ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ2/1156/02/21 2023 թ. | ||
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ2/1156/02/21 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի
Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող Ա. Բարսեղյան Ս. Միքայելյան Ա. Մկրտչյան Տ. Պետրոսյան
Գ. Հակոբյան
Է. Սեդրակյան
2023 թվականի մարտի 09-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Արման Սիմոնյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.07.2022 թվականի որոշման դեմ Արման Սիմոնյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Արման Սիմոնյանից բռնագանձել 324.000 ՀՀ դրամ, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները` սկսած հայցադիմումը դատարան մուտք լինելու օրվանից մինչև պարտավորության կատարման օրը:
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 11.02.2022 թվականի որոշմամբ հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.07.2022 թվականի որոշմամբ Արման Սիմոնյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 11.02.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արման Սիմոնյանը (ներկայացուցիչ Գայանե Պապոյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Մարուսյա Ավետիսյան)։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ, 13-րդ, 93-95-րդ և 99-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված՝ «(...) կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին» դրույթը ՀՀ սահմանադրական դատարանի 02.02.2021 թվականի թիվ ՍԴՈ-1574 որոշմամբ ճանաչվել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերին ու 75-րդ հոդվածին հակասող, հիմնվել է այդ իրավական նորմի վրա։ Ավելին՝ ինքը համատեղ չի էլ բնակվել իր հաշվառման հասցեում բնակվող այն անձանց հետ, ովքեր ենթադրաբար ստացել են ծանուցագիրը, քանի որ 2019 թվականից սկսած մշտապես բնակվում է Հայաստանից դուրս՝ Բելգիայում, ինչի վերաբերյալ Դատարանին ներկայացվել են ապացույցներ՝ անձնագրի պատճենը և ԱԱԾ-ի գրությունը։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործում առկա հետադարձ ծանուցումը չի պարունակում այն անձի մասին տեղեկություններ, ում հանձնվել է իրեն հասցեագրված՝ հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշումը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ ինքը երբևէ չի ծանուցվել, Դատարանից երբևէ չի ստացել հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշում, դրանց մասին չի իրազեկվել նաև հրապարակային ծանուցումների միջոցով և օբյեկտիվորեն չէր էլ կարող, քանի որ, ինչպես արդեն նշել է վերը, դեռևս 2019 թվականից հեռացել է Հայաստանից և մինչ օրս բնակվում է արտերկրում: Դրա հետևանքով ինքը զրկվել է իր դիրքորոշումն արտահայտելու հնարավորությունից, որն ազդել է գործի ելքի վրա, քանի որ հայցը բավարարվել է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.07.2022 թվականի որոշումը և փոփոխել այն` վերաքննիչ բողոքը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Պատշաճ ծանուցման եղանակներից է դատական ծանուցագիրը հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին հանձնելը:
Տվյալ դեպքում այն հանգամանքը, որ պատասխանողը երկրում չի եղել, չի զրկել վերջինիս գործի քննության մասին ծանուցվելու հնարավորությունից, քանի որ Դատարանը բոլոր դատավարական փաստաթղթերը՝ հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցած վարույթի կարգով քննելու վերաբերյալ որոշումն ու վճիռն ուղարկել է նույն հասցեով, այն է՝ պատասխանողի հաշվառման վայրի հասցեով, որոնք ստանալու վերաբերյալ գործում առկա են հավաստագրեր, ինչը ենթադրում է, որ եթե ոչ անձամբ, ապա հաշվառման վայրում բնակվող այլ չափահաս անձի միջոցով պատասխանողն ստացել է առաջին որոշումը, սակայն որևէ քայլ չի ձեռնարկել գործի քննությունն ընդհանուր հայցային վարույթի կարգով իրականացնելու համար:
Ըստ պատասխանողի՝ վճռի առկայության մասին իրազեկվել է իր հարազատներից, ինչը ենթադրում է, որ պատասխանողի հաշվառման վայրի հասցեով ուղարկված ծանուցումներն ստացվել են պատասխանողի հաշվառման վայրում բնակվող չափահաս անձանց կողմից և պատասխանողը չի հերքում, որ գործի քննության մասին իրեն տեղեկացրել են հարազատները:
Գործով պատասխանողին ուղարկվել է ծանուցում առ այն, որ ապահովագրական ընկերության կողմից ապահովագրական հատուցումը նվազեցնելու վերաբերյալ որոշում է կայացվել և վերջինս պարտավորվել է հատուցման դիմումով սահմանված կարգով վերադարձնել Ընկերության կողմից հատուցման դիմումի շրջանակներում վճարված գումարները, սակայն ապարդյուն, ինչի արդյունքում գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել ընդդեմ պատասխանողի:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Ընկերությունն ընդդեմ Արման Սիմոնյանի՝ 324.000 ՀՀ դրամ գումարի և այդ գումարին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման պահանջով հայցադիմում է ներկայացրել Դատարան: Հայցադիմումում, ի թիվս այլնի, որպես պատասխանող Արման Սիմոնյանի հաշվառման հասցե նշվել է ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Տերյան փողոց, շենք 24, բնակարան 5 (հատոր 1-ին, գ.թ. 3-8)․
2) Դատարանի 17.11.2021 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու, հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին» որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, նաև որոշվել է գործը քննել պարզեցված վարույթի կարգով և դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակել 11․02․2021 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 2)․
3) վերը նշված որոշումը համապատասխան գրությամբ, որով պատասխանող Արման Սիմոնյանին գրավոր պարզաբանվել է Դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին, Արման Սիմոնյանին պատվիրված նամակով ուղարկելու նպատակով 17․12․2021 թվականին հանձնվել է փոստային ծառայությանը։ Վերջինիս հասցեագրված առաքանին ստացված լինելու վերաբերյալ հետադարձ ծանուցման վրա առկա է ստացման ամսաթիվ՝ «21․12․21» և ստորագրություն (հատոր 1-ին, գ.թ. 46-48)․
4) Դատարանի վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 11․02․2022 թվականին (հիմք՝ «www.court.am» կայքը)․
5) Դատարանի վճիռը պատասխանող Արման Սիմոնյանին հայցադիմումում նշված հասցեով պատվիրված նամակով ուղարկելու նպատակով 12.02.2022 թվականին հանձնվել է փոստային ծառայությանը։ Վերջինիս հասցեագրված առաքանին ստացված լինելու վերաբերյալ հետադարձ ծանուցման վրա առկա է ստացման ամսաթիվ՝ «16․02․22» և ստորագրություն (հատոր 1-ին, գ.թ. 54, 56, 58)․
6) Դատարանի 11․02․2022 թվականի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքին կից Արման Սիմոնյանը ներկայացրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության 11․03․2022 թվականի թիվ 2/6/3-181 գրությունը, որի համաձայն՝ 01․05․2019 թվականից մինչև 11․03․2022 թվականն ընկած ժամանակահատվածում սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն՝ Արման Վաղինակի Սիմոնյանը ՀՀ պետական սահմանը հատել է հետևյալ օրերին՝ ելք՝ 28․05․2019 թվականին, մուտք՝ 28․05․2019 թվականին, ելք՝ 04․06․2019 թվականին, մուտք՝ 04․06․2019 թվականին, ելք՝ 15․07․2019 թվականին․ մուտքի վերաբերյալ նշում առկա չէ (հատոր 2-րդ, գ.թ. 33)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, քանի որ դատական ակտ կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ, 13-րդ, 93-95-րդ և 99-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «Ֆիզիկական անձի դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի (…) հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող (…) չափահաս անձին» եզրույթի լույսի ներքո հարկ է համարում անդրադառնալ դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակիցներին պատշաճ ուղարկելու (հանձնելու) կանոններին:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծանուցագիրը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) մասին սույն [9-րդ գլուխ] գլխի կանոնները կիրառելի են դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) նկատմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, նույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով (ծանուցման հասցե):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ֆիզիկական անձի դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված անձը գործի քննությանը մասնակցում է որպես հակադիր շահեր ունեցող կողմ (ՀՀ սահմանադրական դատարանի 02.02.2021 թվականի թիվ ՍԴՈ-1574 որոշմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված՝ «(...) կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին» դրույթը, ճանաչվել է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 75-րդ հոդվածին հակասող):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ հետադարձ ծանուցումը պետք է տեղեկություններ պարունակի այն անձի վերաբերյալ, որին ծանուցագիրը հանձնվել է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում, մասնավորապես` Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով, արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38): Քաղաքացիական դատավարությունը կողմերի հավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունն այն է, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով: Հավասարության սկզբունքը՝ կողմերի միջև արդարացի հավասարակշռության իմաստով, հանդիսանում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելու իրավական խնդրին՝ նշելով, որ անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը (տե′ս, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի և մյուսների թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Մրցակցային դատավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն:
Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը:
Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը՝ վերջիններիս նյութական իրավունքների իրացման կարևոր նախապայման է (տե′ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Վահե և Ռոստոմ Բարսեղյանների թիվ ԼԴ/0221/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ գործով կայացված որոշմամբ ընդգծել է, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: (...) անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը (տե՛ս, Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
Վերահաստատելով դատական ծանուցումների դատավարական ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտած վերոգրյալ իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ դրանք կիրառելի են նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումների նկատմամբ (տե՛ս, «ԱՇՏԱՐԱԿ-ԿԱԹ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանն ընդդեմ Ա/Ձ Աննա Սարգսյանի թիվ ԵԴ/4928/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.09.2022 թվականի որոշումը):
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) նկատմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն [41-րդ գլուխ] գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով: (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ նույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման հետ մեկտեղ գործին մասնակցող անձին ուղարկվում է գրավոր պարզաբանում՝ դատարանի որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը եկել է եզրահանգման, որ անհրաժեշտ է գործին մասնակցող անձանցից ստանալ պարզաբանումներ գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ։
Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացվել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե նույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հանգամանքներն ի հայտ են եկել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը կայացնելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև եզրափակիչ դատական ակտ հրապարակելը, դատարանը որոշում է կայացնում գործն ընդհանուր հայցային վարույթի կարգով քննելու մասին և նույն օրենսգրքի 166-րդ հոդվածով սահմանված կարգով հրավիրում է նախնական դատական նիստ:
Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է նաև, որ դատարանները, նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ գլխի դրույթներով սահմանված հատուկ կանոնների պահպանմամբ, պարզեցված վարույթ իրականացնում են, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջ: Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցն առաջին ատյանի դատարանը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, որում նշվում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը: Նշված որոշումը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում, և այդ որոշումն ուղարկվում է գործին մասնակցող անձանց։ Միաժամանակ գործին մասնակցող անձին ուղարկվում է նաև գրավոր պարզաբանում՝ դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին:
Կողմերի մրցակցության և հավասարության սկզբունքների իրականացման դրսևորում է գնահատվում նաև, երբ գործին մասնակցող անձինք հնարավորություն ունեն վերը նշված վարույթի շրջանակներում ներկայացնելու իրենց միջնորդությունները, պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները, ինչպես նաև՝ հակընդդեմ հայց:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերությունն ընդդեմ Արման Սիմոնյանի՝ 324.000 ՀՀ դրամի և այդ գումարին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման պահանջով Դատարան ներկայացրած հայցադիմումում, ի թիվս այլնի, որպես պատասխանող Արման Սիմոնյանի հաշվառման հասցե նշել է ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Տերյան փողոց, շենք 24, բնակարան 5-ը: Դատարանը, 17.11.2021 թվականին որոշում կայացնելով նաև գործով ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու, գործը պարզեցված վարույթի կարգով քննելու և դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 11․02․2022 թվականին հրապարակելու մասին, այն Դատարանի աշխատակազմի միջոցով համապատասխան գրությամբ, որով պատասխանող Արման Սիմոնյանին գրավոր պարզաբանվել է Դատարանի որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին, պատվիրված նամակով պատասխանող Արման Սիմոնյանին հայցադիմումում նշված հասցեով ուղարկելու նպատակով 17․12․2021 թվականին հանձնել է փոստային ծառայությանը։ Վերջինիս հասցեագրված առաքանին ստացված լինելու վերաբերյալ հետադարձ ծանուցման վրա առկա է ստացման ամսաթիվ՝ «21․12․21» և ստորագրություն։
Դատարանի վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 11․02․2022 թվականին։
Վճիռը պատասխանող Արման Սիմոնյանին պատվիրված նամակով ուղարկելու նպատակով 12.02.2022 թվականին հանձնվել է փոստային ծառայությանը։ Վերջինիս հասցեագրված առաքանին ստացված լինելու վերաբերյալ հետադարձ ծանուցման վրա առկա է ստացման ամսաթիվ՝ «16.02.2022» և ստորագրություն։
Վերը նշված վճռի դեմ Արման Սիմոնյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ դրան կցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից 11․03․2022 թվականին տրված թիվ 2/6/3-181 գրությունն այն մասին, որ 01․05․2019 թվականից մինչև 11․03․2022 թվականն ընկած ժամանակահատվածում սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն՝ Արման Վաղինակի Սիմոնյանը ՀՀ պետական սահմանը հատել է հետևյալ օրերին՝ ելք՝ 28․05․2019 թվականին, մուտք՝ 28․05․2019 թվականին, ելք՝ 04․06․2019 թվականին, մուտք՝ 04․06․2019 թվականին, ելք՝ 15․07․2019 թվականին․ մուտքի վերաբերյալ նշում առկա չէ։
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «Սույն գործի փաստերից հետևում է, որ Դատարանը գործը քննել է պարզեցված վարույթի կարգով` պահպանելով Պատասխանողին ծանուցելու կանոնները և ներկայացված հայցի կապակցությամբ դիրքորոշում հայտնելու նրա իրավունքը, մասնավորապես, Դատարանի 17.11.2021 թվականի որոշումը, հայցադիմումը, որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին պարզաբանումը ուղարկվել են Պատասխանողին՝ Արագածոտնի մարզ, ք. Թալին, Տերյան փողոց, 24 շենք, 5-րդ բնակարան հասցեով և ստացվել են այդ հասցեում, ինչը հավաստվում է հետադարձ ծանուցման հավաստագրի վրա կատարված ամսաթվի (21.10.2021 թվական) գրառմամբ և ստորագրությամբ», եկել է այն եզրահանգման, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի ուժով գործին մասնակցող անձը համարվում է պատշաճ ծանուցված նաև այն դեպքում, երբ ծանուցագիրը հանձնվում է դրա հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող չափահաս անձանց: Տվյալ դեպքում հիմնավորվել է այն հանգամանքը, որ Դատարանի 17.11.2021 թվականի որոշումը, հայցադիմումը, որոշումը ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին պարզաբանումն ուղարկվել են Պատասխանողի հաշվառման վայրի հասցեով և ստացվել են /չեն վերադարձվել/, իսկ բողոք բերած անձը չի ժխտել, որ առաքանին ստացողը Պատասխանողի հետ համատեղ բնակվող չափահաս անձ չէ և հաշվի առնելով նաև այն փաստը, որ վճիռը Դատարանի կողմից ուղարկվել է Պատասխանողին նույն՝ վերը նշված հասցեով և ստացվել է 16.02.2022թ. /գ.թ. 54, 58/, որից հետո Պատասխանողը 01.03.2022թ. լիազորել է իր ներկայացուցչին վերաքննիչ բողոք ներկայացնել վճռի դեմ և օրենքով սահմանված ժամկետում վերջինս ներկայացրել է վերաքննիչ բողոք, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ օրենքով սահմանված կարգով իրականացված Դատարանի գործողություններով Պատասխանողը փաստացի իրազեկված է եղել սույն գործի վարույթի մասին և նրա դատավարական իրավունքները Դատարանի կողմից չեն խախտվել, քանի որ նույնիսկ արտերկրում գտնվելով` վերջինս զրկված չի եղել իր իրավունքները Դատարանում պատշաճ ներկայացնելու հնարավորությունից»։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը 01.07.2022 թվականին որոշում է կայացրել Արման Սիմոնյանի վերաքննիչ բողոքը մերժելու մասին:
Վերը նշված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Անդրադառնալով սույն որոշմամբ առաջադրված այն հարցին, թե արդյոք գործով պատասխանողը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի ուժով համարվում է պատշաճ ծանուցված և, ի նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական դատավարությունը չի սահմանում, թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով ինչ պետք է հասկանալ «համատեղ բնակվել» ասելով, ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նախևառաջ բացահայտել նշված եզրույթի բովանդակությունը, որից հետո նոր միայն հնարավոր կլինի անդրադառնալ գործով պատասխանողի պատշաճ ծանուցման հարցին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած օրենսդրի՝ նշված իրավանորմով սահմանած եղանակով դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատավարության մասնակցին ծանուցելու ընթացակարգը, ըստ էության, կոչված է երաշխավորելու դատավարության մասնակցին՝ իր վերաբերյալ քննվող գործի ընթացքի վերաբերյալ դատարանի կողմից հնարավոր բոլոր միջոցներով իրազեկելու իրավաչափ նպատակ, այնուամենայնիվ, մինչ սույն կարգով ծանուցումն ու դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակցի ծանուցման (հաշվառման) հասցեով ուղարկված լինելու դեպքում այն ծանուցագրի հասցեատիրոջ կողմից վերջինիս հետ տվյալ հասցեում համատեղ բնակվող անձի միջոցով ստացված լինելու և, ըստ այդմ, գործի վերաբերյալ իրազեկված լինելու փաստն արձանագրելը, նախևառաջ անհրաժեշտ է պարզել, թե արդյոք դատավարության մասնակցի ծանուցման (հաշվառման) հասցեում բնակվող անձի կողմից դատավարության մասնակցին հասցեագրված դատական ծանուցագրերն ու փաստաթղթերը ստանալը դեռևս բավարար չէ արձանագրելու տվյալ հասցեի փաստացի բնակչի և տևական ժամանակահատվածով ՀՀ-ից բացակայող գործով պատասխանողի համատեղ բնակվելու փաստը, քանի որ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող անձի կողմից դատական ծանուցագիրը ստանալու դեպքում է միայն հնարավոր ապացուցված համարել ծանուցման հասցեատիրոջ՝ գործի վերաբերյալ պատշաճ ծանուցված լինելը:
Այսպես, Ըստ Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ի՝ «համատեղ» նշանակում է «միևնույն տեղում, իրար հետ, միասին»:
Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ում «համատեղ» բառի իմաստային բացատրությունը տրվում է որպես «միասին, միատեղ (միևնույն տեղում, իրար հետ)»:
Ըստ Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի Ինստիտուտի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան»-ի՝ «համատեղ» նշանակում է «միասին կատարվող, միատեղ»:
Այս առումով հատկանշական է նաև ՀՀ սահմանադրական դատարանի 02.02.2021 թվականի թիվ ՍԴՈ-1574 որոշումը, որով վերջինս անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված «(...) կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին» դրույթի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցին՝ ըստ այդմ նշված դրույթը ճանաչելով Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին, 75-րդ հոդվածին հակասող՝ հետևյալ արձանագրմամբ. «(...) օրենսդիրը չի մանրամասնել, թե ինչ պետք է հասկանալ համատեղ բնակության ներքո՝ վերջինս որոշելու հիմքում դրվող հայտանիշի/չափանիշի առումով որոշակի ժամանակահատվա՞ծը, համապատասխան սուբյեկտների շրջանա՞կը, համատեղ տնտեսություն վարե՞լը, տվյալ հասցեում հաշվառված լինե՞լը և այլն: Այդ առումով, համատեղ բնակությունը որոշելու հիմքում դրվող հայտանիշը սահմանված է, օրինակ, «Հանրային ծառայության մասին» օրենքով՝ կապված հայտարարագրման պարտականության հետ (հոդված 34, մաս 10): Ըստ այդմ, «Սույն օրենքի իմաստով՝ համատեղ բնակվող է համարվում պաշտոնն ստանձնելու կամ դադարեցնելու օրվան նախորդող կամ հայտարարագրման տարվա ընթացքում 183 և ավելի օր հայտարարատուի հետ բնակվող անձը»: Այսինքն՝ տվյալ դեպքում շեշտադրումը կատարված է որոշակի ժամանակահատվածի վրա: (...)»:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ «համատեղ բնակվել» եզրույթի օգտագործումն ինքնանպատակ չէ և նշված եզրույթի ներքո պետք է հասկանալ որոշակի ժամանակահատվածում անձի համատեղ բնակվելը: Այլ կերպ ասած՝ տևական ժամանակահատվածով երկրից դուրս բնակություն հաստատող անձը չի կարող համարվել իրենից հեռավորության վրա գտնվող անձի հետ համատեղ բնակվող:
Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների բովանդակությունից բխում է, որ վերաքննիչ բողոքը մերժելու հիմք, ըստ էության, հանդիսացել են ստորև նշված երկու հանգամանքները՝
1․ գործում առկա է եղել Դատարանի 17.11.2021 թվականի որոշումը, հայցադիմումը, որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին պարզաբանումը պատասխանող Արման Սիմոնյանին Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Տերյան փողոցի թիվ 24 շենքի 5-րդ բնակարան հասցեով ուղարկված և այն այդ հասցեում ստորագրությամբ ստացված լինելու վերաբերյալ հետադարձ ծանուցման հավաստագիրը, ու բողոք բերած անձը չի ժխտել, որ առաքանին ստացողն իր հետ համատեղ բնակվող չափահաս անձ չէ․
2․ Դատարանի վճիռը պատասխանողին ուղարկվել է վերը նշված հասցեով և ստացվել է 16.02.2022 թվականին, որից հետո պատասխանողը 01.03.2022 թվականին իր ներկայացուցչին լիազորել է վերաքննիչ բողոք ներկայացնել Դատարանի վճռի դեմ, որն օրենքով սահմանված ժամկետում ներկայացվել է, ուստի պատասխանողը փաստացի իրազեկված է եղել սույն գործի վարույթի մասին և նրա դատավարական իրավունքները Դատարանի կողմից չեն խախտվել։
Առաջին հանգամանքի մասով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համապատասխան դատավարական փաստաթղթերը վերը նշված հասցեով ուղարկված լինելը դեռևս բավարար չէ արձանագրելու համար, որ դրանք պատասխանող Արման Սիմոնյանին ուղարկվել են (հանձնվել են) պատշաճ ձևով, քանի որ հետադարձ ծանուցումը տեղեկություններ չի պարունակում այն անձի վերաբերյալ, որին ծանուցագիրը հանձնվել է ստորագրությամբ։
Արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ խախտվել է բողոքաբերի արդար դատաքննության իրավունքը և վերջինս զրկվել է ողջամիտ հնարավորությունից՝ մրցակցության և հավասարության սկզբունքների հիման վրա ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` կատարելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ գլխով նախատեսված վերը նշված դատավարական գործողությունները, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չէին դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում։
Ավելին՝ Վերաքննիչ դատարանը, իր պատճառաբանության հիմքում դնելով այն, որ բողոք բերած անձը չի ժխտել, որ առաքանին ստացողն իր հետ համատեղ բնակվող չափահաս անձ չէ, ըստ էության, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասը, որի «(...) կամ հասցեատիրոջ ծանուցման (հաշվառման) հասցեում նրա հետ համատեղ բնակվող կամ այդ հասցեում աշխատող չափահաս անձին» դրույթը ՀՀ սահմանադրական դատարանի 02.02.2021 թվականի թիվ ՍԴՈ-1574 որոշմամբ ճանաչվել է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին ու 75-րդ հոդվածին հակասող առանց որևէ նախապայմանի։
Ինչ վերաբերվում է վերը նշված երկրորդ հանգամանքին, ապա այդ մասով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի վճռի դեմ սահմանված ժամկետում Արման Սիմոնյանի ներկայացուցչի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելը չի կարող բավարար հիմք հանդիսանալ եզրահանգում անելու համար այն մասին, որ նրա դատավարական իրավունքները Դատարանի կողմից չեն խախտվել։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ, 13-րդ, 93-95-րդ և 99-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության ուղարկելու լիազորությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները հերքվում են սույն որոշմամբ նշված պատճառաբանություններով։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են սույն գլխի [10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.07.2022 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
2․ Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող և զեկուցող Գ. Հակոբյան Ա. Բարսեղյան Ս. Միքայելյան Ա. Մկրտչյան Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 նոյեմբերի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|