ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2022 թվականի N 2106-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի կողմից ներկայացված՝ Ծակքար բնակավայրում եկեղեցի կառուցելու ծրագրին՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, համայնք Ծակքար, 1-ին փողոց 16/2 հասցեում գտնվող՝ 0.1466 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 09112021-05-0041) նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքին (այսուհետ՝ համայնք)՝ Ծակքար բնակավայրում եկեղեցի կառուցելու նպատակով։
3. Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համայնքի ղեկավարի հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ համայնքը պարտավորվում է գույքի հանձնման-ընդունման ակտն ստորագրելու օրվանից սկսած եկեղեցի կառուցելու նպատակով երեք տարվա ընթացքում իրականացնել 107 000 000 դրամի ներդրում, որից 12 000 000 դրամը՝ 1-ին տարում, 50 000 000 դրամը՝ 2-րդ տարում, 45 000 000 դրամը՝ 3-րդ տարում.
2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետից բխող նվիրաբերության պայմանագրի հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման համայնքի միջոցների հաշվին.
3) նվիրաբերության պայմանի խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջով նվիրաբերությունը կհամարվի վերացված, և նվիրաբերություն ստացողը պարտավոր է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել նվիրաբերված գույքը՝ դրա վրա կատարված անբաժանելի և բաժանելի բարելավումների հետ միասին առանց դրանց արժեքի փոխհատուցման:
4. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրի կնքումից հետո երկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
5. Առաջարկել համայնքի ղեկավարին՝
1) սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո, մինչև եկեղեցու կառուցման աշխատանքների մեկնարկը, գույքի նպատակային նշանակությունը փոխել ըստ էության.
2) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետում համայնքի կողմից կատարված ներդրումների արդյունքում կառուցված եկեղեցին նվիրաբերել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
30.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2106-Ա որոշման |
Ներդրումային ծրագիր
Իրականացվող կազմակերպություն/ֆիզիկական անձ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրի բնակիչ, բարերար Պետրոս Ռուբենի Պողոսյան
Նախագծի անվանումը՝ Ծակքար բնակավայրում եկեղեցու կառուցում
Գործողությունը |
Ժամկետը |
Ներդրումը (դրամ) | |
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրում եկեղեցու կառուցում |
Պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը Ծակքար համայնքին ՀՀ կառավարության որոշմամբ նվիրաբերելուց հետո 3 տարվա ընթացքում |
107 մլն | |
1-ին տարի կառուցապատում |
12 մլն | ||
2-րդ տարի կառուցապատում |
50 մլն | ||
3-րդ տարի կառուցապատման ավարտ, տարածքի բարեկարգում, կահավորում |
45 մլն |
Ծրագրի համառոտ նկարագրությունը
Անհրաժեշտություն է առաջացել 2864 բնակիչ ունեցող Ծակքար բնակավայրում եկեղեցի կառուցելու։
Ծրագրի հիմնավորումը
Հայ առաքելական եկեղեցու միջոցով զարգացնել և խորացնել հավատքը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
30.12.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |