ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2023 թվականի N 890-Ն
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂԵԿՑԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՆՔ ՆԵՐԿՐԵԼՈՒ, ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ (ՓՈԽԱԴՐԵԼՈՒ) ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց անվտանգությունը պահպանելու և պաշտպանելու նպատակով ուղեկցելու ընթացքում օտարերկրյա անվտանգության մարմինների և ներկայացուցիչների կողմից զենք ներկրելու, արտահանելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
05.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 890-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂԵԿՑԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՆՔ ՆԵՐԿՐԵԼՈՒ, ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ (ՓՈԽԱԴՐԵԼՈՒ)
1. Սույն կարգով կարգավորվում են պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց անվտանգությունը պահպանելու և պաշտպանելու նպատակով ուղեկցելու ընթացքում օտարերկրյա անվտանգության մարմինների և ներկայացուցիչների կողմից զենք ներկրելու, արտահանելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) հետ կապված հարաբերությունները:
2. Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած անձանց անվտանգությունը պահպանելու և պաշտպանելու նպատակով ուղեկցելու ընթացքում օտարերկրյա անվտանգության մարմինների և ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք որոշակի ժամկետով զենք ներկրելու, արտահանելու, կրելու և տեղափոխելու (փոխադրելու) դեպքում այցելող կողմի ներկայացված՝ օտարերկրյա անվտանգության ծառայության աշխատակիցների անձնական տվյալների, վերջիններիս Հայաստանի Հանրապետություն մուտքի և ելքի ժամկետների, նրանց զենքերի քանակի, տեսակների, համարների և տրամաչափի, այդ թվում՝ ներկրվող (արտահանվող) զենքի յուրաքանչյուր միավորի համար` ռազմամթերքի քանակի վերաբերյալ տեղեկությունն ստանալուց անմիջապես հետո Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գրությամբ դրա մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը:
3. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը ներկրվող զենքերի քանակի, տեսակների, համարների և տրամաչափի հետ կապված անհամաձայնության դեպքում դրա մասին անհապաղ տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, որն էլ իր հերթին անմիջապես հայտնում է այցելող կողմին:
4. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի գրավոր թույլտվությամբ՝ թույլտվության մեջ նշված քանակի և տեսակների, համարների և տրամաչափի զենքերը ներկրվում են մաքսային սահմանով: Թույլտվություն տալու կամ մերժելու որոշման մասին Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունն անմիջապես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, թույլտվությունը Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունից ստանալուց անմիջապես հետո, այն ուղարկում է այցելող կողմին:
5. Մաքսային ծառայողի կողմից զենքի ներկրման և արտահանման ժամանակ ստուգվում է զենքի առկայությունը և դրա համապատասխանությունը թույլտվության մեջ նշված տվյալներին: Ստուգման արդյունքներով կազմված արձանագրությունը վավերացվում է համարային կնիքի դրոշմամբ, պատճենը պահվում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի մաքսային գործում:
6. Հայաստանի Հանրապետության տարածք որոշակի ժամկետով ներկրվող և թույլտվության մեջ նշված զենքի քանակի, տեսակների, համարների, տրամաչափի անհամապատասխանության դեպքում մաքսային ծառայողը կազմում է արձանագրություն, որն անմիջապես ուղարկվում է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վերոգրյալի մասին անմիջապես տեղեկացնում է այցելող կողմին։
7. Արտահանվող և թույլտվության մեջ նշված զենքի քանակի, տեսակների, համարների, տրամաչափի անհամապատասխանության դեպքում զենքի ամբողջ խմբաքանակի արտահանումը կասեցվում է՝ մինչև այցելող կողմի կողմից անհրաժեշտ հիմնավորումներ ներկայացնելը:
8. Օտարերկրյա անվտանգության մարմինների և ներկայացուցիչների կողմից «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի իմաստով պահպանվող օբյեկտում զենք կրելը կամ տեղափոխելը (փոխադրելը) իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության հսկողությամբ:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
05.06.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունիսի 2023 թվական: