները Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ո՛չ ակնհայտորեն անհիմն են, ո՛չ էլ անընդունելի որևէ այլ հիմքով: Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։
12. Դատարանը կրկին նշում է, որ վարույթների տևողության ողջամտությունը պետք է գնահատվի՝ գործի հանգամանքներից ելնելով և հաշվի առնելով հետևյալ չափորոշիչները. գործի բարդությունը, դիմումատուների և համապատասխան մարմինների վարքագիծը և այն, ինչը դիմումատուների համար վտանգված է վեճում (տե՛ս Ֆրիդլենդերն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Frydlender v. France [GC]], թիվ 30979/96, « 43, ՄԻԵԴ 2000-VII)։
13. «Ֆիլ» ՍՊԸ-ի (վերևում հիշատակված) նախադեպային գործում Դատարանն արդեն խախտում է հայտնաբերել սույն գործում առկա նմանատիպ հարցերի առնչությամբ:
14. Դատարանը, ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը, չի հայտնաբերել որևէ փաստ կամ փաստարկ, որը կարող է հիմնավորել ազգային մակարդակում վարույթների ընդհանուր տևողությունը: Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը համարում է, որ տվյալ գործով վարույթների տևողությունը չափազանց երկար է եղել և չի բավարարել «ողջամիտ ժամկետի» պահանջը։
15. Հետևաբար սույն բողոքներով հայտնաբերվում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։
III. ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄՅՈՒՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
16. Թիվ 20193/15 և 36396/17 գանգատներում դիմումատուները ներկայացրել են այլ բողոքներ, որոնցով հարցեր են բարձրացվել՝ համաձայն Կոնվենցիայի 13-րդ հոդվածի՝ հաշվի առնելով Դատարանի ձևավորված նախադեպային իրավունքը (տե՛ս կից աղյուսակը)։ Սույն բողոքները Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ո՛չ ակնհայտորեն անհիմն են, ո՛չ էլ անընդունելի որևէ այլ հիմքով: Ըստ այդմ, դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։ Դատարանը, ուսումնասիրելով իր մոտ առկա բոլոր նյութերը, եզրակացնում է, որ դրանցով նաև բացահայտվում է Կոնվենցիայի խախտում՝ հաշվի առնելով «Ֆիլ» ՍՊԸ-ի գործով իր եզրակացությունները (վերևում հիշատակված, «« 49-50):
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
17. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
18. Դատարանը, հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը (տե՛ս վերևում հիշատակված՝ «Ֆիլ» ՍՊԸ-ի գործը, «« 62 և 65), Դատարանը ողջամիտ է համարում շնորհել կից աղյուսակում նշված գումարները։
19. Դատարանն այնուհետև գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է միացնել գանգատները.
2. Հայտարարում է գանգատներն ընդունելի.
3. Վճռում է, որ սույն գանգատներով բացահայտվում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ քաղաքացիական գործով վարույթների չափազանց երկար տևողության առնչությամբ.
4. Վճռում է, որ Դատարանի ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն ներկայացված մյուս բողոքների մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի խախտում (տե՛ս կից աղյուսակը).
5. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներին վճարի կից ներկայացված աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
բ) վերոնշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2022 թվականի հունիսի 23-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
Վիկտորիա Մարադուդինա՝ |
Յոլիեն Շուկինգ՝ | |
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատների ցանկը (քաղաքացիական գործով վարույթների չափազանց երկար տևողություն)
Թիվ |
Գանգատ թիվ |
Դիմումատուի անունը |
Ներկա-յացուցչի անունն ու գտնվելու վայրը |
Վարույթն սկսելու ամսաթիվը |
Վարույթն ավարտելու ամսաթիվը |
Ընդհանուր տևողու-թյունը |
Ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն ներկայացված այլ բողոքներ |
Յուրա-քանչյուր դիմումա-տուի ոչ նյութա-կան վնասի համար շնորհվող գումարը |
Յուրա-քանչյուր գանգատի մասով ծախսերի և ծախքերի համար շնորհվող գումարը |
1. |
20193/15 |
Զաբել-Ա ՎԱՍՍԻԼՅԱՆ |
Մոնիկա Հակոբյան |
2012 թվականի հուլիսի 4 |
2019 թվականի մարտի 21 |
6 տարի 8 ամիս և 18 օր |
Հոդված 13. Քաղաքացիական գործով վարույթների չափազանց երկար տևողության համար իրավական պաշտպանության որևէ արդյունավետ միջոցի բացակայություն ներպետական իրավունքում |
2,400 |
250 |
2. |
36396/17 |
Արեքնազ ՄԱՆՈՒԿՅԱՆ |
Անահիտ Բեգլարյան |
2011 թվականի նոյեմբերի 9 |
2019 թվականի դեկտեմբերի 18 |
8 տարի 1 ամիս և 10 օր |
Հոդված 13. Քաղաքացիական գործով վարույթների չափազանց երկար տևողության համար իրավական պաշտպանության որևէ արդյունավետ միջոցի բացակայություն ներպետական իրավունքում |
1,200 |
250 |
3. |
54641/17 |
Արմինե ՍԱՆՈՅԱՆ |
Հայկ Ալումյան |
2008 թվականի հուլիսի 8 |
Քննվող |
Ավելի քան 13 տարի 9 ամիս և 21 օր |
4,800 |
250 |
___________________________
1 Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ:
2 Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ:
